Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգ՝ առանց բանկոմատների

Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգ՝ առանց բանկոմատների

Այս տարվա հունվարի 1-ից 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով․ բնակիչներն այսուհետ կենսաթոշակները ստանալու են ոչ թե «Հայփոստի» բաժանմունքներից, այլ իրենց բանկային քարտերով։ Բացառություն են այդ բնակավայրերի 75 տարեկանը լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։ Հայաստանում 1000 և ավելի բնակիչ ունի 456 բնակավայր, սակայն այդ բնակավայրերից բանկոմատ կա ընդամենը 88-ում։ Սա նշանակում է, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի միայն 19%-ում բնակիչները կենսաթոշակները կանխիկացնելու հնարավորություն ունեն։ Իսկ բնակավայրերի մոտ 81%-ում բանկոմատ չկա, և բնակիչները կենսաթոշակները կանխիկացնելու համար պետք է հասնեն այլ բնակավայրեր։   Ինչպե՞ս է կատարվում կենսաթոշակների անկանխիկ վճարումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցում է 12 բանկերի հետ, որոնք տրամադրում են կենսաթոշակային քարտեր։ Այս բանկերից 1-ը՝ «Արցախբանկը», բանկոմատներ ունի միայն մայրաքաղաք Երևանում։ Մնացած բանկերը բանկոմատներ ունեն նաև մարզերում, սակայն մեծամասամբ՝ քաղաքներում։  Եթե բնակիչները չեն ընտրում, թե որ բանկն է իրենց կենսաթոշակային քարտ  տրամադրելու, այդ ընտրությունը կատարվում է ավտոմատ համակարգի միջոցով, իսկ անհամաձայնություն ունենալու դեպքում բնակիչները կարող են փոխել իրենց բանկը։ Եթե նրանք կենսաթոշակը կանխիկացնեն ոչ թե իրենց քարտ տրամադրած բանկից, այլ նախարարության հետ համագործկցող որևէ այլ բանկի բանկոմատից, ապա նրանցից կգանձվի կենսաթոշակի 0,5-2%-ի չափով սպասարկման վճար (վճարի չափը կախված է յուրաքանչյուր բանկի սահմանած սակագնից)։   Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի անցումը Դեռ 2019-ին գործադիրը հավանություն էր տվել օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որով առաջարկվում էր անցնել կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ փոփոխությունների արդյունքում «կապահովվի վճարումների հասցեականությունը, և էապես կնվազեն առկա ռիսկերը»։ Փոփոխությունը, սակայն, չիրականացվեց միանգամից՝ «հաշվի առնելով փոքր բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը»։ 2021-ից համակարգը ներդրվեց Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, 2022-ին՝ այլ քաղաքներում, իսկ այս տարվանից համակարգը գործում է 1000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր բնակավայրերում՝ և՛ քաղաքներում, և՛ գյուղերում։ 2024-ից կենսաթոշակներն անկանխիկ կվճարվեն արդեն Հայաստանի բոլոր բնակավայրերում։ 2022-ի հուլիսից էլ կառավարությունն իրականացնում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Միջոցառման շրջանակում առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարող քաղաքացիներին հաջորդ ամսվա ընթացքում տրամադրվում է 10%-ի չափով հետվճար (cashback)։  Դրան զուգահեռ՝ 2022-ի հուլիսից ուժի մեջ մտավ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը։ Այս օրենքով սահմանվում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող տնտեսվարողները պետք է ապահովեն վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով վճարում իրականացնելու հնարավորություն։ Կարգավորումը չի տարածվում միայն կրպակների վրա։ Եթե այս փոփոխությունը կարելի է անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորության հասանելիության խնդրի լուծման ուղղությամբ քայլ համարել, քանի որ գյուղերի բնակիչները տեսականորեն կարող են անկանխիկ առևտուր անել, ապա բանկային ենթակառուցվածքների հարցը մնում է չլուծված։   Ի՞նչ են ցույց տալիս տվյալները Մենք փորձեցինք հասկանալ, թե 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերից քանիսում գոնե 1 բանկոմատ կա, որով բնակիչները կարող են կենսաթոշակը կանխիկացնել։ Հայաստանի բնակավայրերի ցանկն՝ ըստ բնակիչների թվի, 2020-ի որոշմամբ հաստատել է կառավարությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի անցնելիս առջնորդվել է հենց այդ ցանկով։ Սակայն ցանկը 2020-ից հետո չի թարմացվել, և այժմ պատկերը մի փոքր այլ է։ Համաձայն Վիճակագրական կոմիտեի 2022-ի տվյալների՝ այս ցանկում կան բնակավայրեր, որոնք նախկինում 1000 և ավելի բնակիչ ունեին, իսկ հիմա չունեն, և հակառակը։ Հաշվի առնելով այսպիսի փոփոխությունները՝ մենք, կառավարության հաստատած ցանկում ներառված բնակավայրերից բացի, դիտարկել ենք ևս 8 բնակավայր, որոնք, ըստ Վիճկոմի, ունեն 1000 և ավելի բնակիչ։ Այս 8 բնակավայրերում կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգն այս տարի չի ներդրվի, սակայն 2024-ից այնտեղ էլ կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ, քանի որ 2024-ից համակարգը գործելու է ՀՀ ողջ տարածքում։ Բանկոմատների մասին տվյալները վերցվել են առանձին բանկերի կայքերում հրապարակված ցանկերից։ Դիտարկվել են Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող բոլոր այն բանկերը, որոնք ունեն մասնաճյուղեր և տրամադրում են բանկային քարտեր. ընդհանուր առմամբ՝ 15 բանկ։ Այդ բանկերից 12-ը տրամադրում են կենսաթոշակային քարտեր, 3-ը՝ ոչ։ Կենսաթոշակային քարտեր չտրամադրող բանկերը դիտարկվել են, քանի որ այլ բանկերի բանկոմատների բացակայության դեպքում դրանք կարող են կենսաթոշակը կանխիկացնելու հնարավորություն լինել։ Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող 456 բնակավայրից միայն 88-ում կա բանկոմատ։ Քարտեզի վրա կապույտ գույնով նշված են այն բնակավայրերը, որտեղ գոնե 1 բանկոմատ է առկա, կարմիրով՝ այն բնակավայրերը, որտեղ բանկոմատ չկա, մոխրագույնով` այն բնակավայրերը, որտեղ բանկոմատներ կան, սակայն բնակիչներին ոչ հասանելի վայրերում, կամ որտեղ կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգը դեռ չի ներդրվել։ Յուրաքանչյուր բնակավայրի նկարագրության մեջ կարող եք գտնել մանրամասներ առկա բանկոմատների թվի և այլնի մասին։ Այն դեպքերում, երբ որևէ բնակավայրում չկա բանկոմատ, բնակիչները կարող են կենսաթոշակը ստանալ մոտակա բնակավայրերի բանկոմատներից։ Սակայն դա լրացուցիչ դժվարություն և ֆինանսական ծախս է առաջացնում կենսաթոշակառուների համար։ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում, օրինակ, բանկոմատ չկա։ Մոտակա բանկոմատն Արարատ քաղաքում է, որը հեռու է մոտ 42 կմ։ Իսկ, օրինակ, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից մինչև մոտակա բանոկմատ՝ Մեծամոր, 20 կմ է։ Այսպիսով, չնայած կենսաթոշակների անկանխիկ վճարմանն անցնելու մասին նախագծում նշվում էր բանկային ենթակառուցվածքների բացակայության խնդիրը, և փոփոխությունը նաև այդ պատճառով իրականացվեց փուլերով, տվյալները ցույց են տալիս, որ բանկային ենթակառուցվածքների խնդիրը շարունակում է մնալ չլուծված այն բնակավայրերի մոտ 81%-ում, որտեղ կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով։   Աննա Սահակյան, Կատյա Մամյան    
16:16 - 18 հունվարի, 2023
Պաշտպանի աջակցությամբ մանկատան նախկին սանը ձեռք է բերել բնակարան

