Հաղթանակ․ հայկական Տոսկանա, որ դեղձ էր մատակարարում Կրեմլին [մարzoom]
22:33 - 29 հունիսի, 2022

Հաղթանակ․ հայկական Տոսկանա, որ դեղձ էր մատակարարում Կրեմլին [մարzoom]

Ուղիղ մի տարի առաջ Բերդավանի Սլագեդան սարի հովին նստած կարդում էի «Անգլիացի պացիենտը», որտեղ Օնդաչին մի հատվածում նկարագրում է իտալական Սան-Ջիրոլամո առանձնատան շրջակայքն ու բնությունը՝ փռված բլուրների փեշերին։ Այդ պատկերները երեւակայորեն արտատպում էի գյուղի սարերի վրա, դրանցից մեկի լանջին Մեդիչիների առանձնատունը պատկերացնում ու փորձում հայտնվել իտալական փոքրիկ այդ շրջանում։ Հիմա Բերդավանում չեմ, բայց դրանից քիչ հեռու՝ 10.4կմ այն կողմ գտնվող մի գյուղում եմ՝ Հաղթանակում, որտեղ շրջելիս «Պացիենտը» նորից կարդալու ցանկություն առաջացավ։ Այստեղ բնապատկերներն առաջին իսկ հայացքից Տոսկանայից պոկված պատառիկներ են հիշեցնում։ «Հայկական Տոսկանա»,- անցնում է մտքովս, ու, քանի որ կեսօրի արեւը գլխիս երկար ժամանակ կախված է եղել, արդեն պատկերացնում եմ, որ գյուղ մտնելուն պես մարդիկ հետս իտալերեն են խոսելու։

Բայց սկսեմ սկզբից։ Այրում քաղաքից Հաղթանակը շատ հեռու չէ՝ մի հինգ կիլոմետր։ Որոշում եմ, որ կարելի է Այրումից ոտքով գնալ, համ էլ ճանապարհին մարդիկ կպատահեն, կզրուցենք։ Բայց առավոտվա ժամերին այս կողմերում շատ շոգ է, արեւն էլ՝ վառող։ Ծառի հովին սպասում եմ գյուղ գնացող մեքենաների, որ գուցե ինձ համար մի տեղ ունենան։ Մի չորս-հինգն իմ պարզած ձեռքին չեն արձագանքում, մի բեռնատար էլ որոշում է իր ճամփան բացելու համար մի հանդից մյուսը ճանապարհի մեջտեղով ալարկոտ անցնող կովերին քշել ինձ վրա, բայց կովերն արագ են կողմնորոշվում ու ինձ վազելու առիթ չեն տալիս։ Ի վերջո, երբ արդեն Հաղթանակի ցուցանակը երեւում է, մի մեքենա է պատահում, որ բարեհամբույր համաձայնում է ինձ հասցնել մինչեւ գյուղ․ մեկ է՝ այդ ճանապարհով Նոյեմբերյան է գնում․ «Տեղացի չեք, հա՞՜»,- երկարացնելով հարցնում է վարորդը՝ հայելու միջից մի հայացք ձգելով իմ կողմ,- «ի՞նչ կա բա էս կողմերումը»։ Ասում եմ՝ Երեւանից ենք եկել, համայնքներով շրջում, պատմություններ ենք հավաքում։ «Հա՜, լավ եք անում, ապրիք»։ Շուտ տեղ ենք հասնում։ Պարզվում է՝ բավական քայլել էի, քիչ էր մնացել։

Իջնում եմ գյուղամիջում, որ մի ցայտաղբյուրից ջուր վերցնեմ։ Ցայտաղբյուրը պատերազմում զոհված տղաների պատվին կառուցված հուշաքարի մոտ է։ Վեց զոհի անուն կա սալիկների վրա․ նրանց անունները դեռ կհիշատակեմ։

