ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը |armenpress.am|
17:02 - 19 հուլիսի, 2024

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում՝ Թուրքիայում։

Դեսպան Մեհդի Սոբհանին այս մասին հայտարարել է SNN գործակալությանը տված հարցազրույցում։ 

Մեհդի Սոբհանին, խոսելով Կապանում գործող իրանական հյուպատոսության մասին, նշել է, որ այն բարելավել է սահմանային հաղորդակցությունը և արագորեն լուծումներ է տալիս տեղում ծագող խնդիրներին։ 

Նա հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններին մարդկանց մասնակցությունը մեծացնելու գործում արդյունավետ է եղել նաև հենց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ 

Սոբհանիի խոսքով՝ Կապանում աշխատող իրանցի վարորդները կարողացել են մասնակցել ընտրություններին, և դա ցույց է տալիս հյուպատոսության կարևորությունը Հայաստանում բնակվող իրանցիների գործերի առաջմղման գործում։ Նա հայտնել է, որ Իրանի հյուպատոսությունը կազմակերպում է նաև պարսկերենի դասընթացներ տեղի բնակչության և հայ մաքսավորների համար։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին՝ դեսպան Սոբհանին ևս մեկ անգամ վերահաստատել է Թեհրանի տեսլականն այս հարցում․ «Մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միանգամայն հստակ է. մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանն ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ 

Նա հավելել է, որ անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում բխում են Իրանի շահերից, և Թեհրանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ։  

Սոբհանին հիշեցրել է, որ Իրանն առաջարկել է 3+3 ձևաչափի գաղափարը, և առաջին հանդիպման անցկացումը 13-րդ կառավարության ձեռքբերումներից մեկն է եղել։  

«Այս հարթակի ԱԳ նախարարների հանդիպումն առաջին անգամ կայացավ Թեհրանում, հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս՝ Թուրքիայում», - տեղեկացրել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը։ 

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ «3+3» հարթակի հաջորդ հանդիպմանը ՀՀ մասնակցության վերաբերյալ պատշաճ ժամկետներում կտեղեկացնեն։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել