ԶՈՒ Գլխավոր շտաբ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը (ՀՀ ԶՈՒ ԳՇ) Հայաստանի զինված ուժերի կառավարման գերագույն մարմինն է։ Տեղակայված է Երեւանում։ 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին:

Իրավական որևէ կազուս չկա. Բադասյանը՝ Օնիկ Գասպարյանի ազատման և Արտակ Դավթյանի նշանակման մասին |1lurer.am|

Իրավական որևէ կազուս չկա. Բադասյանը՝ Օնիկ Գասպարյանի ազատման և Արտակ Դավթյանի նշանակման մասին |1lurer.am|

1lurer.am: Որևէ իրավական կազուս չկա՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանի ազատմանը: «Օնիկ Գասպարյանն ազատված է զբաղեցրած պաշտոնից, և Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում: Ես խորհուրդ կտամ ուղղակի սահմանադրական անվտանգության շրջանակում վերլուծել՝ ինչ է նշանակում իրավունքի ուժով ուժի մեջ մտած որոշում կամ իրավունքի ուժով հետևող որևէ իրադարձություն, այդտեղ մեկնաբանություն, որ հայցի ապահովման միջոցով հնարավոր է կասեցնել որևէ գործընթաց կամ արդեն ավարտված գործընթացը վերանայել, կարծում եմ, որ տեղին չէ, և դրանք շահարկումների դաշտում են»,- նշեց Բադասյանը: Վարչական դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշման մասով էլ Բադասյանը նշեց, որ դրանից ամենևին էլ չի բխում որևէ սահմանադրական պրոցես, Գասպարյանը պաշտոնում վերականգվել չի կարողանա: Անդրադառնալով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարածած հայտարարությանը՝ Արտակ Դավթյանի՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելու մասին, Բադասյանը նշեց. «Վարչապետի հայտարարությունն ընդամենը արձանագրում է: Սահմանադրությունը նշում է, որ եթե համապատասխան առաջարկ է ներկայացվում, այնուհետև այդ առաջարկը առարկություններով նախագահի կողմից վերադարձվում է, վարչապետի կողմից այն չի ընդունվում, և եթե նախագահը չի դիմում ՍԴ և չի ստորագրում, ապա իրավունքի ուժով համապատասխան հրամանագիրը մտնում է ուժի մեջ: Այսինքն՝ այսօր սահմանադրական դրույթն ուժի մեջ է մտել»:
11:27 - 22 մարտի, 2021
Այսօրվանից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Գլխավոր շտաբի պետի պաշտոնին․ ՀՀ կառավարության հայտարարությունը

Այսօրվանից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Գլխավոր շտաբի պետի պաշտոնին․ ՀՀ կառավարության հայտարարությունը

ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Արտակ Դավթյանի՝ իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․ «Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: 2021թ. մարտի 11-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ: Հանրապետության նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին նույն օրը գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, ղեկավարվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ 2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին»։
09:19 - 22 մարտի, 2021
Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից. սահմանադիրը սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի չի նախատեսել

Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից. սահմանադիրը սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի չի նախատեսել

ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանում է տարածել ՀՀ վարչական դատարանի՝ Օնիկ Գասպարյանի վարչական գործով ընդունված հայցի ապահովման որոշման կապակցությամբ: «ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով` իրավունքի ուժով ուժի մեջ մտած Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա, 10.03.2021թ․-ին, ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչն արձանագրել է ՀՀ վարչապետը նույն օրը տարածված հայտարարությամբ։ Օնիկ Գասպարյանի կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել նախ վիճարկման հայց՝ խնդրելով անվավեր ճանաչել նախագահի հրամանագիրը, որը հաստատվել է 2021թ․-ի մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ և ճանաչման հայց՝ առ ոչինչ ճանաչել նույն հրամանագիրն առ ոչինչ ճանաչելու պահանջովը։ ՀՀ վարչական դատարանի կողմից, 15.03.2021թ.-ին, վերադարձվել է հայցը և առաջարկվել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինել (վերադարձնելու որոշումը հավանաբար հայցվորին տրվել է առձեռն՝ նախապես տեղեկացնելով, քանի որ նույն օրը հայցվորը ներկայացրել է փոփոխված հայցը, նույն որոշումը առձեռն չի տրամադրվել պատասխանողին): Նույն օրը, ներկայացվել է փոխարինված հայցը` Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, որն ընդունել է վարույթ: Ներկայացվել է նաև հայցի ապահովման միջնորդություն: Դատարանի կողմից, 17.03.2021թ.-ին բավարարվել է հայցի ապահովման միջնորդությունը, որոշվել է` ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է՝ մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով: Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է»։
11:33 - 18 մարտի, 2021
Դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցը՝ իրեն պաշտոնից ազատելու իրավահարաբերության վերաբերյալ

Դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցը՝ իրեն պաշտոնից ազատելու իրավահարաբերության վերաբերյալ

Դատավոր Մհեր Պետրոսյանը ՀՀ ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով պաշտոնից ազատելու վերաբերյալ տարված դիմումի դեմ որոշում է կայացրել, համաձայն որի` բավարարել է Օնիկ Գասպարյանի միջնորդությունը` իրեն պաշտոնից  ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին հայցի ապահովման վերաբերյալ, բավարարել։  Դատարանի որոշման մեջ ասվում է. 1. Ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը` հայցի ապահովման վերաբերյալ, բավարարել: 2. Ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:
10:35 - 18 մարտի, 2021
Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել. Մեկն արդեն վարույթ է ընդունվել. փաստաբան
 |pastinfo.am|

Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել. Մեկն արդեն վարույթ է ընդունվել. փաստաբան |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանը միջնորդել է՝  հայցի ապահովման միջոց կիրառել, որի բավարարման դեպքում  Օնիկ Գասպարյանը վերականգնվում է պաշտոնում և շարունակում է զբաղեցնել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը՝ մինչև դատարանի կողմից վերջնական որոշման կայացումը։ Այս մասին ասաց փաստաբան, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրեց, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ երեք հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան։ «Քանի որ սա այնպիսի հարց է, որի վերաբերյալ  դատական լիարժեք պրակտիկա չկա, կան առանձնահատկություններ, որովհետև խոսքը գնում է իրավունքի ուժով վարչական ակտի ընդունված-չընդունված լինելուն, ներկայացրել ենք երեք տեսակի հայց»,- նշեց փաստաբանը։ Ըստ նրա՝  առաջին հայցով արձանագրել են, որ եթե նույնիսկ Սահմանադրությունը թույլ է տալիս ազատել ԳՇ պետին, ապա հիմնավորել են, որ ազատումը եղել է անօրինական, որովհետև կամայականության արդյունք է եղել, պատճառաբանված վարչական ակտ չի կայացվել։ «Մյուս հայցով ասել ենք, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու և նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, ուրեմն՝ անկախ նրանից՝  ակտն իրավունքի ուժով է ընդունվել, թե ոչ, ընդունված է համարվելու ոչ իրավաչափ մարմնի կողմից, ինչը նշանակում է, որ ակտն առոչինչ է և ընդունման պահից օրինական ուժ չունի, կատարման ենթակա չէ»,- նշեց փաստաբանը։ Ինչ վերաբերում է երրորդ հայցին, ապա փաստաբանի փոխանցմամբ, հաշվի առնելով, որ վարչապետն իրավունքի ուժով հաստատում է մի փաստ, որ պարոն Գասպարյանն այլևս ազատված է զբաղեցրած պաշտոնից, այսինքն՝ խոսքի իրավունքի ուժով փաստի հաստատման մասին է խոսքը, հետևաբար՝ հայցվոր կողմը ենթադրում է, որ գործ ունեն իրավահարաբերության հետ և խնդրել են դատարանին՝ ճանաչման հայցի շրջանակներում ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։ Ներկայացված երեք հայցերը մակագրվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որոնցից այս պահին վարույթ է ընդունվել դեռևս երրորդը՝  Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայության ճանաչման հարցով, իսկ ինչ վերաբերում է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդության լուծմանը, փաստաբանը դեռևս տեղեկություն չունի՝ այն բավարարվել է, թե ոչ։ Հայցադիմումները դատարան մուտքագրվել են անցած շաբաթվա վերջում՝ առձեռն տարբերակով, սակայն «Դատալեքս» համակարգում դեռևս հասանելի չեն։ Դիտարկմանը, որ մարտի 20-ին Արտակ Դավթյանն իրավունքի ուժով կնշանակվի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում և արդյո՞ք չեն փորձում ձգձգել հայցի ապահովման կիրառումը՝ մինչև Դավթյանի նշանակումը, փաստաբանը նշեց. «Եթե հայցի ապահովումը բավարարվի, ապա պարոն Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել, իսկ եթե ոչ, ապա պարոն Դավթյանը կպաշտոնավարի, իսկ պարոն  Գասպարյանն էլ արդեն իր խախտված իրավունքների վերականգնումով կշարունակի գործընթացը՝ Վարչական դատարանում»,- նշեց Հովհաննիսյանը։
20:25 - 17 մարտի, 2021
Վաղարշակ Հարությունյանը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն

Վաղարշակ Հարությունյանը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն

Մարտի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել է հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած խնդիրներին, բանակի վերափոխման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ու ընթացիկ բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։  Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին և դրանցով պայմանավորված՝ ժամանակակից մարտահրավերներին։  Խորհրդակցության ընթացքում ոլորտային պատասխանատուները հանդես են եկել  զեկույցներով, որոնց շուրջ ծավալվել են քննարկումներ: Բարձրացված հարցերի վերաբերյալ խորհրդակցության մասնակիցները հանդես են եկել առաջարկություններով։ Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը քննարկված խնդիրների լուծման վերաբերյալ տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։ 
19:28 - 16 մարտի, 2021
Պատերազմի 4-րդ օրվա Անվտանգության խորհրդի նիստում որևէ մեկը պատերազմը դադարեցնելու առաջարկ չի արել․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

Պատերազմի 4-րդ օրվա Անվտանգության խորհրդի նիստում որևէ մեկը պատերազմը դադարեցնելու առաջարկ չի արել․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

Պատերազմի 4-րդ օրվա Անվտանգության խորհրդի նիստում որևէ մեկը պատերազմը դադարեցնելու առաջարկ չի արել։ Այս մասին Civilnet-ում հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ԱԽ նիստում այդ ժամանակ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը խոսել է ռազմական իրավիճակի մասին։ «Նա խոսել է մի քանի թեմաների մասին․ F16-երի մասին և դրանց խնդիրների մասին, խոսել է մեր կողմից կիրառվող Սմերչերի և դրանց հաջողությունների մասին, խոսել է Ջաբրայիլում որոշակի, շատ փոքր հաջողությունների մասին, նաև ասել է, որ առաջնագծում ռազմական իրավիճակի որևէ փոփոխություն չկա, ևբանակը շարունակելու է կատարել իր խնդիրները։ Այդ օրվա ԱԽ նիստում որևէ մեկը մեզ չի առաջարկել պատերազմը դադարեցնել։ Իսկ պատերազմի զեկույցի մասում նշված մտքերը որևիցե ձև չեն համապատասխանում այդ ասածին»,- նշել է նա։ Գրիգորյանն ընդգծել է, որ առաջին անգամ այդպիսի խոսակցություն եղել է հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում, որտեղ նշվել է, որ 2,3 օր ունենք, որից հետո պատերազմը մոտ 20 օր շարունակվել է։ «Ավելին՝ նույնիսկ այդպիսի միտք չի հնչել, որ կարող է երկիմաստություն ունենա»,- հավելել է նա։ Լրագրողի ճշտող հարցին, թե Արմեն Գրիգորյանը հերքո՞ւմ է Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, վերջինս ասաց․ «Ես ասում եմ այն, ինչ եղել է ԱԽ նիստում։ Ասում եմ հիմա, որովհետև քաղաքակաան դաշտում շահարկվում է այս թեման։ Բոլոր քաղաքական գործիչները սրա մասին հայտարարություն են անում․ իրողությունն այն է, ինչ նկարագրեցի»։ Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։
18:00 - 13 մարտի, 2021
Նախագահը չի ստորագրելու Արտակ Դավթյանի նշանակման հրամանագրի նախագիծը և չի դիմելու ՍԴ

Նախագահը չի ստորագրելու Արտակ Դավթյանի նշանակման հրամանագրի նախագիծը և չի դիմելու ՍԴ

Հանրապետության նախագահը 2021թ մարտի 11-ին իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծը: Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան:<Հիշեցնում ենք, որ 2021 թվականի մարտի 10-ին Հանրապետության նախագահն արդեն իսկ դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերելի դրույթների՝ Սահմանադրության որոշ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացումը և հնարավոր միջոցների ձեռնարկումը կարող են էական ազդեցություն ունենալ գլխավոր շտաբի պետին ազատելու և նշանակելու իրավական կարգավորումների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
21:13 - 11 մարտի, 2021
Դատարանը վարույթ է ընդունել Տիրան Խաչատրյանի դիմումը. հայտնի է դատական նիստի օրը |armenpress.am|

Դատարանը վարույթ է ընդունել Տիրան Խաչատրյանի դիմումը. հայտնի է դատական նիստի օրը |armenpress.am|

armenpress.am: Վարչական դատարանը մարտի 10-ին վարույթ է ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի դիմումը` իրեն պաշտոնից ազատելու նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով:  Տիրան Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ 24.02.2021 թվականի «Տիրան Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Գործին որպես երրորդ կողմ ներգրավվել են ՀՀ վարչապետը և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը: Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, հետևաբար, այն պետք է ընդունել վարույթ: Գործի դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է հրավիրել նախնական դատական նիստ: Նախնական դատական նիստը տեղի կունենա ապրիլի 29-ին ժամը 11:00-ին: Հայցը ներկայացվել է մարտի 3-ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանին:
11:38 - 11 մարտի, 2021
ՍԴ-ն և վարչական դատարանը չեն կարող կասեցնել ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագիրը. նախարարի պարզաբանումը |armenpress.am|

ՍԴ-ն և վարչական դատարանը չեն կարող կասեցնել ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագիրը. նախարարի պարզաբանումը |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի կողմից կասեցման որոշումը, եթե նման որոշում հնարավոր է պատկերացնել, չի կարող տարածվել արդեն ավարտված հարաբերությունների նկատմամբ, ինչպիսին ԶՈՒ շտաբի պետի ազատումն է: Այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պարզաբանելով Օնիկ Գասպարյանի ազատման շուրջ ստեղծված իրավական թյուրըմբռնումները: - Հնչում են հետևյալ փաստարկները, որ օրենքի սահմանադրականության վիճարկման շրջանակներում, եթե ՍԴ-ն կասեցնի վիճարկվող դրույթը, դա նաև կկասեցնի Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը։ - Նախ նշեմ, որ ցանկացած դատական պրոցեսի մասով իմ մեկնաբանությունները սահմանափակվում են ընթացակարգային կողմի անդրադարձով, առանց դատական ակտով որոշման ենթակա հարցերի բովանդակային քննարկման։ Որոշ մեկնաբանություններ եմ նկատել նաև, որոնց կուզեի անդրադառնալ, քանի որ դրանք տեսականորեն բացառված են։ Քննարկվող դեպքում, նախ պետք է արձանագրել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով վիճարկվող իրավական նորմի կասեցումը հնարավոր է միայն, եթե նման որոշում չկայացնելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների կողմերից մեկի կամ հանրության համար։ Սա չափազանց բարձր շեմ է, ինչը վերաբերելի դեպքում առերևույթ բացակայում է: Բացի դա, ՍԴ կողմից կասեցման որոշումը, եթե նման որոշում հնարավոր է պատկերացնել, չի կարող տարածվել արդեն ավարտված հարաբերությունների նկատմամբ, ինչպիսին ԶՈՒ շտաբի պետի ազատումն է. կլինի դա հրամանագրով կամ իրավունքի ուժով, էական չէ: Շարունակությունը՝ armenpress.am-ում։
09:53 - 11 մարտի, 2021
Դժվարին ժամանակահատվածում միասնականությունն ամենակարևորն է, որ անհրաժեշտ է ՀՀ-ին․ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ բարձրագույն սպայակազմի հետ

Դժվարին ժամանակահատվածում միասնականությունն ամենակարևորն է, որ անհրաժեշտ է ՀՀ-ին․ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ բարձրագույն սպայակազմի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Գլխավոր շտաբի պետի տեղակալները, Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և այլք: Խորհրդակցության սկզբում վարչապետը դիմել է ներկաներին՝ նշելով. «Պարոնայք գեներալներ և սպաներ, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, չնայած բոլորս էլ կուզենայինք, որ մեր հանդիպումը տեղի ունենար մի փոքր այլ միջավայրում և մթնոլորտում: Մենք բառիս բուն իմաստով՝ միասին, նաև մեր պետությունը, մեր ժողովուրդն անցնում ենք բավականին ծանր փորձության միջով, բայց ուզում եմ արձանագրենք, որ նույնիսկ ամենածանր փորձության ժամին մեր երկիրը, մեր ժողովուրդը, որևէ քաղաքացի, կառավարության որևէ անդամ, մեզնից որևէ մեկը չի կարող թերագնահատել այն անուրանալի ծառայությունները, որ Հայաստանի զինված ուժերի բազմաթիվ գեներալներ և սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, շարքայիններ մատուցել են և մատուցում են մեր երկրին, այդ թվում՝ այս դահլիճում ներկա բազմաթիվ այրեր: Ուզում եմ արձանագրել, որ մենք միասին շարունակում ենք կրել ընդհանուր պատասխանատվություն, և համոզված եմ, որ այդ պատասխանատվությունը կկրենք պատվով: Ուզում եմ նաև արձանագրել հետևյալը. Զինված ուժերի կարիքներն ինչպես եղել, այնպես էլ շարունակում ու շարունակելու են մնալ Կառավարության ուշադրության կենտրոնում: Իհարկե, սա նշանակում է, որ նաև մենք պիտի միասին կարողանանք քննարկել, վերլուծել, պատասխանել մի շարք հարցերի և, իհարկե, միասին ձևավորել Զինված ուժերի ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլական՝ առաջին հերթին հիմնված այն բազմափորձ գեներալների, սպաների կարծիքի և տեսանկյունների վրա, ովքեր Զինված ուժեր, բանակ, բանակի կառավարում հասկացությունները գիտեն ոչ միայն որպես տերմիններ, այլև ամենօրյա աշխատանք, ամենօրյա ջանք, ամենօրյա փորձություն: Ուզում եմ այստեղ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորին՝ իրենց մատուցած ծառայությունների համար: Սրանք ընդամենը խոսքեր չեն, որովհետև հույս ունեմ՝ անընդհատ զգացել եք, որ Կառավարությունը և անձամբ ես շատ բարձր ենք գնահատում այն բոլոր ջանքերը, որ գործադրվել են հանուն մեր երկրի, այսօրվա և ապագայի: Տեղյակ եք, որ այսօրվանից իրավունքի ուժով գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Ցանկանում եմ պարոն Գասպարյանին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանն իր մատուցած բոլոր ծառայությունների համար՝ ոչ միայն Գլխավոր շտաբի պետի պաշտոնում աշխատած ժամանակաշրջանում, այլև իր ողջ կյանքի ընթացքում, որովհետև նա գործնականում ամբողջ գիտակից կյանքն անցկացրել է Զինված ուժերում: Տեղյակ եք նաև, որ Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ: Պարոն Դավթյանը գլխավոր շտաբը ղեկավարել է 2018-ից 2020 թվականներին, և նա բոլորին ծանոթ է իր աշխատանքով, իր անցած ճանապարհով: Համոզված եմ, որ մենք միասին կկարողանանք հաղթահարել այս փորձությունը, և այս փորձության արդյունքում Զինված ուժերը, Հայաստանի Հանրապետությունը, մեր պետությունը դուրս կգան ուժեղացած: Ուզում եմ բոլոր ներկաներին խնդրել, որ շարունակեն իրենց ծառայությունը որպես Զինված ուժերի գեներալներ, սպաներ, որպես Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը հանդիսացող մարմնի, կառույցի հենասյուներ: Ես հավատում եմ ձեզ, ես համոզված եմ, որ իսկապես այն ծառայությունները, որ դուք մատուցել եք՝ մատուցել եք անկեղծորեն, և էլի ուզում եմ կրկնել, որ այդ ծառայություններն արժանի են ամենաբարձր գնահատանքի ու այդ գնահատանքը երբեք, որևէ հանգամանքում, որևէ պարագայում չի կարող հօդս ցնդել»: Վարչապետը հավելել է, որ ավելի մանրամասն խոսակցություն կունենան Զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետի նշանակման առիթով ակնկալվող հանդիպման ընթացքում: Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է՝ դժվարին ժամանակահատվածում միասնականությունն ամենակարևորն է, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին: «Շնորհակալ եմ ուշադրության համար, և Աստված մեզ օգնական, մեկս մյուսին օգնական, որպեսզի կարողանանք չկորցնել այն երազանքը, որը բոլորիս և մեզնից յուրաքանչյուրիս կոչել է ծառայության հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:
19:45 - 10 մարտի, 2021