Գլուխս թեքում եմ, տեսնեմ՝ մոտիկ խանութի դռանը մի կին է հենված, ժպտալով ինձ է նայում։ Հեռվից բարեւելով մոտենում եմ, որպիսություն հարցնում ու սառը ջուր եմ ուզում գնել, բայց կինը՝ տիկին Անահիտը, համոզում է՝ առանց սուրճի չի լինի, անպայման ներս պիտի գնամ։ Հյուրընկալս շտապում է ամուսնուն կանչել, ասում է՝ ինքն ավելի շատ պատմելու բան կունենա։ Իսկ ամուսինը՝ Գեւորգ Բիջոյանը, երեսուն տարի Հաղթանակի միջնակարգ դպրոցի տնօրենն է եղել։ Հիմա վերապատրաստվում է, որ շարունակի աշխատանքը։ Հաղթանակի դպրոցում ավելի քան 180 աշակերտ է սովորում։ Այս դպրոց են գալիս նաեւ Լճկաձորի բարձր դասարանի աշակերտները։ Դպրոցում ամեն առարկայի ուսուցիչ էլ կա։ Իսկ աշակերտների առաջադիմությունը, ինչպես նկատում է Բիջոյանը, բավականին լավն է։ Նրա խոսքով՝ շրջանավարտների միջինում 50 տոկոսն անպայման բուհ է ընդունվում։ Բայց ինչպես Այրումում, այնպես էլ Հաղթականում, շատերը բարձրագույն կրթություն ստանալուց հետո նախընտրում են մայրաքաղաքում մնալ։

Գեւորգ Բիջոյանը

Հիմա ոմանք գնում են Հաղթանակից, բայց ժամանակին շատերն են եկել, հաստատվել այստեղ։ Երեւի նկատեցիք դպրոցի տնօրենի ազգանունը։ Նա, ինչպես ուրիշները Հաղթանակում, Վրաստանից է տեղափոխվել այստեղ։ 1980-90-ականներին Վրաստանից ու Ադրբեջանից շատերն են եկել Հաղթանակում ապրելու։ Այժմ այստեղ 350 փաստացի տնեսություն կա, 1384 բնակիչ։ Հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում, շատ քչերը՝ անասնապահությամբ։ Այնքան քչերը, որ կես-կատակ ասում են՝ «ամոթ էլ ա անասունների թիվ ասենք»։ Իսկ այգիներում դեղձ, արքայանարինջ են մշակում։ Բիջոյանը պատմում է, որ Սովետական միության տարիներին գյուղը բերքի մատակարարման ամենալուրջ ցուցանիշն է ունեցել Միության մասշտաբով։ Մի ժամանակ Հաղթանակը «Դեղձի երկիր» են կոչել։ Հետո 90-ականներին ջրի խնդիր է եղել, այգիների մի մասը չորացել է։ Բայց գյուղացիները նորից ուզում են վերականգնել իրենց այգիները։ Հիմա ոռոգման խնդիր չկա գյուղում։ 

Իսկ խնդիրների մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար գնում եմ, իհարկե, վարչական ղեկավարի մոտ։ Գյուղապետարանի շենքն այնքան էլ անմխիթար վիճակում չէ։ Խոշորացումից հետո, սակայն, ինչպես հայտնի է, գյուղապետարաններում շատ մարդ չի աշխատում (այժմ մնացել են միայն վարչական ղեկավարի, օպերատորի, հարկահավաքի, գյուղատնտես-հողաշինարարի հաստիքները)․ սենյակներ կան, որտեղ մարդ չկա, միայն միջանցիկ քամի՝ որպես շոգից փրկություն։ Մինչ վարչական ղեկավարը կգա, մտնում եմ Հաղթանակի գրադարան․ հին-հին գրքեր՝ պահարանի փոշոտ դարակներում։ Գյուղապետարանի աշխատակիցն ասում է՝ խոշորացումից հետո գյուղի գրադարանավարի հաստիք չկա։ Թեեւ երեխաները երբեմն գրքեր վերցնում են։ 

Գյուղապետը՝ Վահրամ Շարոյանը, գրադարանի դռան մոտից ձայնում է՝ ողջունում, հրավիրում աշխատասենյակ։ Միանգամից ասում է՝ հա՜, գրադարանավարի հարցն անպայման ուզում ենք լուծել․ «Ունենք մոտ 2000 կտոր գիրք, մոտ 4000 էլ մեր տանը կա, դրանք էլ եմ ուզում բերել էստեղ։ Պարտադիր պայման է, որ գրադարանավար լինի»,- ասում է Շարոյանը՝ նշելով, որ պատրաստվում է այդ հարցով քննարկում ունենալ համայնքապետի հետ։

