Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Ի՞նչ է կատարվում Թբիլիսիում. թարմացվող |aliq.ge|

Ի՞նչ է կատարվում Թբիլիսիում. թարմացվող |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ: 01:30 Հայտարարություն է տարածել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ հասարակությանը հանդարտության կոչ անելով․ «Շատ մեծ հանցագործություն էր այն, ինչ այսօր տեղի ունեցավ: Սակայն դա ոչ մի ձև չի արդարացնում արհեստական ալիքը, հակակառավարական գործողությունները, որոնք ուղղված էին խորհրդարան ներխուժելուն և կառավարությանը տապալելուն: Ռուսաստանը մեր թշնամին ու օկուպանտն է: Նրա կողմից ղեկավարվող հինգերորդ շարասյունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բացահայտ ագրեսիան»։ 01:01 Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած միջադեպից տուժել է ակցիայի 14 մասնակից, և 38 իրավապահ։ Սակայն դեպքի վայրում աշխատող մեր գործընկերները նշում են, որ վիրավորների թիվն անհամեմատ ավելի շատ է։ 00:50 Շարունակվում են կրակոցների ձայներ լսվել խորհրդարանի հարակից տարածքում։ 00:40 Ցուցարարները վերադառնում են խորհրդարանի հարակից տարածք։ Սակայն շարունակվում են լսվել կրակոցների ձայներ։ Ըստ որոշ աղբյուրների՝ վիրավորների մեջ կան նաև լրագրողներ ու հատուկջոկատայիններ։ Ցույցի կազմակերպիչները քննարկում են հետագա քայլերը։ 00:10 Ոստիկանությունը ցուցարարների ուղղությամբ կիրառեց արցունքաբեր գազ։ Նրանց մի մասը ստիպված լքեց խորհրդարանի շենքի հարակից տարածքը, սակայն ցուցարարներ են հավաքվում Ազատության հրապարակում։ 00:05 Նշվում է մի քանի տասնյակ վիրավորների մասին։ Իրավիճակին անդրադարձել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան՝ հասարակության բողոքն արդարացի համարելով, սակայն, միևնույն ժամանակ բռնությունը դատապարտելով։ Ռուսթավելիի պողոտայում է նաև վարչապետի խորհրդական Սոզար Սուբարին: Նա հայտարարել է, որ օրենքը խախտողները բանտ կգնան։ Մասշտաբային ակցիայի ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում: Ցուցարարները հարձակվել են հատուկջոկատայինների վրա, ոստիկանների ուղղությամբ նետում են դատարկ շշեր: Ռուսթավելիի պողոտան փակ է, ակցիայի մասնակիցները պարբերաբար փորձում են ներխուժել խորհրդարան, ոստիկանությունը, սակայն, խանգարում է: «Ալիք Մեդիայի» նկարահանող խումբն աշխատում է դեպքի վայրից: Ներկաները վանկարկում են «Վրաստան, կեցցե Վրաստանը», ցուցատախտակների վրա գրված է՝ «Ռուսաստանն օկուպանտ է», «Վրաստանի 20 տոկոսն օկուպացված է Ռուսաստանի կողմից»: Ցուցարարները հայտարարեցին, որ կառավարության ներողությունը չեն ընդունում, և պահանջում են Վրաստանի խորհրդարանի խոսնակի, ներքին գործերի նախարարի և պետական անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականը: Խորհրադարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն այս պահին երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, վերջինս հայտրաարել է, որ չի պատրաստվում պաշտոնաթող լինել ու ընդհատել այցը: Ինչ վերաբերում է ՆԳ նախարար Գախարիային, նրա խոսքով, պաշտոնաթող կլինի, երբ դրա կարիքը կլինի: Րոպեներ առաջ խորհրդարանի շենք են մտել Վրաստանի վաարչապետ Մամուկա Բախտաձեն և իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներ: Տարածքում մոբիլիզացված են մեծ թվով ՆԳՆ ներկայացուցիչներ, բերվել են նաև հատուկջոկատայիններ: Ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն, եթե ցուցարարները չդադարեցնեն բռնությունը, ոստիկանները կկիրառեն օրենքով նախատեսված միջոցներ: Բացի այդ, նրանք լրագրողներին կոչ են արել լքել տարածքը: Իշխող կուսակցության ներկայացուցիչների կարծիքով, բողոքի ցույցը քաղաքական դրդապատճառներով է տեղի ունենում: Ներքին գործերի նախարար Գախարիան հայտարարել է, որ սա գրոհ է պետական ինստիտուտների վրա: Մեկնաբանոթյուն է արել նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նա ոստիկաններին կոչ է անում անցնել ցուցարարների կողմը: «Ես իմ ստեղծած ոստիկանությանը կոչ եմ անում չենթարկվել Իվանիշվիլիին և անցնել ցուցարարների կողմը», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին: Զուգահեռաբար, բողոքի ցույց է ընթանում նաև Վրաստանում Ռուսաստանի նախկին դեսպանության շենքի մոտ: Հարկ է նշել, որ 2008 թվականի հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Հիշեցնենք, որ Թբիլիսիում ընթանում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին ներկա էր նաև պատվիրակություն Ռուսաստանից, վեհաժողովը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չէր ընդունվել․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է»: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել է դահլիճը: Առավոտյան էլ խորհրդարանում վիճաբանություն է եղել այս առիթով։ Ավելի ուշ արդեն ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներն սկսեցին բողոքել ռուսական պատվիրակության ներկայությունից։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ևս հայտարարություններ են տարածել՝ դատապարտելով ռուս պատգամավորների ներկայությունը Վրաստանի խորհրդարանում: Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը պետք է շարունակվեր մինչև հունիսի 23-ը:
21:03 - 20 հունիսի, 2019
Թբիլիսիում կրքերը թեժանում են. ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարանի շենք |news.am|

