ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն. ՄԻՊ

Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումներն ու ստացված ահազանգերը վկայում են, որ 2025 թվականի հունվար ամսվա դրությամբ ազատությունից զրկման վայրերում գրանցվել է մահվան 3, այդ թվում՝ ըստ  հրապարակված տեղեկատվության՝ ինքնասպանության 2 դեպք: Պաշտպան Անահիտ Մանասյանը մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում և հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը դրանց կանխարգելման խնդիրներին: Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր դեպքով իրավասու մարմիններից պահանջել է պարզաբանումներ և վարույթների արդյունավետ քննության կապակցությամբ գրություն հասցեագրել Քննչական կոմիտե: Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն: Ազատությունից զրկման վայրերում կյանքի և առողջության պահպանման իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
19:19 - 23 հունվարի, 2025
ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ հունվարի 21-ին տեղի է ունեցել աշխատաժողով Պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների վերաբերյալ։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, բացման խոսքով են հանդես եկել Պաշտպան Անահիտ Մանասյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության բաժնի ղեկավար Պավլո Պուշկարը (առցանց)։ Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ինչպես նաև պետական մարմինների, դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր խոսքում կարևորել է այս ձևաչափով հանդիպումների անցկացումը և պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու տեսանկյունից։ «Ուրախությամբ ուզում եմ շեշտել, որ պետական մարմինների հետ աշխատանքային միջավայրը կառուցողական է։ Բացառիկ են դեպքերը, երբ որևէ մարմնի կողմից հանդիպում ենք մարդու իրավունքների խնդիրների առնչությամբ մերժողական վերաբերմունքի։ Այս համատեքստում խնդիրների արագ լուծման նպատակով առանցքային է նաև մեր կողմից արված առաջարկությունների արդյունավետ և պրոֆեսիոնալ կատարումը, ինչպես նաև այդ առումով հայեցակարգային և ինստիտուցիոնալ մոտեցումների որդեգրումը»,- ասել է Պաշտպանը։ Ըստ աղբյուրի՝ աշխատաժողովի ընթացքում Անահիտ Մանասյանն անդրադարձել է տարեկան հաղորդմամբ արձանագրված  համակարգային մի շարք խնդիրների, մասնավորապես՝ «փակ հաստատություններում» մարդու իրավունքների պաշտպանությանը, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը, «փակ հաստատություններում» բժշկական օգնության և սպասարկման խնդիրներին, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին, զորակոչի ընթացքում հանդիպող խնդիրներին, զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների վերացմանը, խնամքի և այլ հաստատություններ իրականացվող մշտադիտարկման այցերին, իրավահավասարության և հակախտրականության ոլորտին, կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկային, հավաքների ազատության իրավունքին առնչվող խնդիրներին։ «Հարկ եմ համարում շեշտել, որ առկա խնդիրները բարձրաձայնելով` նպատակ չունենք թիրախավորելու որևէ պետական մարմնի կամ առանձին պաշտոնատար անձի, մեր միակ նպատակը խնդիրները համատեղ ուժերով լուծելն է՝ ի շահ մարդու իրավունքների պաշտպանության, համակարգի կատարելագործման»,- ընդգծել է Պաշտպանը։ Ամփոփելով միջոցառումը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, դեսպանությունների, պետական մարմինների ներկայացուցիչներին մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծմանը աջակցելու պատրաստակամության համար։ Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի` «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում։  
21:39 - 21 հունվարի, 2025
Ձմեռային զորակոչի շրջանակում ՄԻՊ-ն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Ձմեռային զորակոչի շրջանակում ՄԻՊ-ն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։ Նշվում է, որ հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները, զրուցել անձնակազմի հետ, ծանոթանալ զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին: «Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի և զորակոչի պատասխանատու անձանց հետ շրջայց է իրականացվել հավաքակայանում: Պաշտպանին ներկայացվել են զորակոչի կազմակերպման պայմանները, զորակոչիկների ընդունման և գրանցման կարգը, ինչպես նաև զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացի հետ կապված հարցերը: Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել զորակոչիկների առողջական վիճակին առնչվող հարցերին, բուժզննումների ընթացքին, բժշկական հանձնաժողովի հետ քննարկել է զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, առանձին խնդիրներին լուծումներ մշակելու մեխանիզմներ: Պաշտպանը զորակոչիկներին մաղթել է խաղաղ ու անվտանգ ծառայություն և նշել, որ նրանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո: Պաշտպանը հարկ է համարում նշել, որ Կենտրոնական հավաքակայանում զորակոչի կազմակերպման գործընթացում պարբերաբար արձանագրվում են դրական փոփոխություններ, օրինակ՝ վերանորոգվել է ճաշարանը, զորակոչիկներն ապահովված են սննդով, ծառայության վայրեր մեկնելուց առաջ զորակոչիկները ստանում են իրենց համապատասխան զինվորական հանդերձանք, ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգվում են զորակոչիկների գիտելիքները և ըստ այդմ՝ ստեղծվել են հիմնական զորամաս մեկնելուց առաջ ծառայության նշանակվելու և ուսումնական զորամասերում վերապատրաստվելու կառուցակարգեր և այլն: Զորակոչիկների առողջական վիճակի, բժշկական հետազոտությունների ու փորձաքննությունների և ընդհանուր առմամբ զորակոչի շրջանակում նրանց իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրները, որոնք արձանագրվում են ինչպես պարբերաբար իրականացվող այցերի ընթացքում, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմ ստացվող գրավոր ու բանավոր բողոքներով՝ ամենօրյա ռեժիմով և տարբեր ձևաչափերով քննարկման առարկա են դարձվում իրավասու գերատեսչությունների հետ»,- ասվում է ՄԻՊ աշխատակազմի հայտարարության մեջ։ Պաշտպանի գրասենյակից հիշեցնում են նաև, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին առնչվող հարցերով (այդ թվում՝ զորակոչ, վարժական հավաք և այլն) Պաշտպանին կարելի է դիմել թեժ գիծ 116 կամ 096116100 շուրջօրյա հեռախոսահամարներով:
12:40 - 18 հունվարի, 2025
Էթնիկ ատելության պայմաններում Բաքվում ընթացող «դատավարությունները» չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող. Մանասյան

Էթնիկ ատելության պայմաններում Բաքվում ընթացող «դատավարությունները» չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող. Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակներում շարունակում է հետևել Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր էթնիկ հայերի իրավունքներին առնչվող հարցերին՝ նկատի ունենալով մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներն ու արժեքները պահպանելու կարևորությունը: Բաքվում ընթացող՝ նրանց վերաբերելի բոլոր գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով։ Պաշտպանի շարունակական մշտադիտարկումները վկայում են, որ նույնիսկ մինչև անձանց ապօրինի ազատությունից զրկելն Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով նրանց արդեն իսկ պիտակավորում էին որպես «հանցագործ»: Ավելին, ադրբեջանական մեդիատիրույթում և սոցիալական հարթակներում շարունակում են լայնորեն տարածվել նշված անձանց ուղղված ատելություն ու թշնամանք պարունակող վիրավորանքներ, հայերին սպանելու, բռնության կոչեր և հայերի նկատմամբ խորքային ատելություն: Ակնհայտ է, որ պետության կողմից հովանավորվող էթնիկ ատելության քարոզի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին, և չեն կարող դիտարկվել որպես արդար և անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող։ Այս գործընթացի ոչ իրավաչափ լինելու մասին մտահոգություններ են բարձրացնում տարբեր իրավապաշտպաններ, փաստաբաններ, հեղինակավոր միջազգային դերակատարներ: Արդար դատաքննության իրավունքն ամրագրված է միջազգային իրավական մի շարք փաստաթղթերում։ Ընդ որում՝ նշված իրավունքի համատեքստում անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դիտարկվում է մի քանի հարթություններում, այդ թվում՝ պետական մարմինների և զանգվածային լրատվության միջոցների կողմից այդ սկզբունքի պահպանման անհրաժեշտության տեսանկյունից։ Տարբեր դերակատարների կողմից բարձրացված մտահոգությունները վկայում են նաև, որ քրեական հետապնդման ներքո գտնվող էթնիկ հայերը զրկված են արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատավարական երաշխիքներից, այդ թվում՝ իրենց ընտրած պաշտպանի միջոցով արդյունավետ պաշտպանության և համապատասխան երաշխիքների առկայությամբ թարգմանչի օգնությունը ստանալու իրավունքներից։  Մարդու իրավունքների պաշտպանը կիսում է պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման հետ կապված մտահոգությունները: Ավելին, ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, այնպես էլ միջազգային հեղինակավոր կառույցների զեկույցներում (օրինակ՝ «Human Rights Watch», ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտե) պարբերաբար մտահոգություններ են ներկայացվել ազատությունից զրկված էթնիկ հայերի նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորումների առնչությամբ: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները, այդ թվում՝ միջազգային, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։ Պաշտպանն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել այս բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին:
20:11 - 17 հունվարի, 2025
ՄԻՊ-ն ահազանգում է ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված համակարգային խնդրի մասին |armenpress.am|

ՄԻՊ-ն ահազանգում է ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված համակարգային խնդրի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված համակարգային խնդիրներ ու ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք է տեսնում:  Մանասյանը նման դիրքորոշում հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:  «Արձանագրել եմ ինքնավնասումների, ինքնասպանությունների դեպքերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Բայց դրանով չի սահմանափակվում: Խնդիրներ են առկա նաև, օրինակ, հացադուլի վարման և ընդհանրապես պայմանների առնչությամբ»,-ասաց Մանասյանը:  Նրա խոսքով՝ բացի ՄԻՊ գրասենյակի ընթացիկ այցերից, որ պարբերաբար իրականացնում են քրեակատարողական հիմնարկներ, ինքը տարին սկսել է քրեակատարողական հիմնարկներ առավել հաճախ իրականացվող անձնական այցերով: ՄԻՊ-ը ցանկանում է անձամբ դատապարտյալներից, ազատությունից զրկված անձանցից լսել խնդիրները:  «Կարծում եմ, որ համակարգային խնդիրներ են առկա ինքնավասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված: Կարծում եմ՝ համակարգը պետք է ամբողջությամբ բարեփոխվի: Շատ մեծ խնդիրներ են առկա ազատությունից զրկված անձանց  բժշկական օգնության և սպասարկման հարցերի հետ կախված: Եվ այստեղ միանշանակ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են անհրաժեշտ: Այս պահի դրությամբ համակարգը, կարծում եմ, շատ խնդրահարույց է»,–ասաց Մանասյանը:   Նրա խոսքով՝ այն պաշտոնատար անձինք, որոնք իրավասու են այդ հարցերով որոշումներ կայացնել, պետք է հանձնառություն ստանձնեն ու պատշաճ մակարդակով իրացնեն իրենց լիազորությունը: 
12:47 - 16 հունվարի, 2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ, լսել ազատազրկման դատապարտված անձանց խնդիրները

Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ, լսել ազատազրկման դատապարտված անձանց խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 14-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արտակ Ղազարյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, այցելել կացարաններ, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։ Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել ազատազրկման դատապարտված անձանց, այդ թվում՝ օտարերկրացի, ցմահ ազատազրկման դատապարտված, հացադուլ հայտարարած անձանց հետ, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց խնդիրները: Ազատությունից զրկված անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատմանը, անվտանգային գոտու փոփոխության հնարավորությանը, առողջության պահպանման, կրթության իրավունքներին, զբաղվածությանն առնչվող հարցեր և մի շարք այլ խնդիրներ: Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Այցերի շրջանակներում վերհանված խնդիրները մանրամասն վերլուծվում են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկները ներկայացվում են իրավասու մարմիններին՝ ոլորտը բարելավելու նպատակով: Քրեակատարողական հիմնարկներ Մարդու իրավունքների պաշտպանի այցերը կրում են շարունակական բնույթ:
10:01 - 15 հունվարի, 2025
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ․ արձանագրվել են մի շարք խնդիրներ

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ․ արձանագրվել են մի շարք խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2024 թվականի հոկտեմբերին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:  Այցի ընթացքում, ի թիվս այլնի` ուսումնասիրության առարկա են դարձել քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքների համալրվածությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, հոգեբանական աշխատանքներին և վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն: Արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են: Այսպես.  քրեակատարողական հիմնարկի որոշ խցերում պահպանված չի եղել ազատությունից զրկված անձանց հատկացվող նվազագույն բնակելի տարածության չափը, օրինակ՝ 25 քմ մակերես ունեցող խցում (ներառյալ՝ սանհանգույցը) պահվել է ազատությունից զրկված 8 անձ, արձանագրվել են պահման անբավարար պայմաններ, որոշ խցեր կահավորած չեն եղել օրենսդրությամբ նախատեսված և անձի պատշաճ, արժանապատիվ կենցաղավարումը կազմակերպելու համար անհրաժեշտ գույքով, օրինակ՝ նստարաններով և սեղաններով, մասնաշենքերում բացակայել են տեսագրող և տեսաձայնագրող համակարգերը, ինչը կարևոր է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և անվտանգության ապահովման տեսանկյունից, որոշ խցերում դատապարտյալները և կալանավորված անձինք պահվել են միասին, չի պահպանվել դատապարտյալներին և կալանավորված անձանց անջատ պահելու օրենսդրական պահանջը, ազատությունից զրկված մի շարք անձինք օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց առանձին կամ անջատ պահելու վերաբերյալ որոշում կայացնելու՝ փաստացի տևական ժամանակ (ընդհուպ մի քանի տարի) պահվել են մեկուսի, արձանագրվել են շտապ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված խնդիրներ. քրեակատարողական հիմնարկում կանչ գրանցելու դեպքում շտապ բժշկական օգնության ծառայությունը բնակելի գոտի մուտք չի գործում, ինչի արդյունքում ազատությունից զրկված անձի առողջական վիճակի վատթարացման դեպքում այլ անձինք (ընդհուպ գիշերային քնի հաշվին), առանց բավարար բժշկական գիտելիքների և պատրաստվածության, պատգարակի միջոցով վերջինիս իջեցնում են հաշվառման բաժանմունքում առանձնացված սենյակ, արձանագրվել են քրեակատարողական հիմնարկ նոր ընդունված ազատությունից զրկված անձանց նախնական բժշկական զննության իրականացման հետ կապված խնդիրներ. մասնավորապես, զննությունը շարունակում է իրականացվել ոչ պատշաճ՝ ամբողջական բժշկական զննություն չի իրականացվում, այն իրականացվում է քրեակատարողական հաշվառման կետի «բոքսերում», որը բժշկական զննության համար նախատեսված, բավարար կահավորված չէ: Ավելին, նշված խցում եղել է միայն պատին ամրացված նեղ, երկար, երկաթե նստարան, որը չի կարող ծառայել որպես բժշկական թախտ, քրեակատարողական հիմնարկ միաժամանակ ընդունվող մեկից ավելի ազատությունից զրկված անձանց բժշկական զննությունն իրականացվել է միաժամանակ, նախնական բժշկական զննություն իրականացվել է միայն, երբ անձն առաջին անգամ ընդունվել է քրեակատարողական հիմնարկ, իսկ այլ դեպքերում, երբ անձը տեղափոխվել է դատարան կամ վարույթային կամ ապացուցողական որևէ այլ գործողությանը մասնակցելու համար, հիմնարկ մուտք գործելիս անձինք բժշկական զննության չեն ենթարկվել, նախնական բժշկական զննության մատյանը լրացվել է ջնջումներով, ուղղումներով ու բացթողումներով, արձանագրվել են դեղորայքի պատշաճ պահպանման հետ կապված խնդիրներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք և բժշկական պարագաներ, քրեակատարողական հիմնարկի ոչ բժշկական ծառայողներն անմիջական մասնակցություն են ունենում ազատությունից զրկված անձանց բուժման կազմակերպման ընթացքին՝ հասանելիություն ունենալով անձանց բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններին, արձանագրվել են ազատությունից զրկված անձանց աշխատանքային իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներ, մասնավորապես, վերջիններիս աշխատանքային պայմանագրերը չեն ներառել հաստիքները և աշխատանքային պարտականությունների շրջանակը, ինչը կարող է հանգեցնել ազատությունից զրկված անձանց միջև աշխատանքի անհավասար բաշխման և տարբերակված վերաբերմունքի, որոշ դեպքերում աշխատանքային ծանաբեռնվածությամբ պայմանավորված՝ ազատությունից զրկված անձինք, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի խախտմամբ, կատարել են արտաժամյա աշխատանքներ, ստացված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական ծառայողները որոշ դեպքերում աջակցում են հիմնարկի ներսում կատարված իրավախախտումների, այդ թվում՝ հանցագործությունների դեպքերը թաքցնելուն, մասնավորապես, հորդորում և համոզում են ազատությունից զրկված անձանց չբարձրաձայնել ներհիմնարկային հարաբերություններին առնչվող դեպքերի վերաբերյալ, իսկ որոշ դեպքերում՝ ազատությունից զրկված անձանց՝ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները պարզապես չեն հասցեագրվում իրավասու մարմիններին, ստացված տեղեկությունների համաձայն` ազատությունից զրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումներ դրսևորելու դեպքերում կիրառվում է օրենքով չնախատեսված տույժի միջոց, մասնավորապես, վերջիններս որպես պատիժ գիշերային ժամերին տեղափոխվում են հաշվառման բաժանմունքում առանձնացված խցեր (бокс), որոնք առհասարակ կահավորված չեն եղել գույքով, ինչի պարագայում անձինք քնել են բետոնե հատակին, տույժի միջոց կիրառելու վերաբերյալ որոշումները չեն եղել պատշաճ պատճառաբանված, բացակայել են նշանակվող տույժի ժամանակահատվածի վերաբերյալ հիմնավորումները, ինչը կարող է հանգեցնել համանման արարքների նկատմամբ տարբերակված մոտեցման, ստացված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված վերաբերմունք. մասնավորապես, քրեակատարողական հիմնարկում պահվող ազատությունից զրկված անձանց ընդհանուր քանակակազմից առանձնացվել են որոշակի կատեգորիայի անձինք, որոնց նկատմամբ դրսևորվել է խտրական մոտեցում ինչպես վերաբերմունքի, այնպես էլ իրավունքների իրացման ապահովման տեսանկյունից, այդ թվում՝ արգելված է եղել օգտվել ընդհանուր խմբաքանակի օգտագործման համար նախատեսված գույքից, մարզասրահից, դասասենյակներից, տեսակցության սենյակներից, արձանագրվել են խնդիրներ նաև զբոսանքի ապահովման հետ կապված. մասնավորապես, զբոսախցերը տեղակայված են եղել հիմնարկի տանիքում և երկրորդ հարկում, ինչը դրանց հասանելիության հետ կապված անհաղթահարելի դժվարություններ է առաջացրել տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար, բացակայել են զբոսաբակերում մարմնամարզության պարագաներն ու սարքավորումները, արձանագրվել է, որ քրեակատարողական հիմնարկում առկա միակ մարզադահլիճ նախատեսված է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար, իսկ մյուս ազատությունից զրկված անձինք զրկված են եղել դրանից օգտվելու հնարավորությունից, արձանագրվել են բուժանձնակազմի և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների աշխատանքային հարաբերությունների և պայմանների հետ կապված խնդիրներ: Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ խնդիրները քննարկել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուրաբաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։ Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:  
09:27 - 14 հունվարի, 2025
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել անվճար փաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռը ավելացնելու որոշումը

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել անվճար փաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռը ավելացնելու որոշումը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ըստ որոնց՝ փաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռը ավելացել է։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ ՀԿ ներկայացուցիչները հայտնել են բազմաթիվ մտահոգություններ, այդ թվում` առ այն, որ այդ փոփոխությունների համատեքստում անվճար իրավաբանական օգնության ցուցաբերումն, ըստ ընդունված կարգավորումների` հարկվելու է: Արդյունքում, ըստ մտահոգությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար ևս սա ստեղծում է անհասկանալի իրավիճակ և բարդություններ, քանի որ, որպես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններ, նրանք բազմաթիվ գործերով անվճար իրավաբանական օգնություն են ցուցաբերում` իրականացնելով մարդկանց իրավունքների պաշտպանություն անվճար հիմունքներով: Հասարակական կազմակարերպությունների պնդմամբ` հասարակության լայն զանգվածի համար, իրավական պաշտպանության միջոցները փաստացի դառնում են անհասանելի, ինչը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լրջագույն խնդիր է։ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան` խնդրի առնչությամբ նաև հրապարակային է հանդես եկել, տարբեր ձևաչափերով իրացվել են ՄԻՊ գործիքակազմերը: Հատկապես անվճար իրավաբանական օգնության տրամադրման, այդ համատեքստում այս պահին առկա անորոշության տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարել։ «Հարկ եմ համարում ընդգծել, որ ի սկզբանե եմ բարձրացրել պատշաճ հանրային քննարկումներ իրականացնելու անհրաժեշտության հարցը, այդ թվում` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Այս բոլոր խնդիրները պետք է հաշվի առնվեին հարկային քաղաքականության փոփոխության համատեքստում` շահագրգիռ սուբյեկտների մտահոգությունների արձանագրմամբ և հաշվառմամբ: Հարցը գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո։ Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, քննարկումներ ունեցել գործընկերների հետ։ Խնդիրը պատշաճ հասցեավորելու նպատակով արդեն իսկ աշխատակազմում աշխատանքներ են տարվել իրավասու մարմնի ուշադրությունը հարցի շուրջ հրավիրելու ուղղությամբ»,- ասել է Պաշտպանը։ Ամփոփելով քննարկումը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը և համատեղ լուծման ուղիների մշակումը։
16:54 - 11 հունվարի, 2025
ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը և ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը և ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Այսօր՝ հունվարի 10-ին, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել են ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու ազատազրկված անձանց պահման պայմանների ընթացիկ վիճակին և առկա կարիքներին։ Այս մասին տեղեկացնում է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։ «Անահիտ Մանասյանի այցի նպատակն էր նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ առանձնազրույց ունենալը։  Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի, տեղակալ Գուրգեն Սարգսյանի և հիմնարկի պետ Արսեն Արզումանյանի ուղեկցությամբ Ծառայության պետն ու Մարդու իրավունքների պաշտպանը շրջայց են կատարել հիմնարկի տարածքում։ Այցելել են հանրային պաշտպանների և ազատազրկված անձանց միջև տեսահաղորդակցության համար նախատեսված ձայնամեկուսիչ սենյակներ, երկարատև և կարճատև տեսակցությունների սենյակներ, զբոսահրապարակ։  Խոհանոցում ծանոթացել են մասնավոր ընկերության կողմից ճաշապատրաստման ընթացքին, Անահիտ Մանասյանին ներկայացվել են սննդի որակի վերահսկողության մեխանիզմները։ Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է նաև հիմնարկի միջանցքներում փակցված հակավանդալային, նոր հեռախոսներին, որոնց միջոցով կարելի է անվճար զանգեր  իրականացնել Մարդու իրավունքների պաշտպանի և այլ կառույցների թեժ գծեր, ինչպես նաև՝ ամսական 20 րոպե անվճար զանգեր ՀՀ բոլոր ֆիքսված և բջջային ցանցեր։ Ծառայության պետն ընդգծել է նաև, որ այժմ անվճար րոպեների սպառումից հետո ազատազրկված անձինք ստանում են խոսելաժամանակ շատ ավելի մատչելի սակագնով։ Կարանտինային մասնաշենքում Ծովինար Թադևոսյանն ու Անահիտ Մանասյանն այցելել են խցեր, զրուցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնվող հարցերը։ Շրջայցի ընթացքում Քրեակատարողական ծառայության պետը Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել է հիմնարկում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև համակարգային ընդհանուր խնդիրների հաղթահարմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումների ընթացքը։ Ավարտին Անահիտ Մանասյանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել և զրուցել են ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
15:22 - 10 հունվարի, 2025
Իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված մեր ջանքերը շարունակական են լինելու. ՄԻՊ-ի ուղերձը

Իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված մեր ջանքերը շարունակական են լինելու. ՄԻՊ-ի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։   «Սիրելի՛ հայրենակիցներ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սիրելի՛ գործընկերներ, Սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: 2024 թվականը եղել է մարտահրավերներով լի, բայց նաև՝ նվաճումների տարի: Տարին ՄԻՊ հաստատության համար նշանավորվել է Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակի շնորհմամբ՝ ընդգծելով մարդու իրավունքներին վերաբերելի զգայուն հարցերի հետ կապված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային ակտիվությունը։ Մեծամասամբ հենց այս տարի են կատարվել դեռևս տարիներ առաջ Հավատարմագրման ենթահանձնաժողովի կողմից ՄԻՊ հաստատությանը տրված հանձնարարականները։   Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ աշխատակազմին՝ նվիրված աշխատանքի, հետևողականության, պատասխանատվության և մասնագիտական բարձր որակների համար։ Ուրախ եմ, որ մեր համատեղ գործունեության շնորհիվ այս տարի հնարավոր է եղել նպաստել մարդու իրավունքների մի շարք խնդիրների լուծմանը, ինչպես նաև հիմքեր ստեղծել դեռևս լուծում չստացած խնդիրների հաղթահարման համար։   Վստահեցնում եմ, որ իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված մեր ջանքերը շարունակական են լինելու, իսկ ՄԻՊ հաստատության գործունեության մեթոդաբանությունն անընդհատ կատարելագործման ընթացք է ապրելու:   Թող այս տոները վերաիմաստավորեն և վերահաստատեն այն գիտակցումը, որ մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման ամենօրյա անդավաճան առաքելությունն ու հանուն արդարության և հավասարության պայքարն այն առանցքային հենարանն են, որի վրա կառուցվում են ժողովրդավարական հասարակական համակարգերը։   Մաղթում եմ, որպեսզի գալիք տարին մեզ բերի նոր հույսեր և ուժ՝ կառուցելու մի աշխարհ, որտեղ մարդու իրավունքները հարգված և պաշտպանված կլինեն բոլորի կողմից, իսկ 2025 թվականը լինի խաղաղության, փոխադարձ հարգանքի, համերաշխության և նոր ձեռքբերումների տարի:   Թող այս տոնական օրերը լցվեն ջերմությամբ, սերն ու միասնության գաղափարը լինեն Ձեր և Ձեր ընտանիքների անբաժան ուղեկիցը»,- ասված է ուղերձում:
11:23 - 31 դեկտեմբերի, 2024
ՄԻՊ աշխատակազմ ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ

ՄԻՊ աշխատակազմ ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից․«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվում իրավասու մարմինների կողմից քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց հացադուլի պատշաճ վարմանն առնչվող շարունակական խնդիրների առնչությամբ: Ի թիվս այլնի, բարձրացվում են ստացիոնար բժշկական օգնության հասանելիությանը վերաբերելի հարցեր:Պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում ստացիոնար բուժման անհրաժեշտություն ունեցող հացադուլ հայտարարած անձանց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխման անհարկի ձգձգումները, ինչը երբեմն անդառնալի հետևանքներ է ունենում։Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ։ ՄԻՊ  աշխատակազմը վերջինիս ստացիոնար բուժման անհրաժեշտության հարցը տարբեր ձևաչափերով անընդհատ քննարկել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։ Պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն: Իրավասու պետական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները նրանց իրավունքների խախտումները կանխարգելելու, ինչպես նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար: Պաշտպանը մտահոգիչ է համարում նաև այն հանգամանքը, որ ազատությունից զրկված անձինք քրեակատարողական հիմնարկներում իրենց բողոքը հաճախ արտահայտում են ինքնավնասումներ կատարելու  ճանապարհով, այդ թվում` օտար մարմիններ կուլ տալու եղանակով, որոնք որևէ կերպ հասանելի են դառնում ազատությունից զրկված անձանց: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտադրում է, որ իրավասու մարմինները պետք է ակտիվ միջոցառումներ ձեռնարկեն այդ հանգամանքները  կանխարգելելու ուղղությամբ: Վերոնշյալ խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է բազմիցս՝ ինչպես հրապարակային ելույթներում, այնպես էլ տարբեր քննարկումների ընթացքում։ Թեման մանրամասն վերլուծվել է նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի տարեկան հաղորդման ( https://shorturl.at/wQ5XL ) շրջանակներում։Ազատությունից զրկման վայրերում կյանքի և առողջության պահպանման իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Դրանք մանրամասն վերլուծվում են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկները ներկայացվում են իրավասու մարմիններին՝ ոլորտը բարելավելու նպատակով», - նշված է ՄԻՊ հայտարարությունում։
17:00 - 30 դեկտեմբերի, 2024
ՄԻՊ ռազմավարությունից բխող՝ 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում

ՄԻՊ ռազմավարությունից բխող՝ 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող՝ 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը։ Սրբուհի Գալյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը նախարարության համար կարևոր և առաջնահերթ ռազմավարական ուղղություններից է։ Նա շեշտել է ռազմավարության ներառականության կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:   Դիմելով նիստի մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ նախարարը հատուկ ընդգծել է յուրաքանչյուր գերատեսչության դերը միջոցառումների իրականացման գործընթացում։ «Այս հարթակը հատուկ հնարավորություն է բոլորիս համար՝ քննարկելու այն խնդիրները, որոնք առկա են, և նախանշելու դրանց լուծման հնարավոր ուղղությունները»,- վստահեցրել է նախարարը։   Նա ներկայացրել է 2025-ին նախատեսվող ծրագրային առաջնահերթությունները, որոնք ընդգրկում են մշտադիտարկման և վերագնահատման փուլերը։ Նախարարը հավաստիացրել է, որ ՄԻՊ ազգային ռազմավարությունը ՀՀ կառավարության հիմնական ուղղություններից է, և Արդարադատության նախարարությունը հետամուտ է լինելու այս ոլորտում հաջողությունների գրանցմանը։   Նշենք, որ Խորհուրդը կազմված է հանրային իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից և  քաղաքացիական հասարակության յոթ կազմակերպությունների մեկական ներկայացուցչից։ Համակարգող խորհրդի նախագահն է արդարադատության նախարարը:
19:31 - 26 դեկտեմբերի, 2024
ՀՀ ՄԻՊ-ը Շիրակի մարզում քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր. նա հանդիպել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

ՀՀ ՄԻՊ-ը Շիրակի մարզում քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր. նա հանդիպել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ:   Մարմաշենի «Պանդո» համայնքային զարգացման հասարակական կազամակերպությունում Անահիտ Մանասյանը հանդիպել է երիտասարդների և համայնքային ակտիվ գործունեություն իրականացնող անձանց հետ, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց:   Քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են Պաշտպանի գործունեության ուղղություններն ու լիազորությունները: Հանդիպմանը մասնակցել է նաև Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը:   Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է իրավահավասարարության և հանդուրժող միջավայրի ձևավորման կարևորությունը. «Ինձ համար չափազանց կարևոր է յուրաքանչյուր անձի իրավունքների պաշտպանությունը։ Այդ համատեքստում կարևորում եմ առկա խնդիրների մասին անձամբ ձեզանից լսելը։ Ես իմ լիազորությունների շրջանակում պատրաստ եմ ցանկացած հարցում աջակից լինել Ձեզ»։   Հանդիպումը կրել է հարց ու պատասխանի ձևաչափ. հարցեր են բարձրացվել երիտասարդների զբաղվածության, հասարակական տրանսպորտի հասանելիության, երեխաների, ազգային փոքրամասնությունների հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց իրավունքների, կրթական հաստատությունների հասանելիության առնչությամբ: Բռնի տեղահանված անձինք բարձրաձայնել են մի շարք հարցեր:   Անդրադարձ է կատարվել նաև ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը:   Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և ընդգծել, որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով:
15:26 - 26 դեկտեմբերի, 2024
Մեծ ընտանիք, որի յուրաքանչյուր անդամ իր գործունեությանը վերաբերվում է որպես առաքելության․ Մանասյանը՝ ՄԻՊ հաստատության 20-ամյակին նվիրված միջոցառմանը

Մեծ ընտանիք, որի յուրաքանչյուր անդամ իր գործունեությանը վերաբերվում է որպես առաքելության․ Մանասյանը՝ ՄԻՊ հաստատության 20-ամյակին նվիրված միջոցառմանը

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ դեկտեմբերի 25-ին Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Պաշտպանի աշխատակազմի 2024 թվականի աշխատանքների ամփոփումն ու պարգևատրման արարողությունը: Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել ողջույնի խոսքով. «Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կայացած ինստիտուտ է, որի կայուն ավանդույթների ձևավորման գործում իրենց ավանդն են ներդրել Մարդու իրավունքների բոլոր պաշտպաններն ու 20-ամյա ինստիտուտի բոլոր ժամանակների աշխատակազմերի ներկայացուցիչները: Այս հաստատությունը մեծ ընտանիք է, որի յուրաքանչյուր անդամ իր գործունեությանը վերաբերում է որպես առաքելության: Շնորհակալ եմ անմնացորդ նվիրումով աշխատանքի համար»։ Տոնական միջոցառմանը հրավիրվել են Մարդու իրավունքների բոլոր նախկին պաշտպանները: Խոսքով է հանդես եկել Քրիստիննե Գրիգորյանը, փոխանցվել է Կարեն Անդրեասյանի բարեմաղթանքը: Միջոցառմանը ներկա է եղել նաև Արմեն Հարությունյանի որդին՝ Ալեքսանդր Հարությունյանը: Պարգևատրման արարողության շրջանակներում Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչներին հանձնել է անվանական հուշանվերներ և շնորհակալագրեր: Հաստատության նախկին ղեկավարներին և աշխատակիցներին ևս փոխանցվել են հուշանվերներ: Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20 ամյակին նվիրված ֆիլմը։ Երեկոյի ավարտին շնորհավորական և շնորհակալական խոսքով հանդես են եկել աշխատակազմի ներկա և նախկին ներկայացուցիչները:
10:30 - 26 դեկտեմբերի, 2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին

ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Իր հերթին դեսպան Ալի Աբդուլքարեմ Ութավին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
15:44 - 24 դեկտեմբերի, 2024