Մանկատան նախկին սաները Սոցապից պահանջում են իրենց տրամադրել բնակարանի գնման վկայագրեր․ գործը դատարանում է
17:14 - 23 հոկտեմբերի, 2022

Մանկատան նախկին սաները Սոցապից պահանջում են իրենց տրամադրել բնակարանի գնման վկայագրեր․ գործը դատարանում է

Երկվորյակ եղբայրներ Արթուր եւ Աշոտ Հարությունյանները տեւական ժամանակ է՝ իրավական քաշքշուկի մեջ են․ որպես մանկատան նախկին սաներ՝ նրանք պահանջում են, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը իրենց տրամադրի բնակարանի գնման վկայագրեր։

Infocom-ին է դիմել Հարությունյանների ներկայացուցիչ Հասմիկ Մանուչարյանը եւ որոշ մանրամասներ ներկայացրել խնդրի վերաբերյալ։

Մանուչարյանի խոսքով՝ եղբայրները ծնվել են 1987 թ․ սեպտեմբերի 9-ին, մոր մահից հետո որոշակի ընդհատումներով՝ 1994-1998 եւ 1999-2005 թթ., խնամվել են «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում։ Թե 1998-1999 թթ. ընթացքում ինչի հիման վրան են դուրս գրվել, ներկայացուցչի խոսքով՝ հայտնի չէ․ պատկան մարմինները, նրա հարցերին ի պատասխան, նշել են, որ հիմքը չի պահպանվել։

2018 թ․-ին, երբ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վերսկսել է մանկատան նախկին սաներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը, Հարությունյան եղբայրները դիմում են ներկայացրել՝ խնդրելով իրենց ճանաչել ծրագրի շահառու։ 

Նշենք, որ 2019 թ․ նոյեմբերի 7-ի 1555-Ն որոշմամբ Կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ «ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման շրջանակում մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման խնդիրների լուծման նպատակով։ Նախատեսվել է, որ ծրագրում ընդգրկված շահառուները ՀՀ տարածքում ձեռք կբերեն 6.3 մլն դրամը չգերազանցող, իսկ սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ նաեւ գերազանցող արժեքով բնակարաններ։ Ըստ որոշման՝ մանկատան շրջանավարտները բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացի հանդիսանալու, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունենալու եւ վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք օտարած չլինելու դեպքում։ 

Այս որոշման մեջ Կառավարությունը 2021 թ․ հոկտեմբերի 28-ին փոփոխություն է կատարել՝ սահմանելով, որ վկայագիր ստանալու իրավունք ունեն 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մանկատան շրջանավարտ հանդիսացող անձինք եւ 18 տարին լրացած, մանկատանն առնվազն 7 տարի խնամք եւ դաստիարակություն ստացած սաները։ Որոշմամբ սահմանվել է նաեւ, որ վկայագիր ստանալու իրավունք չունեն, ի թիվս հիշյալ պայմանների, նաեւ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածները։

Եղբայրների դիմումներին ի պատասխան՝ 2018 թ օգոստոսի 16-ին եւ 2019 թ․ դեկտեմբերի 24-ին նախարարությունից տեղեկացրել են, որ համապատասխանաբար Արթուր եւ Աշոտ Հարությունյանները դեռ 2008 թ․–ից հաշվառված են բնակարանի ապահովման ծրագրում, անհրաժեշտ տեղեկությունը ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո կորոշվի վկայագրի տրամադրման հարցը։ 

2019 թ․ դեկտեմբերին մանկատունը նախարարությանը տրամադրել է համապատասխան տեղեկանքներ, որոնց համաձայն՝ եղբայրները մանկատան շրջանավարտ են եւ դուրս են գրվել այնտեղից՝ 18 տարեկանը լրանալու կապակցությամբ։  Ծրագրի ընթացքը դրանից հետո դանդաղել է՝ համավարակով եւ պատերազմով պայմանավորված։ Որոշ ժամանակ անց՝ 2021 թ․ հունվարին, մանկատնից նախարարությանը տրամադրել են եւս մեկ տեղեկանք, ըստ որի՝ տղաները ոչ թե մանկատան շրջանավարտ են, այլ սան։ Դրանից հետո նախարարության դիրքորոշումը փոխվել է 2021 թ․ փետրվարին նախարարությունը մերժել է Արթուր Հարությունյանի դիմումը՝ պատճառաբանությամբ, որ վերջինս մանկատան շրջանավարտ չէ․ «Մանկատան շրջանավարտ են համարվում 18 տարեկանը լրանալու կապակցությամբ մանկատան խնամակալական կազմակերպություններից դուրս գրված անձինք»,- հայտնել են Նախարարությունից։  2022 թ․ հունվարին էլ մերժվել է Աշոտ Հարությունյանի դիմումը․ այս դեպքում որպես հիմնավորում մանկատան շրջանավարտ չհանդիսանալուց բացի նշվել է նաեւ կենսաբանական ընտանիք վերադարձած լինելու հանգամանքը։

Հասմիկ Մանուչարյանը մանկատան իրարամերժ տեղեկանքների մեջ ներքին պայմանավորվածությունների եւ իրենց հասանելիք գումարը յուրացնելու միտում է տեսնում։ Ըստ նրա՝ թեեւ եղբայրները, իսկապես, 17․5 տարեկանում են դուրս գրվել, սակայն Կառավարության հիշյալ 1555-Ն որոշմամբ որեւէ տեղ ամրագրված չէ 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս գրվելու պահանջ։ Մանուչարյանի խոսքով՝ տղաների քույրն էլ 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս չի գրվել, սակայն նրան բնակարան տրամադրվել է։ Դրանից բացի, նա ընդգծեց, որ եղբայրները կենսաբանական ընտանիքում փաստացի չեն էլ բնակվել, ինչը, ըստ նրա, անտեսվել է․ «1998 թ․-ին անհայտ հիմքերով վերադարձվել են կենսաբանական ընտանիք՝ հոր, տատի մոտ, որտեղ տարի ու կես բռնության են ենթարկվել, որից հետո նրանց հաջողվել է փախչել եւ վերադառնալ մանկատուն»,- պատմեց Մանուչարյանը։ Հարցին՝ իրենց նկատմամբ այդ  տեսակ վերաբերմունքի մասին մանկատանը հայտնե՞լ են՝ Մանուչարյանը դրական պատասխանեց՝ տարակուսանք հայտնելով, որ անձնակազմն այդ ուղղությամբ որեւէ գործընթաց չի սկսել։

Դրանից հետո՝ Մանուչարյանի ենթադրությամբ 2004 թ․-ին, եղբայրներից Արթուր Հարությունյանին ուղարկել են «Փոքր Մհեր» ռազմական դպրոց, որը գիշերօթիկ դպրոց է։ Հարությունյանը, սակայն, այնտեղ երկար չի մնացել․ ներկայացուցչի խոսքով՝ օրեր անց դիմել է փախուստի եւ գնացել հոր տուն։ Հարցին՝ եթե հոր կողմից նախկինում բացասական վերաբերմունքի է արժանացել, ինչպե՞ս է հետո ցանկություն ունեցել նրա մոտ գնալու, Մանուչարյանը պատասխանեց, որ նախ, մշտապես չի տեղափոխվել այնտեղ, եւ դրանից բացի, 11 եւ 17 տարեկան տղայի հոգեբանությունը տարբեր է․ 17 տարեկանը, բնական է, ազատության կձգտեր։ Հոր տուն գալուց հետո այնտեղ է տեղափոխվել նաեւ Աշոտ Հարությունյանը, դրանից հետո եղբայրները մանկատուն այլեւս չեն վերադարձել։