Պաշտպանի աջակցությամբ մանկատան նախկին սանը ձեռք է բերել բնակարան

Քաղաքացին 2022թ.-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված բողոքով տեղեկացրել է, որ ինքը մանկատան նախկին սան է և չունի որևէ սեփականություն: Անձի տեղեկացմամբ ինքը եղել է մանկատան սան, որից հետո իր կամքին հակառակ, տեղափոխվել է հատուկ դաստիարակչական դպրոց: Կրթություն ստանալուց հետո աշխատելիս անձն ապրել է վարձակալությամբ։ Նրա պնդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մերժել է բնակարանի գնման վկայագիր տրամադրելու վերաբերյալ իր դիմումներն այն պատճառաբանությամբ, որ վերջինս չի հանդիսանում Կառավարության 2019թ.-ի նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշմամբ հաստատված մանկատան շրջանավարտ: Քաղաքացին դիմել է Պաշտպանին իր իրավունքների պաշտպանության ապահովման և իրեն բնակարան տրամադրելու հարցում աջակցություն ստանալու խնդրանքով։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել նախարարությունից, որին ի պատասխան մի քանի անգամ տրվել են տարբեր պատասխաններ։ Նշվել է, որ տվյալ անձը չի հանդիսանում հայաստանյան մանկատան շրջանավարտ կամ ՀՀ մանկատանն առնվազն 7 տարի խնամք և դաստիարակություն չի ստացել, հետևաբար վերը նշված ծրագրով սահմանված կարգով բնակարանի գնման վկայագիր ստանալ չի կարող։ Բողոքի ուսումնասիրության ընթացքում նախարարության կողմից բարձրացվել է հարցը, որ անձի՝ մանկատանը մնալու ընթացքում դեռևս ՀՀ-ն որպես պետություն չի եղել, եղել է ՀԽՍՀՄ: Բողոքի քննարկման ընթացքում՝ աշխատանքային կարգով պարբերաբար քննարկումներ են տեղի ունեցել Պաշտպանի ներկայացուցչի և նախարարության ներկայացուցիչների միջև, որի արդյունքում անձին տրամադրվել է բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք։ Անձը որոշ ժամանակ անց կարողացել է գնել բնակարան։
17:54 - 13 հունվարի, 2023
Խոշոր գյուղական համայնքներում այս ամսվանից կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով. նախարարությունն իրազեկում է

