Գևորգ Պապոյան

Գեւորգ Հարությունի Պապոյանը (փետրվարի 11, 1987ՈւջանԱրագածոտնի մարզ) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, «Իմ քայլը» խմբակցության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

2008թ. ավարտել է Հայաաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: 2011թ.՝ ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Հեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի եւ գիտական տասնյակ հոդվածների:

2008-2009թթ. աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում: 2009-2013թթ. եղել է «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ մարկետինգային հետազոտությունների մասնագետ: 2011 թվականից դասավանդում է ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնում: 2015-2018թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ մարկետինգի բաժնի ղեկավար: 2018-2019թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ փոխտնօրեն:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Հակոբ Արշակյանն ընդունել է ԻԻՀ պատվիրակությանը. կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ միջանցքի կառուցմանն ու շահագործմանը

Հակոբ Արշակյանն ընդունել է ԻԻՀ պատվիրակությանը. կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ միջանցքի կառուցմանն ու շահագործմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Աբբաս Մոքթադայի Խորասհանիի գլխավորած պատվիրակության հետ: Հակոբ Արշակյանը, ողջունելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակության անդամներին, նշել է, որ միջխորհրդարանական ձևաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար: ԱԺ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: «Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջև երկխոսության օրակարգով առաջնորդվող երկու երկրների համար»,- ասել է Հակոբ Արշակյանը: 2022 թ. նշանավորվում է նաև ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով: ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկու երկրների միջև գրեթե բոլոր ոլորտներում առկա է փոխհարաբերությունների բարձր մակարդակ: «Հայաստանն Իրանը դիտարկում է որպես վստահելի գործընկեր և լավ հարևան: Իրանի հետ հարաբերությունները մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձել է ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսևորումներով, որոնք վտանգում են ամբողջ տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը: «Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումն ու ներուժն ակնհայտ է, և դրա վառ դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ԻԻՀ արտահայտած հստակ հայտարարությունը»,- ասել է Հակոբ Արշակյանը: Նա նշել է, որ հայ համայնքն Իրանում ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Աբբաս Մոքթադայի Խորասհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Իրանը մշտապես կարևորել է երկրների տարածքային ամբողջականությունը: Իրանը մեծ պետություն է և հարևան է մոտավորապես 15 երկրի հետ: Հայաստանը Իրանի համար յուրահատուկ և ռազմավարական հարևան է»,- նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահը:Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման առումով կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որն էական դերակատարում ունի երկու երկրների փոխըմբռնման և փոխվստահության գործում: Նա տեղեկացրել է, որ 2022 թ. առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է շուրջ 40 տոկոսով: Բարեկամական խմբի ղեկավարի դիտարկմամբ՝ առաջիկայում մի քանի խոշոր ծրագրերի իրականացումը կնպաստի ցուցանիշի բարելավմանը: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առևտրաշրջանառության զարգացման ու ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանն ու շահագործմանը: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, էներգետիկ, արևային էներգետիկայի, բնապահպանության, ջրային ռեսուրսներին առնչվող ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:
16:33 - 07 հունիսի, 2022
2021-ին Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875.4 միլիոն դրամ. քննարկում ԱԺ-ում

2021-ին Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875.4 միլիոն դրամ. քննարկում ԱԺ-ում

2021 թ. Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875,4 մլն դրամ, որոնք տարվա ընթացքում ստացված պաշտոնական դրամաշնորհների կազմում 39,4 տոկոս են կազմել:  Ընդհանուր պաշտոնական դրամաշնորհների հանրագումարը կազմել է 12 մլրդ 380 մլն դրամ: Այս մասին տեղեկացրել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հունիսի 6-ի Եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանը և Գևորգ Պապոյանը: «Պետական բյուջեի պակասուրդը հաշվետու տարում կազմել է 320 մլրդ դրամին համարժեք գումար, որից  88 մլրդ 227 մլն դրամ արժեքով կազմել են այն վարկերը և փոխառությունները, որոնք ամրացված են եղել պետական բյուջեով սահմանված ծախսային ուղղություններին, այսինքն՝ նպատակային վարկերը: Այս նպատակային վարկերի թվում, որը 88 մլրդ 227 մլն դրամ է կազմում, 19 մլրդ 403 մլն դրամը կամ ընդհանուր այդպիսի վարկերի և փոխառությունների 22 տոկոսը ստացվել է Եվրամիությունից»,- պարզաբանել է նախարարը՝ անդրադառնալով ծախսային ուղղություններում դրանց նշանակությանը: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է նախարարության իրականացրած աշխատանքներին և ծրագրերին: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է ԵՄ-ի կողմից խոստացված 2,6 մլրդ եվրո աջակցութամբ իրականացվելիք ծրագրերով:  Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, որ  մարտին եղել է Բրյուսելում՝ այդ հարցով խորհրդակցություններ իրականացնելու նպատակով:  «Հավաստիացումներ հնչեցին բոլոր գործընկերների կողմից,  որ հապաղում տեղի չի ունենա՝ կապված ընդհանուր ճգնաժամի հետ: Ավելին, ապրիլի վերջին  Երևանում  տեղի ունեցավ Եվրամիություն-Հայաստան գործընկերության կոմիտեի նիստ, որտեղ մանրամասն քննարկեցինք ծրագրերի ընթացքը: Նույնն արվեց արտգործնախարարի կողմից՝ Գործընկերության խորհրդի ընթացքում՝ մայիսի 18-ին: Այժմ ծրագրերն ընթանում են իրենց հունով, և հապաղման  որևէ ռիսկ, կարծես թե,  չկա»,- հայտնել է փոխնախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ ԵՄ-ի հետ շարունակվում են վիզաների դյուրինացման հետ կապված քննարկումները: «Եվրամիության հետ մենք այդ հարցը մշտապես պահում ենք մեր օրակարգում»,- նշել է Պարույր Հովհաննիսյանը:
17:45 - 06 հունիսի, 2022
Լարսի հետ կապված խնդիրը դեռևս մնում է խիստ ծանր. Քերոբյանը վստահեցնում է՝ աշխատում են տարբեր ուղղություններով |armenpress.am|

Լարսի հետ կապված խնդիրը դեռևս մնում է խիստ ծանր. Քերոբյանը վստահեցնում է՝ աշխատում են տարբեր ուղղություններով |armenpress.am|

armenpress.am: Վերին Լարսի անցակետում մեծ հերթերի հետ կապված խնդիրը դեռևս շարունակում է խիստ ծանր մնալ, հայկական բեռնափոխադրողները, արտահանողներն ու ներմուծողները խոշոր վնասներ են կրում, պետությունը աշխատանքներ է տանում ռուս և վրացի գործընկերների հետ: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին: «Լարսի հետ կապված խնդիրը դեռևս մնում է խիստ ծանր: Եվ մենք շարունակում ենք աշխատանքները՝ մեր ռուս և վրացի գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս արագ վերադառնանք նորմալ աշխատանքային ռեժիմի, մանավանդ, որ հիմա թևակոխում ենք գյուղատնտեսական ապրանքների սեզոն, և կարիք կա, որ տրանսպորտային հանգույցներն անխափան աշխատեն»,-ասաց Քերոբյանը: Նախարարը հիշեցրեց, որ հունիսի 11-ին ռուս գործընկերների հետ հանդիպելու է հենց Լարսի անցակետում՝ տեղում հասկանալու, թե ինչպես կարող են արագացնել գործընթացը: Ռուս գործընկերները հավատացնում են, որ հնարավորինս մեծ արագությամբ են իրականացվում մաքսային գործողությունները: «Սակայն մենք տեսնում ենք, որ խնդիրը սկզբունքային առումով դեռ չի լուծվել: Մեր բեռնափոխադրողները, արտադրողները, արտահանողներն ու ներմուծողները խոշոր վնասներ են կրում այս առումով»,-ասաց Քերոբյանը: Անդրադառնալով նախատեսվող լաստանավային հաղորդակցությանը՝ նա ասաց, որ օրեր առաջ հանդիպում են ունեցել տրանսպորտային կազմակերպությունների, լաստանավի օպերատորի հետ, համաձայնեցրել աշխատանքային կարգը: Այս պահին մեր աշխատանքը գործարկելու համար մնացել է ընդամենը մեկ խնդիր լուծելու: «Դա Վրաստանի կառավարության թույլտվությունն է՝ իրենց նավահանգիստներից օգտվելու առումով: Իրենք ունեն մի շարք դիտողություններ: Դրանք, մեր կարծիքով, ամբողջությամբ հարթվել են: Ամեն րոպե սպասում ենք,-ասաց Քերոբյանը: Ըստ պլանավորածի՝ հունիսի 15-ից կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը պետք է սկսի աշխատել: Նախարարը հավատացած է, որ դա թույլ է տալու, որ ամենաարագ փչացող ապրանքների, ամենածանր ապրանքների հարցը օրակարգից հանել: Չնայած լաստանավի տարողունակությունն այնպիսին չէ, որ հնարավոր լինի թարմ և արագ փչացող ամբողջ ապրանքների համար օգտագործել լաստանավային հաղորդակցությունը: Նա վստահեցրեց, որ Վերին Լարսի անցակետով արագ տարանցման մեխանիզմների ուղղությամբ էլ են աշխատանք կատարում, որ հայկական բեռները, որպես ԵԱՏՄ բեռները, ավել արագ ընթացակարգերով անցնեն:
17:32 - 06 հունիսի, 2022
Հայաստանում հնարավոր չի լինի կանխիկով խաղադրույք անել. ԱԺ-ն նախագիծն ընդունեց |azatutyun.am|

Հայաստանում հնարավոր չի լինի կանխիկով խաղադրույք անել. ԱԺ-ն նախագիծն ընդունեց |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովն այսօր 67 կողմ ձայնով՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց խաղադրույքների ոլորտին առնչվող օրենսդրական փաթեթը, որով արգելվելու է կանխիկով խաղադրույք անելը։ Օրինագծի հեղինակներից Գևորգ Պապոյանը երեկ հայտնեց, որ օրենքի ընդունումից 6 ամիս անց էլ քաղաքացիները չեն կարող խաղադրույքների համար գումար փոխանցել վճարային սարքերով, խաղադրույք անել հնարավոր կլինի միայն բանկային հաշիվներից կամ բանկային քարտերով: «Մենք ապագայում իրականացնելու ենք այլ գործողություններ, որոնք ևս միտված են լինելու խաղամոլության դեմ պայքարին։ Պարզապես նաև այս եղանակով մենք ոչ միայն սահմանափակում ենք մարդկանց խաղալու հնարավորությունները, այլ նաև սա մեզ հնարավորություն կտա որոշակի պատկեր տեսնել, թե իրականում ինչպիսի շրջանառություն կա ոլորտում և այնուհետև որոշակի սահմանփակումներ կիրառել տարբեր իրավիճակներում խաղալու հնարավորորությունների հետ կապված», - ասաց Պապոյանը։ Ըստ պատգամավորի, խաղադրույքների ոլորտում համեմատած մյուս համադրվող բիզնեսների հետ, հարկերն բազմապատիկ ավելի քիչ են՝ ընդգծելով, թե այս ոլորտում հարկերն ավելացնելու լավ հնարավորություն կա: «Այս եղանակով ոչ միայն սահմանափակում ենք մարդկանց խաղալու հնարավորությունները, այլ նաև սա մեզ հնարավորություն կտա որոշակի պատկեր տեսնել, թե իրականում ինչպիսի շրջանառություն կա ոլորտում», - ասաց իշխանական պատգամավորը: Պապոյանը, սակայն, միևնույն ժամանակ շեշտեց, թե օրենքի նախագծի նպատակը Հայաստանում խաղամոլության դեմ պայքարն է։
12:15 - 25 մայիսի, 2022
ԿԲ նախնական պատկերացմամբ՝ տնտեսական աճը կարող է լինել կանխատեսած 1.6 տոկոսից բարձր |armenpress.am|

ԿԲ նախնական պատկերացմամբ՝ տնտեսական աճը կարող է լինել կանխատեսած 1.6 տոկոսից բարձր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկը հնարավոր է համարում կանխատեսած 1.6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշի որոշակի վերանայումը: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն՝ ԱԺ նիստում ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի հարցին: Պապոյանը հետաքրքրվեց՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մարտին ԿԲ-ից կողմից 1.25 տոկոսով բարձրացնելը ԿԲ նախագահը համարում է ճի՞շտ, եթե զարգացումները գնացել են դեպի դրական ուղղությամբ, միգուցե պետք էր ավելի քի՞չ: Գալստյանն արձագանքեց. «Զարգացումները դրական ուղղությամբ գնալը նպաստելու է գնաճային ֆոնի ավելի ուժգնացմանը»:  Նա նշեց, որ տնտեսությունը կարող է աճել ավելի բարձր տեմպերով՝ կանխատեսած 1.6 տոկոսի համեմատ: «Դա բավականին հնարավոր սցենար է, այս պահի դրությամբ նախնական թվերին նայելով՝ պատկերացում ունենք, որ 1.6 տոկոսի համեմատ կարող ենք ունենալ ավելի բարձր տնտեսական աճ: Եվ, եթե այդ բարձր տնտեսական աճի հետևում կանգնած են լինելու միջազգային այցելուների կողմից իրականացվող ծախսերը, որոնք հավելյալ պահանջարկ են ստեղծելու, գնաճային ֆոնը Հայաստանում ոչ թե թուլանալու է, որի արդյունքում մենք կկարողանանք տոկոսադրույք նվազեցնել և այլն, այլ գնալով գնաճային ֆոնն ուժգնանալու է, որին գումարվելու են արտաքինից եկող գնաճային ճնշումները, նաև ռիսկի պրեմիան: Այդ պարագայում տնտեսական աճի ցուցանիշի որոշակի վերանայում կարող է տեղի ունենալ»,-ասաց ԿԲ նախագահը: Նա կարծում է, որ 1.25 տոկոսով վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման ԿԲ քայլը ոչ միայն համաչափ էր, այլ՝ մեղմ:
16:30 - 24 մայիսի, 2022
Առցանց ձևաչափով կայացել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը

Առցանց ձևաչափով կայացել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 17-ին տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, պաշտպանության և անվտանգության, սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։  Նիստին մասնակցել են նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Անդրանիկ Քոչարյանը, Գևորգ Պապոյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Շիրակ Թորոսյանը: Ողջունելով մասնակիցներին՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նիստի ընթացքում արդյունավետ աշխատանք կիրականացվի: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նախորդ օրը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովին, որը նվիրված էր Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակին: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ գագաթնաժողովի ընթացքում երկրների ղեկավարները հանգամանորեն քննարկել են կազմակերպության խնդիրները, անդրադարձել ձեռքբերումներին ու բացթողումներին, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը: «Կարծում եմ՝ խորհրդարանական հարթությունում մենք հավատարիմ կմնանք նույն նշաձողին, և առկա համաձայնագրերը կոնկրետ բովանդակությամբ լրացնելու մեր համատեղ ջանքերը կմեծացնեն ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի իրական ներդրումը կազմակերպությունում մեր երկրների բազմակողմ փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման գործում»,- ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը: Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համատեղ քայլերը, ԽՎ-ի 2021-2025 թթ. գործունեության հեռանկարներն ու օրակարգային այլ հարցեր: Խորհրդարանական վեհաժողովում Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի դիմումի և ՀԱՊԿ ԽՎ-ում նրան դիտորդի կարգավիճակ տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը վերահաստատել է այդ առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովն այդ հարցում առարկություններ չունի:
15:22 - 17 մայիսի, 2022
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ուսման վարձի փոխհատուցմանն առնչվող նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ուսման վարձի փոխհատուցմանն առնչվող նախագծին

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու» մասին նախագծին: «Կրթության մասին» օրենքով սահմանված է, որ բուհերը տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով իրենց միջոցների հաշվին ըստ առաջադիմության փոխհատուցում են վճարովի ուսուցման համակարգում ուսանողների ուսման վարձը: Միևնույն ժամանակ բուհը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին ուսանողների վարձավճարից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով իր միջոցների հաշվին, հիմք ընդունելով բարձր առաջադիմություն ունեցող սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում: ««Կրթության մասին» օրենքում որոշակի նվազագույն շեմեր են սահմանված, մասնավորապես, 10 տոկոսի նվազագույն շեմը, բայց միևնույն ժամանակ Հարկային օրենսգրքում բուհի ուսանողական համակազմի մինչև 10 տոկոսի ծառայության մատուցման հետ կապված ծախսերն են փոխհատուցվում շահութահարկի և եկամտահարկի մասով: Այսինքն՝ մի դեպքում մենք «Կրթության մասին» օրենքում ունենք բուհերի առջև դրվող նվազագույն պահանջ 10 տոկոսի, մյուս դեպքում ունենք Հարկային օրենսգրքում առավելագույն պահանջ 10 տոկոսի: Առաջարկում ենք առավելագույն պահանջը դարձնել 20 տոկոս»,- ասաց օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:   ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հավելեց, որ մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը նրանք, ովքեր ուսանող են, կստանան իրենց բուհի կողմից տրվող զեղչերը, իսկ 2024 թվականից հետո նոր օրենքի նախագծով գումարը տրվելու է ուսանողներին, ոչ թե բուհին:  «Կոնկրետ այն ուսանողները, որոնք պետության կողմից պետք է ստանան սովորելու համար ֆինանսավորում, կստանան ուղիղ հենց իրենք»,- ասաց Թռչունյանը:
15:38 - 26 ապրիլի, 2022
Կարգելվի կանխիկ եղանակով խաղադրույք կատարելը. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |armenpress.am|

Կարգելվի կանխիկ եղանակով խաղադրույք կատարելը. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որն առաջարկում է արգելել կանխիկ եղանակով, այդ թվում՝ վճարային տերմինալների միջոցով  խաղադրույքների իրականացումը, օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց կարգելվի նաև խաղադրույքների իրականացումը էլեկտրոնային դրամապանակների միջոցով: «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Գևորգ Պապոյանը: Նա հիշեցրեց՝ կառավարության նպատակներից է շարունակաբար և հետևողականորեն պայքարել խաղամոլության դեմ: «Նախագծի հիմնական թիրախը այն քաղաքացիներն են, որոնք գտնվում են սոցիալապես խոցելի վիճակում, բայց միևնույն ժամանակ խաղաղամոլություն ունեն, որի հետևանքով նրանց և նրանց ընտանիքների սոցիալական վիճակը շարունակաբար էլ ավելի է վատանում: Նախագծով որոշակի սահմանափակումներ են իրականացնում»,-ասաց Պապոյանը: Ներկայում Հայաստանում խաղադրույքներ հնարավոր է իրականացնել երեք եղանակով՝ կանխիկով, էլեկտրոնային փողով և անկանխիկ, այսինքն՝ բանկային հաշիվների միջոցով: «Եթե օրենքն ուժի մեջ մտնի, կանխիկ եղանակը դուրս կգա: Այնուհետև 6 ամիս հետո դուրս կգա նաև էլեկտրոնային փողով վճարելու եղանակը: Եվ մնում է միայն բանկային հաշվով, այսինքն՝ միայն անկանխիկ եղանակով խաղադրույք իրականացնելու հնարավորությունը: Այսինքն` օրենքն ընդունելուց հետո  բուքմեյքերական հաշիվները հնարավոր է լինելու լիցքավորել միայն էլեկտրոնային փողի հաշվից կամ բանկային հաշվից, իսկ 6 ամիս հետո՝ միայն բանկային հաշվից»,-ասաց պատգամավորը: Պապոյանը նկատեց, որ այսօր մի շարք քաղաքացիներ բանկային հաշիվներ չունեն և չեն էլ ուզում ունենալ: Պատգամավորը նշեց, որ հաճախ քաղաքացիները պարտվում են այն գումարները, որոնք մեծ դժվարությամբ են աշխատում: Ըստ նրա՝ փոփոխության արդյունքում էականորեն սահմանափակում են քաղաքացիների անարգել, հեշտ խաղալու հնարավորությունները: Պատգամավորը կոչ է անում այդ գումարները ծախսել ընտանիքների սոցիալական բարեկեցության, կրթության և այլ հարցերի ուղղությամբ: Ըստ նրա՝ խաղադրույքների շրջանառությունն անընդհատ փոխվում է: «Եթե մի քանի ամիս առաջ մեկ այլ օրենքի քննարկման ժամանակ այստեղ ասում էինք, որ Հանրապետությունում շրջանառվող խաղադրույքների գումարը 3.2 տրլն դրամ է, ապա մոտ մեկ շաբաթ առաջվա տվյալներով դարձել է 3.9 տրլն դրամ»,-ասաց պատգամավորը: ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանն էլ հավելեց՝ այս պահին այդ աղետը կանխելու բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործեն: Նա հետաքրքրվեց, թե արդյոք կարո՞ղ են «ապառիկ» խաղադրույքն  արգելել, երբ երիտասարդները, պատանիները խաղադրույք են կատարում՝ հետո վճարելու պայմանով, ինչը հաճախ բերում է ողբերգության, տներ են վաճառում անգամ: Պապոյանն էլ ասաց, որ օրենքի նախագիծը էականորեն կսահմանափակի նաև նման իրավիճակների ի հայտ գալը: «Բուքմեյքերական հաշիվ ունենալու համար չափահաս լինելը պարտադիր է, բանկային հաշիվ ունենալու  համար ևս կա տարիքային շեմ: Հետևաբար, անչափահասների մասնակցությունը հնարավոր չի լինում»,-ասաց պատգամավորը:
13:19 - 12 ապրիլի, 2022
Էլեկտրոնային դրամապանակներով խաղադրույքներն արգելող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը
 |hetq.am|

Էլեկտրոնային դրամապանակներով խաղադրույքներն արգելող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: Փոփոխություններով առաջարկվում է արգելել տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրելն ու ելքագրելը կանխիկ եղանակով, իսկ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով: Նախագիծը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ում խոսքով նախագիծն ամբողջովին բխում է կառավարության ծրագրից, նաև՝ իշխող քաղաքական ուժի նախընտրական խոստումներից՝ որքան հնարավոր է սահմանափակել կամ դժվարացնել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը և քաղաքացիների` դրանց հասանելիությունը: «Բազմաթիվ դեպքեր են մեզ հայտնի դարձել, որ այդ «թակարդի» մեջ են հայտնվում հատկապես սոցիալապես անապահով մարդիկ: Սոցիալապես ապահով մարդու խաղալը մեզ համար խնդրահարույց չէ, որովհետև կարող է իր ժամանցի համար իր իսկ ստացած գումարների մի մասը ծախսել, մենք էդտեղ խնդիր չենք տեսնում, բայց եթե քաղաքացին օրինակ սոցիալապես անապահով է, պետությունից նպաստ է ստանում, նվազագույն աշխատավարձ, ու միևնույն ժամանակ իր ստացած եկամուտների մեծ մասն ուղղում է բուքմեյքերական գրասենյակներում խաղալուն, բնականաբար, պետությունն այստեղ անելիք ունի»,- ասաց Պապոյանը: Գևորգ Պապոյանի համոզմամբ` պետությունը որոշակի գործիքակազմ կիրառելով պետք է միջամտի, և այդ տրամաբանության շրջանակում է նախագիծը կազմվել: Ըստ նրա` փոփոխությունները նպատակ ունեն ավելի թափանցիկ դարձնել ոլորտը, այսինքն, որպեսզի տեսանելի լինի` ով է խաղում, որքան է խաղում, ինչը հնարավորություն է տալու հետագայում որոշակի քաղաքականություն իրականացնել: «Մարդիկ կան, որոնք որոշակի գումար են ստանում, որը չի հաշվառվում որևէ կերպ, օրինակ՝ տաքսու վարորդները, գյուղմթերքի առևտուր իրականացնողները, կարող է ստացվել դեպք, որ էդ քաղաքացին առավոտից երեկո աշխատում է, բայց գնա ու ամբողջ գումարը պարտվի բուքմեյքերական գրասենյակում, ու որևէ սահմանափակում չկա: Փոփոխություններից հետո նվազագույնը պետք է բանկային հաշիվ բացի, գումար գցի, իսկ իրենց մեծ մասը ԴԱՀԿ-ում խնդիր ունեն, ստացվում է` չի կարողանալու խաղալ. արդեն իսկ մեծ խնդիր լուծում է»,- ասաց Գևորգ Պապոյանը: Նախագծի վերաբերյալ կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, ում խոսքով գործադիրի մոտեցումները համահունչ են առաջարկվող կարգավորումներին: Փոխնախարարը հիշեցրեց, որ անկանխիկ գործառնությունների մասին օրենքը նախորդ տարի է ընդունվել, հետևաբար, տնտեսությունը պետք է գնա այն ճանապարհով, որ քիչ կանխիկով ավելի մեծ հնարավորություններ պետք է ստեղծվեն, ուստի նախագիծը համահունչ է այդ ընթացքին: «Մենք չէին գնա այս ճանապարհով, եթե ֆինանսապես գրագետ լինեին ու խաղային էն մարդիկ, ովքեր հասկանում են, որ պարտվելու համար են խաղում, բայց ցավոք, այսօր ունենք մի իրավիճակ, որ ամբողջ գովազդային դաշտը հաղթելու, մեծ շահումներ տանելու մասին է, իսկ խաղացողները խաղում են վատ օրից, դրան հասնելու նպատակով: Հետևաբար, բանկային համակարգ տեղափոխելը կբերի նրան, որ իրենք արդեն ֆինանսապես ավելի գրագետ կլինեն և կհասկանան բոլոր ռիսկերը, որոնք հնարավոր է՝ ֆինանսապես կրեն»,- ասաց ֆինանսների փոխնախարարը: Հայրապետյանը կարևորեց նախագծով առաջարկվող փոփոխությունները փողերի լվացման տեսանկյունից, ըստ նրա, եթե այդ գումարները բանկային համակարգով շրջանառվեն,  հավանականությունը փոքր է, որ փողերի լվացման ռիսկեր կպարունակեն իրենց մեջ: «Միակ բացառությունը, որ կարելի է թույլատրել, կենդանի խաղի ժամանակ ոչ ռեզիդենտների կողմից խաղատանը խաղադրույքների գնման դեպքերը պետք է լինեն, մնացած դեպքերում անկանխիկ գործառնություններով հնարավոր է այդ խաղերը կազմակերպել»,- ասաց նա: Փոխնախարարն ուշադրություն հրավիրեց գովազդային դաշտին, գովազդում են մեքենաներ, բարձր շահումային ֆոնդեր, այսինքն՝ ոգևորում են շահումը, սակայն, ըստ միջազգային ուսումնասիրությունների, խաղի մեջ երկար ժամանակ մնացողը պարտված է: «Հավանականությունը, որ երկար խաղի մեջ մնաս, շահած դուրս կգաս, չկա, կարող է՝ մի անգամ խաղաս, շահես, բայց էդ պահին պետք է դուրս գաս, շահողին պետք է շուտ հանել համակարգից»,-ե զրափակեց  փոխնախարարը: Նախագիծը դրվեց քվեարկության` ստանալով դրական եզրակացություն:
14:30 - 11 ապրիլի, 2022
Գևորգ Պապոյանը նամակ է հղել Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահին և անդամներին

Գևորգ Պապոյանը նամակ է հղել Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահին և անդամներին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ նամակ է հղել Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահին և խմբի անդամներին։ «Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ նամակ եմ հղել Իրանի խորհրդարանի՝ Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին և բարեկամական խմբի անդամ, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բաղիշին: Նամակում ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Արցախում վերջին ռազմական ներխուժումը և ադրբեջանական այն գործողությունները, որոնք նպատակ ունեն Արցախում հումանիտար աղետ և էթնիկ զտում առաջացնել»,- գրել է պատգամավորը։ Պապոյանը նշել է նաև, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր օրակարգին։
18:49 - 27 մարտի, 2022
Նախագահի թեկնածուն ներկայացրեց իր պատկերացումները տնտեսությունը զարգացնելու վերաբերյալ |armenpress.am|

