ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

1lurer.am-ը որպես թարմ իրադարձություն է ներկայացրել «Կոմերսանտի»՝ ավելի քան 2 շաբաթվա վաղեմության հարցազրույցը

1lurer.am-ը որպես թարմ իրադարձություն է ներկայացրել «Կոմերսանտի»՝ ավելի քան 2 շաբաթվա վաղեմության հարցազրույցը

Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքն այսօր հրապարակել է «ԱՄՆ պետդեպարտամենտը կաջակցի Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին որոշմանը. Շերման» վերտառությամբ նյութ։ «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանն ասել է, որ իր երկիրը կաջակցի այն որոշումներին, որոնք Ուկրաինան կընդունի, ներառյալ՝ հնարավոր չեզոք կարգավիճակը։ Այդ մասին նա հայտնել է «Կոմերսանտ» թերթին»,- ասվում է նյութում։ Շերմանը նմանատիպ հայտարարություն իրոք արել է, սակայն «Կոմերսանտին» տված հարցազրույցը ավելի քան 2 շաբաթվա վաղեմություն ունի։ Թերթն այս տարվա փետրվարի 26-ին՝ Պուտինի՝ Ուկրաինայում «հատուկ գործողություն» սկսելու մասին հայտարարութունից երկու օր անց, հարցազրույց էր վերցրել Ուենդի Շերմանից։ «Կոմերսանտ»-ի թղթակիցը հարցրել էր Շերմանին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու Ուկրաինային, եթե վերջինս որոշի իր չեզոք կարգավիճակի հարցը քննարկել Պուտինի հետ։ Շերմանն էլ պատասխանել էր, որ իրենք կաջակցեն բոլոր այն որոշումները, որոնք Ուկրաինան կկայացնի։ Իր նյութի վերջում 1lurer.am-ը հիշեցրել է այն մասին, որ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկելու Ուկրաինայի չեզոք կարգավիճակը։ Հիշեցման մեջ նշվում է նաև․ «ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլի ուշադրության կենտրոնում է ուկրաինական իշխանությունների այդ հայտարարությունը: Միաժամանակ նա հավելել է, որ այս պահին ոչինչ չի կարող ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ շփումների մասին»։ Զելենսկին նման հայտարարություն արել էր փետրվարի 24-ի, լույս 25-ի գիշերը։ Փետրվարի 25-ին Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցի քննարկման մասին Զելենսկիի պատրաստակամությունը Կրեմլում համարում են «ավելի շուտ դրական տեղաշարժ»։  Այս հայտարարություններին պատերազմի ընթացքում հաջորդել են այլ հայտարարություններ։  Մարտի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը։  Մարտի 13-ին էլ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դեմ չէ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։  1lurer.am-ի սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, gazeta.ru-ի հրապարակումն է, քանի որ երկու կայքերի նյութրի վերնագրերը, լուսանկարներն ու վերջին հիշեցումը` Զելենսկու և Պեսկովի հայտարարությունների մասին, համընկնում են։ Սակայն gazeta.ru-ում ևս այս լուրը հրապարակվել է փետրվարի 26-ին։ Այսպիսով, Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքն այսօր հրապարակել է «Կոմերսանտի»՝ ավելի քան երկու շաբաթվա վաղեմության հարցազրույցը և նյութի վերջում հիշեցրել հայտարարություններ, որոնք արվել են Ուկրաինայում պատերազմի մեկնարկի դեռևս առաջին օերին։ ԹԱՐՄԱՑՈՒՄ Մեր հրապարակումից հետո 1lurer.am-ը խմբագրել է նյութն ու հեռացրել Ուենդի Շերմանի հարցազրույցի մասին լուրը։ Խմբագրված նյութում ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունն է այն մասին, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ ցանկացած որոշում։ Աննա Սահակյան
14:05 - 16 մարտի, 2022
Նույնիսկ մինչ Ռուսաստանի այս ագրեսիան Ուկրաինան հենց վաղը չէր պատրաստվում մտնել ՆԱՏՕ. Բլինքեն

Նույնիսկ մինչ Ռուսաստանի այս ագրեսիան Ուկրաինան հենց վաղը չէր պատրաստվում մտնել ՆԱՏՕ. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում Զելենսկու հայտարարությունը ՆԱՏՕ-ին շուտ միանալու անհնարինության մասին անվանել է «իրականության արտացոլում»։ «Չեմ կարծում, որ դա զիջում է: Կարծում եմ՝ առաջին հերթին, դա իրականության արտացոլումն է։ Նույնիսկ մինչ Ռուսաստանի այս ագրեսիան Ուկրաինան հենց վաղը չէր պատրաստվում մտնել ՆԱՏՕ։ Ահա թե ինչու, երբ Պուտինն ասում էր, որ Ուկրաինայի վերաբերյալ իրենց մտահոգությունները կենտրոնացած են ՆԱՏՕ-ին նրա անդամակցության վրա, սխալ էր: Դա սուտ էր»,- ասել է Բլինքենը: Բլինքենի խոսքով՝ Պուտինը ցույց է տվել, որ Ուկրաինայում պատերազմը «Ուկրաինայի անկախ գոյությունը մերժելու համար է»։ Հշեցնենք՝ երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե Կիևին հասկացրել են, որ չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին։ 
11:07 - 16 մարտի, 2022
ԱՄՆ պետքարտուղարը և Ադրբեջանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղարը և Ադրբեջանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Բլինքենը։ Նա նշել է, որ զրուցել է Ալիևի հետ «տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղությանը հետամուտ լինելու կարևորության մասին»։ Գրառման մեջ նշվում է նաև, որ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերվող աջակցության համար։ Ադրբեջանական կողմը հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է նաև, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին:
10:55 - 16 մարտի, 2022
ԱՄՆ Սենատը միաձայն դատապարտել է Պուտինին՝ որպես ռազմական հանցագործի |tert.am|

ԱՄՆ Սենատը միաձայն դատապարտել է Պուտինին՝ որպես ռազմական հանցագործի |tert.am|

tert.am: ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դատապարտում է որպես ռազմական հանցագործ։ Այս մասին մարտի 16-ին հայտնել է Reuters գործակալությունը։ Փաստաթուղթը, որը ներկայացրել է հանրապետական Լինդսի Գրեհեմը, ստացել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների միաձայն աջակցությունը։Սենատը խստորեն դատապարտել է Պուտինի օրոք ռուսական զինված ուժերի կողմից իրականացված «բռնությունը, ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները»։Բանաձևը կոչ է անում Հաագայի միջազգային քրեական դատարանին և այլ երկրներին հետաքննություն անցկացնել «ռուսական ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարվել են Ուկրաինա ներխուժման ժամանակ»։«Մենք բոլորս այս սրահում միավորվել ենք դեմոկրատների և հանրապետականների հետ՝ ասելու, որ Վլադիմիր Պուտինը չի կարող խուսափել ուկրաինացի ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների պատասխանատվությունից», - ասել է Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։
10:42 - 16 մարտի, 2022
Չինաստանն ուկրաինական պատերազմում գոնե մեկ հաղթողի է տեսնում ՝ իրեն․ The New York Times

Չինաստանն ուկրաինական պատերազմում գոնե մեկ հաղթողի է տեսնում ՝ իրեն․ The New York Times

Լուսանկարը՝ Getty Images Պատերազմն Ուկրաինայում դեռ հեռու է ավարտից, սակայն Չինաստանի քաղաքական շրջանակներում արդեն կարծիք է ձևավորվում առ այն, որ մի երկիր հաղթող է դուրս գալու այս խառնաշփոթից՝ Չինաստանը, գրում է The New York Times-ը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ստորև։ Ռուսաստանի ներխուժմանն առաջին շփոթված արձագանքից հետո Չինաստանը մի ռազմավարության հիմք է դրել, որը նրան թույլ կտա խուսափել վատթարագույն տնտեսական և դիվանագիտական հետևանքներից, որոնց նա կարող է բախվել, և օգուտներ քաղել աշխարհաքաղաքական այս փոփոխություններից, երբ մշուշը ցրվի։ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը խուսափում է քննադատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, բայց նաև փորձում է Չինաստանին հեռու պահել այդ ջարդից։ Նրա կառավարությունը դատապարտել է միջազգային պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ, սակայն գոնե հիմա ակնարկել է, որ չինական ընկերությունները կարող են հաշվի նստել դրանց հետ՝ պաշտպանելու Արևմուտքում Չինաստանի տնտեսական շահերը։ Անցյալ շաբաթ Սի Ծինփինը եվրոպացի առաջնորդներին դիմեց կարգավորման շուրջ բանակցություններին աջակցելու մշուշոտ առաջարկներով, մինչդեռ մյուս չինացի պաշտոնյաները սատարեցին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուղղված ռուսական ապատեղեկատվական արշավները։ Վաշինգտոնի պաշտոնակար անձինք երեկ, առանց ապացույցներ ներկայացնելու, հայտնեցին, թե ներխուժումից հետո Ռուսաստանը Չինաստանին խնդրել է իրեն տնտեսական և ռազմական օգնություն տրամադրել, սակայն վերջինս դա ապատեղեկատվություն անվանեց։ Ի վերջո՝ Չինաստանի ղեկավարությունը հաշվարկեց, որ պետք է վեր լինել, իր կարծիքով, երկու ուժասպառ տերությունների միջև պայքարից և ներկայանալ իբրև կայունության հիմք ավելի ու ավելի անհանգիստ աշխարհում։ «Սա նշանակում է, որ քանի դեռ մենք չենք գործել ծանրակշիռ ռազմավարական սխալներ, Չինաստանի արդիականացումը չի ընդհատվի, ընդհակառակը, Չինաստանն էլ ավելի մեծ հնարավորություն և ցանկություն կունենա ավելի առանցքային դեր խաղալու միջազգային նոր կարգերի հաստատման գործում»,- իր հոդվածում գրել է Շենչժենում Հոնկոնգի Չինաստանի համալսարանի պրոֆեսոր Չժեն Յունիանը։ Չինաստանի ռազմավարության հիմքում այն համոզմունքն է, որ Միացյալ Նահանգները թուլացած է անմիտ օտարերկրյա արկածախնդրությունների, այդ թվում, Պեկինի կարծիքով, Պուտինին ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու պատճառով։ Այս տեսակետի համաձայն՝ Ռուսաստանի ներխուժումն ուշադրությունն ԱՄՆ-ից շեղել է դեպի Եվրոպա, ինչն ավելի հավականան է դարձնում, որ նախագահ Բայդենը փորձելու է ուշադրությունը կենտրոնացնել Չինաստանի և Ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանի վրա, բայց չի հաջողելու։ «Բոլոր այն դժվարություններն ու անհարմարությունները, որոնց մասին խոսում ենք, ժամանակավոր են։ Երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը վտարանդի է դառնալու միջազգային հանրության համար և ստիպված է լինելու Չինաստանին դիմել»,- ասել է Վաշինգտոնի Սթիմսոնի կենտրոնի չինական ծրագրի տնօրեն Յուն Սունը։ Չինաստանի հետագա ուղին բնավ պարզ չէ։ Ռուսաստանի հետ չափազանց մերձեցումը կարող է հանգեցնել Եվրոպայում և դրա սահմաններից դուրս Չինաստանի նկատմամբ թշնամանքի առաջացման, ինչն անհանգստացնում է Սի Ծինփինին։ Եվ եթե Գերմանիան, Ֆրանսիան ու մյուս դաշնակիցներն ամրապնդեն իրենց պաշտպանական համակարգն, ինչպես խոստացել էին, ԱՄՆ-ն կարող է հնարավորություն ունենալ ավելի շատ ռազմական ռեսուրս օգտագործել՝ Չինաստանին հակազդելու։ «Մեզ նաև շատ է անհանգստացնում այն, որ ռուս-ուկրաինական պատերազմը Եվրոպային ստիպելու է ավելի մերձենալ ԱՄՆ հետ, և Չինաստանն ավելի մեծ երկընտրանքի առջև է լինելու։ ԱՄՆ դաշնակիցները խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Ճապոնիան ու Ավստրալիան, նույնպես ավելի ուժեղ ռազմական դիրքորոշում կզբաղեցնեն։ Այնպես որ, այս ամենն այնքան էլ դրական հեռանկար չէ Չինաստանի համար»,- ասել է Նանջինի համալսարանի պրոֆեսոր Չժու Ֆենը։ Չինաստանը կարող է նաև տնտեսական ցնցումների բախվել պատերազմի և Ռուսաստանին պատժելու Արևմուտքի ջանքերի պատճառով, որը սահմանափակել է նրա հետ առևտուրն ու խզել կապերը ֆինանսական ինստիտուտների հետ։ Չինաստանի պաշտոնյաները դատապարտում են այս միջոցները, և, թեև ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները զարմանալի միասնություն են ցուցաբերել այդ հարցում, այլ երկրները նույնպես կիսում են Պեկինի վերապահումները՝ հզոր տնտեսական գործիքները որպես զենք կիրառելու վերաբերյալ։ Ամեն դեպքում, Չինաստանի տնտեսությունը բավականաչափ մեծ է՝ հարվածների դիմանալու համար, որոնք կարող էին մեծ վնաս հասցնել այլ երկրների։ Չինական ընկերությունները կարող են նույնիսկ շահեկան դիրքում հայտնվել՝ օգտվելով Ռուսաստանի՝ առևտրի հուսահատ կարիքից, ինչպես եղել է 2014թ․-ին, երբ Մոսկվան պատժամիջոցների է ենթարկվել Ղրիմի բռնակցման պատճառով։ Ինչպես էլ զարգանա պատերազմը, Չինաստանը Ռուսաստանի հետ իր կապերի խորացումը դիտարկում է որպես հակակշռի ստեղծում ԱՄՆ-ին։ Գործընկերությունը, որը Ծինփինն ու Պուտինն անցյալ ամիս նշեցին Պեկինի Ձմեռային օլիմպիադայի ժամանակ, շատ մեծ կարևորություն է ձեռք բերել՝ այն զոհաբերելու համար, ինչ մտավախություններ էլ ունենան որոշ պաշտոնյաներ պատերազմի վերաբերյալ։ Այնպես, ինչպես Պուտինն է ԱՄՆ-ն պատկերում որպես Ռուսաստանի համար սպառնալիք իր արևմտյան սահմանին, նույնպես էլ Ցզինպինն է Թայվանին (կղզային պետություն, որը Չինաստանն իր տարածքն է համարում) ԱՄՆ աջակցությունը դիտարկում որպես նմանատիպ սպառնալիք Չինաստանի ափին։ Վերջին շաբաթների ընթացքում չինացի վերլուծաբանները հաճախ էին մեջբերում բրիտանացի աշխարհագրագետ Հելֆորդ Ջոն Մաքինդերի խոսքերը, որը պնդում էր․ «Նա, ով վերահսկում է Կենտրոնական Եվրոպան, վերահսկում է մի մեծ տարածք՝ Եվրոպայից դեպի Ասիա։ Իսկ նա, ով վերահսկում է Եվրասիան, կարող է կառավարել աշխարհը»։ Նման մտածողության կողմնակից Ալեքսանդր Դուգինը, որին երբեմն անվանում են «պուտինյան փիլիսոփա», մեծ պոպուլյարություն է վայելում Պեկինում։ Նա շատ է գրել այն մասին, որ տեսնում է լիբերալ, դեկադենտ Արևմուտքի և պահպանողական Եվրասիայի միջև աճող ընդհարում, որի հոգին Ռուսաստանն է։ «Արևմուտքը չպետք է հեգեմոն դառնար՝ ունիվերսալ չափանիշների որոշման հարցում, քանի որ Արևմուտքը կամ Եվրոպան, կամ Արևմուտքն, ընդհանուր առմամբ, մարդկության միայն մի մասն է։ Մյուս մասը, մարդկանց մեծ մասն ապրում է Արևմուտքից դուրս՝ Ասիայում»,- ասել է Դուգինը չինական պետական հեռուստատեսության եթերում 2019թ․-ին։ Քաղաքականության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների նկատմամբ այս հակակրանքը, որ իբր թելադրում է Արևմուտքը, դարձել է ԱՄՆ-ին քննադատելու մշտական թեմա Չինաստանում։ Վերլուծաբանների կարծիքով, արևմտյան պատժամիջոցների պատճառով Պեկինի աջակցությանը դիմելուն զուգահեռ, Ռուսաստանն ավելի ու ավելի շատ է կախված լինելու Չինաստանից՝ որպես իր դիվանագիտական և տնտեսական փրկօղակից: «Հին կարգերն արագ քանդվում են, և աշխարհի գերտերությունների շրջանում կրկին սկսում է գերիշխել ուժեղների քաղաքականությունը։ Երկրները լի են պատվախնդրությամբ, ինչպես վագրերը, որոնք իրենց որսին են հետևում՝ փափագելով գտնել ցանկացած հնարավորություն հին կարգերի փլատակներում»,- ասում է Հոնկոնգի Չինաստանի համալսարանի պրոֆեսոր Չժենը։   Նորա Վանյան
10:02 - 16 մարտի, 2022
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Բայդենի և Բլինքենի դեմ

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Բայդենի և Բլինքենի դեմ

Ռուսաստանն անհատական պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ ղեկավարության ներկայացուցիչների և նրանց հետ կապված անձանց դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ արտգործնարարության հայտարարությունը։ Գերատեսչության կայքում հրապարակված «ստոպ-ցանկում» ներառվել է 13 անձ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նրա որդի Հանթեր Բայդենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը։ Արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրութունում նշվում է, որ այս միջոցը ձեռնարկվել է՝ «աննախադեպ պատժամիջոցների շարքին ի պատասխան, որոնք արգելում են, այդ թվում, ԱՄՆ մուտքը Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների համար»։   Նորա Վանյան
19:36 - 15 մարտի, 2022
Վերջին օրերին ադրբեջանական կողմն ավելի ագրեսիվ գործողությունների է դիմել, արդեն 7 օր է Արցախը զրկված է գազամատակարարումից․ ԱՀ ՄԻՊ-ը դիմել է ՄԽ համանախագահներին

Վերջին օրերին ադրբեջանական կողմն ավելի ագրեսիվ գործողությունների է դիմել, արդեն 7 օր է Արցախը զրկված է գազամատակարարումից․ ԱՀ ՄԻՊ-ը դիմել է ՄԽ համանախագահներին

Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ներկայացնելով արցախահայության վիճակը։ Գեղամ Ստեփանյանի ուղերձը ներկայացնում ենք ստորև․ «Որպես Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, որպես մարդ, որ պատասխանատվություն ունի Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ կրկին դիմում եմ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղեկացնելու, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական և ցեղասպանական գործողությունների։Մեկուկես տարի առաջ՝ 2020 թվականի աշնանը, ռազմական ագրեսիա է իրականացվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ, ռազմագերիների խոշտանգմամբ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ և այլն։ Այս բոլոր փաստերը պատշաճ փաստագրվել են մեր զեկույցներում և ներկայացվել միջազգային կազմակերպություններին։ Այդ ժամանակ միջազգային հանրությունը, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցները պատշաճ չարձագանքեցին տեղի ունեցող հանցագործություններին։ Արհեստական հավասարության նշան դնելով ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև՝ արձակեցին Ադրբեջանի ձեռքերը շարունակելու իր վայրագությունները։ Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն օգտագործել է իր հայեցողության տակ եղած բոլոր մեթոդները ահաբեկելու, հոգեբանական հարձակումներ գործելու մեր բնակչության նկատմամբ, կրակելու քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների, մանկապարտեզների, սոցիալական նշանակության այլ օբյեկտների ուղղությամբ, ոչնչացնելու մեր վանքերն ու եկեղեցիները, գերեզմանատները։ Ադրբեջանի կողմից համակարգված և դիտավորյալ իրականացվող գործողությունները նպատակ են հետապնդում հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու Արցախը։ Վերջին օրերին ադրբեջանական կողմն առավել ագրեսիվ գործողությունների է դիմել։ Նրանք կիրառում են տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում մեծ տրամաչափի ականանետներ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։ Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Կարմիր շուկա, Թաղավարդ, այս բոլոր համայնքների բնակիչներն ամեն օր դառնում են Ադրբեջանի հանցավոր գործողությունների ուղիղ թիրախը։ 7-րդ օր է Արցախի ողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից, ադրբեջանական կողմը չի թողնում, որ մասնագետները մոտենան Հայաստանից դեպի Արցախ եկող միակ գազատարի վնասված հատվածին՝ վերականգնողական աշխատանքների իրականացնելու համար։ Սրա հետևանքով Արցախում առաջացել են բազմաթիվ հումանտար խնդիրներ, պատշաճ ջեռուցման, տաք ջրի հասանելիության, կրթության, առողջապահության իրավունքի պատշաճ իրացման համար և կենսական կարևորության այլ խնդիրներ։ Ադրբեջանի գործողությունները պետք է հստակ գնահատական ստանան։ Այո, Ադրբեջանն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։ Իսկ բոլոր մարդիկ, բոլոր կառույցները որոնք իրապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանությունը, չպետք է անտարբեր մնան։ Մարդու իրավունքները համընդհանուր են և հետևաբար պետք է զերծ լինեն երկակի ստանդարնտներից և տարբերակված մոտեցումներին։ Դիմում եմ ձեզ հույսով, որ կբարձրացնեք ձեր ձայնը և իրական քայլեր կձեռնարկեք ազգելու ադրբեջանական իշխանությունների վրա հորդորելու նրանց զերծ մնալ Արցախի ժողովրդի դեմ ուղղված ատելությունից, անհանդուրժողականությունից և հանցավոր գործողություններից»։
14:12 - 15 մարտի, 2022
ԱՄՆ-ն դիտողի դերում չի լինի, եթե պատժամիջոցների պայմաններում Չինաստանն օգնի Ռուսաստանին․ Նեդ Փրայս

ԱՄՆ-ն դիտողի դերում չի լինի, եթե պատժամիջոցների պայմաններում Չինաստանն օգնի Ռուսաստանին․ Նեդ Փրայս

Լուսանկարը՝ Reuters-ի ԱՄՆ-ն զգուշացրել է Չինաստանին Մոսկվային ռազմական կամ ֆինանսական օգնություն չտրամադրել այն պայմաններում, երբ ռուսական քաղաքական գործիչների և գործարարների դեմ պատժամիջոցները խստացվել են Ուկրաինա ներխուժումից հետո, գրում է Reuters-ը։ ԱՄՆ պաշտոնյաների պնդմամբ Ռուսաստանը Պեկինից ռազմական և տնտեսական օգնություն է խնդրել, և վերջինս պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել այդ օգնությունը։ Մոսկվան հերքում է սա՝ ասելով, թե բավականաչափ ռեսուրսներ ունի իր նպատակներին հասնելու համար։ Չինաստանի արտգործնախարարությունն օգնություն տրամադրելու մասին հաղորդագրություններն «ապատեղեկատվություն» է անվանել։ «Մենք Պեկինին հստակ հասկացրել ենք, որ դիտողի դերում չենք լինելու»,- լրագրողներին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Յան Ցզեչիի հետ Հռոմում հանդիպումից հետո։ «Մենք ոչ մի երկրի թույլ չենք տա Ռուսաստանին փոխհատուցել նրա կորուստները»,- հավելել է նա։ Հազարավոր մարդիկ են զոհվել Ուկրաինայում ինտենսիվ մարտերի և ռմբակոծության հետևանքով այն բանից հետո, երբ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է ներխուժել Ուկրաինա։ Ռուսաստանն իր քայլերը «հատուկ ռազմական գործողություն» է անվանում՝ Ուկրաինայի «դենացիֆիկացիայի» և ցեղասպանության կանխարգելման նպատակով, իսկ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հարձակումն անվանում են անհիմն և ապօրինի։   Նորա Վանյան
12:00 - 15 մարտի, 2022
Փաշինյանն ու Բլինքենն ընդգծել են Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը

Փաշինյանն ու Բլինքենն ընդգծել են Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել ռազմավարական երկխոսության շարունակականության ապահովումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին հետևողական աջակցություն ցուցաբերելու համար և ընդգծել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության բացարձակ առաջնահերթությունն է և մեր երկիրը հաստատակամորեն շարունակելու է շարժվել այդ ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին: Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:
22:12 - 14 մարտի, 2022
ԱՄՆ պետքարտուղարն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են շարունակական դիվանագիտական ջանքերը

ԱՄՆ պետքարտուղարն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են շարունակական դիվանագիտական ջանքերը

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։ «Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ շարունակական աջակցություն առաջարկելու Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը ու դատապարտելու Ռուսաստանի Դաշնության շարունակական հարձակումները ուկրաինական քաղաքների վրա, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության մահերի աճի։ Բլինքենը և Կուլեբան քննարկել են շարունակական դիվանագիտական ջանքերը՝ դադարեցնելու Պուտինի նախաձեռնած պատերազմը: Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հաստատակամ համերաշխությունը Ուկրաինային Կրեմլի շարունակական դաժան ագրեսիան դիմադրելու հարցում»,- ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ։
12:04 - 14 մարտի, 2022
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի և Զելենսկիի հետ

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի և Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, այնուհետև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան պալատը։ «Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել են ուժեղացնել Ռուսաստանի դեմ արդեն կիրառված պատժամիջոցները, աջակցել Ուկրաինային և համատեղ ձեռնարկել բոլոր օգտակար նախաձեռնությունները՝ վերջ դնելու մարտերին։ Նրանք այս հարցում սերտ կապի մեջ կմնան: Զելենսկիի հետ զրույցում Մակրոնը գնահատել է ստեղծված իրավիճակը։ Նա հայտնել է իր լիակատար աջակցությունը և ներկայացրել է լրացուցիչ օգնությունը, որը Եվրամիությունը որոշել էր տրամադրել Վերսալի գագաթնաժողովում։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքը»,- նշված է հաղորդագրության մեջ։
10:38 - 14 մարտի, 2022
Հրթիռային հարվածներ Էրբիլում՝ ԱՄՆ հյուպատոսության մոտակայքում․ տուժածներ չկան |factor.am|

Հրթիռային հարվածներ Էրբիլում՝ ԱՄՆ հյուպատոսության մոտակայքում․ տուժածներ չկան |factor.am|

factor.am: Իրաքի հյւսիսային էրբիլ քաղաքի ուղղությամբ՝ ԱՄՆ հյուպատոսության մոտակայքում, 12 բալիստիկ հրթիռ է արձակվել,  հայտնել են Իրաքի պաշտոնյաները: ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով՝ հրթիռներ են արձակվել քաղաքի ուղղությամբ հարևան Իրանից, այս մասին տեղեկացնում է AP-ն։ Տուժածների մասին տեղեկություններ չկան: Իրաքի և ԱՄՆ-ի պաշտոնյաները տարբեր մեկնաբանություններ են տվել հարվածի և դրա պատճառած վնասի վերաբերյալ: Ըստ ԱՄՆ ներկայացուցչի՝  ԱՄՆ կառավարության որևէ հաստատություն չի վնասվել, և որ որևէ նշան չկա, որ թիրախը հյուպատոսության շենքն է, որը նոր է և ներկայումս չբնակեցված: Իսկ Իրաքի ներկայացուցիչը նշել է, որ մի քանի հրթիռներ խոցել են ԱՄՆ հյուպատոսարանը, և որ այն եղել է հարձակման թիրախը: Ավելի ուշ, Իրաքի ներկայացուցիչը նշել է, որ հրթիռներից ոչ մեկը չի խոցել ԱՄՆ-ի օբյեկտը, սակայն համալիրի շրջակա տարածքները հրթիռակոծվել են:  
11:50 - 13 մարտի, 2022
Մոսկվան շուտով կհրապարակի Վաշինգտոնի դեմ պատժամիջոցների ցուցակները. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

Մոսկվան շուտով կհրապարակի Վաշինգտոնի դեմ պատժամիջոցների ցուցակները. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակներն արդեն պատրաստ են և շուտով կհրապարակվեն։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: «Ցուցակները պատրաստ են, մենք դրանցով զբաղվում ենք։ Մեծ հաշվով, դա մեր ամենօրյա աշխատանքի մի մասն է: Շուտով դրանք կհրապարակվեն»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ Արևմուտքը Ռուսաստանին տնտեսական պատերազմ է հայտարարել: «Արևմուտքի պատժամիջոցները կապված չեն հատուկ ռազմական գործողության հետ, նրանք այլ առիթներ կգտնեին իրականացնելու իրենց ընտրովի ծրագրերը»,- նշել է Ռյաբկովը։ Նա հայտնել է նաև, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն վարում: ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ Մոսկվան մշտապես ընդգծել է, որ միակողմանի զիջումների չի գնա ռազմավարական կայունության հարցում, սակայն ԱՄՆ-ում դա չեն լսել: Անդրադառնալով անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուղղված Ռուսաստանի առաջարկներին՝ Ռյաբկովը նշել է, որ դրանք այլևս հրատապ չեն, իրավիճակը լիովին փոխվել է: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը տրամադրված է վերականգնելու ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը՝ հայտնել է փոխարտգործնախարարը։
15:11 - 12 մարտի, 2022
Կուլեբան Բլինքենին է տեղեկացրել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ իր հանդիպման մասին |amerikayidzayn.com|

Կուլեբան Բլինքենին է տեղեկացրել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ իր հանդիպման մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուրբաթ օրը զրուցել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինայի արտգործնախարարի վերջերս կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Անթալիայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուիի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Բլինքենն իր հերթին Կուլեբային տեղեկացրել է ԱՄՆ-ի կողմից G7-ի և ԵՄ-ի հետ համաձայնեցված համատեղ գործողությունների մասին՝ Ռուսաստանի վրա ճնշումներն ուժեղացնելու նպատակով։ «Նա վերահաստատեց ԱՄՆ-ի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ուկրաինայի ժողովրդին անվտանգության, տնտեսական և հումանիտար շարունակական աջակցությանը, քանի որ վերջիններս բախվում են ռուսական ուժերի կողմից ավելի ու ավելի դաժան ռմբակոծություններին», - նշել է պետքարտուղարությունը: Զրուցակիցները մտավախություն են հայտնել, որ Ռուսաստանը ընդլայնում է ապատեղեկատվության իր արշավը՝ փորձելով թյուրիմացության մեջ գցել համաշխարհային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ը։ Պետքարտուղարը ներկայացրել է ԱՄՆ-ի և համաշխարհային հանրության ջանքերը՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայի դեմ իր կանխամտածված, չհրահրված և չարդարացված պատերազմի համար: Նա նաև ներկայացրել է Բելառուսին պատասխանատվության ենթարկելու քայլերը՝ ռուսական ագրեսիային աջակցություն ցուցաբերելու համար:
13:07 - 12 մարտի, 2022