ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Ապօրինություններ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում․ ոստիկանության բացահայտումը

Ապօրինություններ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում․ ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ բժշկական կենտրոնի տնօրենը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առանց սահմանված կարգի մրցույթ հայտարարելու 2014 և 2016 թվականներին իր հետ փոխկապակցված անձանց պատկանող ընկերության հետ կնքել է լվացքի, արդուկման և ախտահանման ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր։ 2016-ից 2019 թվականներին ծառայություններ մատուցող ընկերության տնօրենը կազմել և բուժհաստատության համապատասխան աշխատակիցներին է ներկայացրել մատուցված ծառայությունների ծավալի վերաբերյալ բովանդակությամբ կեղծ կատարողական ակտեր, ինչի հետևանքով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 37 միլիոն 500 հազար դրամից ավելի գումար։ Պարզվել է նաև, որ բժշկական կենտրոնի որոշ աշխատակիցներ, պետության կողմից երաշխավորված, անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ ծրագրի շրջանակներում, 2016-ից 2019 թվականներին կրկնակի կամ հավելյալ բժշկական ծառայությունների վերաբերյալ հաշվառման փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են մտցրել ու կազմել ակնհայտ կեղծ հաշվետվություններ, որոնք ներկայացրել են Առողջապահության նախարարությանը և չիրականացված ծառայությունների դիմաց ստացել 27 միլիոն 100 հազար դրամից ավելի գումար։ Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բուժհաստատության նյութական պատասխանատու անձը 2019 թվականի ընթացքում յուրացման եղանակով հափշտակել է 2 միլիոն 500 հազար դրամից ավելի` ընդհանուր 6 տոննա 360 լիտր վառելիք։Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։
15:37 - 13 մարտի, 2020
Գյումրու աղմկահարույց ծեծի դեպքով ծառայողական քննություն է իրականացվել, որն ավարտական փուլում է. Ահարոնյան |armtimes.com|

Գյումրու աղմկահարույց ծեծի դեպքով ծառայողական քննություն է իրականացվել, որն ավարտական փուլում է. Ահարոնյան |armtimes.com|

armtimes.com: Օրեր առաջ՝ մարտի 5-ին Գյումրիի Պռոշյան 14 հասցեում տեղի ունեցած աղմկահարույց ծեծի դեպքի հետ կապված հանգամանքները, նաեւ ահազանգերը ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել, որն ավարտական փուլում է: Քննության արդյունքում պարզվել է, որ ոստիկանությունը բռնության վերաբերյալ ահազանգեր նախկինում այդ հասցեից չի ստացել: Ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Ահարոնյանն ասաց, որ Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննությամբ միայն պարզվել է, որ ոստիկանությունն ընդամենը մեկ ահազանգ է ստացել 2018 թվականի հունվարի 7-ին: «Ահազանգը բռնությանը չի վերաբերել»,-ասաց Ահարոնյանը, ապա հավելեց. «Աղջնակի ազգականներից մեկը զանգահարել է ոստիկանություն եւ ասել, թող ոստիկան գա, ապա բողոքել է, որ նշված հասցեում անձ կա, եւ ինքը դեմ է, որ նա գտնվի այդ տանը: Ոստիկանները ժամանել են տուն, տանտիրուհին, այսինքն հանգուցյալը, նշել է, որ որեւէ խնդիր չկա, եւ տանը գտնվողն իր հյուրն է»։ Ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության ընթացքում, ըստ Աշոտ Ահարոնյանի, լսվել են եւ հարեւանները, եւ տարածքի պատասխանատու ոստիկանության ծառայողները: 
20:20 - 12 մարտի, 2020
Վարչապետին հայհոյելու համար ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում |armtimes.com|

Վարչապետին հայհոյելու համար ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար «Հեղափոխության պահապաններ» խմբի մասնակցի կողմից ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա Ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին տեղեկացրին Ոստիկանության լրատվական բաժնից: Հիշեցնենք՝ օրերս, երբ վարչապետը նախընտրական քարոզարշավի ժամանակ «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» անունով բուկլետ էր տվել մի երիտասարդ աղջկա, վերջինս այն պատռել էր և նետել վարչապետի ուղղությամբ։ Դրանից հետո համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որում աղջիկը ոմն «գյուղապետի» հետ զրույցում պատմում էր դեպքի մանրամասները, գյուղապետն էլ ընթացքում հայհոյանքներ էր հնչեցնում վարչապետի հասցեին: Դրանից հետո «Հեղափոխության պահապաններ» ներկայացած մի խումբ երիտասարդներ հանդիպել են «գյուղապետի» հետ եւ ասել, որ նա ներողություն խնդրի, ինչն էլ արվել է: Միաժամանակ «գյուղապետը» նշել է, որ տեսանյութը սարքած է եւ տեսանյութում ինքն ամենեւին էլ չի զրուցել այդ աղջկա հետ:  
19:31 - 12 մարտի, 2020
«Թիվ 12 պոլիկլինիկայի» տնօրենը ձերբակալվել է․ նա աշխատակիցներից պահանջել է այցելուներից «թեյավճար» գումար հավաքագրել

«Թիվ 12 պոլիկլինիկայի» տնօրենը ձերբակալվել է․ նա աշխատակիցներից պահանջել է այցելուներից «թեյավճար» գումար հավաքագրել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «թիվ 12 պոլիկլինիկայի» նորանշանակ տնօրենը աշխատակիցներից մեկից պահանջել է, որ նա այցելուներից, այսպես ասած՝ որպես «թեյավճար» գումար հավաքագրի և ամեն ամիս որպես կաշառք 50 հազար դրամ տա իրեն՝ սպառնալով և ակնարկելով, որ հակառակ դեպքում կազատի աշխատանքից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։ Պարզվել է, որ հիշյալ աշխատակիցը հրաժարվել է տնօրենի ապօրինի պահանջը կատարելուց և փետրվարի 21-ին ազատվել աշխատանքից։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տնօրենը նույն եղանակով կաշառք է պահանջել նաև պոլիկլինիկայի մեկ այլ աշխատակցից։ Պոլիկլինիկայի տնօրենը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու ձերբակալվել։ Դեպքի առթիվ գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։
21:27 - 09 մարտի, 2020
Գյումրիում աղջկան ծանր մարմնական վնասվածք հասցրած և նրա մորն սպանած տղամարդը ձերբակալվել է

Գյումրիում աղջկան ծանր մարմնական վնասվածք հասցրած և նրա մորն սպանած տղամարդը ձերբակալվել է

Մուշի բաժնի ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել Գյումրու Շիրակացու փողոցի բնակիչ, 28-ամյա երիտասարդին, որը կասկածվում է 43-ամյա մի կնոջ սպանության և նրա դստերը ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Մարտի 5-ին, ժամը 14․50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրու Պռոշյան 14 հասցեից մարմնական վնասվածքներով «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աղջնակ։ Շտապօգնության կայանից հայտնեցին նաև, որ երեխայի մայրը տանը մահացած է։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ 43-ամյա կնոջ դիակի զննությամբ պարզ դարձավ, որ մարմնին վնասվածքներ կան։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Մուշի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ, պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով  հանցագործությունը։ Նախնական տվյալներով՝ կնոջը կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում ծեծել էր նրա մտերիմը։ 28-ամյա երիտասարդը խփել էր նաև վեճին միջամտած դստերը։ Ստացած մարմնական վնասվածքների պատճառով կինը մահացել էր։ Գյումրու Շիրակացու փողոցի բնակիչ, 28-ամյա երիտասարդը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։  
21:15 - 06 մարտի, 2020
Պետությանը պատճառվել է 94 միլիոն դրամից ավելի վնաս․ ոստիկանության բացահայտումը

Պետությանը պատճառվել է 94 միլիոն դրամից ավելի վնաս․ ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2009 թվականին Էրեբունի համայնքին պատկանող մանկապարտեզներից մեկի շենքը համապատասխան որակավորում ունեցող ընկերության կողմից ճանաչվել է 4-րդ աստճանի վթարային, ինչի հիման վրա 2009 թվականի մարտի 11-ին Էրեբունի համայնքի ավագանին որոշմամբ համաձայնություն է տվել մանկապարտեզի շենքը կազմաքանդելու գործընթացին։Այնուհետև Էրեբունի համայնքի բարձրաստիճան պաշտոնատար անձը, իր հետ բարեկամական և ընկերական կապի մեջ գտնվող անձանց օգտին գործողություններ կատարելու դիտավորությամբ պայմանավորված, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել ու կազմակերպել է մանկապարտեզի հողատարածքի օտարման գործընթաց։ Գործընթացի շրջանակներում տվյալ գույքը աճուրդով օտարելու փոխարեն համայնքի ավագանու 2009 թվականի ապրիլի 7-ին կայացրած որոշման հիման վրա տարածքը ընդամենը 10 միլիոն 430 հազար 790 դրամով, ներառյալ կադաստրային արժեքը, օտարվել է հիշյալ բարձրաստիճան պաշտոնատար անձի մտերիմին։ Հետագայում հողամասը գնահատվել է 105 միլիոն դրամ ու գրավադրվել բանկում։ Ապօրինության հետևանքով պետությանը պատճառվել է 94 միլիոն դրամից ավելի վնաս։ Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։
19:50 - 06 մարտի, 2020
Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ նախկին փոխոստիկանապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |armenpress.am|

Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ նախկին փոխոստիկանապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |armenpress.am|

armenpress.am: Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Աֆյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով»,- ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ նախկին փոխոստիկանապետը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-309 հոդվածի հատկանիշներով՝ բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, դրդելու կամ այն կազմակերպելու համար:  Սաշիկ Աֆյանը ՀՀ ոստիկանապետի տեղակալ է եղել  2008-2013 թվականներին:
13:08 - 06 մարտի, 2020
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը մարտի 6-ի դրությամբ կազմել է 2.582.722

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը մարտի 6-ի դրությամբ կազմել է 2.582.722

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի, «Հանրաքվեի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, ինչպես և հաշվառում չունեցող՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։Այսպես.քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է` 2.582.722, որից՝- ըստ գտնվելու վայրի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը`129,- հաշվառում չունեցող՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 8:
12:52 - 06 մարտի, 2020
Գյումրիում դաժան ծեծի ենթարկված երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր |factor.am|

Գյումրիում դաժան ծեծի ենթարկված երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր |factor.am|

factor.am: Գյումրիում նախօրեին դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Երեխային Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» վիրահատել են, ապա գիշերը ռեանիմոբիլով տեղափոխել Երևան։«Երեխան ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի սալջարդ, աջ անրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ  ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից Ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դին՝ բռնության հետքերով։ Երեխան տեղափոխվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական» հիվանդանոց։Ոստիկանության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են որոշ հանգամանքներ։ Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ։ Ըստ տեղեկությունների՝ տղամարդը եղել է մահացած կնոջ ընկերը։ Հենց նա էլ կենցաղային հողի վրա  դաժան ծեծի է ենթարկել կնոջն ու նրա դստերը։  Տղամարդը ձերբակալված է, քննությունը շարունակվում է: Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գյումրուց մայրաքաղաք տեղափոխված բռնության ենթարկված 13-ամյա երեխային:
12:31 - 06 մարտի, 2020
Արամ Վարդանյանին (Վստրեչի Ապեր) պատկանող տներում ոստիկանները գործողություններ են իրականացրել կոնկրետ քրեական գործի շրջանակում՝ ունենալով անձին ձերբակալելու որոշում |aysor.am|

Արամ Վարդանյանին (Վստրեչի Ապեր) պատկանող տներում ոստիկանները գործողություններ են իրականացրել կոնկրետ քրեական գործի շրջանակում՝ ունենալով անձին ձերբակալելու որոշում |aysor.am|

aysor.am: Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներում կոնկրետ քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում,  ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Այսօր, գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա, այս մասին Facebook-յան իր էջում գրել է Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) փասատաբաններից Երվանդ Վարոսյանը:
11:42 - 05 մարտի, 2020
Վերափոխվող անձնագրային. ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը կպարզեցվի |armenpress.am|

Վերափոխվող անձնագրային. ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը կպարզեցվի |armenpress.am|

armenpress.am: Ազգությամբ հայերի շրջանում Հայաստանի քաղաքացիություն ստանալու թվի աճ է նկատվում: Այս մասին նշեց ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: 2017-ին քաղաքացիություն ստանալու համար դիմել էր 10 հազար 40 անձ, 2018 թվականին՝ 12 հազար 449, 2019 թվականին՝ 14 հազար 900 անձ: «Հիմնականում, կարելի է ասել գերակշիռ մասն ազգությամբ հայեր են: Նկատվում է ազգությամբ հայերի դիմումների աճի միտում»,- ասաց Մնացական Բիչախչյանը: Անձնագրային ոլորտում ընթացիկ տարում զգալի փոփոխություններ սպասվում: Նկատելիորեն դյուրացվելու են Հայաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգերը, հատկապես եթե դիմողներն ազգությամբ հայեր են: Նախորդ տարի ՀՀ վարչապետի կողմից եղավ հանձնարարական այն մասին, որ նախապատրաստվի օրենքի նախագիծ՝ ուղղված ազգությամբ հայերի համար քաղաքացիություն ստանալու ընթացակարգի պարզեցմանը: Քաղաքացիություն ստանալու համար ներկայում օրենքով սահմանված է 6-ամսյա ժամկետ, նոր նախագծով այդ ժամկետը կրճատվում է դառնալով 3 ամիս: Նախագծով նախատեսված է մեկ կարևոր փոփոխություն ևս, որն, ըստ Մնացական Բիչախչյանի, աննախադեպ առաջարկ է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարիների ընթացքում 20 հազար անձ ստացել է քաղաքացիություն, սակայն դեռ չի եկել անձնագիր ստանալու: Գործող օրենքը նախատեսում է, որ երբ անձն առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր է ստանում, այն պետք է կազմակերպվի ՀՀ-ում: Նոր նախագծով նախատեսվել է դրույթ, ըստ որի՝ քաղաքացիները կարող են անձնագիրը ստանալ և երդման արարողությանը մասնակցել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում: Այսինքն՝ մինչ Հայաստան այցելելը, կարող են դիմել և դիվանագիտական ներկայացուցիչներից ստանալ իրենց անձնագիրը: Սպասվող փոփոխությունների համաձայն՝ պարզեցվում են նաև քաղաքացիություն ստանալու համար նախատեսված դիմում-հարցաթերթիկները: «Քաղաքացիություն ստացող անձանց դիմում-հարցաթերթիկները մի քանի էջից են բաղկացած, որոնց լրացնելը դժվարություններ, անհարմարություններ են առաջացնում: Շատերը ստիպված են լինում դիմել այլոց օգնությանը, այլ ծառայություններին: Այժմ մենք առաջարկում ենք հարցաթերթիկը պարզեցնել առավելագույն ձևով: Լինելու է ընդամենը մեկ էջից բաղկացած դիմում հարցաթերթիկ, հաջորդ էջում նախատեսված կլինի հատուկ նշումների բաժին, որտեղ քաղաքացին կարող է լրացնել իր մասին հավելյալ տեղեկատվություն»,-ասաց Մնացական Բիչախչյանը՝ նշելով, որ նախատեսված փոփոխություններն այս տարի ուժի մեջ կմտնեն:   Անձնագրային և վիզաների վարչության պետը ներկայացրեց մեկ այլ կարևոր սպասվող փոփոխություն: Արդարադատության նախարարությունում մշակվել է բարեփոխումների փաթեթ, որով նախատեսվում է ՀՀ-ում ներդնել «մեկ կանգառ, մեկ պատուհան» սպասարկման գրասենյակներ: «Դրանցում լինելու են բոլոր անհրաժեշտ ծառայությունների ներկայացուցիչները: Եթե քաղաքացին կունենա որևէ խնդիր մեկ այլ մարմնի հետ կապված, ապա ստիպված չի լինի ժամանակ կորցնել, դռնեդուռ ընկնել: Դա հնարավորություն կտա քաղաքացուն իր հարցը տեղում բարձրացնել, պարզաբանում ստանալ, սպասարկվել և այլն: Այսինքն՝ գործողությունները մեկ տեղում են արվելու: Սա աննախադեպ փոփոխություն է, օրինակ, քաղաքացիություն ստացող անձինք մեկ տեղում կարող են ունենալ իրենց մտահոգող բոլոր հարցերի պատասխանները: Տարիներ շարունակ կուտակվել են խնդիրներ, ժամանակն է քայլ առաջ կատարել, սպասարկման որակը բարձրացնել, որ քաղաքացին պատշաճ ծառայություն ստանա»,-ասաց Մնացական Բիչախչյանը:  Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:41 - 05 մարտի, 2020
Ու՞մ են գաղտնալսելու [Challenge 2.1 | Սարո Սարոյան]

Ու՞մ են գաղտնալսելու [Challenge 2.1 | Սարո Սարոյան]

2019 թվականի հունվարի 21-ին Ազգային Ժողովը ընդունեց  «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավորների հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է իրավունք վերապահել ոստիկանությանը՝ ունենալու այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու համար: Նշենք, որ մինչ օրս նման իրավունք տրված է եղել միայն ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։ Ըստ օրինագծի հեղինակների՝ ոստիկանության կողմից սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով հեռախոսային խոսակցությունների վերահսկման դեպքում կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու եւ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը, հատկապես անհետաձգելի դեպքերում կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը, ինչպես նաեւ կերաշխավորվի մարդու անձնական կյանքին միջամտության որոշակիությունը: Սույն օրինագիծը հանրային լայն քննարկումների տեղիք տվեց։ Քաղաքացիների մի մասը դեմ արտահայտվեց օրինագծին՝ համարելով, որ օրենքի կիրառումից հետո ոստիկանության կողմից կոտնահարվեն մարդու մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության, անձնական տվյալների պաշտպանության եւ այլ իրավունքներ։ Քաղաքացիները հայտնում էին նաեւ մտահոգություններ, որոնք կապված էին օրինագծի ընդունման անհրաժեշտության գերագնահատման, իրական նպատակների քողարկման, կիրառող մարմնի նկատմամբ վստահության պակասի հետ։ Օրինագծի պաշտպանությամբ հանդես եկող քաղաքացիների մի մասը կառավարող ուժին վստահող եւ հավատացող քաղաքացիներն էին։ Նրանց կարծիքը շատ դեպքերում հիմնված լինելով համակրանքի կամ շահերի վրա՝ բնականաբար փաստարկված էր ոչ լիարժեքորեն։ Օրինագիծը պաշտպանող մյուս քաղաքացիների համոզմամբ՝ տվյալ կարգավորումների շնորհիվ հանցավորության դեմ պայքարում ոստիկանության աշխատանքն առավել արդյունավետ կդառնա եւ որոշակի հավասարակշռություն կապահովվի պետության երկու ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի ու ոստիկանության միջեւ։ Անկախ ամեն ինչից պետք է ընդունել, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման խնդիրն ունի շատ մեծ քաղաքական պատասխանատվություն։ Դրա հետ մեկտեղ, մարդկանց մասնավոր ու ընտանեկան կյանքի, ինչպես նաեւ հաղորդակցության գաղտնիության նկատմամբ ոտնձգությունները լրջագույն հանցագործություններ են, քանզի կապված են մարդկության բարոյական հիմքերի հետ: Այն հիմքերի, որոնք հազարամյակների ընթացքում երաշխավորել են հանրային կարգն ու անվտանգությունը։ Ներկայումս հանրությանը հուզող այդ խնդիրն ունի մի քանի հայեցակետ, որոնք անհրաժեշտ է պարզաբանել։ Նախ պետք է նկատել, որ օրինագծին դեմ արտահայտվող քաղաքացիների մեծամասնությունը բարձրացնում էր ոստիկանության նկատմամբ ունեցած անվստահության հարցը։ Պետությունը հանրային համերաշխությունը պահպանելու անբեկանելի հանձնառություն ու պատասխանատվություն ունի, ինչը հնարավոր չէ ապահովել միայն  ոստիկանության ուժերով՝ օրինական հարկադրանք կիրառելու միջոցով։ Դրա համար հենց ինքը՝ ոստիկանությունը, պետք է որոշակի պարտադիր պահանջներ բավարարի։ Այն է՝ նրա օրինակարգությունը, արհեստավարժությունը, անկողմնակալությունը կասկածներ չպետք է հարուցեն։  Դրանց բացակայությամբ կամ խաթարմամբ է, որ ոստիկանությանը վերաբերող ցանկացած նոր լծակ, մեխանիզմ, տեխնիկական միջոց կամ օրենսդրական կարգավորում կասկածելի եւ վտանգավոր է թվում հանրությանը։ Այդպիսով, ոստիկանությունը, կոչված լինելով պետության մեջ պահպանել ու պաշտպանել հանրային համերաշխությունը, դառնում է սոցիալական համակեցությունը լարվածության մեջ պահող ուժ։ Ասվածից հետեւում է, որ երկրում ոստիկանությանը տեխնիկական նոր հնարավորություններով զինելու գործընթացը հանրային հարաբերությունների տեսանկյունից խնդրահարույց է դառնում ոստիկանության ոչ բավարար լեգիտիմության պատճառով։ Մյուս հայեցակետը կապված էր խնդրի բարոյական կողմի հետ։ Հասկանալի է, որ պետության կողմից որեւէ ներխուժում մարդկանց մասնավոր կյանք արժանանալու էր բնական հակազդեցության եւ ուժեղ դիմադրության։ Այդ իսկ պատճառով, մարդկությունը դարերի ընթացքում սկզբում բարոյական նորմերի, իսկ ապա նաեւ՝ սահմանադրությունների միջոցով որոշակի հավասարակշռության է եկել՝ պետության կողմից նման ներխուժումը թույլատրելով բացառիկ իրավիճակներում, ընդ որում՝ այդ ընթացքում ստիպելով պահպանել խիստ ընթացակարգեր։ Մեր դեպքում նման հավասարակշռությունն ապահովվել է՝ ՀՀ Սահմանադրության 31-րդ, 32-րդ եւ 33-րդ հոդվածներում որոշակի իրավունքներ եւ իրավունքի սահմանափակումներ ամրագրելով։ Ըստ այդմ՝ մարդկանց մասնավոր ու ընտանեկան կյանքի, բնակարանի անձեռնմխելիության, հաղորդակցության գաղտնիության իրավունքների սահմանափակումը թույլատրվում է միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Քննարկվող օրինագծի դեպքում հանրային որոշակի դիմադրությունը մեզանում դեր ունի, քանզի գործ ունենք սոցիումի կոլեկտիվ անգիտակցականի ներազդման ու դրա հետեւանքով հանրության տարբեր շերտերի հակազդեցության հետ։ Խնդրի բարոյական կողմը մարդկանց ինքնաբերաբար մղում է պաշտպանվելու, քանզի այն հավասարակշռությունը, որը հաստատված է եղել մինչ օրս, սույն օրինագծով նրանք համարում են վտանգված։ Մասնավորապես, ենթադրում են, որ այս դեպքում տեղի է ունենում պետության կողմից վերոնշյալ իրավունքների սահմանափակությունների ընդլայնում։ Երրորդ հայեցակետը խնդրի քաղաքական կողմն է։ Օրինագծի կողմնակիցներից շատերը, այդ թվում՝ պաշտոնական շրջանակներից, նշում են, որ այս գործընթացը բխում է ուժային կառույցների միջեւ հավասարակշռություն ապահովելու, աշխատանքի նոր բաժանման միջոցով ԱԱԾ-ի աշխատանքներն ինչ-որ չափով բեռնաթափելու, ինչպեսեւ ոստիկանության սխալների համար ԱԱԾ-ին գաղտնալսումների ամբողջական պատասխանատվությունից ազատելու անհրաժեշտությունից։ Սակայն պետք է նկատել, որ ՀՀ կառավարությունն օրենքի նախագծին տվել էր բացասական գնահատական։  Մասնավորապես, կառավարությունն առաջարկում էր քննարկվող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ, քանզի բավարար հիմնավորված չէր ոստիկանության կողմից ինքնուրույն հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու անհրաժեշտությունը, հաշվի չէին առնվել խոշոր ֆինանսական ծախսերը, ինչպեսեւ քրեադատավարական ոլորտում եւ ոստիկանության համակարգում բարեփոխումների առկա գործընթացները եւ այլն։ Օրենսդիր եւ գործադիր մարմիններում,  ինչպեսեւ շահառու ուժային կառույցներում տարամետ դիրքորոշումների առկայությունը վկայում է, որ սույն օրինագիծն ավելի լայն ընդգրկում ունի, քան թե միայն ինստիտուցիոնալ շահը, այն է՝ հանցավորության դեմ պայքարի գործում ոստիկանությանը լրացուցիչ միջոցներով ու մեխանիզմներով ապահովելը։ Ակնհայտ է, որ պետության մեջ գաղտնալսող մարմինների թվաքանակի ընդլայնումը որոշակի շրջանակների քաղաքական շահերի իրացման արգասիքն է։ Հանրային բուռն քննարկումներն ու օրինագծին դեմ արտահայտվողների մտահոգություններն էլ ածանցյալ են հենց այն իրողության, որ այդ քաղաքական շահերի իրացման գործընթացը տեսանելի է հանրությանը։ Հարկ է նկատել, որ քննարկվող օրինագծի շուրջ բանավեճերն առավելապես ընթանում են բնական այն կանխատրամադրվածության ազդեցությամբ, ըստ որի գաղտնալսումները իշխանության ձեռքին կարեւոր միջոց են կառավարման համակարգի յուրացումը (իշխանության ուզուրպացիան) գլուխ բերելու գործում։ Հենց այս համատեքստում էլ տեղ են գտնում հիմնավորումներ, որ առկա գործընթացը ներկա վարչակազմի այնպիսի վախերի ու կասկածամտության արտահայտությունն է, որն ուղղված է քաղաքացիների քաղաքական իրավունքների ու ազատությունների դեմ։ Սակայն, նման կերպ մտածելու դեպքում պետք է հիմնավորել, թե ԱԱԾ-ն, որը դեռեւս հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնող միակ մարմինն է, որքանով չի համապատասխանում ներկայիս կառավարող ուժի պահանջներին՝ նրա ենթադրյալ հանցավոր մտադրությունը կյանքի կոչելու ճանապարհին։ Չէ՞ որ մինչ «Թավշյա» հեղափոխությունը մի շարք քաղաքական հետապնդումներ ուղեկցվել են ԱԱԾ-ի կազմակերպած գաղտնալսումներով եւ դա անցյալում եղած դատավարություններով արդեն իսկ փաստված իրողություն է։ Ի՞նչն է խանգարում ներկայում եւս պատճենել ԱԱԾ-ի այդ հանցավոր վարքագիծը։ Այս հարցին պատասխանելիս շատերը վկայակոչում են ԱԱԾ-ի քաղաքական անհուսալիությունը, ընդհուպ մինչեւ այլ երկրի՝ Ռուսաստանի, անմիջական ազդեցության տակ գտնվելու հանգամանքը։ Ըստ էության, նման պնդումներում արդեն իսկ ուրվագծվում է կոնկրետ այն հարցի պատասխանը, թե ինչու հեռախոսային խոսակցությունների տեխնիկական վերահսկման իրավունք վերապահելով ոստիկանությանը՝ նախաձեռնողները ոչ թե հետապնդել են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ոտնահարելու, այլ պետության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակ։ Այլ կերպ մեկնաբանելու դեպքում հարկ կլինի կրկին վերադառնալ հարցին, թե ինչու ԱԱԾ-ն, որն ունի քաղաքացիներին գաղտնալսելու տասնամյակների փորձ, ինչպեւ տեխնիկական ու մասնագիտական կարողություն, չի գոհացնում ներկա կառավարող թիմին պետական կառավարման համակարգի յուրացումն իրականացնելու գործում։ Անշուշտ, մեր պետությունը գտնվում է ռուսական քաղաքական մշակույթի խոր ազդեցության տակ։ Ուստի հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսման, մատնության խթանման, քաղաքացիների հավաքագրման, նրանց մասնավոր կյանք անօրեն ու անհարկի ներխուժելու վտանգները մշտապես կան։ Միաժամանակ նման զգայուն թեմաները գրեթե մշտապես կանխորոշում են մարդկանց հուզական մոտեցումն առկա խնդիրներին։ Ոստիկանությանը վերապահելով գաղտնալսման տեխնիկական հնարավորություններ՝  պետությունը գործում է ըստ Սահմանադրության մեջ ամրագրված հանրային այն համաձայնությունների, որոնք սահմանում են մարդու իրավունքների սահմանափակումներ կոնկրետ իրավիճակներում ու կոնկրետ նպատակներով։ Վերացարկվելով ներկա իրավիճակից ու ռուսական քաղաքական մշակույթի ազդեցությունից՝ պետք է ընդունել, որ ոչ մի բանական մարդ ոստիկանության կողմից իր գործառույթների լիարժեք իրացմանը դեմ լինել չի կարող։ Հանցագործությունների կանխման կամ բացահայտման գործում օրինապաշտ քաղաքացիները չեն կարող դեմ լինել լեգիտիմ, իսկապես հանրային կարգ ու անվտանգություն ապահովող, մարդու իրավունքների պաշտպանությամբ առաջնորդվող ոստիկանության՝ հանցավոր տարրերին ու համագործակցություններին գաղտնալսելու լիազորություններին, եթե դրանք կյանքի են կոչվում իսկապես օպերատիվ տվյալների իրացման շնորհիվ։ Բայց քանի որ մեր դեպքում հարցն ընդլայնվում է ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարաբերությունները ընդգրկելու հետեւանքով, հարկ է առավել զգույշ մոտենալ տվյալ խնդրին։ Ներկայումս մի կողմից՝ պետության անվտանգության պաշտպանության, իսկ մյուս կողմից՝ մարդու իրավունքների ու ազատությունների հարգման ու պաշտպանության միջեւ այնպիսի նուրբ սահմանագիծ է ձեւավորվել, որ քաղաքացիներն ակամայից գաղափարական հակամարտության մեջ են մտնում՝ այդ երկու նախահիմքերից որեւէ մեկին առաջնահերթություն տալով։ Անշուշտ պետությունն ինքնանպատակ չէ։ Մարդկությունն այն ստեղծել է որպես գործիք ու միջոց՝ անվտանգ եւ ապահով կենսագործունեություն ծավալելու համար։ Պետությունը պետք է ծառայի մարդուն, եւ ոչ թե՝ մարդը պետությանը։ Սակայն, այս ճշմարտության հետ մեկտեղ, հարկ է ընդունել, որ պետության անվտանգությունը պաշտպանել չկարողանալու պատճառով ցանկացած պետություն դադարում է գոյություն ունենալ։ Իսկ պետության քայքայմամբ կամ կործանմամբ կործանվում են նաեւ այն մարդիկ, որոնք գտնվել են նրա պաշտպանության ներքո։ Ուստի խնդիր է դառնում այնպես կառուցել պետության անվտանգության գործը, որ այն հնարավորինս չհատվի մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակման անհրաժեշտության հետ։ Առանձին դեպքերում (պատերազմ, ռազմական դրություն) դա իհարկե անհնար է, սակայն խաղաղ ժամանակ նման հրամայականին հետեւելը պարտադիր պահանջ է դառնում։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե պետական կարեւորագույն ինստիտուտները կայացած են եւ գործում են ոչ թե առանձին անհատների քմահաճույքի կամ քաղաքական շահերի հիման վրա, այլ հանուն պետության ու նրա քաղաքացիների իրավունքների պաշտպանության։ Այսպիսով, ոստիկանությանը հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու հնարավորություն ընձեռող օրինագիծը, ներկայումս նեղ մասնագիտական առաջնահերթությունից բացի եթե ունի քաղաքական որեւէ այլ նպատակադրում, ապա դա կարող է կապված լինել միայն պետության արտաքին անվտանգությանը վերաբերող մարտահրավերներին դիմակայելու հետ։ Իհարկե, կարելի է այդ դեպքում քննարկման առարկա դարձնել արտաքին քաղաքական մարտահրավերները չեզոքացնելու գործին ոստիկանությանը ներգրավելու նպատակահարմարության հարցը։ Պետք է նկատել սակայն, որ այդ հարցը հստակ իր պատասխանն ունի. կայացած պետությունները նման խնդիրները լուծել են պետության մեջ մեկի փոխարեն մի քանի հատուկ ծառայություններ (այդ թվում՝ ոստիկանության համակարգում) հիմնելու միջոցով։ Պետությունների մրցակցության մեջ հատուկ ծառայությունը ցանկացած պետության պաշտպանիչ առաջնային շերտն է։ Մեզանում այդ ինստիտուտի անէությունը («Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը, Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը, ԱԱԾ-ում գաղտնի փաստաթղթերի «ոչնչացման», ԱԱԾ պետի գաղտնալսման, պետական ու ծառայողական գաղտնիք հայտնող ԱԱԾ պաշտոնաթող գեներալի տգիտության եւ բազում այլ օրինակները) պետությանը շարունակում է պահել կապանքների ու արտաքին ուժերից կախվածության մեջ։ Դրա հետ մեկտեղ մարդկանց գիտակցություն շարունակվում է ներմուծվել այն խաբկանքը, թե որեւէ երկրի հատուկ ծառայությունը տվյալ պետության քաղաքացիների քաղաքական եւ մյուս իրավունքների բռնաճնշիչ մարմինն է։ Վերջում  նշենք, որ ոչ մի երաշխիք չկա, որ ոստիկանությունը հեռախոսային խոսակցությունների վերահսկման գործառույթ ձեռք բերելուց հետո երբեւէ չի անցնի թույլատրելիության սահմանները։ Սակայն այդ հարցը գտնվում է կառավարող ուժի պատասխանատվության տիրույթում։ Նման դեպքում որեւէ նշանակություն չունի, թե որ մարմինն ապօրինաբար կգաղտնալսի քաղաքացիներին։ Եթե երկրում չեն գործելու պատասխանատվության կանչելու եւ ենթարկելու մեխանիզմները, եւ ընդհակառակը՝ տիրելու են անցյալի արատավոր բարքերը, ապա որեւէ նշանակություն չունի ռեժիմային պետություն ձեւավորվում է ոստիկանությա՞ն, թե՞ ԱԱԾ-ի միջոցով։   Հետգրություն. Հարկ է ընդունել, որ «գաղտնալսումների» ներկա օրինագիծը տարբեր  դիտանկյուններից մասնագիտական վերլուծության անհրաժեշտություն ունի, ուստի, տողերիս հեղինակը ուրախ կլինի, որ սույն թեմայի քննարկմանը ներգրավվի նաեւ անվտանգության հարցերի մեկ այլ մասնագետ։ Այդ նպատակով թեման շարունակելու մարտահրավեր եմ նետում Արթուր Պողոսյանին։
18:38 - 04 մարտի, 2020