ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Հայաստանի հետ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր. Արգենտինայի ԱԳ նախարարի հարցազրույցը |armenpress.am|

Հայաստանի հետ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր. Արգենտինայի ԱԳ նախարարի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Արգենտինան դիրքավորվել է Հայաստան ուղղված ամենախոշոր ներդրումային հոսքերով առնվազն տասը առաջատար երկրների ցանկում։ Հիմնվելով երկու տնտեսություններում առկա ներուժի վրա՝ հիմնավոր սպասումներ կան, որ հնարավոր է մեծացնել առևտրի ծավալը։ Քաղաքական երկխոսությունը զարգանում է ներդաշնակորեն՝ համագործակցության նոր ոլորտներ հայթայթելու հաստատակամությամբ։ Այս մասին հայտարարել է Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Սանտիագո Անդրես Կաֆիերոն՝ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում: -Հայաստանն ու Արգենտինան այս տարի տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը: Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս է զարգանում քաղաքական երկխոսությունը: -Իսկապես, մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակի նշման կապակցությամբ հունվարի 17-ին փոխանակել ենք նամակներ իմ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, որոնցում երկուստեք ընդգծել ենք մեր ժողովուրդներին միավորող պատմական բարեկամական կապերը և ընդհանուր հայացքն առ ապագա՝ բարեկամության և համագործակցության ընդհանուր հորիզոնից։ Այդ առումով, նպատակահարմար եմ համարում հիշեցնել, որ Արգենտինայի կողմից Հայաստանի՝ որպես ինքնիշխան և անկախ պետության ճանաչումը եղել է 1920թ.։ Հետագայում, ԽՍՀՄ-ի կազմաքանդումից հետո, հաստատեցինք դիվանագիտական հարաբերություններ 1992թ. սկզբին։ Նախ` Հայաստանն իր դեսպանությունը բացեց Արգենտինայում 1994թ. մայիսին, հետո իմ երկիրը Հայաստանում՝ 2010թ. մայիսին։ Արգենտինան դրական է գնահատում Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները, որոնք ունեն ամուր հիմքեր և հիմնված են մեր ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության երկարատև ավանդույթների վրա։ Այդ համատեքստում, քաղաքական երկխոսությունը զարգանում է ներդաշնակորեն՝ կապերը շարունակաբար խորացնելու և համագործակցության նոր ոլորտներ հայթայթելու մեր կողմից առկա կամքով։ -Աշխարհում համավարակն ազդեցություն թողեց բոլոր երկրների տնտեսական կապերի վրա: Բացասական ներգործությունից անմասն չեն նաև Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները: Թեև երկու երկրների առևտրատնտեսական կապերը բավական համեստ են, արդյոք տեսնո՞ւմ եք ներուժ կապերի աշխուժացման և ո՞ր ոլորտներում: Հայաստանի տնտեսության ո՞ր բնագավառներն են հետաքրքրություն ներկայացնում Արգենտինայի գործարարների համար՝ նոր կապեր ստեղծելու առումով: -Համամիտ եմ Ձեր նկատառման հետ՝ համավարակի առաջացրած, և դեռ առկա  բացասական հետևանքների վերաբերյալ, բոլոր առումներով, և հատկապես երկրների հարաբերման հարթությունում։ Եթե խոսենք տնտեսական հարաբերությունների մասին ընդհանուր առմամբ, վերջին տասնամյակի ընթացքում Արգենտինան դիրքավորվել է Հայաստան ուղղված ամենախոշոր ներդրումային հոսքերով առնվազն տասը առաջատար երկրների ցանկում։ Ամբողջ Եվրասիայում Արգենտինան կարողացել է ունենալ այդպիսի դիրքավորում միայն Հայաստանում և կարծում եմ, որ դա ընդգծման արժանի հանգամանք է։ Մյուս կողմից, ճշմարիտ է, որ մեր առևտրային փոխանակումները դեռ համեստ են։ Սակայն, հիմնվելով այն ներուժի վրա, որ տեսնում ենք մեր երկու տնտեսություններում, հիմնավոր սպասումներ ունենք, որ ունակ կլինենք մեծացնելու մեր առևտրի ծավալը։ Այս առումով, Երևանում Արգենտինական առևտրային պալատի ստեղծումը 2021թ. սեպտեմբերին, որը խթանվել է մեր դեսպանության կողմից, կարևոր գործիք կլինի առևտրի զարգացումը շարունակելու համար, կծառայի որպես կամուրջ երկու երկրների գործարարների միջև, կխթանի փոքր և միջին ձեռնարկատիրությունը և կընդգրկի երիտասարդ փորձագետներին։ Նույն տրամաբանությամբ, 2021թ. օգոստոսին ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր «Էնթերփրայզ Արմենիա»-ի ու Ներդրումների և միջազգային առևտրի արգենտինական գործակալության միջև, որը թույլ կտա ամրապնդել համատեղ առևտրատնտեսական նախաձեռնությունները։ Այսինքն, նույնիսկ համավարակի ժամանակաշրջանում կարողացել ենք հասցեական քայլեր ձեռնարկել ուղղված մեր առևտրային փոխանակումների աճին։ -Հայաստանն ու Արգենտինան զարգացնում են համագործակցությունը նաև միջազգային բազմակողմ հարթակներում: Արգենտինան Ֆեդերիկո Վիլեգասի գլխավորությամբ 2022թ. նախագահում է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի Մարդու իրավունքների խորհրդում, որտեղ բոլորովին վերջերս փոխնախագահ ընտրվեց ՀՀ ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը: Բազմակողմ հարթակներում երկու երկրների գործակցությունն ինչպե՞ս կբնութագրեք և խորացման ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում: -Մեր երկրները կիսում են արժեքներ և տեսլականներ, որոնք բազմակողմ ոլորտում, արտահայտվում են հստակ քայլերով՝ ուղղված աղքատության դեմ պայքարին, անհավասարությունների նվազեցմանը, արժանապատիվ աշխատանքի ստեղծմանը, ինչը կտանի դեպի հավասարաչափ տնտեսական զարգացում։ Սրանք ընդամենը ուղղություններից մի քանիսն են։ Այս բոլոր նախաձեռնություններում կան ընդհանուր դիրքորոշումներ և հնարավորությունների լայն շրջանակ, որպեսզի աշխատենք միասնաբար մեր հայ բարեկամների հետ։ Այդ առումով, միջազգային հարաբերությունների այնպիսի պահի, ինչպիսին ներկան է, միջազգային հանրության առաջ ծառացած այդչափ և այդքան կարևոր մարտահրավերներով, բազմակողմանիությունը գերակա է դառնում, ինչպես երբևէ, որպես ամենակարևոր և օգտակար գործիքը, որից պետք է օգտվենք այն երկրներս, որոնք ունեն հակվածություն և հանձնառություն՝ տալու պատասխաններ շտապ հարցերի, ինչպիսիք են գլոբալ տաքացումը, գենդերային անհավասարությունների դեմ պայքարը կամ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը։ Այս և այլ խնդիրների համար լուծումների փնտրտուքում, մեր երկրներն ունեն ընդհանուր տեսակետներ և խորքային ընդհանրություններ, որոնք, անկասկած, կարող են առաջացնել խելացի և արդյունավետ առաջարկներ այն տարաբնույթ բնագավառներում, որոնցում այդ հարցերը բարձրացվում են և քննարկվում։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:20 - 14 փետրվարի, 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-հունական հարաբերությունների հարուստ օրակարգին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ: Ընդգծվել է փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացի հետ կապված ընթացիկ զարգացումները:
16:57 - 11 փետրվարի, 2022
ԼՂ հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ. ՀՀ ԱԳՆ

ԼՂ հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ. ՀՀ ԱԳՆ

 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված`  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի տարածած հաղորդագրության մեջ. «Հայաստանը սատարում է այս առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետևանքով ադրբեջանական  վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար: Հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված վանդալիզմի դեպքերը, ինչպես նաև Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից օրեր առաջ հայկական պատմամշակութային ժառանգության ինքնությունը խեղաթյուրելուն ուղղված աշխատանքային խմբի ստեղծման ազդարարումը փաստում են, որ նման վտանգն առավել քան իրական է։ Երևան և Բաքու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցելության առաջարկը դիտարկում ենք բացառապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից առաջարկված վերոնշյալ առաքելության շրջանակում»:
16:27 - 10 փետրվարի, 2022
Մենք դիտարկում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում. Միրզոյան |armtimes.com|

Մենք դիտարկում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում. Միրզոյան |armtimes.com|

armtimes.com: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդգծեց, որ ՀՀ ազգային անվտանգային ռազմավարության մեջ հստակ գրված է, որ Հայ ժողովրդի ազգային նպատակներն են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը: Պատգամավորը  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ արդյոք գործող կառավարությունը շարունակո՞ւմ է այս նպատակները պահպանել: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել բոլոր այն քայլերը, որոնց վերաբերյալ հանձնառություն է ստանձնել կառավարության ծրագրում: «Ծրագրում հստակ արձանագրված է, որ ՀՀ-ն շարունակելու է իր ջանքերը ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այնպես էլ աշխարհում մարդկության դեմ նման հանցագործության հետագա դրսևորումների կանխմանն ուղղված»: Արծվիկ Մինասյանը կրկնեց իր հարցը և ասաց՝ազգային անվտանգության կոնկրետ ռազմավարության այդ ձևակերպումը շարունակվո՞ւմ է պահպանվել: Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ իրենք դիտարկում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև Հայաստանի և հայ ժողովրդի, և տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում՝ իբրև հավելյալ երաշխիք հայ ժողովրդի համար:
17:51 - 09 փետրվարի, 2022
Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը․ Միրզոյան

Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը․ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ ԱԺ-կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին։ Նա վերահաստատեց ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունը: «Վստահ եմ՝ տեղեկացել եք երեկ արտաքին գործերի նախարարության մեկնաբանությանը խնդրո առարկայի վերաբերյալ։ Ուզում եմ կրկին վերահաստատել․ Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները, մեկնաբանությունները առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը, քննարկման առարկա են դառնում տարբեր երկրներում, այդ թվում՝ մեր երկրում, և պիտի կրկնեմ՝ մեր խորին համոզմամբ այս ձևակերպումները ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, և վստահ կարող ենք լինել, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի  հետ այն որևէ առնչություն չունի»։ Միրզոյանը նաև հաստատեց տեղեկությունը, որի համաձայն ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ «Դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքները այն մասին, որ մեր հայտարարությունները միմյանց մասին պետք է հաշվի առնեն և հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա՝ հաշվի առնելով միմյանց շահերը, հաշվի առնելով միմյանց սուվերենությունը, ինչու չէ նաև իրավապայմանագրային և մյուս դաշտը, որոնց հիման վրա կա մեր երկրների միջև համագործակցությունը։ Հավելեմ նաև, որ, այնուայմենայնիվ, պատրաստ ենք հետայսու ևս շարունակել համապատասխան պաշտոնական հայտերի դեպքում հնարավորինս աջակցել Բելառուսին զանազան միջազգային հարթակներում»։ Նա հավելեց, որ Հայաստանն ու Բելառուսը  ունեն բավականին հարուստ իրավապայմանագրային բազա և  համագործակցությունը այդ բազայի հիման վրա է ընթանում, ինչպես նաև այդ հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության վրա․ «Պիտի ասեմ միայն, որ կարծում եմ՝ լավ կլինի, որ հետայսու նաև բարձրագույն մակարդակով հնչող հայտարարությունները համապատասխանեն նշածս իրավապայմանագրային և բարեկամական ոգու գնահատականներին և այդ մթնոլորտին»։
16:54 - 09 փետրվարի, 2022
Հունանյանը հաստատում է՝ Բելառուսի դեսպանն այսօր եղել է ՀՀ ԱԳՆ-ում |armenpress.am|

Հունանյանը հաստատում է՝ Բելառուսի դեսպանն այսօր եղել է ՀՀ ԱԳՆ-ում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատում է այն տեղեկությունը, որ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը այսօր՝ փետրվարի 8-ին, եղել է Հայաստանի արտգործնախարարությունում: ԱԳՆ մամուլի խոսնակն այս տեղեկությունը հայտնեց Արմենպրեսի հետ զրույցում՝ զերծ մնալով հավելյալ մեկնաբանություններից: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակում տված հարցազրույցի ընթացքում խոսել էր Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մասին և այդ համատեքստում ոչ կոռեկտ արտահայտություններ էր թույլ տվել Հայաստանի հասցեին: «Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր: Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք: Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի... այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում... իրենք որտե՞ղ են հայտնվելու: Հայաստանը փախչելու տեղ չունի... ի՞նչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է», - ասել էր Բելառուսի նախագահը:
20:40 - 08 փետրվարի, 2022
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությունը՝ Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարության վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությունը՝ Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարության վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությունը՝ Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարության վերաբերյալ. «Խստորեն դատապարտում ենք փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: Հարևան ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը միտումնավոր ու ապօրինի յուրացնելու և նրան պատմական հիշողությունից զրկելու նպատակով պետական մակարդակով նման կառույցի ստեղծումը աննախադեպ է անգամ հակամարտությունների պատմության համար: Այն ևս մեկ անգամ  վկայում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և հաջորդած ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դեպքերը կրում են միտումնավոր ու ծրագրված բնույթ, և Լեռնային Ղարաբաղն իր բնիկ հայ բնակչությունից զրկելու քաղաքականության մաս են կազմում: Ադրբեջանի կառավարության այս քայլը բացահայտ մարտահրավեր է  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»: Ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը և տեղում անխոչընդոտ ներգրավվածությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Արցախի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով։ Հայկական պատմամշակութային ժառանգության և կրոնական սրբավայրերի ոչնչացման և ինքնության խեղաթյուրման այս քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար»:
11:54 - 08 փետրվարի, 2022
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Բայրամովի հայտարարություններին

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Բայրամովի հայտարարություններին

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին, որոնք վերաբերում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հնչեցրած հայտարարություններին: Ներկայացնում ենք հարց ու պատասխանն ամբողջությամբ:  – Ադրբեջանի ԱԳ նախարարը, խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի մասին, կրկին հայտարարել է, որ հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշում՝ ընդգծելով, որ Հայաստանը չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:  – Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը եւ Ադրբեջանի նախագահը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրել են հայտարարություն, որը հրապարակային է եւ հասանելի համացանցում: Այդ հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ եւ գործընթացը տանել դեպի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձեւավորում: Երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությունից բխում է, որ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը եւ դրանց իրագործումը: Սա տրամաբանական է նաեւ այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Հայաստանի Հանրապետությունը, իրապես շահագրգռված լինելով պայմանավորվածությունների լիարժեք իրագործմամբ, դրանց իրականացման իր պատկերացումներն է ձեւակերպել: Ադրբեջանական կողմը որեւէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ: Հայաստանի առաջարկները «պայման», «նախապայման» անվանելը, ապա դրանց վերաբերյալ բարոյական, քաղաքական, իրավական գնահատականներ հնչեցնելը ոչ մի տրամաբանական կապ չունի վերը նշված գործընթացի հետ:  – Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ նշել է, թե Հայաստանը վիժեցրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Ինչ կասեք այս հայտարարության առիթով:  – Եթե նկատի է առնվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Եռակողմ աշխատանքային խումբը, զավեշտալի զուգադիպությամբ նույն օրը առավոտյան տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ  Հայաստանը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգման գործնական քայլերի փուլում է եւ աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 2-ին Երեւանում այս թեմայով առարկայական քննարկում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ: Վարչապետ Փաշինյանը գնահատելով իրադրությունը հայտարարեց, որ Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի առաջին արդյունքների արձանագրումը շատ մոտ է թվում: Այս համատեքստում Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները առնվազն տարօրինակ են եւ հույս ունենք երկաթուղու վերագործարկման հարցում Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարում չեն նշանակում: Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին, որի մասին ՀՀ վարչապետը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է: Նշենք նաեւ, որ ավտոճանապարհների բացման մասին նույնպես Հայաստանը առաջարկություններ է արել ադրբեջանական կողմին: Այդ առաջարկություններին մինչեւ օրս որեւէ պատասխան ադրբեջանական կողմից չի հնչել: Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել այդ առաջարկների իրագործումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե «Հայաստանը, որը 30 տարի օկուպացրել է ադրբեջանական հողերը, չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու»։
22:21 - 03 փետրվարի, 2022
Հայաստանում ժողովրդավարության զարգացումը ներդրողների համար պետք է մեղեդու պես հնչի․ ԱԳ նախարար |news.am|

Հայաստանում ժողովրդավարության զարգացումը ներդրողների համար պետք է մեղեդու պես հնչի․ ԱԳ նախարար |news.am|

news.am: Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացում, կոռուպցիայի դեմ պայքար, ազատ եւ իսկապես մրցակցային շուկայական հարաբերությունների հաստատում. այս խոսքերը պետք է մեղեդու պես հնչեն ավստրիացի ներդրողների եւ ընդհանրապես ամբողջ աշխարհի ներդրողների համար: Այս մասին փետրվարի 3-ին Երեւանում հայ-ավստրիական գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա դրանք համարում է այն նվազագույն պայմանները, որոնք թույլ են տալիս բիզնեսին հնարավորինս հարմարավետ զգալ։ Նախարարը վստահեցրեց, որ Հայաստանում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ապահովելու համար։ Նրա խոսքով՝ Հայաստանը տնտեսական առավելություններ եւ վերջին տարիներին ձեռք բերված հաջողություններ ունի, հատկապես՝ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում։ «Առաջարկում եմ դիտարկել Ավստրիայում «ԹՈՒՄՈ» հայկական կենտրոն բացելու հնարավորությունը։ «ԹՈՒՄՈ» կենտրոններ արդեն գործում են աշխարհի շատ երկրներում»,- հավելեց Միրզոյանը։ Արտգործնախարարը հիշեցրեց, որ Հայաստանը 180 միլիոնանոց շուկայով ԵԱՏՄ անդամ է, ուստի բիզնեսը կարող է օգտվել նաեւ դրանից։
13:17 - 03 փետրվարի, 2022