Պատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համարում
19:10 - 26 սեպտեմբերի, 2024

Պատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համարում

2020թ․ 44-օրյա պատերազմից անցել է չորս տարի, սակայն մինչ օրս հայկական կողմի զոհերի մասին ամբողջական տվյալներ չկան։ Թեեւ նախորդ տարիներին տարբեր պաշտոնյաներ հնչեցրել են թվեր, սակայն ՀՀ քննչական կոմիտեն այդ տեղեկությունը պաշտոնապես համարում է նախաքննական գաղտնիք։

Քանի՞ զոհ է ունեցել հայկական կողմը պատերազնի ընթացքում, նրանցից քանի՞սն է եղել ՀՀ ԶՈՒ կամ Արցախի ՊԲ զինծառայող, քանի՞սն է եղել պահեստազորային, քանի՞սը՝ կամավորական, քանի՞սը՝ խաղաղ բնակիչ․ ահա այս եւ մի շարք այլ հարցերով սեպտեմբերի 16-ին դիմել ենք Քննչական կոմիտե, որը մերժել է տեղեկության տրամադրումը՝ հղում անելով Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին հոդվածին։

Քննչական կոմիտեն նշել է միայն, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում շարունակվում է քրեական վարույթի նախաքննությունը, որը նախաձեռնվել է հետեւյալ հոդվածներով՝

- Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ագրեսիվ պատերազմ սանձազերծելը եւ վարելը, 

- ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելը, 

- պատերազմ վարելու արգելված մեթոդներ եւ միջոցներ կիրառելը,

- քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելը եւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված եւ նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելը, մասնավորապես՝ խոր թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման թիրախներ դարձնելը եւ հրետակոծելը, 

- միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելը, 

- ահաբեկչությունը, ահաբեկչության ֆինանսավորումը, միջազգային ահաբեկչությունը:

Հայկական կողմը՝ ՀՀ ՊՆ-ն եւ Արցախի ՊԲ-ն, 44-օրյա պատերազմի ընթացքում պարբերաբար ներկայացնում էին զոհերի տվյալները։ 2020թ․ դեկտեմբերի վերջից զոհերի ցուցակներ սկսեցին չհրապարակվել։ Հետագայում ինչպես Քննչական կոմիտեն, այնպես էլ տարբեր պաշտոնյաներ, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ ընդհանրական տվյալներ հաղորդեցին։

Օրինակ՝ 2021թ․ մարտի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հայկական կողմը պաշտոնապես հաստատված 3250 զոհ ունի: Այդ օրը նա ասաց, որ անհետ կորածների բավականին մեծ ցուցակ կա, որը ճշգրտման կարիք ունի։ Միաժամանակ պնդեց, որ զոհերի թիվը 4000-ից չի անցնի: 

Ամփոփ տվյալներ էր հայտնում նաեւ Քննչական կոմիտեն։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին ՔԿ-ն հրապարակել էր 3781 թիվը եւ նշել, որ այդ օրվա դրությամբ անհայտ է 231 զինծառայողի եւ 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

2022թ․ հունվարի 19-ին ՔԿ-ն հրապարակել էր զոհերի 3809 թիվը։ Այդ հաղորդագրության էջը ՔԿ պաշտոնական կայքից հեռացված է։

2022թ․ մարտի 21-ին ՔԿ-ն հայտարարել է, որ զոհերի թիվը 3822 է։ Դրանից մեկ ամիս անց՝ ապրիլի 13-ին, Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ հայկական կողմի զոհերի թիվը 3825 է։ Սա զոհերի ամփոփ թվի վերաբերյալ, ըստ էության, վերջին հայտարարությունն է եղել։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 483-րդ հոդվածի համաձայն՝ քրեական վարույթի տվյալներն առանց իրավասու մարմնի թույլտվության հրապարակելը համարվում է հանցանք։ Հարց է ծագում՝ եթե Նիկոլ Փաշինյանը կամ այլ պաշտոնատար անձինք ունեցել են վարութային տվյալներ հայտնելու թույլտվություն, ապա ինչո՞ւ քննչական մարմինն առնվազն այդ նույն տեղեկությունը չի տրամադրվում լրատվամիջոցին։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը չի ունեցել իրավասու մարմնի թույլտվությունը, ապա ինչո՞ւ այդ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող անձանց թվին, ապա այս մասին վերջին անգամ խոսել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ այս տարվա հունվարի 4-ին։ Այդ պահի դրությամբ, ըստ Քյարամյանի հայտնած տվյալների, Ադրբեջանում 23 անձ է պահվում, որոնցից 17-ը 2023թ․ ագրեսիայի ընթացքում են գերեվարվել։ Քյարամյանն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ առկա են փաստական տվյալներ։ Ադրբեջանը հաստատում է 23 պահվող անձանց հանգամանքը, 32 անձի բռնի անհետացման մասին հայտարարությունը՝ հերքում։

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը նաեւ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթների վերաբերյալ է հայտնել որոշ տվյալներ․ 2024թ․ հունվարի դրությամբ, ըստ Քյարամյանի, դատարան է ուղարկվել 422 անձի վերաբերյալ քրեական գործ, որոնցից 99-ը սպաներ են։

Այժմ դատարաններում քննվում են մի շարք գործեր, որոնք առնչվում են 44-օրյա պատերազմի հանգամանքներին։ Այդ գործերը վերաբերում են նաեւ զինծառայողների զոհվելու դեպքերին։ 

Այդ գործերի մասին կարող եք կարդալ «Ինֆոքոմում»՝ 1, 2, 3, 4, 5, 6 հղումներով։

Լուսանկարը՝ ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջից, 44-օրյա պատերազմից

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել