Գիտություն

Տիեզերական գաղափարը միավորում է․ ինչպես Հայաստանում ստեղծվեց «Հայասաթ-1» արբանյակը

Տիեզերական գաղափարը միավորում է․ ինչպես Հայաստանում ստեղծվեց «Հայասաթ-1» արբանյակը

Մոտ 3000 երիտասարդ աստղեր միասին կազմում են Բազումք ցրված աստղակույտը։ Գիշերային երկնքում անզեն աչքով էլ կարող եք տեսնել Բազումքը, իսկ ավելի կոնկրետ՝ նրա կենտրոնական մասի պայծառագույն աստղերը։ Բազումքը Հայաստանի երկնքից / լուսանկարը՝ Տիգրան Արզումանյանի / Երեք տարի առաջ, երբ Ավետիք Գրիգորյանը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Շահվերդյանը և Վաչիկ Խաչատրյանը որոշեցին Հայաստանում տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնել, նրանք ուզում էին այնպիսի անվանում ընտրել իրենց լաբորատորիայի համար, որը կապ կունենա տիեզերքի հետ, կլինի հայկական և կխորհրդանշի բազում անդամներով համատեղ աշխատելու գաղափարը։ Տարբերակները շատ էին, բայց ի վերջո ընտրությունը կանգ առավ «Բազումք»-ի վրա։ Այս ամենի հիմքը դրվել էր դեռ 35 տարի առաջ՝ 1988-ին, երբ մասնագիտությամբ աստղաֆիզիկոս Ավետիք Գրիգորյանը հիմնեց ԱՅԱՍ տիեզերագիտական խմբակն ու սկսեց դպրոցականներին օդագնացություն, ավիացիա, աստղագիտություն և տիեզերագնացութույուն սովորեցնել։ ԱՅԱՍ տիեզերագիտական խմբակը / լուսանկարը՝ Ավետիք Գրիգորյանի արխիվից / Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Շահվերդյանն ու Վաչիկ Խաչատրյանն էլ ժամանակին ԱՅԱՍ-ի սաներ են եղել։ Տիեզերական խմբակը գործում է մինչև օրս ու շարունակում կրթել աշակերտներին, բայց բացի կրթությունից՝ անհրաժեշտ էր նաև Հայաստանում տիեզերական հետազոտությունների ուղղությունը զարգացնել ու դրան նոր շունչ հաղորդել։ Հենց այդ նպատակով էլ հիմնադրվեց «Բազումք»-ը։    «Կիսատիեզերական» առաքելությունը 2021-ին «Բազումք»-ում, ինչպես իրենք են ասում, երկու «կիսատիեզերական» առաքելություն իրականացրին։ Վաչիկ Խաչատրյանը պատմում է, որ դրամաշնորհ ստացան, իրենք էլ ներդրումներ արեցին ու երկու անգամ իրենց մշակած բարձր մթնոլորտային հարթակը օդապարիկով թռցրին ստրատոսֆերա՝ մինչև 30 կմ բարձրություն (ստրատոսֆերան Երկրի մակերևույթին հարող մթնոլորտային շերտին՝ տրոպոսֆերային հաջորդող շերտն է՝ 18-50 կմ բարձրությունների տիրույթում)։ «Կիսատիեզերական» առաքելությունը / լուսանկարը՝ «Բազումք»-ի / «Ստրատոսֆերային թռիչքներից հետո արդեն հաջորդ լուրջ քայլն արբանյակն էր։ Վաղուց այդ մտքերը եղել են, խմբեր ձևավորվել են, աշխատանքներ արվել են այդ ուղղությամբ, բայց հետո առաջ չի գնացել։ Վերջապես սկսեցինք համագործակցել «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի հետ, երկուստեք լավ թիմ կազմեցինք ու, միավորելով այդ թիմերը, արբանյակի պրոյեկտը լուրջ հիմքերի վրա դրեցինք: Այս թիմն արդեն պետք է հաջողեր, որովհետև թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային ռեսուրսների առումով միավորվեցին ուժերը, ու կարողացանք այդ ամենն իրականություն դարձնել»,- ասում է Վաչիկը։   Տիեզերական գաղափարը միավորում է Մասիս Կումրիգյանը 20 տարի աշխատել է տիեզերական ոլորտում, զբաղվել արբանյակների նախագծման, պատրաստման, փորձարկման աշխատանքներով։ Մասիսը պատմում է՝ երբ երկու տարի առաջ ընտանիքով տեղափոխվեց Հայաստան, ցանկանում էր այստեղ այնպիսի գործունեություն ծավալել, որը կառնչվի իր ոլորտին։ Նա այդ ժամանակ հետքրքրված էր՝ արդյոք Հայաստանում արբանյակներ պատրաստելու կարողություններ կա՞ն, թե՞ ոչ։ Մասիսը Մասիսն արդեն «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամում էր աշխատում, երբ իմացավ «Բազումք»-ի մասին։ Հիմնադրամի հիմքերը դրվել էին դեռ յոթ տարի առաջ։ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո մի խումբ սփյուռքահայ գիտնականների մոտ միտք հղացավ Հայաստանում զարգացնելու օդային ռոբոտաշինությունը։ Մոտ երկու տարվա աշխատանքից հետո՝ 2018-ին, նրանք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությամբ ստեղծեցին Օդային ռոբոտաշինության լաբորատորիան։ Արդեն 2020-ի պատերազմից հետո թիմը հասկացավ, որ պետք է աշխատանքներն ավելի ինտեսիվ դարձնել, և  2021-ին ստեղծվեց  «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ը (Center for Scientific Innovation and Education, այսուհետ՝ CSIE)։ CSIE-ն նպատակ ունի Հայաստանում հիմնելու Ավտոմատացման գերազանցության կենտրոն, ինչպես նաև, օգտագործելով գիտնականների միջազգային ցանցը, կառուցելու Հայկական ռոբոտաշինության համաշխարհային կենտրոն։ Հիմնադրամն այժմ իր առջև խնդիր է դրել գիտնականներին և ուսանողներին սովորեցնել, թե ինչպես ձևակերպել առաջադեմ հետազոտական խնդիրներ և ունենալ մրցակցային մտածելակերպ։ «Բազումք»-ի և CSIE-ի թիմերը / լուսանկարը՝ «Բազումք»-ի / 2021-ի ընթացքում CSIE-ն և «Բազումք»-ը քննարկումներ ունեցան ու հանգեցին այն գաղափարին, որ պիտի միասին ստանձնեն Հայաստանում սեփական ուժերով արբանյակ ստեղծելու առաքելությունը։ Հենց այսպես էլ սկսվեց Հայաստանում ստեղծված առաջին արբանյակի՝ «Հայասաթ-1»-ի պատմությունը։ Ինչու են արբանյակները կարևոր Արբանյակն օբյեկտ է, որը պտտվում է ավելի մեծ մարմնի շուրջը։ Երկիր մոլորակն, օրինակ, Արևի արբանյակն է, քանի որ պտտվում է նրա շուրջը, իսկ Լուսինը Երկրի արբանյակն է։ Սրանք բնական արբանյակներ են, բայց լինում են նաև արհեստական արբանյակներ՝ մարդկանց կողմից ստեղծված սարքեր, որոնք բաց են թողնվում տիեզերք ու պտտվում Երկրի կամ տիեզերական այլ մարմնի շուրջը։ 1950-ականներին, երբ ընթանում էր «տիեզերքը նվաճելու համար» մրացավազքը, Խորհրդային միությունն առաջինն էր, որ 1957-ին տիեզերք ուղարկեց իր արհեստական արբանյակը՝ «Սպուտնիկ-1»-ը։ Շատ չանցած՝ 1958-ին, Միացյալ Նահանգները ևս տիեզերք ուղարկեց իր արբանյակը։ Իսկ արդեն 1959-ին ամերիկյան Explorer 6-ից ստացվեց Երկիր մոլորակի առաջին արբանյակային լուսանկարը։ Արբանյակներն օգտագործվում են ամենատարբեր նպատակներով՝ կապ ապահվելու, Երկրի ջրային, ցամաքային ռեսուրսները վերահսկելու, տիեզերքն ուսումնասիրելու համար և ոչ միայն։ «Այս դարն առանց արբանյակների երևի թե անհնար կլիներ․ նավավարական արբանյակային համակարգերը (GPS), որ մենք ամբողջ օրն օգտագործում ենք տեղից տեղ գնալիս, կապի համակարգերը, Երկրի հեռազննումը, եղանակի տեսությունը՝ դրանք բոլորն արբանյակային տեխնոլոգիաներ են ու գնալով զարգանում են։ Հիմա ոչ թե ստեղծվում են մեկ-երկու արբանյակներ, այլ ստեղծվում են արբանյակների խմբավորումներ, որ անընդհատ կարողանան նույն տարածքը վերահսկել և կապով ապահովել։ Իլոն Մասկը հիմա Starlink-ի (SpaceX ընկերության ստեղծած արբանյակային խմբավորում,- խմբ․) պրոյեկտով ամբողջ աշխարհին ուզում է գլոբալ ինտերնետով ապհովել»,- ասում է Վաչիկը։  Իսկ ինչո՞ւ է Հայաստանի նման երկրին անհրաժեշտ սեփական արբանյակ ունենալ։ Այս հարցին պատասխանելիս Վաչիկը մեջբերում է Մասիսին․ «Հայաստանը բոլոր կողմերից շրջափակված է, վերևը բաց է»։ Վաչիկը «Այն ռեսուրսը, որ մենք ունենք վերևում, պետք է օգտագործել։ Պետք է օգտագործել այն նպատակով, որ մենք ունենանք մեր անվտանգ կապը հետագայում, արագ, ավելի օպերատիվ տվյալներ ստանանք վերևից, մեր ռեսուրսները ճիշտ մոնիտորինգ անենք՝ թե՛ ջրային, թե՛ ցամաքային, գյուղատնտեսական, թե՛ սահմանային մոնիտորինգ անենք՝ ավելի օպերատիվ տվյալներ ունենալու համար»,- ասում է Վաչիկը։ Բայց այս ամենն ունենալու և, առհասարակ, տիեզերական հետազոտությունները Հայաստանում զարգացնելու համար նախևառաջ համագործակցությունների ու փորձի փոխանակման կարիք կա։   «Քանի որ տիեզերքը բարդ ոլորտ է, այդտեղ տեխնոլոգիաներն ահագին զարգացած են, բարդ են, ու ոչ բոլորին է հասանելի այդ գիտելիքը․ դու պետք է այդ ոլորտի մեջ լինես, որոշակի ներուժ դրսևորես, նոր քեզ հետ մարդիկ ուզենան համագործակցել, գիտելիք փոխանցվի այստեղ։ Իսկ այդ գիտելիքը հետագայում ամբողջ ինդուստրիայի վրա է ազդում։ Կապերը, որոնք մենք ունենք արտասահմանում, ունենք հայրենակիցներ, որոնք աշխատում են այդ ոլորտներում և ունեն գիտելիք, եթե մենք նրանց հետ չհամագործակցենք, նրանց գիտելիքը մեզ չի օգնի»,- ասում է Վաչիկը։ Մասիսն էլ փաստում է՝ այս ոլորտում ամենակարևոր բաներից մեկն է համագործակցել նրանց հետ, ովքեր փորձ ունեն․ «Մենք բոլորս գիտենք, որ Իլոն Մասկը SpaceX-ը ստեղծեց և ամեն ինչ փոխեց, բայց ինքն էլ մենակը չէր կարա անել, ինքն էլ արդէն ուրիշի հիմքի վրայ է հիմնվում, ինքը NASA-ի հետ էր համագործում տարիներով, որովհետև 10 տարի առաջ ինքը հրթիռ չէր տեսած, հիմա ամենալավ հրթիռներ է սարքում։ NASA-ի հետ համագործեր էր, հիմք տուին իրեն, դրա վրայ նորարարություն ավելացուց ու համագործակցելով մի լավ բան ստացավ։ Մենք ալ նոյն բանը փորձում ենք անել, այսինքն՝ փորձը բերել, միացնել մարդոց, որ մասնագետներ են, և այդ ամենը միավորելով՝ անենք մի բան, որ Հայաստանի համար լավ արդիւնք բերե»։   Մեկը՝ երկրի վրա, մյուսը՝ տիեզերքում Որևէ արբանյակ ստեղծելուց առաջ պետք է նախ թեստային նմուշ պատրաստել, բոլոր փորձերն ու հաշվարկները դրա վրա իրականացնել, հետո այդ ամենը պրոյեկտել իրական արբանյակի վրա։ Առաջինը երկրային նմուշն է, երկրորդը՝ թռիչքային։  «Երկրային նմուշի վրա մշակվում են ծրագրերը, համակարգերը, այդ բոլորը փորձարկվում է, ինտեգրվում է և միասնական ստուգվում։ Հետո, երբ որ այդ փուլերով ամբողջական անցանք, ֆիքսում ենք, թե վերջնական աշխատող բաները որոնք են, ֆիքսում ենք, որ համակարգը ճիշտ է աշխատում, նոր դրանից հետո իրական թռիչքային նմուշն ենք բացում, տուփերից հանում, սկսում դրա մեջ ներբեռնել այդ ծրագրերը, տալ անհրաժեշտ միացումները։ Ու վերջ, այն դառնում է պատրաստի աշխատող համակարգ։ Աշխատում ենք շատ փորձեր չանել թռիչքային մոդուլի վրա»,- ասում է Վաչիկը։ Ավետիք Գրիգորյանն էլ հավելում է, որ երբ արբանյակն արդեն շահագործելիս լինեն, որևէ խնդիր առաջանա, և իրենք լուծումներ մտածեն, առաջինը փորձարկելու են երկրային նմուշի վրա․ եթե ամեն բան հաջող անցավ, նոր այդ լուծումը կկիրառեն թռչող արբանյակի համար։ «Բազումք» լաբորատորիան / լուսանկարը՝ «Բազումք»-ի / «Բազումք»-ի և CSIE-ի՝ ավելի քան 10 հոգուց կազմված թիմը Զովունիում՝ «Բազումք» լաբորատորիայում, մի տարի աշխատեց երկրային նմուշի վրա, այնուհետև սկսվեցին թռիչքային նմուշի հետ աշխատանքները։ Քանի որ ամեն բան փորձարկված ու հաշվարված էր, թռիչքային նմուշի հավաքումը տևեց մոտ մեկ ամիս։ Թռիչքային նմուշի հետ աշխատանքների համար պահանջվում են հատուկ պայմաններ․ արբանյակը պիտի հավաքվի մաքուր սենյակում։ Մաքուր սենյակը հատուկ լաբորատորիա է, որտեղ փոշու կոնցենտրացիան կառավարելի է, իսկ կառավարելիության աստիճանը կախված է նրանից, թե ինչ դասի մաքուր սենյակի մասին է խոսքը։ Երբ, օրինակ, ասում են 1000 դասի մաքուր սենյակ, նշանակում է, որ այդ սենյակի յուրաքանչյուր 1 ոտնաչափ խորանարդում 0,5 միկրոմետրից մեծ փոշեհատիկների թիվը չպետք է գերազանցի 1000-ը։ «Արբանյակի վրա կան զգայուն սարքեր, արևային վահանակներ, որոնք տիեզերքում պետք է աշխատեն, որ էլեկտրական հոսանք գեներացնեն, և դրանք պետք է մաքուր լինեն՝ փոշեհատիկներից զերծ, որպեսզի անխափան աշխատեն։ Հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու համար այդ ամեն ինչն արվում է մաքուր սենյակում»,- ասում է Վաչիկը։ Աշխատանքները մաքուր սենյակում Հենց այդ պատճառով էլ թիմը թռիչքային նմուշի հավաքման աշխատանքներն իրականացրեց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի մաքուր սենյակում։  «Հայասաթ-1»-ի առանձին բաղադրիչները՝  ռադիոկապի և էներգասնուցման համակարգերը, ներքին համակարգիչը, արևային վահանակները, ձեռք էին բերվել արդեն պատրաստի վիճակում։ Այստեղ՝ Հայաստանում, իրականացվեց այդ բոլոր համակարգերի ինտեգրացիան։ Սա մանրակրկիտ ու բարդ աշխատանք է․ պետք է իրականացնել հաշվարկներ, վերլուծություններ, ծրագրավորում, և այդ ամենը պիտի այնքան ճշգրիտ լինի, որ բոլոր համակարգերը միասին անխափան աշխատեն։   Փոքր քայլ՝ մեծ քայլերին ընդառաջ «Հայասաթ-1»-ը CubeSat տեսակի արբանյակ է։ Այս անունը ծագում է անգլերեն cube (խորանարդ) և satellite (արբանյակ) բառերից: CubeSat արբանյակները փոքր չափերի պատճառով երբեմն կոչվում են նանոարբանյակներ։ «Հայասաթ-1»-ը մեկ միավորանոց արբանյակ է, այսինքն՝ խորանարդ է, որի բոլոր կողմերը 10 սանտիմետր են։ Վաչիկն ասում է՝ CubeSat ձևաչափի արբանյակն ամենահարմար տարբերակն էր սկսելու համար։ «Քանի որ այս ոլորտում մենք մեր առաջին քայլերն ենք իրականացնում, պետք է սկսել պարզից․ չի կարելի այդ քայլը բաց թողնել, միանգամից բարդ համակարգերի վրա աշխատել։ Դա կարող է անարդյունավետ լինել, որովհետև դու խնդիրները ռեալ չես պատկերացնում, նաև կարող է բերել ավելի ծախսատարության»,- ասում է նա։ «Հայասաթ-1»-ը / լուսանկարը՝ «Բազումք»-ի / Մասիսն էլ հավելում է, որ այստեղ հարցը ոչ այնքան արբանյակի բարդության աստիճանն է, որքան այն, թե ինչ էր հնարավոր անել եղած ֆինանսական ռեսուրսներով․ «Ամէնահեշտ արբանյակն է, բայց ամէնադժուար քայլն է, հետո արդէն հաջորդը ավելի հեշտ կլինի մեր համար, որովհետև հիմք ունենք»։ «Հայասաթ-1»-ը կոնկրետ նշանակության արբանյակ չէ․ սարքը տեխնոլոգիական դեմոնստրացիա է, և նպատակն է ցույց տալ, որ Հայաստանում կան արբանյակ ստեղծելու հնարավորություններ ու կարողություններ։    Արբանյակի հետ կապը Երբ «Հայասաթ-1»-ն արդեն տիեզերքում լինի, այն յուրքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու։ Արբանյակի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է ունենալ վերգետնյա կայանք և անտենաների կամ ալեհավաքների միջոցով ինֆորմացիա ստանալ ու անհրաժեշտության դեպքում հրահանգներ հաղորդել դրան։ «Պիտի հասցնես իր հետ կապ հաստատել, տվյալներ վերցնել, հրամաններ տալ, իմանալ տվյալներ իր «առողջական» վիճակի մասին, սենսորների գրանցումներով պարզել, թե որ համակարգն ինչ վիճակում է»,- ասում է Վաչիկը։ Այս նախագծի շրջանակում Զովունիում՝ «Բազումք» լաբորատորիայի տարածքում, վերգետնյա կայանք է կառուցվել, որի միջոցով ապահովվելու է կապն արբանյակի հետ։ Իհարկե, բացի «Հայասաթ-1»-ի մասին գաղտնագրված տվյալներից, որոնք հասանելի են լինելու միայն թիմին, կան տվյալներ, որոնք հասանելի են լինելու բոլորին։ Զովունու վերգետնյա կայանքը / լուսանկարը՝ «Բազումք»-ի / «Ցանկացած մարդ, որ կարող է օգտվել սիրողական տիրույթի ռադիոալիքներից, կարող է այդ տվյալներն ընդունել ու տեսնել, թե իրավիճակն ինչպես է։ Մենք էլ, օրինակ, մեր վերգետնյա կայանքով կարողանում ենք ուրիշ արբանյակից տվյալ ստանալ»,- ասում է Վաչիկը։ Մասիսն էլ հավելում է՝ երբ արբանյակը տեղ հասնի, ստուգեն ու տեսնեն, որ ամեն բան կարգին է, կասեն այն հաճախականությունը, որով կարելի է ստանալ արբանյակի մասին բաց տվյալները։ Բացի «Հայասաթ-1»-ի հետ աշխատանքներից՝ Զովունու վերգետնյա կայանքը հետագայում օգտագործվելու է նաև տարբեր համագործակցությունների ժամանակ։ Այս պահին, օրինակ, Ֆրանսիական Վերսալի համալսարանի հետ քննարկումներ են ընթանում, և հնարավոր է՝ հետագայում Զովունու կայանքի միջոցով նրանց արբանյակից տվյալներ ընդունվեն ու փոխանցվեն նրանց։   Օգտակար բեռը Օգտակար բեռ (անգլերեն՝ payload) հասկացությունն ի սկզբանե օգտագործվում էր նավագնացության մեջ․ այսպես էին կոչվում այն բեռները, որոնք եկամուտ էին բերում նավերին։ Տիեզերական ոլորտում օգտակար բեռ են համարվում այն սարքերը, որոնք տարբեր առաքելությունների ժամանակ տիեզերական սարքի աշխատանքի և նրա ստացած տվյալների մասին տեղեկություններ են ուղարկում Երկիր։ «Բազումք»-ն ու CSIE-ն որոշեցին իրենց նախագծի շրջանակում պատրաստել ու «Հայասաթ-1»-ի հետ տիեզերք ուղարկել նաև օգտակար բեռ։ «Օգտակար բեռը ներառում է արբանյակի կողմնորոշման փոփոխություները չափող սարք, իսկ համադրելով նրա և որոշ այլ տվիչների ցուցմունքները՝ նաև թույլ է տալիս մոտավոր որոշել հենց կողմնորոշումը տարածության մեջ։ Մենք արբանյակի ուղեծիրը չենք կարողանում փոխել, շարժիչ չունի, բայց թե տիեզերքում ինչ կողմնորոշում ունի, կարելի է պատկերացնել այդ սարքի օգնությամբ»,- ասում է Վաչիկը։ Մասիսը կարևորում է այն հանգամանքը, որ սարքի ստեղծումը՝ նախագծումից մինչև հավաքում ու փորձարկում, ամբողջությամբ իրականացվել է Հայաստանում։ Ավետիք Գրիգորյանը Ավետիք Գրիգորյանն էլ ասում է՝ շատ կարևոր է, թե ինչպես կաշխատի սարքը տիեզերքի ծանր պայմաններում և արդյոք ճիշտ չափումներ կանի՞․ «Իր արդյունքները համեմատելու ենք արբանյակի ստանդարտ մասում եղած նմանատիպ սարքի ցուցմունքների հետ, համոզվենք՝ ինքն իրեն արդարացրե՞ց տիեզերքում, որովհետև անմիջապես տիեզերքում ուղեծրային թռիչքի ռեժիմում փորձարկված չէ։ Հենց որ փորձարկվեց ու լավ դրսևորեց իրեն, դառնում է թանկարժեք սարք»։   Տիեզերքում ռիսկերը տիեզերական մասշտաբներ ունեն «Հայասաթ-1»-ն արդեն պատրաստ է, իսկ «Բազումք»-ը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա է ստացել։ Այժմ արբանյակը պիտի ուղարկվի Նիդերլանդներ, անհրաժեշտ ստուգումներ անցնի, դրանից հետո էլ ուղևորվի SpaceX ընկերություն, որի Falcon 9 տանող հրթիռի հետ նոյեմբերին կթռչի տիեզերք։ Սև արկղում արդեն պատրաստի «Հայասաթ-1»-ը սպասում է Նիդերլանդներ ուղևորությանը Երբ «Հայասաթ-1»-ն արդեն տիեզերքում լինի, «Բազումք»-ի ու CSIE-ի համար կսկսվի  ամենդժվար ու պատասխանատու փուլերից մեկը։ Տիեզերքում ամենատարբեր խնդիրներ կարող են առաջանալ, իսկ արբանյակը իջեցնել, խնդիրները կարգավորել ու հետ ուղարկել հնարավոր չէ։ Բացի այդ՝ «Հայասաթ-1»-ը ոչ միշտ է լինելու թիմի վերահսկողության տակ, այլ միայն այն ժամանակ, երբ անցնի վերերկրյա կայանքի վերևով, հետևաբար պետք է հասցնել հրահանգներն ուղարկել ճիշտ ժամանակին և ստանալ սպասվող տվյալները։ Վերջին աշխատանքները «Հայասաթ-1»-ի հետ «Եթե հանկարծ լուրջ բան պատահի իր վրայ, եթե տեսնենք մի բանըմ վատառողջ է, ի՞նչ ենք անելու։ Այդ ամեն բաները պէտք է շատ զգոյշ պլանավորուի: Շատ սցենարներ կան տիեզերքում, որ պէտք է մտածել»,- ասում է Մասիսը։ Նրա խոսքով «Հայասաթ-1»-ից տվյալներ կվերցնեն ու այդ տվյալների հետ կաշխատեն 3-6 ամիս։ Դրանից հետո կհասկանան՝ իմաստ ունի՞ շարունակել շահագործումը, թե՞ պետք է անջատել, քանի որ հետագա շահագործումն ավելորդ ծախս է։ Կարևորն այն է, որ արբանյակը բարեհաջող տեղ հասնի ու տիեզերական խիստ պայմաններում իրեն լավ դրսևորի։   Տիեզերական առաքելությանը կարող են մասնակցել բոլորը «Հայասաթ-1»-ի, կապի վերգետնյա կայանքի և օգտակար բեռի պատրաստման աշխատանքներն իրականացվել են բացառապես «Բազումք»-ի և CSIE-ի դրամական միջոցներով։ Երկուսն էլ հիմնադրամի կարգավիճակ ունեն, և նրանց միջոցները գոյանում են մասնավոր նվիրատվություններից։ Բայց առջևում դեռ շատ ծախսեր կան․ թռիչքից առաջ արբանյակը պիտի փորձարկում անցնի Նիդերլանդներում, այդ ընթացքում Հայաստանում պիտի շարունակվեն երկրային նմուշի հետ աշխատանքները, արբանյակի արձակման համար էլ միջոցներ են անհրաժեշտ։ Թիմը reArmenia հարթակում դրամահավաք է սկսել, որի միջոցով և՛ հանրությանն իրազեկելու է նախագծի մասին, և՛ միջոցներ է հայթայթելու հետագա աշխատանքների համար։ Վաչիկը մաքուր սենյակում «Թռիչքը անկախ Հայաստանի համար պատմական իրադարձություն է։ Մենք շատ ենք ուզում, որ այդ իրադարձությանը մաս կազմեն սովորական մարդիկ, կարողանան մասնակցել ընկերություններ, անհատներ ու իրենց լուման ունենան նախագծի հաջողության մեջ, ավելի ոգևորվեն, տարածեն, ու ավելի կարևորությունը ընդգծվի»,- ասում է Վաչիկը։  Ավետիք Գրիգորյանն էլ հավելում է․ «Երբ հանրությունը չի հավատում կամ թերագնահատում է, ասում է՝ խաղալիք է, իսկ հետո երբ տեսնում է, որ, այո՛, կարողանում են մերոնք դա անել, և ինքն էլ մասնակցում է, ասում է՝ տես, ես էլ մասնակցեցի, ու դրա շնորհիվ իրականություն դարձավ, իր մոտ էլ է հավատ առաջանում նաև ի՛ր ուժերի, ի՛ր մասնակցության նշանակության հանդեպ։ Հանրային ոգեշնչումը դրամահավաքի առաջին նպատակն է, ոչ թե երկրորդ, երրորդ»։ Մասիսն ասում է՝ աշխարհում այսպիսի նախագծերն իրականացնում են կա՛մ կառավարությունները, կա՛մ մասնավոր ներդրողները։ Իրենք չսպասեցին ո՛չ մեկին, ո՛չ էլ մյուսին․ «Ռիսկը մենք վերցուցինք, բոլորովին ռիսկը մեր վրայ է, որ էսի անենք, աշխատցնենք, ցոյց տանք, որ Հայաստանում կարելի է էս տեսակի համակարգեր ստեղծել։ Կինո չէ, իրականում կարելի է։ Ու մյուսները որ տեսան՝ ռիսկը վերցուցինք ու մի տեղ հասանք, արդէն սկսեն աջակցել, ու էսի դառնա Հայաստանի համար լուրջ ոլորտ»։ / Լուսանկարը՝ «Բազումք»-ի / Նախագիծն իրականացնելու ընթացքում Հայաստանի և՛ գիտական, և՛ տեխնոլոգիական համայնքն, ինչով կարողացել է, օգնել է թիմին, խորհուրդներ տվել, որ ամեն բան հաջող ընթանա։ Այժմ «Բազումք»-ի ու CSIE-ի սկսած առաքելությանը կարող են մաս դառնալ բոլորը։ Իսկ այս ամենի արդյունքում մենք նոյեմբերին ականատես կդառնանք, թե ինչպես Հայաստանում ստեղծված առաջին արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, հասավ տիեզերք։   Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
20:28 - 10 սեպտեմբերի, 2023
Հայաստանի կարիքներից բխող գիտական համակարգ չես կարող կառուցել ոչ համակարգային լուծումներով. Գիտուժը կառավարությունից պահանջում է վերանայել մոտեցումները

Հայաստանի կարիքներից բխող գիտական համակարգ չես կարող կառուցել ոչ համակարգային լուծումներով. Գիտուժը կառավարությունից պահանջում է վերանայել մոտեցումները

«Գիտուժ» նախաձեռնությունը, անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» նախագծով պայմանավորված գիտության քաղաքականության մեջ վերջին զարգացումներին և կառավարության մակարդակով տարբեր քննարկումներին, հայտարարում է. ՀՀ կառավարության գլխավորությամբ պատասխանատու նախարարությունները (ԿԳՄՍ, ԲՏԱ, Էկոնոմիկայի նախարարություն) վերջին երկուսուկես տարվա ընթացքում չկարողացան, միմյանց հետ համագործակցելով, հստակ սահմանել Հայաստանի Հանրապետության նպատակներից ու կարիքնեից բխող գիտական և ԳՀՓԿԱ առաջնահերթությունները։ Իրենց օրակարգում չընդգրկեցին այդ առաջնահերթությունները սպասարկող գիտահետազոտական ու նորարարական համակարգի ստեղծման ու զարգացման հարցը։  Արդյունքում Հայաստանում գիտահետազոտական ու ԳՀՓԿ աշխատանքների զարգացմանն ուղղված քաղաքականությունը շարունակում է մնալ ոչ համակարգային՝ հիմնվելով մակերեսային հետազոտությունների և տեղային լուծումների վրա։ Մասնավորապես, «Ակադեմիական քաղաք» նախագծի հայեցակարգում ամբողջությամբ բացակայում է գիտական հետազոտությունների միջոցով պետության խնդիրները լուծելու նպատակի և դրան հասնելու համար անհրաժեշտ քայլերի սահմանումը։ Հուլիսի 17-ին ԿԳՄՍ նախարարության էջում հրապարակվել է հայեցակարգային առաջարկությունների մասին հրավեր, որտեղ նշված է. «2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կտրամադրվի միայն խոշորացված բուհերին և դրանց հետ միավորված գիտական կազմակերպություններին»։ Այսինքն` պետական աջակցություն և ֆինանսավորում ստանալու են միայն այն գիտահետազոտական ինստիտուտները, որոնք կմիավորվեն համալսարանների հետ։ Այսպիսով, պետական քաղաքականություն է դառնում այն մտավախությունը, որի մասին բազմիցս բարձրաձայնել են տարբեր շահագրգիռ կողմեր. կառավարությունը շարունակում է դրսևորել պետության մրցունակության ապահովման գործում պետական գիտական հաստատությունների (Public research institutions) դերի գիտակցման բացակայություն և անտեսում է միջազգային փորձը։ Կառավարությունը չունի արդյունաբերության ու գիտության կապի մասին համապարփակ ռազմավարություն, որի վրա պետք է հենված լիներ նաև «Ակադեմիական քաղաք» նախագծի հայեցակարգը։ Կառավարությունը մի քանի տարի անընդմեջ ամբողջությամբ չի իրականացնում պաշտպանական ԳՀՓԿ-ի՝ միջազգային չափանիշներով առանց այն էլ չնչին ծավալի ծրագրերը։ Վերևում շարադրված կետերը հաշվի առնելով, «Գիտուժ» նախաձեռնությունը կառավարությունից պահանջում է. Հանրային հանձնառություն վերցնել հարկատուների գումարները ներդնել այնպիսի գիտահետազոտական ու նորարարական ազգային համակարգ ձևավորելու մեջ, որն առաջին հերթին լուծելու է Հայաստանի Հանրապետության խնդիրները։ Հայաստանի Հանրապետության նպատակներից ու կարիքներից բխող հետազոտական ու ԳՀՓԿԱ առաջնահերթությունները սահմանելու համար հստակ պատասխանատուներ նշանակել։ Համակարգային մոտեցմամբ մշակել այդ առաջնահերթությունները սպասարկող մրցունակ էկոհամակարգի զարգացման հայեցակարգ և միջոցառումների ծրագիր։ Հրաժարվել պետականության հիմքը հանդիսացող գիտությանը վերաբերող ցանկացած կառավարչական ու համակարգային փոփոխություններից մինչև չեն սահմանվել նպատակները, դրանցից բխող առաջնահերթությունները և հարկատուների գումարները գիտական հետազոտությունների ու փորձակոնստրուկտորական աշխատանքների մեջ ներդնելու արդյունավետության առանցքային ցուցանիշները (KPI)։ Մասնավորապես, դադարել գիտությունը դիտարկել կրթությանը սպասարկող բաղադրիչ՝ անտեսելով ճկուն և մրցունակ գիտահետազոտական ու նորարարական ազգային համակարգ ունենալու համար քայլերի հերթականությունը։ Ներառյալ համալսարաններից անկախ պետական գիտական հատատություններ ունենալու, դրանք թիրախային զարգացնելու նշանակությունը, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության նորերը հիմնելու հրամայականը։  Գիտահետազոտական և նորարարական համակարգ ունենալը զարգացած և անվտանգ Հայաստանի Հանրապետություն տեսնելու երազանքից ծնված հարց է։ Այն Գիտուժի ջանքերով օրակարգ մտավ 44-օրյա պատերազմից հետո։ Եզակի դեպք, երբ փորձ արեցինք պատմությունից դասեր քաղել։ Դա է պատճառը, որ Գիտուժը «մրցունակ համակարգ» բառի կողքին միշտ շեշտում է՝ երկրի անվտանգային ու զարգացման նպատակները և կարիքները սպասարկող մրցունակ համակարգ։ Այս շեշտադրումները կարևոր են։ Հայաստանում գիտության և ԳՀՓԿ համակարգի զարգացումը պետության մրցունակության հարց է, որը չի կարող լուծվել ընդամենը մեկ, այն էլ չհիմնավորված նախագծի միջոցով։
12:10 - 06 սեպտեմբերի, 2023
Գիտությունն ընդդեմ վիրուսների․ Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիայից ներս

Գիտությունն ընդդեմ վիրուսների․ Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիայից ներս

Հովակիմ Զաքարյանը բակալավրիատում սովորելու տարիներին հետաքրքրված էր ցողունային բջիջներով։ 2000-ականների սկզբին Հայաստանի գիտական ինստիտուտներում ցողունային բջիջների ուսումնասիրությամբ զբաղվող գիտական խմբեր ու լաբորատորիաներ գտնել Հովակիմին չհաջողվեց, փոխարենը նա Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում բացահայտեց մի լաբորատորիա, որտեղ ուսումնասիրվում էին սովորական բջիջներ ու վիրուսներ։ Հենց այդ լաբորատորիայում աշխատելու տարիներին էլ նրան սկսեցին հետաքրքրել վիրուսները։ Այս հետաքրքրությունը մեծացավ, երբ Հովակիմը մեկնեց նախ Գերմանիա՝ Մոլեկուլային և կլինիկական վիրուսաբանության ինստիտուտ, ապա Իսպանիա՝ Սևերո Օչոայի անվան մոլեկուլային կենսաբանության կենտրոն։ Երկու գիտական կենտրոններում էլ նա զբաղվում էր վիրուսների ուսումնասիրությամբ։  Հայաստան վերադառնալուց հետո՝ 2016-ին, նա Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ստեղծեց Հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման գիտական խումբը, որը սկսեց զբաղվել նոր քիմիական միացությունների հակավիրուսային ակտիվության ուսումնասիրությամբ։ Ձևավորման պահին խմբում կար երեք հոգի։ Թիմը սկսեց փնտրել քիմիական միացություններ, որոնք արդյունավետ կլինեին խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ։ Ժամանակի ընթացքում խումբը համալրվեց նոր անդամներով և 2020-ին ստացավ լաբորատորիայի կարգավիճակ՝ դառնալով Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիա։ Այժմ թիմում կա ութ հոգի՝ բակալավրիատի ուսանողից մինչև գիտության թեկնածու։ Իսկ թե ինչով է զբաղվում Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիան, կարող եք կարդալ «Լաբորատորիայից ներս» շարքի նոր հոդվածում:   Հեղինակ՝ Աննա ՍահակյանՏեսանյութը՝ Ռոման ԱբովյանիԼուսանկարները՝ Սարգիս Խարազյանի, Ռոման Աբովյանի և Ջուլիետտա Հովհաննիսյանի
23:17 - 05 սեպտեմբերի, 2023
Գիտությունը բուհերում. դասախոսները որքանո՞վ են ներգրավված հետազոտական աշխատանքներում

Գիտությունը բուհերում. դասախոսները որքանո՞վ են ներգրավված հետազոտական աշխատանքներում

Կախված առաջարկվող կրթական ծրագրերից և գիտական աստիճաններից՝ համալսարանները լինում են տարբեր։ Բուհերը սովորաբար իրենց դիրքավորում են կա՛մ որպես հետազոտական համալսարաններ (research universities), կա՛մ որպես կրթական համալսարաններ (teaching universities)։ Լինում են նաև հիբրիդային՝ այսինքն՝ համալսարաններ, որոնք ներառում են երկու ուղղություններն էլ։  Գիտահետազոտական բաղադրիչը չափազանց կարևոր է բուհերի համար։ Այն նպաստում է գիտելիքների ընդլայնմանը, խթանում նորարարությունը և բարձրացնում կրթության որակը: Դասախոսների՝ դասավանդմանը զուգահեռ հետազոտություններում ներգրավվելը հնարավորություն է տալիս առաջատար լինել իրենց ոլորտներում և հարստացնել ուսումնական գործընթացը ժամանակակից գիտելիքներով:  Հայաստանյան բուհերը, սակայն, իրենց հստակ չեն դիրքավորում որպես հետազոտական կամ ոչ հետազոտական համալսարաններ. այդ տեղեկությունը բուհերի կայքերում չգտանք։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտահետազոտական կարողությունների գնահատումը հատկապես կարևոր է գիտահետազոտական կազմակերպությունները ՀՀ պետական բուհերին միացնելու մասին խոսակցությունների ու քայլերի համատեքստում։ Տրամաբանությունը հուշում է, որ վարվող այս քաղաքականության և իրականացվող փոփոխությունների հիմքում պետք է լինեն նաև այս պահին բուհերի ունեցած հետազոտական ներուժն ու կարիքները արտահայտող ցուցանիշներ։ Մինչդեռ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման ցուցանիշներ առկա չեն, իսկ գոյություն ունեցող որոշակի տվյալներն էլ ոչ ամբողջական են։ Այս հոդվածում փորձել ենք ցույց տալ բուհերի գիտահետազոտական արդունքները վերջին երկու տարիների ընթացքում՝ հենվելով բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում հրապարակված հոդվածների քանակական տվյալների վրա։ Մինչ դրան անցնելը, սակայն, պիտի փորձենք հասկանալ՝ ինչ է գիտությունը համալսարանների համար։ Դա հասկանալու համար զրուցել ենք Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ), Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ներկայացուցիչների հետ։   Հայաստանյան բուհերը կարևորո՞ւմ են, որ դասախոսները զբաղվեն գիտությամբ Հարցազրույցների ընթացքում առաջին հարցը, որին անդրադառնում էինք, գիտության դերն է համալսարանների համար․ փորձում էինք հասկանալ, թե որքանով են բուհերը կարևորում դասախոսների՝ գիտությամբ, հետազոտական աշխատանքով զբաղվելը։ Նկարներում ամփոփել ենք բուհերի ներկայացուցիչների պատասխանները վերոնշյալ հարցին։ Բուհերի ներկայացուցիչների հետ զրուցելով՝ արձանագրեցինք, որ դասախոսների՝ գիտությամբ զբաղվելը և հետազոտական աշխատանքներում ներգրավվելը կարևորում են բոլորը։    Խոսենք թվերով Web of Science գիտատեղեկատվական շտեմարանից ապրիլին ներբեռնեցինք տվյալներ այն մասին, թե այնտեղ ինդեքսավորված ամսագրերում տպագրվելու ինչ ցուցանիշներ ունեն հայաստանյան բուհերը։ Web of Science-ը մեկն է ամենահայտնի ու կիրառելի շտեմարաններից, որտեղ ինդեքսավորված ամսագրերը համապատասխանում են գիտաչափության ստանդարտներին, իսկ տպագրված հոդվածներն ու հետազոտությունները վերաբերում են գիտության գրեթե բոլոր ոլորտներին։ Դիտարկել ենք Web of Science շտեմարանում 2021-2022 թվականներին հրապարակված գիտական հոդվածները։  Տվյալները ներբեռնելու պահին հարթակում դեռևս ամփոփված չէր 2022 թվականը, ուստի ներկայացվող տվյալները կարող են մի փոքր տատանվել վերջնական արդյունքից, բայց նախորդ տարիների փորձը դիտարկելով՝ նշենք, որ տվյալների տատանումը սովորաբար շատ մեծ չի լինում և ընդհանուր պատկերի օբյեկտիվ ըմբռնման վրա գրեթե ազդեցություն չի ունենա։ ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը նշեց, որ ԵՊՀ-ն տարեկան մոտ 300 հոդված է տպագրում Web of Science կամ Scopus միջազգային շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում։  Web of Science շտեմարանից վերցված տվյալները հուշում են, որ ԵՊՀ-ն 2021-22 թվականներին հրապարակել է շուրջ 500 հոդված. հրապարակումների ամենամեծ կտորը՝ շուրջ 52%-ը, բաժին է ընկնում ֆիզիկայի, քիմիայի և մաթեմատիկայի ոլորտներում հետազոտություններին։ Հումանիտար և հասարակագիտական գիտությունների հոդվածները միջազգային ինդեքսավորված շտեմարաններում շատ քիչ են։ Մյուս բուհերի հետ համեմատած՝ ԵՊՀ-ն այս ցուցանիշով առաջատարն է, սակայն պետք է հաշվի առնել այն, որ ԵՊՀ-ն նաև ամենամեծ բուհն է թե՛ ենթակառուցվածքների և թե՛ անձնակազմի հաշվարկով։ Մոտավոր տվյալներով Երևանի պետական համալսարանում աշխատում է 1350 դասախոս։ Եթե վերցնենք 2021 թվականին հրապարակված 233 հոդվածները, կստացվի, որ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 17 հոդված։ Հրապարակումների թվով երկրորդը Երևանի պետական բժշկական համալսարանն է՝ շուրջ 300 հոդվածով։ ԵՊԲՀ պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշում է, որ բուհում փորձում են մեծացնել սեփական հոդվածների թիվը։ Այսինքն՝ այն հետազոտությունների, որոնք կատարվել են բուհում՝ դասախոսների կամ գիտաշխատողների կողմից․ «Եթե 2015-2016 թվականներին մենք խոսում էինք Web of Science-ի 16 հոդվածի մասին, 2022 թվականը փակել ենք Web of Science-ի 101 հոդվածով։ Այո՛, մենք հիմա երկրորդն ենք համալսարանների շարքում՝ տպագրություններով զիջելով ԵՊՀ-ին, որը մուլտիդիսցիպլինար է։ Մենք պրոֆիլային ենք»։  Պարոն Ենկոյանը նշում է, որ բուհի ցուցանիշները բարելավելու համար ընտրել են գերակա ուղղություններ։ Կարևորում են սեփական հոդվածները և կարծում, որ ավելի լավ է ունենալ քիչ հոդվածներ, որոնք տպագրված կլինեն ազդեցության բարձր գործոն ունեցող ամսագրերում և հասանելի կլինեն միջազգային գիտական հանրությանը․ «Դու կարող է քանակը քիչ էլ տաս, կարող ես տպագրել, օրինակ, տասը հոդված, մեկ ուրիշ հաստատություն ունենա երկու հարյուր, բայց քո էդ 10-15-ով քեզ ավելի շատ ճանաչեն։ Որովհետև դրանք կլինեն այստեղի կատարած արդյունքը, իրենք շատ հղումներ կունենան, դաշտում ճանաչելի կդարձնեն քեզ։ Մենք ընտրեցինք գերակա ուղղություններ և  սկսեցինք զարգացնել դրանք»։ ԵՊԲՀ կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ բուհում աշխատում է 1100 դասախոս։ Համադրելով 2021 թվականին հրապարակված 150 հոդվածների թվի հետ՝ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 14 հոդված։ Տպագրությունների թվով երրորդ բուհը Հայ-ռուսական համալսարանն է` շուրջ 160 հոդվածով։ Հոդվածների շուրջ 82%-ը տպագրվել է բնագիտության ոլորտում։ Բուհի ներկայացուցչից մեկնաբանություն չունենք, քանի որ բուհից հրաժարվեցին հարցազրույց տալ և մեկնաբանել ինչպես տվյալները, այնպես էլ իրենց ռազմավարությունը։ Չորրոդ տեղում Հայաստանի ամերիկյան համալսարանն է՝ շուրջ 50 հոդվածով։ Հոդվածների 39%-ը տպագրվել է բժշկագիտության ոլորտում։ «Այժմ մենք անգամ մոտ չենք այն արդյունքին, որին ձգտում ենք հասնել։ Դասախոսներին աշխատանքի ընդունելիս մենք շեշտը դնում ենք հետազոտական կարողությունների վրա։ Մենք ուզում ենք վստահ լինել, որ այն մարդիկ, որոնց աշխատանքի ենք ընդունում կարող են հետազոտական աշխատանքներ կատարել, ունեն տպագրվելու կարողություն և հետաքրքրություն։ Այսպիսով, մենք գոհ չենք ներկայիս արդյունքից, բայց դրա համար նաև օբյեկտիվ պատճառներ կան. առաջինը՝ մենք չունենք ասպիրանտական ծրագրեր, երկրորդը՝ մեզ մոտ մեծ է դասավանդման ծանրաբեռնվածությունը։ Բայց այս ամենի ուղղությամբ մենք աշխատում ենք»,- նշեց ՀԱՀ նախկին նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը (հարցազրույցի պահին նա դեռ պաշտոնավարում էր)։ Հինգերորդ տեղում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն է՝ Web of Science շտեմարանում ինդեքսավորված ամսագրերում շուրջ 45 հոդվածով։  «Մենք տարվա կտրվածքով ունեցել ենք հոդվածի տեսքով 450 հրապարակում, ևս 22-ը՝ պատենտի տեսքով։ Սա խոսում է այն մասին, որ մեր տեղական ամսագրերում, այսինքն՝ Պոլիտեխնիկի գիտական ամսագրերում, շատ անգամ ավելի ակտիվ է, և հրապարակումները շատ են»,- նշում է բուհի ռեկտորը։ Նշելով, որ տեղական ամսագրերում տպագրվելը շատ լավ է, Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանն ասում է, որ պետք է գնալ ոչ միայն միջազգային գիտական ամսագրերում հրապարակվելու ճանապարհով, այլ մեր գիտական ամսագրերը պետք է միջազգային վարկանիշավորում անցնեն, որպեսզի տեղական ամսագրերում հրապարակումը արդեն իսկ համարվի ազդեցության գործոն ունեցող միջազգային գիտական ամսագրում հրապարակված աշխատանք․ «Հակառակ դեպքում, եթե մենք միայն բռնենք ճանապարհը և խրախուսենք, որ ազդեցություն ունեցող գիտական ամսագրերում հրապարակումներ լինեն, ապա կգա մի պահ, որ տեղական գիտական ամսագրերում ուղղակի հրապարակումներ չեն լինի»։ Գիտաչափության մասնագետ Շուշանիկ Սարգսյանը նշում է, որ Հայաստանում հարյուրից ավելի գիտական ամսագրեր կան, բայց դրանցից մոտ վեցն են ինդեքսավորված համապատասխան միջազգային շտեմարաններում․ «Ինչի՞ համար է դա պետք։ Երբ գիտնականը նոր իդեա է գեներացնում, դա չի արվում իր սեփական լաբորատորիայի ներսում մնալու համար, պետք է տեսանելիությունը մեծացնել։ Եթե լավ գաղափար է, ինչո՞ւ չտարածել միջազգային շուկայում։ Այս շտեմարաններն այն միջավայրն են, որտեղ կարող ես ներկայացնել քո աշխատանքը»։ Որպեսզի ամսագիրը կարողանա ինդեքսավորվել միջազգային շտեմարաններում, պետք է համապատասխանի միջազգային ստանդարտների՝ տեխնիկական (օրինակ՝ կայքի համապատասխանություն),  էթիկական (այսինքն՝ խմբագրության կողմից էթիկական նորմերը պահելը, որակական բովանդակություն ապահովելը)։ Այս երկուսի համապատասխանության դեպքում խմբագրությունը կարող է հայտ ուղարկել միջազգային շտեմարաններ, որտեղից միջինում վեց ամսվա ընթացքում կստանա պատասխան։ Շուշանիկ Սարգսյանը նշում է նաև, որ միջազգային ստանդարտներին համապատասխանելու համար ներդրումներ են պետք ու ռեսուրսներ՝ և՛ ֆինանսական, և՛ մարդկային։  Պոլիտեխնիկական համալսարանում դասավանդում է շուրջ 700 դասախոս։ Համադրելով 2021 թվականին հրապարակված 24 հոդվածների թվի հետ՝ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 3 հոդված։ Web of Science շտեմարանից վերցված տվյալների համաձայն՝ վեցերորդ տեղում Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է՝ շուրջ 30  հոդվածով։ ՀԱԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանն ասում է, որ տարեկան հրապարակումների ընդհանուր թվի տեղաշարժ կա, աճի տենդենց կա, որը անդրադառնում է նաև միջազգային շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակումների վրա․ «Օրինակ՝ 2022 թվականին հրապարակվել է 281 գիտական աշխատանք, որից 118-ը՝ արտերկրի տարբեր պարբերականներում և գիտաժողովների նյութերում։ Նախորդ տարի եղել է 181։ Ընդհանուր թվի էական տեղաշարժ կա։ Բացի դրանից՝ էական տեղաշարժ կա նաև բարձր ազդեցության գործոն ունեցող պարբերականներում հրապարակման գործընթացում։ Եթե 2021 թվականին հրապարակվել է 25 հոդված, ապա 2022-ին այդ թիվը դարձել է 39»: Ագրարային համալսարանում դասավանդում է շուրջ 250 դասախոս։ Եթե վերցնենք 2021 թվականին հրապարակված 19 հոդվածները, կստացվի, որ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 8 հոդված։ Հաջորդը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է՝ շուրջ 20 հոդվածով։ ՀՊՏՀ պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը կարծում է, որ 20 հոդվածը, իհարկե, փոքր ցուցանիշ է, սակայն հաշվի առնելով, որ Տնտեսագիտական համալսարանը պրոֆիլային բուհ է հասարակագիտական գիտությունների ուղղությամբ՝ պատկերն այդքան էլ վատ չէ․ «Հասարակագիտական գիտությունների պարագայում բարդ է, որովհետև բնական գիտությունների պարագայում եթե արեցին փորձ, այն հաջողվեց, ապա ենթակա է հրապարակման․ հասարակագիտության մեջ այդպիսի ընթացակարգով հրապարակումը բարդ է»։ Պարոն Մկրտչյանը նշում է, որ հրապարակումների փոքր թիվը պայմանավորված է նաև նրանով, որ դասախոսների որոշ տոկոս համատեղությամբ է աշխատում բուհում, դասավանդելը նրանց հիմնական աշխատանքը չէ, ուստի հոդվածներում որպես պատկանելություն (affiliation) Տնտեսագիտական համալսարանը չեն նշում։ Նշենք, սակայն, որ հոդվածներում պատկանելությունը ցույց է տալիս այն տեղը, որտեղ հետազոտությունը կատարվել է։ Հեղինակներն իրենք են որոշում՝ որ հաստատությունը նշել որպես աֆիլյացիա։ Ընդ որում՝ որոշում են ոչ միայն հաստատության անվանումը, այլև քանակը։ Եթե հեղինակը հոդվածի վրա աշխատանք կատարել է մի քանի հաստատություններում, օրինակ՝ մի տեղ կատարել է գիտափորձեր, մեկ այլ տեղում կատարել է տվյալների հետ աշխատանք ու մի երրորդ հաստատությունում կատարել է տեսական ուսուսմնասիրություններ, ապա կարող է երեք հաստատություններն էլ նշել որպես աֆիլյացիա։  Պարոն Մկրտչյանը հետազոտական ցածր արդյունավետությունը մեկնաբանելիս նշեց նաև, որ երկար ժամանակ ազդեցության բարձր գործոն ունեցող ամսագրերում տպագրության որևէ պահանջ չի եղել․ «Երկար ժամանակ պահանջի բացակայությունը բերել է ոլորտային «ռազբռոսի»։ Անցյալ տարի մենք փորձեցինք ուսումնասիրել, թե մեզ հետ աֆիլացվող դասախոսները որքան հոդվածներ ունեն Scopus-ում կամ Web of Science-ում, պարզվեց, որ մարդիկ հրապարակվել են՝ առանց իմանալու, որ դա Scopus-ում կամ Web of Science-ում հրապարակում է։ Չի եղել պահանջ, իրենք պարզապես հրապարակվել են իքս ժուռնալում, հետո այդ ամսագիրը, պարզվել է, որ ինդեքսավորվել է Scopus-ում կամ Web of Science-ում, ու մարդիկ չգիտեն դրա մասին, ու դա նորմալ է»։ Բուհերի ցանկում նախավերջինը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն է՝ 11 հոդվածով։ Բուհից հրաժարվեցին հարցազրույց տալ և տվյալները մեկնաբանել։ Մեր ցանկի վերջին տեղում Հայկական պետական մանկավարժական համալսարանն է՝ 10 հոդվածով։ ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանին հարցրինք՝ ինչպես կգնահատի բուհի արդյունքը՝ 11 հոդված։ Նշեցինք նաև, որ մեր վերցրած տվյալները դեռ վերջնական չեն, ու հնարավոր է փոքր տատանում։  «Երևի հենց աֆիլյացիան հաշվի առնելով՝ իրական պատկերն այդ պահին ամփոփված չի եղել, ամփոփելով տվյալները՝ բավակին բարձր են և շատ գոհացնող են, նվազում չունենք, ակնկալում ենք, որ ավելի բարձր ցուցիչներ կունենանք ապագայում»,- պատասխանեց տիկին Իսպիրյանը։ Մանկավարժական համալսարանում դասավանդում է շուրջ 600 դասախոս։ Համադրելով 2021 թվականին հրապարակված 5 հոդվածների թվի հետ՝ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 1 հոդված։ * Այս ինֆոգրաֆիկայի ցուցանիշները հաշվարկել ենք 2021-ին յուրաքանչուր համալսարանի WOS-ում հրապարակած ընդհանուր հոդվածների քանակը բաժանելով դասախոսների թվին և բազմապատկելով 100-ի։   Իսկ ինչպե՞ս են բուհերը խրախուսում դասախոսների՝ գիտությամբ զբաղվելը Գրեթե բոլոր բուհերի դեպքում մեխանիզմը նույնն է՝ խրախուսման մեխանիզմներ՝ լրավճարների ու հավելավճարների տեսքով։ Տարբեր են միայն լրավճարների ու հավելավճարների չափերը։ Գիտատեղեկատվական շտեմարաններում գիտական ամսագրերը սովորաբար բաժանվում են չորս քառորդի՝ Q1, Q2, Q3, Q4: Այս բաժանումն իրականացվում է՝ ըստ ամսագրերի ազդեցության գործոնի՝ «գիտական վարկանիշի»։ Եթե բոլոր գիտական ամսագրերը դասավորենք՝ ըստ ազդեցության գործոնի նվազման, ցուցակի առաջին 25%-ը՝ ամենաբարձր ազդեցության գործակից ունեցողները, կհայտնվեն Q1 քառորդում։ Q2-ում կլինեն 26-50%-ի խմբում հայտնված ամսագրերը, Q3-ում՝ 51-75%, իսկ Q4-ում՝ մնացածը։ Համալսարանները լրավճարներ սահմանելիս առաջնորդվում են հենց այս բաժանմամբ։ ԵՊՀ-ն Q1 քառորդում տպագրված հոդվածի համար, եթե այն ունի մեկ հեղինակ ու մեկ աֆիլյացիա՝ ԵՊՀ, տրամադրում է 440 000 դրամ, Q2 քառորդի համար՝ 330 000 դրամ, Q3-ի համար՝ 220 000 դրամ, իսկ Q4-ի համար՝ 110 000 դրամ։ ԵՊՀ-ն լրավճարներ է սահմանել նաև տեղական ամսագրերում տպագրությունների, արտերկրում տպագրված գրքերի, մենագրությունների համար։ Իհարկե, այս լրավճարները զգալիորեն ավելի փոքր են։ Այժմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը փոխհատուցում է Web of Science և Scopus շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում տպագրական ծախսերը, սակայն, պրոռեկտորի խոսքով փոխհատուցումից բացի նախատեսում են ներդնել նաև լրավճարների տրամադրման կարգ, որը կկապվի ազդեցության գործոնի հետ։ Պարոն Մկրտչյանը նշում է, որ հնարավոր է նաև խրախուսման մեկ այլ տարբերակ, որ Q4 քառորդում ընդգրկված ամսագրերում տպագրվելու համար չվճարեն, սակայն Q1-ում վճարեն ավելի շատ։ Նրա խոսքով այս դեպքում մոտիվացիան ոչ միայն հրապարակվելը կլինի, այլ նաև հրապարակվելը ավելի բարձր ազդեցության գործոն ունեցող ամսագրում, որը նաև հետազոտական գործունեության խրախուսում է։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Q1 քառորդում ընդգրկված ամսագրերում հրապարակումների համար նախատեսում է  200 000 դրամ լրավճար, մյուս քառորդների դեպքում արդեն որոշակի նվազում կա։ Սահմանված են նաև լրավճարներ Բարձրագույն որակավորման կոմիտեում ինդեքսավորված ամսագրերում տպագրությունների համար։ Հայաստանի ամերիկյան համալսարանում ասիստենտից դոցենտ և դոցենտից պրոֆեսոր առաջխաղացումը պահանջում է հետազոտական արդյունավետություն: Իսկ առաջխաղացումը նաև ենթադրում է աշխատավարձի բարձրացում, նոր, ավելի բարձր կարգավիճակ։ Սրանից բացի դասախոսների խրախուսման համար կան ներդրված այլ մեխանիզմներ․ դրանցից է, օրինակ, այն, որ դասախոսները կարող են դիմել դասավանդման ժամերի կրճատման համար։ Նրանք առաջարկ են ուղարկում իրենց հետազոտական գաղափարով, որի վրա ուզում են աշխատել, իսկ համալսարանն ամեն տարի մրցութային հիմունքներով մի շարք դասախոսների տալիս է այդ հնարավորությունը։ Այդպիսով նրանք մեկ դասընթաց պակաս են դասավանդում, փոխարենը ավելի շատ ժամանակ են հատկացնում հետազոտական աշխատանքին։ Համալսարանը նաև տրամադրում է պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման դրամաշնորհներ. այն է՝ որոշակի գումար գիտաժողովների, աշխատարանների մասնակցելու, հոդվածների հրատարակչական ծախսերը վճարելու կամ հետազոտության համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար։ Մեկ այլ հնարավորություն, որը բուհը տրամադրում է, այն է, որ եթե դասախոսները կարողանում են ֆինանսավորում ստանալ հետազոտությունների համար, նրանք կարող են «գնել» դասավանդման գործընթացը։ Սա նշանակում է, որ դրամաշնորհից որոշ հատված ծածկում է նրանց աշխատավարձի մի մասը, և նրանք ավելի քիչ են դասավանդում, ուստի ավելի շատ ժամանակ են ծախսում հետազոտության վրա։ Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը, անդրադառնալով դասախոսների՝ գիտությամբ զբաղվելը խրախուսելուն, նշեց. «Համալսարանը, խրախուսելով իր դասախոսների և ասպիրանտների՝ գիտությամբ զբաղվելու հանգամանքը, նրանց ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, ֆինանսավորում է նրանց վճարովի տպագրությունը այդ հեղինակավոր ամսագրերում, որպեսզի վճարման բեռը նրանց ուսերին չմնա»։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Q1, Q2, Q3, Q4 քառորդներում ընդգրկված ամսագրերում տպագրությունների համար տրամադրում է լրավճարներ 150 000 - 350 000 դրամի սահմաններում։ Ռեկտորի խոսքով նպատակ ունեն լրավճարների չափը բարձրացնել։  «Դրա շնորհիվ այսօր պրոֆեսորները, 720 - 1 080 ժամ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, ստանում են 540 000 - 810 000 հազար դրամ աշխատավարձ», - նշեց Գոռ Վարդանյանը։ Երևանի պետական բժշկական համալսարանի՝ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը պատմեց, որ խրախուսման մեխանիզմներ ներդնելը բուհում սկսել են՝ պահանջ դնելով, որ բոլոր նախապաշտպանությունների ժամանակ մարդիկ ներկայացնեն աշխատություններ, որոնք ունեն տպագրություններ Web of Science-ում․  «Բերեցինք նրան, որ հիմա դոկտորական դիսերտացիայի մակարդակով թեմա չեն էլ կարող հաստատել, եթե առաջին կամ վերջին հեղինակ չեն։ Թեկնածուականները հիմա մեզ մոտ դուրս են գալիս նախապաշտպանության միայն այն դեպքում, երբ ատենախոսությունը պաշտպանող և ներկայացնող անհատը ունի տպագրություն Q1-Q4 քառորդում՝ առաջին հեղինակությամբ»։ Եթե ամսագրի ազդեցության գործոնը մեկ է, հեղինակը ստանում է 100 000 դրամ։ Եթե հետազոտությունն ամբողջությամբ արված է ԵՊԲՀ-ում, 100 000-ը բազմապատկվում է 1,5-ով (150 000 դրամ), այլ տոկոսադրույք է սահմանված, եթե հետազոտությունն արվել է արտասահմանցի համահեղինակների հետ, բայց պատասխանատու՝ առաջին կամ վերջին հեղինակը, բուհի դասախոսներն են։  Շատ բուհերի ներկայացուցիչներ նշեցին, որ փոխհատուցում են տպագրության ծախսերը, ու նաև ասացին, որ եղել են դեպքեր, որ դասախոսներն ազդեցության բարձր գործոն ունեցող ամսագրում չեն տպագրվել ոչ թե այն պատճառով, որ հոդված չեն ունեցել, այլ այն պատճառով, որ տպագրվելը բավականին թանկ է, և համապատասխան միջոցներ չեն ունեցել։ Գիտաչափության մասնագետ Շուշանիկ Սարգսյանը բացատրեց, որ կան միջազգային ամսագրեր, որտեղ տպագրվելու համար պետք է վճարել․ դա փոքր գումար չէ՝ 1000 և ավելի դոլար կամ եվրո։ Հիմնականում վճարովի են այն ամսագրերը, որոնք բաց հասանելիությամբ են տպագրվում․ այդ տարբերակը կոչվում է open access․ «Եթե ուզում ես քո հոդվածը բաց, հասանելի լինի միջազգային հանրությանը, դրա համար պետք է վճարես։ Կան մի շարք այլ ամսագրեր, որտեղ դու ոչինչ չես վճարում, ուղղակի այդ հարթակներում քո հոդվածի միայն մետատվյալներն են երևում, հոդվածի համար փոքրիկ գումար է՝ մոտավորապես 30 եվրո, որ պետք է վճարես հրատարակչությանը և էլ փոստին ստանաս տվյալ հոդվածը»։   Դասախոսների ո՞ր տոկոսն է միայն դասավանդում Բուհերի ներկայացուցիչներին հարցրինք՝ արդյո՞ք կա վիճակագրություն՝ դասախոսների որ տոկոսն է միայն դասավանդում, և որ տոկոսն է դասավանդմանը զուգահեռ զբաղվում նաև հետազոտական աշխատանքով։  Մեր հնչեցրած հարցին բուհերի ներկայացուցիչների ամբողջական պատասխաններերը կարող եք տեսնել տեսանյութում։   Գիտությամբ զբաղվելու հիմնական խոչընդոտները Մեր ուսումնասիրության արդյունքում եկանք այն եզրակացությանը, որ մեծ թվով դասախոսներ, այնուամենայնիվ, չեն զբաղվում հետազոտական աշխատանքով կամ հետազոտություններ անում են հազվադեպ։ Ուստի փորձեցինք պարզել նաև, թե ինչ խոչընդոտներ են հետ պահում դասախոսներին հետազոտական աշխատանքից։ Բուհերի ներկայացուցիչների, ինչպես նաև դասախոսների հետ զրույցներից առանձնացրինք երկու հիմնական խոչընդոտ՝ դասավանդման ժամերի ծանրաբեռնվածությունը և լեզվական խոչընդոտները։ Մեկ ուսումնական տարում դասախոսների լրիվ դրույքաչափով ծանրաբեռնվածությունը կազմում է 700-1080 ժամ, որը ներառում է ոչ միայն բուն դասավանդման գործընթացը, այլև դասին պատրաստվելու, հանձնարարություններ պատրաստելու-ստուգելու և դասընթացի հետ կապված այլ աշխատանքների կատարումը։ Չկա որևէ հստակ սահմանում՝ արդյո՞ք այս 700-1080 ժամը ներառում է կամ կարո՞ղ է ներառել հետազոտական աշխատանքով զբաղվելը, թե՞ ոչ։ Դասախոսները նշում են, որ այսպիսի գրաֆիկով դասավանդելու պարագայում հետազոտական աշխատանքին շատ քիչ ժամանակ է հնարավոր հատկացնել։ ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի խոսքով ԵՊՀ-ում դասախոսի մեկ դրույքաչափ ծանրաբեռնվածությունը կազմում է 700 ժամ․ «Մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ դասախոսները զգալի էներգիա են ծախսում, զգալի ժամանակ են ծախսում դասավանդման համար, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ դա այդքան մեծ խնդիր է։ Կիսելով այդ խնդիրը, փորձելով դա նվազեցնել՝ չեմ կարծում, որ գլխավոր ազդող կետը հենց դա է»։  Պարոն Բարխուդարյանը նշում է, որ կան օրինակներ, երբ դասախոսները 1,5 դրույքաչափ են աշխատում, նույնիսկ երկու համալսարաններում՝ մեկական դրույքաչափ։ Ուստի նա ամբողջությամբ չի կիսում այն կարծիքը, որ ծանրաբեռնվածությունը մեծ խոչընդոտ է հետազոտական աշխատանքով զբաղվելու համար։ ՀՊՏՀ պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը նշեց, որ փորձում են մշակել մի նոր հնարավորություն, որի դեպքում հետազոտական աշխատանքով զբաղվելը կներառվի դասախոսների անհատական ծանրաբեռնվածության մեջ։ Դասախոսները կկարողանան մեկ կիսամյակի ընթացքում մեկ դասընթաց պակաս դասավանդել, փոխարենը կատարել որևէ հետազոտական աշխատանք։ ՀԱԱՀ պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանի խոսքով դասախոսները շաբաթվա ոչ բոլոր օրերին են դասավանդում։ Համալսարանում այդ ծանրաբեռնվածությունը հաշվի առնված է, լրացուցիչ դրույք չեն տրամադրում, և եղած պայմանները լրիվ հարմար են գիտական աշխատանքով զբաղվելու համար։  ՀԱՀ նախկին նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը նշեց, որ դասախոսների դասավանդման ժամերը հաշվարկելիս հաշվի են առնվում գիտահետազոտական այնպիսի աշխատանքներ, ինչպիսին է, օրինակ, ուսանողների հետազոտական աշխատանքների ղեկավարումը։ ՀԱՀ-ում ամբողջ դրույքաչափով աշխատող դասախոսներից ակնկալում են երեք գործողություն՝  դասավանդում, հետազոտական աշխատանք և ծառայություններ։ Դասախոսները յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում դասավանդում են երեքական առարկա։ ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանի խոսքով ծանրաբեռնվածության մեջ ներառված են գիտահետազոտական աշխատանքները, թեզերի ղեկավարումը, ավարտական աշխատանքների, մագիստրոսական, ասպիրանտական, դոկտորական խորհրդատվությունները։ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանն ավելի քան վստահ է, որ պոլիտեխնիկական համալսարանում դասաժամերի ծանրաբեռնվածությունը խոչընդոտ չէ։ «Եթե այդ ժամաքանակը դասական տարբերակով վերցնենք՝ մեկ դրույքը՝ 720  ժամ, այս դեպքում շատ մեծ քանակությամբ ժամանակ է մնում գիտությամբ կամ այլ աշխատանքով զբաղվելու համար։ Գիտությամբ զբաղվող մարդու համար ժամանակի խնդիրը մի քիչ չափազանցված է, որովհետև գիտությամբ զբաղվող մարդկանց համար ցանկացած րոպեն կարելի է օգտագործել»։  Գիտաչափության մասնագետ Շուշանիկ Սարգսյանը, որ նաև դասավանդում է Երևանի պետական բժշկական համալսարանում, նշեց՝ իդեալական տարբերակն է, որ դասախոսը դասավանդմանը զուգահեռ նաև գիտության մեջ ներգրավված լինի, բայց դա կախված է նրանից, թե նա դասախոսական ինչպիսի ծանրաբեռնվածություն ունի․ «Եթե դասախոսը առավոտյան 9:30-ից մինչև 4-5-ը դասավանդում է, չեմ կարծում, որ հինգից հետո կարող է նոր իդեա գեներացնել, հոդվածի վրա աշխատել, նորարարական միտք զարգացնել և այլն։ Իմ փորձից կարող եմ ասել, որ դասախոսություններից, դասերից հետո ես սպառվում եմ։ Դրանից հետո ի վիճակի չեմ նորարարական ինչ-որ բանով զբաղվել, դրանից հետո ես անում եմ իմ հետազոտության տեխնիկական կտորը»։ Գիտական հոդվածները միջազգային ամսագրերում տպագրելու համար դրանք պետք է գրված լինեն մեծամասամբ անգլերենով։ Որոշ ամսագրերի դեպքում հոդվածի անգլերեն լինելը պահանջ է։ Իսկ մյուս կողմից էլ անգլերենը կարելի է համարել գիտության միջազգային լեզու, քանի որ հետազոտողների մեծ մասը հենց այդ լեզվով է հաղորդակցվում։ Ու եթե անգամ անգլերենով տպագրվելը պարտադիր չէ, խիստ ցանկալի է, քանի որ այդ կերպ հնարավոր է գիտական արդյունքը ներկայացնել հնարավորինս լայն լսարանի։ Հաշվի առնելով Հայաստանի խորհրդային անցյալը՝ դասախոսների որոշ մասը անգլերենին չի տիրապետում ընդհանրապես, մի մասն էլ չի տիրապետում հետազոտական աշխատանքները միջազգային ամսագրերում տպագրելու մակարդակի։ Բուհերի բոլոր ներկայացուցիչները (բացառությամբ Ամերկյան համալսարանի, քանի որ այնտեղ ուսուցումը մեծամասամբ անգլերեն է) համաձայն են, որ օտար լեզվին չտիրապետելը ինչ-որ չափով խոչընդոտում է հետազոտական արդյունավետությանը, սակայն նշում են նաև, որ շատ բան հենց դասախոսներից է կախված։ Բուհերի մեծ մասում կազմակերպվում են անգլերենի դասընթացներ, ներկայացուցիչների մի մասն էլ նշեց, որ պատրաստ են նմանատիպ դասընթացներ կազմակերպել, եթե դասախոսները ցանկություն հայտնեն բարելավելու իրենց՝ օտար լեզուների իմացությունը։   Ի՞նչ է ասում Գիտության կոմիտեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգում գործում է Գիտության կոմիտեն, որի միջոցով է ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսավորում գիտությունը պետական և ոչ պետական տարբեր հաստատություններում։  Գիտկոմի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանի խոսքով 2021 թվականին Կառավարության որոշմամբ դադարեցվել են որոշ բուհերում բազային ֆինանսավորումները, քանի որ այդ բուհերը վերջին հինգ տարիներին Scopus-ում առնվազն մեկ հոդված չունեին, կամ արդյունավետությունը շատ ցածր էր։ Գործող բազային ֆինանսավորում ստացող բուհերից են ԵՊՀ-ն, ԵՊԲՀ-ն, ՃՇՀԱՀ-ն, ՀԱՊՀ-ն, ՀՊՄՀ-ն, ՀՌՀ-ն։  Պարոն Մովսիսյանը նշում է, բուհի աշխատողների մեծ մասը դասախոսներ են, բայց նույնիսկ հիմա կան բազային ֆինանսավորման մեջ ներգրավված մասնագետներ, որոնք ուսումնական պրոցեսին մասնակից չեն։ Կան նաև դասախոսներ, որ ներգրավված չեն բազային ֆինանսավորման մեջ, բայց ակտիվ զբաղվում են գիտությամբ։  «Հեծանիվ հորինել պետք չի, պետք է նայել՝ մյուս տեղերում, աշխարհում ոնց է կառուցված համակարգը։ Կան դասախոսներ՝ այսպես ասած teaching professor-ներ, որոնց գործը միայն ուսումնական պրոցեսի մեջ ներգրավվելն է։ Կան դասախոսներ, որոնք և՛ գիտությամբ են զբաղվում, և՛ ներգրավված են ուսումնական պրոցեսում։ Բակալավրում սովորական գիտելիքներ տալիս շատ պարտադիր չէ, որ դասախոսը լինի նաև հետազոտող։ Ավելի բարձր կուրսերում, օրինակ՝ մագիստրատուրայում, երբ արդեն իսկ մագիստրատուրայի թեզը հետազոտական աշխատանք է, խիստ ցանկալի է, որ լսարան մտնեն հետազոտող դասախոսներ»,- ասաց Արթուր Մովսիսյանը։   Նա նաև նշեց, որ բուհերում կան հետազոտողներ, որոնք ներառված չեն ուսումնական գործընթացում, և դա, ըստ նրա, պետք է փոխել։ Այն հետազոտողները, որոնք զբաղվում են մրցունակ գիտությամբ և պատրաստ են մասնակցել նաև ուսումնական գործընթացին, պետք է հնարավորություն ունենան։ Խոսքը վերաբերում է նաև գիտական կազմակերպությունների այն հետազոտողներին, որոնք ցանկանում են ժամանակ տրամադրել, շփվել ուսանողների հետ, որոշակի կուրսեր կարդալ։ Պետք է նրանց հնարավորություն տալ՝ ներգրավվելու ուսումնական գործընթացում։  «Պետք է ցավով նշեմ, որ տարիներ շարունակ մեր տպագրված հոդվածների քանակը Web of Science, Scopus համակարգերում նվազում է։ Հուրախություն մեզ՝ 2022 թվականին նվազումը կարծես դադարել է, նույնիսկ աճ ունենք, բայց արդյունքը գոհացուցիչ չէ։ Որպեսզի մենք խրախուսենք, որ, օրինակ, դասախոսներն ավելի շատ տպագրվեն, մենք մրցույթով տրվող դրամաշնորհների քանակն ենք շատացրել, որը կախված չէ բազային ֆինանսավորումից։ Այն դասախոսների առջև, որոնք ունեն գիտությամբ զբաղվելու հակում, ունակություն, ձգտում, բացվել է առնվազն 5-6 անգամ ավելի շատ հնարավորություն, որպեսզի գիտությամբ զբաղվելուց բացի նաև գիտությունից մրցունակ գումար ստանան»,- նշեց պարոն Մովսիսյանը։   Ամփոփում Մեր հավաքած տվյալներն ամփոփելով՝ 2021-2022 թվականներին Web of Science շտեմարանում ինդեքսավորված ամսագրերում հայաստանյան բուհերը միասին հրապարակել են մոտ 1030 հոդված։ Ինչպես նշեցին մեր զրուցակիցները, գիտության ոլորտում ֆինանսավորման բարձրացումը, ինչպես նաև բուհերում խրախուսման մեխանիզմների ներդրումը, անշուշտ, դրական է ազդել ցուցանիշների վրա։ Սակայն դրական կողմին զուգահեռ կան նաև խոչընդոտներ, որոնք պատշաճ արձագանքի կարիք ունեն։ *Տվյալները ներբեռնելու պահին հարթակում դեռևս ամփոփված չէր 2022 թվականը, ուստի ներկայացվող տվյալները կարող են մի փոքր տատանվել վերջնական արդյունքից Բուհերի ներկայացուցիչները կարևորում են գիտության դերը, փորձում են խրախուսել դասախոսներին՝ զբաղվելու հետազոտական աշխատանքով։ Բայց ավելի բարձր հետազոտական արդյունավետություն ապահովելու համար բուհերի առջև պետք է դրվեն հստակ պահանջներ, որոնք, սակայն, պետք է լինեն հիմնավորված և ոլորտի կարիքներին համապատասխան։ Ինֆոգրաֆիկան պատկերում է հայաստանյան բուհերի հրապարակումների դինամիկան վերջին տասը տարիներին։ *Տվյալները ներբեռնելու պահին հարթակում դեռևս ամփոփված չէր 2022 թվականը, ուստի ներկայացվող տվյալները կարող են մի փոքր տատանվել վերջնական արդյունքից   Ինչ էինք ուզում ու ինչ ստացվեց Ինչպես սկզբում նշեցինք, ի սկզբանե որոշել էինք հաշվել՝ բուհերում դասախոսների քանի տոկոսն է դասավանդմանը զուգահեռ զբաղվում հետազոտական աշխատանքով։ Թվում էր, թե այդ տոկոսը շատ հեշտ կլիներ հաշվել. պետք էր պարզապես մի քանի տվյալ ստանալ բուհերից։ Բուհերին հարցումներ ուղարկելու առաջին փորձից տեղափոխվեցինք իրականություն, երբ իմացանք, որ մեզ անհրաժեշտ տվյալները բուհերը կամ չունեն, կամ ունեն, բայց չեն ուզում տրամադել, կամ չունեն ու չեն էլ ուզում ունենալ։ Իհարկե, մեզ այդպես չեն պատասխանել, ամեն ինչ ավելի պարզ է, մեզ կամ թերի տվյալներ են ուղարկել, կամ շատ ավելի հեշտ ճանապարհով են գնացել՝ պարզապես չեն պատասխանել։ Իսկ մենք հայցել էինք այնպիսի տվյալներ, որ առաջին հայացքից բուհերը պիտի ունենային. ֆակուլտետներն ի՞նչ գիտական հոդվածներ են հրապարակել։ Խնդրել էինք տրամադրել ցանկն ըստ ամբիոնների՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, հոդվածի ամբողջական վերնագիրը, հոդվածի հղումը, ամսագրի անվանումը, հրապարակման ամսաթիվը։  Որոշեցինք այլ տարբերակով հասնել մեր նպատակին. ինչպես նշել ենք՝ Web of Science գիտատեղեկատվական շտեմարանից ներբեռնեցինք այդ շտեմարանում ինդեքսավորված ամսագրերի բոլոր այն հրապարակումները, որոնք արվել են հայաստանյան բուհերի կողմից։ Շտեմարանից ստացած տվյալները հայաստանյան՝ վերը հիշատակված 9 բուհերի մասին էին՝ Երևանի պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի Ամերիկյան համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Հայ-ռուսական համալսարան։ Web of Science-ից վերցված տվյալները վերլուծելուց հետո փորձեցինք կապ հաստատել բուհերի հետ՝ զրուցելու ռեկտորների կամ գիտության գծով պրոռեկտորների հետ։ Զրուցեցինք 9 համալսարաններից 7-ի ներկայացուցիչների հետ։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի ներկայացուցիչները հրաժարվեցին հարցազրույցից։ Լյուսի ՄանվելյանԿատյա Մամյան
16:04 - 23 օգոստոսի, 2023
ԱԱԳԼ-ում կանցկացվեն աշխատաժողով և ամառային դպրոց՝ նվիրված մաթեմատիկական ֆիզիկայի արդի խնդիրներին

ԱԱԳԼ-ում կանցկացվեն աշխատաժողով և ամառային դպրոց՝ նվիրված մաթեմատիկական ֆիզիկայի արդի խնդիրներին

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ), Գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի և «Ֆոլքսվագեն» հիմնադրամի ջանքերով օգոստոսի 19-24-ը ԱԱԳԼ-ում կանցկացվեն աշխատաժողով և ամառային դպրոց՝ նվիրված մաթեմատիկական ֆիզիկայի արդի խնդիրներին: Այս մասին նշվում է ԱԱԳԼ տարածած հաղորդագրության մեջ։ «Ծրագրի շրջանակում օգոստոսի 19-21-ը անցկացվելիք աշխատաժողովին ելույթ կունենան ոլորտի առաջատար մասնագետներ՝ Գերմանիայից, Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից և այլ երկրներից: Աշխատաժողովը շարունակում է 2010 թ․ հիմնադրված «Սուպեր-համաչափությունը ինտեգրվող համակարգերում» խորագրով շարքը։ Օգոստոսի 22-24-ը կանցկացվի ամառային դպրոցը, որի ընթացքում դասախոսություններ կվարեն միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ և գիտնականներ: Հանդիպումների շարքը  գիտական յուրօրինակ միավորում է։ Այս անգամ կիզակետում կլինեն դաշտի քվանտային տեսության, լարերի տեսության և դրանց հետ կապակցված ինտեգրվող համակարգերի երկրաչափական ասպեկտները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Աշխատաժողովի և ամառային դպրոցի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
20:58 - 17 օգոստոսի, 2023
Մի խումբ գիտնականներ և հետազոտողներ Արցախի մասին համատեղ հայտարարություն են տարածել

Մի խումբ գիտնականներ և հետազոտողներ Արցախի մասին համատեղ հայտարարություն են տարածել

Մի խումբ գիտնականներ և հետազոտողներ Արցախի մասին համատեղ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․  «Մենք` ներքոստորագրյալներս, մեր անհանգստությունն ենք հայտնում Արցախում ստեղծված օրհասական վիճակի վերաբերյալ՝ դիմելով ՀՀ կառավարությանը։ Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ավելի քան 120 000 քաղաքացի սովամահ է լինում։  Ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի հայտարարությունները, օգտագործվող գործիքակազմը և քայլերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի անմարդկային, ահաբեկիչներին հատուկ քաղաքականության վերջնանպատակն արցախահայության էթնիկ զտմանը հասնելն է, նրանց հազարամյակների ընթացքում անփոփոխ բնօրրանից զրկելն է։ Ակնհայտ է, որ խախտված են մարդու տարրական իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժը, առաջին անհրաժեշտության ապրանքների և առողջապահական ծառայությունների հասանելիությունը, կրթության հասանելիությունը և այլն: Նաև ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը չկանխելու դեպքում, ականատես ենք լինելու ևս մեկ ցեղասպանության՝ հաշվի առնելով Ադրբեջանի ահաբեկող հայտարարություններն ու ֆիզիկական բռնությունների անհերքելի փաստերը։ Համաձայն 1948 թվականին ընդունված ՄԱԿ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և նրա պատժի մասին կոնվենցիայի 2–րդ հոդվածի՝ ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կատարվում են մի որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ։ Այնուհետև հաջորդ հինգ կետերում թվարկվում են այդ գործողությունները, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ցեղասպանության ակտ։ Մասնավորապես, հետևյալ ցեղասպանական գործողություններն առկա են այսօր Արցախում.  (գ) խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը, (դ) խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները։ Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2023 թվականի փետրվարի միջանկյալ որոշումը (վերահաստատված 2023 թվականի հուլիսին) հաստատում է Բերձորի միջանցքը մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ անցման համար բաց պահելու կարևորությունը։ Սովը, հոգևոր ու ֆիզիկական ահաբեկումը որպես բանակցային մարտավարություն օգտագործելը չպետք է հանդուրժել։ Եթե ամբողջական շրջափակման ներկայիս իրավիճակը պահպանվի, Ակնայի (Աղդամի) միջոցով սննդամթերք և պաշարներ առաջարկելու ակտը կարելի է բնութագրել իբրև ահաբեկչության և պատանդառության սպառնալիքի տակ պարտադրանք։ Ուստի, Բերձորի միջանցքն այլընտրանք չունի։ Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ մենք, առաջին հերթին որպես ՀՀ քաղաքացիներ, պահանջում ենք  ՀՀ իշխանություններից՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի. հանձն առնել իր վրա դրված հիմնական պարտավորությունը՝ ցույց տալ և ուղղորդել ՀՀ քաղաքացիներին և սփյուռքի հայությանը ինչպես իրենց ամենօրյա քայլերով նպաստեն ներկայիս օրհասական վիճակից դուրս գալուն։ անհապաղ մշակել և ներկայացնել թիրախային գործողությունների ծրագիր՝ ներգրավելով հասարակության բոլոր հիմնական շերտերը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների իրականացման ճանապարհային քարտեզով։ դիմել բոլոր միջազգային կառույցներին, ներգրավել մասնագետների և այլ կարող ուժերի, Հայաստանից և Սփյուռքից՝ Արցախ տանող Բերձորի միակ ճանապարհն անհապաղ ապաշրջափակելու համար՝ համաձայն ԱՄԴ վճռի։ միավորել ջանքերը՝ նպաստելով Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և այլ կալանավորված անձանց անհապաղ և անվերապահ ազատմանը: Կոչ ենք անում բոլոր գիտնականներին ու հետազոտողներին միանալ այս հայտարարությանը»։ Հայտարարությանը միանում են՝ Հռիփսիմե Մկրտչյան (ֆ․մ․գ․թ.) Հայկ Զաքարյան (ֆ․մ․գ․թ.) Գևորգ Տեփանոսյան (կ.գ.թ.) Նարինե Հայրապետյան (ասպիրանտ) Մարիամ Մովսիսյան (գիտաշխատող-ասպիրանտ) Հասմիկ Խաչատրյան (ք.գ.թ., դոցենտ) Դավիթ Պիպոյան (սննդագիտ. դոկտոր(շն․ Իտալիա)) Մարիամ Գևորգյան (հետազոտող, ավագ լաբորանտ) Նոնա Մովսիսյան (գիտաշխատող) Սուսաննա Գագինյան ( գիտաշխատող) Գևորգ Նազարյան (գիտաշխատող) Գայանե Կարապետյան (ասպիրանտ) Հասմիկ Անդրեասյան (ֆ.մ.գ.թ) Արմեն Դանիելյան  (հետազոտող) Արփինե Հարությունյան (ք.գ.թ.) Էլյա Սաֆարյան (հետազոտող) Միշա Աղամալյան (ֆ.մ.գ.թ.) Գևորգ Շահխաթունի (գիտաշխատող) Սուրեն Մանուկյան (պ․գ․թ․, ցեղասպանագետ) Անի Գրիգորյան (հետազոտող) Արմինե Պետրոսյան (հետազոտող) Սոֆյա Գեղամյան (բ․գ․դ․) Վաչիկ Խաչատրյան(ֆ․մ․գ․թ) Արեգ Աշոտի Հունանյան (ֆ․մ․գ․թ) Քրիստինե Մարգարյան (բ․գ․թ․, ավագ գիտաշխատող) Մարգարիտա Հովհաննիսյան (կ.գ.թ.) Կարեն Քեռյան (ֆ.մ.գ.դ) Ռոբերտ Հակոբյան (ք.գ.թ.) Արմեն Սարգսյան (կ.գ.թ.) Օլիմպիա Գեղամյան (ի.գ.թ.) Զաքարյան Մարիետա (ք.գ.թ.) Մուշեղ Ռաֆայելյան (ֆ․մ․գ․թ) Մաքսիմ Սարգսյան (հետազոտող) Սուսաննա Գևորգյան (ասպիրանտ) Աշոտ Աբրահամյան (տ․գ․թ․) Ռոքսանա Զախարյան (ֆ․մ․գ․թ․) Գայանե Ստեփանյան (հետազոտող) Տիգրանուհի Կարապետյան (հետազոտող) Սիրաս Հակոբյան (հետազոտող) Տիգրանուհի Նիկողոսյան (հետազոտող) Անի Հակոբյան (Արվեստագիտության թեկնածու, գիտաշխատող) Արսեն Առաքելյան (կ․գ․դ․թ) Արփինե Փիլոյան (ֆ․մ․գ․թ.) Միքայել Մալխասյան (պ.գ.թ., դոց.) Արամ Բուտավյան (հետազոտող) Նիկոլայ Ավթանդիլյան (կ․գ․թ) Արամ Միքայելյան (ք.գ.թ., դոց.) Անի Հասրաթյան (ք.գ.թ., դոց.) Աստղիկ Շահխաթունի (ք.գ.թ.)   Լուսանկարը՝ Մարութ Վանյանի
17:00 - 31 հուլիսի, 2023
Ջուրը՝ որպես կյանքի հոմանիշ․ «լաբորատորիայից ներս» ջրօգտագործման մշակույթի ուսումնասիրություն է

Ջուրը՝ որպես կյանքի հոմանիշ․ «լաբորատորիայից ներս» ջրօգտագործման մշակույթի ուսումնասիրություն է

Ջուրը կյանք է՝ կյանքում հաճախ ենք լսում, բայց թերեւս, այնքան էլ հաճախ չենք մտածում այդ արտահայտության խորքային իմաստների, ընդհանրապես, ջրի բազմաֆունկցիոնալ դերի եւ մեզանում ձեւավորված ջրային մշակույթի նրբերանգների մասին։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) մի խումբ գիտաշխատողներ որոշել են մտածել այս եւ բազում այլ հարցերի շուրջ` փորձելով հասնել «ջրի ակունքներին»։ Այլ կերպ ասած՝ ուսումնասիրել ջրօգտագործման անցյալի փորձը, ջրային ռեսուրսների օգտագործման եւ կառավարման առանձնահատկությունները, ջրային պաշարների ներկային եւ ապագային վերաբերող խնդիրները՝ զուգակցելով դրանք նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությանը՝ ջրամերձ հուշարձաններից մինչեւ ջրի պաշտամունքին հարող հավատալիքներ ու ծեսեր։ Եվ այս ամենը՝ ոչ թե մեկ, այլ մի քանի մասնագիտական դիտանկյունով։ «Ջրօգտագործման մշակույթը Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» ծրագրում ներառված են հնագիտությամբ, ազգագրությամբ եւ բանագիտությամբ զբաղվող 7 գիտաշխատողներ, որոնց ուսումնասիրության շրջանակում են Սեւանա լճի արեւելյան ավազանը, Շիրակի ջրանցքի, Բերքաբերի ջրամբարի պատմությունը, անձրեւաբեր ու անձրեւախափան մի շարք ծեսեր եւ ոչ միայն։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝  Հետգրություն․ հոդվածի ձեւաչափը հաշվի առնելով՝ խորհուրդ ենք տալիս այն կարդալ համակարգչով։ Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Տեսանյութերը՝ Սարգիս Խարազյանի եւ Սվետլանա Մովսիսյանի Լուսանկարները՝ Ռոման Աբովյանի եւ Ջուլիետտա Հովհաննիսյանի Մոնտաժը՝ Ռոման Աբովյանի
21:15 - 22 հուլիսի, 2023
Երկար զրույց գիտության շուրջ [47] Սյուզաննա Շամախյան | Վերոնիկա Աղաջանյան

Երկար զրույց գիտության շուրջ [47] Սյուզաննա Շամախյան | Վերոնիկա Աղաջանյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի 47-րդ թողարկմանը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST)՝ ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը և հետազոտությունների առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանը զրուցում են - գիտության ու նորարարության զարգացման տեսլականի և դրա շուրջ ռեսուրսների կոնսոլիդացիայի անհրաժեշտության, - գիտության թիրախային կամ հորիզոնական զարգացման երկընտրանքի, - երկրի վերափոխման ու աշխարհին ասելիք ունենալու, - բացասական ինդիվիդուալիզմի (շուստրիության), - համագործակցության մշակույթի բացակայության, - հասարակության դրական հատկանիշների՝ գիտելիքահեն տնտեսության կառուցմանը նպաստելու, - գիտության միջազգայնացման տենդենցների, - գիտության ու կրթության խնդիրների կապի, - կրթության բարձր որակի ուղղությամբ հանրային պահանջի բացակայության,  - հետազոտական աշխատանքի կազմակերպման գիտելիքի բացակայության,  - կրթության ապագայի և կրթական համակարգի վերափոխման մասին։
17:48 - 19 հուլիսի, 2023
Ճանապարհորդություն դեպի քարաքոսերի աշխարհ․ Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբից ներս

Ճանապարհորդություն դեպի քարաքոսերի աշխարհ․ Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբից ներս

Պատահե՞լ է, որ քարի վրա բարակ, գունավոր շերտ տեսնեք, ու առաջին հայացքից ձեզ թվա, թե դա մամուռ է… Իրականում ձեր առջև քարաքոս է՝ մի հետաքրքիր «օրգանիզմ», որն այնքան էլ օրգանիզմ չէ։ Կային ժամանակներ, երբ քարաքոսերը համարվում էին բույսեր։ Բայց երբ գիտնականները խորությամբ ուսումնասիրեցին դրանք, պարզեցին, որ քարաքոսերն ամենևին էլ բույսեր չեն, այլ բարդ համակարգեր՝ համակեցություններ, որտեղ կան սնկեր և ջրիմուռներ։ Մինչև վերջերս Հայաստանի քարաքոսերի մասին գիտական հետազոտությունների հաճախ չէիք հանդիպի։ Իրավիճակը փոխվեց 2020-ին, երբ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում գիտական նոր խումբ ձևավորվեց, որը սկսեց զբաղվել Հայաստանի քարաքոսերի ուսումնասիրությամբ։ Իսկ ինչպե՞ս ձևավորվեց Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խումբը, ովքե՞ր են աշխատում այնտեղ, ինչպե՞ս են հետազոտում քարաքոսերը․․․ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ Հեղինակ՝ Աննա Սահակյան,Տեսանյութերը և լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի ու Ռոման Աբովյանի  
21:56 - 10 հուլիսի, 2023