Այս տարվա մայիսին տիեզերքում գտնվող «Հայասաթ-1» արբանյակն առաջին անգամ ձայնային ազդանշանի տեսքով Երկիր ուղարկեց Կոմիտասի «Կաքավիկ» երգի մեղեդին։
«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանին հանդիպում եմ Զովունիում։ Քայլում ենք այգու միջով․ այստեղ վերգետնյա կապի կայանքն է, որով որսում են «Հայասաթ-1»-ից եկող ազդանշանները։ Ավետիք Գրիգորյանը հիշում է՝ երբ առաջին անգամ արբանյակն անցկացրին ձայնային ազդանշան հեռարձակելու ռեժիմի, չգիտեին՝ երբ կգրանցեն այդ ազդանշանը, և եկող ռադիոաղմուկի մեջ կոնկրետ որ պահին կհնչի սպասված մեղեդին։
Վերգետնյա կապի կայանքը
«Երբ անցնում ենք այդ ռեժիմին, ռադիոաղմուկը որևէ կերպ չի հուշում, թե որ պահին ազդանշանը կգա։ Այդ անորոշության մեջ սպասելիս պատկերացրեք մեր ցնծությունը, երբ հանկարծ առաջին անգամ տիեզերքից հնչեց «Կաքավիկի» մեղեդին։ Շատ հուզիչ պահ էր»,- ասում է «Բազումք»-ի տնօրենը։
«Հայասաթ-1»-ից ստացված ազդանշանների տեսագրությունը (տեսանյութը՝ «Բազումք»-ի)
Միասին գնում ենք «Բազումք»-ի այն լաբորատորիան, որը նախատեսված է փոքր արբանյակների երկրային նմուշների հետ աշխատելու համար։ Այստեղ դրված է «Հայասաթ-1»-ի երկրային նմուշը՝ նրա աշխատող կրկնօրինակը, որի վրա նախապես փորձարկվում են տիեզերքում գտնվող «Հայասաթ-1»-ին ուղարկվելիք այն հրահանգները, որոնք կարող են խնդրահարույց լինել։
Ավետիք Գրիգորյանը՝ լաբորատորիայում, սեղանին՝ արբանյակի երկրային նմուշը
«Բազումք»-ի ու «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) թիմերի համատեղ ջանքերով ստեղծված «Հայասաթ-1»-ը տիեզերք արձակվեց 2023-ի դեկտեմբերին։ Արձակման հաջորդ օրն իմացանք, որ արբանյակը բացել է անտենաներն, ու ստացվել են առաջին ազդանշանները։ Բայց «Հայասաթ-1»-ը դեռ չէր անցկացվում ձայնային ազդանշան հեռարձակելու ռեժիմին․ սկզբում պետք էր արբանյակից ստացված տվյալների հիման վրա համոզվել, որ նրա հետ ամեն բան կարգին է, և խնդիրներ չկան։
«Հայասաթ-1»-ի ստեղծման աշխատանքները (լուսանկարը՝ «Ինֆոքոմ»-ի արխիվից)
«Հայասաթ-1»-ի առանձին մոդուլները՝ ռադիոկապի և էներգասնուցման համակարգերը, ներքին համակարգիչը, արևային վահանակները, ձեռք են բերվել պատրաստի վիճակում, և Հայասանում իրականացվել է դրանց ինտեգրացիան, ստուգաչափումն ու կարգաբերումը։ Արբանյակի ստեղծման հետ կապված բոլոր գնումները, աշխատանքները, արձակումն ու դրանից հետո կատարվող գործառույթները հնարավոր է եղել իրականացնել մասնավոր նվիրատվությունների շնորհիվ։
«Մենք ոչ մի ուրիշ ֆինանսավորում՝ բացի մի քանի դոնորներից, չունենք, և պիտի նվազագույն ծախսով կարողանայինք հասնել այս հաջողությանը, ցույց տալ մեր կարողությունը, որպեսզի հետո պետությունն էլ, տեսնելով այդ կարողությունը, ավելի վստահաբար ձեռք մեկնի ու համագործակցի»,- ասում է Ավետիք Գրիգորյանը։
Ավետիք Գրիգորյանը
Քանի որ «Հայասաթ-1»-ը փոքր արբանյակ է, և նրա էներգասնուցման համակարգը շատ հզոր չէր կարող լինել, արձակումից հետո թռիչքի սկզբնական փուլում արբանյակը պահվում էր միայն այնպիսի ռեժիմներում, որոնք շատ էներգասպառող չեն։
Այդ փուլում «Բազումք»-ի վերգետնյա կապի կայանքով ընդունվող ազդանշանների միջոցով արբանյակի վիճակի մասին հնարավորինս շատ տեղեկություններ հավաքելուց հետո միայն որոշում կայացվեց արբանյակն անցկացնել ձայնային ազդանշաններ ուղարկելու ռեժիմի։
«Համոզվեցինք, որ հիմնականում այն, ինչ որ մենք արել ենք, արել ենք ճիշտ, ամեն ինչ ըստ նախատեսվածի աշխատում է, եթե կան որոշ խնդիրներ, ապա դրանք մեզնից չեն բխում, այլ այն մոդուլներից, որ մենք գնել ենք ժամանակին։ Սակայն դրանք կրիտիկական չեն, և այդ առումով մեր նպատակներին հասանք, համոզվեցինք և ապացուցեինք, որ մենք ունենք արբանյակ ստեղծելու, արձակելու և աշխատեցնելու կարողություն»- ասում է Ավետիք Գրիգորյանը։
«Հայասաթ-1»-ին ցուցադրությունը՝ Ինժեներական քաղաքի Գիտության և տեխնիկայի թանգարանում (լուսանկարը՝ «Բազումք»-ի)
Նա հիշում է, որ իրենց համար ոգևորիչ էր նաև այն պահը, երբ «Հայասաթ-1»-ի հետ հերթական կապի ժամանակ հնարավոր եղավ առաջին անգամ իրար հետևից ստանալ «Կաքավիկ»-ի մեղեդին, Մորզեի այբուբենով կոդավորված տեղեկություններ և տեքստային ինֆորմացիա։
«Բազումք»-ի տնօրենն ինձ ցույց է տալիս համակարգչում պահպանված տեքստային ինֆորմացիան, որ ստացել են արբանյակից։ Ուշադիր լինելու դեպքում այնտեղ կգտնեք հետևյալ տողերը․ «Armenia in Space for Science» (անգլերենից թարգմանաբար՝ «Հայաստանը տիեզերքում՝ հանուն գիտության»)։
Արբանյակից ստացված տեքստային ինֆորմացիան (լուսանկարը՝ «Բազումք»-ի)
Այժմ, երբ ամենակարևոր քայլն արված է, և Հայաստանում ստեղծված առաջին արբանյակը տիեզերքում է, նրա մասին տեղեկությունները պարբերաբար ստացվում և վերլուծվում են, «Բազումք»-ը նախատեսում է իրականացնել նոր ծրագրեր։
Արբանյակի վիճակի և աշխատանքի մասին հավաքած տվյալները կօգնեն հետագա ծրագրերի ընթացքում։ «Հայասաթ-1»-ը փոքր արբանյակ է` յուրաքանչյուր կողմի երկարությունը՝ 10 սանտիմետր։ Հետագա արբանյակներն ավելի մեծ են լինելու։
Ավետիք Գրիգորյանն ասում է, որ իրենց հետագա ծրագրերը միտված են լինելու աջակցելու պետությանը «ArmSat» ծրագրով սեփական տիեզերական կարողություններ զարգացնելու գործում։ Երկու տարի առաջ, հիշեցնենք, Հայաստանը գնեց «ArmSat-1» արբանյակը, որն այժմ տիեզերքում է։ «Բազումք»-ի առաջարկած «Հայասաթ» ծրագրի նպատակն է, մշակելով և տիեզերքում փորձարկելով հայրենական արբանյակային մոդուլներ, հասնել նրան, որ «ArmSat» ծրագրի հաջորդ արբանյակների մոդուլները սկսեն կամաց-կամաց փոխարինվել դրանց հայրենական մոդելներով։
«Հայասաթ-1»-ը (լուսանկարը՝ «Բազումք»-ի)
Այս նպատակով «Բազումք»-ն առաջիկայում նախատեսում է երկու տարին մեկ նոր արբանյակ ուղարկել տիեզերք։ Արբանյակների մոդուլները «Բազումք»-ը շարունակելու է գնել արտասահմանյան մատակարարներից, ինչպես «Հայասաթ-1»-ի դեպքում, սակայն, համագործակցելով տեղական գործընկեր կազմակերպությունների հետ, ամեն անգամ այդ մոդուլներից 1-2-ի (օրինակ՝ ռադիոկապի կամ կողմնորոշման համակարգի) հայրենական տարբերակն է ստեղծելու և որպես փորձարկման ենթակա օգտակար բեռ արբանյակի հետ ուղարկելու տիեզերք։
Արբանյակի օգտակար բեռ են համարվում այն սարքերը, որոնք տարբեր առաքելությունների ժամանակ արբանյակի հետ ուղարկվում են տիեզերք և այդ սարքի աշխատանքի մասին տեղեկություններ ուղարկում Երկիր։
Երբ «Բազումք»-ը համեմատի արբանյակի գնված մոդուլի և նույն գարծառույթը կատարող հայրենական օգտակար բեռի աշխատանքային վարքագծերը տիեզերքում ու համոզվի, որ հայրենական մոդելը տիեզերական պայմաններում աշխատում է նույնքան հաջող կամ նույնիսկ ավելի լավ, այն կտեղադրվի հաջորդ «Armsat» արբանյակում՝ որպես համապատասխան հիմնական մոդուլ։
Ավետիք Գրիգորյանն ասում է, որ եթե ամեն ինչ ըստ պլանավորածի ընթանա, 6-7 տարուց հնարավոր կլինի տիեզերք ուղարկել արբանյակ, որի հիմնական մոդուլները կլինեն հայրենական արտադրության․ «Կամաց-կամաց առաջ կգնանք, մինչև ուղեղն էլ կփոխենք՝ բորտ-համակարգիչը, և այն կդառնա հայրենական արբանյակային պլատֆորմ»։
Այս գաղափարի մասին արդեն բանավոր ասվել է Հայաստանի կառավարության ներկայացուցիչներին։ Ավետիք Գրիգորյանը նշում է, որ կառավարությունն իրենց կարող է օգնել՝ գնելով արբանյակային մոդուլներ և դրանց հետ կապված տեխնոլոգիաները, որպեսզի հետո դրանց օգնությամբ մշակվեն համապատասխան հայրենական մոդուլները։
«Բազումք»-ի տնօրենը լիահույս է, որ կառավարությունից աջակցությունը կլինի, իսկ «Հայասաթ» և «Armsat» ծրագրերը, զուգահեռ զարգանալով, կաջակցեն իրար։
«Բազումք»-ում
«Բազումք»-ն առաջիկայում նախատեսում է համագործակցել ֆրանսիական Վերսալի համալսարանի հետ։ Այս համագործակցության շրջանակում «Բազումք»-ն ազդանշաններ է որսալու ֆրանսիական արբանյակներից, երբ դրանք անցնելիս լինեն Հայաստանի վերևով, իսկ Վերսալի համալսարանը՝ «Հայասաթ-1»-ից և հաջորդ «Հայասաթ»-ներից, երբ դրանք Ֆրանսիայի վերևով անցնեն։ Այսպես երկու կողմերն իրար տեղեկություններ են փոխանցելու միմյանց արբանյակների մասին։
Ավետիք Գրիգորյանն ասում է՝ այժմ ուզում են համագործակցությունն ամրապնդել հուշագրով, ինչպես նաև ներգարվել Ամերիկյան համալսարանին, որ համագործակցությունը կրթական բաղադրիչ ունենա․ ուսանողները մասնակցեն արբանյակներից տեղեկությունների ընդունման, վերլուծման գործընթացին, ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացվեն։
Հետագա արբանյակների ստեծման գործում «Բազումք»-ը ցանկանում է նաև համագործակցել հայկական տեխնոլոգիական ընկերությունների հետ, որոնք կարող են իրենց համար մշակել ու պատրաստել որպես օգտակար բեռ տիեզերք ուղարկվելիք մոդուլները։
«Տիեզերական բարձր տեխնոլոգիական ոլորտը, որը շատ բազմաճյուղ է, կարող է դառնալ լոկոմոտիվ բարձր տեխնոլոգիական այլ ուղղությունների համար։ ․․․․ Նրանք կներգրավվեն իրենց ուղղությամբ, բայց ավելի բարձր տեխնոլոգիական պահանջներով նախագծերի մեջ, և դա նրանց համար նաև շանս կլինի ավելի աճելու, մասնագետներ աճեցնելու»։
Այժմ տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ընկերությունների փնտրտուքի մեջ է։
Իհարկե, նոր ու ավելի հավակնոտ ծրագրերի հետ շատանալու են նաև դժվարությունները։ Նախ, ավելի մեծ արբանյակների մոդուլների ինտեգրումը, համակարգերի համաձայնեցված աշխատանքն ապահովելը բարդ գործ է։ Մեծ աշխատանք ու ջանքեր է պահանջելու նաև հայրենական մոդուլների ստեղծումը։ Բայց Ավետիք Գրիգորյանն, ինչպես միշտ, լավատես է ապագա նապաձեռնությունների հաջողության հարցում։
Հեղինակ՝ Աննա Սահակյան
Լուսանկարները՝ Մարգարիտա Հովհաննիսյանի
comment.count (0)