«Ռոսկոսմոսն» ԱՄՆ - ին հրթիռային շարժիչներ չի մատակարարի
16:13 - 03 մարտի, 2022

«Ռոսկոսմոսն» ԱՄՆ - ին հրթիռային շարժիչներ չի մատակարարի

Ռուսաստանի «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալությունն էլ հրթիռային շարժիչներ չի մատակարարի ԱՄՆ-ին՝ ի պատասխան Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների։ Այս մասին հայտարարել է ռուսական պետական կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր որոշում ենք կայացրել դադարեցնել «Էներգոմաշ» ընկերության արտադրության հրթիռային շարժիչների մատակարարումներն ԱՄՆ-ին։ Հիշեցնեմ, որ 90-ականների կեսերից այդ մատակարարումներն ընթանում էին բավականին ակտիվ», - ասել է նա։

Ռոգոզինը հստակեցրել է, որ խոսքը գնում է ՌԴ-180 և ՌԴ-181 մոդելների մասին, որոնք օգտագործվում են ամերիկյան «Ատլաս-5» և «Անտարես» հրթիռներում։

«Այսօրվա դրությամբ պլանավորվում էր 2022-2024 թթ-ին լրացուցիչ ևս 12 ՌԴ-181 շարժիչ մատակարարել, ԱՄՆ հետ բանակցություններ էին տարվում կատարելագործված մարտավարական-տեխնիկական բնութագրերով ՌԴ-181Մ շարժիչների մատակարարման շուրջ, սակայն մենք կարծում ենք, որ այս իրավիճակում չենք կարող այլևս ԱՄՆ-ին ապահովել մեր լավագույն շարժիչներով», - հայտարարել է «Ռոսկոսմոսի» ղեկավարը։

Համագործակցությունը Գերմանիայի հետ

Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է նաև, որ Միջազգային տիեզերական կայանի ռուսական տիրույթն էլ չի համագործակցի գերմանացի գործընկերների հետ համատեղ գիտափորձերի ուղղությամբ։

«Հաշվի առնելով մեր գերմանացի գործընկերների անթույլատրելի գործողությունները՝ <...> մենք այսօրվանից դադարեցնում ենք համագործակցությունն այդ կազմակերպության (Ավիացիայի և տիեզերագնացության գերմանական կենտրոն – խմբ․) հետ, այդ թվում՝ Միջազգային տիեզերական կայանի ռուսական տիրույթում գիտափորձերի կազմակերպման մասով», - ասել է նա։

Ռոգոզինը հայտնել է նաև, որ Ավիացիայի և տիեզերագնացության գերմանական կենտրոնն ավելի վաղ անջատել էր կայանի ռուսական տիրույթի երկու աստղադիտակներից մեկը, որն էլ պատճառ է դարձել համատեղ գիտափորձերի դադարեցման համար։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել