Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Սահմանին երեկվա դեպքը եղել է տարածքի հերթական ճշգրտման ժամանակ. Պապիկյան

Սահմանին երեկվա դեպքը եղել է տարածքի հերթական ճշգրտման ժամանակ. Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձավ երեկ սահմանին տեղի ունեցած միջադեպի պատճառներին և ասաց․  «Ապրիլի 1-ի պայմանավորվածությունները չկատարելու եւ մարտի 29-ից Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանային այդ հատվածում Ադրբեջանի ԶՈԻ տեղակայման արդյունքում, գիտեք, որ որոշակի անճշտություններ կամ տեղակայման ճշգրտումներ են իրականացվում ՀՀ ու Ադրբեջանի սահամանպահ ուժերի միջեւ, եւ ՀՀ ԶՈՒ-ն ժամանակավորապես տեղակայվել է նաեւ այս տեղամասում մինչեւ վերջնական ճշտումը։ Այդ ընթացքում՝ վերջին 7-10 օրերին, օրվա մեջ նույնիսկ տասնյակ դեպքեր են եղել, երբ ինժեներական աշխատանքի բերումով թե հակառակ, թե յուրային կողմերը միմյանց հետ բանակցել են, ճշտել են, նմանատիպ մի ճշգրտման բերումով էլ տեղի է ունեցել հայտնի միջադեպը, որը բերել է հրմշտոցի, բախման, ապա նաեւ ցավոք, անցանկալի հետեւանքների»,- ասաց Սուրեն Պապիկյանը։  Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ համաձայն պայմանավորվածության՝ ապրիլի 1-իից Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը (Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող նոր ճանապարհը՝ խմբ․) շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ ՀՀ սահմանապահ զորքերը զբաղվելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությամբ։ Նշենք, որ մինչ այդ գործում էր ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից ՀՀ տարածք։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ եղել են քարտեզների տարընթերցումներ, 5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել։  Հիշեցնենք նաև, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։
17:43 - 12 ապրիլի, 2023
Սուրեն Պապիկյանը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է. ՊՆ

Սուրեն Պապիկյանը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է. ՊՆ

Պաշտպանության նախարարը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Ըստ ՀՀ ՊՆ-ի, ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր իսկ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։ Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:  
21:47 - 11 ապրիլի, 2023
Սուրեն Պապիկյանի բնակարանի ձեռքբերման հարցով քրեական վարույթ չի նախաձեռնվել հիմքերի բացակայության պատճառով
 |armenpress.am|

Սուրեն Պապիկյանի բնակարանի ձեռքբերման հարցով քրեական վարույթ չի նախաձեռնվել հիմքերի բացակայության պատճառով |armenpress.am|

armenpress.am:  Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից բնակարանի ձեռքբերման գործընթացի վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հիմքերի բացակայության պատճառով։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Փետրվարի 28-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել՝ գրելով, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում հիփոթեքային վարկով բնակարան է ձեռք բերել, որի համար վճարել է 168 հազար դոլար, սակայն բնակարանի իրական արժեքը 412 հազար դոլար է։ Դրան հաջորդեց ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը, որ ուսումնասիրում են հրապարակումը։ «Արմենպրես»-ը գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել՝ճշտելու, թե ինչ է պարզվել ուսումնասիրության արդյունքում, որին ի պատասխան՝ Դատախազությունից տվել են հետևյալ պատասխանը․ «Դատախազությունը «Սուրեն Պապիկյանը 168.000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե» վերտառությամբ հրապարակումն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը, գնահատելով հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները, 22.03.2023 թվականին վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմել, քանի որ հրապարակմամբ մատնանշված հանգամանքներով չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Քննիչն այդ մասին գրավոր տեղեկացրել է հսկող դատախազին: Հսկող դատախազը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում, հաստատել է քրեական վարույթ չնախաձեռնելու իրավաչափությունը և վարույթի նյութերը վերադարձրել է քննիչին»:
12:04 - 03 ապրիլի, 2023
Եթե Նիկոլ Փաշինյանը գիտի, որ «հինգերորդ շարասյուն» ենք ունեցել, ապա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել դրա դեմ․ Սերժ Սարգսյան |tert.am|

Եթե Նիկոլ Փաշինյանը գիտի, որ «հինգերորդ շարասյուն» ենք ունեցել, ապա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել դրա դեմ․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Եթե Նիկոլ Փաշինյանը գիտի, որ «հինգերորդ շարասյուն» ենք ունեցել, ապա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել դրա դեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմում պարտվելու պատճառը բանակում գործող «հինգերորդ շարասյունն» էր։ «Իմ նախագահության օրոք «հինգերորդ շարասյուն» չենք ունեցել։ Եթե այդ մարդը գիտի, որ «հինգերորդ շարասյուն» ենք ունեցել, ապա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել այդ «հինգերորդ շարասյան» դեմ։ Բայց, իմ կարծիքով, միգուցե ինչ-որ տեղ ճիշտ է ասում, և ինքն է գլխավորում այդ «հինգերորդ շարասյունը», եթե այդքան մանրամասն տեղյակ է», - ասաց ՀՀ երրորդ նախագահը։ Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե «հինգերորդ շարասյունը» ուղղորդվել է դրսից, Սերժ Սարգսյանն ասաց․ «Երևի Սուրեն Պապիկյանը հավաստի տեղեկություններ ունի, հակառակ դեպքում այդպիսի անլուրջ հայտարարություններ չի կարող անել։ Ես դրսից կառավարվող այլ մարդկանց գիտեմ, ովքեր իրենք երբեք իրենց կյանքում «հինգերորդ շարասյուն» չեն ավանի»։
21:20 - 24 մարտի, 2023
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների հետ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների հետ

N զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր եղել է նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում, շրջել տարածքում, հետևել ծառայությանը, մարտական ու ֆիզիկական պարապմունքների ընթացքին։ Զորամասում կատարած շրջայցից անմիջապես հետո պաշտպանության նախարարը հանդիպել է երկամյա ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության և զինվորական պարտքը պատվով իրականացնելու համար։ Սուրեն Պապիկյանը տունդարձին սպասող զինծառայողներին հանձնել է զինվորական վկայականները և պարգևատրել ժամացույցներով։ Ավելի ուշ պաշտպանական գերատեսչության ղեկավարը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայակազմի հետ։ Սուրեն Պապիկյանը լսել է սպաներին հուզող հարցերը, ներկայացրել գերատեսչության առաջիկա անելիքներն ու ԶՈՒ բարեփոխումների ընթացքը։
15:43 - 24 մարտի, 2023
Սուրեն Պապիկյանն այցելել է զորամաս, զինծառայողներին հորդորել խստագույնս հետևել անվտանգության կանոններին

Սուրեն Պապիկյանն այցելել է զորամաս, զինծառայողներին հորդորել խստագույնս հետևել անվտանգության կանոններին

Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:   Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է մարտական հերթապահության պատրաստվող անձնակազմին, մաղթել անվտանգ և զգոն ծառայություն։ Սուրեն Պապիկյանը զինծառայողներին հորդորել է խստագույնս հետևել անվտանգության կանոններին, ինչպես նաև ուշադրությամբ ու բարձր կարգապահությամբ կազմակերպել ծառայությունն ու մարտական հերթապահությունը՝ հատկապես անբարենպաստ եղանակային պայմաններում։   Նախարարը հրամանատարական կազմին տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ։   Այնուհետև պաշտպանության նախարարն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել բարձրացված հարցերը, ներկայացրել ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:  
14:16 - 23 մարտի, 2023
2022-ին Հայաստանի զինված ուժերը համալրվել են ԱԹՍ-ներով և հակատանկային ու ՀՕՊ միջոցներով
 |azatutyun.am|

2022-ին Հայաստանի զինված ուժերը համալրվել են ԱԹՍ-ներով և հակատանկային ու ՀՕՊ միջոցներով |azatutyun.am|

azatutyun.am: 2022-ին Հայաստանի զինված ուժերը համալրվել են համապատասխան զինտեխնիկայով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով և հակատանկային ու ՀՕՊ միջոցներով, այսօր խորհրդարանում տեղեկացրեց պաշտպանության նախարարը՝ ներկայացնելով անցած տարի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքները։ «Հաշվետու ժամանակահատվածում Զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի ԱԹՍ-ներով, հակատանկային, ՀՕՊ միջոցներով ու դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր և անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, ՌՔԿՊ և կապի միջոցներով, ականանետերով, նռնականետերով, օպտիկական սարքերով, ջերմատեսիլ նշանոցներով, տարբեր տեսակի զինամթերքով և այլ տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցով», - ներկայացրեց Սուրեն Պապիկյանը: Պաշտպանության նախարարը շատ փակագծեր չբացեց, թե կոնկրետ որ երկրներից է Հայաստանը ռազմական տեխնիկա ձեռք բերել, ամեն դեպքում վստահեցրեց այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարվում։ «Մեր բանակը սպառազինված է այնքանով, ինչքանով մենք հնարավորություն ենք ունեցել ձեռք բերել միջոցներ: Ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք դրանով և չեմ կարող ասել, թե որտեղից ինչ ենք գնել, դա գաղտնի է», - ասաց Պապիկյանը: Անդրադառնալով առաջնագծին՝ պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ այս ուղղությամբ նույնպես աշխատանքներ են կատարվել, մասնավորապես, շարունակվել է տեսադիտարկման համակարգերի տեղադրումը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, սակայն, հակադարձեց Սուրեն Պապիկյանին՝ պատերազմից ավելի քան 2 տարի է անցել, բայց առաջնագիծն այդպես էլ ամբողջությամբ չի կահավորվել։ Շարունակությունը՝ azatutyun.am-ում  
17:47 - 15 մարտի, 2023
Դատախազությունն ուսումասիրում է Սուրեն Պապիկյանի տանն առնչվող հրապարկումը

 |factor.am|

Դատախազությունն ուսումասիրում է Սուրեն Պապիկյանի տանն առնչվող հրապարկումը |factor.am|

factor.am: ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տան գործարքի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումը։ Factor.am-ին փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդարական Լուսինե Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որ Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է ձեռք բերել, որի շուկայական գինն այժմ 412.000 ԱՄՆ դոլար է, իսկ 6 ամիս առաջ` գործարքի ժամանակ, այն արժեցել է 168 000 ԱՄՆ դոլար։ Նշենք, որ երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել էր թեմային և նշել․ «Եթե դուք ճիշտ եք, ես Ձեզ առաջարկ ունեմ․ ասում եք՝ 412 հազար դոլար արժե, ես Ձեզ առաջարկում եմ, որ գնաք բանկի հետ բանակցեք, 300 հազար դոլարով գնեք էդ տունը, եւ 400 հազար դոլարով վաճառեք, ինչպես Դուք պնդում եք, եւ երբ 400 հազար դոլարով վաճառեք, մենք բոլորս կիմանանք, որ դուք ճիշտ եք, ընդ որում՝ դրա արդյունքում 100 հազար դոլար մաքուր շահույթ կունենաք»։ Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, թե չկա որևէ հրապարակում, որ իրավապահները չուսումասիրեն։
15:27 - 15 մարտի, 2023
Էդ գնով ևս 300 հոգի տուն են առել. Սուրեն Պապիկյանը չհայտնեց բնակարանի ամրագրման ամսաթիվը |factor.am|

Էդ գնով ևս 300 հոգի տուն են առել. Սուրեն Պապիկյանը չհայտնեց բնակարանի ամրագրման ամսաթիվը |factor.am|

factor.am: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր բնակարանը ձեռք է բերել 2021 թվականին, սակայն ամրագրման ամսաթիվը չհստակեցրեց։ Նախարարը հավելեց, որ ներկայիս հայտարարագիրը 2021թվականինն է, ինքն էլ դրանից հետո շուրջ 1 տարի ապրել է, աշխատել, գումար վաստակել։ Պապիկյանն ընդգծեց, որ իր գնածից ավելի էժան այդ տարածքում բնակարան է գնել 300 հոգի․ «Հետևություններ դուք արեք կամ թող անեն այլ մարմիններ»։ Հիշեցնենք, որ «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որ Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է ձեռք բերել, որի շուկայական գինն այժմ 412.000 ԱՄՆ դոլար է, իսկ 6 ամիս առաջ` գործարքի ժամանակ, այն արժեցել է 168 000 ԱՄՆ դոլար։ Պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ անպայման հայտարարագիր կներկայացնի, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ինչպես է ձեռք բերել իր նոր բնակարանը։ «Ես հայտարարագրով կներկայացնեմ, թե որտեղից ինձ գումար, ումից եմ վերցրել, որ բանկից եմ վարկ վերցրել և որքան է եղել կանխավճարը, ինչպես նաև դա ինչի արդյունքում է գոյացել։ Կներկայացնեմ նաև` արդյոք այդքան աշխատավարձ եմ ստանում կամ հաշվիս այդքան գումար ունեցել եմ, թե ոչ։ Ամեն ինչ կհրապարակվի։ Ներկայիս հայտարարագիրը 2021 թվականինն է, ես էլ 2022–ին, շուրջ 1 տարի, ապրել եմ, աշխատել եմ, գումար եմ վաստակել։ Այժմ էլ 2023 թվականն է»,– նշեց Պապիկյանը։ Նշենք, որ երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել էր թեմային և նշել․ «Եթե դուք ճիշտ եք, ես Ձեզ առաջարկ ունեմ․ ասում եք՝ 412 հազար դոլար արժե, ես Ձեզ առաջարկում եմ, որ գնաք բանկի հետ բանակցեք, 300 հազար դոլարով գնեք էդ տունը, եւ 400 հազար դոլարով վաճառեք, ինչպես Դուք պնդում եք, եւ երբ 400 հազար դոլարով վաճառեք, մենք բոլորս կիմանանք, որ դուք ճիշտ եք, ընդ որում՝ դրա արդյունքում 100 հազար դոլար մաքուր շահույթ կունենաք»,։
14:57 - 15 մարտի, 2023