tert.am: Բելառուսի ընդդիմության առաջնորդ, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որը նախկինում վստահեցնում էր, որ իրեն չի ներկայացնում որպես հանրապետության ապագա նախագահ, պատրաստակամություն է հայտնել երկիրը ղեկավարել անցումային շրջանում` նոր նախագահական ընտրություններից առաջ և նշել, որ իր թիմը մշակել է սահմանադրական բարեփոխումների նախագիծ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ պատրաստ եմ ղեկավարել երկիրն անցումային շրջանում»,-ասել է Տիխանովսկայան հինգշաբթի օրը մամուլի գրասենյակի հրապարակած տեսաուղերձում:
Քաղաքական գործիչը նշել է, որ իր նպատակն է միավորել լավագույն փորձագետներին և ժողովրդավարական ուժերին, որպեսզի «Բելառուսը նվազագույն ցնցումներով մոտենա նոր ընտրություններին»:
«Մենք արդեն մշակել ենք նոր ընտրությունների հայեցակարգ, սահմանադրական բարեփոխումների նախագիծ, որն իրականացվելու է Լուկաշենկոյի հեռանալուց հետո»,-ասել է Տիխանովսկայան:
comment.count (0)