ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ուսման վարձի փոխհատուցմանն առնչվող նախագծին
15:38 - 26 ապրիլի, 2022

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ուսման վարձի փոխհատուցմանն առնչվող նախագծին

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու» մասին նախագծին:

«Կրթության մասին» օրենքով սահմանված է, որ բուհերը տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով իրենց միջոցների հաշվին ըստ առաջադիմության փոխհատուցում են վճարովի ուսուցման համակարգում ուսանողների ուսման վարձը:

Միևնույն ժամանակ բուհը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին ուսանողների վարձավճարից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով իր միջոցների հաշվին, հիմք ընդունելով բարձր առաջադիմություն ունեցող սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:

««Կրթության մասին» օրենքում որոշակի նվազագույն շեմեր են սահմանված, մասնավորապես, 10 տոկոսի նվազագույն շեմը, բայց միևնույն ժամանակ Հարկային օրենսգրքում բուհի ուսանողական համակազմի մինչև 10 տոկոսի ծառայության մատուցման հետ կապված ծախսերն են փոխհատուցվում շահութահարկի և եկամտահարկի մասով: Այսինքն՝ մի դեպքում մենք «Կրթության մասին» օրենքում ունենք բուհերի առջև դրվող նվազագույն պահանջ 10 տոկոսի, մյուս դեպքում ունենք Հարկային օրենսգրքում առավելագույն պահանջ 10 տոկոսի: Առաջարկում ենք առավելագույն պահանջը դարձնել 20 տոկոս»,- ասաց օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:  

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հավելեց, որ մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը նրանք, ովքեր ուսանող են, կստանան իրենց բուհի կողմից տրվող զեղչերը, իսկ 2024 թվականից հետո նոր օրենքի նախագծով գումարը տրվելու է ուսանողներին, ոչ թե բուհին: 

«Կոնկրետ այն ուսանողները, որոնք պետության կողմից պետք է ստանան սովորելու համար ֆինանսավորում, կստանան ուղիղ հենց իրենք»,- ասաց Թռչունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել