ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

«Ռոսկոսմոսն» ԱՄՆ - ին հրթիռային շարժիչներ չի մատակարարի

«Ռոսկոսմոսն» ԱՄՆ - ին հրթիռային շարժիչներ չի մատակարարի

Ռուսաստանի «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալությունն էլ հրթիռային շարժիչներ չի մատակարարի ԱՄՆ-ին՝ ի պատասխան Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների։ Այս մասին հայտարարել է ռուսական պետական կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այսօր որոշում ենք կայացրել դադարեցնել «Էներգոմաշ» ընկերության արտադրության հրթիռային շարժիչների մատակարարումներն ԱՄՆ-ին։ Հիշեցնեմ, որ 90-ականների կեսերից այդ մատակարարումներն ընթանում էին բավականին ակտիվ», - ասել է նա։ Ռոգոզինը հստակեցրել է, որ խոսքը գնում է ՌԴ-180 և ՌԴ-181 մոդելների մասին, որոնք օգտագործվում են ամերիկյան «Ատլաս-5» և «Անտարես» հրթիռներում։ «Այսօրվա դրությամբ պլանավորվում էր 2022-2024 թթ-ին լրացուցիչ ևս 12 ՌԴ-181 շարժիչ մատակարարել, ԱՄՆ հետ բանակցություններ էին տարվում կատարելագործված մարտավարական-տեխնիկական բնութագրերով ՌԴ-181Մ շարժիչների մատակարարման շուրջ, սակայն մենք կարծում ենք, որ այս իրավիճակում չենք կարող այլևս ԱՄՆ-ին ապահովել մեր լավագույն շարժիչներով», - հայտարարել է «Ռոսկոսմոսի» ղեկավարը։ Համագործակցությունը Գերմանիայի հետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է նաև, որ Միջազգային տիեզերական կայանի ռուսական տիրույթն էլ չի համագործակցի գերմանացի գործընկերների հետ համատեղ գիտափորձերի ուղղությամբ։ «Հաշվի առնելով մեր գերմանացի գործընկերների անթույլատրելի գործողությունները՝ <...> մենք այսօրվանից դադարեցնում ենք համագործակցությունն այդ կազմակերպության (Ավիացիայի և տիեզերագնացության գերմանական կենտրոն – խմբ․) հետ, այդ թվում՝ Միջազգային տիեզերական կայանի ռուսական տիրույթում գիտափորձերի կազմակերպման մասով», - ասել է նա։ Ռոգոզինը հայտնել է նաև, որ Ավիացիայի և տիեզերագնացության գերմանական կենտրոնն ավելի վաղ անջատել էր կայանի ռուսական տիրույթի երկու աստղադիտակներից մեկը, որն էլ պատճառ է դարձել համատեղ գիտափորձերի դադարեցման համար։Նորա Վանյան
16:13 - 03 մարտի, 2022
Միջուկային պատերազմը ոչ թե ռուսների, այլ արևմտյան երկրների գլխում է․ Լավրով

Միջուկային պատերազմը ոչ թե ռուսների, այլ արևմտյան երկրների գլխում է․ Լավրով

Միջուկային պատերազմը ոչ թե ռուսների, այլ արևմտյան երկրների գլխում է։ Այս մասին ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների հետ ունեցած հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Բոլորը հասկանում են, որ երրորդ համաշխարհայինը կարող է լինել միայն միջուկային։ Բայց ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստին, որ միջուկային պատերազմը ոչ թե ռուսների, այլ  արևմտյան քաղաքական գործիչների գլխում է»։  Նրա խոսքով՝ Արևմուտքը ցուցադրաբար խոսում է միջուկային զենքի առկայության մասին։ «Նախ պարոն Սթոլթենբերգը, ցանկանալով հաճոյանալ Արևմուտքի ամենաարմատական ուժերին, ասաց, որ ոչ ոք ՆԱՏՕ-ին չի արգելի անել այն, ինչ ՆԱՏՕ-ն ցանկանում է, ներառյալ Արևելյան Եվրոպայի տարածքում միջուկային զենք տեղակայելը։ Բայց սկսենք նրանից, որ ՆԱՏՕ-ն չի կարող որոշել, թե որտեղ տեղակայի միջուկային զենք, քանի որ չունի դա, իսկ ամերիկացիներն ունեն»։ ԱԳ նախարարը հավելել է, որ Արևմուտքը միջուկային պատերազմի մասին խոսում է հանրությանը անորոշ վիճակում պահելու և ռուսաֆոբիային աջակցելու համար։
14:53 - 03 մարտի, 2022
Ռուսաստանը չի ցանկանում վտարել ամերիկացի դիվանագետներին, սակայն Վաշինգտոնն այլընտրանք չի թողնում.  Զախարովա

Ռուսաստանը չի ցանկանում վտարել ամերիկացի դիվանագետներին, սակայն Վաշինգտոնն այլընտրանք չի թողնում. Զախարովա

Վաշինգտոնը շարունակում է Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին դուրս հանել ՄԱԿ-ի կառույցներից և վտարում է վերջին ռուս սպային, որը պաշտոնապես գործուղված է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ռազմական գործերի վարչություն: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ չորեքշաբթի օրը տարածված մեկնաբանությունում։ «Միացյալ Նահանգները, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և ընդունող երկրի հետ համաձայնագրով նախատեսված բոլոր համաձայնությունները և ստանձնած պարտավորությունները, շարունակում է բառացիորեն դուրս մղել Ռուսաստանի ներկայացուցիչներին ՄԱԿ-ի կառույցներից։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունից վտարելով 12 դիվանագետների՝ ամերիկացիները վտարում են մեր վերջին սպային, ով պաշտոնապես գործուղված էր Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ռազմական գործերի վարչություն։ Ընդ որում, նրանք մուտքի արտոնագրեր չեն տրամադրում ՌԴ պաշտպանության նախարարության մյուս թեկնածուներին, որոնք վաղուց հաստատվել են համապատասխան պաշտոնները զբաղեցնելու համար»,- նշել է դիվանագետը։ «Մոսկվան, ՄԱԿ-ի քարտուղարության ռուս աշխատակցին ԱՄՆ-ից վտարելուց հետո, չէր ցանկանա դիմել ամերիկացի դիվանագետների արտաքսմանը, սակայն Վաշինգտոնի գործողությունները մեծ ընտրություն չեն թողնում», - հավելել է նա։ «Մենք չենք պատրաստվում հաշտվել դրա հետ և ուղիղ ասում ենք, որ կպատասխանենք երկկողմանիորեն։ Եվ դա կարող է ազդել օրինակ՝ Մոսկվայում դիվանագիտական ներկայության ամերիկյան քվոտայի վրա, որը դեռևս ձևավորվում է Նյու Յորքում մեր առաքելության անդամների քանակին համապատասխան, - նշել է Զախարովան։ Խոսք կարող է գնալ նույնիսկ ԱՄՆ դիվանագետների արտաքսման մասին, չնայած որ մենք չէինք ցանկանա այդ քայլին դիմել։ Բայց Վաշինգտոնի ցուցաբերած լկտիությունը, բանակցելու նրա չկամությունը կամ անկարողությունը պարզապես այլ ելք չի թողնում»։ Այս կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ամերիկյան կողմին ցուցաբերել խոհեմություն, չգնալ հետագա էսկալացիայի»։
23:01 - 02 մարտի, 2022
ԱՄՆ-ն փակելու է օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար․ Բայդենը ելույթ է ունեցել Կոնգրեսում

