Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

ՀՀ-ն ստանձնեց ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի նախագահությունը

ՀՀ-ն ստանձնեց ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի նախագահությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Նիստը նվիրված է եղել խորհրդի կազմավորման 30-ամյակին, որին մասնակցել են ներկայացուցիչներ՝ ԱՊՀ տարբեր երկրներից։ Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ խորհրդի գործունեության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների, փորձի փոխանակման ու հետագա անելիքների վերաբերյալ։  Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Բեկետժան Ժումախանովը, Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ակմադի Սարբասովը և այլք։ Խորհրդին անդամակցող այլ պետությունների ներկայացուցիչներ միացել են առցանց ձևաչափով։ Ընդգծելով սոցիալական պաշտպանության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը Խորհրդատվական խորհրդի դերը բնորոշել է որպես ընդհանուր մոտեցումների և սկզբունքների ձևավորման, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման արդյունավետ հարթակ։ Անդրադառնալով ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների կողմից ոլորտային լայնածավալ բարեփոխումների իրականացմանը՝ նախարարն էական է համարել փորձի ու գիտելիքի փոխանակման հնարավորությունների ընդլայնումը։ «Խորհրդատվական խորհրդի շրջանակում համագործակցության այս ձևաչափը մեծապես խթանում է ԱՊՀ անդամ պետությունների բնակչության սոցիալական և աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների իրականացումը։ Վստահ եմ՝ այսօրվա հանդիպումը ևս կնպաստի ոլորտում համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և ընթացիկ բարեփոխումների ուղղությամբ ուժերի մեկտեղմանը»,– նշել է նախարարը։ Իրենց ելույթներում բանախոսներն անդրադարձել են իրականացվող և նախատեսվող ոլորտային բարեփոխումներին, այդ թվում՝ զբաղվածության ապահովման առցանց հարթակների օրինականացման, ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի իրականացման ընթացքի, զբաղվածության ծրագրերում երիտասարդների ակտիվ ներգրավվածության ապահովման և մի շարք այլ ուղղություններով աշխատանքներին։ Նիստի ավարտին ստորագրվել է ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 35-րդ նիստի որոշումը։
17:41 - 03 նոյեմբերի, 2022
Մեկնարկել է ԱՊՀ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը |armenpress.am|

Մեկնարկել է ԱՊՀ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը |armenpress.am|

armenpress.am: Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը, որին մասնակցում են  ներկայացուցիչներ ԱՊՀ տարբեր երկրներից։ Նիստի ընթացքում քննարկվեցին խորհրդի գործունեությունը, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը և փորձի փոխանակմանն ու հետագա անելիքներին առնչվող մի շարք հարցեր։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ սա հետաքրքիր ու կարևոր խորհրդատվական հարթակ է, որտեղ ԱՊՀ մասնակից երկրները ներկայացնում են գաղափարներ և լուծումներ: «Այս մարմինը  որոշակի քաղաքականությունների շուրջ խորհրդատվական գործառույթներ ունի, և տարբեր երկրներ հնարավորություն ունեն  մի շարք հարցերում երկկողմանի հարաբերությունների համատեքստում լուծումներ գտնել: Նաև բազմակողմանի հարթակ է, որտեղ կարող են միասին քննարկել ԱՊՀ շրջանակներում ընդհանրական աշխատաշուկայի ստեղծման հնարավորությունը, նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով ավելի մոբիլ դարձնել պահանջարկը և առաջարկը»,- ասաց նախարարը: Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ սա համագործակցային և խորհրդատվական մի հարթակ է, որտեղ քննարկվում են ԱՊՀ անդամ երկրների սոցիալական պաշտպանության, աշխատանքի և զբաղվածությանն առնչվող կարևոր հարցեր: ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, ընդհանուր քաղաքական և սոցիալական խնդիրների վարչության խորհրդական Օլգա Կրիմսկայան ողջունեց ներկաներին, շնորհավորեց հոբելյանական 35-րդ նիստի մեկնարկը՝ ընդգծելով, որ խորհուրդը 1993 թվականին ստեղծվել է ԱՊՀ պետությունների միջև սոցիալ-աշխատանքային ոլորտի վերաբերյալ տեղեկության փոխանակման կազմակերպման, ինչպես նաև աշխատանքի, զբաղվածության և բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում մասնագետների որակավորման բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանն աջակցելու նպատակով: «Այս պահին խորհրդի հիմնական խնդիրներն են՝ մշակել  աջակցության միասնական ծրագրեր աշխատանքային հարաբերությունների, սոցիալական գործընկերության, աշխատանքի պաշտպանության, աշխատաշուկայի, զբաղվածության և բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում նոր  համագործակցությունների ստեղծման ուղղություններով»,-ասաց նա:   Օլգա Կրիմսկայան ընդգծեց, որ անհրաժեշտության դեպքում  խորհրդի իրավասության մեջ մտնող հարցերում կարևորում են ԱՊՀ ճյուղային համագործակցությունն այլ մարմինների հետ:
14:43 - 03 նոյեմբերի, 2022
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը

 |armenpress.am|

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել ոչ միայն գյուղաբնակ, այլ նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերին: «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը: «Առաջարկում ենք խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող հանդիսանալու հանգամանքից: Օրենքի գործողությունը տարածվելու է 2023-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների մասով»,-նշել է Խաչատրյանը: Ընդ որում վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023 թվականին հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում՝ նաև, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը: Խնամքի նպաստի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին Նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափի նկատմամբ տոկոսային կապով, իսկ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը չգերազանցող չափով: Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստ կվճարվի խնամքի արձակուրդում գտնվող և չգտնվող ծնողների համար սահմանված չափերի հանրագումարի չափով: Այսպիսով 2023 թվականին հունվարի 1-ից և դրանից հետո ծնված երեխաների ծնողներին նշանակվելու է խնամքի նպաստ՝ անկախ բնակության վայրի հասցեից: Այսինքն՝ ի տարբերություն գործող կարգավորումների, խնամքի նպաստ կնշանակվի նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերին: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 62 կողմ, 4 դեմ ձայներ:
11:20 - 26 հոկտեմբերի, 2022
Մանկատան նախկին սաները Սոցապից պահանջում են իրենց տրամադրել բնակարանի գնման վկայագրեր․ գործը դատարանում է

Մանկատան նախկին սաները Սոցապից պահանջում են իրենց տրամադրել բնակարանի գնման վկայագրեր․ գործը դատարանում է

Երկվորյակ եղբայրներ Արթուր եւ Աշոտ Հարությունյանները տեւական ժամանակ է՝ իրավական քաշքշուկի մեջ են․ որպես մանկատան նախկին սաներ՝ նրանք պահանջում են, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը իրենց տրամադրի բնակարանի գնման վկայագրեր։ Infocom-ին է դիմել Հարությունյանների ներկայացուցիչ Հասմիկ Մանուչարյանը եւ որոշ մանրամասներ ներկայացրել խնդրի վերաբերյալ։ Մանուչարյանի խոսքով՝ եղբայրները ծնվել են 1987 թ․ սեպտեմբերի 9-ին, մոր մահից հետո որոշակի ընդհատումներով՝ 1994-1998 եւ 1999-2005 թթ., խնամվել են «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում։ Թե 1998-1999 թթ. ընթացքում ինչի հիման վրան են դուրս գրվել, ներկայացուցչի խոսքով՝ հայտնի չէ․ պատկան մարմինները, նրա հարցերին ի պատասխան, նշել են, որ հիմքը չի պահպանվել։ 2018 թ․-ին, երբ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վերսկսել է մանկատան նախկին սաներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը, Հարությունյան եղբայրները դիմում են ներկայացրել՝ խնդրելով իրենց ճանաչել ծրագրի շահառու։  Նշենք, որ 2019 թ․ նոյեմբերի 7-ի 1555-Ն որոշմամբ Կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ «ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման շրջանակում մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման խնդիրների լուծման նպատակով։ Նախատեսվել է, որ ծրագրում ընդգրկված շահառուները ՀՀ տարածքում ձեռք կբերեն 6.3 մլն դրամը չգերազանցող, իսկ սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ նաեւ գերազանցող արժեքով բնակարաններ։ Ըստ որոշման՝ մանկատան շրջանավարտները բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացի հանդիսանալու, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունենալու եւ վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք օտարած չլինելու դեպքում։  Այս որոշման մեջ Կառավարությունը 2021 թ․ հոկտեմբերի 28-ին փոփոխություն է կատարել՝ սահմանելով, որ վկայագիր ստանալու իրավունք ունեն 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մանկատան շրջանավարտ հանդիսացող անձինք եւ 18 տարին լրացած, մանկատանն առնվազն 7 տարի խնամք եւ դաստիարակություն ստացած սաները։ Որոշմամբ սահմանվել է նաեւ, որ վկայագիր ստանալու իրավունք չունեն, ի թիվս հիշյալ պայմանների, նաեւ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածները։ Եղբայրների դիմումներին ի պատասխան՝ 2018 թ օգոստոսի 16-ին եւ 2019 թ․ դեկտեմբերի 24-ին նախարարությունից տեղեկացրել են, որ համապատասխանաբար Արթուր եւ Աշոտ Հարությունյանները դեռ 2008 թ․–ից հաշվառված են բնակարանի ապահովման ծրագրում, անհրաժեշտ տեղեկությունը ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո կորոշվի վկայագրի տրամադրման հարցը։  2019 թ․ դեկտեմբերին մանկատունը նախարարությանը տրամադրել է համապատասխան տեղեկանքներ, որոնց համաձայն՝ եղբայրները մանկատան շրջանավարտ են եւ դուրս են գրվել այնտեղից՝ 18 տարեկանը լրանալու կապակցությամբ։  Ծրագրի ընթացքը դրանից հետո դանդաղել է՝ համավարակով եւ պատերազմով պայմանավորված։ Որոշ ժամանակ անց՝ 2021 թ․ հունվարին, մանկատնից նախարարությանը տրամադրել են եւս մեկ տեղեկանք, ըստ որի՝ տղաները ոչ թե մանկատան շրջանավարտ են, այլ սան։ Դրանից հետո նախարարության դիրքորոշումը փոխվել է․ 2021 թ․ փետրվարին նախարարությունը մերժել է Արթուր Հարությունյանի դիմումը՝ պատճառաբանությամբ, որ վերջինս մանկատան շրջանավարտ չէ․ «Մանկատան շրջանավարտ են համարվում 18 տարեկանը լրանալու կապակցությամբ մանկատան խնամակալական կազմակերպություններից դուրս գրված անձինք»,- հայտնել են Նախարարությունից։  2022 թ․ հունվարին էլ մերժվել է Աշոտ Հարությունյանի դիմումը․ այս դեպքում որպես հիմնավորում մանկատան շրջանավարտ չհանդիսանալուց բացի նշվել է նաեւ կենսաբանական ընտանիք վերադարձած լինելու հանգամանքը։ Հասմիկ Մանուչարյանը մանկատան իրարամերժ տեղեկանքների մեջ ներքին պայմանավորվածությունների եւ իրենց հասանելիք գումարը յուրացնելու միտում է տեսնում։ Ըստ նրա՝ թեեւ եղբայրները, իսկապես, 17․5 տարեկանում են դուրս գրվել, սակայն Կառավարության հիշյալ 1555-Ն որոշմամբ որեւէ տեղ ամրագրված չէ 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս գրվելու պահանջ։ Մանուչարյանի խոսքով՝ տղաների քույրն էլ 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս չի գրվել, սակայն նրան բնակարան տրամադրվել է։ Դրանից բացի, նա ընդգծեց, որ եղբայրները կենսաբանական ընտանիքում փաստացի չեն էլ բնակվել, ինչը, ըստ նրա, անտեսվել է․ «1998 թ․-ին անհայտ հիմքերով վերադարձվել են կենսաբանական ընտանիք՝ հոր, տատի մոտ, որտեղ տարի ու կես բռնության են ենթարկվել, որից հետո նրանց հաջողվել է փախչել եւ վերադառնալ մանկատուն»,- պատմեց Մանուչարյանը։ Հարցին՝ իրենց նկատմամբ այդ  տեսակ վերաբերմունքի մասին մանկատանը հայտնե՞լ են՝ Մանուչարյանը դրական պատասխանեց՝ տարակուսանք հայտնելով, որ անձնակազմն այդ ուղղությամբ որեւէ գործընթաց չի սկսել։ Դրանից հետո՝ Մանուչարյանի ենթադրությամբ 2004 թ․-ին, եղբայրներից Արթուր Հարությունյանին ուղարկել են «Փոքր Մհեր» ռազմական դպրոց, որը գիշերօթիկ դպրոց է։ Հարությունյանը, սակայն, այնտեղ երկար չի մնացել․ ներկայացուցչի խոսքով՝ օրեր անց դիմել է փախուստի եւ գնացել հոր տուն։ Հարցին՝ եթե հոր կողմից նախկինում բացասական վերաբերմունքի է արժանացել, ինչպե՞ս է հետո ցանկություն ունեցել նրա մոտ գնալու, Մանուչարյանը պատասխանեց, որ նախ, մշտապես չի տեղափոխվել այնտեղ, եւ դրանից բացի, 11 եւ 17 տարեկան տղայի հոգեբանությունը տարբեր է․ 17 տարեկանը, բնական է, ազատության կձգտեր։ Հոր տուն գալուց հետո այնտեղ է տեղափոխվել նաեւ Աշոտ Հարությունյանը, դրանից հետո եղբայրները մանկատուն այլեւս չեն վերադարձել։ Գործում առկա նյութերի համաձայն՝ նրանք վերադարձել են հոր մոտ՝ նրա իսկ դիմումի հիման վրա․ «Իմ ենթադրությամբ՝ մանկատան տնօրենը այցելել է հոր տուն, ամենայն հավանականությամբ՝ հանդիպել նրան ոչ սթափ վիճակում, ասել՝ էրեխեքիդ տուր, նա էլ չի տվել, եւ տնօրենն էլ ասել է՝ դե, չես տալիս, դիմում գրի․ այս դիալոգը ինձ պատմել է Գավառի ոստիկանության հետաքննիչ Մուշեղյանը, եւ դպրոցական տետրի վրա, ամենայն հավանականությամբ, ինքն էլ թելադրել է, թե հայրը ինչ գրի»,- նշեց տղաների ներկայացուցիչը՝ հավելելով, որ որեւէ մեկը չի այցելել՝ գնահատելու ծնողի կենցաղային պայմանները․ Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը իր եզրակացությունը տվել է մանկատան տնօրենի խոսքերի հիման վրա։ Նշենք, որ Մանուչարյանը նաեւ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ ի թիվս այլնի, նշելով նաեւ հոր դիմումի ենթադրյալ կեղծված լինելու մասին, սակայն նախապատրաստված նյութերով նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, եւ պարզվել է, որ դիմումը գրվել է հոր կողմից, ուստի քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Մանուչարյանի խոսքով՝ տղաները երկար չեն մնացել հոր մոտ, բնակվել են ընկերների, հորաքրոջ տանը, որից հետո զորակոչվել են բանակ։ Այդ ընթացքում՝ 2006 թ․-ին, պետության կողմից անհատույց օգտագործման նպատակով բնակարան է տրամադրվել եղբայրների ավագ քրոջը․ «Մանկատան տնօրենն ասում է, որ ինքը այցելել է, ականտես եղել ընտանիքի վերամիավորմանը, ինչը, սակայն, սուտ է, քանի որ այդ ժամանակ տղաները եղել են բանակում»,- նշեց Մանուչարյանը՝ հավելելով, որ տնօրենը այցի ամսաթիվ էլ չի նշում․ «Բանակից վերադառնալուց հետո 3-3․5 տարի ապրել են քրոջ տանը, իրենք պատասխանատու չեն, որ քույրը հորը տեր է կանգնել, դրանից հետո ես եմ կանչել իմ տուն, կերակրել, գնալ-գալով՝ իմ տունը իրենց համար ավելի հարմար էր»։ Դիմումի մերժումները ստանալուց հետո Հարությունյան եղբայրները երկու առանձին հայցեր են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով նախարարությանը պարտավորեցնել իրենց տրամադրել բնակարանի գնման վկայագրեր։ Որպես հայցվոր՝ նրանք նշել են, որ մանկատնից դուրս գրելու վերաբերյալ համաձայնություն չեն տվել եւ ծնողի տանը չեն բնակվել։ Նրանք դիմել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։ Գավառի մանկատուն ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի խոսքով՝ ամեն ինչ օրենքի սահմաններում է եղել «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ–ի փոխտնօրեն Նիկոլայ Նալբանդյանը, որ այդ տարիներին մանկատան տնօրենն է եղել, մեր զրույցում դժվարացավ շատ մանրամասներ հիշել՝ հաշվի առնելով, որ երկար ժամանակ է անցել։ Այնուհանդերձ, նա վստահեցրեց, որ ինչ եղել է, օրենքի սահմաններում է եղել։  Նալբանդյանը նշեց, որ մանկատան արխիվում պետք է պահպանված լինի եղբայրների՝ 1998 թ մանկատնից դուրս գրվելու հիմքը, ուստի նրանք կարող են դիմել եւ ստանալ այն։  Նրա խոսքով՝ Արթուր Հարությունյանին, ըստ ամենայնի, փորձել են զինվորական կրթության տալ, սակայն քանի որ չի հարմարվել, երեխայի կարծիքը հաշվի են առել։ Թե որքան է մնացել «Փոքր Մհեր»-ում, Նալբանդյանը չհիշեց՝ նշելով, որ դրանից հետո նա վերադարձել է տուն։ Անդրադառնալով հոր դիմումին, մանկատան փոխտնօրենն ասաց, որ վերջինս այն ինքնակամ է գրել, երեխաներն էլ, բնականաբար, կողմ են եղել․ «Ցանկացած երեխա ուզում է ծնողի հետ ապրել, եւ ցանկացած ծնող իրավունք ունի դիմելու եւ երեխային մանկատնից վերցնելու․ թե ինչ ձեւաչափով, ինչ մոտիվացիայով, արդեն այլ հարց է»։ Տվյալ դեպքում, ըստ դիմումի, հայրը առողջական խնդիրներ եւ խնամքի կարիք է ունեցել․ «Մենք էլ մտածել ենք՝ տղաները հորը նեցուկ կլինեն, եւ մինչեւ Հանձնաժողովի եզրակացությունը ժամանակավորապես թողել ենք բնակվեն այնտեղ»։ Հարցին՝ առանց Հանձնաժողովի եզրակացության՝ նման թույլտվության իրավասություն ունեի՞ն՝ Նալբանդյանը պատասխանեց․ «Ստիպողաբա՞ր պիտի բերվեին մանկատուն, չեմ կարծում՝ 17․5 տարեկանը այդքան փոքր է, այսպես թե այնպես կես տարի հետո գնալու էին իրենց տուն, հատկապես, որ քույրը տուն ուներ, գնացել են այնտեղ, վերամիավորվել»։ Թե երբ է այցելել եւ տեսել ընտանիքի՝ իր խոսքով վերամիավորումը, Նալբանդյանը դժվարացավ հիշել, ասաց՝ 2000-ական թվականներն էին։ Հարցին՝ հանձնաժողովը ի վերջո  այցելել եւ ստուգե՞լ է ընտանիքի կենսապայմանները, Նալբանդյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, խառը տարիներ էին, գուցե զանգել են կամ հետաքրքրվել, ամեն դեպքում, մենք երաշխիքներ տվել ենք»։ Ընտանիքի կենսապայմանների եւ բարոյահոգեբանական վիճակի հետ կապված մանկատան նախկին տնօրենը որեւէ խնդիր չի տեսել։ Ինչ վերաբերում է նախարարությանը տրամադրած իրարամերժ տեղեկանքներին, Նիկոլայ Նալբանդյանն ասաց, որ դա շփոթմունքի արդյունք է։ Հարությունյանները, ըստ նախարարության, Գավառի մանկատան սաներ են, այլ ոչ թե շրջանավարտներ Ունենալով Հարությունյան եղբայրների գրավոր համաձայնությունը՝ իրենց անձնական գործի վերաբերյալ տեղեկություններ ստանալու մասին՝ մենք գրավոր հարցմամբ դիմել ենք նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ թեմայի վերաբերյալ մի շարք հարցեր հղելով։  Մասնավորապես, խնդրել ենք պարզաբանել մանկատնից ստացված տեղեկանքների իրարամերժությունը, անձնական գործերի վերաբերյալ որոշ փաստաթղթերի բացակայությունը, նախքան հանձնաժողովի եզրակացության մանկատան սաներին ընտանիքում թողնելու իրավաչափությունը, ինչպես նաեւ հայտնել, թե իրենց կողմից հիշատակված նորմատիվ իրավական ակտերի կոնկրետ որ կետն է սահմանում, որ բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն, ի թիվս այլ պահանջների, 18 տարեկանը լրանալու կապակցությամբ մանկատնից դուրս գրված շրջանավարտները։  Խնդրել ենք հայտնել նաեւ, թե ինչ պահանջներ են նախատեսված եղել 2000-ական թվականներին, արդյոք եղբայրների քրոջ պարագայում «18 տարեկանը լրանալու կապակցությամբ» պահանջ առկա չի եղել։ Հնարավորության դեպքում խնդրել էինք հայտնել նաեւ, թե հիշյալ բնակարանը քրոջը տրամադրելու որոշումը երբ է կայացվել, երբ է այն նրա կողմից փաստացի բնակեցվել, եւ երբ է Ն․ Նալբանդյանը այց կատարել այնտեղ։ Հետաքրքրվել էինք նաեւ, թե կոնկրետ որ թվականի որ ամիսներին է Արթուր Հարությունյանը բնակվել «Փոքր Մհեր» կրթահամալիրում, եւ կան արդյոք տեղեկություններ, թե այնտեղից դուրս գալով՝ ուր է տեղափոխվել նա։ Հարցրել էինք նաեւ՝ անձնական գործում առկա են տեղեկություններ Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների կողմից կենսաբանական ընտանիք այց կատարելու, կենսապայմանները ստուգելու, այնտեղ մնալ-չմնալու վերաբերյալ եղբայրների կարծիքը լսելու մասին, ինչպես նաեւ տեղեկություններ՝ կենսաբանական ընտանիքը լքելու, այնտեղ նրանց նկատմամբ առերեւույթ բացասական վերաբերմունքի եւ/կամ հետագա կեցավայրերի մասին։ Նախարարությունը մեկամսյա ժամկետ էր խնդրել՝ նշված հարցերին պատասխանելու համար։ Ըստ այդմ, Նախարարությունից հայտնել են, որ 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1419-Ն որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը արձանագրել է, որ մանկատներից դուրս են գրվում 18 տարին լրացած մանկատան սաները, իսկ հետագա կիրառությունն ապահովելու նպատակով փակագծերում նշվել է, որ մանկատան նախկին սաները մանկատան շրջանավարտներ են․ «Այսպիսով, ՀՀ կառավարության որոշման մեջ ամրագրված է, որ մանկատան նախկին սանն այսուհետ կարող է դիտարկվել որպես մանկատան շրջանավարտ, ինչպես նաեւ այն կարեւոր հանգամանքը, որ մանկատներից դուրս են գրվում 18 տարին լրացած մանկատան սաները»,- նշել են Նախարարությունից՝ մեջբերելով նաեւ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ Օրենքը․ «Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետությունն ու համապատասխան մարմիններն ապահովում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած) երեխաների խնամքը եւ դաստիարակությունը՝ որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու կամ խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրանց անհնարինության դեպքում` համապատասխան հաստատություններում տեղավորելու միջոցով: Հետեւաբար, մանկատան շրջանավարտը՝ 18 տարին լրացած եւ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս գրված մանկատան սանն է»,- ասված է պատասխանում։ Անդրադառնալով մանկատնից ստացված իրարամերժ տեղեկանքներին՝ նախարարությունից հայտնել են, որ 2019 թվականի դեկտեմբերի 11-ի տեղեկանքում նշվել է, որ Արթուր եւ Աշոտ Հարությունյանները «մանկատան շրջանավարտ» են, քանի որ հաշվարկը կատարվել է ծննդյան տարեթվերով եւ ոչ ամիսներով։ Երկրորդ անգամ՝ 2021 թվականի հունվարի 22-ին տրված տեղեկանքը տրվել է նախարարության կողմից փոփոխված եւ հստակեցված չափանիշների ու պահանջների հիման վրա, ըստ որի՝ Հարությունյանները հանդիսանում են Գավառի մանկատան սաներ, այլ ոչ թե շրջանավարտներ՝ 18 տարին մանկատանը չլրանալու պատճառով՝ հիմք ընդունելով Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 11-ի 1555-Ն որոշման պահանջները։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ եղբայրների քույրը, թեեւ 17 տարեկանում է դուրս գրվել մանկատնից, բնակարան ստացել է, Նախարարությունից պարզաբանել են, որ նրան բնակարան տրամադրվել է մեկ այլ՝ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով․ «Ծրագրի պատասխանատուները «մանկատան շրջանավարտ» կամ «մանկատան սան» հասկացությունները դիտարկելուց զատ կարեւորել են այդ պահին երեխաների կեցության հրատապ խնդիրը։ Արդյունքում, այդ ծրագրով բնակարաններ են ստացել Գավառի մանկատան 18 տարին չլրացած շատ սաներ, այդ թվում՝ Հարությունյանների քույրը»։ Ինչ վերաբերում է մանկատան նախկին տնօրենի կատարած այցին, ապա, ըստ Նախարարության, դա տեղի է ունեցել 2004 թվականի նոյեմբերի 28-ին․ «Ն․ Նալբանդյանն այցելել է Հարությունյանների քրոջը պատկանող բնակարան, որտեղ ապրում էին վերջինիս հայրը, տատիկը եւ եղբայրները՝ Արթուր եւ Աշոտ Հարությունյանները։ Այցի նպատակն է եղել երեխաներին մանկատուն վերադարձնելը, ինչպես նաեւ նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին ծանոթանալը։ Սակայն հայրը, տատիկը եւ եղբայրները հրաժարվել են տղաների՝ մանկատուն վերադարձը՝ պատճառաբանելով, որ մեծ են եւ կարող են ինքնուրույն տնօրինել հետագա կյանքն ու օգտակար լինել ընտանիքին։ Այդ ընթացքում հայրը դիմում է գրել մանկատան տնօրենին՝ խնդրելով երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիք։ Հետագայում հայրը ՀՀ դատախազություն գրած բողոք-դիմումում հայտնել է, որ ինքը դիմում չի գրել, եւ եղած դիմումը կեղծ է։ Դրա հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում կատարվել է քննություն և պարզվել, որ դիմումը գրված է հոր կողմից, և գործը կարճվել է»,- ասված է պատասխանում։  Նշենք, որ այցի ամսաթիվը  որոշակի հակասություն է ստեղծում, քանի որ ըստ գործի նյութերի՝  եղբայրների քրոջ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Պետական գույքի  կառավարման վարչության միջեւ բնակարանի անհատույց օգտագործման եռակողմ պայմանագիրը կնքվել է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին։ Թե երբ է այն փաստացի բնակեցվել, Նախարարությունից չեն հայտնել։ Ստացված պատասխանի համաձայն՝ երեխայի՝ կենսաբանական ընտանիքում ժամանակավոր ապրելու իրավունքն արգելող որեւէ իրավական ակտ այդ ժամանակ չի եղել։ Դա կատարվել է խնամակալի հայեցողությամբ՝ հաշվի առնելով ընտանիքի բարոյահոգեբանական մթնոլորտը եւ սոցիալ-կենցաղային պայմանները։ Ի պատասխան այն հարցին, թե արդյոք որեւէ իրավական ակտով սահմանվում է, որ մանկատան տնօրենը կարող է մինչեւ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը երեխաներին թույլատրել ժամանակավոր ապրել կենսաբանական ընտանիքում, Նախարարությունից նշել են, որ գործող օրենսդրությամբ նման կարգավորում նախատեսված չէ։ Ինչ վերաբերում է Խնամակալության եւ հոգաբարձության մարմնին, ըստ պատասխանի՝ վերջինիս կողմից այցելություն չի եղել, հանձնաժողովը հիմնվել է մանկատան տնօրենի այցելության, նրա հաղորդած տեղեկությունների, երեխաների ընտանիքում ապրելու ցանկության վրա, հաշվի է առել այն հանգամանքը, որ 6 ամիս հետո լրանալու էր եղբայրների 18 տարին։ Անդրադառնալով անձնական գործերի որոշ փաստաթղթերի բացակայությանը, Նախարարությունից հստակ տեղեկություն չեն տվել՝ նշելով, որ  մանկատան երեխաների շարժն ամրագրված է սաների ընդունման եւ դուրսգրման հրամանագրքում, սակայն Հարությունյանների ընդունման եւ դուրսգրման հիմքերն անձնական գործերում չեն պահպանվել (դիտարկվում է այն տարբերակը, որ փաստաթղթերը տրվել են վերջիններիս հարազատներին)։ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ը, ըստ նախարարության, չի տիրապետում նաեւ Արթուր Հարությունյանի՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրում բնակվելու եւ այնտեղից այլ վայր տեղափոխվելու վերաբերյալ տեղեկության։ Ամփոփելով նախարարությունից տեղեկացրել են, որ ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 1555-Ն որոշման շրջանակում տրամադրված գումարը նախատեսված է 300 շահառուի համար․ «Այս պահի դրությամբ բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինասական աջակցություն ստանալու իրավունք է տրվել 281 շահառուի․ ընթացքի մեջ է նաեւ 7 շահառուի գործերի ուսումնասիրություն»,- ասված է պատասխանում։ Դատարանը բավարարել է Արթուր Հարությունյանի հայցը՝ ընդդեմ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Նյութի պատրաստմանը զուգահեռ ՀՀ վարչական դատարանը դատավոր Գեւորգ Սոսյանի նախագահությամբ, քննելով Արթուր Հարությունյանի հայցը, օրերս բավարարել է այն՝ Նախարարությանը պարտավորեցնելով քաղաքացուն տրամադրել բնակարանի գնման վկայագիր։  Ի թիվս այլնի՝ դատարանը վճռում արձանագրել է, որ հայցվորի կողմից բնակարանի գնման վկայագրի տրամադրման հայցումը, ըստ էության, իրավաչափ է, իսկ դրա մերժումը եղել է ոչ իրավաչափ․ «Սույն գործի փաստերով հաստատվում է այն փաստը, որ «Աջակցություն եւ խորհրդատվություն ՀՀ մանկատան շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 2003-2013 թթ բնակարանի սպասող շահառուների ցուցակի 89-րդ համարի տակ Արթուր Հարությունյանին 2008 թվականին հաշվառելուց հետո վերջինիս հերթացուցակից հանելու վերաբերյալ որեւէ ապացույց (միջամտող վարչական ակտ) գործի նյութերում առկա չէ, այսինքն՝ այդ հաշվառումը մինչեւ այս պահը շարունակում է գործել՝ պահպանելով իր իրավաբանական ուժը եւ առաջացնելով իրավական հետեւանքներ, ինչն էլ նշանակում է, որ հայցվորի անվամբ գործող հաշվառումը պետք է առաջացնի բնակարանի գնման վկայագիր տալուն: Ընդ որում, Դատարանը հատուկ ընդգծում է, որ անձին հաշվառումից հանելը եւս պետք է իրականացվի վարչարարությամբ՝ միջամտող վարչական ակտի ընդունմամբ, քանի որ որեւէ այլ կանոնակարգում կիրառելի իրավանորմերի շրջանակներում առկա չէ, այսինքն՝ եթե նույնիսկ առկա է հաշվառումից հանելու բավարար հիմք, ապա անձը հաշվառումից հանվում է ոչ թե նման հիմքի առաջացման փաստով, այլ դրա համար վարչական մարմնի կողմից նախ պետք է իրականացվի վարչական վարույթ, որի արդյունքներով հիշյալ հիմքի հաստատման դեպքում վարչական մարմինը կկարողանա ընդունել հաշվառումից հանելու վերաբերյալ միջամտող վարչական ակտ, որպիսի գործընթացն էլ սույն գործով առկա չէ»,- ասված է վճռի մեջ։ Աշոտ Հարությունյանի վերաբերյալ գործը դեռեւս դատաքննության փուլում է։   Միլենա Խաչիկյան
17:14 - 23 հոկտեմբերի, 2022
Մենք խնդիր ունենք, որ ՀՀ-ում չլինի առևտրային կետ, որտեղ POS-տերմինալ չլինի. Փաշինյան
 |1lurer.am|

Մենք խնդիր ունենք, որ ՀՀ-ում չլինի առևտրային կետ, որտեղ POS-տերմինալ չլինի. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, անդրադառնալով կենսաթոշակառուների՝ անկանխիկ առևտրի հետվճարման հետ կապված դինամիկային, հայտնեց, որ սեպտեմբերի համեմատությամբ եռապատկվել են ծավալները. արդեն ունենք շուրջ 1 մլրդ 400 մլն անկանխիկ գործարքներ, որոնցից 1 մլրդ 200 մլն-ը՝ ՀՀ տարածքում: «Այսինքն՝ ամփոփելուց հետո 120 մլն դրամ մենք կվերադարձնենք մեր թոշակառուներին և նպաստառուներին»,- տեղեկացրեց Նարեկ Մկրտչյանը: Նախարարն ասաց, որ բոլոր ցուցանիշները 50 տոկոսով աճ են գրանցել և՛ շահառուների թվի մեծացման առումով, և՛ գործարքների, ինչպես նաև միջին հետվճարի թվի առումով:  ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը նշեց, որ POS-տերմինալները, որոնց միջոցով հնարավոր է անկանխիկ գործարք կատարել, բավարար չափով ՀՀ-ում տարածված չեն: «Մենք խնդիր ունենք որ ՀՀ-ում. չլինի առևտրային կետ, որտեղ POS-տերմինալ չլինի, որպեսզի այս ծրագիրն իրականացվի»,- ասաց վարչապետը:
12:08 - 13 հոկտեմբերի, 2022
Ճապոնիան պատրաստակամ է աջակցել հաղթահարելու հետպատերազմյան հետևանքները. դեսպան Ֆուկուշիման` նախարար Նարեկ Մկրտչյանին

Ճապոնիան պատրաստակամ է աջակցել հաղթահարելու հետպատերազմյան հետևանքները. դեսպան Ֆուկուշիման` նախարար Նարեկ Մկրտչյանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020թ․ պատերազմից հետո Ճապոնիայի կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության ծրագրերն ու աշխատանքները, ինչպես նաև 2022թ․ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրներին տրված արձագանքին վերաբերող մանրամասներ։ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետպատերազմյան ժամանակահատվածում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ գործընկեր ունենալով նաև Ճապոնիայի դեսպանությանը։ Սոցիալական պաշտպանության տարբեր ոլորտներում ևս ստացել ենք Ձեր աջակցությունը։ Պատրաստակամ ենք համագործակցել, ուսումնասիրել և քննարկել այն արդյունավետ ծրագրերը, որոնց կիրառումը հնարավորություն կտա կարգավորել ոլորտում առկա խնդիրներն ու արձանագրել հաջողություն»,- նշել է նախարար Նարեկ Մկրտչյանը։ Դեսպան Մասանորի Ֆուկուշիման ներկայացրել է վերջերս Գեղարքունիք կատարած այցի մանրամասները և շեշտել, որ պատրաստակամ են աջակցել հաղթահարելու հետպատերազմյան հետևանքները։ «Հայաստանը Ճապոնիայի համար հանդիսանում է ժողովրդավար ու դեմոկրատ երկիր, որն ունի իրավունքի ուժի վրա հիմնված հասարակություն։ Հավաստիացնում ենք, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է իրականացնել տարբեր ծրագրեր՝ բարելավելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կարիքները»,- նշել է դեսպանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ճապոնիայի կողմից տարեցների խնամքի հաստատություններին տրամադրվող աջակցության կարևորությունը, ինչպես նաև խոցելի խմբերի, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի իրականացման հնարավորությունը: Կողմերն անդրադարձել են ևս մեկ դրամաշնորհային ծրագրի, որի միջոցով կբարեկարգվի Խարբերդի մասնագիտացված մանկատունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված ծրագրերը կարճ ժամանակում գործնական տիրույթ տեղափոխելու վերաբերյալ։
10:04 - 08 հոկտեմբերի, 2022
Նարեկ Մկրտչյանն ու ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության նոր ձևաչափերը

Նարեկ Մկրտչյանն ու ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության նոր ձևաչափերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության նոր ձևաչափերին, «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի» (ՍՊՎԾ 2) շրջանակում արդեն իսկ իրականացված ու նախատեսվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։ Ամփոփվել են նաև ՍՊՎԾ 2 ծրագրի շրջանակում արձանագրված արդյունքները․ ներկայացվել է Միասնական սոցիալական ծառայության արդեն իսկ շահագործման հանձնված, ինչպես նաև շինարարական աշխատանքների փուլում գտնվող տարածքային կենտրոնների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։ Անդրադարձ է կատարվել նաև արդյունքահեն ֆինանսավորման ձևաչափով համագործակցության հնարավորությանը՝ միաժամանակ ընդգծվել նաև Միասնական սոցիալական ծառայության կենտրոնական գրասենյակի կառուցման, Միասնական տեղեկատվական համակարգի ամբողջական ներդրման, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ ջանքերի համախմբման կարևորությունը։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղել ջանքերն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ։  
13:10 - 03 հոկտեմբերի, 2022
Նարեկ Մկրտչյանի ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Նարեկ Մկրտչյանի ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, որում մասնավորապես նշված է.   «Սիրելի՛ հայրենակիցներ,   ամբողջ աշխարհը հոկտեմբերի 1-ը տոնում է որպես Տարեցների միջազգային օր․ սա ևս մեկ հնարավորություն է՝ մեծարելու մեր ավագ սերնդին, ընդգծելու նրանց անփոխարինելի դերն ու արժեքը։   Սա հնարավորություն է նաև՝ խոսելու մեր առաջնային անելիքների մասին, որոնք ուղղված են նրանց համար մատչելի սոցիալական ծառայություններ, զբաղվածություն, ակտիվ ու արժանապատիվ ծերություն ապահովելուն։ Մեզ համար առաջնահերթություն է՝ լիարժեք գնահատել սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող (և դրանցից դուրս) տարեցների սոցիալական կարիքները, հանրապետության բոլոր մարզերում ստեղծել ցերեկային կենտրոններ, բոլոր մարզերում ներդնել տնային խնամքի ծառայություն, վերանայել օրենսդրական դաշտը՝ սկսած խնամքի տրամադրման չափորոշիչներից։   Այս և այլ ուղղություններով աշխատանքներ իրականացնում ենք․ շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում ընթանում են շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ բարեկարգման աշխատանքներ, բարձրացնում ենք նրանց մատուցվող ծառայությունների որակը, ընդլայնում շրջանակը։   Բարեփոխումների գործընթացում այս տարվա ընթացքում փուլ առ փուլ ունեցանք կենսաթոշակների բարձրացում, որը, ինչպես նշել ենք, ունենալու է իր շարունակությունը։ Նույն համատեքստում ստեղծեցինք հնարավորություն, որ կենսաթոշակառուներն օգտվեն ժամանակակից տեխնոլոգիաներից, կուտակեն հետվճարներ։   Այսպիսով, սիրելի՛ տատիկներ ու պապիկներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում խաղաղ, սիրով ու ջերմությամբ շրջապատված ծերություն»։
13:36 - 01 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին, քաղաքացիական զոհերի և անհետ կորածների ընտանիքներին աջակցելու նախագիծ է շրջանառվել. ԱՍՀ

 |armenpress.am|

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին, քաղաքացիական զոհերի և անհետ կորածների ընտանիքներին աջակցելու նախագիծ է շրջանառվել. ԱՍՀ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և շրջանառվում է երկու նախագիծ՝ ուղղված 2022 սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին,  մյուսը՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհետ կորածների ընտանիքներին: Այս մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։ Վերջինիս խոսքով՝ առաջին ծրագիրը հնարավորություն կտա ֆինանսական աջակցություն տրամադրել վիրավորում, (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած այն զինծառայողներին, ովքեր նշված ժամանակահատվածում բժշկական հաստատություններում ստացել են  բժշկական օգնություն և սպասարկում, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն հաշմանդամության երրորդ խումբ: Սոցիալական աջակցությունը կտրամադրվի միանվագ՝ յուրաքանչյուր շահառուին 500 հազար դրամի չափով։ Մյուս ծրագիրը, որը ևս շրջանառության մեջ է,  նախատեսում է սոցիալական աջակցություն՝  2022 սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհետ կորածների ընտանիքներին։ «Նախագծի ընդունման դեպքում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների կտրամադրվի միանվագ 5 մլն  դրամ, անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ ամսական 300 հազար դրամ սոցիալական աջակցություն»,- նշեց խոսնակը: Նախագծերն այս պահին շրջանառվում են շահագրգիռ գերատեսչությունների շրջանակում․ ամփոփելուց հետո կներկայացվեն ՀՀ վարչապետի աշխատակազմին։
12:16 - 28 սեպտեմբերի, 2022
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքում է ներքին տեղահանված անձանց մարդասիրական կարիքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքում է ներքին տեղահանված անձանց մարդասիրական կարիքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, խիստ կարիքի վրա հիմնված մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տուժած և ներքին տեղահանված բնակչությանը՝ սննդի, հագուստի, հիգիենիկ, առաջին անհրաժեշտության և անկողնային պարագաների, առաջին օգնության պայուսակների տեսքով: Առաջնային արձագանքին զուգահեռ ՀԿԽԸ-ն՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ միասին, իրականացնում է ռազմական հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների արագ  գնահատում՝ համապատասխան արձագանքը շարունակելու համար։   ՀԿԽԸ-ն անընդհատ համալրում է թեժ գծերով դիմող քաղաքացիների տվյալների բազան՝ այն փոխանցելով նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Առաջնային կարիքի հաշվառման հարթակ:   ՀԿԽԸ հոգեբաններն առերես (Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, Վարդենիսում, Մարտունիում), առցանց (Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ, Սոթք, Մեծ Մասրիկ) և թեժ գծի միջոցով (ՀՀ բոլոր մարզեր) հոգեբանական աջակցություն են տրամադրում վիրավոր և զոհված զինծառայողների հարազատներին և տեղահանված ընտանիքներին։ Հոգեբանական աջակցության համար Հայկական Կարմիր խաչի ընկերության մասնագետներին կարելի է դիմել հետևալ հեռախոսահամարներով՝ 8184, +374 60 627070։ Նշված արձագանքն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցությամբ:
16:54 - 23 սեպտեմբերի, 2022
Կառավարությունը ևս 200 մլն կտրամադրի՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի համար

Կառավարությունը ևս 200 մլն կտրամադրի՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի համար

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ․ ծրագրերի համար պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցները կհամալրվեն․ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել։ Ըստ այդմ, ծրագրերի շրջանակում կտրամադրվի ևս 200 մլն դրամ՝ 280 քաղաքացու դիմում ֆինանսավորելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Նախարարությունից հիշեցրել են, որ վերոնշյալ ծրագրերի շրջանակում 2022 թվականի ընթացքում աջակցություն է ստացել 1679 շահառու. ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1,2 մլրդ դրամ։ Միջոցառումներն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուներին։    Առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։    Երկրորդ ծրագրի շրջանակում՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։    Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։    Միջոցառումներից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն՝ բացառությամբ երրորդ ծրագրի, որի դեպքում, եթե տվյալ բանկի հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է ներկայացնել բանկից տեղեկանք և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Այդ դեպքում՝ քաղաքացին դրանք կարող է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։ Առաջին ծրագիր    Առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։ Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝ բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և անհրաժեշտ տեղեկությունները նախարարություն են ներկայացվում նախքան վարկային պայմանագրի կնքումը, ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով, կատարվող կանխավճարի նվազագույն չափը (առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոսն է (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին) և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոսը (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին), շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխա, ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի, նրա ամուսնու (եթե առկա է գրանցված ամուսնություն) անունով։     Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը։ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելացվում է 30 տոկոսով (այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը կազմում է 2,6 մլն դրամ)։ Երկրորդ ծրագիր Երկրորդ ծրագրի շրջանակում՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն, որն ուղղվում է ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի մարմանը։ Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝ բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և անհրաժեշտ տեղեկությունները նախարարություն են ներկայացվում նախքան վարկային պայմանագրի կնքումը, ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով, կատարվող կանխավճարի նվազագույն չափը (առանց պետական աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոս է և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոս է, շահառուի խնամքին առկա է առնվազն 1 անչափահաս երեխա: Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180,000 դրամը։ Երրորդ ծրագիր Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղված է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և անհրաժեշտ տեղեկանքը ներկայացվել է մինչև երեխայի մեկ տարին լրանալը, ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով, դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը: Երեխայի ծննդյան աջակցության չափը դիմելու օրվա դրությամբ  կազմում է՝ վարկի մնացորդային մայր գումարի 10 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 5 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), եթե դա շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է, վարկի մնացորդային մայր գումարի 50 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 25 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), եթե դա շահառուի երրորդ և հաջորդ երեխան է, վարկի մնացորդային մայր գումարի 15 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 1,500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 8 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 1,500,000 դրամը), եթե դա շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, վարկի մնացորդային մայր գումարի 70 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 4,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 35 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 4,000,000 դրամը), եթե դա շահառուի երրորդ և հաջորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին։
19:16 - 22 սեպտեմբերի, 2022
Առկա ռեսուրսները գույքագրելու նպատակով գործարկվում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը»

Առկա ռեսուրսները գույքագրելու նպատակով գործարկվում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը»

ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիների կարիքները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ստեղծված «Առաջնային կարիքի հավաքագրման հարթակի» միջոցով շարունակում են գույքագրվել և բավարարվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:Թեպետ պատասխանատու գերատեսչությունների կողմից տարածված հայտարարություններին այն մասին, որ այս պահին առկա ռեսուրսները բավարար են, այնուամենայնիվ, մի շարք սոցիալական նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ հավաքագրել են որոշ աջակցություն կամ ունեն ռեսուրսներ, որոնք ուզում են ծառայեցնել որպես օգնություն։Այսպիսով, առկա ռեսուրսները գույքագրելու և դրանց հետագա կիրառումը պլանավորելու նպատակով` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ», որը ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հնարավորություն կտա մեկտեղել ռեսուրսները՝ դրանք գրանցելով համակարգում։Հավաքագրված տվյալները հասանելի կլինեն մարզպետարանների, ՏԻՄ-երի և ԱՍՀՆ-ի համար` ըստ անհրաժեշտության աջակցությունը համակարգելու և ըստ նպատակի տրամադրելու համար:Համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքի «Սոցիալական աջակցություն» բաժին և ընտրել «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» պատուհանը։Համապատասխան դաշտերում պահանջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցում» կոճակը, որից հետո աջակցություն առաջարկողի օգտահաշվի ակտիվացման տվյալները կուղարկվեն նշված էլեկտրոնային հասցեին․ հաղորդագրությունն ստանալուց հետո անհրաժեշտ է սեղմել նամակում առկա հղումը:Օգտահաշիվը ակտիվացնելուց և համակարգ մուտք գործելուց հետո աջակցություն առաջարկող անձը կամ կազմակերպությունը հնարավորություն կունենա լրացնել առաջարկվող աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը։ Այս դեպքում անհրաժեշտ է սեղմել «Ավելացնել» կոճակը, բացված ձևաթղթում լրացնել պահանջվող բոլոր տվյալները, ապա ընտրել «Հաստատել» սեղմակը: Մեկից ավելի մարզերում աջակցություն տրամադրելու դեպքում անհրաժեշտ է սեղմել «Կանաչ պլյուս» կոճակը և կրկնել նույն գործողությունները։«Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզի» միջոցով համատեղ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ պատրաստ ենք լսել սոցիալական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկներն ու դիտարկումները։
17:39 - 19 սեպտեմբերի, 2022
Տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը

Տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը

ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։   Այն հնարավորություն կտա հավաքագրել ստեղծված իրավիճակով պայմանավորված աջակցության անհրաժեշտություն ունեցող քաղաքացիների կարիքները և դրանք ինքնաշխատ եղանակով փոխանցել մարզպետարանների և ՏԻՄ-երի պատասխանատուներին։    Հարթակում, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3UaEnxc , քաղաքացին լրացնում է իր անձնական տվյալները, որից հետո նշում կարիքների մասին, օրինակ՝ սնունդ, հագուստ, դեղորայք, խնամքի ծառայություններ և այլն:   Լրացված հայտն ինքնաշխատ եղանակով տրմադրվում է մարզպետարաններին և ՏԻՄ-երին, որոնք կարձագանքեն բացահայտված կարիքներին և համակարգում կարտացոլեն դրանց բավարարման կարգավիճակը․ օրինակ՝ նշելով՝ կարիքը բավարարված է, նման կարիք չի հայտնաբերվել և այլն։   Հարթակը հնարավորություն կտա նաև մասնավոր նախաձեռնություններին և հասարակական կազմակերպություններին այս համակարգում մուտքագրել իրենց կողմից հայտնաբերված քաղաքացիների կարիքները, որոնց, նույն ընթացակարգով, կարձագանքեն մարզպետարանները կամ ՏԻՄ–երը։
12:36 - 17 սեպտեմբերի, 2022
«Տեղահանվածների բնակության հարցը կարգավորվում է մարզպետարանների միջոցով». փոխնախարար Տաթևիկ Ստեփանյան
 |hetq.am|

«Տեղահանվածների բնակության հարցը կարգավորվում է մարզպետարանների միջոցով». փոխնախարար Տաթևիկ Ստեփանյան |hetq.am|

hetq.am: «Ստեղծված իրավիճակում Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, տվյալ պահի անվտանգությունը գնահատելով, քաղաքացիների տեղափոխման հարցերը լուծում են մարզային մակարդակով, սա շատ կարևոր եմ համարում շեշտադրել, քանի որ նախորդ՝ 44-օրյայի հիշողություններով պայմանավորված՝ մեզ ահազանգեր են գալիս: Պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա, մարզպետարաններն ամբողջությամբ կարողանում են ծածկել այս հարցը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Տեղակալի խոսքով՝ երեկվանից նախարարության թեժ գծին 10 զանգ է ստացվել, 10 զանգահարողներն էլ եղել են տարբեր մարզեր տեղափոխված, մարդիկ տեղեկացրել են, որ տեղափոխվել են։ Խոսելով մասնավոր կազմակերպված նախաձեռնությունների մասին, Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ հանդիպել են մասնավոր օգնություն կազմակերպողների հետ։ «Երեկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՏԿԵՆ-ը, Միգրացիոն ծառայությունը և մյուս մեր գործընկեր կազմակերպությունները հանդիպում ունեցան այս նախաձեռնությունների հետ, հանդիպման նպատակն ու միտումը մեկն էր, իրազեկել նախարարության կողմից իրականացվող գործընթացների և դրանց պատշաճ արձագանքման կարողությունների մասին, որպեսզի վերածածկեր չկատարվեն, այս պահի դրությամբ ողջ ծավալը սոցիալական աջակցությունների մասով փակվում է մարզպետարանների, հնարավորությամբ, համայնքների միջոցով»,- նշեց նա։ Միասնական սոցիալական ծառայությունում մեկնարկել է վնասվածք ստացած զինվորների ընտանիքների կարիքների գնահատում։ «Ունեցել ենք 1-2 դեպք, երբ տանն օրինակ եղել է հաշմանդամություն ունեցող երեխա և այսպիսով զուտ պատշաճ ուղղորդումներ են իրականացվել, որպեսզի բացեր չմնան»,- նշեց նա։ Իրենց բնակավայրերից տեղահանված մարդիկ, ըստ նախարարի տեղակալի, տեղավորվել են մարզի մակարդակով: Այլ համայնքներում, այլ տեղաշարժեր չեն ենթադրվում, քանի որ չկա տարհանում։ Համայնքապետարանի միջոցով խնդիրը բարձրացվում ու լուծվում է։
16:57 - 15 սեպտեմբերի, 2022
ՀՀ գերատեսչությունները հորդորում են զինվորների և սահմանամերձ մարզերի բնակիչների համար առաջնային անհրաժեշտության պարագաներ չհավաքագրել

ՀՀ գերատեսչությունները հորդորում են զինվորների և սահմանամերձ մարզերի բնակիչների համար առաջնային անհրաժեշտության պարագաներ չհավաքագրել

Հայաստանի Հանրապետության մի շարք գերատեսչություններ հայտարարություն են տարածել՝ հանրությանը հորդորելով մասնավոր նախաձեռնություն չցուցաբերել զինվորների և սահմանամերձ մարզերի բնակիչների համար առաջնային անհրաժեշտության պարագաներ հավաքագրելու առնչությամբ: «Ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ և մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ և սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր համաքաղաքացիների պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում օգտակար լինել բանակին։ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով: Այս պահին դրանց հավաքագրման անհրաժեշտությունը չկա: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս հորդորում է դադարեցնել զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով սնունդ, հագուստ և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրման գործընթացը: «Պետությունն՝ ի դեմս պատասխանատու գերատեսչությունների, շարունակում է ապահովել անհրաժեշտ կարիքների բավարարումը։ Ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ»,- մասնավորապես ասված է ԱՍՀ նախարարության հաղորդագրության մեջ: Նմանատիպ հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 
14:36 - 14 սեպտեմբերի, 2022
Նարեկ Մկրտչյանը և Բելառուսի դեսպանը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր

Նարեկ Մկրտչյանը և Բելառուսի դեսպանը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:   Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին, ՀՀ քաղաքացիներին՝ Բելառուսում վերականգնողական ծառայությունների տրամադրմանը, Հայաստանում պրոթեզների արտադրության համատեղ ձեռնարկության ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր։ Շեշտվել է նաև փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման և կառավարման, խոցելի խմբերին բնակարանների հատկացման ու վերահսկման մեխանիզմների վերաբերյալ։   Ընդգծելով հայ-բելառուսական հարաբերությունների կարևորությունը՝ Նարեկ Մկրտչյանն էական է համարել երկկողմ համագործակցության ուղղությունների ընդլայնումն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։ Նախարարի խոսքով՝ երկու երկրների ոլորտային հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որը պետք է շարունակել ճիշտ օգտագործել և ուղղել՝ ի շահ ժողովուրդների բարեկեցության:  
17:34 - 09 սեպտեմբերի, 2022