Արգիշտի Քյարամյան

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին։ 2007-2013թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան։ 2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան։ 2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը։

2013-2014թթ. ընկած ժամանակահատվածում աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում` որպես քննիչ: 2016թ. աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազությունում` որպես դատախազության դատախազ: 2016-2018թթ. աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազությունում` որպես դատախազության դատախազ: 2018թ. հունիսի 8-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ։ 2018թ. հուլիսի 10-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում՝ որպես վարչության պետ:

2019թ. փետրվարի 15-ից սկսած աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ։ 2019թ. մարտի 1-ից սկսած աշխատել է Պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես ղեկավարի օգնական։ 2019թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ։ 2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Հանդիսանում է պահեստազորի սպա։ 2014թ. շնորհվել է արտահերթ կոչում։ 2016թ. շնորհվել է երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։ 2017թ. պարգևատրվել է գերատեսչական մեդալով։ 2018թ. շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում։ 

2019 թվականին նշանակվել նշանակվել է ԱԱԾ պետի տեղակալ։

2020թ. հունիսի 8-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Նույն թվականի հոկտեմբերի 8-ին ազատվել է պաշտոնից։

2020-ի դեկտեմբերին նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ։

Իմ օրակարգում մանդատը դնելու հարց չկա. Աղազարյան
 |armtimes.com|

Իմ օրակարգում մանդատը դնելու հարց չկա. Աղազարյան |armtimes.com|

armtimes.com: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր օրակարգում մանդատը դնելու հարց չկա: Երեկ ՔՊ վարչությունը քննարկել է իր հարցը, հետաքրքրվել, թե ինչո՞ւ է Արգիշտի Քյարամյանին «արա»-ով դիմել: Աղազարյանի խոսքով՝ ինքը պատասխանել է բոլոր հարցերին ու դուրս եկել, և թե վարչությունը ի՞նչ որոշում կկայացնի, տեղյակ չէ։ «ՔՊ վարչության նիստին պարզաբանում եմ տվել ԱԺ միջադեպի մասով, Քյարամյանը երբ հիմնավորի, մանդատս կդնեմ»,- եզրափակել է պատգամավորը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում հարուցված կարգապահական վարույթ կա, որը դեռ ծագել էր խորհրդարանական լսումներից հետո:  Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Նարեկ Զեյնալյանի՝ պատգամավորական մանդատները վայր դնելու մասին լուրերին: Զեյնալյանը հայտարարել է, որ վայր է դնում մանդատը:
13:40 - 20 նոյեմբերի, 2024
Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել

Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել

Նոյեմբերի 18-ին Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային վերջին խորհրդակցությունը՝ հայտնելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու իր որոշման մասին։ Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ իր պաշտոնավարման տարիների ընթացքում կատարված համատեղ աշխատանքի, Քննչական կոմիտեի հզորացմանն ուղղված նախաձեռնությունները համատեղ կյանքի կոչելու և միասնաբար իրենց առջև ծառացած բարդ խնդիրները հաղթահարելու համար։ Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ բազմաթիվ ուղղություններով արձանագրվել են համակարգի ուժեղացմանը միտված իր նպատակներից բխող նշանակալի արդյունքներ՝ կապված համակարգը պրոֆեսիոնալ մասնագիտական ներուժով հագեցնելու, կադրային համալրման և առաջխաղացման արդար և միասնական սկզբունքներ արմատավորելու, Կառավարության աջակցությամբ քննիչների սոցիալական երաշխիքներն ավելացնելու, Քննչական կոմիտեում թիմային աշխատանքի սկզբունքներ ու մոտեցումներ ներդնելու հետ։ Նշել է նաև, որ համատեղ ուժերով հաջողվել է ապահովել Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի սահուն կիրարկումը՝ խուսափելով աշխատանքային գործընթացի խաթարումներից ու լուրջ խնդիրներից, իսկ մասնավոր մեղադրանքով վարույթներ քննող դատավորների ինստիտուտի ներդրման շնորհիվ ստեղծվել են քննիչների ծանրաբեռնվածության էական նվազման նախադրյալներ։ Քյարամյանը կարևոր արդյունքներից է համարել նաև, ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, միասնական նախաքննական մարմնի ստեղծումը և նախաքննությունը գերատեսչական ենթակայությունից և շահերից հանելու՝ ի սկզբանե նախանշված նպատակադրման իրագործումը, ինչպես նաև «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծումը, որը մտել է տեխնոլոգիական հագեցման շրջափուլ և զարգացման նախանշված ծրագրերի հետագա իրականացման պարագայում էականորեն բարձրանալու են Կենտրոնի կողմից իրականացվող փորձաքննությունների որակն ու արագության մակարդակը։ Արգիշտի Քյարամյանը նաև կարևորել է այս ընթացքում 2020 թ․ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթներով կատարված հսկայածավալ աշխատանքը, որի արդյունքներն ու արձանագրումներն ունենալու են պատմական նշանակություն, իսկ անձամբ իր համար լիարժեք անաչառ քննությամբ ընդհանուր պատկերի և խնդիրների վերհանումը եղել է բացարձակ առաջնահերթություն։ Արգիշտի Քյարամյանը հորդորել է գործընկերներին՝ նույն նախանձախնդրությամբ ու նվիրվածությամբ շարունակել ծառայել պետականությանը, կենսագործել կիսատ մնացած ծրագրերը և նպաստել ՀՀ քննչական կոմիտեի շարունակական զարգացմանը։ Խորհրդակցության մասնակիցները ծափերով են հրաժեշտ տվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին։
19:09 - 18 նոյեմբերի, 2024
Եկել է պահը հայտնելու ձեզ ՔԿ նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին. Արգիշտի Քյարամյան

Եկել է պահը հայտնելու ձեզ ՔԿ նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին. Արգիշտի Քյարամյան

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ուղերձ է հղել և հայտնել պաշտոնից հեռանալու մասին։  «Սիրելի՛ հայրենակիցներ,ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ, Եկել է պահը հայտնելու ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին։ Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից։ Շնորհակալություն եմ հայտնում նախ Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին, իմ սիրելի գործընկերներին՝ համատեղ անցած ընդհանուր ճանապարհի, աշխատանքի թե՛ բարդությունները և թե՛ շոշափելի արդյունքները միասին կիսելու, համախոհությամբ ու նվիրումով համակարգի կայացման՝ մեր ընդհանուր տեսլականի կյանքի կոչմանը հետամուտ լինելու համար։ Պատիվ ու հպարտություն էր ծառայել ՀՀ քննչական կոմիտեում, դառնալ վերջինիս մասնիկն ու փորձել համեստ ներդրում ունենալ այս կուռ ու միասնական կառույցի համակարգայնացման  շարունակական ընթացքին։ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հեռանում եմ նույնպիսի ներքին հպարտությամբ ու ներդաշնակությամբ, ինչպես ստանձնել եմ այն ու աշխատել։  Շնորհակալություն եմ հայտնում նաև ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ Հայաստանի համար բարդ ու կարևոր պատմական շրջափուլում այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու, իմ կարողություններին հավատալու համար։ Ի պաշտոնե հնարավոր ամեն ինչ արվել է՝ մեր պետության ներքին կենսունակությունն ու օրինահենությունը, իրավական անվտանգությունն ապահովելու համար, որպես հայ մարդ ու ՀՀ քաղաքացի՝ դա համարել եմ հոգու պարտք ու առաքելություն։  Վստահ եմ, որ այդ ընթացքը լինելու է անկասելի և Հայաստանում շարունակվող դատաիրավական, իրավապահ մարմինների բարեփոխումները, ՀՀ քննչական կոմիտեի հետագա զարգացման ուղեցույցը լինելու է շարունակական, և մենք ունենալու ենք մեր պատկերացրած նախաքննական մարմինը և մեր երազանքների կայուն, անվտանգ ու բարգավաճող հայրենիքը։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը…Եվ Աստված պահապան բոլորիս…»,- նշված է ուղերձի մեջ։  Նշենք, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն  ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։
11:51 - 18 նոյեմբերի, 2024
Քյարամյանը պնդեց՝ Տիգրան Առաքելյանի հետ անձամբ շփում չի ունեցել
 |azatutyun.am|

Քյարամյանը պնդեց՝ Տիգրան Առաքելյանի հետ անձամբ շփում չի ունեցել |azatutyun.am|

azatutyun.am: Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր լրագրողների հետ զրույցում պնդեց՝ ինքը նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հետ անձամբ շփում չի ունեցել։ Տիգրան Առաքելյանը նախքան կալանավորվելը պնդել էր, թե իրեն էլեկտրաշոկով խոշտանգել են Քննչական կոմիտեի Երևանի վարչության շենքում, պետի՝ Ազատ Գևորգյանի աշխատասենյակում, «Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերին»։ «Ազատություն»-ն այսօր Քյարամյանից հետաքրքրվեց՝ արդյոք էլեկտրաշոկ ունի՞ իր աշխատասենյակում, նման բաներ տեղի՞ են ունենում։ ՔԿ նախագահը ի պատասխան հիշեցրեց, որ ՔԿ-ում նույն վարույթով ևս մի քանի անձ է նման հաղորդում ներկայացրել, դրա վերաբերյալ Հակառուպցիոն կոմիտեում քննվել է քրեական վարույթ, որը կարճվել է։ «Ես անձամբ վարույթի նյութերին չեմ ծանոթացել, անկեղծ ինձ շատ չի հետաքրքրել, ես նույնիսկ հարցաքննության չեմ մասնակցել՝ հրաժարվել եմ ցուցմունք տալուց», - հավելեց Քննչականի ղեկավարը։ Նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանի՝ խոշտանգման մասին հայտարարությունը քննելուց մեկ տարի անց Հակակոռուպցիոնը եզրակացրել էր՝ Արգիշտի Քյարամյանն ու բարձրաստիճան քննիչ Ազատ Գևորգյանը նրան չեն խոշտանգել, հետևաբար նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի։ Տիգրան Առաքելյանը մեղադրյալ է նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի ձևավորած խմբի կազմում շորթման, դատավորի բարի համբավն արատավորելու հոդվածներով։Այս գործի համար էին նրան կանչել Քննչական կոմիտե հարցաքննության։ Իրավապահները Առաքելյանի այս պնդումներից հետո խոշտանգման հոդվածով քրեական գործ էին հարուցել, բայց այն ամիսներ առաջ կարճվել է։ Այս որոշումը այժմ փաստաբան Դավիթ Ավագյանը բողոքարկում է դատարանում։
14:36 - 30 հոկտեմբերի, 2024
Արգիշտի Քյարամյանն ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի համար ափսոսանք է հայտնում |armenpress.am|

Արգիշտի Քյարամյանն ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի համար ափսոսանք է հայտնում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն Ազգային ժողովում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ափսոսում է:  Քյարամյանն այս մասին հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:  «Ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի համար, առավել ևս այն պայմաններում, որ այդ միջադեպը նաև ինձ է վերաբերում»,- ասաց Քյարամյանը: Պատասխանելով հարցին, թե արդյոք այդ միջադեպի առնչությամբ հանրությունից ներողություն կխնդրի՝ ասաց.  «Ես պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, եթե հանրությունն իմ որևէ  գործողությունում խնդիր է տեսնում»: Անդրադառնալով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այդ թեմայով խոսակցություն ունեցե՞լ է՝ Քյարամյանը բացասական պատասխան տվեց: Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վեճ էր ծագել: Աղազարյանը դիտողություն էր արել Քյարամյանին, հորդորել պատգամավորների հետ հարգալից շփվել։  Վեճի ընթացքում Քննչական կոմիտեի ղեկավարը պնդել էր, թե իրեն առնվազն երկու անգամ դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»:  Ավելի ուշ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ հայտարարության հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)։
13:42 - 30 հոկտեմբերի, 2024
Ուսադիրներով շատ երիտասարդներ, թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին |tert.am|

Ուսադիրներով շատ երիտասարդներ, թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին |tert.am|

tert.am: Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում։ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով վերջերս ԱԺ-ում Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի վ մասին․ «Ազգային ժողովում ուժային կառույցների լսումների օրը տեղի ունեցած քննարկումները, որոնք վերածվեցին որոշակի սուր հարցադրումների, իհարկե, հայկական մեդիա եւ պսեվդովերլուծական տիրույթում դարձան հերթական շոուն, որին ամեն մեկն իր քիմքին հարիր քաղաքական գնահատական տվեց։ Բայց որևէ առողջ, իրական վերլուծություն կարծես թե չկա։ Իսկ իրականում տեղի ունեցածը ներկա ժամանակների անցնող և գալիք բարքերի բախումների, պառլամենտարիզմի, կառավարման ու կադրային համակարգի առողջացման և «զոռբայության» բախումների վառ դրսեւորում էր։ Պարզ է, որ բոլոր ոլորտներում էլ կան բոնապարտիզմի բարքերը նախընտրող դիմադրողներ, ովքեր «կոմֆորտ զոնաներից» դուրս չեն գալիս։ Խնդիրը կոնկրետ անձանց մեջ չէ. հաճախ  ուսադիրներով շատ երիտասարդներ թռիչքային կարիերա ունենալիս իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում։ Խնդիրը կոնկրետ Արգիշտի Քյարամյանի հետ կապված չէ, խնդիրը Աղազարյանի հետ կապված չէ, կամ՝ անձնավորված ինչ-որ բանավեճերի ու անձնական հաշիվների։ Խնդիրը նրանում է, որ ՀՀ-ն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, պառլամենտալիզմի ճանապարհը, որը, սակայն, շատ փշոտ է: ՀՀ-ում ամենաբարձր քաղաքական պաշտոնյաներից միայն ՀՀ վարչապետն է, ով մշտապես գալիս է պառլամենտ, մասնակցում լսումներին, ընդիմությունից ու լրագրողներից լսում հաճախ ծանր հարցեր, տալիս պատասխաններ»,- նշել է Քոչարյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:49 - 22 հոկտեմբերի, 2024
Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ ՔՊ խմբակցությունում անդրադարձ կլինի Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ միջադեպին |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ ՔՊ խմբակցությունում անդրադարձ կլինի Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ միջադեպին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում  Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։ «Ես կարծում եմ, որ ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ։ Ազգային ժողովն ամենաբարձր մարմինն է։ ԱԺ-ում բոլորն, ինչ ասես, կարող են խոսել։ Ինչքան սուր հարցադրումներ եք անում, կամ պատգամավորներ կան՝ սուր հարցադրումներ են հնչեցնում, մեր խնդիրն է լսել,խոսել և հակադարձելուց այնպես անել, որ անձնական վիրավորանքների դաշտ չմտնենք։ Այս միջավայրը, պետական ընկալումները մերժում են «տղայական» մոտեցումները։ Այդ պատճառով խոսվում է պետականության, պետական ինստիտուտների կարևորության, դրա բարեվարքության մասին։ Ես ցանկանում եմ այդ բարեվարքությունը տեսնել ուժային բոլոր կառույցներում, նման զարգացում տեսնում եմ»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանը։ Հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում Արգիշտի Քյարամյանի պահվածքի հետ կապված քննարկումներ եղել են, Քոչարյանը պատասխանեց՝ դեռ ոչ, բայց կարծում է, որ այս հարցերին անպայման անդրադարձ կլինի։ Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի էր ունեցել միջադեպ։ 
13:28 - 16 հոկտեմբերի, 2024
Հայկական բանակում մահվան դեպքերը բացահայտվում են օրերի, եթե ոչ ժամերի ընթացքում. ՔԿ
 |news.am|

Հայկական բանակում մահվան դեպքերը բացահայտվում են օրերի, եթե ոչ ժամերի ընթացքում. ՔԿ |news.am|

news.am: Հայկական բանակում մահվան դեպքերը բացահայտվում են հաշված օրերի, եթե ոչ ժամերի ընթացքում։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 15-ին երկրում հանցավորության իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը։Նրա խոսքով, ոչ մարտական ​​պայմաններում զինվորականների մահվան դեպքերը 100 տոկոս բացահայտման գործակից ունեն։ Քյարամյանը, միաժամանակ, չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորների՝ զինված ուժերի շարքերում մահացության աճի մասին հայտարարություններին։Նա մեկնաբանեց նաեւ 44-օրյա պատերազմի հետ կապված քրեական գործերի քննությունը.«Քննիչները նախաքննություն կատարելիս գերմարդկային օբյեկտիվություն են ցուցաբերում։ Գործերը դիտարկվում են ամենափոքր մանրամասնությամբ, և յուրաքանչյուր, նույնիսկ ամենաաննշան փաստարկը հօգուտ ամբաստանյալների պաշտպանության, հաշվի է առնվում իրավապահների կողմից»,- ասաց Քյարամյանը։
18:33 - 15 հոկտեմբերի, 2024
Իրավիճակը արդեն պարզ է, գրեթե վերջնական փուլում ենք․ Քյարամյանը՝ պատերազմի պարտության պատճառների քննության մասին
 |news.am|

Իրավիճակը արդեն պարզ է, գրեթե վերջնական փուլում ենք․ Քյարամյանը՝ պատերազմի պարտության պատճառների քննության մասին |news.am|

news.am: Բոլոր ուղղություններով իրավիճակը մեզ համար արդեն պարզ է, գրեթե վերջնական փուլում ենք գտնվում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչքանով է հաջողվել ամբողջացնել պատերազմի պարտության պատճառները։ «Բոլոր ուղղություններով, մեր տեսանկյունից, ունենք իրական պատկեր։ Այս գործերով 600-ից ավելի անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր ունենք։ Շուրջ 100-ի վերաբերյալ քննարկումներ են ընթանում գործերը ավարատել և դատարան ուղարկելու վերաբերյալ»,- ասել է Քյարամյանը: Նա նշել է, որ հարցին վերաբերել են նաև՝ կարևորելով վարույթների պատմական արժեքն ու օբյեկտիվ անդրադառնալով դրվագներին։ «Կան բազմաթիվ վարույթներ դատարաններում, չեմ հետեւել, թե ինչռժիմով են քննվում, ենթադրում եմ, մի մասը փակ ռեժիմով կքննվի, որովհետեւ տարբեր աստիճանի գաղտնիքներով առնչություն կլինի, դատավարությունները ընթանում են»,-ասաց նա:
11:08 - 12 հոկտեմբերի, 2024
Պատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համարում

Պատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համարում

2020թ․ 44-օրյա պատերազմից անցել է չորս տարի, սակայն մինչ օրս հայկական կողմի զոհերի մասին ամբողջական տվյալներ չկան։ Թեեւ նախորդ տարիներին տարբեր պաշտոնյաներ հնչեցրել են թվեր, սակայն ՀՀ քննչական կոմիտեն այդ տեղեկությունը պաշտոնապես համարում է նախաքննական գաղտնիք։ Քանի՞ զոհ է ունեցել հայկական կողմը պատերազնի ընթացքում, նրանցից քանի՞սն է եղել ՀՀ ԶՈՒ կամ Արցախի ՊԲ զինծառայող, քանի՞սն է եղել պահեստազորային, քանի՞սը՝ կամավորական, քանի՞սը՝ խաղաղ բնակիչ․ ահա այս եւ մի շարք այլ հարցերով սեպտեմբերի 16-ին դիմել ենք Քննչական կոմիտե, որը մերժել է տեղեկության տրամադրումը՝ հղում անելով Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին հոդվածին։ Քննչական կոմիտեն նշել է միայն, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում շարունակվում է քրեական վարույթի նախաքննությունը, որը նախաձեռնվել է հետեւյալ հոդվածներով՝ - Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ագրեսիվ պատերազմ սանձազերծելը եւ վարելը,  - ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելը,  - պատերազմ վարելու արգելված մեթոդներ եւ միջոցներ կիրառելը, - քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելը եւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված եւ նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելը, մասնավորապես՝ խոր թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման թիրախներ դարձնելը եւ հրետակոծելը,  - միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելը,  - ահաբեկչությունը, ահաբեկչության ֆինանսավորումը, միջազգային ահաբեկչությունը: Հայկական կողմը՝ ՀՀ ՊՆ-ն եւ Արցախի ՊԲ-ն, 44-օրյա պատերազմի ընթացքում պարբերաբար ներկայացնում էին զոհերի տվյալները։ 2020թ․ դեկտեմբերի վերջից զոհերի ցուցակներ սկսեցին չհրապարակվել։ Հետագայում ինչպես Քննչական կոմիտեն, այնպես էլ տարբեր պաշտոնյաներ, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ ընդհանրական տվյալներ հաղորդեցին։ Օրինակ՝ 2021թ․ մարտի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հայկական կողմը պաշտոնապես հաստատված 3250 զոհ ունի: Այդ օրը նա ասաց, որ անհետ կորածների բավականին մեծ ցուցակ կա, որը ճշգրտման կարիք ունի։ Միաժամանակ պնդեց, որ զոհերի թիվը 4000-ից չի անցնի:  Ամփոփ տվյալներ էր հայտնում նաեւ Քննչական կոմիտեն։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին ՔԿ-ն հրապարակել էր 3781 թիվը եւ նշել, որ այդ օրվա դրությամբ անհայտ է 231 զինծառայողի եւ 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ 2022թ․ հունվարի 19-ին ՔԿ-ն հրապարակել էր զոհերի 3809 թիվը։ Այդ հաղորդագրության էջը ՔԿ պաշտոնական կայքից հեռացված է։ 2022թ․ մարտի 21-ին ՔԿ-ն հայտարարել է, որ զոհերի թիվը 3822 է։ Դրանից մեկ ամիս անց՝ ապրիլի 13-ին, Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ հայկական կողմի զոհերի թիվը 3825 է։ Սա զոհերի ամփոփ թվի վերաբերյալ, ըստ էության, վերջին հայտարարությունն է եղել։ Նշենք, որ Քրեական օրենսգրքի 483-րդ հոդվածի համաձայն՝ քրեական վարույթի տվյալներն առանց իրավասու մարմնի թույլտվության հրապարակելը համարվում է հանցանք։ Հարց է ծագում՝ եթե Նիկոլ Փաշինյանը կամ այլ պաշտոնատար անձինք ունեցել են վարութային տվյալներ հայտնելու թույլտվություն, ապա ինչո՞ւ քննչական մարմինն առնվազն այդ նույն տեղեկությունը չի տրամադրվում լրատվամիջոցին։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը չի ունեցել իրավասու մարմնի թույլտվությունը, ապա ինչո՞ւ այդ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող անձանց թվին, ապա այս մասին վերջին անգամ խոսել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ այս տարվա հունվարի 4-ին։ Այդ պահի դրությամբ, ըստ Քյարամյանի հայտնած տվյալների, Ադրբեջանում 23 անձ է պահվում, որոնցից 17-ը 2023թ․ ագրեսիայի ընթացքում են գերեվարվել։ Քյարամյանն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ առկա են փաստական տվյալներ։ Ադրբեջանը հաստատում է 23 պահվող անձանց հանգամանքը, 32 անձի բռնի անհետացման մասին հայտարարությունը՝ հերքում։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը նաեւ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթների վերաբերյալ է հայտնել որոշ տվյալներ․ 2024թ․ հունվարի դրությամբ, ըստ Քյարամյանի, դատարան է ուղարկվել 422 անձի վերաբերյալ քրեական գործ, որոնցից 99-ը սպաներ են։ Այժմ դատարաններում քննվում են մի շարք գործեր, որոնք առնչվում են 44-օրյա պատերազմի հանգամանքներին։ Այդ գործերը վերաբերում են նաեւ զինծառայողների զոհվելու դեպքերին։  Այդ գործերի մասին կարող եք կարդալ «Ինֆոքոմում»՝ 1, 2, 3, 4, 5, 6 հղումներով։Լուսանկարը՝ ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջից, 44-օրյա պատերազմից Հայարփի Բաղդասարյան
19:10 - 26 սեպտեմբերի, 2024
Ծագումն անհայտ ֆինանսական միջոցներ՝ Քննչական կոմիտեի նախագահի ընտանիքի անդամների հայտարարագրերում

Ծագումն անհայտ ֆինանսական միջոցներ՝ Քննչական կոմիտեի նախագահի ընտանիքի անդամների հայտարարագրերում

Արդեն 3 տարի անընդմեջ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կնոջ՝ Ռուզաննա Քյարամյանի հայտարարագրած ֆինանսական միջոցների աճի ու եկամուտների միջև անհամապատասխանություն է նկատվում։  2021 թվականին Ռուզաննա Քյարամյանն ունեցել է ընդամենը 70 հազար դրամի եկամուտ, սակայն նրա ֆինանսական միջոցներն աճել են 4 մլն 645 հազար դրամով։ Այսինքն՝ նրա ունեցած 4 մլն 575 հազար դրամի ծագումն անհայտ է։  Արգիշտի Քյարամյանի նույն տարվա հայտարարագրի տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ վերջինս 2021 թվականին 13․3 մլն դրամի եկամուտներից առնվազն 9․2 միլիոնն ուղղել է բանկերում և կանխիկ պահվող իր ֆինանսական միջոցների աճին և միայն 4․1 միլիոն դրամ կարող էր օգտագործել ընթացիկ ծախսերի, այդ թվում՝ ընտանիքի անդամներին գումար տրամադրելու համար։ Հետևաբար, եթե նույնիսկ դիտարկենք, որ Ռուզաննա Քյարամյանի՝ հայտարարագրով չպարզաբանվող ֆինանսական միջոցները տրամադրել է ամուսինը՝ Արգիշտի Քյարամյանը, կստացվի, որ նրանց ընտանիքը 400 հազար դրամ ավելի է ուղղել ֆինանսական միջոցների աճին, քան կարող էր իրեն թույլ տալ հայտարարագրված եկամուտներով։  2022 թվականին Ռուզաննա Քյարամյանի եկամուտը կազմել է շուրջ 160 հազար դրամ, մինչդեռ նրա ֆինանսական միջոցներն աճել են 3 մլն դրամով։ Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ 2.8 մլն դրամի ծագումը չի արտացոլվում հայտարարագրում։ 2023 թվականին Ռուզաննա Քյարամյանի եկամուտը կազմել է 243 հազար դրամ, իսկ  ֆինանսական միջոցներն աճել են 6.3 մլն դրամով։ Քննչական կոմիտեի նախագահի տիկնոջ ավելի քան 6 մլն դրամի ծագումն անհայտ է։ Նախորդ տարի Արգիշտի Քյարամյանից և կնոջից բացի հայտարարագիր է ներկայացրել նաև Քյարամյանի մայրը՝ Լարիսա Գրիգորյանը։ Հայտարարագրի համաձայն՝ 2023-ի ընթացքում նրա ֆինանսական միջոցներն աճել են շուրջ 20․3 մլն դրամով։ Լարիսա Գրիգորյանը հայտարարագրել է շուրջ 1.6 մլն դրամ եկամուտ։ Այսպիսով, Լարիսա Գրիգորյանի միջոցներից 18.7 մլն դրամի ծագումն անհայտ է։ Արգիշտի Քյարամյանի՝ 2023 թվականի հայտարարագրի տվյալների համադրությամբ ստացվում է, որ նա ընթացիկ ծախսերի, այդ թվում՝ ընտանիքի անդամներին գումար հատկացնելու համար այդ տարի կարող էր օգտագործել առավելագույնը 11.6 մլն դրամ։ Եթե Արգիշտի Քյարամյանի, մոր և կնոջ հայտարարագրած միջոցները դիտարկենք մեկ ընդհանուր տնտեսության տրամաբանությամբ, կստացվի, որ 2023 թվականին նրանց ընտանիքի ֆինանսական միջոցներից ավելի քան 13 մլն դրամի ծագումն անհայտ է։  Արգիշտի Քյարամյանին գրավոր խնդրել էինք պարզաբանել ընտանիքի անդամների հայտարարագրերում տեղ գտած անհամապատասխանությունները։ Վերջինս, սակայն, մեր գրությանը չի արձագանքել։ Հաշվարկի տրամաբանությունը հասկանալու համար առաջարկում ենք դիտել նաև մեր այս տեսանյութը՝ իմանալու, թե ինչպես ծախսել և միաժամանակ «չծախսել» ունեցած փողը։   2 տարի է՝ ԿԿՀ-ն վերլուծում է Քյարամյանների 4 հայտարարագրերը Արգիշտի Քյարամյանի և ընտանիքի անդամների հայտարարագրերի վերլուծությունը պետք է իրականացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ)։  2022 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանել էր հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչ, որով հաստատել էր այն պետական պաշոտնյաների (և նրանց ընտանիքի անդամների) ցանկը, որոնց 2021 թվականի տարեկան հայտարարագրերը պետք է վերլուծեր։ Այդ պաշտոնյաների ցանկում էր նաև Քննչական կոմիտեի նախագահը։ 2023 թվականին արդեն ԿԿՀ-ն որպես ռիսկային չափորոշիչ էր սահմանել նախորդ որոշմամբ սահմանված բոլոր այն պաշտոնատար անձանց 2022 թվականի հայտարարագրերը, որոնց 2021 թվականի տարեկան հայտարարագրի վերլուծության արդյունքում վեր են հանվել այնպիսի անհամապատասխանություններ, որոնց արժանահավատությունն ու ամբողջականությունը ստուգելու նպատակով պահանջվում է ըստ տարիների հայտարարագրված տվյալների համադրություն։ Հարցում էինք ուղարկել ԿԿՀ՝ ճշտելու՝ արդյո՞ք ուսումնասիրել են Քյարամյանի և ընտանիքի անդամների հայտարարագրերը և ի՞նչ անհամապատասխանություններ են հայտնաբերել։ ԿԿՀ-ից պատասխանել են, որ վերոնշյալ երկու որոշումների հիման վրա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սկսել է Արգիշտի Քյարամյանի և վերջինիս ընտանիքի անդամների՝ 2021-2022 թվականի տարեկան հայտարարագրերի վերլուծություն:  2024 թվականի հուլիսի դրությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի ավարտել Քյարամյանի և կնոջ 2021 և 2022 թվականների ընդհանուր թվով 4 հայտարարագրերի վերլուծությունը։  Արգիշտի Քյարամյանի և նրա ընտանիքի անդամների 2023 թվականի տարեկան հայտարարագրերի վերլուծությունն էլ ԿԿՀ-ն սկսել է Factor.am-ի հրապարակման հիման վրա։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Հանձնաժողովից հայտնեցին, որ ստուգման և վերլուծության արդյունքում վեր են հանվել անհամապատասխանություններ և պարզաբանման ենթակա հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել Արգիշտի Քյարամյանից և իր ընտանիքի անդամից հայցել պարզաբանում։  ԿԿՀ-ն նշել է նաև, որ եզրահանգման մասին տեղեկություններ կարող է տրամադրել վերոնշյալ պարզաբանումները ստանալուց և գնահատելուց հետո։ Լյուսի Մանվելյան
21:15 - 29 հուլիսի, 2024
Քննչական կոմիտեն 125 000 դոլարով Land Cruiser է գնել Արգիշտի Քյարամյանի համար
 |civilnet.am|

Քննչական կոմիտեն 125 000 դոլարով Land Cruiser է գնել Արգիշտի Քյարամյանի համար |civilnet.am|

civilnet.am: Քննչական կոմիտեն 125 000 դոլար արժողությամբ Toyota Land Cruiser 300 3.5 ամենագնաց է ձեռք բերել կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար։ Մեքենան մատակարարելու է «Տոյոտա Երևան» ընկերությունը։ Գնման պայմանագիրը Քննչական կոմիտեի և «Տոյոտա Երևան»-ի միջև կնքվել է հուլիսի 8-ին։ Մեքենայի արժեքը 49,2 մլն դրամ է, այն մատակարարվելու է երեք ամսվա ընթացքում։ Գնման մրցույթին մասնակցել է միայն «Տոյոտա Երևան»-ը։ Մեքենան, որ սպասարկելու է Արգիշտի Քյարամյանին, 2024-ի արտադրության է, բենզինային շարժիչով, ունի 415 ձիաուժ հզորություն, գործարանային վիճակում է՝ երաշխիքային երեք տարի ժամկետով։ Ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել Քննչական կոմիտեի նախագահի համար այսպիսի թանկարժեք մեքենա ձեռք բերել։ Պատասխանելով ՍիվիլՆեթի հարցմանը՝ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ «կոմիտեի նախագահին ներկա պահին սպասարկում է 2012 թվականի արտադրության Hyundai Genesis 3.3 մակնիշի ավտոմեքենա»։ Ըստ ՔԿ-ի՝ այս մեքենայի օգտակար ծառայության ժամկետը լրացել է ու հետագա օգտագործումն արդյունավետության տեսանկյունից ոչ նպատակահարմար է»։ Քննչական կոմիտեի նախագահի համար Toyota Land Cruiser-ի գնումը հակասության մեջ է 2022-ի հոկտեմբերի 20-ին կառավարության ընդունած այն որոշման հետ, ըստ որի պետական մարմինների համար ձեռք բերվող մեքենաների հարցում նախապատվությունը տրվելու է էլեկտրոմոբիլներին։ Գնման գործընթացի առանձնահատկությունը սահմանող այդ որոշման մեջ նշվում էր, որ ձեռք բերման արդյունքում կկրճատվեն տրանսպորտային միջոցների պահպանման ծախսերը (վառելիք, երաշխիքային սպասարկում և այլ ծախսեր) և կմեղմացվի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ի հաշիվ վերականգնվող բնական ռեսուրսների օգտագործման։ Այս նպատակով կառավարությունն այս տարվա հուլիսի 11-ին ավելի քան 1 մլրդ դրամ ծախսեց՝ 49 էլեկտրական Volvo-եր գնելու նպատակով։ Դրանից առաջ Քննչական կոմիտեն ձեռք էր բերել նաև 10 BYD էլեկտրական ավտոմեքենա՝ 122 միլիոն դրամով։ Այդ մեքենաները օգտագործվելու են «Քննչական կոմիտեի անձնակազմի ծառայողական պարտականությունների կատարման, տեղաշարժի օպերատիվությունն ապահովելու նպատակով»։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
11:16 - 22 հուլիսի, 2024
Պարոն Քյարամյան, եթե չեք ուզում, մի իջեք Ձեր բարձունքից, մի օր մենք ինքներս կբարձրանանք այդտեղ. Բագրատ Սրբազան |news.am|

Պարոն Քյարամյան, եթե չեք ուզում, մի իջեք Ձեր բարձունքից, մի օր մենք ինքներս կբարձրանանք այդտեղ. Բագրատ Սրբազան |news.am|

news.am: Քննչական կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին ոստիկանության ներկայացուցիչը հայտնեց՝ ՔԿ-ից փոխանցել են, որ ՔԿ նախագահի հետ հանդիպման համար դիմում գրեն, սահմանված կարգով ընթացք կտրվի։ Ոստիկանը նաև հորդորեց չվիրավորել ոստիկաններին։ Ի պատասխան Բագրատ Սբազաննն ասաց. «Պարոն Ղազարյան, մի վիրավորեք մեր բանականությունը, մենք հիմար չենք։ Դուք ասում եք, վիրավորել, վիրավորել, բայց ձեր վարքով էսքան մարդու վիրավորում եք։ Ոչ վերևում, ոչ ներքևում չեն հասկանում, թե մենք ինչ ենք անում։ Պարոն Քյարամյան, հարց ունե՞ք քաղաքացիների հետ։ Լավ չեք ուզում իջնել ձեր բարձունքից, մի իջեք, հետո մի օր մենք կբարձրանանք այդտեղ: Պետք է հասկանանք քննչական կոմիտեն գործում է միայն քաղաքացիների դեմ, թե՞ նաև քայլեր է ձեռնարկել ոստիկանական գործողությունների հետ կապված, որոնք տեղի են ունեցել այս ընթացքում»:   Ապա` Սրբազանը անդրադարձավ ոստիկանների քանակին և հարցրեց՝ ինչի՞ համար են այսքան ոստիկանները. «Ստախոսի սիրտը բացի պաղպաղակ ուտելուց ու հեծանիվ քշելուց արյուն է ուզում։ Ոստիկանական շարքերը հանել է  ժողովրդի դեմ։ Մենք առավելագույն զսպվածություն ենք ունենալու, նա՝ այդ ստախոսը արյուն է ուզում․ քեզ այդ հաճույքը չենք տալու, մի երազի,բայց մենք մեր հաճույքը ստանալու ենք»,- հայտարարեց նա։
12:27 - 03 հունիսի, 2024
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի գործով նախաքննությունը մոտենում է ավարտական փուլին․ ՔԿ նախագահ

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի գործով նախաքննությունը մոտենում է ավարտական փուլին․ ՔԿ նախագահ

ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10–ամյակի առթիվ ՀՀ Սյունիքի մարզում կազմակերպված հոբելյանական միջոցառումները շարունակվել են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն։ Միջոցառումների շրջանակներում ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ ՔԿ  զինվորական քննչական գլխավոր վարչության և կայազորային քննչական բաժինների ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Քաջարան քաղաք, որտեղ, նախ եղբայրական գերեզմանում հարգանքի տուրք է մատուցվել իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը զոհաբերած հերոս նահատակների շիրիմներին։ Այնուհետև Քաջարանի մշակույթի տան դահլիճում կայացել է ՀՀ քննչական կոմիտեի 10–ամյակին նվիրված արտագնա հանդիսավոր նիստ, որին մասնակցել են նաև ՀՀ Սյունիքի մարզպետը, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, Հատուկ բանակային կորպուսի հրամանատարը, գործընկեր իրավապահ մարմինների՝ դատախազության, ԱԱԾ–ի, ՆԳՆ ոստիկանության, ՊՆ ռազմական ոստիկանության մարզային ստորաբաժանումների ղեկավարները, Քաջարան համայնքի ղեկավարը։ Նիստի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։  Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին և ներկաներին շնորհավորելով Կոմիտեի կազմավորման 10–ամյակի կապակցությամբ՝ Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է Կոմիտեի ձևավորման պատմաքաղաքական նախադրյալները և հետապնդած նպատակները։ Կոմիտեի նախագահն արժևորել է հատկապես զինված ուժերում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերին սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրան հաջորդած ագրեսիայի դեպքերի քննության հարցում ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչության ունեցած ահռելի և անուրանալի ներդրումը՝ փաստելով դրանք կոնկրետ որակական ցուցանիշների վկայակոչմամբ։ «Այսօր կարող ենք արձանագրել, որ իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքներով, բոլոր ուղղություններով, պարզվել են ծավալված մարտական գործողությունների հիմնական փաստական և արարքներին իրավական գնահատական տալու համար անհրաժեշտ բոլոր էական հանգամանքները, և նախաքննությունը մոտենում է ավարտական փուլին»,–իր ելույթում նշել է Արգիշտի Քյարամյանը: ՀՀ ՔԿ նախագահը նաև անդրադարձել է համակարգի զարգացման ու հզորացման ուղղությամբ Կոմիտեի ղեկավարության կողմից վարվող քաղաքականությանն ու ակնկալիքներին՝ նշելով, որ հետևողական աշխատանք է տարվում՝ համակարգի նախաքննական լիազորություններ իրականացնող բոլոր մարմիններում նախաքննության կազմակերպման և իրականացման սկզբունքները, նախաքննության պլանավորման մեթոդներն ու ձևերը միասնականացնելու, քննչական ստորաբաժանումների կենտրոնացված ղեկավարումն ուժեղացնելու, Կոմիտեի կառուցվածքը կատարելագործելու և քննչական մարմինների գործունեության համակարգման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Շնորհավորական խոսքով հանդես է եկել նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԶՔԳ վարչության պետ Արման Ասլանյանը։ Նա անդրադարձել է ՔԿ ԶՔԳ վարչության գործունեությանը, զինված ուժերի ստորաբաժանումների հետ համագործակցության արդյունավետությանը՝ ընդգծելով, որ վարչությունը միշտ կանգնած է զինված ուժերի կողքին՝ ներքին կարգապահության և դրանով իսկ մարտունակության ամրապնդմանը նպաստելու ճանապարհին։ Կոմիտեի հոբելյանի առթիվ շնորհավորական ելույթներ են ունեցել նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ԶՈՒ հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։ Հանդիսավոր նիստի ընթացքում, ՀՀ քննչական կոմիտեի 10–ամյակի կապակցությամբ, ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը համագործակցության և արդյունավետ գործունեության, բարեխիղճ ծառայության համար տարբեր պարգևների է արժանացրել ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյուզալյանին, ՀՀ ԶՈՒ մի շարք սպաների և զինծառայողների։  Տոնական միջոցառումները համերգային գեղեցիկ կատարումներով եզրափակել են Քաջարանի մշակույթի տան սաները։ 
19:41 - 31 մայիսի, 2024