Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է գերիներին վերադարձնելու պարտավորությունից. գործընթացը պետք է տեղի ունենա շատ մոտ ժամանակահատվածում. Սարգիս Խանդանյան
 |aysor.am|
12:51 - 13 դեկտեմբերի, 2023

Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է գերիներին վերադարձնելու պարտավորությունից. գործընթացը պետք է տեղի ունենա շատ մոտ ժամանակահատվածում. Սարգիս Խանդանյան |aysor.am|

aysor.am: Գերիների վերադարձի գործընթացը պետք է տեղի ունենա շատ մոտ ժամանակահատվածում, այս մասին ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նա, սակայն, կոնկրետ օր չնշեց։

«Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է պարտավորությունից, ի վերջո, դա գրավոր ստանձնած պարտավորություն է», - նշեց նա՝ ենթադրելով, որ կան որոշակի կազմակերպչական հարցեր, որոնք ընթացքի մեջ են։

«Պետք է ակնկալել, որ մոտակա ժամանակահատվածում դա տեղի կունենա, ուղղակի, հաշվի առնելով հարցի զգայունությունը, չէի ցանկանա շատ մանրամասներ քննարկել հրապարակայնորեն», - ասաց Սարգիս Խանդանյանը։

Նա հայտարարեց նաև, որ գերիների այս խմբի վերադարձից հետո Բաքվում շարունակելու են մնալ հայ ռազմագերիներ։

«Հայաստանը շարունակելու է աշխատանքները, որ այս մարդիկ ևս վերադառնան Հայաստան»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը։

Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությ ունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել