ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Նիդերլանդների իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Նիդերլանդների իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակը

Հոկտեմբերի 3-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարության քաղաքական տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենը։ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները, ինչպես նաև իրադրության միջազգային քաղաքական և հումանիտար բաղադրիչները: Նախարարի տեղակալն ընդգծել է Ադրբեջանի կողմից ուժի հետագա կիրառման կանխման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների բացառման հրամայականը և կարևորել դրան ուղղված միջազգային գործընկերների միասնական քայլերը: Զրուցակիցները քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը։
18:38 - 03 հոկտեմբերի, 2023
ԼՂ-ում իրականացված էթնիկ զտումները հետևանք են Ադրբեջանի կողմից անպատժելիության զգացողության և միջազգային դերակատարների ոչ պատշաճ քայլերի․ Միրզոյանը՝ Նորվեգիայի ԱԳ նախարարին

ԼՂ-ում իրականացված էթնիկ զտումները հետևանք են Ադրբեջանի կողմից անպատժելիության զգացողության և միջազգային դերակատարների ոչ պատշաճ քայլերի․ Միրզոյանը՝ Նորվեգիայի ԱԳ նախարարին

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարար Միրզոյանն իր նորվեգացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ անդրադառնալով խնդրի միջազգային քաղաքական և հումանիտար գործոններին: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից 100.000-ից ավել բռնի տեղահանված բնակչության առաջնային կարիքների գնահատմանը և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերին։  ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կանխամտածված և փաստացի իրականացված էթնիկ զտումները հետևանք են նաև Ադրբեջանի կողմից անպատժելիության զգացողության և միջազգային դերակատարների ոչ պատշաճ ու հասցեական քայլերի: Այս համատեքստում կարևորվել է Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների, տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման հրամայականը:  Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Նորվեգիա երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցերի:
17:31 - 03 հոկտեմբերի, 2023
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարարը
 |armenpress.am|

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարարը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ժամանեց Հայաստան։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Ֆրանսիայի ԱԳ նախարարին տեղափոխող ինքնաթիռը: Կոլոննային դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:  Կոլոննան «X»-ում գրել է․ «Վերադարձ Հայաստան՝ իմ առաջին այցելությունից 5 ամիս անց: Բարեկամություն, աջակցություն և համերաշխություն»: Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը նախապես տարածել էր հաղորդագրություն, որ Կատրին Կոլոննային կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Կատրին Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կտեսակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ «Այս առիթով Կատրին Կոլոննան ևս մեկ անգամ կհաստատի Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցությանը: Նա կհաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և այդ հարցում՝ ծայրահեղ հետևողականությունը։ Կատրին Կոլոննան կուսումնասիրի Հայաստանի իշխանությունների հետ Ֆրանսիայի համագործակցության ամրապնդման կոնկրետ միջոցները՝ բոլոր ոլորտներում»,- նշված էր Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Կոլոննան նաև կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, Կովկասում արդար և հարատև խաղաղությանը և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարգմանը:
14:58 - 03 հոկտեմբերի, 2023
Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները

Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ իրադրության միջազգային քաղաքական և հումանիտար բաղկացուցիչները: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի 100.000-ից ավել հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերները և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի կողմից ուժի հետագա կիրառման կանխման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների բացառման հրամայականը և կարևորել դրան ուղղված միջագզային դերակատարների միասնական քայլերը: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի»,- նշվում է հաղորդագրության մեջ:
12:00 - 03 հոկտեմբերի, 2023
Հայկական կողմի ահազանգերը, որ Ադրբեջանը ծրագրում է ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտման, չհանգեցրին այն ուղղությամբ գործուն քայլերի. Միրզոյանը` դիվանագետներին

Հայկական կողմի ահազանգերը, որ Ադրբեջանը ծրագրում է ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտման, չհանգեցրին այն ուղղությամբ գործուն քայլերի. Միրզոյանը` դիվանագետներին

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպումը համակարգել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցել և խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը: «Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական հայատյաց քաղաքականության և մասնավորապես սեպտեմբերի 19-ին սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ՝ հանգեցնելով 100-ավոր զոհերի և վիրավորների: Նա հավելել է, որ ադրբեջանական ագրեսիային նախորդել էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ավելի քան 9-ամսյա ապօրինի արգելափակումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմի շարունակական ահազանգերը, որ Ադրբեջանը կանխամտածված գործողություններով ծրագրում է Լեռնային Ղարաբաղը ենթարկել էթնիկ զտման, չհանգեցրին միջազգային հանրության՝ Բաքվի քաղաքականությունը կանխելու ուղղությամբ գործուն քայլերի: ԱԳ նախարարը շեշտել է, որ ԼՂ բնակչությունը՝ 100 հազարից ավել հայ, բռնի տեղահանման է ենթարկվել՝ գոյութենական վտանգ տեսնելով իրենց և իրենց ընտանիքների անդամների՝ ներառյալ երեխաների, կանանց ու տարեցների համար: Անդրադառնալով նախօրեին Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության ժամանմանը՝ նախարարն ընդգծել է դրա ուշացած լինելը և հանգամանքը, որ այս պահին, ցավալիորեն, այդ առաքելության միակ արդյունքը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը: Անդրադառնալով ստեղծված մարդասիրական խնդիրների հաղթահարման նպատակով այս փուլում տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից աջակցության պատրաստակամությանը՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերվող հրատապ աջակցության համար: ՀՀ փոխվարչապետ, հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ կառավարության քայլերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100,000 հայերի առաջնային խնդիրների բացահայտմանն ու հասցեագրմանը: ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է հրատապ կարիքների հաշվառմամբ մշակված պետական աջակցության ծրագրերին՝ դրանց զուգահեռ կարևորելով համապարփակ կարիքների գնահատման աշխատանքների պատշաճ իրականացումը, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, ինչը թույլ կտա մշակել հասցեական երկարաժամկետ աջակցության ծրագրեր: Հանդիպմանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Փոխվարչապետն առաջնային է համարել բռնի տեղահանվածներին կեցավայրերով ապահովելու հարցը, ինչպես նաև նշել նրանց զբաղվածության, կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների մատուցման կարևորությունը»,-նշված է հաղորդագրությունում։
21:24 - 02 հոկտեմբերի, 2023
ՀՀ ԱԳ նախարարը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի՝ տարբեր խմբակցություններ ներկայացնող պատվիրակության հետ, որը ղեկավարում էր ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ի լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված էր լքել իր բնօրրանը՝ ենթարկվելով էթնիկ զտման: ԱԳ Նախարարը հիշեցրել է, որ հայկական կողմը բազմիցս ահազանգում էր ԼՂ-ում ահագնացող իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, այդուհանդերձ միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ը և հիմնական դերակատարները ճիշտ ժամանակին չձեռնարկեցին հասցեական թիրախային գործողություններ՝ կանխելու այս արհավիրքը։ Անդրադառնալով խնդրի վերաբերյալ Կիպրոսի դիրքորոշմանը՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Կիպրոսի խորհրդարանի սկզբունքային մոտեցումն ու բանաձևերի ընդունումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը:  Երկուստեք ընդգծվել է՝ ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ քաղաքական հայտարարությունները բավարար չեն, և անհրաժեշտ են հստակ քայլեր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների բացառման նպատակով: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարբեր ձևաչափերով և բազմակողմ հարթակներում երկու երկրների և խորհրդարանների միջև փոխգործակցությանը: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Կիպրոսի միջև ձևավորված ընդգրկուն երկկողմ օրակարգն ու տարբեր ոլորտներում ընդլայնվող համագործակցությունը: Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը նաև շնորհավորել է կիպրացի խորհրդարանականներին՝ Կիպրոսի անկախության տոնի առթիվ՝ լավագույն մաղթանքները հղելով Կիպրոսի բարեկամ ժողովրդին և կառավարությանը:
17:58 - 02 հոկտեմբերի, 2023
«Իսրայելական զենքը ԼՂ-ում օգտագործվում է խաղաղ բնակչության դեմ»․ Իսրայելում ՀՀ դեսպանի հարցազրույցը The Jerusalem Post-ին

«Իսրայելական զենքը ԼՂ-ում օգտագործվում է խաղաղ բնակչության դեմ»․ Իսրայելում ՀՀ դեսպանի հարցազրույցը The Jerusalem Post-ին

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր վերահսկողությունը հաստատելու համար օգտագործել է իսրայելական զենքեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ։ Այս մասին The Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը։  Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև, հարցերում ներառված բոլոր պնդումները հեղինակինն են։ Կարո՞ղ եք Ձեր տեսանկյունից նկարագրել ներկայումս Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն։ Այն, ինչ տեղի է ունենում, դասական էթնիկ զտում է։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի տարածքի բնիկ ժողովուրդը, մարդիկ, որոնք ապրել են այնտեղ 3000 տարի, լքում են իրենց տները՝ թողնելով իրենց հոգևոր ու ազգային ժառանգությունը, թողնելով իրենց սիրելիների գերեզմանները։ Ինչո՞ւ են նրանք հեռանում։ Բացի ԼՂ-ից հեռանալուց՝ նրանք այլ ընտրություն չունեն, որովհետև նրանց կյանքը անտանելի է։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ 120 000 հայ էր ապրում այնտեղ։ Այսօր մոտ 100 000-ն արդեն լքել է։ Հոկտեմբերի 1-ի ժամը 16։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 490 անձ արդեն Հայաստանում է։ Ադրբեջանը պաշտոնապես պնդում է, որ իրենք ցանկանում են, որ բնակիչները մնան, և միակ մարդիկ, որ հեռացել են Ղարաբաղից, ռազմական անձնակազմն է։ Ո՞վ է ճիշտն ասում։ Հեռացած մարդկանց պաշտոնական թիվը 95 000 է։ Դուք հավատո՞ւմ եք, որ այդ տարածքում 95 000 զինվորական կար։ Դուք կարող եք տեսանյութերը նայել հեռուստացույցով։ Կանայք և երեխաները վտարվել են, որովհետև ապագա չեն տեսնում այնտեղ։ Նրանց կյանքերի համար ոչ մի երաշխիք չկա։ Նույնիսկ ադրբեջանցիները երաշխիքներ չունեն, որովհետև բռնապետության ներքո են ապրում, ինչպե՞ս կարող ենք հայերի իրավունքները երաշխավորվել։ Պատմեք ականների մասին, որը, ինչպես հաղորդվում էր, հայերն էին տեղադրում տարածքում, կամ գետնի վրա ռազմական անձնակազմի մասին պատմեք։ Այս ականների պայթյուններից տասնյակ ադրբեջանցի քաղաքացիական անձինք և զինվորներ են մահացել։ Արդյո՞ք սա հրադադարի խախտում չէր, և արդյո՞ք երկիրը չէր սպասում արձագանքների։  Դրանք ինքնապաշտպանական ուժեր էին, որոնց նպատակը տեղի հայերին ադրբեջանցիներից պաշտպանելն էր։ Երկու պատերազմ է եղել [1990 և 2020թթ․], և մարդկանց անվտանգությունը երաշխավորված չէր։ Եվ հանրությունը իրավունք ունի ինքն իրեն պաշտպանելու։ Էլ ո՞վ պետք է պաշտպաներ նրանց։ Ադրբեջանը պնդում է, թե այս միավորումները ՀՀ կանոնավոր բանակի մի մասն էին։ Դա սուտ է։ Լեռնային Ղարաբաղում ՀՀ կանոնավոր բանակ չկա։ Հայերի դրությունը կհամեմատեի՞ք պաղեստինցիների ներկա իրադրության հետ։ Ոչ, չէի համեմատի։ Իմաստ չկա հակամարտությունները համեմատելու։ Յուրաքանչյուր հակամարտություն եզակի է։ Ղեկավարները հանդիպումներ են ունեցել վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Ի՞նչ կարգավիճակ ունեն այդ բանակցությունները, կա՞ որևէ բան, որ դուք տեսնում եք, որ տեղի է ունենալու շուտով։ Ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ, և մենք շարունակում ենք լավատես մնալ համաձայնագրի հասնելու հարցում։ Բայց ներկա իրադրության պայմաններում, երբ հայերը վտարվում են իրենց պապենական հայրենիքից, [դժվար է կանխատեսում անել]։ Ես հույս ունեմ, որ [Փաշինյան-Ալիև հոկտեմբերի 5-ին կայանալիք] հանդիպումը տեղի կունենա, որովհետև սեղանի շուրջ նստելն ու բանակցելն այլընտրանք չունեն։ Արդյո՞ք Իսրայելը շատ ադրբեջանամետ է։ Ես չեմ կարծում, որ Հայաստանն է Իսրայելի օրակարգում։ Մենք տեսել ենք ռազմական լայն համագործակցություն՝ Ադրբեջանն Իսրայելից գնում է միլիարդավոր դոլարներ արժեցող զենքեր, և կա համագործակցություն ռազմական պաշտպանության և հետախուզության ոլորտում։ Իրանը ևս դրա մի ֆակտորն է։ Ես չէի ասի, որ Իսրայելն արդբեջանամետ է, բայց համագործակցությունը շատ ամուր է, մարտավարական գործակցությունն է շատ ամուր։ Ամեն անգամ, երբ էսկալացիա է լինում մեր տարածաշրջանում, 2020-ի պատերազմից մինչև սեպտեմբերի 19-ը, մենք գիտենք, որ Ադրբեջանի «Silk way ավիաուղիներ»-ը հաճախակի թռիչքներ է իրականացնում Իսրայելից զենքեր տեղափոխելու համար։ Նախքան վերջին էսկալացիան ԼՂ-ի հյուսիսում գտնվող Գյանջա քաղաք ուղիղ թռիչք է իրականացվել Իսրայելից։ Ցանկացած երկիր կարող է զենք վաճառել ու գնել։ Հարցն այն է, որ այս զենքերը հայտնվում են մեր սահմանին և օգտագործվում խաղաղ բնակիչների դեմ։ Այսպիսով, եթե դուք հարցնում եք՝ Իսրայելը ադրբեջանամե՞տ է, ես չեմ կարող պատասխանել, բայց երկրների մարտավարական, ռազմական և հետախուզական համագործակցությունը ամուր է, և դա գաղտնիք չէ։ Դա մի բան է, որը երկու կողմերն էլ հպարտորեն հայտարարում են։ Արդյո՞ք Իսրայելը հակառակ է Հայաստանին։ Ոչ։ Քաղաքացիական հասարակությունը շատ Հայաստանամետ է Լեռնային Ղարաբաղի և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցերում։ Կհամեմատեի՞ք ԼՂ հայերի դրությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին հերաների դրության հետ։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը և Հոլոքոստին, ավելի աջակցություն չե՞ք սպասում Իսրայելից։ Զուգահեռներ կարող ենք գտնել։ Հայերն ու հրեաները շատ ընդհանրություններ ունեն։ Մենք երկու ժողովուրդներ ենք, որոնք տուժել են սարսափելի ցեղասպանություններից՝ հայերը Առաջին, հրեաները Երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Կա՞ որևէ բան, որ կուզեիք ավելացնել, որի մասին Ձեզ հարց չտրվեց։ Մենք ականատեսն են սարսափելի մարդկային ողբերգության, ինչն աննախադեպ է 21-րդ դարում։ Հայերը բռնի դուրս են հանվում իրենց պատմական հայրենիքից՝ թողնելով իրենց ժառանգությունը, եկեղեցիները, տաճարները և գերեզմանաքարերը։ Ես նրանց համար ոչ մի հույս չեմ տեսնում։ Քանի դեռ Ադրբեջանը բռնապետություն է, մենք շարունակելու ենք ականատես լինել այս ողբերգության։ Ես նաև շնորհակալ եմ այն իսրայելցիներին, որոնք զանգում են դեսպանատուն, բաց նամակներ են գրում, հայերին աջակցող հայտարարություններ են տեղադրում տեղի թերթերում։ Ես շնորհակալ եմ բարի կամքի և աջակցության համար։
19:01 - 01 հոկտեմբերի, 2023
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Սեպտեմբերի 28-ին Տալլինում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, էստոնականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով փոխպետքարտուղար Կիլիկե Սիլաստե-Էլինգը։ Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-էստոնական երկկողմ համագործակցության լայն շրջանակի։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է միջազգային համարժեք գնահատականի կարևորությունը մարդասիրական մարտահրավերների հաղթահարման գործում։ Նախարարի տեղակալը կարևորել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականը՝ այդ համատեքստում շեշտելով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը։
12:49 - 29 սեպտեմբերի, 2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ:  ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական հարձակման հետևանքներին՝ քաղաքացիական բնակավայրերի և անձանց թիրախավորմամբ, հանգեցնելով ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանման: Նախարար Միրզոյանն կարևորել է միջազգային գործընկերների և կառույցների հստակ գնահատականն ու գործուն մեխանիզմների միջոցով ուժի կիրառման հետագա դեպքերի բացառման հրամայականը: ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակել է ուժի կիրառման գործելակերպը՝ չնայած հակառակի վերաբերյալ վերջին ամիսներին հնչած հավաստիացումներին: ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականը՝ այս համատեքստում ընդգծելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատը:  Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցության օրակարգին:
19:58 - 28 սեպտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի արտգործնախարարի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի արտգործնախարարի հետ

Սեպտեմբերի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ։ Քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով միջազգային համարժեք գնահատականի կարևորությունը թե´ ներկայիս մարդասիրական մարտահրավերների հաղթահարման, թե´ հետագա ուժի կիրառումները կանխելու համատեքստում: Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի՝ էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով արդեն շուրջ 70 000 անձ ԼՂ-ից բռնի տեղահանվել է ՀՀ: ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականը: Ընդգծվել է այդ թվում նաև ԵՄ և իր անդամ պետությունների կողմից համապատասխան ազդակների անհրաժեշտությունը:
18:52 - 28 սեպտեմբերի, 2023
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «3 տարի առաջ այս օրն Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեց իր հայրենիքում ապրող Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի նկատմամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, իրականացնելով զանգվածային ռազմական հանցագործություններ: Այս կործանարար գործողությունները մաս էին կազմում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի ծրագրված քաղաքականության։  Չնայած բազմաթիվ ուղերձներին և ջանքերին՝ տարածաշրջանում առկա խնդիրները կարգավորել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ Ադրբեջանը շարունակեց իր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման գործելակերպը՝ խուսափելով միջազգային մեխանիզմի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունից: Այս երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցել է անմարդկային դժվարությունների միջով՝ շարունակաբար ենթարկվելով ռազմական հարձակումների, ահաբեկումների, 10 ամիս շարունակվող շրջափակման և սովամահության։  Միջազգային հանրության կողմից դեռևս երեք տարի առաջ ուժի կիրառման քննադատության և կոշտ արձագանքի բացակայության, 2020թ․ 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված անվտանգային երաշխիքների անարդյունավետության և ԼՂ-ում միջազգային հասանելիության բացակայության պայմաններում Ադրբեջանի հայատյաց գործողություններն ու քաղաքականությունը ոչ միայն չդադարեցին, այլև հասան իրենց նոր դրսևորման՝ սեպտեմբերի 19-ին ձեռնարկած զինված հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զգալի մասի՝ փաստացի բռնի տեղահանման, էթնիկ զտման: Այսօր Հայաստանի Հանրապետությունը ոգեկոչում է 2020թ․ 44-օրյա պատերազմում և դրան հաջորդող շրջանում զոհված մեր բոլոր հայրենակիցների հիշատակը։ Այսօր մենք ընդգծում ենք տարածաշրջանում ուժի կիրառման դատապարտման, հերթական զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը»:
22:42 - 27 սեպտեմբերի, 2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լաչինի միջանցքի` ավելի քան 9-ամսյա արգելափակմանը հաջորդած՝ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է իր կողմից ծրագրված էթնիկ զտումների քաղաքականությունը, որը, ուժի կիրառման քաղաքականության հետ մեկտեղ պետք է արժանանա միջազգային հստակ գնահատականի:   Մտքեր են փոխանակվել նաև հայ-կանադական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ:
21:40 - 27 սեպտեմբերի, 2023
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
 |armenpress.am|

ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԳ նախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար: Այս առումով ակնկալվում է նաև Ռուսաստանի Դաշնության և այլ միջազգային գործընկերների աջակցությունը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է սահմանին, երբ փորձել է Արցախից գալ Հայաստան։ Ըստ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության՝ Ռուբեն Վարդանյանը տարվել է Բաքու։ Նրան հանձնել են պետական համապատասխան մարմիններին՝ համապատասխան որոշում կայացնելու համար։  
20:16 - 27 սեպտեմբերի, 2023
Անհրաժեշտ է գնահատել հումանիտար աղետի կարիքները, միջազգային գործընկերներին ծանոթացնել մանրամասներին. ՀՀ ԱԳ փոխնախարար
 |armenpress.am|

Անհրաժեշտ է գնահատել հումանիտար աղետի կարիքները, միջազգային գործընկերներին ծանոթացնել մանրամասներին. ՀՀ ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը կարևորում է հումանիտար աղետի բոլոր կարիքների գնահատումը, որպեսզի համապատասխան օգնություն հասցվի, ինչպես նաև՝  միջազգային գործընկերներին մանրամասներին ծանոթացնելը: Հովհաննիսյանն այս մասին ընդգծեց «Արմենպրես»-ի հետ զրույցում Գորիսի կոորդիանցիոն կենտրոնում: «Բոլորս տեսնում ենք այս աղետալի հումանիտար իրավիճակը: Սա ԱԳՆ-ի ջանքերի առաջնային խնդիրներից մեկն է: ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի և պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմի ղեկավարությամբ այս այցն էլ այդ ջանքերի արդյունքն է: Նմանատիպ աշխատանքներ ենք տանում բոլոր միջազգային կազմակերպությունների, գործընկեր երկրների հետ, սա վերջին այցը չի լինի»,-ասաց Հովհաննիսյանը: Փոխնախարարն ընդգծեց՝ անհրաժեշտ է գնահատել այս հումանիտար աղետի բոլոր կարիքները, որ համապատասխան օգնություն հասցվի, ինչպես նաև կարևոր է տեսնել իրավիճակը, միջազգային գործընկերներին ծանոթացնել բոլոր մանրամասներին: Այս պահին բոլոր աշխատանքներն ուղղված են այս նպատակին: Հովհաննիսյանը վստահեցրեց, որ թե միջազգային տարբեր հարթակներում, թե երկրների հետ երկկողմ մակարդակով տարվում են անհրաժեշտ աշխատանքներ: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից ԼՂ-ի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Հայկական կողմն ոայս պահի տվյալներով ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։ Նրանց թվում նաև քաղաքացիական անձինք են: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու): Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխումը, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։ Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:
12:51 - 26 սեպտեմբերի, 2023