Նախագահի թեկնածուն ներկայացրեց իր պատկերացումները տնտեսությունը զարգացնելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը տնտեսության զարգացման համար կարևորում է կոռուպցիայի նվազեցումը, մրցակցության ավելացումը, բարձր տեխնոլոգիական տնտեսության զարգացումը, տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը: Խաչատուրյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի հարցին, թե հիմա ինչպիսի տնտեսական քաղաքականություն պետք է վարել մրցունակ պետություն ունենալու համար: Նա նշեց՝ պատահական չէ, որ, երբ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո քննարկվել է Հայաստանի տնտեսական ապագան, ինքը գնահատական տալուց շեշտել է մի կարևոր հանգամանք, որ միայն այն, որ կոռուպցիան կնվազի, մրցակցությունը կավելանա, այլընտրանքը կշատանա, դա տնտեսության զարգացման լավագույն խթանը կարող է լինել: «Հիմա ես կրկնում եմ նույնը՝ կոռուպցիան պետք է նվազի, մրցակցությունը, այլընտրանքները պետք է մեծանան: Դրանք լավագույն գործիքներն են, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը»,-ասաց Խաչատուրյանը:  Նա խոսեց այլընտրանքների մասին՝ նշելով, որ երկիրը պետք է մտածի այլընտրանքների մասին: «Խնդիրը հետևյալն է՝ մենք պետք է ունենանք բարձր տեխնոլոգիական տնտեսություն: Սրա տակ ամեն ինչ կարող ենք հասկանալ: Մենք այլընտրանք չունենք, կորցրել ենք այն հնարավորությունը Խորհրդային միության փլուզումից հետո, որ ունեինք այդպիսին դառնալու: Մենք կորցրել ենք այն տեխնոլոգիական, մարդկային, սարքավորումների պոտենցիալը, որ ունեինք Խորհրդային տարիներին: Մենք պետք է դա վերականգնենք: Մեր նախարարությունը լծված էր այդ գործին: Որոշակի, շատ քիչ հաջողություններ կային»,-ասաց Խաչատուրյանը: Նա հավելեց, որ այն ծրագրերը, որոնք սկսվել էին իր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար լինելուց առաջ, շարունակվել են իր նախարար եղած ժամանակ: Նա այլընտրանքների մասին խոսելով՝ նկատի ունի նաև տարածաշրջանային  համագործակցության ընդլայնումը, ճանապարհների բացումը, փակված վիճակից դուրս գալը: «Սրանք այն այլընտրանքներն են, այն հնարավորություններն են, որոնք մենք տնտեսության զարգացման ահռելի ճանապարհ են բացելու»,-ասաց Խաչատուրյանը:
13:00 - 02 մարտի, 2022
Պապոյանն առաջարկում է նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը քննարկել 2023 թվականի բյուջեի համատեքստում |armenpress.am|

Պապոյանն առաջարկում է նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը քննարկել 2023 թվականի բյուջեի համատեքստում |armenpress.am|

armenpress.am: 68 հազար դրամ ամսական նվազագույն ամսական աշխատավարձը երազանքի թիվը չէ, բայց պետք է հաշտվել որոշակի իրողությունների հետ։ Ազգային ժողովում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ: «Այդ իրողություններից մեկը նա է, որ մեր նախընտրական խոստման մեջ նշել ենք, որ նվազագույն աշխատավարձը դարձնելու ենք 85 հազար դրամ մինչև մեր ժամկետի ավարտը, բայց դա նվազագույնի մասին է խոսքը։ Բնականաբար, տնտեսական լավ ցուցանիշների առկայության պարագայում շատ ավելի արագ է աճելու նվազագույն աշխատավարձը»,- ասաց Պապոյանը։ Պատգամավորը առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման հարցը քննարկել 2023 թվականի պետական բյուջեի համատեքստում։ «Բյուջեի քննարկման ընթացքում զուգահեռ կհասկանանք, թե ինչպիսի ֆինանսական միջոցներ ունենք, կարող է և շատ ավելին կամ քիչ կարողանանք բարձրացնել նվազագույն աշխատավարձը, քան նախագծում է նշված։ Կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ ավելի ճիշտ է: Հաջորդը՝ սկզբից առաջարկում եք 100 հազար դրամ, հետո համաձայնվում եք իջեցնել  85-80 հազար դրամ։ Սա նշանակում է, որ թվային խորքային վերլուծություն չկա։ Եթե այդպես էր՝ առաջարկեիք 200 հազար դրամ բարձրացնել։ Շատ ավելի ճիշտ կլինի այս հարցի քննարկումը տեղափոխել բյուջեի հարցի համատեքստ, և, ըստ այդմ, շարժվենք առաջ»,- եզրափակեց Պապոյանը։
12:49 - 08 փետրվարի, 2022
Քանի դեռ նախագահը հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, ՔՊ-ում թեկնածուի քննարկում չկա |armenpress.am|