Գործում առկա նյութերի համաձայն՝ նրանք վերադարձել են հոր մոտ՝ նրա իսկ դիմումի հիման վրա․ «Իմ ենթադրությամբ՝ մանկատան տնօրենը այցելել է հոր տուն, ամենայն հավանականությամբ՝ հանդիպել նրան ոչ սթափ վիճակում, ասել՝ էրեխեքիդ տուր, նա էլ չի տվել, եւ տնօրենն էլ ասել է՝ դե, չես տալիս, դիմում գրի․ այս դիալոգը ինձ պատմել է Գավառի ոստիկանության հետաքննիչ Մուշեղյանը, եւ դպրոցական տետրի վրա, ամենայն հավանականությամբ, ինքն էլ թելադրել է, թե հայրը ինչ գրի»,- նշեց տղաների ներկայացուցիչը՝ հավելելով, որ որեւէ մեկը չի այցելել՝ գնահատելու ծնողի կենցաղային պայմանները․ Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը իր եզրակացությունը տվել է մանկատան տնօրենի խոսքերի հիման վրա։ Նշենք, որ Մանուչարյանը նաեւ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ ի թիվս այլնի, նշելով նաեւ հոր դիմումի ենթադրյալ կեղծված լինելու մասին, սակայն նախապատրաստված նյութերով նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, եւ պարզվել է, որ դիմումը գրվել է հոր կողմից, ուստի քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Մանուչարյանի խոսքով՝ տղաները երկար չեն մնացել հոր մոտ, բնակվել են ընկերների, հորաքրոջ տանը, որից հետո զորակոչվել են բանակ։

Այդ ընթացքում՝ 2006 թ․-ին, պետության կողմից անհատույց օգտագործման նպատակով բնակարան է տրամադրվել եղբայրների ավագ քրոջը․ «Մանկատան տնօրենն ասում է, որ ինքը այցելել է, ականտես եղել ընտանիքի վերամիավորմանը, ինչը, սակայն, սուտ է, քանի որ այդ ժամանակ տղաները եղել են բանակում»,- նշեց Մանուչարյանը՝ հավելելով, որ տնօրենը այցի ամսաթիվ էլ չի նշում․ «Բանակից վերադառնալուց հետո 3-35 տարի ապրել են քրոջ տանը, իրենք պատասխանատու չեն, որ քույրը հորը տեր է կանգնել, դրանից հետո ես եմ կանչել իմ տուն, կերակրել, գնալ-գալով՝ իմ տունը իրենց համար ավելի հարմար էր»։

Դիմումի մերժումները ստանալուց հետո Հարությունյան եղբայրները երկու առանձին հայցեր են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով նախարարությանը պարտավորեցնել իրենց տրամադրել բնակարանի գնման վկայագրեր։ Որպես հայցվոր՝ նրանք նշել են, որ մանկատնից դուրս գրելու վերաբերյալ համաձայնություն չեն տվել եւ ծնողի տանը չեն բնակվել։ Նրանք դիմել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։

Գավառի մանկատուն ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի խոսքով՝ ամեն ինչ օրենքի սահմաններում է եղել

«Գավառի մանկատուն» ՊՈԱԿ–ի փոխտնօրեն Նիկոլայ Նալբանդյանը, որ այդ տարիներին մանկատան տնօրենն է եղել, մեր զրույցում դժվարացավ շատ մանրամասներ հիշել՝ հաշվի առնելով, որ երկար ժամանակ է անցել։ Այնուհանդերձ, նա վստահեցրեց, որ ինչ եղել է, օրենքի սահմաններում է եղել։ 

Նալբանդյանը նշեց, որ մանկատան արխիվում պետք է պահպանված լինի եղբայրների՝ 1998 թ մանկատնից դուրս գրվելու հիմքը, ուստի նրանք կարող են դիմել եւ ստանալ այն։ 

Նրա խոսքով՝ Արթուր Հարությունյանին, ըստ ամենայնի, փորձել են զինվորական կրթության տալ, սակայն քանի որ չի հարմարվել, երեխայի կարծիքը հաշվի են առել։ Թե որքան է մնացել «Փոքր Մհեր»-ում, Նալբանդյանը չհիշեց՝ նշելով, որ դրանից հետո նա վերադարձել է տուն։ Անդրադառնալով հոր դիմումին, մանկատան փոխտնօրենն ասաց, որ վերջինս այն ինքնակամ է գրել, երեխաներն էլ, բնականաբար, կողմ են եղել․ «Ցանկացած երեխա ուզում է ծնողի հետ ապրել, եւ ցանկացած ծնող իրավունք ունի դիմելու եւ երեխային մանկատնից վերցնելու․ թե ինչ ձեւաչափով, ինչ մոտիվացիայով, արդեն այլ հարց է»։ Տվյալ դեպքում, ըստ դիմումի, հայրը առողջական խնդիրներ եւ խնամքի կարիք է ունեցել․ «Մենք էլ մտածել ենք՝ տղաները հորը նեցուկ կլինեն, եւ մինչեւ Հանձնաժողովի եզրակացությունը ժամանակավորապես թողել ենք բնակվեն այնտեղ»։ Հարցին՝ առանց Հանձնաժողովի եզրակացության՝ նման թույլտվության իրավասություն ունեի՞ն՝ Նալբանդյանը պատասխանեց․ «Ստիպողաբա՞ր պիտի բերվեին մանկատուն, չեմ կարծում՝ 17․5 տարեկանը այդքան փոքր է, այսպես թե այնպես կես տարի հետո գնալու էին իրենց տուն, հատկապես, որ քույրը տուն ուներ, գնացել են այնտեղ, վերամիավորվել»։ Թե երբ է այցելել եւ տեսել ընտանիքի՝ իր խոսքով վերամիավորումը, Նալբանդյանը դժվարացավ հիշել, ասաց՝ 2000-ական թվականներն էին։

Հարցին՝ հանձնաժողովը ի վերջո  այցելել եւ ստուգե՞լ է ընտանիքի կենսապայմանները, Նալբանդյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, խառը տարիներ էին, գուցե զանգել են կամ հետաքրքրվել, ամեն դեպքում, մենք երաշխիքներ տվել ենք»։ Ընտանիքի կենսապայմանների եւ բարոյահոգեբանական վիճակի հետ կապված մանկատան նախկին տնօրենը որեւէ խնդիր չի տեսել։

Ինչ վերաբերում է նախարարությանը տրամադրած իրարամերժ տեղեկանքներին, Նիկոլայ Նալբանդյանն ասաց, որ դա շփոթմունքի արդյունք է։

Հարությունյանները, ըստ նախարարության, Գավառի մանկատան սաներ են, այլ ոչ թե շրջանավարտներ

Ունենալով Հարությունյան եղբայրների գրավոր համաձայնությունը՝ իրենց անձնական գործի վերաբերյալ տեղեկություններ ստանալու մասին՝ մենք գրավոր հարցմամբ դիմել ենք նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ թեմայի վերաբերյալ մի շարք հարցեր հղելով։ 

Մասնավորապես, խնդրել ենք պարզաբանել մանկատնից ստացված տեղեկանքների իրարամերժությունը, անձնական գործերի վերաբերյալ որոշ փաստաթղթերի բացակայությունը, նախքան հանձնաժողովի եզրակացության մանկատան սաներին ընտանիքում թողնելու իրավաչափությունը, ինչպես նաեւ հայտնել, թե իրենց կողմից հիշատակված նորմատիվ իրավական ակտերի կոնկրետ որ կետն է սահմանում, որ բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն, ի թիվս այլ պահանջների, 18 տարեկանը լրանալու կապակցությամբ մանկատնից դուրս գրված շրջանավարտները։ 

Խնդրել ենք հայտնել նաեւ, թե ինչ պահանջներ են նախատեսված եղել 2000-ական թվականներին, արդյոք եղբայրների քրոջ պարագայում «18 տարեկանը լրանալու կապակցությամբ» պահանջ առկա չի եղել։ Հնարավորության դեպքում խնդրել էինք հայտնել նաեւ, թե հիշյալ բնակարանը քրոջը տրամադրելու որոշումը երբ է կայացվել, երբ է այն նրա կողմից փաստացի բնակեցվել, եւ երբ է Ն․ Նալբանդյանը այց կատարել այնտեղ։

Հետաքրքրվել էինք նաեւ, թե կոնկրետ որ թվականի որ ամիսներին է Արթուր Հարությունյանը բնակվել «Փոքր Մհեր» կրթահամալիրում, եւ կան արդյոք տեղեկություններ, թե այնտեղից դուրս գալով՝ ուր է տեղափոխվել նա։ Հարցրել էինք նաեւ՝ անձնական գործում առկա են տեղեկություններ Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների կողմից կենսաբանական ընտանիք այց կատարելու, կենսապայմանները ստուգելու, այնտեղ մնալ-չմնալու վերաբերյալ եղբայրների կարծիքը լսելու մասին, ինչպես նաեւ տեղեկություններ՝ կենսաբանական ընտանիքը լքելու, այնտեղ նրանց նկատմամբ առերեւույթ բացասական վերաբերմունքի եւ/կամ հետագա կեցավայրերի մասին։

Նախարարությունը մեկամսյա ժամկետ էր խնդրել՝ նշված հարցերին պատասխանելու համար։

Ըստ այդմ, Նախարարությունից հայտնել են, որ 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1419-Ն որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը արձանագրել է, որ մանկատներից դուրս են գրվում 18 տարին լրացած մանկատան սաները, իսկ հետագա կիրառությունն ապահովելու նպատակով փակագծերում նշվել է, որ մանկատան նախկին սաները մանկատան շրջանավարտներ են․ «Այսպիսով, ՀՀ կառավարության որոշման մեջ ամրագրված է, որ մանկատան նախկին սանն այսուհետ կարող է դիտարկվել որպես մանկատան շրջանավարտ, ինչպես նաեւ այն կարեւոր հանգամանքը, որ մանկատներից դուրս են գրվում 18 տարին լրացած մանկատան սաները»,- նշել են Նախարարությունից՝ մեջբերելով նաեւ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ Օրենքը․ «Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետությունն ու համապատասխան մարմիններն ապահովում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած) երեխաների խնամքը եւ դաստիարակությունը՝ որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու կամ խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրանց անհնարինության դեպքում` համապատասխան հաստատություններում տեղավորելու միջոցով: Հետեւաբար, մանկատան շրջանավարտը՝ 18 տարին լրացած եւ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս գրված մանկատան սանն է»,- ասված է պատասխանում։

Անդրադառնալով մանկատնից ստացված իրարամերժ տեղեկանքներին՝ նախարարությունից հայտնել են, որ 2019 թվականի դեկտեմբերի 11-ի տեղեկանքում նշվել է, որ Արթուր եւ Աշոտ Հարությունյանները «մանկատան շրջանավարտ» են, քանի որ հաշվարկը կատարվել է ծննդյան տարեթվերով եւ ոչ ամիսներով։ Երկրորդ անգամ՝ 2021 թվականի հունվարի 22-ին տրված տեղեկանքը տրվել է նախարարության կողմից փոփոխված եւ հստակեցված չափանիշների ու պահանջների հիման վրա, ըստ որի՝ Հարությունյանները հանդիսանում են Գավառի մանկատան սաներ, այլ ոչ թե շրջանավարտներ՝ 18 տարին մանկատանը չլրանալու պատճառով՝ հիմք ընդունելով Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 11-ի 1555-Ն որոշման պահանջները։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ եղբայրների քույրը, թեեւ 17 տարեկանում է դուրս գրվել մանկատնից, բնակարան ստացել է, Նախարարությունից պարզաբանել են, որ նրան բնակարան տրամադրվել է մեկ այլ՝ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով․ «Ծրագրի պատասխանատուները «մանկատան շրջանավարտ» կամ «մանկատան սան» հասկացությունները դիտարկելուց զատ կարեւորել են այդ պահին երեխաների կեցության հրատապ խնդիրը։ Արդյունքում, այդ ծրագրով բնակարաններ են ստացել Գավառի մանկատան 18 տարին չլրացած շատ սաներ, այդ թվում՝ Հարությունյանների քույրը»։

Ինչ վերաբերում է մանկատան նախկին տնօրենի կատարած այցին, ապա, ըստ Նախարարության, դա տեղի է ունեցել 2004 թվականի նոյեմբերի 28-ին․ «Ն․ Նալբանդյանն այցելել է Հարությունյանների քրոջը պատկանող բնակարան, որտեղ ապրում էին վերջինիս հայրը, տատիկը եւ եղբայրները՝ Արթուր եւ Աշոտ Հարությունյանները։ Այցի նպատակն է եղել երեխաներին մանկատուն վերադարձնելը, ինչպես նաեւ նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին ծանոթանալը։ Սակայն հայրը, տատիկը եւ եղբայրները հրաժարվել են տղաների՝ մանկատուն վերադարձը՝ պատճառաբանելով, որ մեծ են եւ կարող են ինքնուրույն տնօրինել հետագա կյանքն ու օգտակար լինել ընտանիքին։ Այդ ընթացքում հայրը դիմում է գրել մանկատան տնօրենին՝ խնդրելով երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիք։ Հետագայում հայրը ՀՀ դատախազություն գրած բողոք-դիմումում հայտնել է, որ ինքը դիմում չի գրել, եւ եղած դիմումը կեղծ է։ Դրա հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում կատարվել է քննություն և պարզվել, որ դիմումը գրված է հոր կողմից, և գործը կարճվել է»,- ասված է պատասխանում։  Նշենք, որ այցի ամսաթիվը  որոշակի հակասություն է ստեղծում, քանի որ ըստ գործի նյութերի՝  եղբայրների քրոջ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Պետական գույքի  կառավարման վարչության միջեւ բնակարանի անհատույց օգտագործման եռակողմ պայմանագիրը կնքվել է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին։ Թե երբ է այն փաստացի բնակեցվել, Նախարարությունից չեն հայտնել։

Ստացված պատասխանի համաձայն՝ երեխայի՝ կենսաբանական ընտանիքում ժամանակավոր ապրելու իրավունքն արգելող որեւէ իրավական ակտ այդ ժամանակ չի եղել։ Դա կատարվել է խնամակալի հայեցողությամբ՝ հաշվի առնելով ընտանիքի բարոյահոգեբանական մթնոլորտը եւ սոցիալ-կենցաղային պայմանները։ Ի պատասխան այն հարցին, թե արդյոք որեւէ իրավական ակտով սահմանվում է, որ մանկատան տնօրենը կարող է մինչեւ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը երեխաներին թույլատրել ժամանակավոր ապրել կենսաբանական ընտանիքում, Նախարարությունից նշել են, որ գործող օրենսդրությամբ նման կարգավորում նախատեսված չէ։

Ինչ վերաբերում է Խնամակալության եւ հոգաբարձության մարմնին, ըստ պատասխանի՝ վերջինիս կողմից այցելություն չի եղել, հանձնաժողովը հիմնվել է մանկատան տնօրենի այցելության, նրա հաղորդած տեղեկությունների, երեխաների ընտանիքում ապրելու ցանկության վրա, հաշվի է առել այն հանգամանքը, որ 6 ամիս հետո լրանալու էր եղբայրների 18 տարին։

Անդրադառնալով անձնական գործերի որոշ փաստաթղթերի բացակայությանը, Նախարարությունից հստակ տեղեկություն չեն տվել՝ նշելով, որ  մանկատան երեխաների շարժն ամրագրված է սաների ընդունման եւ դուրսգրման հրամանագրքում, սակայն Հարությունյանների ընդունման եւ դուրսգրման հիմքերն անձնական գործերում չեն պահպանվել (դիտարկվում է այն տարբերակը, որ փաստաթղթերը տրվել են վերջիններիս հարազատներին)։ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ը, ըստ նախարարության, չի տիրապետում նաեւ Արթուր Հարությունյանի՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրում բնակվելու եւ այնտեղից այլ վայր տեղափոխվելու վերաբերյալ տեղեկության։

Ամփոփելով նախարարությունից տեղեկացրել են, որ ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 1555-Ն որոշման շրջանակում տրամադրված գումարը նախատեսված է 300 շահառուի համար․ «Այս պահի դրությամբ բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինասական աջակցություն ստանալու իրավունք է տրվել 281 շահառուի․ ընթացքի մեջ է նաեւ 7 շահառուի գործերի ուսումնասիրություն»,- ասված է պատասխանում։

Դատարանը բավարարել է Արթուր Հարությունյանի հայցը՝ ընդդեմ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության

Նյութի պատրաստմանը զուգահեռ ՀՀ վարչական դատարանը դատավոր Գեւորգ Սոսյանի նախագահությամբ, քննելով Արթուր Հարությունյանի հայցը, օրերս բավարարել է այն՝ Նախարարությանը պարտավորեցնելով քաղաքացուն տրամադրել բնակարանի գնման վկայագիր։ 

Ի թիվս այլնի՝ դատարանը վճռում արձանագրել է, որ հայցվորի կողմից բնակարանի գնման վկայագրի տրամադրման հայցումը, ըստ էության, իրավաչափ է, իսկ դրա մերժումը եղել է ոչ իրավաչափ․ «Սույն գործի փաստերով հաստատվում է այն փաստը, որ «Աջակցություն եւ խորհրդատվություն ՀՀ մանկատան շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 2003-2013 թթ բնակարանի սպասող շահառուների ցուցակի 89-րդ համարի տակ Արթուր Հարությունյանին 2008 թվականին հաշվառելուց հետո վերջինիս հերթացուցակից հանելու վերաբերյալ որեւէ ապացույց (միջամտող վարչական ակտ) գործի նյութերում առկա չէ, այսինքն՝ այդ հաշվառումը մինչեւ այս պահը շարունակում է գործել՝ պահպանելով իր իրավաբանական ուժը եւ առաջացնելով իրավական հետեւանքներ, ինչն էլ նշանակում է, որ հայցվորի անվամբ գործող հաշվառումը պետք է առաջացնի բնակարանի գնման վկայագիր տալուն: Ընդ որում, Դատարանը հատուկ ընդգծում է, որ անձին հաշվառումից հանելը եւս պետք է իրականացվի վարչարարությամբ՝ միջամտող վարչական ակտի ընդունմամբ, քանի որ որեւէ այլ կանոնակարգում կիրառելի իրավանորմերի շրջանակներում առկա չէ, այսինքն՝ եթե նույնիսկ առկա է հաշվառումից հանելու բավարար հիմք, ապա անձը հաշվառումից հանվում է ոչ թե նման հիմքի առաջացման փաստով, այլ դրա համար վարչական մարմնի կողմից նախ պետք է իրականացվի վարչական վարույթ, որի արդյունքներով հիշյալ հիմքի հաստատման դեպքում վարչական մարմինը կկարողանա ընդունել հաշվառումից հանելու վերաբերյալ միջամտող վարչական ակտ, որպիսի գործընթացն էլ սույն գործով առկա չէ»,- ասված է վճռի մեջ։

Աշոտ Հարությունյանի վերաբերյալ գործը դեռեւս դատաքննության փուլում է։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել