Հայաստան

Այս պահին խաղաղության ամենամեծ խոչընդոտն Ադրբեջանի ագրեսիվ և անօրինական գործողություններն են․ Փաշինյան
 |armenpress.am|

Այս պահին խաղաղության ամենամեծ խոչընդոտն Ադրբեջանի ագրեսիվ և անօրինական գործողություններն են․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը գործով ապացուցել է, որ կառավարությունը և ժողովրդն ունեն իրական կամք՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Հայաստանի կառավարությունը համոզված է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կարող է գլոբալ զգալի օգուտներ բերել: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականում հրապարակված իր հոդվածում՝ անդրադառնալով հուլիսի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, որը վերջին չորս ամիսների ընթացքում տարբեր ձևաչափերով և տարբեր մայրաքաղաքներում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումների շարքից վերջինն է: «Չնայած խաղաղության համաձայնագրի ուրվագծերը ձևավորվում են, այն իրականություն դարձնելու համար դեռևս էական խոչընդոտներ կան: Տասնամյա այս խոչընդոտների հաղթահարումը հնարավոր կլինի միայն գործընկերների ամուր աջակցությամբ, ովքեր իսկապես հավատում են խաղաղությանը Հարավային Կովկասում»,-նշել է Փաշինյանը: Նրա պնդմամբ՝ այս պահին խաղաղության ամենամեծ խոչընդոտն Ադրբեջանի ագրեսիվ և անօրինական գործողություններն են Լեռնային Ղարաբաղի շուրջ, մասնավորապես Լաչինի միջանցքում ու նաև Հայաստանի սահմաններում։ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայությանը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Դեկտեմբերից ի վեր Ադրբեջանի կողմից խստորեն սահմանափակվել է մուտքը միջանցք՝ բնապահպանական բողոքի կեղծ պատրվակով։ Այժմ Բաքուն ավելի հեռուն է գնացել՝ միջանցքի մուտքի մոտ սահմանային անցակետ տեղադրելով՝ ընդհուպ խոչընդոտելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շարժը։ Սա նշանակում է, որ սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը մեծապես խաթարված է։ Amnesty International-ը, Human Rights Watch-ը, Եվրոպական խորհրդարանը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը և այլ ազդեցիկ կառույցներ նախազգուշացրել են զարգացող հումանիտար ճգնաժամի մասին:  «Արգելափակելով մարդկանց ու տրանսպորտային միջոցների մուտքը՝ Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այս գործողությունները համընկել են աճող ագրեսիվ հռետորաբանության, քարոզչության և նույնիսկ ադրբեջանական ուժերի կողմից տեղի ֆերմերների վրա կրակ բացելու հետ: Նպատակը պարզ է՝ հնարավորինս դժվարացնել կյանքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և, ի վերջո, ստիպել նրանց լքել իրենց տները։ Դա էթնիկ զտումների դասագրքային օրինակ է։ Եթե ​​միջազգային հանրությունը չարձագանքի, դա կլինի մարդկության հերթական ձախողումը»,- ասել է ՀՀ Վարչապետը։ Միջազգային հանրությունը, Փաշինյանի համոզմամբ, պետք է համարձակ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի՝ Սարաևոյի տիպի պաշարումը դադարեցնելու համար։ Շրջափակումը Ադրբեջանի կողմից իրավաբանորեն ամրագրված պարտավորությունների խախտում է և ամենակարևորը՝ Արդարադատության միջազգային դատարանի բազմաթիվ նմանօրինակ որոշումների խախտում է: Փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երաշխավորելու քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով, երկու ուղղություններով»: Սակայն անցել է հինգ ամիս, և իրավիճակն ավելի է վատացել։ Եվրամիությունը հստակեցրել է, որ Ադրբեջանի գործողություններն անընդունելի են։ Այժմ ԵՄ-ն պետք է օգտագործի իր լծակները՝ Բաքվի վրա՝ որպես էներգետիկ գործընկերոջ, ճնշում գործադրելու համար, որպեսզի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումն իրականացվի: Եվրախորհրդարանը և ԵՄ անդամ երկրների տարբեր ազգային խորհրդարաններն ընդունել են որոշումներ, որոնք ԵՄ-ին դրդում են հենց դա անել:  «Ներկայիս ճգնաժամն ընդգծում է, թե ինչու Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի իրավունքների և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում ունի առանցքային նշանակություն կայուն խաղաղության հասնելու համար: Եվրամիությունը և մյուս միջազգային գործընկերները կենսական դերակատարում ունեն: Բաքվի և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների միջև պետք է պաշտոնական երկխոսություն լինի, որի արդյունավետությունը պահանջում է միջազգային մեխանիզմի ստեղծում և երաշխիքներ միջազգային գործընկերներից՝ անվտանգություն և պարտավորությունների կատարումն ապահովելու համար»,- ասել է Վարչապետը։ Նրա դիտարկմամբ՝ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունն առանցքային հարց է, որը պետք է լուծվի մեր տարածաշրջանում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար։ Պետք է լուծվեն նաև այլ հարցեր։ Ադրբեջանը դեռ հրաժարվում է ճանաչել միջազգայնորեն ընդունված սահմանները, գրավում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասը և պահում ռազմագերիներին, որոնց պարտավորվել էին վերադարձնել դեռ 2020 թվականին։ Սա չպետք է հանդուրժվի. խաղաղ գործընթացի հետևողական տորպեդահարումը պետք է հետևանքներ ունենա։ Հակառակ դեպքում, ադրբեջանական ուժերը, որոնք շրջափակել են Լեռնային Ղարաբաղը, կհավատան, որ իրենք ազատ են և կարող են անպատիժ գործել: Հայաստանը խորապես գնահատում է ԵՄ-ի միջնորդական և օժանդակող ջանքերը, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ առաքելության հիմնումը։ Սա, ըստ Փաշինյանի, կենսական խնդիր է Ադրբեջանի հետ մեր միջազգային սահմանի մոնիտորինգի, տեղում կայունության բարձրացման և սահմանամերձ շրջաններում ապրողների հետ վստահության ամրապնդման գործում: Սրանք սկզբունքներ են, որոնք առանցքային են Հայաստանի ինքնության համար։ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը գիտակցաբար հետամուտ են եղել քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ պաշտպանելու մարդու իրավունքները, ամրապնդելու օրենքի գերակայությունը, լրատվամիջոցների ազատությունը և պայքարելու կոռուպցիայի դեմ: Միջազգային վարկանիշային աղյուսակում Հայաստանի առաջընթացը արտացոլում է մեր ձեռքբերումներն ու վճռականությունը, և ԵՄ աջակցությունն այս գործընթացներում շատ գնահատելի է։ «Ժողովրդավարական ապագայի հանդեպ այս անսասան հանձնառությունն օգնեց հայ ժողովրդին դիմանալ դժվար ժամանակներում: Մենք կշարունակենք այդ հանձնառությունը, քանի որ ձգտում ենք կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Հենց հիմա կա նման համաձայնության հասնելու հնարավորությունների պատուհան։ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է այս գործընթացին և նշանակալի քայլեր է ձեռնարկել դրան հասնելու համար։ Այժմ մեզ անհրաժեշտ է Եվրոպայի և գործընկերների աջակցությունն ամբողջ աշխարհում՝ ապահովելու համար, որ Ադրբեջանը նույնպես կատարի իր պարտավորությունները: Եթե ​հաջողության հասնենք, ապա կայուն խաղաղության համաձայնագիրը կարող է իսկապես գլոբալ օգուտներ բերել»,- եզրափակել է ՀՀ վարչապետը։    
17:17 - 24 հուլիսի, 2023
«Արդեն հայտարարել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է, իսկ հիմա պետք է անեն երկրորդը՝ ստորագրեն»․ Ալիև

«Արդեն հայտարարել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է, իսկ հիմա պետք է անեն երկրորդը՝ ստորագրեն»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել China Media Group-ին, որտեղ, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում խաղաղության պայմանագրին, երբ և ինչպես կարող է այն ակնկալվել, ասել է, թե «դրան կարելի է հասնել մոտ ապագայում»։  «Ինչու՞ եմ այդպես կարծում․ որովհետև Հայաստանը ստիպված եղավ կարևոր հայտարարություն անել, որ ոչ միայն ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը պաշտոնապես ընդունեցին անցյալ տարվա հոկտեմբերին, ապա մի քանի անգամ հաստատեցին, այլ նաև հայտարարեցին դրա մասին այս տարվա մայիսին, որովհետև մենք պահանջեցինք պարզաբանել, որ Ղարաբաղը ճանաչում են որպես Ադրբեջանի մաս։ Նրանք ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառ․ կիլոմետր տարածքում, որը ներառում է Ղարաբաղը և ադրբեջանական ութ անկլավները Հայաստանի տարածքում։ Սա իրականում կարևոր հայտարարություն է, որից հետո մնում է միայն այն թղթին հանձնել ու ստորագրել։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր դիրքորոշումը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։ Մենք մշակեցինք հինգ միջազգային հիմնարար սկզբունքներ, որոնք պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի համար»։  Ալիևը ասել է, որ մի քանի անգամ արդեն բանակցություններ անցկացվել են, և դրանք կշարունակվեն հուլիսի վերջին։ Նա նշել է, թե տարաձայնությունների միակ հիմնական կետն այն էր, որ Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչեր Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ «Ինչպես արդեն ասացի, առաջինը՝ արդեն հայտարարել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է, իսկ հիմա պետք է անեն երկրորդը՝ ստորագրեն։ Դրանից հետո կարելի է համաձայնություն ձեռք բերել, և ես կարծում եմ, որ եթե հայերը կատարեն իրենց ասածը, և եթե սա հերթական քաղաքական մանևր չլինի, եթե գործընթացը ձգձգելու համար հորինված պատմություն չլինի, ապա մինչև տարեվերջ կարող ենք հասնել խաղաղության համաձայնագրի և ստորագրել այն։ Սա կարող է դառնալ իսկապես կարևոր աշխարհաքաղաքական գործոն, որը վերջ կտա երկարաժամկետ հակամարտությանը, Կովկասում իրական խաղաղություն կստեղծի, հնարավորություն կտա բացելու բոլոր հաղորդակցությունները»։ Անդրադառնալով արցախահայերի թեմային, Ալիևը նշել է, թե ինչպես արդեն հայտարարել են, նրանց իրավունքները և անվտանգությունը պատշաճ կերպով պաշտպանվելու են․ «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայերը կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ Ադրբեջանի ցանկացած այլ քաղաքացի։ Կարծում եմ, որ դա լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, և, իմ կարծիքով, Ադրբեջանի այս դիրքորոշումը գնահատվում է միջազգային հանրության կողմից»։ Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։  Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։ 
16:34 - 24 հուլիսի, 2023
Չնայած խաղաղության պայմանագիր կնքելու և փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեր պատրաստակամությանը՝ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ դիրքորոշում ունենալ․ Վահագն Խաչատուրյան

Չնայած խաղաղության պայմանագիր կնքելու և փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեր պատրաստակամությանը՝ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ դիրքորոշում ունենալ․ Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել իտալական «La Repubblica» պարբերականին:ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հարցազրույցի ընթացքում նախագահը անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում առկա հիմնախնդիրներին և ընդհանուր իրադրությանը: Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բովանդակության և ղարաբաղյան շարժման մեկնարկի վերաբերյալ:Իր խոսքում նախագահը նշել է.«Երեսուն տարի առաջ իրավիճակը նույնն էր, ինչ այսօր, վտանգված է հայության գոյատևումը։ Պատերազմ չէր լինի, եթե չլինեին 1988-ին Սումգայիթի և 1990-ի Բաքվի ջարդերը, որոնք կազմակերպված էին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Արդյունքը եղավ այն, որ ոչ Սումգայիթում, ոչ Բաքվում այսօր ոչ մի հայ չի ապրում։Այսօր Ադրբեջանի քաղաքականությունը նույնն է: Նա ցանկանում է հայաթափել Լեռնային Ղարաբաղը: Նրանց իշխանությունը հայտարարում է, որ իրենց համար Լեռնային Ղարաբաղի հարցն այլևս գոյություն չունի, քանի որ այն լուծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում, չնայած այն հանգամանքին, որ մեր 120 հազար հայրենակիցներ այսօր էլ ապրում են այդ տարածաշրջանում։ Բաքուն պնդում է, որ նրանք պետք է ապրեն ադրբեջանական օրենսդրության համաձայն, կամ պետք է հեռանան: Նրանք լավ գիտեն, որ ոչ մի հայ երբեք չի ցանկանա ապրել այսպիսի Ադրբեջանում, որտեղ մարդու իրավունքները ոտնահարված են, ժողովրդավարության արժեքները չեն գործում և բացի դա, որպես հայ իրենք մշտական վտանգի տակ են։ Չնայած խաղաղության պայմանագիր կնքելու և փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեր պատրաստակամությանը, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ դիրքորոշում ունենալ»:Պատասխանելով Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ լրագրողի հարցին Հանրապետության նախագահը շեշտել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կեղծ բնապահպանական ակտիվիստները լիովին կեղծ պատրվակներով արգելափակել է Լաչինի հումանիտար միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակչության համար ստեղծելով հումանիտար ճգնաժամի սպառնալիք՝ սննդի, դեղորայքի պակասի, էլեկտրաէներգիայի և գազի շարունակական խափանումների պատճառով։ Անդրադառնալով ընդհանուր տարածաշրջանային հիմնախնդիրներին Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը լիովին հավատարիմ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ հավասարակշռված ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման դիրքորոշմանը: «Մենք ցանկանում ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ մեր հարևանների հետ, դրա համար էլ մեր կառավարությունը բռնել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհը։ Ես ուրախ եմ, որ այսքան տարի անց մենք վերսկսել ենք երկխոսությունն Անկարայի հետ։ Մենք պետք է ապագային նայենք և տեսնենք, թե ինչպիսի տարածաշրջան ենք ցանկանում թողնել մեր երեխաներին: Մենք պետք է ձգտենք տարածաշրջանային հավասարակշռության ու խաղաղության, ոչ թե պատերազմի»:
15:20 - 24 հուլիսի, 2023
Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին․ Իրանի ԱԳՆ խոսնակ
 |armenpress.am|

Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին․ Իրանի ԱԳՆ խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների նոր փուլին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ հայտնելով Թեհրանի պատրաստակամությունը՝ նպաստել Կովկասում կայուն խաղաղության հաստատման ջանքերին։ Իրանի արտգործնախարարության խոսնակն իր ամենշաբաթյա ասուլիսում Հարավային Կովկասը Թեհրանի համար նշանակալի հարց է անվանել։ «Իրանն աջակցում է հարևանների միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին», - Քանաանիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։ Նշենք, որ Թեհրանում հանդիպում է կայացել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և նրա իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև։ Կողմերը քննարկել են համագործակցության զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցեր։
13:52 - 24 հուլիսի, 2023
Հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտում ու Երևանում համաժամանակյա հանրահավաքներ են նախատեսվում․ Արցախի պետնախարար

Հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտում ու Երևանում համաժամանակյա հանրահավաքներ են նախատեսվում․ Արցախի պետնախարար

Արցախի պետնախարարը տեղեկացնում է՝ հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսվում են համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում: «Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր միասնական պայքարը՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման: Ի պաշտպանություն Արցախի ժողովրդի իրականացվող ամենատարբեր ակցիաների մասնակիցներին ու Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին կոչ եմ անում համախմբվել և հավաքին միասնական մասնակցությամբ արտահայտել հայ ժողովրդի հավաքական կամքն ու Արցախի հարցում մեր անսակարկելի դիրքորոշումը՝ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում:   Յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր է Արցախի ու արցախցիներիս համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։Գլխավոր լուսանկարը՝ Երևանում հանուն Արցախի իրականացվող ակցիաներից
23:17 - 23 հուլիսի, 2023
Այլընտրանք կա առանց պատերազմի ավելի արդար եւ երկարատեւ լուծման հասնելու. Վարդան Օսկանյան |news.am|

Այլընտրանք կա առանց պատերազմի ավելի արդար եւ երկարատեւ լուծման հասնելու. Վարդան Օսկանյան |news.am|

news.am: Փաշինյանը ինչ անում է խաղաղություն չի կարող բերել, սա կարող է լավ հարաբերություններ բերի Փաշինյանի իշխանության եւ Ադրբեջանի միջեւ, բայց ոչ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ես մի կարեւոր բան ավելացնեմ, եթե Փաշինյանը այս փաստաթուղթը ստորագրի, Հայաստանը մտնելու է խորը անկայունության մի երկարատեւ ցիկլի մեջ, որից դուրս գալը շատ դժվար է լինելու: Եթե պատերազմից հետո Փաշինյանի անվտանգությունը կախվածության մեջ էր իր պաշտոնից, այս փաստաթուղթը ստորագրելուց հետո Փաշինյանի անվտանգությունն ու իր պաշտոնը միաձուլվելու են, դառնալու են մեկ, եւ այս պայմաններում չի կարող ժողովրավարություն լինել երկրում, երկրի ղեկվարի պաշտոնն ու անվտանգության միաձուլվելը չի կարող ռացիոնալ լինել  իր որոշումներում, սա բարդ է: Եթե այդ փաստաթուղթը ստորագրվում է, Հայաստանում անկայունություն է լինելու, դրա ծիլերն արդեն երևում են, բոլորն են տեսնում՝ քաղբանտարկյալների գոյությունը, հալածանքները, մարդկանց աշխատանքից ազատելը իրենց գաղափարների համար եւ դա խորանալու է, ավելի բիրտ մեթոդներ են կիրառվելու, ՀՀ-ն դառնալու է ոստիկանական պետություն»,-ասաց նա: Օսկանյանը նշեց, որ այս բոլոր հիմնավորումները երբ ինքը ներկայացրել է օտարերկրյա դիվանագետներին, այս վերջին նկատառումն է, որ նրանց ցնցել է, որի մասին նրանք չէին մտածել: «Այն,  ինչ այսօր արվում է, իրատեսական չէ, հատկապես որ այլընտրանք կա: Բանակցային օրակարգ պետք է բերվի այն փաստը, որ Արցախը սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ: Այո, այդ հարցը պետք է բերվի օրակարգ, որովհետև յստեղ խնդրի ձեւակերպումը շատ լուրջ է, մենք ընդամնեը ասում ենք՝ այդ հարցը բերում ենք օրակարգ, չենք ասում՝ ձգտում ենք այդ կարգավիճակին, կամ այլ կարգավիճակի, ուղղակի այն փաստը, որ եղել է ինքնավար մարզ Արցախն Ադրբեջանի մեջ, լինի օրակարգային հարց, որը նոր դռներ է բացելու: »,-ասաց նա: Օսկանյանի համոզմամբ՝ միջազգային իրավաբանները միակարծիք են այս հարցում, եւ եթե Ադրբեջանը մերժում է սա,Արցախի ժողովուրդը, միանշանակորեն, իրավուքն կունենա արտաքին ինքնորոշման ձգտելու, միջազգային իրավունքը տալիս է  այդ հնարավորությունը: «Եթե մենք կարողանանք համախմբվել, այս ուղղությամբ հարցը առաջ տանել Արցախով, Հայաստանով, Սփյուռքով եւ այլ դերակատարներով, մենք արդյունքի ենք հասնելու եւ կարողանալու ենք փոխել բանակցությունների օրակարգը, նարրատիվը եւ փիլիսոփայությունը»,-ասաց նա: Նախկին արտգործնախարարը շեշտում է, որ Փաշինյանն այսօր երկու ճանապարհ ունի՝ մեկը շարունակել իր բռնած ճանապարհով, որը թվում է՝ հեշտ է, մյուսը միանա իր ասած օրակարգին: «Փաշինյանը պետք է վերանայի իր քաղաքականությունը, այլընտրանք կա, այլ հնարավորություններ կան, մյուս ճանապարհը իրատեսական չի, ես չեմ հոգնում կրկնել, որ մեր ժողովրդի ուղեղում լավ տպավորվի: Այլընտրանք կա առանց պատերազմի ավելի արդար եւ երկարատեւ լուծման հասնելու: Այս խաղաղությունը կարճ է լինելու, հաջորդ սերունդների վրա է բեռը լինելու, այս ձեւով ոչ ոք չի ընդունելու նման լուծում»,-ասաց նա: Անդրադառնալով Արցախում ստեղծված օրհասական վիճակին, Օսկանյանն ասաց, որ այստեղ Հայաստանի իշխանություններն անելիք ունեն, ունենալով միջազգային դատարանի որոշումը Հայաստանը պետք է շատ արագ հայց ներկայացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, պահանջի, խնդրի, որ Լաչինի միջանցքը բացվի՝ համապատասխան ճիշտ դիվանագիտական աշխատանք կատարելով:
18:35 - 22 հուլիսի, 2023
«Մոսկվան վստահ է, որ Բաքուն և Երևանը կկարողանան կարգավորել հարաբերությունները»․ Ռյաբկով |azatutyun.am|

«Մոսկվան վստահ է, որ Բաքուն և Երևանը կկարողանան կարգավորել հարաբերությունները»․ Ռյաբկով |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան վստահ է, որ Բաքուն և Երևանը կկարողանան կարգավորել հարաբերությունները։ Այդ հայտարարությամբ հուլիսի 21-ին Մոսկվայում Ալեքսանդր Գորչակովի անվան հանրային դիվանագիտության հիմնադրամի բարեկամների տարեկան հավաքում հանդես է եկել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մենք համոզված ենք, որ Հայաստանում և Ադրբեջանում ողջամիտ քաղաքական գործիչները պատասխանատու եղանակով են մոտենում այն դիրքորոշմանը, որը բոլոր փուլերում առաջ է տանում Ռուսաստանը: Կարծում եմ, մեր ջանքերը ցանկալի արդյունք կապահովեն և կհասցնեն խնդրի կարգավորման», - ասել է Ռյաբկովը: Նա ընդգծել է, որ ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունում միայն «կայուն կարգավորման բանաձև է փնտրում և աշխատում է երկու երկրների համար հասկանալի օրակարգի վրա»։ Ռյաբկովի փոխանցմամբ, Ռուսաստանը չի ցանկանա, որ իր առաջարկներում որևէ կողմ «այսպես կոչված հավաքական Արևմուտքի հետ» աշխարհաքաղաքական մրցակցության տարր տեսնի։ «Մենք պատրաստ ենք օգնել կողմերին գտնել այն հանգրվանը, որտեղ շահերը մերձենում են և որտեղ հնարավոր է արդյունք ապահովել պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի տեսքով», - ասել է Ռյաբկովը։ Խոսելով Ղարաբաղի մարդասիրական իրավիճակի մասին՝ Ռյաբկովն ասել է, որ Ռուսաստանն արել է և կշարունակի անել ամեն ինչ ճգնաժամի հումանիտար հետևանքները նվազագույնի հասցնելու համար։
10:11 - 22 հուլիսի, 2023
Հայաստանն արդեն ընդունել է, որ Ղարաբաղը Ադրբեջան է  և հիմա արդեն սկսվել է փաստաթղթի ստորագրման փուլը․ Իլհամ Ալիև |news.am|

Հայաստանն արդեն ընդունել է, որ Ղարաբաղը Ադրբեջան է և հիմա արդեն սկսվել է փաստաթղթի ստորագրման փուլը․ Իլհամ Ալիև |news.am|

news.am: «Ներկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցում են երեք միջազգային կողմեր՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Եվրամիությունը։ Ադրբեջանն անկեղծորեն մասնակցում է այս գործընթացին երեք ուղղություններով և ցուցաբերում է արդյունքի վրա հիմնված մոտեցում։ Բայց առայժմ արդյունք չկա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Շուշիում կազմակերպված մեդիա ֆորումի ընթացքում։ «Կարծում եմ, որ Հայաստանը պետք է անի վերջին քայլը. Պատերազմից հետո արդեն մի շարք քայլեր են արել, և ես չէի ասի, որ այդ քայլերը կամավոր են արվել։ Վերջին երկուսուկես տարիների ընթացքում եղել են մի քանի պահեր, որոնք Հայաստանին հստակ ցույց տվեցին, որ եթե իրենք չեն ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը։ Պարզ է, թե դա ինչ է նշանակում նրանց համար: Նրանք արդեն ընդունել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է, դա բացահայտ հայտարարեցին, և հիմա արդեն սկսվել է փաստաթղթի ստորագրման փուլը։ Սա չափազանց կարևոր վերջին պահն է»,- ասել է Ալիևը։
19:31 - 21 հուլիսի, 2023
Բաքուն մտադիր է առաջիկա տարիներին 150 հազար մարդ բնակեցնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում
 |azatutyun.am|

Բաքուն մտադիր է առաջիկա տարիներին 150 հազար մարդ բնակեցնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում |azatutyun.am|

azatutyun.am: Առաջիկա երեք տարում Բաքուն մտադիր է 150 հազար մարդ բնակեցնել 44-օրյա պատերազմի ընթացքում իր վերահսկողության տակ անցած տարածքներում, այսօր Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով լրագրողական համաժողովում։ «Միայն Ղարաբաղի շրջանում մինչև 2026 թվականը նախատեսված է վերադարձնել 140 հազար մարդ։ Հուսով եմ, որ հաջորդ տարի Շուշիի առաջին բնակիչները կհաստատվեն»,- հայտարարել է Ալիևը։ Ադրբեջանի առաջնորդը շեշտել է նաև, որ տարածաշրջանում խաղաղությունը կախված է հիմնականում հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավումից։ Ալիևը համոզմունք է հայտնել, որ մինչև տարեվերջ Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը «իրատեսական է»։ «Եթե Հայաստանը համաձայնի այդ կետին (համաձայնագրի), որտեղ լիովին ձեռնպահ է մնում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, կարծում եմ, որ խաղաղ համաձայնագրի ստորագրումը կարող է իրատեսական է լինել մինչև այս տարվա վերջ»,- ասել է Ալիևը։
18:36 - 21 հուլիսի, 2023
Կանադայից երկու փորձագետ կմիանա Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը
 |civilnet.am|

Կանադայից երկու փորձագետ կմիանա Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը |civilnet.am|

civilnet.am: Կանադայից երկու քաղաքացիական փորձագետ կմիանա Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։ Այդ մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին Հայաստանում ԵՄ առաքելությունից։ «Հուլիսի 18-ին ԵՄ-ն ընդունեց Կանադայի պաշտոնական առաջարկը՝ աջակցելու Հայաստանում ԵՄ առաքելությանը (EUMA): Կանադայի նախնական ներդրումը բաղկացած կլինի մինչև երկու քաղաքացիական փորձագետներից, որոնք կտեղակայվեն մեկ տարի ժամկետով: Այդ փորձագետների տեղակայման ժամկետը դեռ հայտնի չէ, և նրանց ստույգ խնդիրները կորոշվեն ավելի ուշ»,- ասված է պատասխանում։ Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովի հուլիսի 18-ի որոշման մեջ ասված էր, որ հավանություն է տրվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու Կանադայի առաջարկին․ «Կանադայի ներդրումը Հայաստանում Եվրոպական միության առաքելությանը ընդունված և նշանակալի է համարվում»,- նշված էր որոշման մեջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ ողջունել է ՀՀ-ում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը։ Հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհրդում համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելությունը մեկնարկել է փետրվարի 20-ին։ ԵՄ առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ Առաքելությունը, որի կազմում ընդգրկված է 100 դիտորդ, նախնական լինելու է երկու տարի ժամկետով։
11:13 - 21 հուլիսի, 2023
Կոչ ենք անում Հայաստանին խաղաղապահներին միջազգային մանդատ տալու հարցով անհապաղ դիմել ՄԱԿ․ Արցախի ԱԺ ուղերձը

Կոչ ենք անում Հայաստանին խաղաղապահներին միջազգային մանդատ տալու հարցով անհապաղ դիմել ՄԱԿ․ Արցախի ԱԺ ուղերձը

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստում ուղերձ է հղել՝ ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։ Ուղերձում մասնավորապես ասված է․ «2020թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, կոպտորեն խախտելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը, Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա ռազմական ագրեսիա, որը դադարեցվեց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ։ Եռակողմ հայտարարությամբ սահմանված կարգով Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետությունում տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 5 տարի ժամկետով՝ հետագայում երկարաձգման հնարավորությամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: Եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանի Դաշնությունը, ըստ էության, իրացրել է ՄԱԿ-ի կանոնադրության 6-րդ գլխում սահմանված վեճերի խաղաղ կարգավորման դրույթները, մասնավորապես, 33-րդ հոդվածի 1-ին մասը, հակամարտության կողմերի միջև վեճի կարգավորումը տեղափոխելով «միջնորդության, համաձայնության և բանակցությունների» դաշտ, ինչը ձախողվել է Ադրբեջանի կողմից դրսևորվող շարունակական և լայնածավալ ագրեսիայի հետևանքով՝ հակամարտության ուղղակի և անուղղակի կողմերի ներգրավմամբ ստեղծելով տարածաշրջանային ճգնաժամ։ Մյուս կողմից` շարունակվում է անտեսվել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունն ու Արցախի ժողովրդի կամարտահայտությունը։ Արցախի ժողովուրդը, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու սկզբունքների, ինչպես նաև ԽՍՀՄ օրենսդրության համապատասխանությամբ, իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, այնուհետև դեկտեմբերի 10-ին անցկացնելով Անկախության հանրաքվե։ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը օժտված չէ միջազգային մանդատով․ հանգամանք, որը կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտումների, տարածաշրջանի անվտանգության և կայունության շարունակական վտանգման համար։ Ասվածի փաստական ապացույցներն են Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարությամբ ամրագրված հրադադարի ռեժիմի ու միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները, այդ ամենի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանի որոշումներով, ԵԽԽՎ-ի բանաձևով արձանագրումները: Մասնավորապես Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի՝ արդեն յոթ ամսից ավել շարունակվող շրջափակումը, ենթակառուցվածքների խափանումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացվող շարունակական ահաբեկումները, ազգային ատելության քարոզչությունը, հայկական եկեղե­ցիների, պատմամշակութային, կրոնական և այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման և վանդալիզմի արձանագրված բազմաթիվ դեպքերը: Նշված և այլ մեթոդներով Էթնիկ զտումների քաղաքականությունը մարդկության դեմ ուղղված հանցագործության բացահայտ դրսևորումներ են։ Հիմք ընդունելով այդ ամենը, ինչպես նաև ՄԱԿ-ի՝ գալիք սերունդներին պատերազմի, էթնիկ զտումների և ցեղասպանության արհավիրքից փրկելու վճռականությունն ու միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման պատասխանատվությունը՝ Արցախի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը, կոչ է անում. Հայաստանի Հանրապետությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ։ Միջազգային հանրությանը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրների՝ Հավատարիմ լինելով ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին գլխում սահմանված նպատակներին ու սկզբունքներին և առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխում սահմանված կարգով՝ ընդունել իմպերատիվ բնույթի որոշում (բանաձև)՝ ձեռնարկելով և սահմանելով Արցախում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ: Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին պատերազմի արհավիրքից, վերահաստատելու հավատը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև մեծ ու փոքր ազգերի հավասար իրավունքների նկատմամբ, ուստի այդ կառույցներից ակնկալում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն միջազգային իրավունքի նորմերից բխող պարտավորությունների հանդեպ հարգանքը, ազատության պայմաններում խթանել Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումը»:
11:00 - 21 հուլիսի, 2023
ՌԴ Դաշնային խորհուրդը հայ խորհրդարանականներին հորդորել է ուսումնասիրել երկրի՝ Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը
 |news.am|

ՌԴ Դաշնային խորհուրդը հայ խորհրդարանականներին հորդորել է ուսումնասիրել երկրի՝ Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը |news.am|

news.am: Հայաստանի Ազգային ժողովը պետք է ուսումնասիրի երկրի՝ Հռոմի ստատուտին միանալու հետևանքները և գնահատի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար ռիսկերը։ Այս մասին ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը, գրում է ՏԱՍՍ-ը։ Հայաստանի Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ի որոշմամբ նշել է, որ Հռոմի կանոնադրությունը չի հակասում երկրի սահմանադրությանը։ «Ինչպես մենք հասկանում ենք, դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի տրիբունալի իրավասությունը բոլոր այն գործերի առնչությամբ, որոնք նա վարում է։ Մենք ենթադրում ենք, որ մեր հայ գործընկերների այս քայլը չունի հակառուսական ենթատեքստ, սակայն, այնուամենայնիվ, գործնականում շոշափելի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին։ Մենք կոչ ենք անում մեր դաշնակիցներին ևս մեկ անգամ ուշադիր դիտարկել Հռոմի կանոնադրությանը միանալու հետևանքները և գնահատել հնարավոր ռիսկերը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար։ Այս դեպքում ես դիմում եմ խորհրդարանականներին»,- ասել է Վորոբյովը։ Նրա խոսքով՝ երկխոսություն է ընթանում Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է Հռոմի 1998 թվականի կանոնադրությամբ: Այժմ միջազգային պայմանագրին մասնակցում է 123 երկիր։ Կանոնադրության մեջ չհանդիսացող կողմերի թվում են Ռուսաստանը (ստորագրված, բայց չվավերացված), Միացյալ Նահանգները (ստորագրված, բայց հետագայում դուրս եկած) և Չինաստանը (չի ստորագրել կանոնադրությունը): 2016 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Ռուսաստանը չի դառնա ՄՔԴ անդամ։ Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը միջազգային օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության համար: Նրանք մեղադրվում են ուկրաինացի երեխաներին դեպորտցիայի ենթարկելու մեջ։ Այժմ Վլադիմիր Պուտինը չի կարող մեկնել երկրներ, որոնք վավերացրել են Հռոմի ստատուտը, և երկրներ, որոնք ճանաչում են դատարանի իրավասությունը (124 պետություններ): Դրանք Եվրոպայի բոլոր երկրներն են, ամբողջ Հարավային Ամերիկան ​​(ներառյալ Ռուսաստանի այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք են Վենեսուելան, Տաջիկստանը, Աֆղանստանը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Նիգերիան):
10:43 - 21 հուլիսի, 2023
Փաշինյանի ելույթը ցույց է տալիս ՀՀ-ի մտադրությունը՝ խոչընդոտելու խաղաղության պայմանագրի բանակցություններին․ Ադրբեջանի ԱԳՆ
 |tert.am|

Փաշինյանի ելույթը ցույց է տալիս ՀՀ-ի մտադրությունը՝ խոչընդոտելու խաղաղության պայմանագրի բանակցություններին․ Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Ադրբեջանի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։  «Այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին կառավարության նիստին իր ելույթում ևս մեկ անգամ ընդգծեց Լաչինի ճանապարհի վերաբերյալ վերջին 8 ամիսների ընթացքում իրենց կրկնած պնդումները՝ անդրադառնալով Բրյուսելում ղեկավարների մակարդակով հանդիպմանը, ցույց է տալիս Հայաստանի մտադրությունը՝ խոչընդոտելու խաղաղության պայմանագրի բանակցություններին, որոնք վերջին շրջանում առաջ են գնում իրենց քաղաքական նպատակներով» (չակերտները - Tert.am),- հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ հայկական կողմից «Աղդամ-Խանքենդի» (Ակնա-Ստեփանակերտ, չակերտները - Tert.am) ճանապարհի օգնագործման մերժումը վկայում է տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» մասին հայտարարության «անհիմն լինելու և Ադրբեջանի տարածքում անօրինական գործունեությունը շարունակելու Հայաստանի մտադրության մասին» (չակերտները - Tert.am)։  Ադրբեջանական կողմը նշել է, որ «շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմամբ ու հանդիսանում է բանակցային գործընթացի ակտիվ կողմ» (չակերտները - Tert.am)։ «Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղությամբ, ապա պետք է հրաժարվի խաղաղության գործընթացին խոչընդոտող ջանքերից» (չակերտները - Tert.am),- ասված է Բաքվի հաղորդագրության մեջ։
21:54 - 20 հուլիսի, 2023