Հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտում ու Երևանում համաժամանակյա հանրահավաքներ են նախատեսվում․ Արցախի պետնախարար
23:17 - 23 հուլիսի, 2023

Հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտում ու Երևանում համաժամանակյա հանրահավաքներ են նախատեսվում․ Արցախի պետնախարար

Արցախի պետնախարարը տեղեկացնում է՝ հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսվում են համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում:

«Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր միասնական պայքարը՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման:

Ի պաշտպանություն Արցախի ժողովրդի իրականացվող ամենատարբեր ակցիաների մասնակիցներին ու Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին կոչ եմ անում համախմբվել և հավաքին միասնական մասնակցությամբ արտահայտել հայ ժողովրդի հավաքական կամքն ու Արցախի հարցում մեր անսակարկելի դիրքորոշումը՝ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում:
 
Յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր է Արցախի ու արցախցիներիս համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։


Գլխավոր լուսանկարը՝ Երևանում հանուն Արցախի իրականացվող ակցիաներից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել