Սարգիս Խանդանյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1990թ. հունիսի 24-ին Գավառում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Քաղաքագետ: 2013թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) մարդաբանության ֆակուլտետը: Մարդաբանության մագիստրոս:

2010-2015թթ. աշխատել է «Սիվիլիթաս» հիմնադրամի «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաալիքի լրագրող, «Ժողովրդի ձայնը» հաղորդաշարի հեղինակ: 2014-2015թթ.՝ «Change.org» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի գրասենյակի մեդիա արշավների, հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու,  մասնակցել է «Հրանտ Դինք» հիմնադրամի «Սահմաններից վեր» փորձի փոխանակման ծրագրին: 2015-2016թթ. եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու:

2016-2018թթ.՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու, խմբագիր: 2018-2019թթ.՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2018 թվականից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ես իմ հայտարարությունների տերն եմ․ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ՌԴ Պետդումայի գրությանը պատասխանել Սարգիս Խնդանյանը |tert.am|

Ես իմ հայտարարությունների տերն եմ․ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ՌԴ Պետդումայի գրությանը պատասխանել Սարգիս Խնդանյանը |tert.am|

tert.am:  Ես գրություն չեմ ստացել, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն այդ պատասխանը ուղարկել էր, ուղղակի այդ րոպեին երևի տիկին Զախարովային հարմար էր այդպես արձագանքել և չարձագանքել մյուս մասին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք պատասխանելու է ՌԴ պետդումայի ուղարկած գրությանը։ «Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում։ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է»,- ասաց նա։ Ալեն Սիմոնյանը նաև ասաց, որ տեղյակ է, թե ինչ է Խանդանյանը պատասխանել, բայց չհայտնեց այդ տեղեկությունը, որովհետև, ըստ նրա, դա իմաստ չունի։ «Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, ինչ-որ ասել եմ տեղին եմ ասել։ Ի՞նչ է նշանակում ում անունից եմ արել հայտարարություներս, եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում իրենց ժողովորդին, դա իրենց խնդիրն է, ՀՀ-ում իշխանությունը և նաև ընդդիմությունը ներկայացնում է իր ժողովրդին»,- հավելեց նա։ Հիշեցնենք, որ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ խոսնակ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների կապակցությամբ»։ Նշենք նաև, որ Իսպանյայում Սիմոնյանը Իսպանիայում ԵՄ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում Սիմոնյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով, որ «համաժողովի առանցքում Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունը», ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։
13:46 - 06 մայիսի, 2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԵԽ քաղաքական և արտաքին հարաբերությունների տնօրեն Միրոսլավ Պապային

Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԵԽ քաղաքական և արտաքին հարաբերությունների տնօրեն Միրոսլավ Պապային

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 9-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի քաղաքական եւ արտաքին հարաբերությունների տնօրեն Միրոսլավ Պապային: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի գործիքակազմը կարեւոր է Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է փոխհամագործակցության հետեւողական զարգացումները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԵԽ քաղաքական եւ արտաքին հարաբերությունների տնօրենը նշել է, որ հայկական պատվիրակությունը բավականին ակտիվ եւ կառուցողական գործունեություն է ծավալում ԵԽԽՎ-ում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ գործընկերության, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու հարցերին:
22:43 - 09 ապրիլի, 2024
Խանդանյանը Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ոչ ԵՄ անդամ երկիր Կանադայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը

Խանդանյանը Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ոչ ԵՄ անդամ երկիր Կանադայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 5-ին ընդունել է մեր երկրում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը շնորհավորել է Էնդրյու Թըրներին առաջին ռեզիդենտ դեսպան նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության խորացմանը: Խոսելով հայ-կանադական միջխորհրդարանական կապերի զարգացման դրական դինամիկայի մասին՝ հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ մի շարք ոլորտներում առկա է համագործակցության չիրացված ներուժ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կարևորելով Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել ոչ ԵՄ անդամ երկիր Կանադայի մասնակցությունն առաքելությանը: Հանձնաժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել կանադական կողմին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հոգալուն ուղղված մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշել է, որ կանի առավելագույնը նպաստելու խորհրդարանական կապերի սերտացմանը: Էնդրյու Թըրները նույնպես կարևորել է Կանադայի և Հայաստանի միջև ոլորտային համագործակցության զարգացումը:
17:45 - 05 ապրիլի, 2024
Հայկական կողմը պնդում է` համաձայնեցված հոդվածներից հետընթաց անել չի կարելի. Սարգիս Խանդանյան
 |1lurer.am|

Հայկական կողմը պնդում է` համաձայնեցված հոդվածներից հետընթաց անել չի կարելի. Սարգիս Խանդանյան |1lurer.am|

1lurer.am: Խաղաղության պայմանագրի բանակցությունները, ըստ էության, այսօր շարունակվում են: Այսօր և վաղը Բեռլինում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հենց խաղաղության պայմանագիրն են բանակցելու, և ըստ այդ բանակցությունների արդյունքների կարող ենք գնահատական տալ, թե ինչ փուլում ենք: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: «Գիտեք, որ եղել է առաջարկների յոթերորդ ռաունդը, այսօր և վաղը տեքստի վրա արտգործնախարարները կաշխատեն, և դրանից հետո կհասկանանք՝ արդյոք առաջընթաց գրանցո՞ւմ են այս բանակցությունները, թե՞ դեռ լրացուցիչ բանակցությունների կարիք կա»,- մանրամասնեց Խանդանյանը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հայ պաշտոնյաները խաղաղության պայմանագրի տեքստի վերջին երկու փոխանակումներից հետո հետընթացի մասին են խոսել, սակայն փակագծեր չեն բացվել՝ ինչ է ցանկանում Ադրբեջանը, որ դա որակվում է որպես հետընթաց, պատգամավորը ասաց՝ ենթադրում է, որ բանակցությունների և պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների ընթացքում հոդվածներում եղել են որոշակի դետալներ, որոնք ընթացքում համաձայնեցված են եղել, բայց հետագա խմբագրումներում Ադրբեջանը հետ է կանգնել այդ համաձայնություններից: «Մենք շարունակաբար պնդել ենք, որ համաձայնեցված հոդվածների շուրջ պետք է պահպանվեն այդ համաձայնությունները»,- նշեց Սարգիս Խանդանյանը՝ ընդգծելով՝ յուրաքանչյուր խմբագրումից հետո փոփոխություններ են տեղի ունենում, և կարևորել, որ փաստաթղթի բանակցությունները տեղի ունենան ոչ թե օնլայն ռեժիմով, այլ բուն բանակցությունների ընթացքում: Հարցին՝ հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմն է հետ կանգնել համաձայնություններից, Խանդանյանը ևս մեկ անգամ ճշգրտեց՝ խոսքը ադրբեջանական կողմի  մասին է: «Հայկական կողմը պնդում է, որ այն, ինչ համաձայնեցված է, պետք է պահպանվի, և դրանից հետընթաց անել չի կարելի: Ընդհանուր առմամբ՝ բանակցությունների սկզբունքների մասին է խոսքը»,- ընդգծեց նա: Լրագրողներից մեկի հարցին՝ ինչ հույս կա, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո իր ստորագրության տերը կլինի, Խանդանյանը նկատեց՝ բացահայտում չէ, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ: «Բանակցությունների ընթացքում բանակցված և համաձայնեցված մի շարք դետալներ հետագայում փաստաթղթում իրենց արձանագրումը չեն գտնում, բայց եթե ելնենք այն կանխավարկածից, որ հույս չկա, և ինչ էլ ստորագրվի, հետագայում լարվածությունը չի ավարտվելու, ապա իմաստ չկա բանակցությունների: Մեր բանակցությունների ամբողջ իմաստը դա է, որպեսզի լարվածությունը նվազեցվի, և որոշակի շրջանակ ձևավորվի բանակցային համագործակցության, որից հետո հնարավոր կլինի տարածաշրջանում կայունություն հաստատել»,- նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը: 
13:21 - 28 փետրվարի, 2024
ՀՀ–ՀԱՊԿ հարաբերությունների սառեցումը քաղաքական գնահատական է. Խանդանյան
 |armeniasputnik.am|

ՀՀ–ՀԱՊԿ հարաբերությունների սառեցումը քաղաքական գնահատական է. Խանդանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունը քաղաքական գնահատական է, ոչ թե իրավական ամրագրում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա նշեց, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա, և արդեն ավելի քան մեկ տարի Հայաստանը չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին: «Մենք բազմիցս հնչեցրել ենք մեր դիրքորոշումները ՀԱՊԿ–ի գործունեության կամ անգործության վերաբերյալ։ Դա իրավիճակի կոնկրետ արձանագրում է։ Ժամանակը ցույց կտա` հետագայում կհետևեն գործընթացներ, թե ոչ»,– ասաց Խանդանյանը։ Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին: Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
13:10 - 28 փետրվարի, 2024
Անընդունելի են Հայաստանի ներքին հարցերին խառնվելու Ադրբեջանի փորձերը. Սարգիս Խանդանյան
 |1lurer.am|

Անընդունելի են Հայաստանի ներքին հարցերին խառնվելու Ադրբեջանի փորձերը. Սարգիս Խանդանյան |1lurer.am|

1lurer.am: Չէի ցանկանա նման կանխատեսում անել, բայց, ընդհանուր առմամբ, վերջին շրջանում՝ 2023 թվականի երկրորդ կիսամյակում, բանակցությունների ընթացքում առաջընթաց չգրանցելը անընդհատ մտավախություն է առաջ բերում, որ հնարավոր է լարվածության աճ, բայց ես ուրախ եմ, որ այս պահին, ըստ էության, սկսվեցին բանակցությունները: Երկրների ղեկավարների մակարդակով տեսանք Մյունխենում, և այժմ շարունակվում են արտգործնախարարների մակարդակով: Այս մասին լրագրողների զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հայ-ադրբեջանական բանակցությունների այս փուլում նոր սադրանքի հնարավորություն առկա՞ է: Հարցին՝ արդյոք բանակցությունների վերսկսումը երաշխի՞ք է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի վտանգը չեզոքացել է, Խանդանյանը ընդգծեց՝ չի ցանկանա կանխատեսել՝ սահմանին լարվածության աճի հավանականության վրա ինչպես կարող են ազդել բանակցությունները, սակայն տրամաբանությունն այնպիսին է, որ եթե կան բանակցություններ, լարվածությունը պետք է նվազի: Ինչ վերաբերում է Ադրբեջանին բանակցությունների նպատակով արևմտյան, այլ ոչ թե ռուսական հարթակներ տանելու հնարավորությանը, պատգամավորը նկատեց՝ ժամանակը և բանակցությունների շարունակականությունը ցույց կտան: «Խնդիրը Ադրբեջանին ոչ թե արևմտյան հարթակ, այլ կառուցողական դաշտ բերելն է: Եթե մեր գործընկերներին հաջողվի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ, և հանգել այն պահին, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, ապա դա լավ նշան կարող ենք համարել»,- ասաց նա: Հարցին՝ Ալիևը օրեր առաջ հայտարարել էր, որ եթե Հայաստանն ուզում է պայմանագիրը կնքվի, պետք է կատարվեն Ադրբեջանի բոլոր պահանջները, Խանդանյանը ընդգծեց՝ այդ հայտարարություններն անընդունելի են: «Անընդունելի են Հայաստանի ներքին հարցերին խառնվելու Ադրբեջանի փորձերը, նաև լրացուցիչ պահանջներ առաջ քաշելու փորձերը, որովհետև մի բան հստակ է և նաև հստակ է մեր միջազգային գործընկերներին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման համար սկզբունքների շրջանակը համաձայնեցված է: Այդ սկզբունքների շրջանակներում պետք է հարաբերությունները կարգավորվեն, և համաձայնությունները ձեռք բերվեն: Դրանցից դուրս լրացուցիչ պահանջները անընդունելի են, և դա կառուցողականության մասին չի վկայում»,- ասաց նա:
13:05 - 28 փետրվարի, 2024
Խանդանյանը Լատվիայի դեսպանին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, դրա ձգձգման պատճառները

Խանդանյանը Լատվիայի դեսպանին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, դրա ձգձգման պատճառները

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-ին հանդիպել է մեր երկրում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի հետ (նստավայրը` Թբիլիսի): Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարևորել է Լատվիայի հետ խորհրդարանական կապերի ակտիվացումը, բարեկամական խմբերի միջև ակտիվ շփումներն ու արդյունավետ փոխգործակցությունը: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, խոսել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին: Հանդիպմանը Սարգիս Խանդանյանն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, դրա ձգձգման պատճառներին: Սարգիս Խանդանյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են մի շարք ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը:  
15:42 - 12 փետրվարի, 2024
Խորհրդային իշխանությունները բավականաչափ ջանք չգործադրեցին, որ հետաքննեն եւ պատժեն Բաքվի հայերի կոտորածը կազմակերպած ջարդարարներին. Սարգիս Խանդանյան

Խորհրդային իշխանությունները բավականաչափ ջանք չգործադրեցին, որ հետաքննեն եւ պատժեն Բաքվի հայերի կոտորածը կազմակերպած ջարդարարներին. Սարգիս Խանդանյան

1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվում իրականացված հայերի ջարդերի 34-րդ տարելիցին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Բաքվում սպանված հայերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը: «Ոգեկոչում ենք 1990 թվականին տեղի ունեցած հայերի ջարդերի հետեւանքով զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակը, որը մեր պատմության ամենացավալի էջերից մեկն է: Ցավոք, այն ժամանակվա խորհրդային իշխանություններն ու Խորհրդային Ադրբեջանի իշխանությունը եւս բավականաչափ ջանք չգործադրեցին, որպեսզի հետաքննեն եւ պատժեն ջարդարարներին»,- ասել է Սարգիս Խանդանյանը: Նրա խոսքով միջազգային հանրության լռության ներքո տեղի ունեցած ջարդերը նույնիսկ նույն հանրության կողմից չուսումնասիրվեցին եւ քաղաքական գնահատականի ու դատապարտման չարժանացան, ինչն առիթ դարձավ, որ հետագայում եւս հարեւան երկիրը շարունակի նույն քաղաքականությունը:
16:37 - 19 հունվարի, 2024
Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները դինամիկ զարգանում են. Սարգիս Խանդանյան

Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները դինամիկ զարգանում են. Սարգիս Խանդանյան

Ուրախ եմ ողջունելու ձեզ Հայաստանի Ազգային ժողովում: Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ այս համատեքստում շատ կարեւոր է միջխորհրդարանական համագործակցությունը: Կարծում եմ` երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա է չօգտագործված մեծ ներուժ: Կա արդեն փոխգործակցության հուշագրի նախագիծ, որի ստորագրումը նոր մակարդակի կհասցնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակության հետ հունվարի 16-ին կայացած հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Էդուարդ Աղաջանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Գուրգեն Արսենյանը եւ Լենա Նազարյանը: Սարգիս Խանդանյանը կարեւոր ձեռքբերում է համարել առաջիկայում Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացումը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրին: Նշվել է, որ չնայած դժվարություններին` Հայաստանը հավատում է, որ տարածաշրջանում  ի վերջո խաղաղություն եւ կայունություն կհաստատվի, ու այդ նպատակով հայկական կողմը գործուն քայլեր է ձեռնարկում: Սարգիս Խանդանյանը խոսել է նաեւ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հարյուրամյակներով ապրող հայերի բռնի տեղահանման մասին: Հայ խորհրդարանականները ողջունել են հյուրերին, խոսել մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման անհրաժեշտության մասին, ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին ներկայացրել է ԱՄԷ-ի` որոշ երկրների հետ խնդիրներ ունենալու պարագայում հարաբերություններ կարգավորելու փորձը: Հյուրը համոզմունք է հայտնել, որ հարեւանների հետ փոխգործակցությունը կարող է նպաստել խաղաղության հաստատմանը: Կարեւորելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին նշել է, որ աջակցում են նախաձեռնության իրագործմանը:
15:34 - 16 հունվարի, 2024
«Պետք չէ աբսուրդի մեջ ընկնել»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Երևանի հայտարարության մասին
 |armeniasputnik.am|

«Պետք չէ աբսուրդի մեջ ընկնել»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Երևանի հայտարարության մասին |armeniasputnik.am|