Թբիլիսիում կրքերը թեժանում են. ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարանի շենք |news.am|

news.am: Վրաստանի խորհրդարանի մոտակայքում կրքերը թեժանում են. բողոքի ակցիայի մասնակիցները փորձում են ներխուժել խորհրդարանի շենք: Նրանց դիմադրում է ոստիկանությունը՝ թույլ չտալով շենք ներխուժել: Խորհրդարան է ժամանել ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան եւ նրա տեղակալը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն: «Այն, ինչ այստեղ տեղի է ունենում պետական ինստիտուտցիայի վրա հարձակում է»,- ասել է Գախարիան: Ամբոխի դեմ դեռեւս որեւէ ուժային միջոց չի կիրառվել: Հրմշտոցի պատճառով մի քանիսի ինքնազգացողությունը վատացել է, բուժօգնություն է տրամադրվել «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Խաթիա Դեկանոիձեին: Բացի այդ, շենքից մի քանի ոստիկանի են դուրս հանել: Հաղորդվում է նաեւ, որ այսօր ժամը 19:00-ից առնվազն 5 հազար մարդ է հավաքվել Ռուստավելի պողոտայում: Ցուցարարները պահանջում են խորհրդարանի ղեկավարի, ՆԳՆ ղեկավարի եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականները: Ցույցին մասնակցում են ընդդիմադիր կուսակցություններ, ինչպես նաեւ ուսանողներ, տարբեր հասարակական շարժումների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ շարքային քաղաքացիներ, որոնք հայտարարում են, որ դեմ են «ռուսական օկուպացիային»: Բողոքի ակցիայի ժամանակ ելույթ ունեցած քաղաքական առաջնորդներն իշխանություններին մեղադրել են անսկզբունքայնության եւ կոլլաբորացիոնիզմի մեջ: Վրաստանի խորհրդարանում սկանդալ էր ծագել առավոտյան այն բանից հետո, երբ ռուս պատգամավոր, Կոմունիստական կուսակցության անդամ Սերգեյ Գավրիլովը բացել էր Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովըԼ Այն բացվել էր նախօրեին Թբիլիսիում 25 երկրներից 100 պատվիրակների մասնակցությամբ: Միեւնույն ժամանակ, այսօր ռուս պատգամավար Գավրիլովը հայտնվել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, որից դիմել է միջազգային վեհաժողովի մասնակիցներին: Դա ընդդիմադիրների շրջանում զայրույթ է առաջացրել: Նրանք Գավրիլովին թույլ չեն տվել շարունակել ելույթը: «Եվրոպական Վրաստան» եւ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունների պատգամավորներն շրջափակել են ամբիոնն ու խոչընդոտել միջոցառմանը: Ընդդիմադիրների խոսքով՝ Վրաստանի իշխանությունները դավաճանություն են արել, քանի որ երկիր եւ խորհրդարան են թողել մի մարդու, որն աջակցում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունն ու մասնակցել է 1993 թվականին Աբխազիայի վրացիների դեմ պատերազմին: Այժմ ընդդիմությունը պահանջում է խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեի հրաժարականը: Այդ քայլը քննադատել է նաեւ «Վրացական երազանք» կուսակցությունը, այդ թվում՝ կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին:
19:35 - 20 հունիսի, 2019
Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավորի հետ կապված սկանդալը |tert.am|

Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավորի հետ կապված սկանդալը |tert.am|

tert.am։ «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» իշխող քաղաքական կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նիստի ժամանակ տեղի ունեցած սկանդալը, երբ Ռուսաստանից ժամանած պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, ինչը զայրույթի ալիք է բարձրացրել խորհրդարանում ու ընդդիմադիրների շրջանում: «Լիովին կիսում եմ հանրության վրդովմունքը Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ»,-հայտնել է նա, փոխանցում է apsny.ge-ն։«Անթույլատրելի է, որ օկուպանտ երկրի ներկայացուցիչը Վրաստանի խորհրդարանում գլխավորի որևէ համաժողով, դրան պետք է անպայման արձագանք հետևի: Ինչպես ինձ են հայտնել, դա արարողակարգային սխալ է եղել, որի քաղաքական նշանակությունը, ցավոք, հաշվի չեն առել կազմակերպիչները»,- ասել է Իվանիշվիլին՝ հավելելով, որ խորհուրդ է տվել անհապաղ դադարեցնել նիստը:  
13:20 - 20 հունիսի, 2019
Միջադեպ վրացի և ռուս պատգամավորների միջև. Հայաստանի պատվիրակության արձագանքը |lragir.am|

Միջադեպ վրացի և ռուս պատգամավորների միջև. Հայաստանի պատվիրակության արձագանքը |lragir.am|

lragir.am։ Վրաստանի խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի պատգամավորների դուր չի եկել, որ Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում է նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում:Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին նշել է. «Չեմ պատկերացնում՝ ինչը կարող է ավելի ծանր լինել, քան տեսածս: Չգիտեմ ինչ ասել»: Վրաստանի ընդդիմադիր պատգամավորները խայտառակություն են որակել ռուս պատգամավորների ներկայությունը Վրաստանի խորհրդարանում: Խոսքն առաջին հերթին Գավրիլովի մասին է, որին մեղադրում են 90-ականների սկզբին Աբխազիայում ռազմական գործողությունների մասնակցելու մեջ:Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ կարծում է, որ չի կարող ուղղափառ դաշինք լինել մի երկրի հետ, որը ոչ միայն օկուպացրել է երկրի տարածքը, այլ նաև պայքարում է կրոնի, քրիստոնեական կանոնների դեմ:«Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Ակակի Բոբոխիձեն ջուր է շփել ռուս պատգամավորների վրա՝ կոչ անելով հեռանալ երկրից:Վեհաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: Միջադեպի ժամանակ Հայաստանի պատվիրակությունը լքել է խորհրդարանի շենքը: Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հաշվի առնելով, որ երկու կողմից էլ եղբայրական ժողովուրդներ են, որոշել են դուրս գալ դահլիճից:
09:35 - 20 հունիսի, 2019
«Թբիլիսի փրայդ»-ը տեղի է ունենալու. կազմակերպիչները հայտարարություն են տարածել |aliq.ge|

«Թբիլիսի փրայդ»-ը տեղի է ունենալու. կազմակերպիչները հայտարարություն են տարածել |aliq.ge|

aliq.ge: «Թբիլիսի պրայդ» և «Արժանապատվության երթ»-ը չեղյալ չի հայտարարվում: կազմակերպիչները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իշխանությունների գործողությունները ատելություն քարոզող խմբերի դեմ համաչափ չեն:«Ականատեսն ենք պետության անգործության և իշխանության ներկայացուցիչների կողմից անպատասխանատու և վտանգներ պարունակող հայտարարությունների: Իշխանությունները ևս մեկ անգամ մատնացույց են արել, որ չկա քաղաքական կամք և երկարաժամկետ տեսլական` երկրում ատելությունն արմատախիլ անելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու տեսանկյունից: Իշխանությունների գործողություններն ատելություն քարոզող խմբերի դեմ համաչափ չեն: Վտանգի տակ են Վրաստանի պետականությունն ու ինստիտուտները: Այդ իսկ պատճառով, մենք դուրս ենք գալիս: Դուրս ենք գալիս, որպեսզի ստիպենք իշխանություններին` պաշտպանել մարդու իրավունքները և իրականացնել երկրի Սահմանադրությամբ տրված պարտականությունները»,- ասված է հայտարարության մեջ:
08:26 - 19 հունիսի, 2019
Վրաստանի նախագահը Ջավախքում խոսել է շրջանի զարգացման մասին |armtimes.com|

Վրաստանի նախագահը Ջավախքում խոսել է շրջանի զարգացման մասին |armtimes.com|

armtimes.com: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Սամցխե-Ջավախեթիի (հայկական անվանումը՝ Ջավախք) Բորջոմի քաղաքի բնակիչների հետ, գրում է aliq.ge-ն:Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում այցելել է մի քանի տարածաշրջան: Մասնավորապես, օրեր առաջ նախագահը եղել է Աբասթումանի հանգստավայրում, որտեղ ակտիվ շինարարական և վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Զուրաբիշվիլին ասել է, որ Աբասթումանին դառնալու է տարածաշրջանի զարգացման կարևոր խթան։ Հանդիպման ժամանակ նախագահը խոսել է նաև աշխատատեղերի բացակայության մասին՝ հիշեցնելով մասնագիտական կրթության մասին: Նա ասել է, որ տնտեսության ոլորտում, օրինակ, երկիրը լավ կադրերի կարիք ունի, սակայն նրանց բացակայության պատճառով ստիպված են օտարերկրացի մասնագետների հրավիրել:
12:16 - 17 հունիսի, 2019
Վրաստանի վարչապետն արժանի Է համարում, որ իր երկիրը դառնա ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամ |armenpress.am|

Վրաստանի վարչապետն արժանի Է համարում, որ իր երկիրը դառնա ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամ |armenpress.am|

armenpress.am։ ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը վրաց ժողովրդի քաղաքակիրթ ընտրությունն Է, որն արժանի Է դրան: Այդ մասին հունիսի 7-ին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Սան-Ֆրանցիսկոյում ելույթ ունենալով հասարակական համաժողովում:«Մեր բնակչության ավելի քան 80 տոկոսը պաշտպանում Է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարը»,-վարչապետի խոսքը մեջբերել Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:   Վարչապետը նաեւ նշել Է, թե հասկանում Է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը տեղի չի ունենա մեկ օրվա ընթացքում, այն կախված Է աշխարհաքաղաքական համատեքստից: Վրացական կառավարության ղեկավարն ԱՄՆ-ում Է գտնվում հունիսի 5-ից: ԱՄՆ-ը վարչապետի այցի գլխավոր նպատակն ամերիկյան խոշորագույն կորպորացիաների ղեկավարներին Վրաստանի ներդրումային կլիմային ծանոթացնելն Է:Նա Սան Ֆրանցիսկոյում արդեն հանդիպում Է ունեցել ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ամերիկա-իսրայելական խոշոր ընկերության հիմնադիրներից մեկի հետ: Բախտաձեն ԱՄՆ-ում կգտնվի մինչեւ հունիսի 14-ը: Այդ ընթացքում ծրագրված են նաեւ Վաշինգտոնում նրա պաշտոնական բանակցությունները ԱՄՆ-ի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Վրաստանը փորձում Է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ եւ ԵՄ-ի հետ մերձենալ 1990-ական թվականներից: 2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում հայտարարվել Է, որ Վրաստանը եւ Ուկրաինան անպայմանորեն կդառնան դաշինքի անդամներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
08:39 - 07 հունիսի, 2019
Վրաստանը պատրաստակամություն Է հայտնել դյուրացնել ՆԱՏՕ-ի նավերի մուտքը երկրի նավահանգիստներ |armenpress.am|

Վրաստանը պատրաստակամություն Է հայտնել դյուրացնել ՆԱՏՕ-ի նավերի մուտքը երկրի նավահանգիստներ |armenpress.am|

armenpress.am։ Վրաստանի ղեկավարությունը պատրաստ Է այսուհետեւ Էլ ընդունել ՆԱՏՕ-ի՝ Սեւ ծովում գտնվող նավերը եւ դյուրացնել դրանց մուտքը երկրի նավահանգիստներ: Այդ մասին ասված Է 2018-2020 թվականներին աշխատանքի պլանների վերաբերյալ կառավարության հրապարակած հաշվետվության մեջ:«Մեծանում Է Վրաստանի տարածքային ջրեր ՆԱՏՕ-ի նավերի այցերի ինտենսիվությունը»,- նշվում Է հաշվետվության մեջ: «Վրացական կողմը պատրաստ Է իր հնարավորությունների շրջանակում ընդունել եւ աջակցություն ցուցաբերել դաշինքի՝ Սեւ ծովում գտնվող նավերին: Ներկայում օրինագիծ Է մշակված Վրաստանի տարածքային ջրեր ու նավահանգիստներ այն նավերի մուտքի դիվանագիտական թույլտվության տրամադրման դյուրացման համար, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի օպերատիվ ենթակայության տակ»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
07:05 - 04 հունիսի, 2019
Հանքագործների գործադուլը․ նորացված դասակարգային պայքարը Չիատուրայում |epress.am|

Հանքագործների գործադուլը․ նորացված դասակարգային պայքարը Չիատուրայում |epress.am|

epress.am: 15 օր առաջ Վրաստանի Չիատուրա քաղաքում մանգանի հանքի ավելի քան 3000 աշխատողներ գործադուլ են սկսել՝ չնայած նրան, որ Չիատուրայի երեք արհիմությունների ղեկավարությունները գործադուլ անելու թույլտվություն չէին տվել։ Իսկ արհմիություններից մեկն անցյալ տարի կոլեկտիվ համաձայնագիր էր ատորագրել, համաձայն որի առաջիկա երեք տարում գործադուլ հայտարարելն արգելվում էր։ Գործադուլավորներին աջակցում էր ողջ քաղաքը։ Նրանց էին միացել ածուխի հանքավայրի, մետաղական գործարանի և Թբիլիսիի մետրոյի աշխատակիցները, մայրաքաղաքից ժամանած ուսանողներն ու ակտիվիստները: Գործադուլավորները ոչ միայն կանգնեցրել էին արտադրությունը, այլ նաև փակել էին հանքանյութ բերող մեքենաների ճանապարհներն ու քաղաքի հիմնական փողոցները։ Նրանց պահանջներն էին․ բարձրացնել աշխատավարձը 50 տոկոսով, արգելել մանգան տեղափոխող մեքենաների մուտքը քաղաք, ապահովել աշխատողներին ավելի լավ առողջապահական ապահովագրությամբ և ավելի որակյալ սնունդով։ Աշխատողների մի փոքր խումբ քաղաքի կենտրոնում վրանային նստացույց էր կազմակերպել և հայտարարել հացադուլ։ Ի նշան բողոքի նրանք կարում էին բերանները․ ամեն օր՝ պահանջները չբավարարելու դեպքում, մեկ հացադուլավոր կարում էր իր բերանը։ Հանրային արձագանքը աստիճանաբար աճում էր, երկրով մեկ շատանում էին գործադուլին միացողները, իսկ ընկերության և հանքագործների միջև բնակցություններն այդպես էլ չէին կայանում։ Պետական պաշտոնյաները հետևում էին զարգացումներին։ Օրեր առաջ Ֆինանսների նախարարը, ով իբր պետք է հանդիպեր ընկերության հետ, սպառնաց, որ աշխատողների դեմ քրեական գործեր կհարուցվեն «ապօրինի» գործադուլ անելու համար։ Գործադուլը սկսել են հերթափոխներից մեկի աշխատողները, ովքեր հրաժարվել են աշխատել «Wachtian» կոչվող նոր աշխատանքային ռեժիմով, որը հանքերում ամենադաժանն է: Երբ հարցնում էինք Wacht բառի ծագումնաբանության մասին, որը Չիատուրայում մարդիկ օգտագործում էին նոր հանքային «համակարգը» նկարագրելու համար, ոչ ոք չգիտեր։ Մի քիչ փորփրելուց հետո պարզվեց, որ բառի հիմքում գերմաներեն watch՝ հետևել և guard՝ հսկել բառերն են։ Վաչթիան եզրույթը դիպուկ է․ աշխատանքային այս ռեժիմով աշխատողներին իսկապես հետևում և հսկում են օրական 24 ժամ, ամսական՝ 15 օր։ Հանքափորները, որոնք 15-օրյա հերթափոխով աշխատում են օրական 12 ժամ, հերթափոխի ողջ ընթացքում քնում են հանրակացարանում։ Հանրակացարանը խորհրդային տարիներին ծառայել է իբրև առողջարան, որտեղ աշխատավորները ֆիզիկական և մտավոր աշխատանքի ծանր շրջաններում բուժվում ու հանգստանում էին։ Երբեմնի առողջարանում է, որ աշխատողներն այսօր այնսպիսի հսկողության տակ են գտնվում, որ չեն այցելում իրենց ընտանիքներին կամ ընկերներին, նույնիսկ երբ նրանցից շատերի տները գտնվում են մի փողոց հեռավորության վրա։ Իրոնիա կա այն բանում, որ աշխատողների երբեմնի առողջարանը դարձել է նրանց գերշահագործման կենտրոնը։ Սա է Վրաստանում դասակարգային պայքարի վիճակը։ 15 օրվա ավարտից հետո հանքագործները գնում են տուն՝ հանգստանալու, առաջին շաբաթը՝ քնած անցկացնելու, ուժերը վերականգնելու համար: Հետո վերադառնում են հերթափոխի, և ստիպված են աշխատել գիշերային հերթափոխով՝ ամեն գիշեր 12 ժամ 15 օր շարունակ։ Աշխատողների խոսքով՝ ուտելիքը ուտելու բան չէ: Այն բաղկացած է էժան ածխաջրերից, պահեստավորված մսից, շաբաթը մեկ կամ երկու անգամ՝ այլ սպիտակուցներից: 12 ժամյա աշխատանքային օրվա համար հատկացվում է կես լիտր ջուր: Սրա ամենավատ մասն է այն, որ վերաբացված այս հանքերը, որոնք գործում են նոր ռեժիմով, ի տարբերություն հին հանքերի չունեն մանգան տեղափոխելու համար ներկառուցված երկաթգիծ։ Ընկերությունը չի ցանկանում ներդրում անել կամ ժամանակ ծախսել շինարարության վրա, քանի որ նոր ռեժիմով աշխատելու պարագայում աշխատողներն առանց այդ էլ 4-5 անգամ ավելի շատ մանգան են հանում, քան ավանդական 7 ժամյա ռեժիմով աշխատելու դեպքում։ Իսկ հանքագործները տուժում են, քանի որ փակ հանքում բեռնատարների գազն ու փոշին այլ ելք չունեն քան նրանց թոքերի մեջ լցվելը՝ օրական 12 ժամ անընդմեջ։ Այդ նույն բեռնատարերը, որոնց ոչ պատշաճ մեկուսացված բեռնախցերով մանգան են տեղափոխում, երթևեկում են քաղաքով մեկ, որտեղ երեխաներ են խաղում, որտեղ մրգի ու բանջարեղենի շուկաներն են, որտեղ Չիատուրայի բնակիչներն են ապրում և հանգստանում։ Շուկայում աշխատող կանայք ասում են, որ իրենց բերքը ծածկվում է մանգանի փոշիով։ Քաղաքով հոսող գետը թունավոր է հանքի արտահոսքի պատճառով։ Քաղցկեղի ցուցանիշները հատել են բոլոր սահմանները։ Մոտակա հիվանդանոցը հարևան քաղաքում է։ Ընկերության տրամադրած առողջական ապահովագրությունը հասանելի է մի փոքրիկ սենյակում, որտեղ դեղատոմս ստանալու համար անգամ աշխատողները հաճախ երկու օր հերթ են կանգնում։ Շտապօգնության մեքենաները չեն հերիքում։ Հանքավայրում կամ չկան հերթապահ բժիշկներ, կամ, եթե կան, չեն հասցնում։ Վերջին անգամ Վրաստանում աշխատանքով պայմանավորված հիվանդացություն հայտնաբերվել է 2016 թվականին, երկու դեպքերից մեկը՝ Չիատուրայում․ գրանցվել էր Պարկինսոնի հիվանդություն, որը հարուցվել էր մանգանի հետ շփման արդյունքում։ Այդ դեպքից հետո ընկերությունը սկսել է բժիշկներին հետապնդել, և նման ախտորոշումներ այլևս չեն տրվել։ Համեմատության համար նշենք, որ խորհրդային շրջանում տարեկան 150 աշխատանքով պայմանավորված հիվանդություն էր գրանցվում, այժմ՝ զրո։ Չի թվում, որ հանքագործները հասկանում են՝ ինչու են Վրաստանի բնական ռեսուրսները, նաև՝ ենթակառուցվածքները, սարքավորումները, որոնք ժառանգվել են սովետական միությունից, գտնվում մասնավոր ընկերության վերահսկողության տակ։ Նրանք շարունակում են կրկնել «միջազգային ուղիղ ներդրումների» մասին, բայց ո՞ւր են այդ ներդումները։ Աշխատողներն իրենք են վերանորոգում իրենց գործիքները, սարքին պահում մեքենաները և երթուղիները։ Մասնավոր, մասամբ օտարերկյա ընկերությունը, կառավարում է ամբողջ քաղաքը, տեղական ինքնակառավարման մարմիններին, աղտոտում է միջավայրը, ստեղծում լուրջ առողջապահական ռիսկեր և ծախսեր, ոչ մի ներդրում չի անում, փոխարենը՝ վերցնում է տեղացիների աշխատանքն և ունեցվածք դիզում։ Հաճախ ասում են՝ հարուստ քաղաք՝ աղքատ բնակիչներով։ Սա է պատճառը, որ տեղացիները պահանջում են, որպեսզի ընկերությունը հեռանա, իսկ նրանցից ոման ազգայնացման կոչեր են անում։ Թերևս այլ հարց է, թե որքանով է ազգայնացումը առհասարակ համատեղելի ընթացիկ քաղաքականության հետ, որը շատ զգույշ է Վրաստան ներդրումներ բելերու գործընթացը որևէ կերպ չխոչընդոտելու հարցում, կամ՝ որքանով է դա համատեղելի անդրազգային շահերի հետ։ Չիատուրայի մանգանի հանքը, որը գործում է 19-րդ դարից ի վեր, այժմ շահագործվում Georgian Manganese-ի կողմից, որն ամբողջությամբ պատկանում է Մայամիում (Ֆլորիդա, ԱՄՆ) գրանցված Georgian American Alloys (Վրաց-Ամերիկյան ձուլարաններ) ընկերությանը։ 1846 թվականին մանգանի հայնտաբերումը փոխեց տարածաշրջանը։ 1913 թվականին Վրաստանը դարձել է մանգանի ամենամեծ արտահանողը աշխարհում (50%): 1921-ի կարճատև դադարից հետո հանքը վերաբացվել է և ազգայնացվել Խորդային Միության առաջին տարիներին։ 1920-ականների տնտեսական փորձարկումների ընթացքում, մինչև կոլեկտիվիզացիան, այն 20 տարով հանձնվել է ամերիկացի գործարար Ավերել Հարիմանին՝ արդիակացնելու նպատակով։ Նրան չի հաջողվել թարմացնել հանքը, և 1928 թվականին այն նորից ազգայնացվել է։ Առաջին հնգամյա պլանի տարիներին (1928-1932) Չիատուրային հարևան Զեստաֆոնի քաղաքում բացվել խտանյութի ձուլման գործարան։ Վարթսիխեում կառուցվել է նաև հիդրոէլեկտրակայան՝ արտադրությունը աշխատացնելու համար։ Խորհրդային Միության փլուզումն ու 2000-ականների վայրենի մասնավորեցումը հանգեցրեցին նրան, որ աշխատավորները ամբողջությամբ ուժազրկվեցին, աշխատավարձերը կրճատվեցին, պետական պաշտպանությունը վերացավ, պարտքերը շատացան։ Կտրուկ ֆինանսականացումը, պարզեցված վարկերի հասանելիությունը՝ առողջապահական համակարգի մասնավորեցմանն ու ցածր աշխատավարձերի հետ համատեղված, պարտքերի տակ չընկնելն անհնար դարձրեցին։ Համարյա բոլորն ասում են․ «Իսկ ո՞վ պարտք չունի։ Միջին աշխատավարձը ամսական 180-350 դոլար է, չկա վաղաժամ թոշակի գնալու տարիքային շեմ, չկա աշխատանքի ընթացքում տուժածների փոխհատուցում կամ նպաստ, աշխատանքային պայմանները անբավարար են, առողջական ապահովագրությունը՝ ևս։ Վրաստանն օտարերկյա ընկերությունների համար դարձել է «սպասարկման» երկիր, նաև՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շնորհիվ, որի նպատակն է՝ դարձնել երկիրը «բիզնեսի համար նպաստավոր միջավայր»։ Աշխատողները՝ կանայք և տղամարդիկ, պայքարել են տարիներ շարունակ։ Կրկնվող այս խնդիրները արհամարհվել են անընդհատ, ամեն նոր բողոքի ալիքից հետո՝ միայն տաս տոկոս աշխատավարձի բարձրացում և կեղծ խոստումներ։ Այժմ ընթացող գործադուլը Չիատուրայում վերջին երկու տասնամյակների փորձառությունների կուլմինացիան է։ Այդ պատճառով է, որ գործադուլավորները հրաժարվում են բոլոր արհմիություններից, չեն ընտրում շարժման առաջնորդ, չեն համաձայնում ընկերության կտերին։ Համատարած մասնավորեցումների, ֆինանսականացման, սոցիալական ծառայությունների և աշխատանքային պայմանների ի սպառ բացակայության ավելի քան 15 տարին է արդեն։ Վրաստանում եղել են բազմաթիվ անիրականանալի գործադուլներ, սակայն Չիատուրայի այս գործադուլը, կարծես, որոշիչ նշանակություն ունի նեոլիբերալ քաղաքականությունների դեմ պայքարում, մինչդեռ գործարար միասնությունը չի բերել որևէ շոշափելի հաղթանակի։ Պայքարը ստեղծեց գործադուլի նոր գաղափաներ և պրակտիկաներ, որոնք ներգրավում են ամբողջ քաղաքը և արգելափակում քաղաքային կյանքը, և այն ավարտվեց հաղթանակով․ գրեթե բոլոր պահանջները բավարարվեցին (չնայած աշխատավարձը անմիջապես կբարձրանա 25 տոկոսով և 10 տոկոսով՝ տարեվերջին)։ Քաղաքը տոնում էր ողջ գիշեր։ Թեև շատ խնդիրներ կան, որ դեռ պետք է լուծվեն, աշխատողներն ու քաղաքի բնակիչները համարում են սա մեծ հաղթանակ։
15:20 - 03 հունիսի, 2019
Վրաստանի դատախազությունը կշարունակի պահանջել Սաակաշվիլիի արտահանձնումը |news.am|

Վրաստանի դատախազությունը կշարունակի պահանջել Սաակաշվիլիի արտահանձնումը |news.am|

news.am։ Սաակաշվիլիի նկատմամբ քաղաքացիության վերականգնման կամ կորստի հարցը ոչ մի առնչություն չունի իրավական հետապնդման կամ արտահանձնման գործընթացների հետ եւ ոչ մի ազդեցություն չի ունենա ընթացիկ գործընթացի վրա: Այս մասին հայտնել է դատախազ Կոկա Կացիտաձեն, հաղորդում է «Վրաստան- On-line»-ը:Կոկա Կացիտաձեն նշել է, որ Վրաստանի դատախազությունը սկսել է Միխայիլ Սաակաշվիլիի արտահանձնման գործընթացները եւ այդ իրավական գործընթացները չեն դադարել:«Ինչ վերաբերում է քաղաքացիության հարցին, ապա քաղաքացիության վերականգնման կամ կորստի հարցը ոչ մի առնչություն չունի իրավական հետապնդման կամ արտահանձնման գործընթացների հետ եւ ոչ մի ազդեցություն չի ունենա ընթացիկ գործընթացի վրա:Դատարանի կողմից մեղադրվող Միխայիլ Սաակաշվիլին ստիպված կլինի կանգնել Վրաստանի արդարադատության առաջ եւ պատասխան տալ կատարված հանցագործության համար:Մայիսի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխայիլ Սաակաշվիլիին վերադարձրել էր Ուկրաինայի քաղաքացիությունը: Վրաստանի նախկին նախագահը եւ Օդեսայի մարզի նախկին ղեկավարը Կիեւ է ժամանել մայիսի 29-ին:
13:21 - 30 մայիսի, 2019
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Վրաստանի վարչապետի ուղերձը հրապարակված է Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում. «Հատկանշական է, որ Վրաստանը և Հայաստանն ավելի քան մեկ դար առաջ գրեթե միաժամանակ դրեցին հիմքը ժամանակակից ժողովրդավարական պետությունների, որոնց ժառանգության զարգացումը և ամրապնդումը հաջողությամբ շարունակում ենք:Ուրախ եմ, որ անցած տարի Թբիլիսիում Ձեր այցի ժամանակ միասին տոնեցինք Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության 100-ամյակը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրների միջև բարեկամության և սերտ համագործակցության մեջ Ձեր ներդրած ավանդի համար:Հույս ունեմ, որ մեր անկեղծ երկխոսությունը և փորձի փոխանակումը կնպաստեն Վրաստանի և Հայաստանի միջև բազմադարյա բարեկամության և բարիդրացիության էլ ավելի խորացմանը և նոր դինամիկ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև դրականորեն կազդի տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը:Ձերդ Գերազանցություն, ևս մեկ անգամ հավաստիացնում եմ Ձեզ իմ խորին հարգանքը և ցանկանում եմ հաջողակ գործունեություն երկրի բարեփոխումների, զարգացման և առաջընթացի գործում»:
07:10 - 30 մայիսի, 2019