Խոշոր գյուղական համայնքներում այս ամսվանից կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով. նախարարությունն իրազեկում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում կենսաթոշակի և կենսաթոշակի կարգով տրամադրվող նպաստների վճարումը 2023 թվականի հունվար ամսվանից իրականացվում է անկանխիկ եղանակով։ Եթե քաղաքացին նախապես չի ընտրել իրեն սպասարկող բանկը, ապա ընտրությունն իր փոխարեն իրականացվել է ծրագրային մոդուլի միջոցով, որի արդյունքում պատահականորեն ընտրվել է կենսաթոշակ կամ նպաստ վճարող կազմակերպություններից որևէ մեկը։ Կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպության մասին տեղեկատվությունն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել online.ssa.am կայքէջ, ընտրել «Վճարող կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն» կոճակը, համապատասխան դաշտերում լրացնել հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ այն չունենալու մասին տեղեկանքի համարը կամ անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները և սեղմել «Որոնել» ստեղնը։ Որոնման արդյունքում քաղաքացին կկարողանա տեղեկանալ վճարող կազմակերպության անվանման, վճարատեսակի և այլնի մասին։ Հիշեցնենք, որ 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կենսաթոշակը կամ նպաստը կշարունակեն ստանալ կանխիկ եղանակով՝ «Հայփոստ»-ի միջոցով։
12:42 - 05 հունվարի, 2023
Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ժամկետը երկարացվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը

Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ժամկետը երկարացվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը

Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը․ նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Այս պահին ծրագրից օգտվում է շուրջ 59 000 շահառու․ նոյեմբեր ամսին կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից իրականացվել է 2 մլրդ 230 մլն դրամի անկանխիկ շրջանառություն, որի դիմաց վճարվել է շուրջ 185 մլն դրամի չափով հետվճար։ Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կատարում են գործարքներ։ Վերջիններիս տրամադրվում է հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5 000 դրամը։ Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։
13:27 - 29 դեկտեմբերի, 2022
Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ՝ Տավուշում սոցիալ-կրթական, ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց աջակցության կենտրոններ կստեղծվեն

 |armenpress.am|

Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ՝ Տավուշում սոցիալ-կրթական, ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց աջակցության կենտրոններ կստեղծվեն |armenpress.am|

armenpress.am: Տավուշի մարզի Բերդ քաղաքում անապահով բնակչության համար համայնքային սոցիալ-կրթական կենտրոնի ստեղծման, ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց խորհրդատվական աջակցության կենտրոնի և ապաստարանների բարելավման նպատակով՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության, «Պահապան զարգացման» հիմնադրամի և «Կանանց աջակցման կենտրոնի» միջև դրամաշնորհային ծրագրերի պայմանագրեր ստորագրվեցին:  Ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվի ավելի քան 90 հազար դոլար՝ «Պահապան զարգացման» հիմնադրամին, և շուրջ 70 հազար դոլար՝ «Կանանց աջակցման» կենտրոնին:    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթև Ստեփանյանը նշեց՝ նախարարությունը վերջին տարիներին ուշադրության կենտրոնում է պահում համայնքային ծառայությունների ընդլայնումը:   «Հուշագրերի ստորագրումը վկայում է, որ Ճապոնիայի և ՀՀ-ի կառավարությունները մեկ դիտանկյունից են նայում համայնքների զարգացմանն ու սոցիալական ոլորտի պաշտպանության խնդրին: Վստահ եմ, որ ջանքերի մեկտեղումը նպաստելու է՝ ևս մեկ քայլ առաջ գնալ խնդիրները լուծելու կարևոր գործընթացում»,- նշեց փոխնախարարը:  ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ընդգծեց, որ  իր համար մեծ պատիվ է մասնակցել անապահով բնակչության համար համայնքային սոցիալ-կրթական կենտրոնի ստեղծման, ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց խորհրդատվական աջակցության կենտրոնի և ապաստարանների բարելավման ծրագրերի ստորագրման արարողությանը: «Ուրախ եմ հայտարարել, որ այս հուշագրի ստորագրման շրջանակներում  դրամաշնորհային  օժանդակություն է տրամադրվելու «Պահապան զարգացման» հիմնադրամին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում երեխաների, ծնողների, երիտասարդների համայնքային բազմաֆունկցիոնալ սոցիալական և կրթական կենտրոնի կառուցման նպատակով: Մեկ այլ դրամաշնորհային օժանդակություն է տրամադրվելու «Կանանց աջակցման կենտրոնին», որի նպատակն է վերանորոգել կենտրոնը, որտեղ կազմակերպությունը մատուցում է սոցիալական խորհրդատվական ծառայություններ և իրավաբանական օգնություն, ինչպես նաև՝ վերանորոգել կանանց և երեխաների համար նախատեսված 2 ապաստարան՝ ստեղծելով առավել ապահով և հարմար պայմաններ»,- ասաց դեսպանը:  «Պահապան զարգացման» հիմնադրամի տնօրեն Ինգա Հարությունյանի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է նպաստել Բերդում բնակչության խոցելի խավի կյանքի որակի բարելավմանը ՝ կառուցելով հասարակական սոցիալ-կրթական կենտրոն։ Արդյունքում, տարեկան մոտ 2800 մարդ կշահի նախագծից։ «Ծրագիրը նպատակ ունի ապահովել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաների անվտանգությունն ու կենսապայմանների բարելավումը՝ խորհրդատվական աջակցության կենտրոնի և ապաստարանների կահավորմամբ, ինչպես նաև շենքերի վերանորոգմամբ: Արդյունքում, նախագծի շրջանակում տարեկան մոտ 300 կին և երեխա կշահեն»,- եզրափակեց «Կանանց աջակցման կենտրոնի» ղեկավար Հասմիկ Գևորգյանը:   
16:53 - 23 դեկտեմբերի, 2022
2022-ին երեք հիմնական բարեփոխում է արվել կենսաթոշակային ապահովության ոլորտում․ նախարարություն

2022-ին երեք հիմնական բարեփոխում է արվել կենսաթոշակային ապահովության ոլորտում․ նախարարություն

2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացել են հիմնական և նվազագույն կենսաթոշակների չափերը․ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափն ավելացել է 3000 դրամով, իսկ զինվորական կենսաթոշակներինը՝ 5200 դրամով: Տարեսկզբից պարտադիր ժամկետայյին զինծառայողներին և նրանց ընտանիքներին տրվող կենսաթոշակները սահմանվել են 28.600 դրամ (25.600 դրամի փոխարեն), իսկ սեպտեմբերից՝ 31.600 դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։    2022 թվականի հուլիսի 1-ից իրականացվում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Միջոցառման շրջանակում ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարող քաղաքացիներին հաջորդ ամսվա ընթացքում տրամադրվում է 10 %-ի չափով հետվճար։ Այս պահին ծրագրից օգտվում է շուրջ 50.000 քաղաքացի։   2022 թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի («ՀայՓոստի») միջոցով: Շահառուի ընտրությամբ կենսաթոշակներն ու նպաստները կարող են վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով միայն այն դեպքում, եթե լրացել է վերջինիս 75 տարին կամ ճանաչվել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ։
18:37 - 19 դեկտեմբերի, 2022
2023 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսվում է ապահովել խելամիտ հարմարեցումներ․ Նարեկ Մկրտչյան

2023 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսվում է ապահովել խելամիտ հարմարեցումներ․ Նարեկ Մկրտչյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ուղերձ է հղել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ։   Ուղերձում ասված է․   «Հարգելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։   Կարևորելով վերջիններիս համար մատչելի պայմանների ստեղծումը, տարիքին ու գնահատված կարիքին համարժեք ծառայությունների մատուցումն ու զբաղվածության ապահովումը՝ պետությունը շարունակում է անհրաժեշտ ջանքեր ներդնել՝ իրականացնելով օրենսդրական և ոլորտային այլ բարեփոխումներ։   Մասնավորապես՝ 2023 թվականի փետրվարի 1–ից կներդրվի անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ։ Այն հնարավորություն կտա իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել նաև սոցիալական գործոնների համատեքստում և որոշել յուրաքանչյուր անձի անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տեսակը:   2023 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատավայրերում և ուսումնական հաստատություններում նախատեսվում է ապահովել խելամիտ հարմարեցումներ։ Փորձնական գործարկումից հետո 2024 թվականի հունվարի 1-ից կներդրվի նաև անձնական օգնականի ծառայությունը։   Հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով՝ նախարարությունը շարունակում է հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել շուրջօրյա, ցերեկային ու սոցիալ-վերականգնողական ծառայություններ` վերջիններիս խնամքի ու զբաղվածությունը ապահովելու և անհրաժեշտ հմտությունների ուսուցումը կազմակերպելու համար: Անհրաժեշտ ծառայությունների մատուցման նպատակով՝ այս տարվա համար նախատեսված է շուրջ 233 մլն 500 հազար դրամ։   Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը խթանելու նպատակով՝ պետական հավաստագրերի հիման վրա շարունակվում է նաև աջակցող միջոցների տրամադրումը․ 2022 թվականի 11 ամիսների ընթացքում 8262 անձի տրամադրվել է շուրջ 20,000 աջակցող միջոց։   Մեկ անգամ ևս ընդգծելով պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների կարևորությունը՝ լիահույս եմ, որ իրականացվող և նախատեսվող բարեփոխումները իրապես կկարողանան լուծել ոլորտում առկա հիմնահարցերը և նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանը»։
13:21 - 03 դեկտեմբերի, 2022
Թոշակի բարձրացման պատճառով մի խումբ անձինք զրկվել են նպաստից․ նախարարությունը պարզաբանում է տարածել

Թոշակի բարձրացման պատճառով մի խումբ անձինք զրկվել են նպաստից․ նախարարությունը պարզաբանում է տարածել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյան Ֆեյսբուքի իր էջի գրառմամբ տեղեկացնում է, որ պայմանավորված եկամտի ավելացմամբ (օրինակ՝ աշխատավարձ, կենսաթոշակ կամ ամսական պարբերականությամբ վճարվող որևէ այլ եկամուտ) քաղաքացին կարող է դուրս մնալ անապահովության գնահատման համակարգից․ ընթացակարգը նոր չէ, գործում է համակարգի ներդրման պահից։   «Անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող ընտանեկան/սոցիալական նպաստը երաշխավորված աջակցություն չէ, այն ընտանիքի եկամուտների հիմքով տրվող աջակցություն է՝ ի տարբերություն, օրինակ՝ կենսաթոշակների։   Համակարգից դուրս մնացած, բայց աջակցության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար, որի չափը հավասար է սոցիալական նպաստի չափին (ամսական՝ 18 հազար դրամ):   Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ ընտանիքը կարող է չստանալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ, բայց կարող է շարունակել օգտվել այլ աջակցություններից։   Այս դեպքում, կենսաթոշակի բարձրացման հիմքով անապահովության գնահատման համակարգից դուրս մնացած ընտանիքները կշարունակեն օգտվել կոմունալ զեղչերից (նվազ սակագներ՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց)․ վերոնշյալ հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ոչ թե «28.00», այլ՝ «20.00» միավոր, իսկ կենսաթոշակի չափի բարձրացումը միավորի կտրուկ փոփոխություն՝ «28.00»-ից «20.00» միավորի միջակայքում չի բերել։   Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ այս պահին ընտանեկան/սոցիալական նպաստ է ստանում շուրջ 72500 ընտանիք․ անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման ուղղությամբ նախարարության կողմից ինտենսիվ աշխատանքներ են տարվում»,-  գրել է Մանուչարյանը:  
14:24 - 28 նոյեմբերի, 2022
Խորհրդարանը քննարկեց նվազագույն ամսական աշխատավարձը 75 հազար դրամ դարձնելու նախագիծը

 |armenpress.am|

Խորհրդարանը քննարկեց նվազագույն ամսական աշխատավարձը 75 հազար դրամ դարձնելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է հաջորդ տարվանից նվազագույն  ամսական աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 75 հազար դրամ: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Նախաձեռնությունը բխում է Կառավարության գործունեության ծրագրից: Ըստ Սարգսյանի՝ նախագիծը մշակելիս հաշվի են առնվել ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև՝ երկրի մակրոտնտեսական ցուցանիշների մասին տեղեկատվություն պարունակող բազաների վերլուծության արդյունքները: «Առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68 հազարի դրամից դարձնելով 75 հազար դրամ»,-ասաց փոխնախարարը:
11:12 - 15 նոյեմբերի, 2022
Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել անապահովության համակարգում հաշվառված անձանցից ապօրինի վարձատրություն ստանալու համար

Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել անապահովության համակարգում հաշվառված անձանցից ապօրինի վարձատրություն ստանալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոնի աշխատակիցները անապահովության համակարգում հաշվառված անձանց ընտանիքների օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար նրանցից անձամբ ստացել են տարբեր չափերի ապօրինի վարձատրություն: Մասնավորապես, 2020 թ. աշնանը ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու խնդրանքով Միասնական սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոնի աշխատակից Գ. Հ.-ին է դիմել վերջինիս կողմից սպասարկվող տարածքի բնակիչ Ն. Ղ.-ն: Տեղեկանալով վերջինիս կողմից կնոջ և երեխաների հետ տարբեր հասցեներում հաշվառված լինելու հանգամանքի մասին՝ Գ. Հ.-ն Ն. Ղ.-ի ընտանիքի օգտին գործողություն կատարելու, այն է՝ կնոջ և երեխաների հաշվառման հասցեն փոխելու հարցում ուղղորդելու համար, Ն. Ղ.-ից պահանջել է 29.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Վերջինս, սակայն, չի համաձայնվել և խոստացել է նպաստի իրավունքից օգտվելու դեպքում իր կարողությունների սահմաններում նրան տալ որոշակի գումար: 2020 թ. դեկտեմբերի 25-ին Ն. Ղ.-ի ընտանիքը հաշվառվել է անապահովության գնահատման համակարգում և սկսել օգտվել ընտանեկան նպաստի իրավունքից, որից հետո Գ. Հ.-ն Ն.Ղ.-ից ստացել է 5000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Բացի այդ, քննությամբ պարզվել է, որ մեկ այլ նպաստառուի ընտանիք ոչ պատշաճ փաստաթղթերի հիման վրա ձեռք է բերել ընտանեկան նպաստի իրավունք, որի հետևանքով որպես ընտանեկան նպաստ ավելի վճարված 306.500 ՀՀ դրամ գումարը վերադարձնել չկարողանալու պատճառով նպաստառուի ընտանիքի անդամը դիմել է Գ. Հ.-ին, ով խոստացել է օգնել նրան: Գ. Հ.-ի օգնությամբ նպաստառուի ընտանիքի անդամը ներկայացրել է հետգանձման ենթակա գումարը զիջելու վերաբերյալ դիմում, և արդյունքում վերադարձվել է գումարի մի մասը: Հիշյալ նպաստառու ընտանիքի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերադարձման ենթակա գումարի մի մասը զիջելու հարցում ուղղորդելու համար, 2021 թվականի նոյեմբերի 30-ին Գ. Հ.-ն նպաստառուի ընտանիքի անդամից ստացել է 10000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Նախաքննության ընթացքում բացահայտվել է Ախուրյանի տարածքային կենտրոնի մեկ այլ աշխատակցի` Վ. Խ.-ի կողմից անապահովության համակարգում հաշվառված ընտանիքի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալու դեպք: Մասնավորապես` 2021 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում Վ. Խ.-ն փաստագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը նպաստառուի ընտանիքի անդամ չհանդիսացող այլ անձից ընդունելու և ընթացք տալու համար նպաստառուից ստացել է 18000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գ. Հ.-ին և Վ. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
15:40 - 14 նոյեմբերի, 2022
2022 թվականին 7726 անձի տրամադրվել է 18.374 աջակցող միջոց

2022 թվականին 7726 անձի տրամադրվել է 18.374 աջակցող միջոց

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը 7726 անձի տրամադրվել է 18.374 աջակցող միջոց։   Ինչպե՞ս կարող է քաղաքացին դիմել՝  աջակցող միջոց ստանալու համար   Պետական հավաստագիր ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը։    Պահանջվող փաստաթղթերը շահառուն կարող է ուղարկել նաև e-request.am հարթակի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը և կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները:   Անվասայլակներ, քայլակներ, հենակներ, ձեռնափայտեր, ստորին և վերին վերջույթների պրոթեզներ, լսողական սարքեր և այլ աջակցող միջոցներ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:   ՄՍԾ-ի տարածքային կենտրոնների հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ:
16:17 - 11 նոյեմբերի, 2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերի վնաս

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերի վնաս

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2017 թվականի ընթացքում 2 տարբեր ընկերություններից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կարիքների համար ձեռք է բերել 51 մլն 900 հազար դրամի բժշկական սարքավորումներ, 9 մլն 245 հազար 300 դրամի էլեկտրական տեխնիկա և 34 մլն դրամի երկու ավտոմեքենա: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, Հաշվեքննիչ պալատի քննության արդյունքների հիման վրա նախաձեռնված ուսումնասիրությամբ, արձանագրվել է, որ Նախարարության պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, պաշտոնեական դիրքը օգտագործելով, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 17 մլն 509 հազար 976 դրամ գումարը յուրացրել կամ վատնել են՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Մասնավորապես, ձեռք բերված 4 մլն 670 հազար դրամ արժողությամբ բժշկական սարքավորումը` «Ուլտրաձայնային սոնոգրաֆիկ ապարատը», գնման օրվանից՝ 2017 թվականից, չի շահագործվել: Ավելին, Առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի համաձայն՝ ՊՈԱԿ-ը նշված սարքավորմամբ բժշկական հետազոտություններ իրականացնելու թույլտվություն չի ունեցել: Բացի այդ, ձեռք են բերվել էլեկտրական կառավարմամբ բժշկական 72 մահճակալ՝ մեկ միավորի արժեքը 500 հազար դրամ (ընդհանուր՝ 36 մլն դրամ) և նույն քանակով բժշկական մահճակալի ներքնակ՝ մեկ միավորի արժեքը 58 հազար 333 դրամ (ընդհանուր՝ 4 մլն 200 հազար դրամ): Պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ մահճակալի «Ձգման կանգնակի թույլատրելի ծանրաբեռնունակությունը՝ 110 կգ է», իսկ ներքնակի բեռնունակությունը՝ 125 կգ: Մինչդեռ, համացանցի բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ նմանատիպ էլեկտրական կառավարմամբ մահճակալը ներքնակով, շուրջ երկու անգամ ավել՝ 280 կգ առավելագույն անրաբեռնունակությամբ, առաջարկվում է ընդամենը 380 հազար դրամ նախահաշվային գնով (գնի տարբերությունը 72 մահճակալի դեպքում՝ 12 մլն 839 հազար 976 դրամ): Պայմանագրերով 9 մլն 245 հազար 300 դրամ  արժեքով մատակարարված 14 անուն էլեկտրական տեխնիկայից 6-ը և «Նիսան Ուրվան» մակնիշի 2 ավտոմեքենաները՝ 34 մլն դրամ ընդհանուր արժեքով չեն համապատասխանել պայմանագրերի տեխնիկական բնութագրերի պահանջներին, սակայն ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2017 թվականին պատվիրատուի և մատակարարի հետ կազմել են իրականությանը չհամապատասխանող հանձնման-ընդունման կեղծ ակտեր՝ արձանագրելով, որ նախատեսված  մատակարարումները համապատասխանում են պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին: Ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը 2022 թվականին ստուգումներ է իրականացրել «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում և պարզել, որ 2020 թվականին պետական բյուջե վերադարձման ենթակա 10 մլն դրամը որպես պարգևավճար հատկացվել է տնօրենին և վարչական անձնակազմին՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Արձանագրվել է նաև, որ 2018 թվականին ՊՈԱԿ-ի ճաշացուցակներով դուրս գրված 83 մլն 395 հազար 200 դրամի սննդամթերքի փոխարեն հաշվապահական հաշվառման տվյալներով դուրս է գրվել 85 մլն 814 հազար 300 դրամի սննդամթերք՝ 2 մլն 419 հազար 100 դրամով ավելի: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
19:14 - 08 նոյեմբերի, 2022
ՀՀ ԱՍՀ և Շրջակա միջավայրի նախարարներն ընդունել են «Էյ-Թի-ՓԻ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀՀ ԱՍՀ և Շրջակա միջավայրի նախարարներն ընդունել են «Էյ-Թի-ՓԻ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նոյեմբերի 8-ին ընդունել են «Էյ-Թի-ՓԻ» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ կազմակերպության գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում են ԱՍՀ նախարարությունից, հանդիպման ընթացքում ներկայացվել են Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, գրանցած արդյունքները, շեշտվել վերջինիս առաքելությունը, այն է՝ աջակցել մարդկանց և, առաջին հերթին, կարիքավոր ընտանիքներին՝ նպաստելով նրանց ինքնաբավության մակարդակի բարձրացմանն ու միաժամանակ պահպանելով բնական էկոհամակարգերը: Ընդգծելով ընտանիքների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման, ինչպես նաև դրանց սոցիալական և բնապահպանական բաղադրիչների համատեղելիության կարևորությունը՝ նախարարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել արդեն իսկ իրականացվող Տնամերձ տնկարանների ծրագրի շրջանակում։ Սա միջոցառում է, որը հնարավորություն է տալիս շահառու ընտանիքներին տրամադրել սերմեր, անհրաժեշտ նյութեր, հմտություններ, որոնց շնորհիվ վերջիններս  կարողանում են տնկել ու աճեցնել ծառեր՝ հետագայում դրանք վաճառելով հենց Հիմնադրամին։ Ընտանիքներին հավելյալ եկամտով ապահովելու այս ծրագրի շրջանակում ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն առաջարկել է դիտարկել նաև նախարարության կողմից արդեն իսկ իրականացվող «Սեզոնային զբաղվածության ծրագրի» հետ համատեղելիությունը, որից միայն 2022 թվականին օգտվել է ավելի քան 1170 անձ։ Նախարար Մկրտչյանն առաջարկել է նաև դիտարկել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների բնակիչներին որպես ծրագրի շահառու ներգրավելու հնարավորությունը։ Հակոբ Սիմիդյանը ևս ողջունել է ծրագրի համատեղ իրականացման հնարավորությունը՝ նշելով, որ տարածքների ընտրության, քարտեզագրման և այլ աշխատանքներում իրենց մասնակցությունը կունենան ՇՄ նախարարության ներկայացուցիչները։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ աշխատանքների կազմակերպման նպատակով։
17:58 - 08 նոյեմբերի, 2022
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերի համար

 |armenpress.am|

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերի համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2023 թվականին հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար մինչև երկու տարեկանը  խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման բնակության վայրից: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:  «2023 թվականին էականորեն կավելանա մինչև 2 տարեկան երեխայի նպաստի գծով ծախսերը՝ 2022 թ համար նախատեսված 9 մլրդ 392 մլն դրամի դիմաց: 2023 թվականի համար այս միջոցառման գծով ծախսերը նախատեսվել են 20 միլիարդ 350 միլիոն դրամի չափով: 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման բնակության վայրից: Արդյունքում՝ շահառուների թիվը կավելանա՝ ի հաշիվ չաշխատող քաղաքաբնակ, ինչպես նաև վարձու աշխատող հանդիսացող, բայց խնամքի արձակուրդում չգտնվող մայրերին»,-ասաց Մկրտչյանը: Նախատեսվում է, որ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի  դեպքում նպաստի չափը հաշվարկվելու է նվազագույն աշխատավարձի նկատմամբ կառավարության սահմանած տոկոսից, իսկ չաշխատող կամ վարձու աշխատող հանդիսացող, բայց խնամքի արձակուրդում չգտնվող մայրերի դեպքում՝ խնամքի արձակուրդում գտնվողի համար սահմանված գումարի 80 տոկոսը չգերազանցող չափով: Գյուղաբնակ ու միաժամանակ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ կվճարվի նշված երկու գումարների հանրագումարի չափով: «Նպաստի չափը 2023 թվականի հունվարից կսահմանվի 37 հազար 500 դրամ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների աշխատող ու խնամքի արձակուրդում գտնվողների համար, իսկ մյուս դեպքում՝ 31 հազար 600 դրամ՝ ներկայիս 28 հազար 600-ի փոխարեն»,- ասաց նախարարը: Ընդ որում, գյուղական բնակավայրում աշխատող ու խնամքի արձակուրդում գտնվող ծնողը կստանա 69 հազար 100 դրամ, իսկ մինչ 2023 թվականին ծնվածների մասով՝ 63 հազար 200 դրամ:
11:29 - 04 նոյեմբերի, 2022
ՀՀ կառավարությունը տեղահանված արցախցիների համար բնակարանի ձեռքբերման աջակցության ծրագրին կուղղի 2 մլրդ դրամ

 |armenpress.am|

ՀՀ կառավարությունը տեղահանված արցախցիների համար բնակարանի ձեռքբերման աջակցության ծրագրին կուղղի 2 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2023 թվականին պետբյուջեով նախատեսվում է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրին ուղղել 2 մլրդ դրամ:  Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «2023 թվականին նախատեսվում է իրականացնել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության միջոցառումը, որը հնարավորություն կտա Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն: Այս ծրագրի համար 2023 թվականին բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամ»,-ասաց նախարարը: Մկրտչյանը հիշեցրեց, որ 2022-ի հոկտեմբերին կառավարությունը լավարկել էր գործող որոշումը՝ ըստ որի, եթե տեղահանված ընտանիքն անշարժ գույք ձեռք բերի կամ կառուցի Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղական բնակավայրում, ապա կստանա լրացուցիչ աջակցություն: Մասնավորապես, ձեռքբերման դեպքում կտրամադրվի հանրագումարային մինչև 14 մլն դրամ, իսկ կառուցապատման դեպքում՝ հանրագումարային մինչև 16 մլն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար, տոկոսագումարների մարման համար՝ հանրագումարային մինչև 13 տոկոս: Կատարված փոփոխությունների արդյունքում կսուբսիդավորվի նաև ձեռք բերվող կամ կառուցվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը: Ծրագրի շահառուներն Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված կամ Արցախի Հանրապետությունում հաշվառված, առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված կամ վերջին երեք տարում փաստացի բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներն են (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների, որոնք որևէ ծրագրի շրջանակում գործուղվել են Արցախի Հանրապետություն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։  Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով երաշխավորում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում:    
11:05 - 04 նոյեմբերի, 2022