Հայաստան

Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները․ ՌԴ վարչապետ
 |armenpress.am|

Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները․ ՌԴ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան գնահատում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք կրում են ռազմավարական և դաշնակցային բնույթ։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք անկեղծորեն գնահատում ենք մեր եղբայրական հարաբերությունները, դրանք կրում են ռազմավարական և դաշնակցային բնույթ։ Այսօր Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը զարգանում է ակտիվ, դինամիկ, չնայած անօրինական տնտեսական պատժամիջոցներին, որոնք սահմանել են մի շարք ոչ բարեկամական պետություններ», - ասել է Միշուստինը։ Նա հայտնել է, որ հունվար-ապրիլին Մոսկվայի և Երևանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով և կազմել գրեթե 140 մլրդ ռուբլի: «Իհարկե, կարևոր է պահպանել այդ դրական դինամիկան և նոր ռեկորդային ցուցանիշների հասնել փոխադարձ առևտրում», - ասել է Ռուսաստանի վարչապետը: Նա հիշեցրել է, որ Հայաստանում հաջողությամբ աշխատում են ավելի քան 4,5 հազար ռուսական ընկերություններ, իսկ ՌԴ ներդրումները գերազանցում են Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 46 տոկոսը: «Անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները առևտրի, ներդրումների ավելացման համար, և, իհարկե, այդ խնդիրը լուծում է մեր համատեղ միջկառավարական հանձնաժողովը», - ասել է Միշուստինը: Նա նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է էներգետիկայի, հանքարդյունաբերության, թվայնացման, ագրոարդյունաբերական ոլորտներում համատեղ նոր նախագծերի մեկնարկով: «Ռուսական ընկերությունները պատրաստ են առաջադեմ լուծումներ առաջարկել, այդ թվում՝ էլեկտրոնային կառավարության, խելացի, անվտանգ քաղաքի, տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում։ Մի շարք նախագծեր կան», - ասել է ՌԴ վարչապետը։ Միշուստինը կանգ է առել նաև Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի վրա։ « Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համաձայն ՝ մենք համակարգային աշխատանք ենք տանում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ։ Նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումն ընդհանրապես համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին», - ասել է նա։
17:39 - 07 հունիսի, 2023
Ադրբեջանը տեղեկություն է տրամադրել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողների վերաբերյալ

Ադրբեջանը տեղեկություն է տրամադրել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողների վերաբերյալ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ-ն այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել է Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ: «ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների  և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. հունիսի 16-ը»,- նշել են գրասենյակից։  Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ հայտնաբերվել է զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Պարզվել է, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը՝ «դիվերսանտներ» համարելով։ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելի ուշ՝ մայիսի 28-ին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ՄԻԵԴ էր ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել էր որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել տեղեկություն, թե արդյո՞ք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ:
17:24 - 07 հունիսի, 2023
ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում
 |armenpress.am|

ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրամիության առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ առաքելության կայքում հրապարակված տեղեկատվությունից: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ասել է, որ առաքելության ներկայության առաջին 3 ամիսներին առաքելությունն իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իր օպերատիվ կենտրոններից: «Առաջիկա ամիսներին առաքելությունը նախատեսում է բացել երեք լրացուցիչ օպերատիվ հանգույցներ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով լիարժեք կարողությունների»,-ասել է Ռիտերը: Առաքելության ղեկավարը հավելել է, որ իրենց նպատակն է, ի թիվս այլոց, նաև նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։ «Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, Հայաստանում ԵՄ առաքելությունը նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը մնում է անկայուն», - նշել է Ռիտերը:
15:33 - 07 հունիսի, 2023
Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է․ ՀԿԵ

Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է․ ՀԿԵ

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գիծը Ալավերդի-Ախթալա հատվածում։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաղորդմամբ, մոտ 100 մետր երկարությամբ երկաթուղային գծերը պատվել են գրունտով և ողողվել ջրային հոսքերով։  Արտակարգ պատահարի հետևանքով խաթարվել է գնացքների երթևեկությունը Վրաստանի ուղղությամբ: Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է, ՀԿԵ-ն օպերատիվ կերպով կազմակերպել է գնացքի շուրջ 100 ուղևորների տեղափոխումը ավտոմոբիլային տրանսպորտով: Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Գիշերվանից առ այսօր ՀԿԵ-ի, ԱԻՆ-ի և ՏԻՄ ուժերը աշխատում են արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման ուղղությամբ, տարվող աշխատանքներին խոչընդոտում է ջրի և գրունտի չդադարող հոսքը։
11:22 - 07 հունիսի, 2023
Կլաարը Երևանից մեկնել է Թբիլիսի
 |azatutyun.am|

Կլաարը Երևանից մեկնել է Թբիլիսի |azatutyun.am|

azatutyun.am: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից մեկնել է Թբիլիսի։ Նա թվիթերյան իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից՝ գրելով, որ լավ հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի, փոխվարչապետի և արտգործնախարարի հետ՝ «շարունակելու Եվրամիության ներգրավվածությունը»։ Կլաարի հաջորդ կանգառը Թբիլիսին է։ Վրաստանից նա կմեկնի Բաքու: Երևանյան հանդիպումներում Կլաարը քննարկել է Բրյուսելում և Քիշնևում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցեր։
10:59 - 07 հունիսի, 2023
«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են»․ Բաքուն երեք ուղղությամբ է առաջընթաց ակնկալում
 |azatutyun.am|

«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են»․ Բաքուն երեք ուղղությամբ է առաջընթաց ակնկալում |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական խորհրդի արտահերթ նիստում: Բայրամովն ասել է, թե Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար։ Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները «հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները»։ Բաքուն սպասում է, որ Երևանը քաղաքական կամք դրսևորի՝ լուծելու տարաձայնությունները երեք ուղղություննրով, որոնք ձևավորում են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ քննարկումների օրակարգը, ասել է նա: Այս համատեքստում Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում հիմնական խոչընդոտներն են «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում Հայաստանի անօրինական ռազմական ներկայության շարունակումը», «Ադրբեջանի ներքին գործերին Երևանի միջամտությունը», «Բաքվի և Ղարաբաղի տարածաշրջանի տեղի հայ բնակչության միջև երկխոսության խոչընդոտումը»։
10:48 - 07 հունիսի, 2023
ՀՀ բոլոր ղեկավարները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ասել են՝ Արցախը կապ չունի Ադրբեջանի հետ․ Քրիստինե Վարդանյան
 |aravot.am|

ՀՀ բոլոր ղեկավարները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ասել են՝ Արցախը կապ չունի Ադրբեջանի հետ․ Քրիստինե Վարդանյան |aravot.am|

aravot.am: «Որեւէ ադեկվատ մարդ չի կարող դեմ լինել սահմանազատմանը եւ սահմանագծմանը։ Մենք դեմ ենք ուժի սպառնալիքով, հապշտապ, որ շահեկան բանակցողներով արագացված սահմանազատման ու սահմանագծմանը»,- Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նա նշեց, որ խորհրդարանում Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե Հայաստանի բոլոր նախորդ կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ դրանով փորձում է տպավորություն ստեղծել, որ վերջերս ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, իրենք շարունակում են այն, ինչ 30 տարի բանակցվել է։ «Մինչդեռ, իրականությունն այն է, որ, այո, Հայաստանի բոլոր կառավարություններն ու ղեկավարները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դրանից հետո ասել են մեկ նախադասություն՝ Արցախը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Հիմա, եթե դուք ամեն ինչ արել եք այնպես, ինչպես արել են նախկինները, այդ մի նախադասությունն էլ ասեք, այս շփոթմունքը մեր հանրության մոտ լրիվ կվերանա։ Անցած տարվանից ԱԳՆ-ում մի պաշտոնյա ենք ման գալիս, ով կասի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, բայց այդպես էլ չգտանք։ Հիմա էլ չենք կարողանում գտնել»,- ասաց նա։ Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Մենք գրեթե ոչինչ չենք անում նախկինների նման տարբեր ոլորտներում։ Ամենակարեւոր բաներից մեկը, ինչ մենք չենք անում նախկինների նման արտաքին հարաբերությունների ոլորտում, մենք հրապարակավ ասում ենք այն, ինչ բանակցում ենք։ Եվ մեր դիրքորոշումը հրապարակավ իդենտիկ է նրա, ինչը մենք որդեգրել ենք եւ ցույց ենք տալիս բանակցությունների ընթացքում փակ դռների հետեւում։ Մի քիչ շատ որ քչփորենք, հակառակ դեպքեր կգտնենք, բայց ինքս շահագրգռված չեմ այդպիսի քննարկման մեջ»։ Միրզոյանը հավելեց․ «Ասում եք, որ սահմանազատման բացակայությամբ արդարացվում են Ադրբեջանի ներխուժման գործողությունները, հարձակումները։ Ես կրկնում եմ՝ մենք ասում ենք Ադրբեջանը ներխուժում է ՀՀ տարածք, սա ուժի կիրառում է, Ադրբեջանը սպառնում է այդպիսի գործողություններ անել, սա ուժի սպառնալիք է։ Եվ այն, որ սահմանազատված չէ պետական սահմանը, դա չի կարող որեւէ կերպ առիթ տալ այդպիսի գործողություններ անելու։ Այստեղ մեր խնդիրը Ադրբեջանի շինծու պատրվակները կամ խոսույթներն են։ Սա չի ստվերում անհրաժեշտությունը՝ ունենալու իրավական սահմանազատման գործընթաց»,- ասաց նա։
14:50 - 05 հունիսի, 2023
Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները նախատեսում են սկսել 2025 թվականի սկզբին

 

 

 |armenpress.am|

Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները նախատեսում են սկսել 2025 թվականի սկզբին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի համար հրամայական է անընդհատ ունենալ ատոմային գեներացիա, ուստի մինչև 2036 թվականը նախատեսվում է 1000-1200 մեգավատ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում ՄԱԿ-ի ազգային էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանը։ «Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործումը երկարաձգելու մեխանիզմը հետևյալն է․ որոշ ժամանակ անց պետք է անպայման նորից ստուգվի ռեակտորի իրանի մետաղի վիճակը և անհրաժեշտության դեպքում որոշակի միջոցառումներ իրականացվեն։ Ինչպես գիտեք, մեկ տարի առաջ այդպիսի միջոցառումների փուլ անցել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը և թրծվել է ռեակտորի իրանը, ինչը թույլ է տվել ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականը։ Գրեթե նույն գործընթացները կիրականացվեն 2026 թվականին, որը հնարավորություն կտա ևս 10 տարով երկարաձգել շահագործման ժամկետը»,- ասաց Մարջանյանը։ Փորձագետը նշեց, որ մինչև երկրորդ էներգաբլոկը շահագործումից հանելը անհրաժեշտ է նոր էներգաբլոկի կառուցում, որը Հայաստանի համար կարևոր է ատոմային գեներացիա ունենալու տեսանկյունից։ «Ինչպես գիտեք, նախորդ տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց միջպետական համաձայնագիր, որով նախատեսվում է 1000-1200 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ կառուցել։ Ըստ համաձայնագրի՝ մեկ տարվա ընթացքում պետք է մշակել ճանապարհային քարտեզ, պետք է վերջանական որոշում կայացնել՝ ռեակտորի տիպի և այլ տեխնիկական պարամետրերի հետ կապված։ Իսկ արդեն 2024 թվականի ավարտին և 2025 թվականի սկզբին կսկսվեն կառուցման աշխատանքները։ Ատոմային էներգաբլոկի կառուցումը կարժենա մոտ 3-5 միլիարդ դոլար։ Կարծում եմ՝ խելամիտ ծախս է, և Հայաստանի համար հրամայական է անընդհատ ունենալ ատոմային գեներացիա իր տարածքում։ Կարծում եմ, որ 10-12 տարում հնարավոր կլինի այն կառուցել»,- եզրափակեց նա։
14:10 - 05 հունիսի, 2023
Հայաստանի և Ադրբեջանի տարածքների մակերեսները խաղաղության հնարավոր պայմանագրում չեն ներառվելու․ Միրզոյան
 |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի տարածքների մակերեսները խաղաղության հնարավոր պայմանագրում չեն ներառվելու․ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրում միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու համատեքստում չեն հիշատակվելու մակերեսները․ Հայաստանի 29.800 քկմ տարածքի և Ադրբեջանի 86.600 քկմ տարածքի ճանաչման վերաբերյալ հայտարարությունները քաղաքական են՝ հաստատելու, որ երկրները տարածքային պահանջներ չունեն միմյանցից:  Այս մասին «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություն հաստատելիս՝ որևէ այլ երկրի դեպքում մակերեսով ճանաչե՞լ է այդ երկրի տարածքային ամբողջականությունը: Միրզոյանը նշեց՝ ենթադրում է, որ որևէ երկրի փոխադարձ ճանաչման, հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում: «Մակերեսներով տարածքային ամբողջականությունները նշելը քաղաքական հայտարարություններ են: Սրանք այն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, և Ադրբեջանն էլ տարածքային պահանջ չունի Հայաստանից։ Ես չեմ կարծում, թե Դուք մտածում եք, որ մենք այդպիսի մակերեսի հիշատակմամբ սա պետք է ներառենք կամ տեսնում ենք ներառված ապագա հարաբերությունների հաստատման պայմանագրում կամ այլ իրավական փաստաթղթում: Տարբերությունն ակնառու է»,- ասաց Միրզոյանը:
14:02 - 05 հունիսի, 2023
Բաքուն անխուսափելի է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը |azatutyun.am|

Բաքուն անխուսափելի է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անխուսափելի է համարել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ «Մայիսին ինտենսիվ բանակցություններ են տեղի ունեցել: Սկզբում Վաշինգտոնում (Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով), ապա՝ Մոսկվայում։ Բացի այդ, երկու երկրների ղեկավարները մի քանի անգամ հանդիպել են։ Մոտ ժամանակներս Վաշինգտոնում կանցկացվի բանակցությունների հերթական փուլը (ԱԳ նախարարների մակարդակով)»,- այսօր լրագրողներին ասել է Բայրամովը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հանդես է եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ՝ հիմնված միջազգային իրավունքին համահունչ 5 հիմնական սկզբունքների վրա։ «Խաղաղությունն անխուսափելի է, հարաբերությունների կարգավորման համաձայնագիր պետք է ստորագրվի»,- ասել է նա։ Միաժամանակ Բայրամովը նշել է, որ խաղաղության պայմանագրով կան կետեր, որոնք համաձայնեցված չեն կողմերի միջև, ուստի բանակցությունները կշարունակվեն։ Ադրբեջանի արտգործնախարարը նաև կարծում է, որ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տեղի են ունենում շատ կարևոր գործընթացներ։
12:50 - 05 հունիսի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե Պրահայի և Սոչիի հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե Պրահայի և Սոչիի հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել |tert.am|

tert.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն առ այն, որ «Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք»: Նա այս մասին ասել էր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմայով բանակցություններին Մոլդովայում։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «անընդունելի են» (չակերտները-խմբ․) Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հունիսի 4-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ մի շարք ուղղություններով հարցերի էությունը հերթական անգամ «խեղաթյուրելու» (չակերտները-խմբ․), թե՛ միջազգային հանրության, թե՛ հայ հասարակության շրջանում «թյուրըմբռնում» (չակերտները-խմբ․) առաջացնելու փորձերը՝ «խուսափելով» Հայաստանի ստանձնած պարտավորություններից: «Նախ, այն պահանջի հետ կապված, թե ինչի հիման վրա պետք է իրականացվի սահմանազատման գործընթացը, նշենք, որ, ինչպես Պրահայի հանդիպման, այնպես էլ Սոչիի հանդիպման ժամանակ արված հայտարարությունների համաձայն, սահմանազատումը պետք է իրականացվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։  Որպես կանոն, այդ հայտարարություններում հղումներ են արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմաթիի հռչակագրին՝ նշված սկզբունքների համատեքստում։ Հայկական կողմը քաջատեղյակ է, որ այս և մյուս հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Միջազգային պրակտիկայի համաձայն, ի տարբերություն Հայաստանի, սահմանազատման գործընթացը, որը մինչ այժմ Ադրբեջանը իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավական նշանակություն ունեցող  բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա։ Միգուցե այս պրակտիկան կիրառվի նաև Հայաստանի նկատմամբ։ Կոնկրետ այս դեպքում հայկական կողմին ավելի ձեռնտու կլիներ սահմանազատման աշխատանքներ սկսելը, քան պնդել 1975 թվականի քարտեզի կոնկրետ հղումը»,- նշված է հայտարարության մեջ:
10:33 - 05 հունիսի, 2023
Եթե բանակցությունների ինտենսիվությունը կարողանանք պահպանել, և միջազգային հանրության ուժեղ աջակցություն լինի, հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիրը․ ԱԽ քարտուղար |1lurer.am|

Եթե բանակցությունների ինտենսիվությունը կարողանանք պահպանել, և միջազգային հանրության ուժեղ աջակցություն լինի, հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիրը․ ԱԽ քարտուղար |1lurer.am|

1lurer.am: «Բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում, եթե այս ինտենսիվությունը կարողանանք պահպանել, և միջազգային հանրության ուժեղ աջակցություն լինի առաջընթաց գրանցելու, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ այդ խաղաղության պայմանագիրը։ Մենք տրամադրված ենք այսպես, որ լինի հնարավորինս շուտ. դա կարող է լինել տարվա ընթացքում կամ կարող է մինչև տարեվերջ ձգվել, բայց մեր տրամադրվածությունն այնպիսին է, որ գտնենք լուծումներ և այդ լուծումների շրջանակներում առաջ տանենք խաղաղության օրակարգը և խաղաղության համաձայնագիր ունենանք»,- «Լուրերի» տաղավարում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների արևմտյան հարթակում Քիշնևից հետո նախատեսված է 3 հանդիպում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ հուլիսի 21-ին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսված հոկտեմբերին Գրանադայում։ Հունիսի 12-ին, արդեն հրապարակային հայտարարվել է, որ արտգործնախարարներն են հանդիպելու։
23:30 - 04 հունիսի, 2023
Էրդողանը երդմամբ ստանձնեց նախագահի պաշտոնը

Էրդողանը երդմամբ ստանձնեց նախագահի պաշտոնը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ձայների 52% մեծամասնությամբ հաղթել էր մայիսի 28-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, երդման արարողությամբ ստանձնեց նախագահի պաշտոնը։ Էրդողանը իր մանդատը ստացավ Ազգային մեծ ժողովի ամենատարեց պատգամավոր ու ժամանակավոր նախագահ Դեւլեթ Բահչելիի կողմից, որը թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման առաջնորդն ու Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդն է։ Արարողությանը ներկա են 78 երկրների բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում՝ 21 պետությունների ղեկավարներ և 13 վարչապետներ, բազմաթիվ նախարարներ։ Արարողությանը ներկա են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտոիղար Յենս Ստոլտենբերգը, Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հուսեյն Իբրահիմ Թահանը։  Նշենք, որ երդման արարողությանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Պակիստանի վարչապետի Շահբազ Շերիֆը, Ալժիրի, Ռուանդայի, Վենեսուելայի, չճանաչված Հյուսիսային Կիպրոսի առաջնորդները, ինչպես նաև ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Երդման արարողությունից հետո՝ Երեւանի ժամանակով ժամը 18։00-ին, Էրդողանը կայցելի Անըթքաբիր՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան։ Օրվա վերջում Էրդողանը տոնական ընթրիք կմատուցի հյուրերի պատվին։ Սպասվում է, որ տոնական ընթրիքից հետո Էրդողանը կհայտարարի նոր կառավարության կազմը։ 
16:20 - 03 հունիսի, 2023
Փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ քայլերի իրականացման հարցում

Փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ քայլերի իրականացման հարցում

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների` ս.թ. մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման նպատակով հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ նիստն անցել է կառուցողական մթնոլորտում: Գոհունակությամբ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես, ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: Կայացած բանակցությունների արդյունքները կզեկուցվեն Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարներին: Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:
00:01 - 03 հունիսի, 2023