ԱՄՆ-ն փակելու է օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար․ Բայդենը ելույթ է ունեցել Կոնգրեսում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ամենամյա ուղերձի ընթացքում (State of the Union) անդրադարձել է Ուկրաինայի իրադարձություններին․ «Պատմությունը մեզ դաս է տվել, որ երբ բռնապետերը չեն վճարում իրենց ագրեսիայի համար, նրանք ավելի շատ քաոս են պատճառում: Նրանք շարունակում են առաջ գնալ։ Իսկ Ամերիկայի ու աշխարհի համար սպառնալիքները շարունակում են աճել: Ահա թե ինչու Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում խաղաղություն և կայունություն ապահովելու համար ստեղծվեց ՆԱՏՕ-ի դաշինքը»։ Բայդենն իր ելությում ասել է, որ Ուկրաինայի վրա Պուտինի վերջին հարձակումը կանխամտածված էր, և Պուտինը սխալվել է՝ կարծելով, թե Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի: «Մենք ամիսներ ենք ծախսել՝ Եվրոպայից և Ամերիկայից մինչև Ասիա և Աֆրիկա ազատասեր ազգերի կոալիցիա ստեղծելով, որ դիմակայենք Պուտինին։ Մենք աշխարհին նախապես ասել ենք, թե ինչ է պլանավորում Պուտինը, և ինչպես է նա արդարացնելու իր ագրեսիան ․․․ Մենք աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին։ Պուտինն այժմ ավելի, քան երբևէ մեկուսացված է աշխարհից։ Մենք անջատում ենք Ռուսաստանի խոշորագույն բանկերը միջազգային ֆինանսական համակարգից։ Չենք թողնում, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը պաշտպանի ռուսական ռուբլին՝ Պուտինի 630 դոլարանոց «պատերազմական ֆոնդը» դարձնելով անարժեք ․․․   ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է հավաքում ռուս օլիգարխների հանցագործություններին հետևելու համար։ Մենք միանում ենք մեր եվրոպացի դաշնակիցներին, որ հայտնաբերենք և վերցնենք ձեր (ռուս օլիգարխների- խմբ․) զբոսանավերը, շքեղ բնակարանները, մասնավոր ինքնաթիռները»,- ասել է ԱՄՆ նախագահն  իր ելույթում:  Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն միանալու է իր դաշնակիցներին և փակելու է ամերիկյան օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար։ Նա նաև նշել է, որ Միացյալ նահանգները աջակցություն է ցուցաբերում ուկրաինացիներին ռազմական, տնտեսական, մարդասիրական օգնության տեսքով, ինչպես նաև 1 մլրդ դոլար ուղիղ աջակցություն է տրամադրում Ուկրաինային։ ԱՄՆ Նախագահն ասել է, որ ամերիկյան զորքերը ներգրավված չեն և չեն ներգրավվելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտում․ «Մեր ուժերը Եվրոպա չեն գնում, որ կռվեն Ուկրաինայում, այլ որ պաշտպանեն ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին, եթե Պուտինը որոշի շարժվել դեպի արևմուտք: Այդ նպատակով մենք մոբիլիզացրել ենք ամերիկյան ցամաքային ուժերը, օդային ջոկատները և նավերի տեղակայումները, որ պաշտպանենք ՆԱՏՕ անդամ երկրները, այդ թվում՝ Լեհաստանը, Ռումինիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան: Ինչպես ես հստակ ասել եմ, Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները կպաշտպանեն ՆԱՏՕ-ի երկրների յուրաքանչյուր թիզ տարածքը մեր ողջ հավաքական ուժով»: ԱՄՆ նախագահն ասել է, որ լուրջ քայլեր է ձեռնարկում՝ համոզվելու համար, որ իրենց պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի տնտեսությանը, և ինքը կօգտագործի ձեռքի տակ եղած յուրաքանչյուր գործիք՝ պաշտպանելու ամերիկյան բիզնեսներին և սպառողներին․ «Այսօր երեկոյան ես կարող եմ հայտարարել, որ Միացյալ Նահանգները աշխատել է 30 այլ երկրների հետ՝ համաշխարհային պաշարներից 60 միլիոն բարել նավթ բաց թողնելու համար։ Ամերիկան 30 միլիոն բարել բաց կթողնի մեր սեփական ռազմավարական նավթային պաշարից: Եվ մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում անել ավելին։ Այս քայլերը կօգնեն նվազեցնելու գազի գներն այստեղ՝ տանը»:
10:53 - 02 մարտի, 2022
Ռուս դիվանագետների վտարումը Նյու Յորքից ՌԴ-ն դիտարկում է որպես ռուս-ամերիկյան հարաբերությունների կանխամտածված սրացում. Զախարովա

Ռուս դիվանագետների վտարումը Նյու Յորքից ՌԴ-ն դիտարկում է որպես ռուս-ամերիկյան հարաբերությունների կանխամտածված սրացում. Զախարովա

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունների դիվանագետների վտարման վերաբերյալ․ «Նյու Յորքում ՌԴ մշտական ներկայացուցչությունների 12 դիվանագետների վտարումը մենք դիտարկում ենք որպես ռուս-ամերիկյան հարաբերությունների կանխամտածված եւ ցինիկ սրացում, որը հրահրել է Վաշինգտոնը՝ խախտելով ԱՄՆ-ի՝ ընդունող կողմի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Ջո Բայդենի վարչակազմը շարունակում է ոչ միայն միջպետական կապերի հիմքերը քանդելու գիծը, այլ նաեւ ՄԱԿ-ի կենտրոնական դերը խաթարելու՝ փորձ անելով պարտադրել ԱՄՆ-ի ու իր արբանյակների տխրահռչակ «կանոնների վրա հիմնված աշխարհակարգ» թեզը։ Կատարվողի իմաստը եւ պահը, որ ընտրվել է այս զուտ թշնամական ակցիայի համար, մեզ համար ակնհայտ են՝ մեծացնել ճնշումը, ուժեղացնել շանտաժն ու ահաբեկումը՝ մեր դիրքերը թուլացնելու, ՄԱԿ-ի հարթակում լիարժեք աշխատելու մեր հնարավորություններից զրկելու նպատակ ունեն։ Ամերիկյան ստոր հնարքները որեւէ մեկի համար նորություն չեն։ Դիվանագիտական հարթակում կրկին ու կրկին պարտվելով՝ Վաշինգտոնը փորձում է ռեւանշի հասնել՝ չարաշահելով այն երկրի դիրքերը, որի տարածքում ճակատագրի բերմամբ գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանը։  Տեղի ունեցածից հետո արդարացումների ու ձգձումների տեղ չկա ՄԱԿ-ի ու ԱՄՆ-ի միջեւ անհապաղ արբիտրաժային ընթացակարգերի անհապաղ պաշտոնական մեկնարկի հարցով՝ կապված համաձայնագրերի կոպտագույն խախտումների հետ։ Այս մասին դարձյալ հիշեցնում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Ինչ վերաբերում է ռուս դիվանագետների վտարմանը՝ ապա դա անարձագանք ու առանց պատշաճ պատասխանի չի մնա, պարտադիր չէ՝ համաչափ, բայց չի մնա։ Վաշինգտոնում պատասխանատու անձանց խորհուրդ ենք տալիս մտորել իրենց դեստրուկտիվ գծի հետեւանքների մասին»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը արտաքսել էր ՄԱԿ-ից 12 ռուս դիվանագետների։ Այս մասին հայտարարել էր կազմակերպությունում Միացյալ Նահանգների առաքելության ներկայացուցիչ Օլիվիա Դալթոնը։ «Ռուս դիվանագետները «չարաշահել են երկրում ապրելու իրենց արտոնությունները՝ զբաղվելով լրտեսական գործունեությամբ։ Դա անհամատեղելի է ԱՄՆ ազգային անվտանգության հետ», - ասել էր նա: 
00:20 - 02 մարտի, 2022
Պատժամիջոցների ենթարկված ռուսական բանկերը դուրս կմնան SWIFT-ից. ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել

Պատժամիջոցների ենթարկված ռուսական բանկերը դուրս կմնան SWIFT-ից. ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել

Այս գիշեր ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Եվրահանձնաժողովը և Գերմանիան որոշում են կայացրել` լրացուցիչ կոշտ ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայում ռուսական զորքերի շարունակվող հարձակումներին: Այս մասին հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ Ռուսական բոլոր բանկերը, որոնց նկատմամբ արդեն միջազգային պատժամիջոցներ են կիրառվել, անհրաժեշտության դեպքում նաև ռուսական մյուս բանկերը դուրս կմնան միջազգային վճարային ծառայության SWIFT համակարգից։ Սրա նպատակն է, ըստ Գերմանիայի կառավարության հաղորդագրության, մեկուսացնել այդ ինստիտուտները միջազգային ֆինանսական հոսքերից, ինչը զգալիորեն կսահմանափակի նրանց գլոբալ գործունեությունը: Կդադարեցվի մեծահարուստ ռուսաստանցիների, այսպես կոչված, «ոսկե անձնագիրը», և, հետևաբար, նրանց և նրանց ընտանիքների համար եվրոպական քաղաքացիություն ստանալու հնարավորությունը։ ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ կստեղծվի աշխատանքային խումբ՝ ապահովելու պատժամիջոցների արագ իրականացումը, սառեցնելով անհատների, նրանց ընտանիքների և ընկերությունների ակտիվները։ Երկրներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ ձեռնարկելու հետագա քայլեր, եթե Ռուսաստանը չդադարեցնի իր հարձակումն Ուկրաինայի դեմ։
02:29 - 27 փետրվարի, 2022
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Պուտինի, Լավրովի և ՌԴ Անվտանգության խորհրդի այլ անդամների դեմ |armenpress.am|

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Պուտինի, Լավրովի և ՌԴ Անվտանգության խորհրդի այլ անդամների դեմ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները փետրվարի 25-ին պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ Անվտանգության խորհրդի այլ անդամների դեմ: Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ: «Խիստ հազվադեպ է լինում, որ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակ է մտցնում պետության ղեկավարին: Նախագահ Պուտինը միանում է այն փոքր խմբին, որում այնպիսի բռնապետեր են, ինչպես Կիմ Չեն Ինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Բաշար Ասադը»,- ասվում է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ: ԱՄՆ-ից հայտնել են, Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները մտադիր են շարունակել թիրախի տակ պահել ռուսական էլիտայի ներկայացուցիչներին: «Նրանք, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում Ռուսաստանի կառավարությունում, կառնվեն թիրախի տակ, եթե Ռուսաստանի հետագա ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի չդադարի»,- հայտնել են նախարարությունից: Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել Վալենտինա Մատվիենկոյի, Սերգեյ Նարիշկինի, Վյաչեսլավ Վոլոդինի, Սերգեյ Իվանովի, Նիկոլայ Պատրուշևի, Վլադիմիր Կոլկոլցևի, Ալեքսանդր Բորտնիկովի, Իգոր Կրասնովի, Իգոր Շեգոլևի, Վլադիմիր Ուստինովի և Վիկտոր Զոլոտովի դեմ։
10:50 - 26 փետրվարի, 2022
Վլադիմիր Զելենսկին  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները և «հակապատերազմական կոալիցիան»

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները և «հակապատերազմական կոալիցիան»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Twitter-ում գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները և «հակապատերազմական կոալիցիան»։ Այս մասին հայտնում է tass.ru-ն։  «Հենց նոր Ջո Բայդենի հետ քննարկեցի պատժամիջոցների ավելացումը, կոնկրետ պաշտպանական օգնությունը և հակապատերազմական կոալիցիայի ստեղծումը: Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին Ուկրաինային ցուցաբերած ուժեղ աջակցության համար»,- գրել է Զելենսկին: Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսով քննարկել է որոշ եվրոպական երկրների վրա ազդելու հնարավորությունը, որոնք կասկածներ Ռուսաստանին SWIFT համակարգից անջատելու անհրաժեշտության վերաբերյալ։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները ուրբաթ երեկոյան Բրյուսելում արտակարգ խորհրդակցություն են անցկացրել, որի ընթացքում հավանություն են տվել Ռուսաստանի Դաշնության դեմ անձնական և տնտեսական պատժամիջոցների երկրորդ փաթեթին Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով։ Նոր սահմանափակումների թվում քննարկվել է Ռուսաստանին տեղեկատվության փոխանցման և SWIFT վճարումներ կատարելու միջբանկային համակարգից անջատելու հնարավորությունը։
22:54 - 25 փետրվարի, 2022
Խնդիրներ կլինեն, բայց դրանք անլուծելի չեն․ Պեսկովը՝ արեւմտյան պատժամիջոցների հետեւանքների մասին

Խնդիրներ կլինեն, բայց դրանք անլուծելի չեն․ Պեսկովը՝ արեւմտյան պատժամիջոցների հետեւանքների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՌԴ-ի դեմ արեւմուտի ենթադրյալ բարձրտեխնոլոգիական սանկցիաների հնարավոր հետեւանքները, հայտարարել է, որ «խնդիրներ կլինեն, դրանք անլուծելի չեն»։ «Այդ կախվածությունը վերջին տարիներին հետեւողականորեն նվազել է։ Գլխավոր նպատակը, որը հետապնդվում էր պարբերաբար շարունակվող նորանոր սանկցիաների ֆոնին, անհրաժեշտության դեպքում ինքնաբավության եւ ներմուծման ամբողջական փոխարինման ապահովումն էր։ Մեծ հաշվով, այդ նպատակն իրագրծված է։ Այնտեղ, որտեղ իրագործված չէ ամբողջությամբ, կա արագ արագ ձեռքբերումների ներուժ, այդ պատճառով, անխոս, կլինեն խնդիրներ, բայց դրանք անլուծելի չեն»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, ըստ որոնց՝ սանկցիաների նոր փաթեթը երկարաժամկետ ազդեցություն կունենա ՌԴ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության այն ուղղությունների վրա, ինչպիսին են տիեզերքը, միջուկային արդյունաբերությունը եւ այլն։
15:04 - 25 փետրվարի, 2022