Դեֆո՞լտ է, թե՞ ոչ․ Ռուսաստանը խախտում է պարտատոմսերի վճարման ժամկետները․ Politico
21:23 - 30 հունիսի, 2022

Դեֆո՞լտ է, թե՞ ոչ․ Ռուսաստանը խախտում է պարտատոմսերի վճարման ժամկետները․ Politico

Երկուշաբթի առավոտյան հայտնի է դարձել, որ Ռուսաստանի պարտատերերը չեն ստացել տոկոսագումարների վճարումը, որի ժամկետը լրանում էր կիրակի օրը՝ հունիսի 26-ին։

Դոլարով և եվրոյով երկու պարտատոմսերի մասով 100 մլն եվրոյի վճարումների ժամկետը լրացել էր դեռևս մայիսի 27-ին, սակայն կիրակի՝ հունիսի 26-ին, լրացել է նաև 30-օրյա արտոնյալ ժամկետը։ Bloomberg-ի պնդմամբ՝ այս ամենի հետևանքով գրանցվել է վերջին հարյուր տարում Ռուսաստանի համար արտաքին պարտքի դեֆոլտը։ Սակայն Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ «դեֆոլտ» ձևակերպումը կիրառելի չէ ՌԴ տնտեսական դրության նկատմամբ, քանի որ միջազգային հաշվակային-քլիրինգային համակարգերը ստացել են միջոցները լիարժեք ծավալով, սակայն դրանք չեն հասցրել ստացողներին։

«Այս դեպքում ներդրողների կողմից գումար չստալանը տեղի է ունեցել ոչ թե վճարման բացակայության հետևանքով, այլ երրորդ անձանց գործողությունների, ինչն ուղղակիորեն նախատեսված չէ էմիսիոն փաստաթղթերում՝ որպես դեֆոլտի իրադարձություն և պետք է դիտարկվի իրավունքի ընդհանուր նորմերի շրջանակում», - հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարարությունը։

Politico-ն գրում է այն մասին, թե արդյոք սա դեֆոլտ է։ Ի՞նչ է դա նշանակում Ռուսաստանի համար կամ ուկրաինական պատերազմի համատեքստում։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

 

«Արդյո՞ք Ռուսաստանում դեֆոլտ է

Սուվերեն դեֆոլտն առաջանում է այն ժամանակ, երբ երկրի կառավարությունն ի վիճակի չէ կատարել պարտքի տոկոսագումարների կամ մայր գումարի պլանավորված վճարումները։ Այս դեպքում Ռուսաստանը դժվարություններ ունի պարտքի սպասարկման մասով, քանի որ արևմտյան պատժամիջոցների պատճառով արգելափակված է նրա արտարժութային պահուստների գրեթե կեսի և ֆինանսական շուկաների հասանելիությունը։

Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ պարտքի դիմաց վճարումներն իրականացվելու են ռուբլով։ Նա հղում է արել «ֆորսմաժորային իրավիճակներին»՝ պնդելով, թե պարտատոմսերում ամրագրված արժույթով վճարումների չկատարումը Ռուսաստանի կողմից երկրի միջոցներն արգելափակող արևմտյան պատժամիջոցների պատճառով է, այլ ոչ թե կանխիկ գումարի բացակայության։

Նախորդ շաբաթ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել էր, որ ՌԴ պարտատոմսերի վճարային գործակալ Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի նկատմամբ պատժամիջոցների պատճառով երկու եվրոբոնդերի համար վճարումներն իրականացվել են ռուբլով։ Սակայն պարտատոմսերից ոչ մեկը ռուբլով վճարումներ չէր նախատեսում։

Այն հարցը, թե արդյոք Ռուսաստանը կատարել է իր պարտավորություններն, ըստ ամենայնի, դատական քննության առարկա կդառնա, սակայն պարտատերերի համար պարտքի վճարման պայմանները չկատարելը, այդ թվում՝ արժույթի տեսակը չպահպանելը դեֆոլտ է համարվում։

 

Ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար

Կարճաժամկետ հեռանկարում սա շատ բան չի փոխում։ Դիտորդները նշում են, որ ռուսական եվրոբոնդերը՝ ներդրումային մակարդակի վարկանիշը նախքան Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, արդեն վաճառվում են ավելի ցածր գնով, քան պատերազմից առաջ, ինչը վկայում է այն մասին, որ շուկայի մասնակիցներն արդեն գնահատում են դեֆոլտի հավանականությունը։

Ավելին՝ ներկա պահին Ռուսաստանը նոր միջոցներ ներգրավելու կարիք չունի՝ շնորհիվ նավթի և գազի արտահանումից ստացված հսկայական եկամուտների, որոնք գնահատվում են շուրջ 100 մլրդ դոլար պատերազմի առաջին 100 օրերի ընթացքում։

Սակայն դեֆոլտը բերում է խարանի և ավելացնում փոխառությունների արժեքը՝ ազդելով ապագայում կապիտալի շուկայից միջոցներ ներգրավելու Ռուսաստանի հնարավորության վրա։ Ռուսաստանի կողմից իր արտաքին պարտքի սպասարկման անընդունակության հավանական արդյունքը կլինի ֆինանսական շուկաներից նրա հետագա մեկուսացումը։

ԵՄ կողմից ռուսական նավթի նշմարվող էմբարգոն և ռուսական բոլոր էներգակիրներից կախվածությունը հաղթահարելու Արևմուտքի շտապ պլանները նշանակում են, որ կարճաժամկետ հեռանկարում Մոսկվան կորցնելու է արտասահմանից ստացվող եկամուտների զգալի մասը։

 

Ի՞նչ նշանակություն ունի սա պատերազմի համար

Դեֆոլտը հազիվ թե որևէ անմիջական ազդեցություն ունենա Ուկրաինայում Ռուսաստանի ռազմարշավի վրա։ Կրեմլը նախկինի պես կարող է հույսը դնել էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների և արտասահմանյան զգալի պահուստների վրա, որոնք ոսկու տեսքով պահվում են արևմտյան պատժամիջոցներին չմիացած Չինաստանում»։

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել