Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը․ Միրզոյան
16:54 - 09 փետրվարի, 2022

Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը․ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ ԱԺ-կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին։

Նա վերահաստատեց ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունը:

«Վստահ եմ՝ տեղեկացել եք երեկ արտաքին գործերի նախարարության մեկնաբանությանը խնդրո առարկայի վերաբերյալ։ Ուզում եմ կրկին վերահաստատել․ Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները, մեկնաբանությունները առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը, քննարկման առարկա են դառնում տարբեր երկրներում, այդ թվում՝ մեր երկրում, և պիտի կրկնեմ՝ մեր խորին համոզմամբ այս ձևակերպումները ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, և վստահ կարող ենք լինել, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի  հետ այն որևէ առնչություն չունի»։

Միրզոյանը նաև հաստատեց տեղեկությունը, որի համաձայն ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ «Դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքները այն մասին, որ մեր հայտարարությունները միմյանց մասին պետք է հաշվի առնեն և հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա՝ հաշվի առնելով միմյանց շահերը, հաշվի առնելով միմյանց սուվերենությունը, ինչու չէ նաև իրավապայմանագրային և մյուս դաշտը, որոնց հիման վրա կա մեր երկրների միջև համագործակցությունը։ Հավելեմ նաև, որ, այնուայմենայնիվ, պատրաստ ենք հետայսու ևս շարունակել համապատասխան պաշտոնական հայտերի դեպքում հնարավորինս աջակցել Բելառուսին զանազան միջազգային հարթակներում»։

Նա հավելեց, որ Հայաստանն ու Բելառուսը  ունեն բավականին հարուստ իրավապայմանագրային բազա և  համագործակցությունը այդ բազայի հիման վրա է ընթանում, ինչպես նաև այդ հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության վրա․ «Պիտի ասեմ միայն, որ կարծում եմ՝ լավ կլինի, որ հետայսու նաև բարձրագույն մակարդակով հնչող հայտարարությունները համապատասխանեն նշածս իրավապայմանագրային և բարեկամական ոգու գնահատականներին և այդ մթնոլորտին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել