ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ ՄԻՊ աշխատակազմի 20-ից ավել աշխատակից հեռացել է աշխատանքից․ Գրիգորյան |armenpress.am|

Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ ՄԻՊ աշխատակազմի 20-ից ավել աշխատակից հեռացել է աշխատանքից․ Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ ՄԻՊ աշխատակազմի 20 աշխատակից սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։ «Պարոն Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ փետրվարի 23-ի դրությամբ 20-ից ավել աշխատակից սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից։ Գործնականում, եթե դրան գումարենք նախորդ շրջանում թափուր պաշտոնների առկայությունը, ապա ունենք իրավիճակ, երբ, օրինակ, խոշտանգումների կանխարգելման և վատ վերաբերմունքի դեմ պայքարի ստորաբաժանումում ուղղակի աշխատող չունենք»,– ընդգծեց Գրիգորյանը։ ՄԻՊ-ի խոսքով՝  կառույցը 50 տոկոսից պակաս համալրում ունի այնպիսի սուղ հաստիքներով ստորաբաժանումում, որը վերաբերում է զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության հարցերին։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ առիթ ունեցել է աշխատանքից ազատվող որոշ աշխատակիցների հետ զրուցելու, և նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել։ « Ես հարգանքով եմ մոտենում իրենց մոտեցմանը։ Պարոն Թաթոյանն ինքն իր հայտարարության մեջ հորդորել է աշխատակիցներին դուրս չգալ։ Պետք է ուրախությամբ նշեմ, որ նախորդ գրեթե բոլոր պաշտպանների հետ կապ եմ հաստատել, պարոն Թաթոյանի հետ պայմանավորվել ենք, որ կհանդիպենք և կքննարկենք հարցեր։ Ինձ համար ինստիտուտի հեղինակությունը և ինստիտուցիոնալ մոտեցումը լինելու է առաջնահերթ»,-եզրափակեց Գրիգորյանը։
15:23 - 03 մարտի, 2022
Կառավարությունը 6,3 միլիարդ դրամ է հատկացնում նոր ճանապարհների կառուցման համար

Կառավարությունը 6,3 միլիարդ դրամ է հատկացնում նոր ճանապարհների կառուցման համար

civilnet.am: Կառավարությունը 6,3 միլիարդ դրամ է հատկացնում նոր ճանապարհների նախագծման, կառուցման ու տեխնիկական հսկողության համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության մարտի 3-ի նիստում։ Ճանապարհաշինական այս ծրագրի շրջանակում նախագծվելու ու հիմնանորոգվելու է Սպիտակի ոլորանների հատվածը, Արարատի մարզի Արտաշատ-Շահումյան-Տափերական-Նոր Կյանք-Ոսկետափ հատվածը, Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհը։ Ընդհանուր հիմնանորոգվող ճանապարհների երկարությունը ավելի քան 26 կիլոմետր է։ 6,3 միլիարդից 3,11 մլրդ դրամն անհրաժեշտ է շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, 2,72 մլրդ դրամը՝ 2021-2022թթ. փոխանցիկ թվով 1 ճանապարհահատվածի, տեխնիկական, հեղինակային հսկողության համար, իսկ 482 մլրդ դրամն անհրաժեշտ է 2021 թվականին ավարտված, սակայն ընդունող հանձնաժողովի ակտով չընդունված ճանապարհահատվածների 5 (հինգ) տոկոսի վճարման և ամբողջովին չվճարված հեղինակային և տեխնիկական հսկողության համար ֆինանսական միջոցների նախատեսման նպատակով։
14:52 - 03 մարտի, 2022
Մեկնարկել են Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքները |tert.am|

Մեկնարկել են Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքները |tert.am|

tert.am: Մեղրիում և Երասխում շուրջ 43 կմ հատվածում գեոդեզիական հանութագրման աշխատանքներ կիրականացվեն և կհստակեցվեն այն չափորոշիչները, որոնցով հետագայում նախագծման աշխատանքները կպատվիրվեն: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Առկա հատվածներում կուսումնասիրվեն թունելներ, սրահներ, կայարաններ, հատումների հատվածներ, ոռոգման խողովակաշարեր և այլն։ Դրանց մասնագիտական գնահատման անհրաժեշտություն կա։ Մասնագիտական խումբ ենք գործուղում այնտեղ, խմբի հետ կաշխատեն նաև ՀԿԵ-ի մեր 2 գործընկեր, որը հիմք կհանդիսանա հետագա տեխնիկական առաջադրանքի և նախագծի պատվիրման համար», - ասաց նախարարը: Արձագանքելով Սանոսյանին Փաշինյանն ասաց՝ թևակոխում ենք Երասխ-Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի, մասնավորապես՝ Մեղրիի տարածաշրջանում դաշտային աշխատանքներին։
12:53 - 03 մարտի, 2022
Ունենք աննախադեպ երևույթ, երբ ՄԻՊ-ը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտի վերջին օրը. Նիկոլ Փաշինյանը |tert.am|

Ունենք աննախադեպ երևույթ, երբ ՄԻՊ-ը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտի վերջին օրը. Նիկոլ Փաշինյանը |tert.am|

tert.am: Ուզում եմ ողջունել Հայաստանի նորընտիր մարդու իրավունքների պաշտպանին և հաջողություն մաղթել նրան հետագա աշխատանքի ընթացքում: Այս մասին  կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա և կօգնի նաև Հայաստանի պետական իշխանության մարմիններին բարձրացնելու երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,-ասաց նա: Փաշինյանը շեշտեց, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտի վերջին օրը, ինչն աննախադեպ է. «Նախկինում մենք ունեցել ենք 4 ՄԻՊ, և բոլորն էլ մանդատի ժամկետը չլրացած հրաժարական են տվել»:
12:10 - 03 մարտի, 2022
Կառավարությունն արձագանքում է պարարտանյութերի գնաճին. փոքր ֆերմերները կստանան աջակցություն |armenpress.am|

Կառավարությունն արձագանքում է պարարտանյութերի գնաճին. փոքր ֆերմերները կստանան աջակցություն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը հաստատեց հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ տարվա սկզբից պարարտանյութերի շուկայում կտրուկ գնաճ է գրանցվել՝ 2.5-3 անգամ: «Փոքր ֆերմերները հայտնվել են խոցելի պայմաններում: Մենք խոսեցինք գյուղացիների, ֆերմերների հետ, որոշեցինք հանդես գալ փոքր ֆերմերներին աջակցելու ծրագրով: Մասնավորապես, մինչև 3 հա տարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին սուբսիդավորել պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 9 հազար դրամը»,-ասաց նախարարը: Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ առավել խոշոր հողօգտագործողներն իրենց արտադրողականության հաշվին նվազեցնում են պարարտանյութի գնի ազդեցությունը վերջնական ապրանքի վրա: Հետևաբար, աջակցության կարիք ունեն փոքր ֆերմերները: «Օգտվեմ առիթից և կոչ անեմ գյուղացիներին մաքսիմալ մշակել հողերը: Բազմաթիվ խնդիրներ հաշվի առնելով՝ տեսնում ենք, որ ակնկալվում են պարենային անվտանգության լուրջ մարտահրավերներ: Մյուս կողմից տեսնում ենք, որ սննդամթերքի գները աճում են և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ»,-ասաց նախարարը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշմամբ արձագանքում են գնաճին: Նրա խոսքով, վերջին տարիներին, պայմանական ասած, գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում: Առաջին պատճառը կորոնավիրուսն էր, երկրորդը՝ ուկրաինական զարգացումները: «Շատ դժվար է լավատեսական բան գտնել, բայց, մյուս կողմից տեսնում ենք, որ աճում են գյուղատնտեսական արտադրանքի գները և այդ առումով հողերի մշակման շահութաբերություն կարող է գոյանալ, որը նախկինում չկար: Մենք հասկանում ենք, որ կա մեկ այլ խնդիր: Կլիմայի փոփոխության հետևանքով մենք ամեն տարի ջրի հետ կապված լուրջ խնդիրներ ենք ունենում, մանավանդ, որ առկա է ջրային համակարգի մաշվածություն: Մենք ձևավորել ենք օպերատիվ շտաբ փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ, որ հնարավորինս արձագանքի խնդիրներին»,-ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ցավալի է, որ օրգանական պարարտանյութերի արտադրությունը երկրում չի զարգացել, իսկ աշխարհում այդ տեսանկյունից այլ միտումներ են: Նա նկատեց, որ զարգացման ծրագրերն ամբողջ ծավալով չեն իրականացվում՝  ընդգծելով ինտենսիվ գյուղատնտեսությանն անցնելու հրամայականը:
12:02 - 03 մարտի, 2022
Սուրեն Պապիկյանը չի կարծում, որ ԳՇ-ում կադրային փոփոխությունները որևիցե խնդիր կամ վտանգ կառաջացնեն |armenpress.am|

Սուրեն Պապիկյանը չի կարծում, որ ԳՇ-ում կադրային փոփոխությունները որևիցե խնդիր կամ վտանգ կառաջացնեն |armenpress.am|

armenpress.am: Զինված ուժերը թևակոխել են շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան, և վաղուց ժամանակն է պատերազմի բովով անցած բազմաթիվ ունակ և երիտասարդ կադրերի բարձր պաշտոններ վստահել։  Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Զինված ուժերի Գլխավոր շտաբում կադրային փոփոխություններին։ Հաշվի առնելով տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները՝ Պաշտպանության նախարարը նշեց, որ զինված ուժերում բարեփոխումները անհրաժեշտ են և անթույլատրելի է հապաղելը։ Պապիկյանի խոսքով՝ ներկայումս ԶՈՒ գլխավոր շտաբում բոլոր կադրերը իրենց տեղում են և Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտը իրավական բոլոր հիմքերը ունի ընդունել որոշումներ, կատարել ցուցումներ և հրամաններ։ «Կարծում եմ, որևէ խնդիր կամ վտանգ սրանով չենք բերել ու չենք պատրաստվում բերել։ Ավելին, ամեն ինչ միտված է նրան, որ մենք ունենանք օր առաջ ավելի մոտիվացված հրամկազմ, և սա ազդակ է պաշտպանական գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր սպաներին։ Բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել բարձր պաշտոններ՝ անկախ նրանց բարեկամ, ծանոթ և այլ կապերից»,- եզրափակեց Պապիկյանը։
17:35 - 02 մարտի, 2022
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Փետրվարի 26-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուստաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հետ կապված հարցեր, անդրադարձել են Ռուսաստանի Դաշնություն ՀՀ վարչապետի՝ ապրիլին սպասվող պաշտոնական այցի օրակարգի հարցերին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրած եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։
21:25 - 26 փետրվարի, 2022
Գործադիրը վավերացրել է ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագիրը |armenpress.am|

Գործադիրը վավերացրել է ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը վավերացրել է «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը։ Նախագիծը ներկայացրել է Պաշտպանության նախարարությունը։ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի ( ԱՊՀ ՊՆԽ) 2013թ. հունիսի 5-ի որոշման համապատասխան Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կապի գլխավոր վարչությունը մշակել է «1993թ. մարտի 12-ի Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծ։ Արձանագրության նախագծի ընդունումը պայամանավորված էր ռազմական նշանակության կապի ժամանակակից տեսակների օգտագործման ոլորտում համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունից` 1993թ. մարտի 12-ի Համաձայնագրի առանձին դրույթների հստակեցման հիման վրա: Դիտարկվող Համաձայնագրի նախագիծը մշակվել է ելնելով դրա մասնակից պետությունների զինված ուժերի, այլ զորքերի և զինվորական կազմավորումների կողմից ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման անհրաժեշտությունից: Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը հնարավորություն կընձեռի ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմական նշանակության կապի ժամանակակակից տեսակների, ինչպես նաև արբանյակային կապի համակարգերի ուղեծիրային խմբավորման օգտագործումը: Հաշվի առնելով վերոշարադրյալը, ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարում միանալ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրին:
14:53 - 23 փետրվարի, 2022
Տեղահանված արցախցիները պետական աջակցություն կստանան՝ վարկով տուն ձեռք բերելու կամ կառուցելու դեպքում

Տեղահանված արցախցիները պետական աջակցություն կստանան՝ վարկով տուն ձեռք բերելու կամ կառուցելու դեպքում

Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները պետության կողմից աջակցություն կստանան՝ հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ծրագիրը հնարավորություն կտա տեղահանված 3000-ից ավելի ընտանիքներին ձեռք բերել կամ կառուցել իրենց սեփական բնակելի տներն ու բնակարանները։ Շահառուներն Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված կամ Արցախի Հանրապետությունում հաշվառված, առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված կամ վերջին երեք տարում փաստացի բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներն են (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների, որոնք որևէ ծրագրի շրջանակում գործուղվել են Արցախի Հանրապետություն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։ Ֆինանսավորող կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու պարագայում՝ սերտիֆիկատի միջոցով պետությունը վարկային ժամանակացույցին համապատասխան կիրականացնի մայր գումարի և տոկոսագումարի վճարում, մասնավորապես՝ Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով, ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով, Արցախի Հանրապետությունում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով։ Վարկային հայտը դիտարկելիս՝ ֆինանսավորող կազմակերպությունները պետության կողմից սուբսիդավորվող գումարների մասով չեն կատարի վարկառուի վարկունակության գնահատում։ Այսինքն, եթե վարկի գումարը չի գերազանցում պետության կողմից սուբսիդավորվող  չափերը, ապա շահառուն սերտիֆիկատի ներկայացման դեպքում կարիք չի ունենա ֆինանսավորող կազմակերպությանը ներկայացնել իր վարկունակությունը հավաստող լրացուցիչ տեղեկատվություն և տեղեկանքներ (աշխատավարձ, այլ եկամուտներ և այլն)։
17:52 - 17 փետրվարի, 2022
3 մլրդ 265 մլն 536 հազար դրամի կապիտալ ներդրումներ՝ կրթական, մշակութային և մարզական հաստատություններում

3 մլրդ 265 մլն 536 հազար դրամի կապիտալ ներդրումներ՝ կրթական, մշակութային և մարզական հաստատություններում

Կառավարության փետրվարի 17-ի որոշմամբ՝ կրթական, մշակութային և մարզական մի շարք հաստատություններում կապիտալ շինարարության աշխատանքների` կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և նախագծային աշխատանքների իրականացման, ինչպես նաև հուշարձանների վերականգնման նպատակով 3 մլրդ 265 մլն 536 հազար դրամի չափով վերաբաշխում է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Ներկայացնելով նախագիծը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախատեսվում է իրականացնել միջին մասնագիտական ուսումնական 4 հաստատությունների շենքային պայմանների բարելավում, մոդուլային մանկապարտեզի 10 շենքերի կառուցում, մոդուլային 12 մանկապարտեզի նախագծում, մոդուլային դպրոցի 21 շենքի կառուցում, մոդուլային դպրոցի 10 շենքի նախագծում, 2 դպրոցում նոր մասնաշենքերի կառուցում, 17 հանրակրթական դպրոցում նոր մարզադահլիճների կառուցում, ևս 5 դպրոցում` մարզադահլիճների վերակառուցում, 2 մարզադպրոցի կառուցում: Հատկացման շրջանակում միջոցներ կտրամադրվեն նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի հիմնանորոգման համար: Նախարարության ընթացիկ ծրագրերի հատկացումներից շուրջ 80 մլն 362.3 հազար դրամ գումար կհատկացվի Հայաստանի պատմության թանգարանի ջեռուցման և օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքները շարունակելու և ավարտելու համար: Միջոցներ կհատկացվեն նաև 4 հուշարձանների վերականգնման աշխատանքների և 4 հուշարձանների վերականգնման նախագծերի իրականացման համար: Կարևորելով նախատեսվող աշխատանքները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք՝ որպես առաջնահերթություն, բխում են ՀՀ կառավարության ծրագրից, որով նախատեսվում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցում, հիմնանորոգում կամ վերակառուցում: Այդ նպատակով Կառավարությունը նախկինում ևս կատարել է մի շարք հատկացումներ, այժմ իրականացվում է հերթական հատկացումը` կառավարության ծրագրի իրականացման ուղղությամբ, որպեսզի ընթացքի մեջ գտնվող աշխատանքներն ավարտին հասցվեն, ինչպես նաև կրթական-մշակութային ոլորտում նոր կապիտալ ներդրումներ ապահովվեն: Վարչապետը նաև նշել է, որ աշխատանքներն ընդգրկում են հանրապետության ողջ տարածքը. ծրագրեր են նախատեսված բոլոր մարզերում:
17:12 - 17 փետրվարի, 2022
Կվերակառուցվի Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածները միմյանց կապող Բաբաջանյան փողոցը

Կվերակառուցվի Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածները միմյանց կապող Բաբաջանյան փողոցը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ փետրվարի 17-ին տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը։ Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, Համբարձում Մաթևոսյանը կարևորել է նիստի օրակարգում ներառված հարցերը, որոնք ուղղված են քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի սահուն ընթացքի ապահովմանը: Մասնավորապես, ի թիվս այս թեմաների, քննարկվել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի վերակառուցման հարցը։ Թեև այն ներառված չի եղել Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների կառուցման շրջանակներում, սակայն փողոցն ունի կարևոր նշանակություն։ Շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ կերկարաձգվեն նաև ճանապարհահատվածի կառուցման վերահսկողության պայմանագրի ժամկետները:
17:04 - 17 փետրվարի, 2022
Հետ կանչել Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունների նախագիծը․ քաղհասարակության ներկայացուցիչների հայտարարությունը

Հետ կանչել Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունների նախագիծը․ քաղհասարակության ներկայացուցիչների հայտարարությունը

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով կառավարության փետրվարի 10-ի նիստում առանց զեկուցման հավանության արժանացած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հայտարարությունում ասվում է. «ՀՀ կառավարության 10.02.2022թ. նիստում գործադիրն առանց զեկուցման հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այս օրինագծով առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժների, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը՝ բողոքի ակցիաների տարբեր դրսևորումներ, որոնց արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները: Նախագծի համաձայն՝ ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության անցկացման։ Անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները տարածվելու են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։ Այս օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը հետընթաց է գրանցում ժողովրդավարական արժեքներից, ինչպես նաև կայուն զարգացման և կանաչ տնտեսության նպատակներից: Այն վնաս կպատճառի շրջակա միջավայրին, հանրության առողջությանը, կենսական ու տնտեսական շահերին, կխախտի քաղաքացիների սահմանադրական իրավունքները։ Տարիների փորձը ցույց է տվել, որ ընդերքօգտագործման ծրագրերի դեմ քաղաքացիական անհնազանդությունն ուղղված է եղել հանուն մարդու առողջության, առողջ շրջակա միջավայրի իրավունքների պահպանման, հանուն տեղի բնակիչների կենսապայմանների պաշտպանության և իրենց գործնեության ընտրության իրավունքի, ինչը կարող է սահմանափակվել հանքարդյունաբերության պատճառով: Բողոքի ակցիաները հանքարդյունաբերական ծրագրերի վերաբերյալ դիրքորոշման արտահայտման ձև են: Եթե ազդակիր համայնքը դեմ է տվյալ ծրագրին, ապա իր իրավունքը պաշտպանում է նաև քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ, բողոքի ակցիաներով, քանի որ չկան իրավական մեխանիզմներ՝ որոշումներ կայացնելիս համայնքի բնակչության կարծիքը պարտադիր հաշվի առնելու, իրենց ձայնը լսելի դարձնելու։ Հանրությունը նաև զրկված է այդ որոշումները դատական կարգով բողոքարկելու իրավունքից: Օրենսդրական այս փոփոխությունն, ըստ էության, հանրության՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքի, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայով նախատեսված՝ որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքի սահմանափակում է և հակաժողովրդավարական է։ Հակասահմանադրական է սույն օրինագծի՝ հետադարձ ուժ ունենալու դրույթը, քանի որ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։ Օրենսդրական այս փոփոխությունը վատթարացնում է ողջ հանրության իրավական վիճակը և խախտում նրա իրավունքները։ Անթույլատրելի է, 1-2 ընկերությունների վիճակը բարելավելով, ոտնահարել Հայաստանի ողջ հանրության իրավունքները։ Ակնհայտ է, որ օրենսդրական այս փոփոխությունն առաջին հերթին առնչվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին: Խնդրահարույց է նաև, որ, օրինագծի համաձայն, փոփոխված ժամանակացույցով նախագծերը կամ երկրաբանական ուսումնասիրության ծրագրերը շրջակա միջավայրի վրա ազդեցության և տեխնիկական անվտանգության նոր փորձաքննության ենթակա չեն լինելու: Այն հակասության մեջ է մտնում գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի հետ, որի 20-րդ հոդվածի 7-րդ կետում նշված է. «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում»: Այսպիսով, Ընդերքի մասին օրենսգրքի այս նոր փոփոխություններով գործադիրը հեռանում է ժողովրդավարական արժեքներից, վտանգում է տեղական ժողովրդավարության գործընթացը, քանի որ այս փոփոխության համար բացակայում է հասարակության հետ կոնսենսուսը, ինչպես նաև այն զրկում է համայնքի բնակիչներին՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի համար խաղաղ պայքարելու հնարավորությունից։ Մենք՝ ներքոստորագյալ կազմակերպություններս և ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք ՀՀ կառավարությունից հետ կանչել ՀՀ Ազգային ժողովից «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի խնդրահարույց նախագիծը: Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից վերադարձնել օրինագիծը ՀՀ կառավարություն՝ այն հակասահմանադրական, հակաօրինական և հակաժողովրդավարական լինելու հիմքով։ Հայտարարությունը բաց է միանալու համար: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ «Կանաչ Հայաստան» բնապահպանական ՀԿ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ Հայկական բնապահպանական ճակատ կամավորական քաղաքացիական նախաձեռնություն «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ «Գոյ» բնապահպանաիրավական ՀԿ «Միհր» ստեղծագործողների միություն» ՀԿ Հայաստանի կանանց նախաձեռնություն «Սինեմարթ» Երիտասարդական ՀԿ «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ «Գյումրու առաջընթաց» ՔԶՀԿ ՀԿ «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ «Յանուս» իրավական ՀԿ «Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ «Թուխմանուկ» ՀԿ Էկոլոգիական հասարակական դաշինք «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ Արթուր Համբարձումյան, Էկո-իրավաբան «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ «Հանրային վերահսկողություն» ՀԿ «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն ՀԿ «Երեխաների հասարակություն մանկապատանեական ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ «Նոր Հորիզոններ» ՀԿ Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան «ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան «Թումանյան» փաստաբանական գրասենյակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Մերի Աղախանյան, ռեժիսոր «Կանանց իրավունքների տուն» ՀԿ «Մեկ առողջություն» կոալիցիա «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ «Կայուն ապագա» երիտասարդական ՀԿ «Փինք» իրավապաշտպան ՀԿ Անահիտ Մանուկյան` բժիշկ, անհատ ձեռնարկատեր «Դալմա-Սոնա» Հիմնադրամ Վաղինակ Տեր-Հովհաննիսյան, Եվա Մարգարյան, «Քաղցկեղի դեմ պայքարի Եվրոպական լիգաների ասոցիացիա»-ի Հայաստանի Երիտասարդ դեսպաններ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
16:38 - 17 փետրվարի, 2022
Օրենսդրական նախաձեռնություն. պատերազմում զոհված զինվորների եղբայրները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

Օրենսդրական նախաձեռնություն. պատերազմում զոհված զինվորների եղբայրները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

Փետրվարի 17-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից է ընտանիքի միակ արու զավակ լինելը և միաժամանակ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը: Գործող օրենքի կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է նաև ընտանիքում միակ արու զավակ լինելը: Ըստ հիմնավորման՝ ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում են, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Կառավարությունն առաջարկում է, մասնավորապես, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ 3) ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր»։
16:04 - 17 փետրվարի, 2022