Սեւան

Սեւանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Հայտնի ձկնատեսակը իշխանն է։ Սեւանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։

Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձեւավորում են հանրապետության ամենամեծ՝ Սեւան-Հրազդան կասկադը։1978 թվականին ստեղծվել է Սեւան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սեւան ջրատարը։

Ինչո՞ւ է կանաչում Սևանա լիճը, և ինչ քայլեր են ձեռնարկվում խնդրի լուծման ուղղությամբ. պարզաբանում է ՇՄ նախարարությունը

Ինչո՞ւ է կանաչում Սևանա լիճը, և ինչ քայլեր են ձեռնարկվում խնդրի լուծման ուղղությամբ. պարզաբանում է ՇՄ նախարարությունը

Ինչո՞ւ է կանաչում Սևանա լիճը, և ինչ քայլեր են ձեռնարկվում հիմնախնդրի լուծման ուղղությամբ: Այս մասին պարզաբանում է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը, որը ներկայացնում ենք ստորեւ. «Հարգելի քաղաքացիներ, Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։ Սևանա լճում ջրիմուռների (նաև ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է հետևյալ գործոններով. - ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակություն, որը ծառայում է որպես սննդանյութ, - Ջրի բարձր ջերմաստիճան, - Լույսի բավականին մեծ ինտենսիվություն - Լճի մակարդակի իջեցման հետևանքով Փոքր Սևանում հիպոլիմնիումի շերտի կրճատում, իսկ Մեծ Սևանում՝ վերացում։ Հիպոլիմնիումի շերտի կրճատման և բացակայության հետևանքով հատակային շերտից տեղի է ունենում ֆոսֆորի ինտենսիվ անցում ջրաշերտ։ Սևանա լճում ֆոսֆորի կոնցենտրացիան շարունակում է աճել, որովհետեւ լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետևանքով առաջացած կեղտաջրերով բերվող կենսանյութերով: Կեղտաջրերի մուտքը լիճ տեղի է ունենում հետևյալ հիմնական աղբյուրներից. - կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրեր` այդ թվում ափամերձ հանգստյան գոտիների կեղտաջրերը, - գյուղատնտեսություն և անասնապահություն, - ջրածածկ բուսական տարածքներ, - ցանցավանդակային ձկնաբուծություն, - կոյուղատարին չմիացած սեպտիկ հորեր, Ներկա պահին Սևանա լիճը գտնվում է ինտեսիվ ծաղկամն փուլում, լիճը ըստ տրոֆիկ վիճակի համապատասխանում է մեզոտրոֆիկ վիճակին։ Լճի ինտենսիվ ծաղկման հետևանքվ ֆոսֆատի կոնցենտրացիան նվազում է։ Հունիս ամսվա համեմատությամբ հուլիսի 15-ին ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան նվազել է մոտ 2 անգամ: Ինտեսիվորեն կենսազանգվածի կողմից ընթանում է ֆոսֆորի յուրացումը, և երբ ջրում ֆոսֆորի կոնցենտրացիան գրեթե հավասարվի զրոյի, պրոցեսը կավարտվի: Ըստ դիտարկումների, պրոցեսը կտևի 2-3 շաբաթ։ Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Սևանա լճի հատակամերձ շերտում դիտվել է 4-8մգ/լ տիրույթում: Մակերևութային և միջին շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից): Ջրի ջերմաստիճանը լճի հատակամերձ 60 մետր խորության շերտում 4°C է, սական 30 մ խորության շերտերում 5-6°C է, ինչը բարձր է և այդ բարձր ջերմային վիճակը նպաստում է, որ հատակային շերտը ևս մասնակցի ջրաշրջանառությանը: Ջրի թափանցիկություն դիտվել է 2-2,5 մ տիրույթում ինչը շատ ցածր է։ Հայտնում ենք, որ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և որպես դրա խաթարման հետևանքներից մեկի՝ կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը ձեռնարկում է մի շարք միջոցառումներ և քայլեր․ - Լճում սիգի արդյունագործական որսի կարգավորում - Ձկնապաշարի համալրում - Սևանի ջրավազանային կառավարման պլանի մշակում - Սևանա լճի ջրի նորմերի հաստատում  (Կառավարության 2021 թվականի հուլիսի 22- ի N1211-Ն որոշում) - Սևանա լճի ափին ապօրինի և ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժում - Ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում  անտառմաքրման աշխատանքներ - Աղբահանության և աղբի տեղափոխման խնդրի կարգավորում - «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի իրականացում, որի իրականացման արդյունքում ՇՄՆ կողմից կարևորվել են հետևյալ 5 արդյունքների գրանցումը՝ 1) Սևանա լճի մոնիթորինգի համակարգի բարելավում վերազինում, 2) էկոհամակարգի համար բարենպաստ և ջրախնա հողօգտագործման ու մշակման փորձառությունների իրականացման համար կարողությունների բարելավում 3) կոյուղաջրերի մշակման, ներառյալ բնական լուծումների կարողությունների բարելավում 4) Սևանա լճի պաշտպանության համար իրազեկումն ու տեղեկատվության հասանելիության բարձրացում՝ ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում 5) Սևանա լճի էկոհամակարգի կառավարման համակարգի բարելավում։ Մասնավորապես կոյուղաջրերի կառավարման ուղղությամբ նախատեսվում է իրականացնել Գավառի մեխանիկական մաքրման կայանի վերազինում, ինչպես նաև Սևանա լճի ավազանի Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և համատեղ մաքրման համակարգի ստեղծում։ Հարգելի քաղաքացինե՛ր, մենք մեր քայլերով պետք է հետևողականորեն հասնենք Սևանա լճի էկոհամակարգի համար սպառնալիք հանդիսացող մարդածին գործոնների, ու որպես դրանց ածանցյալ՝ բնական երևույթների աստիճանական նվազեցմանն ու իսպառ բացառմանը։ Համատեղ ջանքերով վերականգնենք մեր ազգային հարստություն՝ Սևանա լճի էկոհամակարգը և այսուհետ երաշխավորենք դրա անխաթարությունը՝ բոլորիս պատասխանատու և սրտացավ վերաբերմունքի ներքո։
13:03 - 19 հուլիսի, 2022
Սևանի համայնքապետը տուգանվել է 2 միլիոն դրամով

Սևանի համայնքապետը տուգանվել է 2 միլիոն դրամով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի կարգադրագրի հիման վրա Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինն ուսումնասիրություններ է կատարել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևանի մասնաճյուղի տարածքում։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ»-ի տարածքում գործող «Փարվանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ  քաղաքացի Գ․Գևորգյանի կողմից կառուցվել է ինքնակամ երկաթյա կոնստրուկտորներով տաղավար։ Իրավախախտման հայտնաբերման մասին Տեսչական մարմնի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ծանուցվել է համայնքի տարածքում ինքնակամ շինարարական աշխատանքների մասին, որին ի պատասխան ստացվել է գրություն, որ վարչական իրավախախտման փաստի կապակցությամբ ձեռնակվել են համապատասխան միջոցներ, ինչի արդյունքում Գ․ Գևորգյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 500․000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով։ Որոշ ժամանակ անց կազմակերպված կրկնակի ստուգումների արդյունքում Տեսչական մարմինը պարզել է, որ ինքնակամ շինարարական աշխատանքների հետևանքները ոչ միայն չեն վերացվել, այլև աշխատանքները շարունակվում են, ինչի մասին կրկնակի գրությամբ զգուշացվել է Սևանի համայնքապետը, սական ոչ մի պատասխան գրություն չի ստացվել։ ՔՏՀԱ տեսչական մարմինը՝ ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157․17-րդ հոդվածով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի նկատմամբ՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման կամ ապամոնտաժման մասին որոշում չկայացնելու կամ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի քանդման կամ ապամոնտաժման մասին որոշման կատարումը չապահովելու համար նշանակել է վարչական տույժ՝ տուգանք՝  2․000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով: Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին՝ ինքնակամ շինության ապամոնտաժման և տարածքը նախկին տեսքին վերադարձնելու վերաբերյալ պարտադիր կատարման ցուցում է տրվել։ Հայտնում ենք, որ համայնքի ղեկավարի կողմից իրեն վերապահված լիազորությունների սահմանում ինքնակամ կառույցի հետևանքները չվերացնելու դեպքում՝ Տեսչական մարմնի կողմից փաստը կդիտարակվի որպես անգործություն և համապատասխան հաղորդում կներկայացվի իրավասու մարմիններին։  
15:43 - 15 հուլիսի, 2022
Սևանի ճեմուղու ծրագիրը տեղից չի շարժվում
 |civilnet.am|

Սևանի ճեմուղու ծրագիրը տեղից չի շարժվում |civilnet.am|

civilnet.am: Ավելի քան չորս տարի առաջ հայտարարված Լճաշեն-Սևանի թերակղզի ճեմուղու նախագիծը դեռ քննարկման փուլում է։ Բնապահպանության նախարարության՝ դեռ 2018-ի սկզբին մշակած «Սևան» ազգային պարկի 2018-2023թթ. միջոցառումների ծրագրի մեջ ընդգրկվել էր Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցումը։ Մեկ տարի անց՝ 2019-ի հունվարին, Քաղաքաշինության կոմիտեն հայտարարել էր, որ կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի նախաձեռնությամբ նոր թափ է հաղորդվել նախորդ տարի մեկնարկած ծրագրին: 2019-ի նոյեմբերին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց Լճաշենից Սևանավանք ձգվող ճեմուղու նախագծման մասին։ «Առաջիկայում ունենալու ենք հմայիչ, բարեկարգ թերակղզի և նմանը չունեցող 10 կմ երկարությամբ ճեմուղի, որը կդառնա մեր երկրի այցեքարտերից մեկը»,- գրել էր նա։ Ըստ Սարգսյանի՝ ծովափնյա հետիոտն ճեմուղի պետք է սկսվի Մ-4 և Մ-10 մայրուղիների հատման կետից և ավարտվի Սևանավանքի մուտքի մոտ։ Ճեմուղու երկայնքով նախատեսվում է ստեղծել քոթեջներ, հյուրանոցներ, առևտրի, սպասարկման, սննդի օբյեկտներ, զբոսայգիներ, իսկ ճեմուղուն զուգահեռ նախատեսվում է ուենանալ հեծանվուղի։ Այս տարվա մարտի 4-ին էլ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ՝ պետական մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ խորհրդակցություն՝ ճեմուղու նախագծի և Սևանի հանրային լողափերի վերաբերյալ: Դեռ քննարկվում է Ճարտարապետ Ռազմիկ Բաբայանի «Արխիտոն» ընկերության հետ 2019-ի դեկտեմբերին Քաղաքաշինության կոմիտեն կնքել էր Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության մշակման աշխատանքների պայմանագիր, որն արժեցել է 43 մլն դրամ։ 2020-ի դեկտեմբերին կնքված երկրորդ համաձայնագրով կատարման ժամկետ էր սահմանվել 2021-ի մայիսի 15-ը։ Քաղաքաշինության կոմիտեից հայտնեցին, որ «Արխիտոնի» հետ կնքված պայմանագրով նախատեսված գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության մշակման աշխատանքներն իրականացվել են սահմանված կարգով հաստատված նախագծման առաջադրանքի դրույթներին, ծավալին և փուլերին համապատասխան և ներկայացվել են կոմիտե։ Վերջինս պետք է այն ներկայացնի ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը։ Ըստ Քաղշինկոմիտեի պատասխանի՝ Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության մշակման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Գեղարքունիքի մարզպետարանից հայտնեցին, որ միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա ներկայում նախագիծը լրամշակվում է։ Աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար նախագիծը պետք է անցնի նաև հանրային քննարկումներ: Ճեմուղու ծրագրի շուրջ առաջին հանրային քննարկումը եղել է 2020-ի նոյեմբերին՝ Սևանի քաղաքապետարանում։ Այդ հատվածում հողատարածքներ վարձակալած անձինք դեմ էին արտահայտվել ծրագրին, մասնավորապես, փոխհատուցմանը և հանգստի գոտիների ապամոնտաժմանը։ Մեկ այլ հանրային քննարկում տեղի է ունեցել այս տարվա մարտին։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Մարտիրոսյանը ասել էր, որ մասնակիցները, որոնք հիմնականում տնտեսվարողներ էին, մեծամասնությամբ դեմ էին ծրագրին։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
12:51 - 15 հուլիսի, 2022
«Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի տարածք այցելուների մուտքի նոր կարգ է սահմանվել

«Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի տարածք այցելուների մուտքի նոր կարգ է սահմանվել

Այսուհետ գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության նոր կարգ․ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։   Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավելի, քան 30 անձ։   Արգելոցի և արգելավայրի տարածքում թույլատրվում են`   բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.   սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջությունը.   ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.   տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը.   ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 քմ մակերեսով, առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում, առավելագույնը` 3 հատ.   կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումը.   Նորաշենի արգելոցի և արգելավայրի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունները:   Արգելվում են՝   մուտքը թռչունների ձվադրավայրեր (բացառությամբ գիտական ուսումնասիրությունների).   թռչունների ձվերի հավաքը.   թռչուններին անհանգստացնելը աղմուկով և այլ անհանգստություն առաջացնող գործունեությամբ (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն).   ճանաչողական զբոսաշրջության համար սահմանված երթուղիներից դուրս գտնվելը.   տարածքի աղտոտումը կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով.   խարույկ վառելը և այլ հրդեհածին գործունեությունը.   արգելոցի սահմանային սյուների, տեղեկատվական նշանների, ցանկապատների և ցուցանակների վնասումը:   Արգելոցի և արգելավայրի ջրային տարածքում արգելվում են`   ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.   ձկնորսությունը, որսորդությունը, խեցգետնի և ջրային այլ կենդանիների որսը.   շարժիչավոր ջրային տրանսպորտային միջոցների մուտքը արգելոցի ջրային տարածք` ափից մինչև 300 մ հեռավորությամբ, բացառությամբ արգելոցի կամ արգելավայրի պահպանության համար անհրաժեշտ դեպքերի.   ջրային տարածքի աղտոտումը։   ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր այցելուի մուտքը սահմանել 1500 ՀՀ դրամ, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 3000 ՀՀ դրամ:   Այցելությունների արդյունքում գոյացած գումարներն ուղղվելու են արգելոցի և արգելավայրի պահպանությանը»,- նշված է ՇՄՆ հաղորդագրության մեջ։
13:44 - 13 հուլիսի, 2022
Սևան է բացթողնվել իշխանի 2022 թվականի առաջին խմբաքանակը

Սևան է բացթողնվել իշխանի 2022 թվականի առաջին խմբաքանակը

Սևանա լիճ բաց է թողնվել շուրջ 15. 577 հատ Ամառային իշխանի և 150.000 հատ Գեղարքունի իշխանի մանրաձուկ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչները մարզում մասնակցել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակում   5.8 գրամ միջին քաշով շուրջ 15 հազար 577 հատ Ամառային իշխանի և 1.1 գրամ միջին չափով 150.000 հատ Գեղարքունի իշխանի  մանրաձկան հերթական խմբաքանակի՝ բացթողնման աշխատանքներին: Մանրաձկան  բացթողումն իրականացվել է Ծակքար և Կարճաղբյուր գետերում: Մանրաձկան բացթողնման աշխատանքներից առաջ նախարարի տեղակալը շրջել է Կարճաղբյուրի մանրաձկան գործարանի տարածքում, ծանոթացել առկա հզորություններին և  հիմնադրամի ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների հետ քննարկել ձկնապաշարների վերականգնմանը վերաբերող հարցեր։ Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։
17:29 - 13 հունիսի, 2022
Հաստատվել են 2022 թվականի Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակները. ընդունվում են հայտեր

Հաստատվել են 2022 թվականի Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակները. ընդունվում են հայտեր

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշմամբ հաստատված՝ որոշման հավելվածով հաստատվել է 2022 թվականի համար Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակները:   «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգի համաձայն՝   ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս.  ձկնորսական ուռկանները (ցանցերը) պետք է լինեն կապարակնքված, վնասված ոչ պիտանի ձկնորսական ուռկանների (ցանցերի) չօգտագործման դեպքում համապատասխան արձանագրության կազմում.  «սիգ» ձկնատեսակի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա. սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի). արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր). Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը: Սևանա լճում «սիգ» ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները կարող են մինչև ս.թ. ապրիլի 14-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ և դրա մասնաճյուղեր:
15:42 - 04 ապրիլի, 2022
Հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը

Հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը

Շրջակա միջավայրի նախարարությունը կթույլատրի 2022 թվականին իրականացնել Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս: Կառավարության որոշմամբ հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը։   Միջոցառման ապահովման նպատակով կազմվել է ծրագրի հավելված, որով սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2022 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը։   Իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը, ինչպես նաև ձկնորսության գործընթացները իրավական դաշտ բերելուն և լիազոր մարմնի հետ կնքած օգտագործման պայմանագրերի հիման վրա ձկնորսության գործընթաց իրականացնելուն, ինչպես նաև պարենային անվտանգության օբյեկտ հանդիսացող ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը:   Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը։   Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։
19:28 - 31 մարտի, 2022
Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մինչեւ մարտի 24-ը՝ ժամը 04:00-ն |armenpress.am|

Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մինչեւ մարտի 24-ը՝ ժամը 04:00-ն |armenpress.am|

armenpress.am: Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մարտի 23-ի կեսօրվանից մինչև մարտի 24-ի ժամը 04:00-ն։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մնացականյանը, բողոքի ակցիա իրականացնողների կողմից ճանապարհը բացվել է միայն իշխանության պատկան մարմինների հետ տեղի ունեցած բանակցություններից հետո։ «Պայմանավորվել ենք ՀՀ ազգային ժողովի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գեղարքունիքի մարզպետի հետ, որ մարտի 24-ի ժամը 14:00-ին մեզ մոտ հատուկ քննարկում է տեղի ունենալու նույն կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հուսով, եմ, որ կգտնվի որևէ հանգուցալուծում»,-ներկայացրեց Դավիթ Մնացականյանը։ Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները քվեարկության չեն մասնակցել՝ դրանով արտահայտելով իրենց անհամաձայնությունը համայնքների միավորման քաղաքականությանը և գործընթացներին։ Իսկ մարտի 23-ին նրանք իրականացրել են բողոքի ակցիա՝ երկկողմանի փակելով Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին։ Ճանապարհը փակ է մնացել մոտ 16 ժամ։
11:12 - 24 մարտի, 2022
Ամփոփվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով ուժեղացված հսկողության ծրագրի արդյունքները |armenpress.am|

Ամփոփվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով ուժեղացված հսկողության ծրագրի արդյունքները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի և մի շարք այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ամփոփվել են 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագրի արդյունքները։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին այս ամբողջ ընթացքում իրականացրած փոխկապակցված, ծավալուն և արդյունավետ աշխատանքի համար։ «Խիստ վերահսկողության միջոցառումների այս ծրագիրը ցույց տվեց, թե ինչպես պետք է միմյանց լրացնելով աշխատեն պետական գերատեսչությունները, որպեսզի ունենանք նկատելի արդյունք։ Միջոցառումների մեկնարկի սկզբում մեր առջև դրված գրեթե բոլոր թիրախներին հասել ենք՝ գրանցելով գոհացուցիչ արդյունք։ Եվ ինչն ամենակարևորն է ինձ համար, ակնառու է նաև խնդրին հասարակական վերաբերմունքի փոփոխությունը։ Ամբողջ ընթացքում թե՛ Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսները, և թե՛ շուկաներում սիգ փնտրող մեր քաղաքացիները կառուցողական վերաբերմունք են ցուցաբերել վերահսկողական միջոցառումներին։ Ցանկացած գործընթացի կայացման հիմնարար երաշխիքն առաջին հերթին հանրության շրջանում ունեցած աջակցությունն է»,-նշել է նախարարը։ Հակոբ Սիմիդյանը նաև անդրադարձել է միջոցառումների ընթացքում արձանագրված կազմակերպչական բնույթի խնդիրներին, որոնց շատ արագ տրվել են կարճատև լուծումներ և խոստացել, որ արդյունքների ամբողջական ամփոփումից ու որոշակի վերլուծություններից հետո կմշակվեն դրանց համակարգային լուծումների տարբերակները։ Այսպիսով՝ վերահսկողական միջոցառումների արդյունքում առգրավվել է 2667 հատ սիգ տեսակի ձուկ՝ 1044 կգ ընդհանուր քաշով, լճից դուրս է բերվել 111 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 5․221․500 ՀՀ դրամի չափով:  Նախապատրաստվում են նյութեր ՀՀ քրեական օրենսգրքի 292 հոդվածի հատկանիշներով (թվով 29) և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 89 հոդվածի հատկանիշներով (թվով 2)։ Վերասկողության միջոցառումների վերաբերյալ առավել մանրամասն տվյալները կներկայացվեն առաջիկայում։
20:42 - 17 հունվարի, 2022