Վահրամ Շարոյանը

Գյուղապետի ազգանունն ինձ շատ ծանոթ է թվում, հիշում եմ՝ զոհերի հուշահամալիրում սալիկներից մեկի վրա երկու անգամ կրկնվում էր Շարոյան ազգանունը՝ Գարիկ եւ Վահագն։ Պարզվում է՝ Գարիկ Շարոյանը վարչական ղեկավարի հայրն է, Վահագնը՝ եղբայրը։ Հայրն Արցախում է զոհվել՝ առաջին պատերազմի տարիներին, եղբայրը՝ Նոյեմբերյանում՝ 2002-ին։ Գյուղապետի աշխատասենյակում հոր ու եղբոր նկարների կողքին փակցված են Հաղթանակի մյուս զոհերի ու Վազգեն Սարգսյանի նկարները։ 

Աջից՝ ձախ՝ Մարտուն Թեւանյանը, Գարիկ Շարոյանը, Մանվել Քեշիշյանը, Վահագն Շարոյանը, Խաչատուր Բադասյանը, Սարգիս Թեւանյանը, Վազգեն Սարգսյանը

Մարտուն եւ Սարգիս Թեւանյաններն էլ դպրոցի տնօրենի՝ Բիջոյանի ազգականներն են։ Մարտուն Թեւանյանը, Մանվել Քեշիշյանը եւս զոհվել են Նոյեմբերյանում, Խաչատուր Բադասյանը՝ 2014-ի օգոստոսին՝ Մարտակերտում, Սարգիս Թեւանյանն իր մահով է լքել կյանքը։ Գյուղապետի հայացքում հարազատների ու համագյուղացիների կորստի ցավը երեւում է, բայց չի ընկճվում։ Ասում է՝ իր պարտքն է լավ աշխատելը, այլ տարբերակ չունի։ Իսկ այն, որ գյուղացիներն էլ իրեն են աջակցում, ավելի է մեծացնում պատասխանատվությունը։

Վարչական ղեկավարը գյուղի զարգացման 5-ամյա ծրագիր է ներկայացրել։ Առաջին փուլում նախատեսվում է մշակույթի տան վերանորոգումը, որից հետո գյուղապետարանը, Հայփոստը, որ նույն շենքում է այժմ, Էլ․ցանցի գրասենյակը, գրադարանը կտեղափոխվեն մշակույթի շենք։ Իսկ այս շենքն այլ նշանակությամբ կօգտագործվի։ Գյուղապետն ասում է՝ շատ ծրագրեր կան, ամեն ինչ էլ իրագործելի է, եթե կամք կա։ Գյուղում վերանորոգման կարիք ունեցող խաղադաշտ կա, դրան եւս պատրաստվում են անդրադառնալ, պատկան մարմիններն էլ խոստացել են, որ աջակցություն կցուցաբերեն, որ մարզադաշտին հարակից սպորտդպրոց բացվի։ Վերանորոգման կարիք ունի նաեւ գյուղի դպրոցը․ ներքին հարդարման աշխատանքներ պետք է անեն։ Իսկ մանկապարտեզն արդեն հիմնովին նորոգվել է, այդ թվում՝ կոսմետիկ, ու երեխաների համար բոլոր հարմարավետ պայմանները կան։ Մնում է միայն մանկապարտեզ տանող ճանապարհը սարքվի։

Շարոյանը չի մոռանում գյուղի ճանապարհների ասֆալտապատման խնդրի մասին։ Ասում է՝ 3.5կմ երկարության ճանապարհ կա, որը եւս հնգամյա ծրագրով նախատեսվում է նորոգել։ Բայց ամենամեծ նպատակներից մեկը, որ պատրաստվում են իրագործել, գյուղում նորից մեծ այգիներ հիմնելն է։ Շարոյանը պատմում է, որ ժամանակին գյուղը մրգերի տեսականիով Կրեմլի պաշտոնական մատակարարն է եղել․ «Դեղձ ենք ունեցել, հատը մոտ 700 գրամ է եղել։ Հիմա նորից ուզում ենք էդ այգիները հիմնենք։ Ճիշտ ա՝ ժողովուրդը զբաղվում ա արտագնա աշխատանքով, բայց չարաբաստիկ դեպքերից հետո ժողովուրդը կպել ա հողին։ Մոտ 300 հա էսօր այգի է, ընդհանուր 722 հա վարելահող ունենք, ակնկալում ենք, որ մինչեւ եկող տարվա վերջ դրանց 60 տոկոսում այգիներ կհիմնենք, 50 տոկոսն էլ ոռոգվում է ամբողջովին»։

Մինչ կգնանք գյուղի լանդշաֆտները բարձր բլրից նայելու՝ իմանում եմ, որ շուտով գյուղապետարան է գալու դպրոցահասակ կարատեիստ մի աղջնակ՝ մրցույթում հաղթելու պատվին ստացած իր գավաթը գյուղին նվիրելու։ Նադեժդա Բալայանը Ռուսաստանի Դաշնությունում աշիխարա-կարատե սպորտաձեւի մրցույթում առաջին տեղն է գրավել ու բարձրացրել Հայաստանի Հանրապետության դրոշը։

Նադեժդա Բալայանը

Աղջնակը մեր դրոշն ուսերին գալիս է գյուղապետի աշխատասենյակ, կանգնում զոհված տղաների նկարների մոտ ու հպարտ տոնով ասում, որ դեռ էլի հաղթանակներ է ունենալու բոլոր հաղթանակներն իր գյուղին է նվիրելու։ Այսօր էլ գավաթն է հանձնում գյուղին։ Սա ասելիս Նադեժդայի սիրտը լցվում է, արցունքները հոսում են, բայց նա միանգամից ձգվում է, հավաքվում ու լուսանկարվում գյուղապետի հետ՝ նրանից ընդունելով շնորհակալագիրը։ 

Դուրս ենք գալիս ու գնում դեպի «պանսիոնատ»։ Ճանապարհին Շարոյանը պատմում է, որ գյուղի մի հիասքանչ հատվածում նախկինում ակտիվ գործող պանսիոնատ է եղել, որտեղ հյուրեր են եկել ամենատարբեր երկրներից։ Բայց հիմա այդ շենքն անմխիթար վիճակում է, թեեւ բնակվողներ կան՝ փախստականների յոթ ընտանիք։ Մեր գնալու պահին ձայն-ձուն չկար, միայն մի շան հաչոց։ Երեւի շոգի ժամին մարդիկ հանգստանում էին։

Գյուղապետն ասում է՝ եթե ներդրող լինի, ծրագիր կմշակեն, որ պանսիոնատի շենքը վերանորոգվի ու դառնա կամ հյուրատուն, կամ զարգացման կենտրոն։ Ուղղակի այստեղ բնակվող ընտանիքներին բախտի քմահաճույքին թողնել չեն կարող, չնայած՝ շենքը սեփականությամբ իրենց չի պատկանում։ Շարոյանն ասում է՝ եթե ծրագիր լինի, պետք է իրավասու մարմինների հետ այդ անձանց բնակության համար տեղ հատկացնեն, հողամաս ու գոնե տնակներ, հետո նոր շենքը հիմնանորոգել, օգտագործել ըստ նշանակության։ Վարչական ղեկավարը վստահ է՝ եթե հաջողվի իրագործել այդ գաղափարը, ապա Հաղթանակն անպայման զբոսաշրջիկների սիրելի վայրն է դառնալու։

Այս տարածքից ուղղակի հրաշալի տեսարան է բացվում դեպի Հաղթանակ գյուղ, գյուղի վարչական տարածք՝ դաշտեր, լանդշաֆտներ, տեսարան դեպի Վրաստան ու դեպի հայկական Արճիս գյուղ։ Եւ հենց այստեղ է, որ մի պահ թվում է՝ իտալական գյուղակում ես։ Զրուցելով իջնում ենք գյուղ, իսկ ճանապարհին անցնող-դարձողը ջերմ բարեւում է գյուղապետին։ Մինչեւ գնալս՝ շիշը սառը ջուր լցնելու ժամանակն է։ Գյուղապետը տներից մեկի մոտ ձայն է տալիս՝ Մանա՜ն, Գինեվա՜րդ, սառը ջուր ունե՞ք։ Լսում եմ՝ «ո՞նց չունենք, բայց մենակ ջուր չէ, համեցեք»։ Գյուղացի կանայք են, այգում գործ անելուց հոգնել, եկել են՝ մի քիչ հանգստանալու, ես էլ չեմ ստիպում՝ նկարել, բայց պայմանով, որ վերադառնալու եմ աշնանը, երբ տիկին Գինեվարդն օղի թորելու գործերով կլինի, եւ այդ ժամանակ անպայման նկարելու եմ։ Ի դեպ, Մանանան, որ մաքուր հայերեն է խոսում, ընդ որում՝ գրեթե առանց բարբառի, ազգության օսեթ է։ Բայց Հաղթանակը շատ է սիրում, ասում է՝ ապրելու տեղ է, տուն, ուրիշ տեղ չի ուզում գնալ, այստեղ բոլորը մի ընտանիքի պես են՝ մեկը մյուսի թիկունքին։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել