Ինֆոքոմ

Դեֆո՞լտ է, թե՞ ոչ․ Ռուսաստանը խախտում է պարտատոմսերի վճարման ժամկետները․ Politico

Դեֆո՞լտ է, թե՞ ոչ․ Ռուսաստանը խախտում է պարտատոմսերի վճարման ժամկետները․ Politico

Երկուշաբթի առավոտյան հայտնի է դարձել, որ Ռուսաստանի պարտատերերը չեն ստացել տոկոսագումարների վճարումը, որի ժամկետը լրանում էր կիրակի օրը՝ հունիսի 26-ին։ Դոլարով և եվրոյով երկու պարտատոմսերի մասով 100 մլն եվրոյի վճարումների ժամկետը լրացել էր դեռևս մայիսի 27-ին, սակայն կիրակի՝ հունիսի 26-ին, լրացել է նաև 30-օրյա արտոնյալ ժամկետը։ Bloomberg-ի պնդմամբ՝ այս ամենի հետևանքով գրանցվել է վերջին հարյուր տարում Ռուսաստանի համար արտաքին պարտքի դեֆոլտը։ Սակայն Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ «դեֆոլտ» ձևակերպումը կիրառելի չէ ՌԴ տնտեսական դրության նկատմամբ, քանի որ միջազգային հաշվակային-քլիրինգային համակարգերը ստացել են միջոցները լիարժեք ծավալով, սակայն դրանք չեն հասցրել ստացողներին։ «Այս դեպքում ներդրողների կողմից գումար չստալանը տեղի է ունեցել ոչ թե վճարման բացակայության հետևանքով, այլ երրորդ անձանց գործողությունների, ինչն ուղղակիորեն նախատեսված չէ էմիսիոն փաստաթղթերում՝ որպես դեֆոլտի իրադարձություն և պետք է դիտարկվի իրավունքի ընդհանուր նորմերի շրջանակում», - հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարարությունը։ Politico-ն գրում է այն մասին, թե արդյոք սա դեֆոլտ է։ Ի՞նչ է դա նշանակում Ռուսաստանի համար կամ ուկրաինական պատերազմի համատեքստում։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․   «Արդյո՞ք Ռուսաստանում դեֆոլտ է Սուվերեն դեֆոլտն առաջանում է այն ժամանակ, երբ երկրի կառավարությունն ի վիճակի չէ կատարել պարտքի տոկոսագումարների կամ մայր գումարի պլանավորված վճարումները։ Այս դեպքում Ռուսաստանը դժվարություններ ունի պարտքի սպասարկման մասով, քանի որ արևմտյան պատժամիջոցների պատճառով արգելափակված է նրա արտարժութային պահուստների գրեթե կեսի և ֆինանսական շուկաների հասանելիությունը։ Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ պարտքի դիմաց վճարումներն իրականացվելու են ռուբլով։ Նա հղում է արել «ֆորսմաժորային իրավիճակներին»՝ պնդելով, թե պարտատոմսերում ամրագրված արժույթով վճարումների չկատարումը Ռուսաստանի կողմից երկրի միջոցներն արգելափակող արևմտյան պատժամիջոցների պատճառով է, այլ ոչ թե կանխիկ գումարի բացակայության։ Նախորդ շաբաթ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել էր, որ ՌԴ պարտատոմսերի վճարային գործակալ Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի նկատմամբ պատժամիջոցների պատճառով երկու եվրոբոնդերի համար վճարումներն իրականացվել են ռուբլով։ Սակայն պարտատոմսերից ոչ մեկը ռուբլով վճարումներ չէր նախատեսում։ Այն հարցը, թե արդյոք Ռուսաստանը կատարել է իր պարտավորություններն, ըստ ամենայնի, դատական քննության առարկա կդառնա, սակայն պարտատերերի համար պարտքի վճարման պայմանները չկատարելը, այդ թվում՝ արժույթի տեսակը չպահպանելը դեֆոլտ է համարվում։   Ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար Կարճաժամկետ հեռանկարում սա շատ բան չի փոխում։ Դիտորդները նշում են, որ ռուսական եվրոբոնդերը՝ ներդրումային մակարդակի վարկանիշը նախքան Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, արդեն վաճառվում են ավելի ցածր գնով, քան պատերազմից առաջ, ինչը վկայում է այն մասին, որ շուկայի մասնակիցներն արդեն գնահատում են դեֆոլտի հավանականությունը։ Ավելին՝ ներկա պահին Ռուսաստանը նոր միջոցներ ներգրավելու կարիք չունի՝ շնորհիվ նավթի և գազի արտահանումից ստացված հսկայական եկամուտների, որոնք գնահատվում են շուրջ 100 մլրդ դոլար պատերազմի առաջին 100 օրերի ընթացքում։ Սակայն դեֆոլտը բերում է խարանի և ավելացնում փոխառությունների արժեքը՝ ազդելով ապագայում կապիտալի շուկայից միջոցներ ներգրավելու Ռուսաստանի հնարավորության վրա։ Ռուսաստանի կողմից իր արտաքին պարտքի սպասարկման անընդունակության հավանական արդյունքը կլինի ֆինանսական շուկաներից նրա հետագա մեկուսացումը։ ԵՄ կողմից ռուսական նավթի նշմարվող էմբարգոն և ռուսական բոլոր էներգակիրներից կախվածությունը հաղթահարելու Արևմուտքի շտապ պլանները նշանակում են, որ կարճաժամկետ հեռանկարում Մոսկվան կորցնելու է արտասահմանից ստացվող եկամուտների զգալի մասը։   Ի՞նչ նշանակություն ունի սա պատերազմի համար Դեֆոլտը հազիվ թե որևէ անմիջական ազդեցություն ունենա Ուկրաինայում Ռուսաստանի ռազմարշավի վրա։ Կրեմլը նախկինի պես կարող է հույսը դնել էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների և արտասահմանյան զգալի պահուստների վրա, որոնք ոսկու տեսքով պահվում են արևմտյան պատժամիջոցներին չմիացած Չինաստանում»։   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
21:23 - 30 հունիսի, 2022
Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման պատճառով

Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման պատճառով

Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման պատճառով, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է Սիրիայի այս որոշումը։ «Մեր դիրքորոշումը հստակ է․ մենք առավելագույնս կոշտ ենք արձագաքում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու ցանկացած փորձի և ազգային շահերն ենք պաշտպանում բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝դիվանագիտական ճակատում», - ընդգծել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Ուկրաինական կողմը նաև Սիրիայի դեմ առևտրային էմբարգոյի սահմանման գործընթաց է սկսում, պատժամիջոցներ կսահմանվեն նաև սիրիացի իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ։ Սիրիան ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման մասին հայտարարել է երեկ՝ հունիսի 29-ին։ Նորա Վանյան
18:25 - 30 հունիսի, 2022
Իսրայելում վերջին չորս տարվա մեջ հինգերորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն

Իսրայելում վերջին չորս տարվա մեջ հինգերորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն

Իսրայելի խորհրդարանը որոշում է կայացրել խորհրդարանը ցրելու մասին և նոր ընտրություններ նշանակել այս տարվա նոյեմբերի 1-ին։ Սա կլինի հինգերորդ քվեարկությունը վերջին չորս տարում։ Կեսգիշերին նոր վարչապետ կդառնա Յաիր Լապիդը՝ ներկայիս արտգործնախարարը։ Իշխող կոալիցիայի նրա գործընկեր, կառավարության ղեկար Նավտալի Բենետը հայտարարել է, որ չի մասնակցելու հաջորդ ընտրություններին, հայտնում է BBC Russian-ը։ Բենետը վարչապետ էր դարձել նախորդ տարվա հունիսյան ընտրություններից հետո։ Դրանցում քաղաքական ուժերից ոչ մեկը չէր կարողացել մեծամասնություն ստանալ։ Արդյունքում՝ 8 կուսակցությունից բաղկացած կոալիցիա էր ձևավորվել, որի միակ ընդհանուր նպատակը թույլ չտալն էր, որ նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն իշխանության վերադառնա։ Բենետն ու Լապիդը պայմանավորվել էին, որ կառվարությունը գլխավորելու են երկուական տարով, այսինքն՝ ներկայիս վարչապետը պետք է իշխանությունն իր գործընկերոջը փոխանցեր 2023 թ-ի սեպտեմբերին։ Սակայն շուրջ տասն օր առաջ կոալիցիան փլվել էր, քանի որ դրա մեջ մտնող կուսակցությունները չէին կարողացել համաձայնության գալ այն փաստաթղթի գործողության երկարաձգման հարցի շուրջ, որի համաձայն՝ Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերն ապրում են Իսրայելի օրենքներով, այլ ոչ թե Պաղեստինի: Վերջերս անցկացված հարցումների համաձայն՝ նոր ընտրություններում Նեթանյահուն և նրա «Լիկուդ» կուսակցությունը կարող են ստանալ խորհրդարանի մանդատների մեծ մասը։ Բենյամին Նեթանյահուն, որին 2020 թ-ից դատում են կոռուպցիայի մեղադրանքով (նա գործերը շինծու է անվանում), վստահ է, որ իշխանության է վերադառնալու։   Նորա Վանյան
16:22 - 30 հունիսի, 2022
Դոնբասի բնակիչների նկատմամբ Կիևի գործողությունները «հանցագործություն են մարդկայնության դեմ»․ Պուտին

Դոնբասի բնակիչների նկատմամբ Կիևի գործողությունները «հանցագործություն են մարդկայնության դեմ»․ Պուտին

Ռուսաստանը բաց է ռազմավարական կայունության ապահովման, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմի պահպանման, սպառազինության նկատմամբ վերահսկողության ոլորտում իրավիճակի բարելավման շուրջ երկխոսության համար, «Կոմերսանտի» փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «XXI դարի բազմաբևեռ աշխարհում չպետք է տեղ ունենան պետությունների և ժողովուրդների անիրավահավասարությունը, խտրականությունը», - ասել է նա՝ տեսաուղերձով դիմելով Պետերբուրգի X միջազգային իրավաբանական համաժողովի մասնակիցներին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կողմ է ջանքերի միավորմանն այնպիսի կարևոր թեմաների շուրջ, ինչպիսիք են կլիմայական օրակարգը, սովի դեմ պայքարը, պարենային և էներգետիկ շուկաների կայունության ապահովումը, միջազգային առևտրի և մրցակցության արդար կանոնները։ Խոսելով Ուկրաինայում ռազմական գործողությունների մասին՝ Պուտինը հայտարարել է, որ Դոնբասի բնակիչների նկատմամբ Ուկրաինայի իշխանության գործողությունները «հանցագործություն են մարդկայնության դեմ»։ «Այս բոլոր ոլորտները պահանջում են ադեկվատ և ճկուն իրավական կարգավորում, քրտնաջան համատեղ աշխատանք։ Այդ ժամանակ չեն առաջանա ճգնաժամեր, որոնք այսօր տեղի են ունենում Դոնբասում՝ դրա բնակիչներին ցեղասպանությունից պաշտպանելու նպատակով, իսկ Կիևի ռեժիմի գործողություններն այլ բնորոշում չունեն, քան մարդկայնության դեմ հանցագործությունը», - հավելել է նա։   Նորա Վանյան
15:58 - 30 հունիսի, 2022
ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի 4 թեկնածուներից մեկին չի ընտրել․ ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում նոր թեկնածուի կառաջադրի

ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի 4 թեկնածուներից մեկին չի ընտրել․ ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում նոր թեկնածուի կառաջադրի

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ընթացքում Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի համար առաջադրված դատավորի 4 թեկնածուներից մեկին չի ընտրել։  Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը այդ պաշտոնի համար 12 թեկնածուների էր առաջադրել, որոնք ներկայացված էին եռյակներով։ ԱԺ-ն յուրաքանչյուր եռյակից պետք է ընտրեր մեկ թեկնածուի։ Երեկ և այսօր տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում Սերգեյ Չիչոյանը, Կարեն Բիշարյանը և Արտակ Կրկաշարյանը ընտրվել էին այդ պաշտոններում։ ԲԴԽ-ի ներկայացրած թեկնածուների վերջին եռյակում ընդգրկվել էին Ռուբիկ Մխիթարյանը, Արսեն Նիկողոսյանը, Արթուր Սարգսյանը։ Նրանց քվեարկությանը այսօր 62 պատգամավոր մասնակցեց, իսկ ձայները հետևյալ կերպ բաշխվեցին․ Ռուբիկ Մխիթարյան՝ կողմ 29, Արսեն Նիկողոսյան՝ կողմ 0, Արթուր Սարգսյան՝ կողմ 33: Ձայների այս հարաբերակցության արդյունքում թեկնածուներից ոչ ոք չընտրվեց, ուստի, ըստ ԱԺ կանոնակարգի, անցկացվեց թեկնածուների ընտրության երկրորդ փուլը, որին մասնակցեցին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները։ Թեկնածուները կրկին ելույթներ ունեցան, նոր քվեարկություն նշանակվեց, սակայն Ազգային ժողովը դարձյալ չընտրեց Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորի․ քվեարկության երկրորդ փուլին պատգամավորներից 55-ն էին մասնակցել, ձայները բաշխվել էին հետևյալ կերպ․ Ռուբիկ Մխիթարյան՝ կողմ 40, Արթուր Սարգսյան՝ կողմ 15: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ քվեարկությունից հետո 10-օրյա ժամկետում ԲԴԽ-ն պետք է առաջադրի նոր թեկնածուի։ ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտվեց։ 
15:14 - 30 հունիսի, 2022
Կառավարությունը որոշեց վերականգնել ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը

Կառավարությունը որոշեց վերականգնել ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը

ՀՀ կառավարությունը այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով որոշեց վերականգնել ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, վերացնել հրավերի պահանջը Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Մարոկկոյի, Թունիսի, Ալժիրի և Վիետնամի քաղաքացիների համար։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020թ.-ին կառավարությունը պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը ՀՀ մուտք գործող բոլոր անձանց համար վերացրել էր՝ բացառությամբ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ և ազգությամբ հայ հանդիսացող անձանց համար։ Գործադիրը որոշեց նաև ՀՀ մուտքի վիզան միայն հրավերի հիման վրա՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու իրավունք ունեցող պետությունների ցանկից հանել Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկկոն, Թունիսը, Ալժիրը և Վիետնամը։
13:51 - 30 հունիսի, 2022
1,5 տարի ունենք, կաշխատենք, լուծումներ կգտնենք. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին

1,5 տարի ունենք, կաշխատենք, լուծումներ կգտնենք. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ հարցին, թե ինչպես են պատկերացնում Բերձորի, Աղավնոյի բնակիչների ճակատագիրը և Ադրբեջանի կողմից կառուցվող Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը որքանո՞վ է ապահովելու Հայաստանի հետ կապը։ «Այս հարցերը հենց նոյեմբերի 9-ից սկսած մենք քննարկում ենք Արցախի մեր գործընկերների հետ, որպեսզի լուծումներ գտնենք։ Արցախի իշխանությունները այս մասով աշխատանքներ են տանում, սրա մասին նաև հրապարակային խոսել ենք և մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծմումներ գտնելու։ Մոտավոր 1.5 տարի դեռ ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք և լուծումներ կգտնենք»։ Խաղաղության օրակարգի վերաբերյալ հարցին ի պատասխան Արմեն Գրիգորյանը ասաց՝ երբ խոսում են այդ օրակարգի մասին, չեն մտածում, որ ամեն ինչ հեշտ է լինելու։ «Մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում ենք, որ որպեսզի  կարողանանք մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապաահովել, անվտանգության երաշխիքների հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ բայց հասկանում ենք, որ դա միայն Հայաստանից կախված չէ, և դա է պատճառը, որ աշխատում ենք բոլոր միջազգային գործընկերների հետ, որպեսզի խաղաղության օրակարգը առաջ տանենք»։ Արմեն Գրիգորյանը վերահաստատեց տեսակետը, ըստ որի՝ Հայաստանի տարածքում բացառվում է միջանցքային տրամաբանությամբ գործող որևէ ճանապարհ։  Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը՝ ըստ որի «միջանցքը արդեն իրականություն է դառնում», Գրիգորյանն ասաց․ «Պաշտոնական Երևանը նոյեմբերի 9-ից հետո սրան արձագանքում է, ոչ միայն պաշտոնական Երևանը, այլ նաև պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Բրյուսելը, սրա մասին ասել ենք, կարծում եմ՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետև բոլորը հայտարարում են, որ երբեք միջանցք չի հայտարարվել, բայց ադրբջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»։ Անդրադառնալով վարչապետի մամուլի ասուլիսում հնչած հայտարարությանը, ըստ որի ադրբեջանական կողմը հրաժարվել է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նաախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումըից, ԱԽ քարտուղարն ասաց․ «Ընդհանուր առմամբ, և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի օրակարգային հարցերը, որոնք քննարկվում են Արդբեջանի հետ, 4-ն են․ եթե ըստ հերթականության նշեմ, հումանիտար հարցերը, օրինակ հումանիտար հարցերի մեջ առաջնային է գերիների վերադարձը, անհայտ կորած անձանց մասին տեղեկություն հավաքելը և նրանց ընտանիքներին տրամադրելը։ Հաջորդը տարածաշրջանի ապաշրջափակումն է, դելիմիտացիան, դեմարկացիան, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորումը։ Այս 4 հիմնական հարցերն են, որոնք Ադրբեջանի քննարկվում են։ Նախատեսված էր հանդիպում, բայց հետաձգվեց։ Դեռևս հայտնի չեն հստակ պատճառներ, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել, մենք ինֆորմացիա ունենք, որ առաջիկայում հնարավոր է այդպիսի հանդիպում։ Մենք չենք ստացել հստակ տեղեկություն, թե ինչու չեն եկել, իրենք պարզապես հետաձգել են»։
13:23 - 30 հունիսի, 2022
Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրեց Սեդա Սաֆարյանի թեկնածությունը

Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրեց Սեդա Սաֆարյանի թեկնածությունը

Կառավարությունն այսօր Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյան թեկնածությունը։  Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը նիստի ընթացքում տեղեկացրեց, որ ՍԴ նախագահի կողմից գրություն է ստացվել վարչապետի աշխատակազմ, համաձայն որի ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 10-ին։Գրիգոր Մինասյանը տեղեկացրեց նաև՝ ըստ Սահմանադրության ՍԴ 9 դատավորներից երեքն ընտրվում են ՀՀ նախագահի, երեքը՝ կառավարության, երեքը՝ Դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ։ Առաջադրումները հաջորդաբար կատարում են կառավարությունը, նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը, ներկայումս էլ հերթը կառավարությանն է։ ՍԴ դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց՝ առաջադրումը կատարելիս քննարկումներ են ունեցել խորհրդարանական գործընկերների հետ, հարցը նաև ՔՊ վարչությունում է քննարկվել․ «Կարող ենք արձանագրել, որ քաղաքական որոշում է կայացվել, ինչը այս դեպքում տրամաբանական է»։ՍԴ դատավորի ընտրությունը կայանալու է Ազգային ժողովում։
12:02 - 30 հունիսի, 2022
Հաղթանակ․ հայկական Տոսկանա, որ դեղձ էր մատակարարում Կրեմլին [մարzoom]

Հաղթանակ․ հայկական Տոսկանա, որ դեղձ էր մատակարարում Կրեմլին [մարzoom]

Ուղիղ մի տարի առաջ Բերդավանի Սլագեդան սարի հովին նստած կարդում էի «Անգլիացի պացիենտը», որտեղ Օնդաչին մի հատվածում նկարագրում է իտալական Սան-Ջիրոլամո առանձնատան շրջակայքն ու բնությունը՝ փռված բլուրների փեշերին։ Այդ պատկերները երեւակայորեն արտատպում էի գյուղի սարերի վրա, դրանցից մեկի լանջին Մեդիչիների առանձնատունը պատկերացնում ու փորձում հայտնվել իտալական փոքրիկ այդ շրջանում։ Հիմա Բերդավանում չեմ, բայց դրանից քիչ հեռու՝ 10.4կմ այն կողմ գտնվող մի գյուղում եմ՝ Հաղթանակում, որտեղ շրջելիս «Պացիենտը» նորից կարդալու ցանկություն առաջացավ։ Այստեղ բնապատկերներն առաջին իսկ հայացքից Տոսկանայից պոկված պատառիկներ են հիշեցնում։ «Հայկական Տոսկանա»,- անցնում է մտքովս, ու, քանի որ կեսօրի արեւը գլխիս երկար ժամանակ կախված է եղել, արդեն պատկերացնում եմ, որ գյուղ մտնելուն պես մարդիկ հետս իտալերեն են խոսելու։ Բայց սկսեմ սկզբից։ Այրում քաղաքից Հաղթանակը շատ հեռու չէ՝ մի հինգ կիլոմետր։ Որոշում եմ, որ կարելի է Այրումից ոտքով գնալ, համ էլ ճանապարհին մարդիկ կպատահեն, կզրուցենք։ Բայց առավոտվա ժամերին այս կողմերում շատ շոգ է, արեւն էլ՝ վառող։ Ծառի հովին սպասում եմ գյուղ գնացող մեքենաների, որ գուցե ինձ համար մի տեղ ունենան։ Մի չորս-հինգն իմ պարզած ձեռքին չեն արձագանքում, մի բեռնատար էլ որոշում է իր ճամփան բացելու համար մի հանդից մյուսը ճանապարհի մեջտեղով ալարկոտ անցնող կովերին քշել ինձ վրա, բայց կովերն արագ են կողմնորոշվում ու ինձ վազելու առիթ չեն տալիս։ Ի վերջո, երբ արդեն Հաղթանակի ցուցանակը երեւում է, մի մեքենա է պատահում, որ բարեհամբույր համաձայնում է ինձ հասցնել մինչեւ գյուղ․ մեկ է՝ այդ ճանապարհով Նոյեմբերյան է գնում․ «Տեղացի չեք, հա՞՜»,- երկարացնելով հարցնում է վարորդը՝ հայելու միջից մի հայացք ձգելով իմ կողմ,- «ի՞նչ կա բա էս կողմերումը»։ Ասում եմ՝ Երեւանից ենք եկել, համայնքներով շրջում, պատմություններ ենք հավաքում։ «Հա՜, լավ եք անում, ապրիք»։ Շուտ տեղ ենք հասնում։ Պարզվում է՝ բավական քայլել էի, քիչ էր մնացել։ Իջնում եմ գյուղամիջում, որ մի ցայտաղբյուրից ջուր վերցնեմ։ Ցայտաղբյուրը պատերազմում զոհված տղաների պատվին կառուցված հուշաքարի մոտ է։ Վեց զոհի անուն կա սալիկների վրա․ նրանց անունները դեռ կհիշատակեմ։ Գլուխս թեքում եմ, տեսնեմ՝ մոտիկ խանութի դռանը մի կին է հենված, ժպտալով ինձ է նայում։ Հեռվից բարեւելով մոտենում եմ, որպիսություն հարցնում ու սառը ջուր եմ ուզում գնել, բայց կինը՝ տիկին Անահիտը, համոզում է՝ առանց սուրճի չի լինի, անպայման ներս պիտի գնամ։ Հյուրընկալս շտապում է ամուսնուն կանչել, ասում է՝ ինքն ավելի շատ պատմելու բան կունենա։ Իսկ ամուսինը՝ Գեւորգ Բիջոյանը, երեսուն տարի Հաղթանակի միջնակարգ դպրոցի տնօրենն է եղել։ Հիմա վերապատրաստվում է, որ շարունակի աշխատանքը։ Հաղթանակի դպրոցում ավելի քան 180 աշակերտ է սովորում։ Այս դպրոց են գալիս նաեւ Լճկաձորի բարձր դասարանի աշակերտները։ Դպրոցում ամեն առարկայի ուսուցիչ էլ կա։ Իսկ աշակերտների առաջադիմությունը, ինչպես նկատում է Բիջոյանը, բավականին լավն է։ Նրա խոսքով՝ շրջանավարտների միջինում 50 տոկոսն անպայման բուհ է ընդունվում։ Բայց ինչպես Այրումում, այնպես էլ Հաղթականում, շատերը բարձրագույն կրթություն ստանալուց հետո նախընտրում են մայրաքաղաքում մնալ։ Գեւորգ Բիջոյանը Հիմա ոմանք գնում են Հաղթանակից, բայց ժամանակին շատերն են եկել, հաստատվել այստեղ։ Երեւի նկատեցիք դպրոցի տնօրենի ազգանունը։ Նա, ինչպես ուրիշները Հաղթանակում, Վրաստանից է տեղափոխվել այստեղ։ 1980-90-ականներին Վրաստանից ու Ադրբեջանից շատերն են եկել Հաղթանակում ապրելու։ Այժմ այստեղ 350 փաստացի տնեսություն կա, 1384 բնակիչ։ Հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում, շատ քչերը՝ անասնապահությամբ։ Այնքան քչերը, որ կես-կատակ ասում են՝ «ամոթ էլ ա անասունների թիվ ասենք»։ Իսկ այգիներում դեղձ, արքայանարինջ են մշակում։ Բիջոյանը պատմում է, որ Սովետական միության տարիներին գյուղը բերքի մատակարարման ամենալուրջ ցուցանիշն է ունեցել Միության մասշտաբով։ Մի ժամանակ Հաղթանակը «Դեղձի երկիր» են կոչել։ Հետո 90-ականներին ջրի խնդիր է եղել, այգիների մի մասը չորացել է։ Բայց գյուղացիները նորից ուզում են վերականգնել իրենց այգիները։ Հիմա ոռոգման խնդիր չկա գյուղում։  Իսկ խնդիրների մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար գնում եմ, իհարկե, վարչական ղեկավարի մոտ։ Գյուղապետարանի շենքն այնքան էլ անմխիթար վիճակում չէ։ Խոշորացումից հետո, սակայն, ինչպես հայտնի է, գյուղապետարաններում շատ մարդ չի աշխատում (այժմ մնացել են միայն վարչական ղեկավարի, օպերատորի, հարկահավաքի, գյուղատնտես-հողաշինարարի հաստիքները)․ սենյակներ կան, որտեղ մարդ չկա, միայն միջանցիկ քամի՝ որպես շոգից փրկություն։ Մինչ վարչական ղեկավարը կգա, մտնում եմ Հաղթանակի գրադարան․ հին-հին գրքեր՝ պահարանի փոշոտ դարակներում։ Գյուղապետարանի աշխատակիցն ասում է՝ խոշորացումից հետո գյուղի գրադարանավարի հաստիք չկա։ Թեեւ երեխաները երբեմն գրքեր վերցնում են։  Գյուղապետը՝ Վահրամ Շարոյանը, գրադարանի դռան մոտից ձայնում է՝ ողջունում, հրավիրում աշխատասենյակ։ Միանգամից ասում է՝ հա՜, գրադարանավարի հարցն անպայման ուզում ենք լուծել․ «Ունենք մոտ 2000 կտոր գիրք, մոտ 4000 էլ մեր տանը կա, դրանք էլ եմ ուզում բերել էստեղ։ Պարտադիր պայման է, որ գրադարանավար լինի»,- ասում է Շարոյանը՝ նշելով, որ պատրաստվում է այդ հարցով քննարկում ունենալ համայնքապետի հետ։ Վահրամ Շարոյանը Գյուղապետի ազգանունն ինձ շատ ծանոթ է թվում, հիշում եմ՝ զոհերի հուշահամալիրում սալիկներից մեկի վրա երկու անգամ կրկնվում էր Շարոյան ազգանունը՝ Գարիկ եւ Վահագն։ Պարզվում է՝ Գարիկ Շարոյանը վարչական ղեկավարի հայրն է, Վահագնը՝ եղբայրը։ Հայրն Արցախում է զոհվել՝ առաջին պատերազմի տարիներին, եղբայրը՝ Նոյեմբերյանում՝ 2002-ին։ Գյուղապետի աշխատասենյակում հոր ու եղբոր նկարների կողքին փակցված են Հաղթանակի մյուս զոհերի ու Վազգեն Սարգսյանի նկարները։  Աջից՝ ձախ՝ Մարտուն Թեւանյանը, Գարիկ Շարոյանը, Մանվել Քեշիշյանը, Վահագն Շարոյանը, Խաչատուր Բադասյանը, Սարգիս Թեւանյանը, Վազգեն Սարգսյանը Մարտուն եւ Սարգիս Թեւանյաններն էլ դպրոցի տնօրենի՝ Բիջոյանի ազգականներն են։ Մարտուն Թեւանյանը, Մանվել Քեշիշյանը եւս զոհվել են Նոյեմբերյանում, Խաչատուր Բադասյանը՝ 2014-ի օգոստոսին՝ Մարտակերտում, Սարգիս Թեւանյանն իր մահով է լքել կյանքը։ Գյուղապետի հայացքում հարազատների ու համագյուղացիների կորստի ցավը երեւում է, բայց չի ընկճվում։ Ասում է՝ իր պարտքն է լավ աշխատելը, այլ տարբերակ չունի։ Իսկ այն, որ գյուղացիներն էլ իրեն են աջակցում, ավելի է մեծացնում պատասխանատվությունը։ Վարչական ղեկավարը գյուղի զարգացման 5-ամյա ծրագիր է ներկայացրել։ Առաջին փուլում նախատեսվում է մշակույթի տան վերանորոգումը, որից հետո գյուղապետարանը, Հայփոստը, որ նույն շենքում է այժմ, Էլ․ցանցի գրասենյակը, գրադարանը կտեղափոխվեն մշակույթի շենք։ Իսկ այս շենքն այլ նշանակությամբ կօգտագործվի։ Գյուղապետն ասում է՝ շատ ծրագրեր կան, ամեն ինչ էլ իրագործելի է, եթե կամք կա։ Գյուղում վերանորոգման կարիք ունեցող խաղադաշտ կա, դրան եւս պատրաստվում են անդրադառնալ, պատկան մարմիններն էլ խոստացել են, որ աջակցություն կցուցաբերեն, որ մարզադաշտին հարակից սպորտդպրոց բացվի։ Վերանորոգման կարիք ունի նաեւ գյուղի դպրոցը․ ներքին հարդարման աշխատանքներ պետք է անեն։ Իսկ մանկապարտեզն արդեն հիմնովին նորոգվել է, այդ թվում՝ կոսմետիկ, ու երեխաների համար բոլոր հարմարավետ պայմանները կան։ Մնում է միայն մանկապարտեզ տանող ճանապարհը սարքվի։ Շարոյանը չի մոռանում գյուղի ճանապարհների ասֆալտապատման խնդրի մասին։ Ասում է՝ 3.5կմ երկարության ճանապարհ կա, որը եւս հնգամյա ծրագրով նախատեսվում է նորոգել։ Բայց ամենամեծ նպատակներից մեկը, որ պատրաստվում են իրագործել, գյուղում նորից մեծ այգիներ հիմնելն է։ Շարոյանը պատմում է, որ ժամանակին գյուղը մրգերի տեսականիով Կրեմլի պաշտոնական մատակարարն է եղել․ «Դեղձ ենք ունեցել, հատը մոտ 700 գրամ է եղել։ Հիմա նորից ուզում ենք էդ այգիները հիմնենք։ Ճիշտ ա՝ ժողովուրդը զբաղվում ա արտագնա աշխատանքով, բայց չարաբաստիկ դեպքերից հետո ժողովուրդը կպել ա հողին։ Մոտ 300 հա էսօր այգի է, ընդհանուր 722 հա վարելահող ունենք, ակնկալում ենք, որ մինչեւ եկող տարվա վերջ դրանց 60 տոկոսում այգիներ կհիմնենք, 50 տոկոսն էլ ոռոգվում է ամբողջովին»։ Մինչ կգնանք գյուղի լանդշաֆտները բարձր բլրից նայելու՝ իմանում եմ, որ շուտով գյուղապետարան է գալու դպրոցահասակ կարատեիստ մի աղջնակ՝ մրցույթում հաղթելու պատվին ստացած իր գավաթը գյուղին նվիրելու։ Նադեժդա Բալայանը Ռուսաստանի Դաշնությունում աշիխարա-կարատե սպորտաձեւի մրցույթում առաջին տեղն է գրավել ու բարձրացրել Հայաստանի Հանրապետության դրոշը։ Նադեժդա Բալայանը Աղջնակը մեր դրոշն ուսերին գալիս է գյուղապետի աշխատասենյակ, կանգնում զոհված տղաների նկարների մոտ ու հպարտ տոնով ասում, որ դեռ էլի հաղթանակներ է ունենալու բոլոր հաղթանակներն իր գյուղին է նվիրելու։ Այսօր էլ գավաթն է հանձնում գյուղին։ Սա ասելիս Նադեժդայի սիրտը լցվում է, արցունքները հոսում են, բայց նա միանգամից ձգվում է, հավաքվում ու լուսանկարվում գյուղապետի հետ՝ նրանից ընդունելով շնորհակալագիրը։  Դուրս ենք գալիս ու գնում դեպի «պանսիոնատ»։ Ճանապարհին Շարոյանը պատմում է, որ գյուղի մի հիասքանչ հատվածում նախկինում ակտիվ գործող պանսիոնատ է եղել, որտեղ հյուրեր են եկել ամենատարբեր երկրներից։ Բայց հիմա այդ շենքն անմխիթար վիճակում է, թեեւ բնակվողներ կան՝ փախստականների յոթ ընտանիք։ Մեր գնալու պահին ձայն-ձուն չկար, միայն մի շան հաչոց։ Երեւի շոգի ժամին մարդիկ հանգստանում էին։ Գյուղապետն ասում է՝ եթե ներդրող լինի, ծրագիր կմշակեն, որ պանսիոնատի շենքը վերանորոգվի ու դառնա կամ հյուրատուն, կամ զարգացման կենտրոն։ Ուղղակի այստեղ բնակվող ընտանիքներին բախտի քմահաճույքին թողնել չեն կարող, չնայած՝ շենքը սեփականությամբ իրենց չի պատկանում։ Շարոյանն ասում է՝ եթե ծրագիր լինի, պետք է իրավասու մարմինների հետ այդ անձանց բնակության համար տեղ հատկացնեն, հողամաս ու գոնե տնակներ, հետո նոր շենքը հիմնանորոգել, օգտագործել ըստ նշանակության։ Վարչական ղեկավարը վստահ է՝ եթե հաջողվի իրագործել այդ գաղափարը, ապա Հաղթանակն անպայման զբոսաշրջիկների սիրելի վայրն է դառնալու։ Այս տարածքից ուղղակի հրաշալի տեսարան է բացվում դեպի Հաղթանակ գյուղ, գյուղի վարչական տարածք՝ դաշտեր, լանդշաֆտներ, տեսարան դեպի Վրաստան ու դեպի հայկական Արճիս գյուղ։ Եւ հենց այստեղ է, որ մի պահ թվում է՝ իտալական գյուղակում ես։ Զրուցելով իջնում ենք գյուղ, իսկ ճանապարհին անցնող-դարձողը ջերմ բարեւում է գյուղապետին։ Մինչեւ գնալս՝ շիշը սառը ջուր լցնելու ժամանակն է։ Գյուղապետը տներից մեկի մոտ ձայն է տալիս՝ Մանա՜ն, Գինեվա՜րդ, սառը ջուր ունե՞ք։ Լսում եմ՝ «ո՞նց չունենք, բայց մենակ ջուր չէ, համեցեք»։ Գյուղացի կանայք են, այգում գործ անելուց հոգնել, եկել են՝ մի քիչ հանգստանալու, ես էլ չեմ ստիպում՝ նկարել, բայց պայմանով, որ վերադառնալու եմ աշնանը, երբ տիկին Գինեվարդն օղի թորելու գործերով կլինի, եւ այդ ժամանակ անպայման նկարելու եմ։ Ի դեպ, Մանանան, որ մաքուր հայերեն է խոսում, ընդ որում՝ գրեթե առանց բարբառի, ազգության օսեթ է։ Բայց Հաղթանակը շատ է սիրում, ասում է՝ ապրելու տեղ է, տուն, ուրիշ տեղ չի ուզում գնալ, այստեղ բոլորը մի ընտանիքի պես են՝ մեկը մյուսի թիկունքին։ Հայարփի Բաղդասարյան
22:33 - 29 հունիսի, 2022
Թուրքիան կրկին Շվեդիային ու Ֆինլանդիային կդիմի 33 անձանց արտահանձնման հարցով

Թուրքիան կրկին Շվեդիային ու Ֆինլանդիային կդիմի 33 անձանց արտահանձնման հարցով

Այն բանից հետո, երբ Թուրքիան, Շվեդիան ու Ֆինլանդիան համաձայնության են եկել ՆԱՏՕ-ին սկանդինավյան այս երկրների անդամակցության շուրջ, Անկարան կրկին նրանց կդիմի այն անձնանց արտահանձնման հարցով, որոնց ահաբեկիչ է համարում։ Այս մասին, ինչպես հայտնում է DW-ն, այսօր ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։ «Ըստ նոր համաձայնագրի՝ մենք Ֆինլանդիային խնդրելու ենք արտահանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցության և Fetö-ի վեցական անդամների։ Շվեդիային խնդրելու ենք արտահանձնել Fetö-ի տասը և Քրդական աշխատավորական կուսակցության տասնմեկ անդամների», - նշել է Բողդաղը։ Fetö-ն քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումն է, որին Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է 2016 թ-ի պետական հեղաշրջման փորձի համար։ Այս շարժումն, ինչպես նաև Քրդստանի աշխատավորական կուսակցությունը երկրում ահաբեկչական են համարվում։ Մայիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Շվեդիայի և Ֆինլանդիայի բանակցությունների ֆոնին, երկրները չէին թույլատրել Թուրքիայի պահանջով այս 33 անձանց արտահանձնումը։ Նշենք, որ երեկ Թուրքիան չեղարկել է Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների դեմ իր առարկությունը՝ ճանապարհ հարթելով երկու երկրների համար՝ միանալու ռազմական դաշինքին։ Երեք երկրները Մադրիդում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովից առաջ։   Նորա Վանյան  
16:49 - 29 հունիսի, 2022
Հակասակա՞ն, թե՞ հետևողական որոշումներ․ ԱՄՆ-ում աբորտի և զենք կրելու իրավունքների վերաբերյալ որոշումների մասին․ AP

Հակասակա՞ն, թե՞ հետևողական որոշումներ․ ԱՄՆ-ում աբորտի և զենք կրելու իրավունքների վերաբերյալ որոշումների մասին․ AP

ԱՄՆ Գերագույն դատարանը օրերս չեղարկել է սեփական ցանկությամբ հղիության ընդհատման կանանց իրավունքի մասին 1973 թ-ի «Ռոուն՝ ընդդեմ Ուեյդի» գործով որոշումը։ Այժմ աբորտի հարցը որոշվելու է երկրի նահանգներից յուրաքանչյուրի օրենսդրության մակարդակում։ Դատարանը ևս մեկ որոշում է կայացրել հանրային վայրերում զենք կրելու իրավունքի մասին՝ համարելով, որ ամերիկացիներն այդ իրավունքն ունեն։ Այս որոշմամբ չեղարկել է ավելի վաղ Նյու Յորքում ընդունված օրենքը, որը սահմանափակում էր զենք կրելու քաղաքացիների իրավունքը։ Դրա համաձայն՝ նրանք, ովքեր ցանկանում էին զենք կրելու թույլտվություն ստանալ, պետք է ապացուցեին, որ իրենց կյանքին որևէ բան է սպառնում։ Գերագույն դատարանը այս պահանջը հակասահմանադրական է ճանաչել։ Associated Press-ը գրում է դատարանի այս երկու որոշումների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Ամերիկյան կյանքում ամենասուր բևեռացումն առաջացնում են աբորտի և զենքի հարցերը։ Եվ վերջին մի քանի օրում այս հարցով Գերագույն դատարանի կարևորագույն վճիռներն ամեն ինչ արեցին՝ բացի այս բևեռացման հարցը լուծելը։ Այս որոշումները վեճեր են առաջացրել․ արդյո՞ք դատարանի պահպանողական անդամները հավատարիմ ու հետևողական են երկրի պատմության և սահմանադրության հարցում, թե՞ հղում են անում դրանց՝ իրենց քաղաքական նախապատվություններն արդարացնելու համար։ Որոշ քննադատների կարծիքով՝ այս որոշումներն ակնհայտ և խորապես վնասակար հակասություն են պարունակում։ Ինչպե՞ս կարող է դատարանն արդարացնել զենք կրելու կարգավորումների հարցում նահանգների որոշումների սահմանափակումը, բայց ընդլայնել նրանց իրավունքները աբորտի կարգավորումների պարագայում։ «Երեսպաշտությունը մոլեգնում է, իսկ վնասն անսահման է», - նախորդ շաբաթ հայարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փոլոսին այն բանից հետո, երբ դատարանը հրապարակել է աբորտների մասին իր որոշումը։ Այս որոշման կողմնակիցների կարծիքով՝ դատարանը հավատարիմ է երկրի հիմնարար սկզբունքներին և ուղղում է անցյալի սխալները։ Դատարանն ուղղել է պատմական սխալը՝ չեղարկելով աբորտի իրավունքը, որը գործել է շուրջ 50 տարի, հունիսի 24-ին հայտարարել է նախկին փոխնախագահ Մայք Փենսը։ «Ռոուն ընդդեմ Ուեյդի» օրենքի՝ աբորտի իրավունքը հաստատող 1973 թ-ի վիճելի որոշման կողմնակիցներն ասում են, որ Գերագույն դատարանն այն ժամանակ արել է մի բան, ինչի համար այժմ ոմանք մեղադրում են դատավորներին՝ հարմարացրել և խեղաթյուրել է իրավաբանական փաստարկները՝ դրանք համապատասխանեցնելով քաղաքական դիրքորոշումներին։ Սակայն շատերն են համաձայն, որ, չնայած որոշումների հակասական լինելուն, դատավորներն աբորտների և զենքի վերաբերյալ որոշումները կայացնելիս, համենայնդեպս, հետևել են իրավունքի տեսությանը։ «Ես հասկանում եմ, որ ասածս կարող է երեսպաշտություն թվալ, սակայն դատարանի պահպանողական մեծամասնության համար, սա հետևողական մոտեցում է երկու գործերին էլ», - ասում է Տեխասի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Ալբերտը։ Սակայն հետևողականությունը չի կարող քողարկել այն փաստը, որ դատարանում տեղաշարժ է տեղի ունեցել այն օրվանից, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երեք պահպանողականների է նշանակել։ Եվ սա, հավանաբար, էլ ավելի կխճճի հասարակության կողմից այս ինստիտուտի ընկալումները, որն իրեն քաղաքականությունից բարձր է համարում, ասում են փորձագետները։ Երկու որոշումներն էլ «գալիս են նույն դատարանից, որի լեգիտիմությունը կտրուկ նվազում է», - ասում է սահմանադրական իրավունքի մասնագետ Լոուրենս Թրայբը։ Այս շաբաթ ընդունված երկու որոշումներն էլ իրավաբանական առումով շատ ավելի հետևողական են, քան կարծում են քննադատները, կարծում է Քլիվլենդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ջոնաթան Էնթինը։ «Մենք կարող ենք վիճել Երկրորդ լրամշակման իմաստների մասին, սակայն դրանում ուղղակիորեն խոսվում է զենքի պահպանման և կրման իրավունքի մասին, մինչդեռ աբորտի հասանելիության իրավունքը հստակ արձանագրված չէ սահմանադրությունում», - ասում է նա։ Ոչ բոլորն են համաձայն այս կարծիքի հետ։ «Կարծում եմ՝ այստեղ գործ ունենք երկակի ստանդարտների հետ», - ասում է Փեփերդայնի համալսարանի պրոֆեսոր Բարրի Մաքդոնալդը՝ մեկնաբանելով դատավորների փաստարկներն այն մասին, որ երկու որոշումներն էլ հիմնված են օրենքի և պատմության ճշգրիտ ընկալման վրա։ Սակայն սովորական ամերիկացիների մեծ մասը ծանոթ չէ այս խճճված իրավաբանական տեսությանը։ Փոխարենը շատերը դատարանի գործողությունները գնահատելու են՝ հիմնվելով դատավորների շարժառիթների սեփական ընկալման և իրենց կյանքում այս որոշումների ացդեցության վրա, ասում են փորձագետները։ Շատերն այս որոշումները, հավանաբար, ընկալելու են՝ որպես Թրամփի նշանակումների անմիջական արդյունք և նրա օրակարգին հետևելու վճռականություն, ինչը դատարանը դարձնում է «ավելի շատ քաղաքական ինստիտուտ, քան օրենքի», - ասում է Մաքդոնալդը։ Թրայբի խոսքով՝ դատավորները կարող են պնդել, թե իրավաբանական առումով հետևողական են եղել։ Սակայն զենքի և աբորտի մասին այդ որոշումները իրարամերժ են թվում, քանի որ դատարանը պնդում է, թե պաշտպանում է անհատի իրավունքները, սակայն հետո սահմանափակում է սեփական մարմնի նկատմամբ ամերիկացիներից շատերի վերահսկողության իրավունքը»։   Նորա Վանյան
16:41 - 29 հունիսի, 2022
Հայկ Կոնջորյանը անդրադարձավ  ԱԺ նիստերին ընդդիմության բացակայությանը

Հայկ Կոնջորյանը անդրադարձավ ԱԺ նիստերին ընդդիմության բացակայությանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց՝ ամենագլխավորը և ամենացավոտ հարցերը, որ մարդիկ իրենց տալիս են, վերաբերում է Հայաստանում արդարությանն ու արդարադատությանը։ Կոնջորյանը ընդգծեց, որ այս շաբաթվա ընթացքում խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը, այսօր քննարկում է գլխավոր դատախազի հարցը՝ «նորից ընդդիմության դատարկ աթոռներով»։ «Ես համոզմունք ունեմ, որ դատաիրավական համակարգի քննարկումները յուրաքանչյուր ողջամիտ ընդդիմության համար լավագույն շանսն են խորհրդանում ինքնադրսևորվելու, լավագույն շանսն են՝ սեփական քննադատությունը, դիտարկումները ներկայացնելու համար, բայց ինչևէ, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացնում է ոչ միայն մեր ընտրողներին, մենք ներկայացնում ենք նաև ընդդիմության ընտրողներին և ՀՀ բոլոր քաղաքացիներին։ Այս քննարկումը ևս պատասխանում է բոլոր այն հարցերին, որոնք ունեն ոչ միայն մեր ընտրողները, ունեն նաև ընդդիմության ընտրողները և մեր Հանրապետության բոլոր քաղաքացիները»։ Պատգամավորն ասաց՝ իրենց համար սկզբունքային է դատաիրավական համակարգի օբյեկտիվությունը, անաչառությունը և անկախությունը․ «Դա մեր հավատամքն է, և մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Ցանկացած շեղում այդ հավատամքից մեզ համար անընդունելի է եղել, անընդունելի է և կլինի անընդունելի։ Եվ մենք՝ որպես քաղաքական մեծամասնություն և ժողովրդի ամուր մանդատի կրողներ ամեն բան անելու ենք, որ այդ հավատամքը իրագործվի»։ Կոնջորյանի խոսքով՝ ավանդական ընկալումներում իշխանության թևերի միջև զսպումներն ու հակակշռումները դիտարկվում ե որպես այդ թևերի միջև հակամարտություն․ «Ցավոք սրտի, վերջին տարիներին մասնավորապես դատաիրավական ոլորտի մի շար ներկայացուցիչների կողմից ակնհայտ քաղաքականացվածությունը բերել է նաև այդ հակամարտության հրապարակային դրսևորումների և ցավոտ դրսևորումների։  Մենք՝ որպես հանրություն, որպես պետություն պիտի հաղթահարենք այդ հակամարտությունը և պիտի ցույց տանք, որ իշխանության թևերի միջև հավասարակշռումը և զսպումները հակամարտություն չէ, որ իշխանության տարբեր թևերի աղբյուրը նույնն է՝ ժողովուրդը, և իշխանության թևերը պետք է համագործակցեն՝ հանուն ընդհանուր բարիքի և ոչ թե հանուն մասնավոր բարիքի, որը ծնում է համընդհանուր չարիք»։ Նա ընդգծեց՝ պատահական չէ, որ այս օրերին և վերջին տարիներին ամենաքննարկվող հարցերից մեկը  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն է․ «Այս օրերին և վերջին տարիներին ամենաքննարկվող հարցերից մեկը մասնավոր բարիք ստեղծելու և համընդհանուր չարիք ստեղծելու մասին նախագիծն է՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, որը այսօր, ըստ էության, իմ կարծիքով ուղղակիորեն կապ ունի նաև, որ դահլիճի այս հատվածը (ընդդիմության հատվածը, խմբ․) դատարկ է։ Եվ Հայաստանում ներքաղաքական գործընթացների հիմքերում գտնվում են նաև այդ օրենքը և այդ օրենքի կիրարկումը»։ Հայկ Կոնջորյանը նշեց՝ հավատամք ունի, որ Աննա Վարդապետյանը իր լիազորությունների շրջանակում հավատարիմ է մնալու օրենքի սահմանած լիազորությանը։
16:25 - 29 հունիսի, 2022
ԱՄՆ-ն կավելացնի իր ռազմական ներկայությունը Եվրոպայում

ԱՄՆ-ն կավելացնի իր ռազմական ներկայությունը Եվրոպայում

Ի պատասխան Ռուսաստանից եկող սպառնալիքի՝ ԱՄՆ-ն ավելացնելու է իր ռազմական ներկայությունը Եվրոպայում, այդ թվում՝ բանակային կորպուսի մշտական շտաբ է տեղակայելու Լեհաստանում, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բայդենն ընդգծել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքի տարածքի «յուրաքանչյուր դյույմը պաշտպանելու» հանձնառությունը։ Նրա խոսքով, դաշինքին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի քայլերը ՆԱՏՕ-ն էլ ավելի ուժեղ կդարձնեն, իսկ դրա անդամ երկրներն ավելի անվտանգ կլինեն։ «Մենք անտարակույս ազդակ են հղում այն մասին․․․ որ ՆԱՏՕ-ն ուժեղ է, համախմբված, իսկ քայլերը, որոնք մենք ձեռնարկում ենք այս գագաթնաժողովի ընթացքում, էլ ավելի են ամրապնդելու մեր հավաքական ուժը»։ Բայդենի խոսքով՝ Վաշինգտոնն աշխատելու է այն ուղղությամբ, որպեսզի Իսպանիայում ամերիկյան ականակիր նավերի քանակը չորսից հասցնի վեցի։ Բացի այդ, Բրիտանիա կուղարկվի F-35-ի հավելյալ երկու էսկադրիլյա։   Նորա Վանյան  
15:42 - 29 հունիսի, 2022