Արևմուտքին դուր գալու ձգտման մեջ պետք չէ ծայրահեղության հասնել և աբսուրդի մեջ ընկնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքերը։ «Մենք ուշադրություն ենք դարձրել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանի հայտարարությանը, թե Բաքվի հետ բանակցությունները Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակներում «միջազգային հեղինակություն ունեն, և դա նրանց լեգիտիմություն է տալիս», - ասել է Զախարովան։ Նա նշել է, որ ցավոք, մի շարք մարդիկ, որոնք նման բաներ են հայտարարում պարզապես կորցրել են չափի զգացումը։ Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի կետերի վերաբերյալ հետընթացի» մասին Երևանի հայտարարություններին, Զախարովան նշել է, որ դա շատ կարևոր հարց է բուն Հայաստանի համար։ Հարավային Կովկասում իրական կայուն խաղաղություն հաստատելու համար այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզը դա բարձր մակարդակով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է, որը ստորագրվել է 2020-2022 թվականներին։ «Վաշինգտոնը և Բրյուսելը դրանք կա՛մ պատճենել են, հիշեցնեմ նրանց, ովքեր խոսում են այդ երկու հարթակների առավել լեգիտիմ լինելու մասին, կամ դրանք վերաշարադրել են ՝ ի նպաստ սեփական շահերի», - ասել է Զախարովան։ Նա հարցադրում է արել, թե նման կեղծ միջնորդների ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք գնալ ընդհանրապես, եթե հավաքական Արևմուտքը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, անարգում է միջազգային իրավունքը, պատերազմներ, հակամարտություններ հրահրում, գունավոր հեղափոխություններ կազմակերպում, բոլորին Արևմուտքի հորինված կանոններն է պարտադրում։ «Եվս մեկ կարևոր պահ՝ եթե վաշինգտոնյան և բրյուսելյան հարթակներում որևէ բան քննարկվի, ինչը օրինակ կհակասի Հայաստանի ազգային շահերին, մի՞թե հետագայում չեն հիշի նման քաղաքական գործիչների այն հայտարարությունների մասին, որ այդ հարթակները հայտարարություններին և փաստաթղթերին ավելի մեծ լեգիտիմություն են տալիս։ Պարզապես պետք է պատմություն, սեփական երկրների և տարածաշրջանների պատմություն ու համաշխարհային պատմություն իմանալ», - ասել է նա։ Զախարովան ընդգծել է, որ ռեգրեսիայի, պրոգրեսիայի, լճացման մասին ցանկացած գնահատական, որոնք տալիս են Երևանի, Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները պաշտոնական մակարդակում, այդ պետության բացարձակ իրավունքն է։ Նա նաև չի բացառել հայտարարությունների և Երևան ԱՄՆ դեսպանորդի այցի միջև որևէ կապը։
15:49 - 12 հունվարի, 2024
Սկզբունքային է, որ խաղաղության պայմանագրում ամրագրվի՝ սահմանազատումն իրականացվելու է Խորհրդային միության վերջին քարտեզներով. Խանդանյան
 |azatutyun.am|

Սկզբունքային է, որ խաղաղության պայմանագրում ամրագրվի՝ սահմանազատումն իրականացվելու է Խորհրդային միության վերջին քարտեզներով. Խանդանյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայկական կողմի համար սկզբունքային է, որ խաղաղության պայմանագրում հստակ ամրագրվի՝ սահմանազատումն իրականացվելու է խորհրդային շրջանի իրավասու մարմինների կողմից տպագրված և իրավական փաստաթղթերով հիմնավորված վերջին քարտեզներով: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շեշտում է՝ պաշտոնական Երևանը շարունակում է սրա անհրաժեշտության մասին պնդել: «Եթե այս սկզբունքը չպաշտպանվի ու չիրագործվի, ապա անհասկանալի է, թե ինչպես տեղի կունենա սահմանազատման գործընթացը», - նշեց Սարգիս Խանդանյանը: Երևանը բանակցային գործընթացում մշտապես հայտարարել է, թե կողմ է, որ սահմանազատումն իրականացվի Խորհրդային միության ամենաթարմ՝ 1975 թվականի քարտեզներով: Արտաքին գործերի նախարարությունից փոխանցում են, թե քննարկում են սահմանազատման սկզբունքները ամրագրելու, քարտեզների ընդգրկման հնարավորությունը, որպեսզի գործընթացը լինի հստակ և կանխատեսելի: Բաքուն մինչ օրս չի հայտարարել, թե համաձայն է այդ քարտեզով սահմանազատմանը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ենթադրում է, թե ինչու:
17:22 - 11 հունվարի, 2024
Երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին. Սարգիս Խանդանյան
 |panorama.am|

Երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին. Սարգիս Խանդանյան |panorama.am|

panorama.am: «Հայաստանը կողմ է, որ Ադրբեջանի հետ բանակցություններն արդյունավետություն ունենան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Ըստ նրա, Հայաստանը կարևորում է, որ այն ֆորմատները, որոնք ձևավորված են՝ ԱԳ նախարարների, երկրների ղեկավարների մակարդակով, շարունակական լինեն։ «Դրանք որոշակիորեն միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին, ավելի լեգիտիմ են դարձնում բանակցությունները և նաև ռիսկերն ավելի կառավարելի են դարձնում»,- ասաց նա։ Ս. Խանդանյանը նշեց, որ  երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին, որ որևէ տեղ, ժամ կամ օր ֆիքսվի, որպեսզի Հայաստանը մասնակցի Ադրբեջանի հետ բանակցություններին և Հայաստանն էլ մերժել է այդ առաջարկը։ «Մեզ համար առաջնահերթ կարևորություն ունի բանակցությունների բովանդակությունն ու սկզբունքների ամրագրումը, որովհետև բանակցությունները լինեն միջնորդների մասնակցությամբ, թե երկկողմ, եթե սկզբունքները չարձանագրվեն, ապա, այո, պայմանավորվածություններն այն արժեքը չեն ունենա, որն ակնկալում ենք»,- ասաց Ս. Խանդանյանը։
13:13 - 10 հունվարի, 2024
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց. Խանդանյան |azatutyun.am|

Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց. Խանդանյան |azatutyun.am|

azatutyun.am: Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց, «Ազատության» հետ զրույցում պնդեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը։ «Դրանք այն կարմիր գծերն են, որոնք Հայաստանը չի կարող ուղղակի այդպես զիջել», - ընդգծեց Խանդանյանը: Իրանի հետ դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման շուրջ պայմանավորվածությունից հետո Բաքուն հայտարարում էր, թե «Զանգեզուրի միջանցքն» իրենց համար կորցրել է գրավչությունը»։ Բայց վերջին օրերին թե՛ ադրբեջանցի, թե՛ թուրք պաշտոնյաները ոչ միայն ակտիվորեն խոսում են միջանցք բացելուց, այլև պայմաններ առաջ քաշում։ Բաքվի պահանջը նախօրեին ձևակերպեց Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, թե Հայաստանը պետք է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև անխոչընդոտ կապ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։ Թուրքիայի տրանսպորտի նախարարը ժամկետներ նշեց, թե ակնկալում են, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվի 5 տարուց՝ մինչև 2029-ը թիվը։ Ո՛չ Արտգործնախարարությունը, ո՛չ կառավարությունը պաշտոնապես դեռ չեն արձագանքել։
13:25 - 09 հունվարի, 2024
Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է գերիներին վերադարձնելու պարտավորությունից. գործընթացը պետք է տեղի ունենա շատ մոտ ժամանակահատվածում. Սարգիս Խանդանյան
 |aysor.am|

Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է գերիներին վերադարձնելու պարտավորությունից. գործընթացը պետք է տեղի ունենա շատ մոտ ժամանակահատվածում. Սարգիս Խանդանյան |aysor.am|

aysor.am: Գերիների վերադարձի գործընթացը պետք է տեղի ունենա շատ մոտ ժամանակահատվածում, այս մասին ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա, սակայն, կոնկրետ օր չնշեց։ «Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է պարտավորությունից, ի վերջո, դա գրավոր ստանձնած պարտավորություն է», - նշեց նա՝ ենթադրելով, որ կան որոշակի կազմակերպչական հարցեր, որոնք ընթացքի մեջ են։ «Պետք է ակնկալել, որ մոտակա ժամանակահատվածում դա տեղի կունենա, ուղղակի, հաշվի առնելով հարցի զգայունությունը, չէի ցանկանա շատ մանրամասներ քննարկել հրապարակայնորեն», - ասաց Սարգիս Խանդանյանը։ Նա հայտարարեց նաև, որ գերիների այս խմբի վերադարձից հետո Բաքվում շարունակելու են մնալ հայ ռազմագերիներ։ «Հայաստանը շարունակելու է աշխատանքները, որ այս մարդիկ ևս վերադառնան Հայաստան»,- նշեց պատգամավորը։ Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը։ Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությ ունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:
12:51 - 13 դեկտեմբերի, 2023