Կողբ․ «բոլորին ղեկավարող կադրերի» ու անտառի գյուղը [մարzoom]
00:51 - 16 հուլիսի, 2022

Կողբ․ «բոլորին ղեկավարող կադրերի» ու անտառի գյուղը [մարzoom]

«Անտառնի՜ն»,- ամեն կողբացի այսպես ձգելով պատասխանում է այն հարցին, թե ինչն է ամենից լավը իրենց բնակավայրում։ Անտառներից հետո, իհարկե, թվարկումը երկար է ձգվում․ «Մեր հողը, ջուրը, մեր տեսարժան վայրերը, մեր մարդիկ․․․»,- ասում են ինձ պատահած անցորդները, որոնք, պարզվում է, մեկը մյուսից ինքնամփոփ են ու այնքան էլ նկարվել չեն սիրում։ Պատրաստ են օգնել ինչով կարող են, բայց հրապարակային խոսելն իրենց սրտով չէ։ Կողբ այցիս առաջին ժամերին մտածում եմ՝ դեռ կոթեցիներին են ասում բարդ հասարակություն, աչքիս՝ Կողբում չեն եղել։ Բայց, ինչպես այս կյանքում շատ այլ բաներ, այնպես էլ տարածաշրջանում ապրողների բնավորությունները միանշանակ ու նույնատիպ չեն, մարդիկ տարբեր են՝ ինչքան էլ տարիներով իրար հետ ապրելով բնավորության նմանություններ ունենան։ 

Կողբը Նոյեմբերյանի ամենաակտիվ բնակավայրերից է։ Եւ թեեւ ես նախկինում այս գյուղում չեմ եղել, բայց ինչ-որ արտասովոր աշխուժություն եմ զգում գյուղամիջում, որին գյուղամեջ ասելն այնքան էլ չի ստացվում, այլ ավելի նման է փոքրիկ քաղաքային հրապարակի։ Բնակավայրի կենտրոնական փողոցում նստարանին նստած է Մարտուն պապը։ Հարցնում եմ՝ մի՞շտ է գյուղն այսքան ակտիվ շարժի մեջ, պապն ասում է՝ սա կապված է վաղվա միջոցառման հետ, վաղը Կողբում մեծ վարդավառ են նշում։ Բայց Կողբում վարդավառը, պարզվում է, միայն վաղը չեն նշում, մի անգամ էլ հուլիսի 24-ին են տոնելու, բայց արդեն ամեն մեկն իր ընտանիքի հետ, ոչ թե այսպես՝ ամբողջ գյուղով ու հյուրերով։ Մարտուն պապն ասում է՝ վաղը տարբեր միջոցառումներ են լինելու, համերգ, եւ այլն․ «Ի՞նչ թվարկեմ, քյանդրբազ էլ ա լինելու, քյանդրբազը գիտե՞ս որն ա»,- հարցնում է ինձ, ճշտում եմ՝ կարող է՞ լարախաղացն է, ու ճիշտ էլ գուշակում եմ։ 

Մարտուն պապին հարցնում եմ՝ Կողբը լա՞վ տեղ է, ապրելո՞ւ տեղ է, նա միանշանակ այո է պատասխանում․ «Բա իհարկե լավ տեղ ա, իրա ապրելաձեւով, դրվածքով, կողբացիք շատ խելացի մարդիկ են։ Ի՞նչ ա նշանակում Կ․Ո․Ղ․Բ․»,- հարցնում է ինձ, իսկ ես զարմանում եմ, որովհետեւ առաջին անգամ եմ լսում, որ Կողբ անունը հապավում է։ Պապը դասատուի հայացքով բացատրում է․ «Ուրեմն՝ կադրեր, որոնք ղեկավարում են բոլորին»։

1941-45թթ․ զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր

Ծիծաղելով հաջողություն եմ մաղթում պապին ու գնում դեպի փողոցի մյուս ծայրը, որտեղ տաքսի ծառայություն է։ Տիկնայք, որոնք այստեղ աշխատում են, շատ համեստն են ու նրանցից եւս մի կադր պոկել չի հաջողվում, բայց զրույցներից որոշ հատվածներ գրի կառնեմ այստեղ։ 

Տիկնայք սիրում են իրենց գյուղը, դժգոհ չեն, միայն թե մտահոգություններ կան, որ ոչ բոլոր թաղամասերում կա ոռոգման ջուր, կոյուղու ցանց։ Ջրատարեր կան, որոնք կոյուղաջրերը դուրս են հանում ու լցնում Կողբաչայ կոչվող գետը, որը ամռան ամիսներին գրեթե ցամաքում է։ Միեւնույն ժամանակ, զրուցակիցներս չեն մոռանում շեշտել, որ կողբացիք խելացի, աշխատասեր մարդիկ են։ Ես, իհարկե, առիթը բաց չեմ թողնում հարցնել Կողբ-Բերդավան «հակամարտության» մասին։ Տիկնայք ծիծաղում են, ասում՝ դա արդեն լրիվ հումորի դաշտում է, ու երբ պետք լինի՝ կողբացին բերդավանցու կողքին կկանգնի, ու հակառակը։ Բայց այդ դեպքերը, ինչպես ես հասկացա, լրջագույն դեպքեր պիտի լինեն, ինչպես, օրինակ, եթե նոյեմբերյանցին փորձի նեղը գցել նրանցից որեւէ մեկին, մյուսն անպայման թիկունքին կկանգնի։ Համ էլ հիմա շատ-շատ բերդավանցիներ ու կողբացիներ են իրար խնամություն անում, ու թշնամանքի մասին խոսելն ուղղակի աբսուրդ կհնչի։ Ես էլ այս «կոնֆլիկտը չսրելու» համար իմ նյութերում ձեզ չեմ պատմի այն հումորները, որ իրար մասին հորինել են մեր հայրենակից հարեւանները։

Զանգ է գալիս տաքսի ծառայության հեռախոսին․
«- Տաքսի ծառայություն։

- ․․․։

- Հա։

- ․․․։

- Գալիս ա։

- ․․․։

- Սերվիսը։

- ․․․։

- Ո՞ւր տի գալ (ծիծաղում է), կարող ա՞ Լոնդոն։

- ․․․։

- Քեզ ո՞ւր ա պետք, Ղլաչե՞ն (Բերդավանը), թե՞ ձեր տուն։

- ․․․։

- Կացի լա տենամ ո՞վ գիդե Աղունանց տան տեղը։ Հա, Սաշիկն եկավ, նա կգիդենա»,- այսպես պատվիրատուի հետ խոսակցությունն ավարտում է ծառայության աշխատակիցն ու վարորդ Սաշիկին ուղարկում ճշտած ուղղությամբ պատվերը կատարելու։

Իսկ ես շարունակում եմ քայլել գյուղի փողոցներով, որոնցով անընդհատ մեքենաներ են գնում-գալիս։ Բայց պատահում են նաեւ երիտասարդներ, որոնք զբոսնում են։ Ինձ ընդառաջ են գալիս երկու ընկերուհիներ՝ Թամարան ու Աշան, որոնք տուն են գնում Կողբի մշակույթի տնից, որտեղ պատրաստվում էին վաղվա միջոցառումներին։ ։

Թամարան եւ Աշան

Թամարա Գալստյանը 11-րդ դասարան է փոխադրվել։ Նա ուզում է լեզուների մասնագետ դառնալ, այս պահին ամենից շատ անգլերենն է սիրում, հետո պատրաստվում է եւս մեկ լեզու սովորել։ Իսկ Աշա Եղիազարյանը 12-րդ դասարանում է սովորում։ Սկզբում նա ուզել է լուսանկարիչ դառնալ, իսկ հիմա մտափոխվել է, ուզում է հագուստի մոդելավորող դառնալ։ 

Ճամփեզրին մի տղամարդ միրգ ու բանջարեղեն է վաճառում։ Վարուժն է, նա քչախոս մարդ է։ Ասում է առեւտուրը վատ չէ, միայն եթե «նիսյա» չլիներ, ավելի լավ կլիներ։ Սակավախոս զրուցակիցս կարճ ու կոնկրետ ասում է՝ Կողբը լավ տեղ է, մարդն իր գյուղը ո՞նց չի սիրի։

Վարուժը

Իսկ նրանից քիչ հեռու խելոք նստած են իր թոռնիկները՝ ութամյա Մարին, որն ուզում է բժշկուհի դառնալ, որ իր մյուս պապիկին բուժի, եւ երկուամյա Լյուսին, որը նոր-նոր պատրաստվում է մանկապարտեզ գնալ։ Ինչ հարց տաս՝ ասում է «հա», պապն էլ կողքից կատակում է՝ ինչ ուզես իմանալ, երեխեքից կիմանաս։

Մարին եւ Լյուսին

Բայց քանի որ երեխեքը հիմա դժվար թե գյուղի նիստ ու կացից շատ պատմեն, ես շարունակում եմ իմ զբոսանքը։ Գյուղամեջից մի քիչ այն կողմ եռուզեռ համարյա թե չկա։ Բակերում ոչ մեկը չի երեւում, ես էլ սկսում եմ նկարել շուրջս, ու մի մեքենա է գալիս-կանգնում իմ կողքի դարպասի մոտ։ Մի քանի վայրկյան ինչ-որ բան են խոսում վարորդն ու կողքին նստած կինը ու բացում դուռը։ «Բարեւ ձեզ»,- ասում եմ,- «չե՞մ խանգարի, եթե մի քիչ ժամանակ խլեմ ձեզնից»։ Միաձայն ասում են՝ «չէ, աղջիկ ջեն, ի՞նչ խանգարել, արի ներս գնանք»։ Ամուսիններ են՝ տիկին Օֆիկն ու պարոն Ալբերտը։ Արդեն 45 տարի է՝ միասին են։ Նրանց գործողությունները համաչափ են, սինխրոն։ Տիկին Օֆիկն ինձ առաջարկում է զբոսնել իրենց այգում, մինչեւ արագ վերջացնեն գործերը, գան զրուցենք։ Բայց ես մի ընթացք չեմ կտրվում նրանց շարժումներից, որ լրացնում են մեկը մյուսին։ Առանց իրար որեւէ բառ ասելու՝ մեկը մի գործ է անում, մյուսը՝ ուրիշ․ տոպրակով հացը բերում է կինը, ձմերուկները ձեռքերին՝ ամուսինը, լիմոնադը, մրգոտ մի ճյուղ։

Պարոն Ալբերտը

Բերում դասավորում են, ու տիկին Օֆիկը ձայնում է պատշգամբից՝ տեսա՞ր՝ ինչ մրգեր ունենք։ Գլուխս բարձրացնում եմ, տեսնեմ՝ բանանի ծառ, մյուս կողմս՝ կիվի։ Ամուսինները երկար են մշակել այս այգին, տուն ու տեղ են դրել։

Նոր էլ իրենց մեղուների մոտից են գալիս․ 23-24 փեթակ ունեն։ Տիկին Օֆիկն իր սկեսրոջից է սովորել մեղու պահելը։ Նա ձմերուկ է կտրատում, գալիս նստում զրուցարանում․

«Կողբը շատ լավ տեղ ա, տեսարժան վայրերը՝ շատ, բնությունը՝ լավը, լիքը աղբյուրներով, ման գալու տեղեր։ Սրբասար ունինք՝ մի արտակարգ տեղ ա»,- հավեսով գովում է տիկին Օֆիկը։ Ասում է՝ աշխատանք լինի, ամեն ինչ էլ լավ կլինի․ «Ով աշխատում ա, նա գտնում ա, աշխատողը երբեք չի սովում»։

Այս ընթացքում պարոն Ալբերտը լիմոնադ է բերում։ Նա գալիս է խոսակցության այն պահին, երբ ես էլի Բերդավան-Կողբ թեման եմ բացել։ Տիկին Օֆիկը շեշտում է՝ Կողբում հարսին շատ են տեղ տալիս։ «Հա՞»,- զարմացած հարցնում եմ, ու պարոն Ալբերտը միանգամից դիմում է տիկնոջը, թե՝ «դու որ հմի չասես՝ հա, չի՞ տեսնում՝ ոնց ես դու նստած զրից անում, ես էլ սեղան եմ դնում»։ Ծիծաղում են ամուսինները ու ուրախանում նաեւ, որ ես լա՜վ տեղյակ եմ հարեւան բնակավայրերի կատակներից։ 

Բայց խոսում ենք նաեւ Կողբի խնդիրներից։ Կոյուղու ցանց չլինելու մասին եմ հարցնում։ Հյուրընկալներս ասում են՝ նման խնդիր կա, բայց որոշ թաղամասերում հարցը լուծված է։ Սա, իհարկե, դժվարացնում է կյանքը, բայց հույս ունեն՝ ամեն տեղ կլուծվի խնդիրը։ Ոռոգման ջրից նրանք դժգոհություն չունեն․ իրենց այգին ոռոգում են Բերթաղ սարի տակից եկող աղբյուրի ջրով․ այգում հոր ունեն, ջուրը այդ հորում է հավաքվում։ Սառնորակ ու համեղ ջուր է։

Մեզ է միանում տիկին Օֆիկի հարեւանուհին՝ Վալյան։ Ասում են՝ ամեն օր անպայման միասին մի բաժակ սուրճ պիտի խմեն։ Վալյան էլ բուժքույր է աշխատում, ինքն է տնտեսությամբ զբաղվող Օֆիկին պատմում դրսի անցուդարձը։ 

Տիկին Օֆիկը, պարոն Ալբերտն ու տիկին Վալյան

Հետո Վալյան առաջարկում է մի հատ էլ իրենց տունը նկարեմ, պարզվում է՝ ես այն անցնելիս արդեն նկարել եմ։ Օֆիկին էլ ասում է՝ գնա, տեսնի՝ ոնց են սարքում իրենց բակը ինքն ու ամուսինը՝ Սարիբեկը։ 

Օֆիկն ինքնըստինքյան բռնում է Վալյայի ձեռքը ու նրանք միասին քայլում են կողքի տուն։ Ալբերտն էլ իրենց դարպասի մոտից ինձ հաջող է անում։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել