ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Երեք զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը․ ՔԿ

Երեք զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է երեք զինծառայողների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ ևս մեկ ժամկետային զինծառայողի՝ դիրքի ավագի՝ դեպքին առնչություն ունենալու վերաբերյալ: Վերջինս ձերբակալվել է՝ ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում, հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով:Նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերոհիշյալ զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ավելի վաղ ձերբակալվել էր նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն:Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 22-ին բավարարվել է:Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:56 - 23 օգոստոսի, 2021
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային բանակային խաղեր-2021»-ի «Խաղաղության մարտիկ» մրցույթը

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային բանակային խաղեր-2021»-ի «Խաղաղության մարտիկ» մրցույթը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։  Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ: Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն իր խոսքում նշել է. «Վստահ եմ, որ մրցելիս թիմերը կցուցադրեն արհեստավարժություն, մարտական և մարտավարամասնագիտական պատրաստվածության բարձր աստիճան: Մրցույթի մասնակիցները լավագույններն են, նրանք նախնական ընտրության դժվարին ճանապարհ են անցել՝ ազնիվ պայքարում վաստակելով իրենց երկրների զինված ուժերը ներկայացնելու պատիվը: «Խաղաղության մարտիկ» մրցույթը կլինի մարտական եղբայրության և խիզախության իսկական տոն և կնպաստի միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը»: Գեներալ-լեյտենանտ Դավթյանը հավելել է, որ միջազգային բանակային խաղերը բացառապես խաղաղ բնույթ ունեն, այստեղ տեղ չկա քաղաքականությանն ու հակասություններին, իսկ միմյանց հետ մրցելու լավագույն վայրը մարզական միջոցառումներն են: Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է երգի ու պարի համույթների ելույթով: «Խաղաղության մարտիկ-2021» մրցույթին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների և Քաթարի Պետության զինված ուժերի ներկայացուցիչները: Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: Չորրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:
17:16 - 22 օգոստոսի, 2021
ՊՆ-ն մեկնաբանել է զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքների մասին տարածվող տեսանյութը

ՊՆ-ն մեկնաբանել է զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքների մասին տարածվող տեսանյութը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է տարածվող տեղեկությունները, թե ՊՆ N զորամասի պահպանության տարածքում իրականացվող ինժեներական աշխատանքները իրականացնելու համար զինվորներն են գումար հավաքել և շինարարական տեխնիկա վարձել: ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներով տարածվում է ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում իրականացվող ինժեներական աշխատանքները պատկերող տեսանյութ, որում, տեսանյութը նկարահանողը պնդում է, թե իբր զինվորներն են գումար հավաքել և շինարարական տեխնիկա վարձել՝ այդ աշխատանքներն իրականացնելու համար։ Նախարարությունը հայտնում է, որ նշված տեսանյութը նկարահանվել է ընթացիկ տարվա հուլիս ամսին։ Տեսանյութի փաստով նշանակվել է ծառայողական քննություն, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Տեսանյութում արվող պնդումը՝ զինվորների գումար հավաքելու մասին, չի համապատասխանում իրականությանը, իսկ պնդում անող զինծառայողը ենթարկվել է կարգապահական տույժի։  
18:05 - 21 օգոստոսի, 2021
ՀՀ  պաշտպանության և ԲՏԱ նախարարները հանդիպել են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ պաշտպանության և ԲՏԱ նախարարները հանդիպել են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 20-ին հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։ «ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված հանդիպմանը քննարկվել է կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների կատարողականն ու ժամանակացույցը, գնումների և մրցույթների անցկացման գործընթացում առկա խոչընդոտներն ու դրանց լուծմանը միտված օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»,- հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հանդիպման ավարտին Արշակ Կարապետյանը գնումների գործընթացի համար պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարել է բացառել հաջորդ տարվա գնումների ծրագրում անճշտությունների, առավել ևս՝ արհեստական խոչընդոտների հնարավոր առկայությունը։
22:15 - 20 օգոստոսի, 2021
Զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները, առանձին դեպքերում, չեն համապատասխանում պահանջներին

Զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները, առանձին դեպքերում, չեն համապատասխանում պահանջներին

Օգոստոսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է պաշտպանական գերատեսչության պատվերով սննդի պատրաստման և պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանատուները ներկայացրել են իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, նշել, որ զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները, առանձին դեպքերում, չեն համապատասխանում կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պահանջներին։Պաշտպանության նախարարը խիստ քննադատության է ենթարկել զինծառայողներին մատուցվող սննդի պատրաստման և պահպանման ընթացքում խախտումներ թույլ տված կազմակերպություններին և հրահանգել ողջամիտ ժամկետում լիարժեք կերպով վերացնել արձանագրված բոլոր թերությունները։  Արշակ Կարապետյանը ռազմական ոստիկանությանը հրամայել է ամենօրյա հսկողություն սահմանել ճաշարաններում և սննդի պահեստներում, իսկ խախտումներ թույլ տված ընկերությունների դեմ կիրառել իրավական ողջ գործիքակազմը։Ամփոփելով հանդիպման արդյունքները, Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ զինծառայողներին մատուցվող սննդի որակը եղել և մնալու է իր անմիջական հսկողության տակ և հորդորել՝ գիտակցելով Հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը վտանգող զինվորի ու սպայի ծառայության կարևորությունը՝ նրանց սննդի մատուցման հարցում ներդնել առավելագույն ջանք։
19:42 - 20 օգոստոսի, 2021
Օգոստոսի 25-ից մեկնարկում են եռամսյա վարժական հավաքներ. խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ. ՊՆ

Օգոստոսի 25-ից մեկնարկում են եռամսյա վարժական հավաքներ. խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ. ՊՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1356 – Ն որոշմամբ, պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով, 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։ Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց: Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում: Հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ:
13:02 - 20 օգոստոսի, 2021
Կազմվել է Եռաբլուրում հուղարկավորված զինծառայողների գերեզմանների կառուցապատման նախագիծ-առաջարկ. ՊՆ-ն մանրամասներ է հայտնել

Կազմվել է Եռաբլուրում հուղարկավորված զինծառայողների գերեզմանների կառուցապատման նախագիծ-առաջարկ. ՊՆ-ն մանրամասներ է հայտնել

Ս.թ. փետրվար-մարտ ամիսներին, մասնագետները կազմել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված 2020թ. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների կառուցապատման, ինչպես նաև հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագիծ-առաջարկը: Պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքներն իրականացնել 2 փուլով. Հուշահամալիրի գերեզմանների շինարարական աշխատանքների իրականացում, Բարեկարգման, ինժեներական համակարգերի և օժանդակ կառույցների իրականացում: Սահմանված կարգով շինարարական 4 կազմակերպությունների հետ կնքվել են  պայմանագրեր և, յուրաքանչյուր կազմակերպության համար առանձնացված տեղամասերում, նախապես համաձայնեցված նախագծային լուծումներով, ներկայում իրականացվում է գերեզմանների կառուցապատումը` ներառյալ հաստատված հատակագծերով հուշաքարերի տեղադրումը, բազալտե հատակի կառուցումը և այլն: Թեև հուշաքարերը հատակագծվել են քննարկելով մի խումբ հարազատների հետ, համաձանեցվել ճարտարապետի հետ, այնուամենայնիվ, որոշ հարազատներ հայտնել են իրենց  անհամաձայնությունը: Որպես խնդրի լուծում՝ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, տեղում դրվել են մատյաններ, որտեղ զոհվածների հարազատները կարող են ներկայացնել իրենց առաջարկները, որոնք կուսումնասիրվեն, կամփոփվեն և սեղմ ժամկետում կկայացվի վերջնական որոշում: Զուգահեռաբար, ճարտարապետը և նախագծային կազմակերպությունը  մշակում են զոհվածների հիշատակը հավերժացնող կոթողի, ինչպես նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքի ենթակառուցվածքի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, որոնք ներառելու են տարածքների բարեկարգման, ասֆալտապատման, եզրաքարերի տեղադրման ու ջրահեռացման, ոռոգման ցանցերի, էլեկտրական լուսավորման ու տեսահսկման համակարգեր: Նախատեսվում են նաև հսկիչ-անցագրային կետի, հասարակական սանհանգույցի կառուցում և տարածքի ընդհանուր ցանկապատում: Նշված ճարտարապետահատակագծային և նախագծային գործընթացի սահմանված կարգով նախապատրաստական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. տարեվերջին, իսկ կառուցապատման մեկնարկը՝ 2022թ. առաջին կամ երկրորդ եռամսյակներում՝ կախված եղանակային պայմաններից:
17:39 - 19 օգոստոսի, 2021
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

Օգոստոսի 18-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի   հերթական նիստը: Ամփոփվել են 2021թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները և քննարկվել խորհրդի առաջիկա անելիքները: Արձանագրվել է հանձնաժողովի միջոցով իրականացված բողոքարկման գործընթացի  արդյունավետությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, մանրամասնելով, որ հանձնաժողովը ստացել է 133 դիմում և բողոք, որոնց ուսումնասիրմամբ ընթացք է տվել 76-ին` նպաստելով դրանց արդարացի լուծմանը:  23 զորակոչիկ ձեռք են բերել տարկետման օրինական հիմքեր, որից 22-ը առողջական վիճակի, 1-ը` ընտանեկան պայմանների բերումով, 3-ը ճանաչվել են ոչ պիտանի զինծառայության համար և հաշվառվել են պահեստազորում: Բացի այդ, 27 զորակոչիկների զորակոչման հարցը առկախվել է և կորոշվի հաջորդ զորակոչին` ելնելով լրացուցիչ և ստուգիչ բժշկական հետազոտությունների կատարման անհրաժեշտությունից:  Քննարկելով հասարակական խորհրդի առաջիկա անելիքները` որոշվել է երկշաբաթյա ժամկետում որոշակիացնել և պաշտպանության նախարարին ներկայացնել պաշտպանական քաղաքականության այն ուղղություններն ու խնդիրները, որոնց վրա հարկ է կենտրոնացնել հասարակական խորհրդի ջանքերը` Զինված ուժերի բարեփոխումներին նպաստելու նպատակով:
15:50 - 19 օգոստոսի, 2021
Կառավարությունը նախատեսում է կրճատել զինծառայության ժամկետները՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի |armenpress.am|

Կառավարությունը նախատեսում է կրճատել զինծառայության ժամկետները՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը նախատեսում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի. ժամկետային և  զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի:   Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում, որն ընդունվել է կառավարության կողմից և առաջիկայում կուղարկվի խորհրդարան: Ծրագրում նշվում է, որ Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների մեկնարկած լայնածավալ գործընթացը բաղկացած է և՛  կառուցվածքային, և՛ բովանդակային փոփոխություններից: «Հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Սրանով Կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական և  թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները»,-ասված է ծրագրում: Նշվում է, որ կառավարությունը բարձրացնելու է Զինված ուժերի կառավարման և  ղեկավարման համակարգի արդյունավետությունը: Իրականացվելու են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ու պաշտպանության կազմակերպման ընթացակարգերի հստակեցմանը, այդ թվում՝ պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների պաշտպանության ոլորտին առնչվող լիազորություններն ու պարտականությունները: Վերանայվելու է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակվելու է նոր Ռազմական դոկտրին, Պետության պաշտպանության պլան, կատարելագործվելու են պետությունը պաշտպանության նախապատրաստելու գործիքակազմերն ու ընթացակարգերը: Զինված ուժերի կառավարման և  ղեկավարման արդյունավետության բարձրացման և   որոշումների կայացման ժամանակահատվածը կրճատելու նպատակով ներդրվելու է միասնական ավտոմատացված կառավարման այնպիսի համակարգ, որն ապահովելու է ժամանակակից ռազմական գիտությանը համահունչ արագ և  առաջանցիկ որոշումների կայացումը: Այդ նպատակով Զինված ուժերի կառավարման և  զորային օղակներում իրականացվելու են  կազմակերպչական և  հաստիքային փոփոխություններ: Առաջադրված խնդիրների լուծման նպատակով կազմավորվելու են մեծ շարժունակությամբ և  կրակային հզորությամբ, երկար ժամանակ ինքնուրույն մարտական գործողություններ վարելու ունակ զորամիավորումներ ու ստորաբաժանումներ: Ծրագրի համաձայն՝ Կառավարությունը շարունակելու է սպառազինության և  ռազմական տեխնիկայի արդիականացման և  նոր նմուշների ձեռքբերման գործընթացները:  Առավել նպատակային քաղաքականություն է իրականացվելու դաշնակից և  գործընկեր պետությունների հետ ռազմական և  ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: Հատուկ կարևորություն է տրվելու  այդ ոլորտում դաշնակցային և  գործընկերային հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես ընդլայնվելու է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, որն առաջնահերթ ուղղվելու է համատեղ ուժերի (համակարգերի) ռազմական ներուժի ավելացմանը և  երկու պետությունների զինված ուժերի առավելագույն փոխգործունակության ապահովմանը: Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և  զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը։ Կյանքի են կոչվելու տարածքային պաշտպանության համակարգի,  ակտիվ պահեստազորի և  աշխարհազորայինների պատրաստման  ծրագրերը: Ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների  միջոցով կատարելագործվելու է ՀՀ պետական սահմանի պահպանության համակարգը: Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել և  լինելու է զինծառայողների և  նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի Կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական և  սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործելու է զինծառայության գրավչության և  զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները։ Զինծառայողների աշխատավարձերի և  այլ վճարների բարձրացումը, բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության ծրագրերը, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և  առողջապահական ծրագրերը նոր թափ են ստանալու: «Հայաստանի Հանրապետությունունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,- ասված է ծրագրում:
12:26 - 19 օգոստոսի, 2021
2169 պահեստազորային կմասնակցի վարժական հավաքների․ կառավարությունն ընդունեց որոշումը |hetq.am|

2169 պահեստազորային կմասնակցի վարժական հավաքների․ կառավարությունն ընդունեց որոշումը |hetq.am|

hetq.am: Կառավարության օգոստոսի 18-ի հերթական նիստում հավանության արժանացավ 2021թ․ օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը պահեստազորայինների մասնակցությամբ վարժական հավաքներ անցկացնելու՝ պաշտպանության նախարարության ներկայացրած որոշման նախագիծը։ Որոշման համաձայն՝ օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը կայանալիք վարժական հավաքներին ներգրավվելու է ընդհանուր մինչև 2169 քաղաքացի, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով: Բացի այդ, պաշտպանության նախարարությունը նախատեսում է վարժական հավաքների ապահովման համար՝ երեք ամիս ժամկետով` օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց։ Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն` ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Ռազմական գերատեսչությունն ընդգծում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:13 - 18 օգոստոսի, 2021