ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

ՔԿ-ից գողացված ավելի քան կես մլն դոլարից 11 հազար 200 դոլարը չի հայտնաբերվել
 |civilnet.am|

ՔԿ-ից գողացված ավելի քան կես մլն դոլարից 11 հազար 200 դոլարը չի հայտնաբերվել |civilnet.am|

civilnet.am:  Քննչական կոմիտեից գողացված ավելի քան կես մլն դոլարից 11 հազար 200 դոլարը չի հայտնաբերվել։ Այս մասին այսօր հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։ Նահապետյանի խոսքով, ներկա պահին գումարի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ «Մեղադրյալի հարազատները պատրաստակամություն են հայտնել այդ գումարը վերադարձնել»,- ասել է Նահապետյանը։ Մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, անհայտ անձը մուտք էր գործել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք՝ ներկայացնելով քննիչի կեղծ անցագիր։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության, տղամարդը ներս էր անցել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչության շենք՝ աշխատանքային ժամին, և այնտեղ մնացել ամբողջ գիշեր։ Առավոտյան բացահայտվել էր, որ շենքից հափշտակվել է 590,000 դոլար։ Այս գործի շրջանակում ներգրավված երկու մեղադրյալները կալանավորվել են։ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանն է։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսքով, եթե տեղի ունենա գումարի վերականգնում, դա կլինի ցանկալի զարգացում, եթե՝ ոչ, ապա Քրեական դատավարության օրենսգրքում կա գույքի արքելադրման ինստիտուտ, որը հնարավորություն է տալիս պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու համար արգելանքներ կիրառել մեղադրյալների շարժական և անշարժ գույքերի վրա։ Լրագրողների հարցին, թե ինչու խոշոր չափի գումարը պահվել Քննչական կոմիտեի չհրկիզվող պահարանում, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը մեկնաբանել է, որ գողացված գումարը հայտնվել է Քննչական կոմիտե մեկ այլ քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական գործողությունների արդյունքում։ Գումարը ճանաչվել է քննիչի կողմից որպես իրեղեն ապացույց։ «2025-ի ապրիլին վարչության պետի կողմից գրություն է ուղարկվել Կենտրոնական բանկ, որպեսզի այդ գումարը ի պահ հանձնվի։ Սակայն հաշվի առնելով որոշակի ընթացակարգեր՝ Կենտրոնական բանկը հրաժարվել է այն ընդունել և գումարը վերադարձրել է Քննչական կոմիտե։ Արդյունքում այն մնացել է չհրկիզվող պահարանում»,- նշել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։ Նրա խոսքով՝ այժմ քննություն է ընթանում՝ պարզելու, թե ինչու է Կենտրոնական բանկը հրաժարվել ի պահ ընդունել գումարը։ «Կան համապատասխան հիմքեր, որոնց արդյունքում ԿԲ-ն հրաժարվել է։ Բայց քանի որ այս պահին նախաքննություն է իրականացվում և այդ հանգամանքները ևս քննության առարկա են դառնալու քրեական վարույթով, զերծ կմնամ այդ հարցերին պատասխանել»,- եզրափակել է Նահապետյանը։
Այսօր 17:01
Վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով վնասը

Վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով վնասը

«Պաշտոնատար անձանց կողմից իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները չարաշահելու և դրա հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ինչպես նաև տնտեսվարող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարութով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ տնտեսվարող երկու կազմակերպություններ 2021-2023թթ. խուսափել են հարկային պարտավորությունները պատշաճ կատարելուց, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն: «Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում չկատարված հարկային պարտավորությունների մասով վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով՝ 1.019.681.497 (մեկ միլիարդ տասնինը միլիոն վեց հարյուր ութսունմեկ հազար չորս հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ վնասը, ինչպես նաև արձանագրված խախտումների վերաբերյալ շահութահարկի գծով կատարվել է վնասի նվազեցում՝ 4.524.736.842 (չորս միլիարդ հինգ հարյուր քսանչորս միլիոն յոթ հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր քառասուներկու) ՀՀ դրամի չափով: Հիշյալ տնտեսվարող կազմակերպությունների տնօրենները նախաքննության ընթացքում չեն վիճարկել վերոնշյալ փաստերը, ամբողջությամբ վճարել են իրենց հարկային պարտավորությունները: Վերջիններիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված խրախուսական նորմի կիրառման հիմքով կայացվել են հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:38 - 05 հունիսի, 2025
ԲՏԱ նախկին պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետբյուջեից անհիմն հատկացվել է 360 մլն դրամ

ԲՏԱ նախկին պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետբյուջեից անհիմն հատկացվել է 360 մլն դրամ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ նախաձեռնել է աշխատանքների ձեռքբերման վերաբերյալ պայմանագրերի կնքման գործընթաց, որի հիման վրա պետբյուջեի միջոցներից անհիմն հատկացվել է  ընդհանուր շուրջ 360 մլն դրամ։ «Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ խախտվել է պետության կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը, նշված կարգի խախտմամբ կնքվել են այնպիսի պայմանագրեր, որոնցով նախատեսված աշխատանքների ձեռքբերման անհրաժեշտությունը բացակայել է, իսկ ոչ անհրաժեշտ աշխատանքների գնման համար ՀՀ պետական բյուջեի միջոցներից անհարկի հատկացվել է առանձնապես խոշոր չափերով գումար՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ):Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,-ասված է հաղորդագրությունում։
12:33 - 04 հունիսի, 2025
Հակակոռուպցիոն դատարանում «տատիկների գործով» առաջին նիստն էր |azatutyun.am|

Հակակոռուպցիոն դատարանում «տատիկների գործով» առաջին նիստն էր |azatutyun.am|

azatutyun.am: Հակակոռուպցիոն դատարանում այսօր «տատիկների գործով» առաջին դատական նիստն էր: Առաջնահերթ քննվել է Գյումրիի տեղական ընտրություններում 15 հազար դրամ ընտրակաշառքի խոստում տալու համար մեղադրվող տարեց կանանց խափանման միջոցի հարցը: Այսօրվանից 75-ամյա Կիմա Հայրապետյանի ու 71-ամյա Անահիտ Խալաթյանի ոտքերին հսկողության հատուկ սարքերն ամրացված չեն լինի: Սարքը Հայրապետյանի ոտքն էր վնասել, իսկ Խալաթյանին էլ բուժզննում անցնելուն էր խանգարել: Կանայք երկու ամիս կրեցին այդ սարքը, մինչև դատարանը պաշտպանական կողմի միջնորդությամբ այսօր մեղմացրեց նրանց նկատմամբ վարչական հսկողությունը, «Ազատությանը» հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը: «Պաշտպանության կողմի միջնորդությունը դատարան մեծամասամբ բավարարվեց՝ մասնավորապես հանելով էլեկտրոնային հսկող սարքերը վարչական հսկողության շրջանակներում, վերացրեց, և նաև շաբաթական երեք անգամ գրանցվելը դարձրեց մեկ անգամ, ու նաև հստակեցվեց արդեն սահմանված այն անձանց ցանկը, որոնց հետ չեն կարող մեղադրյալները շփումներ ունենալ», - «Ազատությանը» փոխանցեց Բաբայանը: Կիմա Հայրապետյանի շահերի պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդել է նաև, որ դատական նիստերը շարունակվեն առանց իր պաշտպանյալի, քանի որ տարեց կինն ամեն անգամ չի կարող Գյումրիից Երևան հասնել: Այս միջնորդությունը, սակայն, դատարանը մերժել է: Իսկ Անահիտ Խալաթյանը նաև որոշակի ժամերի չէր կարող տնից դուրս գալ: Այդ սահմանափակումը ևս վերացվել է: «Վերացրեց Անահիտ Խալաթյանի այդ կիսատնային կալանքը, երբ որ ժամը 20:00-ից մինչև առավոտյան 8:00-ն պետք է լիներ տանը, էդ պայմանն էլ վերացրեց», - նշեց Ռուբեն Բաբայանը: 70-ն անց երկու կանանց Գյումրիի ՏԻՄ ընտրությունների օրն էին ձերբակալել՝ մարտի 30-ին, երեք օր անազատության մեջ պահել, ինչից հետո վարչական վերահսկողություն էր սահմանվել նրանց նկատմամբ: Կանայք անգամ ահազանգել էին, որ ձերբակալելիս իրենց հարվածել են: Հակակոռուպցիոն կոմիտեն, սակայն, հերքել էր ֆիզիկական ուժ գործադրելու մեղադրանքները: Քրեական այս վարույթի հիմքում հեռախոսային գաղտնալսումներ են, որոնցում նախաքննական մարմինն ընդդիմադիր «Մեր քաղաքը» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի խոստում է տեսել: Անահիտ Խալաթյանը տեղական ընտրություններում «Մեր քաղաքի» նախընտրական ցուցակում էր ընդգրկված: Արսեն Բաբայանը շարունակում է պնդել՝ «տատիկների գործում» հիմնավոր ապացույց չկա: «Մեր քաղաքը» դաշինքը ղեկավարած ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հոր, ավանգանու անդամ որդու՝ Կարեն Գրիգորյանի և ևս մեկ թիմակցի գործով դատական առաջին նիստը նույնպես կայացել է: Նրանք էլ մեղադրվում են ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու համար: Գրիգորյանների նկատմամբ էլ վարչական վերահսկողություն էր սահմանված, և դատարանը նրանց նկատմամբ ևս որոշակի մեղմացումներ է կիրառել: «Որոշակի փոփոխություններ էլ էնտեղ են տեղի ունեցել՝ էլի վերացվել է 20:00-ից մինչև առավոտյան ժամը 8:00-ն տանը գտնվելու խափանման միջոցի պայմանը», - ասաց Արսեն Բաբայանը: Ընտրակաշառքի ու ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հոդվածով հարուցված այլ վարույթներ էլ կան, որոնք դեռ նախաքննության փուլում են:
20:00 - 03 հունիսի, 2025
Արտուշ Գաբրիելյանը 12 տարի կասեցված է պահել թմրանյութի ապօրինի շրջանառության գործը

 |factor.am|

Արտուշ Գաբրիելյանը 12 տարի կասեցված է պահել թմրանյութի ապօրինի շրջանառության գործը |factor.am|

factor.am: Երևանի քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Ըստ համակարգում առկա տեղեկատվության՝ Արտուշ Գաբրիելյանին մեղսագրվում է հանցանքի կատարում նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ զբաղեցնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հիմքով արդարադատություն իրականացնելիս կրելով անկախ, անաչառ լինելու և միայն Սահամադրությանը և օրենքներին համապատասխան գործելու պարտականություն, դատական իշխանության ոլորտում իրակականացնելով իշխանական լիազորություններ, կաշառք տվողի օգտին, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար, Գալուստ Խուրշուդյանի օժանդակությամբ Զոհրաբ Սիխարուլիձեից /Յեզգատյան/ պահանջել է խոշոր չափերով կաշառք։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ ԵԷԴ/0048/01/11 քրեական գործը դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվում է 2011 թվականից, առնվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։ Մասնավորապես՝ մեղադրյալին վերագրվում է նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք, որի համար սահմանվում է պատիժ՝ 7-ից 15 տարի ժամկետով։ Դատավոր Գաբրիելյանը գործը 2011 թվականի մարտին է ստացել, 5 ամիս անց՝ օգոստոսին մեղադրյալների մասով դատավճիռ է կայացրել, բացառությամբ մեկ մեղադրյալի՝ Զոհրաբ Յեզգատյանի, որի վերաբերյալ վարութը կասեցրել է՝ վերջինս՝ խրոնիկ հիվանդությամբ տառապելու հիմքով։ Այս որոշումից 12 տարի անց՝ 2023-ի հունվարի 30-ին Գաբրիելյանը որոշել է վերսկսել գործի վարույթը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
19:12 - 03 հունիսի, 2025
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի փողերի լվացման մեջ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի փողերի լվացման մեջ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի փողերի լվացման մեջ։  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2000-2018 թվականների ընթացքում ՀՀ նախագահի առաջին օգնականի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար-փոխվարչապետի ու ՀՀ փոխվարչապետի պաշտոնները զբաղեցրած անձը (Արմեն Գևորգյանը-խմբ․) հանցավոր ճանապարհով ստացված գույքերի իրական բնույթն ու ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է 4.921.302.379 ՀՀ դրամի չափով՝ ապօրինի եղանակով ստացված եկամուտները։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս մերձավոր ազգականների անվամբ 2004-2018 թվականների ընթացքում գրանցվել է Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գտնվող՝ հիշյալ պաշտոնյային փաստացի պատկանող ընդհանուր 39 անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը։ Մասնավորապես՝ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գտնվող անշարժ գույքերի պայմանագրային արժեքը կազմել է 751.268.208 ՀՀ դրամ, մինչդեռ նույն անշարժ գույքերի միջին շուկայական արժեքը գործարքի կատարման ժամանակ ընդհանուր կազմել է ավելի քան 4.843.530.000 ՀՀ դրամ: Բարձրաստիճան պաշտոնյայի հետ փոխկապակցված անձանց անվամբ Չեխիայի Հանրապետությունում գտնվող ևս 10 անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 391.920.000 ՀՀ դրամին համարժեք 920.000 ԱՄՆ դոլար։ Բացի այդ, պարզվել է, որ նշված անձինք բանկային գործարքների եղանակով շրջանառել են դրամական միջոցներ, սակայն ինչպես գնված անշարժ գույքերի շուկայական արժեքների, այնպես էլ շրջանառված դրամական միջոցների հարաբերակցությունն էականորեն տարբերվել է նրանց կողմից ստացված եկամուտներից։ Հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:33 - 03 հունիսի, 2025
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Բացահատվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի երկու պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ վերը նշված անձինք, զբաղեցնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի առաջատար մասնագետների պաշտոնը և տեղյակ լինելով Երևանում գործող զվարճանքի կենտրոնի՝ գիշերային ժամերին աշխատելու թույլտվության բացակայության ու 1 մլն ՀՀ դրամի չափով տեղական տուրքը վճարած չլինելու մասին, հիշյալ կենտրոնի ներկայացուցչի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության համար կաշառք են պահանջել նրանից: Մասնավորապես՝ պաշտոնատար անձինք որևէ միջոց չեն ձեռնարկել իրավախախտումն արձանագրելու նպատակով և օրենքով սահմանված համապատասխան վճարումները կատարած չլինելու պայմաններում 1 տարվա ընթացքում զվարճանքի կենտրոնի գործունեությանը չխոչընդոտելու համար 2025 թվականի ապրիլի 15-ին կենտրոնի ներկայացուցչից պահանջել են 600.000 ՀՀ դրամ կաշառք: 2025 թվականի ապրիլի 19-ին իրականացված «կաշառք ստանալու և կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության արդյունքում հիշյալ պաշտոնատար անձանցից մեկը 600.000 ՀՀ դրամ կաշառքը ստանալու պահին բռնվել և ձերբակալվել է, որից հետո կատարված խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող գումարը:   Շենգավիթ վարչական շրջանի երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ մյուսի նկատմամբ՝ կալանքը:  Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:03 - 02 հունիսի, 2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է

10․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի (դատավոր Արտոշ Գաբրիելյան-խմբ․) վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։  Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից խոշոր չափերով՝ 10․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ Գ. Խ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս վարույթում գտնվող քրեական գործով արհեստական հիմքերի ստեղծմամբ Զ․ Ս․–ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և որոշումը սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկելու եղանակով դատաքննությունն անհարկի ձգձգելու և արդյունքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետները լրանալու հիմքով մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ: Նախաքննությամբ պարզվել է, որ դատավորը, պարտավոր լինելով գործի քննությունը և լուծումն իրականացնել ողջամիտ ժամկետում ու ապահովել գործի արդարացի քննությունը, օրենքով նախատեսված պարտականությունները կատարելու փոխարեն, Զ. Ս.-ի օգտին վերը նշված ապօրինի գործողությունների և անգործության համար 2025 թվականի ապրիլի 9-ին Գ. Խ.-ի միջոցով նրանից պահանջել է 3.892.500 ՀՀ դրամին համարժեք՝ 10․000 ԱՄՆ դոլար կաշառք: Զ. Ս.-ն, համաձայնվելով դատավորին կաշառք տալու առաջարկին, 2025 թվականի ապրիլի 22-ին Գ. Խ.-ին է տվել պահանջված կաշառքի գումարը՝ այն դատավորին փոխանցելու նպատակով: Խոշոր չափերով կաշառք ստանալու համար դատավորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրան օժանդակած Գ. Խ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Զ. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:42 - 28 մայիսի, 2025
Քննությունները բարձր գնահատելու համար դասախոսն ուսանողներից կաշառք է պահանջել և ստացել. Հակակոռուպցիոն կոմիտե

Քննությունները բարձր գնահատելու համար դասախոսն ուսանողներից կաշառք է պահանջել և ստացել. Հակակոռուպցիոն կոմիտե

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դասախոսը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողների՝ ուսանողների օգտին հովանավորչության և ապօրինի գործողության համար, նրանցից պահանջել և ստացել է ընդհանուր 500.000 ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, մանրամասնելով, որ նախաքննությամբ պարզվել է՝ հիշյալ դասախոսը 2025 թվականի մարտից ապրիլն ընկած ժամանակահատվածում ուսանողներից որպես կաշառք գումարներ է պահանջել ավարտական քննությունները բարձր գնահատելու համար: Ընդ որում՝ ուսանողներից մեկից ստացել է կաշառքը, իսկ մյուսի դեպքում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված «կաշառք ստանալու և կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության արդյունքում, կաշառք ստանալու պահին բռնվել և ձերբակալվել է, որից հետո կատարված խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող գումարը:  Մասնավոր ոլորտում կաշառք ստանալու համար դասախոսին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի  272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:  Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   
16:48 - 27 մայիսի, 2025
ՔԿ-ից 590 հազար դոլարի հափշտակության գործով 2 անձ է կալանավորվել
 |factor.am|

ՔԿ-ից 590 հազար դոլարի հափշտակության գործով 2 անձ է կալանավորվել |factor.am|

factor.am: ՔԿ-ից 590 հազար դոլարի հափշտակության գործով կալանավորվել է Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը և մեկ անձ։ Տեղեկությունը Factor.am-ի հարցին ի պատասխան հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նշենք, որ դեռ մայիսի 24-ին կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը: Արդյունքում հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578․800 ԱՄՆ դոլարը։ Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել են խոստովանական ցուցմունքներ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ մնացած՝ 11,200 դոլար գումարը հայտնաբերելու ուղղությամբ: Կոմիտեն նաև տեղեկացրել էր, որ առաջիկայում հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ՝ թույլատրելի սահմաններում ներկայացնելով ինչպես հանրային հնչեղություն ստացած այս վարույթով պարզված հանգամանքները, այնպես էլ հանցագործության ու դրա մասնակիցների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների գործադրած ջանքերը։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից՝ Երևանում, Դեղատան 3 հասցեում, առանձնապես խոշոր չափերով՝ որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Գումարը պահվել է վարչական շենքի 6-րդ հարկում՝ չհրկիզվող պահարանում։ Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի (բնակարան ապօրինի մուտք գործելով՝ առանձնապես խոշոր չափերով գողություն) հատկանիշներով։
16:17 - 26 մայիսի, 2025
Հայտնաբերվել է ՔԿ-ից հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասը. կան ձերբակալվածներ

Հայտնաբերվել է ՔԿ-ից հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասը. կան ձերբակալվածներ

Բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները,  ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական անփութության և առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի առթիվ (590.000 ԱՄՆ դոլար գումար)։ «ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը: Արդյունքում` հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578․800 ԱՄՆ դոլարը։ Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել են խոստովանական ցուցմունքներ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ մնացած՝ 11,200 դոլար գումարը հայտնաբերելու ուղղությամբ: Առաջիկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ՝ թույլատրելի սահմաններում ներկայացնելով ինչպես հանրային հնչեղություն ստացած այս վարույթով պարզված հանգամանքները, այնպես էլ հանցագործության ու դրա մասնակիցների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների գործադրած ջանքերը», - նշված է կոմիտեի հայտարարությունում։
11:32 - 24 մայիսի, 2025
Սերժ Սարգսյանը մեղադրվում է  2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

Սերժ Սարգսյանը մեղադրվում է 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցրած անձի օժանդակությամբ, նշված գործարարից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2008 թվականի փետրվարի 20-ին ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի շարք անձանց օժանդակությամբ վերը նշված գործարարից կանխիկ եղանակով ստացել է կաշառքի մասնաբաժինը՝ 2.660.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած մասը ստացել է փոխկապակցված մի շարք անձանց օժանդակությամբ։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի հանձնարարությամբ կազմակերպվել է կաշառքի մասնաբաժնի մնացած մասը փոխկապակցված անձի միջոցով գործարարի կողմից տալու գործընթացը, որի արդյունքում 2008 թվականի ապրիլի 3-ին և 21-ին նշված անձի բանկային հաշվեհամարին է փոխանցվել համապատասխանաբար՝ 200.000 ԱՄՆ դոլար և 125.000 ԱՄՆ դոլար` նշված գումարների փոխանցման նպատակը ձևակերպելով որպես «բարեգործություն», որով մարվել են ՀՀ նախագահի երդմնակալության և դրան հաջորդած մի քանի օրերի ընթացքում Երևան քաղաքում անցկացված միջոցառման ժամանակ օդապարիկներ վարձակալելու, ինչպես նաև այդ միջոցառման ընթացքում ծախսված այլ գումարների ծախսերը: Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Քրեական վարույթից նրա վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:41 - 23 մայիսի, 2025
ՊՆ պաշտոնատար անձինք կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

ՊՆ պաշտոնատար անձինք կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասում շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ՊՆ-ի և կապալառու ընկերության միջև 2023 թվականի հունիսին կնքվել է պետական գնման պայմանագիր, որի շրջանակում շինարարական աշխատանքները կատարվել են թերի, իսկ որոշ աշխատանքների համար օգտագործվել են նախատեսվածից 3 անգամ ցածր արժեքով անորակ նյութեր: Նման պայմաններում կապալառու ընկերության տնօրենը, խաբեության եղանակով ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, իր մտերիմի՝ շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենի հետ կազմել է ակտեր, որոնցում ներառվել են փաստացի չկատարված աշխատանքների մասին տվյալները, ինչպես նաև դրանցում թաքցվել է ցածրարժեք նյութերով աշխատանքների կատարման փաստը: Արդյունքում՝ ՊՆ-ից խաբեության եղանակով հափշտակվել է 81.176.000 ՀՀ դրամ:  Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։  Այնուհետև, թերի կատարված աշխատանքներն ընդունելու և դրական եզրակացություններ տալու դիմաց, ՊՆ պաշտոնատար անձը կապալառու ընկերության տնօրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 10.000.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը ստացել է: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ 2024 թվականի հուլիսին ՊՆ-ի և նույն կապալառու ընկերության միջև կնքվել է պետական գնման ևս մեկ պայմանագիր, որով նախատեսված շինաշխատանքների կատարման ընթացքում հնարավոր թերություններն անտեսելու և պայմանագրի կատարման արդյունքների վերաբերյալ դրական եզրակացություններ տալու համար ընկերության տնօրենը ընդհանուր 2.100.000 կաշառք է տվել ՊՆ երկու պաշտոնատար անձանց: Ընդ որում՝ գնման նշված մրցույթին մասնակցելու և գնումների անցկացման կարգը խախտելով հաղթող ճանաչվելու համար, վերը նշված երկու ընկերությունների տնօրեններն ապօրինի վարձատրություն են տվել ՊՆ նախկին աշխատակցին: Արդյունքում՝ գնմանը մասնակցության հայտ ներկայացրած մյուս կազմակերպությունների օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Բացի այդ, պարզվել է, որ հիշյալ ընկերությունների ներկայացուցիչները 2025 թվականի հունիսին կաշառք են տվել ՊՆ մեկ այլ պաշտոնատար անձի՝ վերջինիս կողմից ցանկալի բովանդակությամբ տեղեկանք ստանալու համար: Բազմաթիվ դրվագներով կաշառք ստանալու, տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակության, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 7 անձի, այդ թվում՝ ՊՆ պաշտոնատար անձանց և ՍՊ ընկերությունների տնօրեններին: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ ՊՆ պաշտոնյաներից մեկի նկատմամբ՝ կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:01 - 21 մայիսի, 2025
Դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում, որ կաշառք չի կարելի վերցնել. Երևանի փոխքաղաքապետը՝ 2 պաշտոնյայի ձերբակալության մասին |1lurer.am|

Դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում, որ կաշառք չի կարելի վերցնել. Երևանի փոխքաղաքապետը՝ 2 պաշտոնյայի ձերբակալության մասին |1lurer.am|

1lurer.am: Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը Երևանի ավագանու՝ մայիսի 20-ի նիստին խոսեց կոռուպցիայի դեմ պայքարից և այս համատեքստում անդրադարձավ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և վարութային այլ գործողություններ իրականացնելուն: «Քիչ առաջ լրագրողներն ասում են՝ այսօր Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում ձերբակալություննե՞ր են, ասում եմ՝ այո՛: Ասում են՝ ո՞նց է Երևանի քաղաքապետարանում ստացվում, ասում եմ՝ ժողովո՛ւրդ ջան, եկեք հասկանանք, որովհետև 2018 թվականից ի վեր ոչ մի բան չի կոծկվում, ոչ մի բան չի թաքցվում: Այո՛, լինելու են, շարունակելու են լինել... Երևանի քաղաքապետարանում 20 հազարից ավելի մարդ կա: Այդ մարդիկ մեր բարեկամները չեն, այդ մարդիկ մեր ու ձեր նման քաղաքացիներ են, և դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում, որ կաշառք չի կարելի վերցնել»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ի պատասխան «Ինֆոքոմ»-ի հարցին՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։
12:33 - 20 մայիսի, 2025