Քանի դեռ նախագահը հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, ՔՊ-ում թեկնածուի քննարկում չկա |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների վստահեցմամբ՝ խմբակցությունում դեռևս նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ չկան, քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը 7-օրյա ժամկետում հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի: Խմբակցության պատգամավորներն այս մասին ասացին ԱԺ ճեպազրույցում: Պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ այս պահին ընթացող իրավակարգավորումներով ՀՀ-ն ունի փաստացի նախագահ, այպիսով ժամանակավրեպ են համարում այսպիսի իրավիճակում նախագահի թեկնածուի հարց քննարկելը: Օրենքը 7-օրյա ժամկետում հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն է տալիս: «Կանդրադառնանք այն պահին, երբ այդ պաշտոնը թափուր կլինի, իսկ պաշտոնն այս պահին թափուր չէ»,- ասաց Պապոյանը: Նրա խոսքով՝ թեկնածուն կլինի այն մարդը, ում կընտրի ՔՊ խմբակցությունը: Նա չի կարող ընդդիմության փոխարեն ասել՝ ընդդիմադիրները թեկնածու կառաջադրեն, թե ոչ: Բայց քանի որ ընտրողն ըստ էության ՔՊ խմբակցությունն է, այսինքն՝ միայն այդ խմբակցությունը կարող է նախագահ ընտրել, հետևաբար հանրապետության նախագահ կլինի այն մարդը, որը կլինի մեր խմբակցության թեկնածուն»,- ասաց նա: Վահագն Հովակիմյանն ասաց, որ քանի դեռ նախագահը կարող է ետ վերցնել դիմումը, պաշտոնական մակարդակում սկսել քննարկել թեկնածուի հարցը ինստիտուտի նկատմամբ ճիշտ չեն համարում: «Նախագահը, օրենսդրությամբ իրեն տրված հնարավորությամբ, իրավունք ունի ետ վերցնելու դիմումը: Իսկ առաջադրումների փուլը պետք է սկսի այդ 7-օրյա ժամկետն ավարտվելուց հետո, երբ ԱԺ նախագահը պաշտոնապես կհրապարակի նախագահի հրաժարականը: Դրանից հետո օրենսդրությունը 5-օրյա ժամկետ է տալիս թեկնածուների առաջադրման համար: Այդ 5-օրյա ժամկետում արդեն տեղի կունենան պաշտոնական քննարկումները»,- ասաց պատգամավորը: Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Այս պահին, քանի դեռ Հանրապետության նախագահը դիմումը ետ վերցնելու հնարավորություն ունի, մեր խմբակցությունում քննարկումներ չկան: Այո, բնական է, որ կան որոշակի քննարկումներ՝ մոտեցումների, չափանիշների շուրջ, բայց դրանք որևէ կերպ թեկնածուի քննարկում չի կարելի անվանել»:
12:21 - 25 հունվարի, 2022
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
ԿԲ նախագահը ներկայացրեց գնաճի կանխատեսումները |armenpress.am|

ԿԲ նախագահը ներկայացրեց գնաճի կանխատեսումները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարվա վերջում գնաճը կգերազանցի նախանշված թիրախային ցուցանիշը՝ 4 տոկոսը, սակայն հաջորդ տարի, եթե ռիսկեր ի հայտ չգան, վերադարձ կկատարվի այդ ցուցանիշին: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ-ում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի ՝ գնաճի վերաբերյալ հարցին: «Մենք ունենք մանդատ՝ այնպես անել, որ ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը չնվազի, ու այդ մանդատը վերաբերում է գնաճի կարգավորմանը: Այս  տարին սպեցիֆիկ տարի էր՝ պայմանավորված կորոնավիրուսի հետևանքներով, համաշխարհային պարենի շուկաներում հիմնական պարենային ապրանքների գների բարձրացմամբ, ինչպես նաև առաջարկի նկատմամբ պահանջարկի ավելի արագ տեմպերով աճով »,-ասաց Գալստյանը: Ըստ նրա՝ գնաճի ավել բարձր ցուցանիշներին բերող երկրորդ բաղադրիչը պարենի միջազգային գներն են՝ պայմանավորված թե բեռնափոխադրումներով, թե որոշակի առումով նաև՝ վատ բերքով: «Մենք տեսանք, որ Հայաստանում 2021-ին 2020-ից հետո, երբ բավականին բարձր խնայողություններ էին կուտակվել, մարդիկ սկսեցին  այդ խնայողությունները ծախսել, որը հավելյալ պահանջարկ է ստեղծել: Դրա արդյունքում այս պահի դրությամբ՝ մեր գնաճը 9,1 տոկոս է»,-ասաց Գալստյանն ու հիշեցրեց, որ ԿԲ խորհրդի վերջին նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է նույն մակարդակի վրա: Գալստյանը հիշեցրեց `ՀՀ կենտրոնական բանկն առաջինն էր տարածաշրջանում, որ անցած տարվա դեկտեմբերին սկսել է տոկոսադրույք բարձրացնել: Ինչ վերաբերում է գնաճի հետագա զարգացումներին`Գալստյանն ասաց. «Մենք ակնկալում ենք, որ տարվա վերջում կունենանք գնաճ, որը կգերազանցի մեր թիրախը: Բայց լիահույս ենք, ու բոլոր ջանքերը արդեն գործադրված են. մենք համոզված ենք, որ եթե գնում ենք բազային սցենարով, ու նոր ռիսկեր ի հայտ չեն գալիս, մյուս տարվա ընթացքում վերադառնում ենք մեր 4 տոկոս թիրախին»:
14:02 - 17 նոյեմբերի, 2021