Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Ամերիկյան SpaceX-ը տիեզերք է արձակել թուրքական հերթական արբանյակը |azatutyun.am|

Ամերիկյան SpaceX-ը տիեզերք է արձակել թուրքական հերթական արբանյակը |azatutyun.am|

azatutyun.am: Անցած գիշեր Ֆլորիդայում գտնվող «Կանավերալ» տիեզերակայանից տեղի է ունեցել թուրքական Turksat5A արբանյակի արձակումը։ Հեռահաղորդակցության և կապի ոլորտում ծառայություններ մատուցելու համար նախատեսված թուրքական արբանյակը տիեզերք է արձակվել ամերիկյան SpaceX ընկերությանը պատկանող Falcon հրթիռի օգնությամբ։ Թուրքիայի պաշտոնական Anadolu գործակալության փոխանցմամբ, տիեզերք արձակված սարքը հինգերորդ սերնդի արբանյակներից է, այն լիարժեքորեն կսկի գործել արդեն այս տարվա երկրորդ կեսին և կշահագործվի շուրջ 30 տարի։ Թուրքական կառավարության պնդմամբ, արբանյակը շահագործվելու է գյուղական բնակավայրերին կապ ապահովելու ինչպես նաև Թուրքիայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք շրջաններում հեռուստատեսային հեռարձակումներ ապահովելու նպատակով։
13:42 - 08 հունվարի, 2021
Չավուշօղլուն հայտարարել է, որ մոտ ապագայում կհանդիպի Հունաստանի արտգործնախարարի հետ |azatutyun.am|

Չավուշօղլուն հայտարարել է, որ մոտ ապագայում կհանդիպի Հունաստանի արտգործնախարարի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Մոտ ապագայում կայանալու է Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարների հանդիպում, նախօրեին հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ պորտուգալացի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ «Այժմ Հունաստանի հետ ավելի արդյունավետ երկխոսության համար հնարավորությունների պատուհան է բացվել։ Եվ մենք Հունաստանի արտգործնախարար և իմ լավ բարեկամ Նիկոս Դենդիասի հետ պատրաստվում ենք հանդիպել առաջիկա շաբաթներին», - հայտարարել է Չավուշօղլուն։ Անկարայի և Աթենքի հարաբերությունները սրվել էին Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունների հետևանքով։ Հունաստանի իշխանությունները 2020 թվականի երկրորդ կեսին կոչ էին անում ԵՄ գործընկերներին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։
12:58 - 08 հունվարի, 2021
Հունական և թուրքական առափնյա պահպանության ծառայություններին պատկանող նավերի միջև «բախում» է տեղի ունեցել |tert.am|

Հունական և թուրքական առափնյա պահպանության ծառայություններին պատկանող նավերի միջև «բախում» է տեղի ունեցել |tert.am|

tert.am: Հույն ձկնորսների, ինչպես նաև Հունաստանի և Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունների միջև տեղի ունեցած միջադեպը մեկնաբանել է Կալիմնոսի քաղաքապետ Դիմիտրիս Դիակոմիչալիսը, հայտնում է greekcitytimes.com լրատվական գործակալությունը: Միջադեպին բացի հույն քաղաքապետից անդրադարձել է նաև Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունը:Հույն քաղաքապետը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Աստվածահայտնության տոնի առավոտյան, երբ հույն ձկնորսները մոտեցել են Իմիայի ափերին՝ ծովախեցգետնի որսի նպատակով:Համաձայն քաղաքապետի մեկնաբանության՝ Թուրքիայի առափնյա ծառայության նավերը ներխուժել են հունական ջրային տարածք, ինչից հետո հունական առափնյա պահպանության ծառայության ակտիվացել է: Դրա հետևանքով երկու կողմերի միջև «բախում» է սկսվել՝  հունական նավի վնասվելու պատճառ դառնալով:Անդրադառնալով միջադեպին՝ Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հունական նավերը, որոնք սահմաններ չունեն և անօրինական ներգաղթյալներին անընդհատ հետ են մղում Թուրքիայի տարածքային ջրեր` խախտելով միջազգային իրավունքը, այս անգամ վտարվեցին Թուրքիայի տարածքային ջրերից»:Ինչպես տեղեկացնում է լրատվական գործակալությունը, սա նմանատիպ առաջին դեպքը չէ:
11:26 - 08 հունվարի, 2021
ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հրամանատարությունը մեկ տարի ժամկետով անցավ Թուրքիային |azatutyun.am|

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հրամանատարությունը մեկ տարի ժամկետով անցավ Թուրքիային |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի «Շատ բարձր պատրաստվածության միացյալ օպերատիվ ուժերի» (VJTF) հրամանատարությունը հունվարի 1-ից անցել է Թուրքիային։ Անկարան 4 հազար 200 զինծառայողներից կազմված մոտոհրաձգային բրիգադ է միացնելու նշված ուժերին, իսկ ընդհանուր առմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների զինծառայողներով միասին 2021 թվականին արագ արձագանքման ուժերում ընդգրկված են լինելու 6 հազար 400 զինծառայողներ։ Արագ արձագանքման ուժերի հրամանատարությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրները ստանձնում են ռոտացիոն կարգով՝ մեկ տարի ժամկետով։ Այդ ուժերի առանձնահատկությունը մարտական պատրաստվածության բարձր աստիճանն է, մասնավորապես ցանկացած պահի նրանք պետք է պատրաստ լինեն վերատեղակայվել 72 ժամվա ընթացքում։ «Թուրքիան նշանակալից ներդումներ է կատարել ռազմական այդ միավորման համար, հատկապես նյութատեխնիկական ապահովման և զինամթերքի պլանավորման գործում։ Այդ ուժերին են փոխանցվել թուրքական ռազմական նորագույն տեխնիկա, հակատանկային հրթիռներ, հրանոթներ»,- նշված է ՆԱՏՕ-ի հայտարարությունում։
15:25 - 03 հունվարի, 2021
Թուրքիայի ներքին գործերի նախարարն այցելել է զինյալների կողմից մասնակի գրավված սիրիական Իդլիբ նահանգ |tert.am|

Թուրքիայի ներքին գործերի նախարարն այցելել է զինյալների կողմից մասնակի գրավված սիրիական Իդլիբ նահանգ |tert.am|

tert.am: Թուրք բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի գլխավորությամբ, ստուգումներ է անցկացրել Սիրիայի Իդլիբ նահանգում կառուցվող օբյեկտներում, որոնք չեն գտնվում պաշտոնական Դամասկոսի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:Պաշտոնյաներն ստուգել են տեղահանված անձանց համար կառուցվող ժամանակավոր աղյուսե տները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իդլիբի կողմից Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող փախստականների ճամբարներում պահվող սիրիացիներն ստիպված են տաքացնել իրենց վրանները՝ այրելով հին հագուստներ, ստվարաթուղթ, ճյուղեր և նեյլոն: Նրանք զրկված են վառելիք գնելու հնարավորությունից, որի մենաշնորհը պատկանում է Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորմանը: 
17:27 - 02 հունվարի, 2021
«Համոզված եմ, որ մենք արդեն կարող ենք Ադրբեջանից Թուրքիա ապրանքներ ուղարկել և ստանալ Հայաստանի տարածքով». Ալիև
 |tert.am|

«Համոզված եմ, որ մենք արդեն կարող ենք Ադրբեջանից Թուրքիա ապրանքներ ուղարկել և ստանալ Հայաստանի տարածքով». Ալիև |tert.am|

tert.am: Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի և Թուրքիայի հետ տրանսպորտային միջանցքի ձևավորմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դեկտեմբերի 31-ին ընդունելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած թուրքական ռազմական պատվիրակությանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Ներկայումս մենք մեծապես կարևորում ենք Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա միջանցքի ձևավորումը, և առաջին հրահանգներն արդեն տրված են»,-ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ առաջիկա օրերին ադրբեջանական կողմը կսկսի երկաթգիծ կառուցել Հորադիզից (Ֆիզուլիի շրջան) դեպի Զանգելան՝ Հայաստանի հետ սահման:Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ կարելի է չսպասել երկաթուղային գծի շինարարության ավարտին և երկաթուղով փոխադրում իրականացնել մինչև Հորադիզ, իսկ այնտեղից՝ ծանր բեռնատարներով:«Սա օրակարգի կարևոր հարց է: Կարծում եմ և վստահ եմ, որ մենք կարող ենք արդեն Ադրբեջանից Թուրքիա ապրանքներ ուղարկել Հայաստանի և Նախիջևանի տարածքով և ապրանքներ ստանալ հակառակ ուղղությամբ: Այսպիսով, կիրականացվի Նախիջևանի միջանցքի բացումը, որը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կարևոր մասն է»,- նշել է Ադրբեջանի նախագահը:
18:34 - 31 դեկտեմբերի, 2020
Volkswagen-ը փակել է Թուրքիայում իր ստորաբաժանումը՝ երկրում իր առաջին գործարանի կառուցման ծրագրերի չեղարկումից հետո |tert.am|

Volkswagen-ը փակել է Թուրքիայում իր ստորաբաժանումը՝ երկրում իր առաջին գործարանի կառուցման ծրագրերի չեղարկումից հետո |tert.am|

tert.am: Volkswagen Group-ը փակել է Թուրքիայում իր ստորաբաժանումը՝ այդ երկրում իր առաջին գործարանի կառուցման ծրագրերի չեղարկումից հետո, երեքշաբթի հայտնել է թուրքական BloombergHT հեռուստաալիքը:Ընկերության ստորաբաժանման փակման որոշումը գրանցվել է թուրքական առևտրային ռեգիստրում։Volkswagen-ը Մանիսայի հյուսիսարևմտյան արդյունաբերական շրջանում իր ստորաբաժանումը բացել էր 2019 թվականի հոկտեմբերին՝ 943,5 մլն լիրա (127 մլն դոլար) կապիտալով: Այնուհետև դադարեցրել է գործարան բացելու ծրագրերը՝ Հյուսիսային Սիրիա թուրքական ներխուժման պատճառով, որը սկսվել է նույն ամսին: Հուլիսին նա ամբողջությամբ հրաժարվել էր նախագծից՝ վկայակոչելով կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքները։Ավելի վաղ ընկերության գլխավոր տնօրեն Հերբերտ Դիսը հայտարարել էր, որ Volkswagen-ը Թուրքիայում նոր գործարան բացելու ծրագրերից հրաժարվել է քաղաքական պատճառներով։Նրա խոսքով` Volkswagen-ի արտադրողական խորհուրդը դեմ է արտահայտվել Թուրքիայում գործարանի դեմ` երկրում առկա քաղաքական մթնոլորտի հետ կապված բաժնետերերի մտահոգությունների կապակցությամբ:
10:20 - 30 դեկտեմբերի, 2020
Թուրքիան հայտարարում է, թե Հադրութի շրջանում կրակոցները հրադադարի ռեժիմի խախտում են |azatutyun.am|

Թուրքիան հայտարարում է, թե Հադրութի շրջանում կրակոցները հրադադարի ռեժիմի խախտում են |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, թե Հադրութի շրջանում կրակոցները հրադադարի ռեժիմի խախտում են: «Հայ զինված տարրերի հարձակումները, որոնք հրաժարվել են զենքը վայր դնել և նահանջել, Ադրբեջանի զինված ուժերի դեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի ակնհայտ խախտում է», - ասվում է հաղորդագրությունում: Ավելի վաղ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները ճշտում են Հադրութի շրջանում կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հայտարարեց, որ հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե դեկտեմբերի 27-ին հայկական զինված խումբը հարձակվել է ադրբեջանական զորքի վրա, սպանվել է մեկ ադրբեջանցի և վեց հայ զինծառայող։ Հայկական կողմը հերքել է այդ տեղեկատվությունը՝ պնդելով, որ նշված ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ Պաշտպանության բանակը Ադրբեջանի հայտարարությունը քարոզչական սադրանք որակեց։
10:59 - 29 դեկտեմբերի, 2020