Բերդավանյան Ջանգյուլումը՝ Գուսանահովտում. վիճակ, հաջող գյուլում, խարույկ, Վարդավառ ու երգ ու պար
«Վայ ինձ մի ջրեք, էլի, ես լրագրող եմ»-ը բերդավանցիների մոտ Վարդավառի օրը «եղանակ փոխող» արտահայտություն չէ։ Եթե գալիս ես նրանց հետ սարում Ջանգյուլում ու Վարդավառ տոնելու, ապա պիտի քեզ իսկական բերդավանցի զգաս, իսկ եթե բարբառային բառեր էլ գիտես, ապա նրանք էլ քեզ իրենցից մեկը կհամարեն։ Իմ բախտն այս հարցում բերել է, ես Բերդավանի բարբառը մեծ հաշվով հասկանում եմ, հետն էլ՝ քիչ-միչ խոսում, ու դրա արդյունքը, թույլ տվեք ասել, տեսա այսօր, երբ այս գյուղից իմ զրուցակիցներից մեկն ինձ տեսնելիս հեռվից կանչեց՝ «վի՜, էս մեր Հայարփին չի՞, արի աղջիկ ջե՜ն»։
Բերդավանցիները հուլիսի 23-24-ին Ջանգյուլում փառատոնն էին կազմակերպել։ Այս տարի տոնը համընկել էր եկեղեցական Համբարձման տոնի հետ, բայց Շահրիգյոլ (Գուսանահովիտ) կոչվող չքնաղ հովտում ինձ տոնը, մեկ է, հեթանոսական սիրուն ծես էր հիշեցնում։ Ընդարձակ դաշտում մարդիկ, որոնց մի մասը մենակ էր եկել, ինչպես ես, մի մասը՝ ընտանիքներով, հարմար տեղավորվում էին, ամեն մեկն իր անկյունը գտնում։
Ոմանք միանգամից իրենց համար վրաններ էին ընտրում, որոնք նախապես սիրուն բացազատել էին «Բերդավան» հիմնադրամի աշխատակիցները։ Մինչ միջոցառման մեկնարկը հյուրերն իրենց զբաղմունքները գտել էին միանգամից։ Մի խումբ բատմինտոն էր խաղում, մյուսը՝ վոլեյբոլ, երեխաները վազվզում էին դաշտում, ուրիշները՝ ուղղակի վայելում արեւը։
Հետո արդեն միջոցառումը սկսվեց՝ ազգագրական երգ ու պարով՝ «Սասնա ծռեր» համույթի կատարմամբ։ Նրանք պարի ու երաժշտության հնչյուններին, տեսնեմ, չդիմացան ոչ միայն Երեւանից եկած հյուրերը, այլեւ մի չին երիտասարդ՝ Բեյը, որի ակտիվությունը նկատելով՝ նրա ձեռքերից բռնեցին բերդավանցիները ու մի քանի շարժում սովորեցնելով՝ սկսեցին միասին պարել։
Բեյը ճանապարհորդ է, նրա ընկերները գնացել են Իրան ու Վրաստան, բայց ինքը նախընտրել է գալ Հայաստան, քանի որ այստեղի մշակույթը հոգեհարազատ է համարում։ Նա գիտի, որ Հայաստանը համարվում է քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրը, ինքն էլ քրիստոնյա է, ու շատ է հետաքրքրված մեր պատմամշակութային կոթողներով։ Բեյը մեր զրույցում ասաց, որ անհամբեր սպասում է դեպի Մշկավանք քայլարշավին, որ ավելի ուշ կազմակերպվելու էր միջոցառման շրջանակում։ Քիչ անց աչքիս ընկավ, որ Բեյն արդեն ինքն է նախաձեռնում պարը՝ արագ սերտելով շարժումները։
Բեյը
Խոտի տուկերով օղակ սարքած՝ մարդիկ նստած լսում էին օրվա խորհրդի վերաբերյալ պատմություններ, նայում փոքրիկ ներկայացումներ, երգում երգեր ու խաղիկներ կարդում։
Համբարձման տոնը ժողովրդի շրջանում հայտնի է նաեւ որպես վիճակ։ Իսկ տոնի էությունն այն է, որ Համբարձման տոնից մեկ օր առաջ աղջիկները յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար են հավաքում, դաշտերից ու այգիներից ծաղիկներ քաղում եւ փնջեր կապում: Աղբյուրներից հավաքած ջուրը կուլայի մեջ են լցնում, յուրաքանչյուրը մի իր է գցում դրա մեջ, հետո կուլան ծաղկեփնջերի հետ թաքցնում են, որ տղաները չգողանան: Հետո վիճակով հարս են ընտրում, իսկ տղաները պիտի մինչեւ լուսաբաց գտնեն՝ թե ով է նա։ Հարսն, ի դեպ, իրավունք չունի խոսել տղաների հետ։ Ասում են՝ եթե տղաները մինչեւ հաջորդ օրը հարսին բացահայտում են, գյուլումը վատ է գնում։ Տարբեր շրջաններում այս տոնը տարբեր կերպ են նշում։
Ջանգյուլում փառատոնի ժամանակ, ուրեմն, աղջիկները գնացին դաշտերից ծաղիկներ հավաքելու, տղաները աղբյուրներից ջուր բերելու։ Ընտրեցին հարսիկին, ընկերուհիներին էլ հրահանգեցին՝ չխոսկան լինել, տղաների հարցերին չպատասխանել, որ նրանք խառնվեն, հանկարծ ու հեշտ չգտնեն հարսիկին։
Մինչ ամեն մեկն իր փունջն էր սարքում, աղբրից ջուր բերում, ես զրուցեցի բերդավանցի մի տիկնոջ՝ Նվարդ Չիլինգարյանի հետ, որն ամենայն մանրամասնությամբ ու զգայականությամբ պատմեց՝ ինչպես էին նշում Ջանգյուլումն այն ժամանակ, երբ ինքը դեռ փոքրիկ աղջնակ էր։
Նվարդ Չիլինգարյանը
Ջանգյուլումը միշտ նշում էին սարում։ Երեխաները հավաքվում, գնում էին տատ ու պապերի մոտ՝ սար, ու այնտեղ լուրջ ջանասիրությամբ պատրաստվում միջոցառմանը։ Ջանգյուլումն ու Վարդավառը այս կողմերում նույնիսկ Ամանորից մեծ շուքով են նշվում։ Այդ օրը գյուղացիները պարտադիր սար էին բարձրանում։ Երեխաները հավաքվում, ընկնում էին դաշտերով, աստղածաղիկներ հավաքում, որ հետո թաթախեն յոթ աղբյուրներից հավաքած ջրի մեջ ու հաջորդ առավոտյան դրանցով «ծեծեն» դագաներում՝ հյուղակներում քնած հյուրերին ու արթնացնեն։ Ասում են՝ ծաղիկներով այդ «ծեծը» մարդկանց սարին սովորեցնելու մի հետաքրքիր արարողություն էր։ Տիկին Նվարդն ասաց՝ այդ յոթ թիվն, իհարկե, խորհրդանշական է եղել․ «Օրհնանքների ու անեծքների մեջ յոթը շատ է, չէ՞, հանդիպում․ յոթ պորտով չորանաս կամ յոթ զավակ ունենաս, դրա համար յոթ տեսակ ծաղիկ, յոթ աղբյուրից ջուր, մի հարս՝ վեց ընկերուհիներով»,- պատմեց զրուցակիցս։
Հետո արդեն կժերի մեջ ջահելներն իրենց իրերն էին լցնում, որ հարսին տղաների չգտնելուց հետո վիճակ անեն, տեսնեն՝ որ իրի տիրոջն ինչ գյուլում է ընկնում։ Առաջին գյուլումն ում ընկնում էր, ինքն այդ տարի բախտավորվում էր․
«Լամփի շուշի ծլնգոցը,գլորվիմ, ընկնիմ յարիս ծոցը»,- պատմելու ընթացքում այսպես մի խաղիկ կարդաց Նվարդը՝ նկատելով, որ սարերում օգտագործվող այդ հին լամպերից ընդհանրապես ծնգոց-զնգոց չի գալիս, բայց խաղիկ ստեղծողները հանգեր բռնելու համար այդպես են գրել։
Հետո, երբ տղաները հարսին ու կուժը չէին գտնում, առավոտյան գյուլումի արարողության ժամանակ հարսն ինքը բացահայտվում էր։ Այդպես եղավ նաեւ երեկ Բերդավանում։ Գիշերը վրանում շատ ցուրտ էր, քնել չէր լինում, դրա համար որոշեցի գնալ խարույկի մոտ հավաքված մարդկանց մոտ, որոնց խոսակցությունը քամու հետ գալիս էր դեպի իմ վրան։ Մի բաժակ թեյով նստեցի խոտերին՝ լսելու՝ ինչ են խոսում։
Պարզվեց՝ արթունները դեռ քննարկում են՝ տեսնես ով կլինի հարսը։ Ու ժամը չորսի կողմերը մի տղա մոտեցավ ու բարձր ասաց՝ «հարսին պալիտ եմ արել»։ Չգիտես ինչու՝ մի տեսակ այլայլվեցի, թե՝ գյուլումը թարս չգնա։ Հարցրի՝ բայց ի՞նչ իմացար՝ հարսն ինքն է։ Երիտասարդ այս տղան շատ ինքնավստահ ասաց, թե՝ հարց տվի, չպատասխանեց․ «Հարցրի՝ սուրճ կխմե՞ք, ձեն չհանեց, սենց մի տեսակ գլուխը կախեց, հաստատ ինքն ա»։ Կողքից մի տղամարդ, թե՝ ես էլ եմ մտածում՝ ինքն ա։
Այդպես մինչեւ առավոտ նստեցին, նայեցին այդ աղջնակին, որ խարույկի կողքին ննջել էր։ Իսկ առավոտյան, երբ արդեն բոլորն արթնացել էին ու սկսել գյուլումի արարողությունը, հարսը բացահայտվեց․ ուրիշ մի աղջիկ էր՝ Ժաննան։
«Դե հանի՛ր, ա՛ղջի,
Վիճակն ի բարին,
Երգերով գովենք
Էն իգիթ յարին»։
Այսպես, խաղիկ-տաղիկներով հարսիկը հերթով հանեց ջահելների իրերն ու գյուլումները։ Հենց առաջին գյուլումն էլ իր ընկերուհուն ընկավ, մեկն էլ՝ ինձ։ Լրագրողական իմ բեյջի հետ դուրս եկավ սա․
«Թուր ու թվանք թամքումը
Ջուխտ աղունակ վանքումը,
Մեռնեմ սիրածս յարին,
Ինքը քաղքի ճամփումը»։
Երգ ու պարից, խորովածի հյուրասիրւթյունից հետո էլ եկավ ամենասպասված պահը՝ վարդավառյան ջրոցին։
Ջրով բեռնված մեծ մեքենան եկավ կանգնեց հովտում՝ ծառի տակ, ու բոլորը դույլերով, շշերով վազեցին այդ կողմ։
Բոլորն իրար ջրեցին, ով ջուր չուներ, մյուսն իր դույլից կիսեց, այդպես ուրախ, երգ ու պարով անցավ բերդավանյան Ջանգյուլումը։
Իսկ միջոցառումից գոյացած ողջ գումարը «Բերդավան» հիմնադրամը կուղղի գյուղի միջնակարգ դպրոցի միջանցքների վերանորոգմանը։
Հայարփի Բաղդասարյան
15:46 - 27 հուլիսի, 2022