ԱՄՆ-ն դիտողի դերում չի լինի, եթե պատժամիջոցների պայմաններում Չինաստանն օգնի Ռուսաստանին․ Նեդ Փրայս
12:00 - 15 մարտի, 2022

ԱՄՆ-ն դիտողի դերում չի լինի, եթե պատժամիջոցների պայմաններում Չինաստանն օգնի Ռուսաստանին․ Նեդ Փրայս

Լուսանկարը՝ Reuters-ի

ԱՄՆ-ն զգուշացրել է Չինաստանին Մոսկվային ռազմական կամ ֆինանսական օգնություն չտրամադրել այն պայմաններում, երբ ռուսական քաղաքական գործիչների և գործարարների դեմ պատժամիջոցները խստացվել են Ուկրաինա ներխուժումից հետո, գրում է Reuters-ը։

ԱՄՆ պաշտոնյաների պնդմամբ Ռուսաստանը Պեկինից ռազմական և տնտեսական օգնություն է խնդրել, և վերջինս պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել այդ օգնությունը։

Մոսկվան հերքում է սա՝ ասելով, թե բավականաչափ ռեսուրսներ ունի իր նպատակներին հասնելու համար։ Չինաստանի արտգործնախարարությունն օգնություն տրամադրելու մասին հաղորդագրություններն «ապատեղեկատվություն» է անվանել։

«Մենք Պեկինին հստակ հասկացրել ենք, որ դիտողի դերում չենք լինելու»,- լրագրողներին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Յան Ցզեչիի հետ Հռոմում հանդիպումից հետո։

«Մենք ոչ մի երկրի թույլ չենք տա Ռուսաստանին փոխհատուցել նրա կորուստները»,- հավելել է նա։

Հազարավոր մարդիկ են զոհվել Ուկրաինայում ինտենսիվ մարտերի և ռմբակոծության հետևանքով այն բանից հետո, երբ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է ներխուժել Ուկրաինա։ Ռուսաստանն իր քայլերը «հատուկ ռազմական գործողություն» է անվանում՝ Ուկրաինայի «դենացիֆիկացիայի» և ցեղասպանության կանխարգելման նպատակով, իսկ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հարձակումն անվանում են անհիմն և ապօրինի։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել