ԱՊՀ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր:

1991թ-ի դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն:

1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին:

1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են ԱՊՀ հետևյալ նպատակները.

  • համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
  • մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական համակողմանի և համաչափ զարգացում ԱՊՀ շրջանակներում,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,
  • համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,
  • համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում,
  • աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։

ԱՊՀ Կանոնադրությունը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենստանը, ինչով պայմանավորված, վերջիններս դե-յուրե չեն հանդիսանում ԱՊՀ անդամ պետություններ և կարող են դասվել ԱՊՀ հիմնադիր կամ մասնակից պետությունների շարքին:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով, որոնք են պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, տնտեսական դատարանն ու տնտեսական խորհուրդը, միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը։

Տնտեսական և սոցիալական զարգացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության, հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խթանման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է ճյուղային համագործակցության շուրջ 70 մարմին:

2008 թվականին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ազգային համակարգողների մասին Կանոնակարգը:

Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն է ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Վերջինիս կենտրոնակայանը գտնվում է Մինսկում, մեկ մասնաճյուղ տեղակայված է Մոսկվայում:

Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: Յուրաքանչյուր պետություն ԱՊՀ նախագահությունը ստանձնում և իրականացնում է իր ներկայացուցչի միջոցով՝ մեկ տարուց ոչ ավել ժամկետով, եթե չի ընդունվում այլ որոշում:

ԱՊՀ բարձրագույն մարմիններում նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են Համանախագահներ:

2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյանը, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը:

2019թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը ռոտացիոն կարգով փոխանցվել է Թուրքմենստանին: 

Կայացել է ԱՊՀ անդամ երկրների ՄԾՂԽ իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 21-րդ նիստը

Կայացել է ԱՊՀ անդամ երկրների ՄԾՂԽ իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 21-րդ նիստը

2020 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի` ՄԾՂԽ-ի, իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 21-րդ նիստը: Նիստին մասնակցել է ԱՊՀ անդամ 8 երկիր:  Կորոնավիրուսի (COVID-19) համավարակով և մասնակից պետությունների միջև օդային հաղորդակցության սահմանափակմամբ պայմանավորված` Ուզբեկստանի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի առաջարկով նիստն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը: ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 21-րդ նիստի մասնակիցներն անդրադարձել են ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ գործունեության զարգացմանն առնչվող խնդիրներին՝ հավանության արժանացնելով 2021 թվականի աշխատանքային ծրագրի նախագիծը:
18:15 - 11 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը տեսակապի ձևաչափով մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 88-րդ նիստին։ Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ շրջանակներում տարբեր ուղղություններով համագործակցությանը վերաբերող արդիական հարցերի շուրջ: ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված էին ԱՊՀ մասնակից պետությունների՝ կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործման կանխարգելմանը և կանխմանն ուղղված համագործակցության համաձայնագրի մասին, մինչև 2025 թ․ ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետություններում տրանսպորտային միջոցների համար որպես շարժիչային վառելանյութ բնական գազի օգտագործումը զարգացնելուն և խթանելուն ուղղված միջոցառումների մասին ԱՊՀ ՏԽ որոշումների նախագծերը։ Քննարկեցին նաև առողջապահության և ապահովագրության ոլորտում համատեղ հետազոտությունների իրագործման ծրագրերը, նորարարական գործունեության բնագավառում արդի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիներին առնչվող հարցեր։ Նիստի արդյունքներով տնտեսական, էներգետիկ, գյուղատնտեսական և մեքենաշինության բնագավառներին առնչվող հարցերի վերաբերյալ տասնյակից ավելի որոշումներ ընդունվեցին։ Անդրադարձ կատարվեց նաև կազմակերպչական բնույթի, մասնավորապես՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի 89-րդ նիստը 2021 թ․ մարտի 12-ին Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ հարցերին:
21:02 - 09 դեկտեմբերի, 2020
ՀՀ և ՌԴ արտգործնախարարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային խնդիրները |1lurer.am|

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային խնդիրները |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ խոսել է ՀՀ արտգործնախարարի՝ Մոսկվա կատարելիք այցի և երկկողմ հարաբերությունների մասին: «Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ արտգործնախարարը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կժամանի Մոսկվա: ՌԴ արտգործնախարարությունում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն միջազգային ու տարածաշրջանային հիմնախնդիրներ, երկկողմ կապերի ամբողջ համալիրը: Առանձնակի ուշադրություն կդարձվի ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացմանը՝ շեշտը դնելով մարդասիրական օգնության տրամադրմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքի ապաշրջափակմանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ ՌԴ միջգերատեսչական պատվիրակության՝ Երևան և Բաքու կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համատեքստում: Նախարարները կքննարկեն մեր հարաբերություններին առնչվող թեմաների լայն շրջանակ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ,  ՄԱԿ,  ԵԱՀԿ և այլ ձևաչափերով»,- հայտնել է Զախարովան: Մարիա Զախարովան հիշեցրել է, որ երկկողմ հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, տարբերվում են բարձր մակարդակներով ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ, արդյունավետ միջխորհրդարանական շփումներով:   ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հավաստմամբ՝ Ռուսաստանն ակնկալում է, որ Մոսկվայում կայանալիք առաջիկա բանակցությունները կնպաստեն հետագա երկկողմ դաշնակցային գործակցության զարգացմանն ու Անդրկովկասում անվտանգության ու կայունությանը ամրապնդմանը:
17:42 - 03 դեկտեմբերի, 2020
Օրենսդիրները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների մշակութային ժառանգության պահպանման կոնվենցիայի նախագիծը

Օրենսդիրները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների մշակութային ժառանգության պահպանման կոնվենցիայի նախագիծը

Տեսակոնֆերանսի ձեւաչափով նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լենա Նազարյանը, պատվիրակության անդամներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Անուշ Բեղլոյանը: ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը հայտնում է, որ միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների պատվիրակությունների, ԱՊՀ մարմինների, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Նիստը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատից վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:   Նիստի հիմնական թեմաներից է եղել COVID-19 համաճարակի հարցում ԱՊՀ անդամ երկրների կողմից ձեռնարկվող միջոցառումների օրենսդրական աջակցությունը: Վերանայվել են նաեւ ԵԱՏՄ տարածքում տնտեսական ինտեգրման հեռանկարները եւ դրանց նորմատիվ-իրավական ապահովման հարցերը, քննարկվել 2021 թվականին ԱՊՀ անդամ երկրներում կայանալիք ընտրություններին  դիտորդական առաքելության  նախապատրաստմանը,  ԱՊՀ ՄԽՎ-ի ներքո գիտության եւ կրթության ոլորտներում  փորձագիտական խորհրդի ստեղծմանը վերաբերող խնդիրներ  եւ այլն: Նույն օրը կայացել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 51-րդ լիագումար նստաշրջանը, որին մասնակցել են ԱՊՀ երկրների խորհրդարանական պատվիրակությունները: Օրենսդիրները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի նախագիծը, ԱՊՀ անդամ պետությունների մոդելային Աշխատանքային եւ Ընտրական օրենսգրքերը, ինչպես նաեւ մի շարք մոդելային օրենքների նախագծեր, որոնք մշակվել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների կողմից: ԱՊՀ ՄԽՎ խորհրդի կողմից ընդունվել է «ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը դիտորդների մասնակցության մասին» կանոնակարգը:    
17:58 - 27 նոյեմբերի, 2020
ԱՊՀ նիստում Հայաստանն Ադրբեջանին մեղադրել է ԼՂ-ում ռազմական հանցագործությունների կատարման մեջ |armenpress.am|

ԱՊՀ նիստում Հայաստանն Ադրբեջանին մեղադրել է ԼՂ-ում ռազմական հանցագործությունների կատարման մեջ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում Թուրքիայի ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից աջակցվող Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Այս պահի դրությամբ շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, ընդ որում ագրեսիան իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական անմիջական աջակցությամբ և Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ: Ադրբեջանական կողմից կռվողները կիրառում են ահաբեկչական խմբավորումների մեթոդները, այնպիսիք, ինչպիսիք են տանջանքները, գնդակահարություններն ու ռազմագերիների գլխատումները, զոհվածների մարմինների նկատմամբ ոտնձգությունները: Ադրբեջանի ղեկավարության խղճին մի շարք ռազմական հանցագործություններ են»,- ասել է Գրիգորյանը:
14:58 - 06 նոյեմբերի, 2020
Այսօր ԱՊՀ երկրների ղեկավարները հեռավար նիստ կանեն. օրակարգում նաև ՀՕՊ համակարգերի զարգացման հարցն է |armtimes.com|

Այսօր ԱՊՀ երկրների ղեկավարները հեռավար նիստ կանեն. օրակարգում նաև ՀՕՊ համակարգերի զարգացման հարցն է |armtimes.com|

armtimes.com: Այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի կունենա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ։ Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը: Այս անգամ նիստը կանցկացվի հեռավար, Ուզբեկստանի նախագահությամբ։ Սպասվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն անդամ երկրների տնտեսական համագործակցության լայն շրջանակի հարցեր: Կառավարությունների ղեկավարները մտադիր են կարծիքներ փոխանակել տնտեսական փոխգործակցության արդի հարցերի շուրջ, ինչպես նաեւ քննարկելու են մինչեւ 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021-2025 թվականներ) իրականացման միջոցառումների ծրագիրը: Առցանց քննարկմանը նախատեսվում է ստորագրել գործունեության տարբեր ուղղություններով նախապես համաձայնեցված մի շարք փաստաթղթեր։ Նախատեսվում է երկու համաձայնագրերի ստորագրում, որոնք կանոնակարգում են փոխգործակցությունը ռադիոակտիվ նյութերի միջսահմանային փոխադրումների ու թվային զարգացման ոլորտում: Ստորագրման են պատրաստ փաստաթղթեր, որոնք վերաբերում են նաեւ ՀՕՊ-ի միավորված համակարգերի զարգացմանը եւ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական իրադրության գնահատմանը: Կարդալ ավելին՝ armtimes.am-ում։
10:43 - 06 նոյեմբերի, 2020
ՀՀ-ն կանոնավոր կերպով շարունակում է աշխատանքը եվրասիական տնտեսական և ռազմաքաղաքական կառույցների հետ

 |armenpress.am|

ՀՀ-ն կանոնավոր կերպով շարունակում է աշխատանքը եվրասիական տնտեսական և ռազմաքաղաքական կառույցների հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը պատերազմական իրավիճակում կանոնավոր կերպով շարունակում է աշխատանքները եվրասիական տնտեսական, ռազմաքաղաքական կառույցների, նաև հաևան Վրաստանի և Իրանի հետ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Այս ժամանակահատվածում կանոնավոր շարունակվել է աշխատանքը եվրասիական ուղղությամբ, եվրասիական կառույցների հետ՝ լինի տնտեսական կառույցը՝ ԵԱՏՄ-ն, թե ռազաքաղաքական՝ ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն: Նույնը վերաբերում է մեր հարևաններին՝ Վրաստանին, Իրանին»,- ասաց Քոչարյանը: Նա շեշտեց, որ, բնականաբար, այս իրավիճակը չի կարող չանհանգստացնել Հայաստանի հարևաններին: Իրանին չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ ահաբեկիչները հայտնվել են Իրանի սահմանի մոտ, նրանք դրա մասին բացահայտ խոսում են և ստիպված որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարում: «Նրանք (իրանցիները-խմբ.) այդ ահաբեկիչների դեմ կռվում էին Մերձավոր Արևելքում, հիմա հայտնվել են իրենց հարևանությամբ: Այդ վտանգը հստակ զգում է նաև ՌԴ-ն, քանի որ այդ վտանգը փաստացի մոտենում է Հյուսիսային Կովկասին և ընդհանուր առմամբ ամողջ ԱՊՀ տարածքին, այդ վտանգից զերծ չի մնում նաև Կենտրոնական Ասիան: Այնպես որ, ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որը մտահոգում, անհանգստացնում է բազմաթիվ պետությունների, որոնց հետ ունենք այս կամ այն աստիճանի խորացված հարաբերություններ»,- ասաց ԱԳ փոխնախարարը:
16:24 - 05 նոյեմբերի, 2020
Տեղի է ունեցել ԱՊՀ առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի 32-րդ նիստը` առցանց․ ՀՀ ԱՆ

Տեղի է ունեցել ԱՊՀ առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի 32-րդ նիստը` առցանց․ ՀՀ ԱՆ

Տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի 32-րդ նիստը` առցանց: Միջոցառմանը մասնակցել են առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի անդամները, լիազորված անձինք Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանի Դաշնությունից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ Էլեկրաէներգետիկ խորհրդի, ԱՊՀ անդամ-պետությունների ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի, Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի, ԱՊՀ և Եվրասիայի երկրների ուռուցքաբանության և ռենտգենոռադիոլոգիայի կենտրենների և ինստիտուտների տնօրենների ասոցիացիայի ներկայացուցիչներ: Հանդիպմանը քննարկվել են առողջապահության բնագավառում մի շարք կարևոր ուղղություններում ԱՊՀ անդամ-պետությունների համագործակցության ընթացքն ու հեռանկարները: Կողմերն ընդգծել են խնդիրների լուծման, համատեղ որոշումների կայացման և փոխգործակցության ծավալման կարևորությունը: Կողմերը անդրադարձել են նաև ուռուցքաբանության, ռադիոլոգիայի, էլեկտրոնային առողջապահության, շաքարային դիաբետի, հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի գործում կատարված և սպասվող համատեղ գործողություններին: Հայաստանի կողմից խորհրդի նիստին մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Նա ներկայացրել է մեր երկրում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը, զարգացումները, կիրառվող միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ ծավալված միջազգային համագործակցության կարևորությունը: Վերջինս նաև անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հակահամաճարակային իրավիճակին, արդյունավետ բուժօգնություն ցուցաբերելու համար ներդրված անվտանգության կանոններին: Լենա Նանուշյանն ընդգծել է, որ կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում մշակվել ու ներդրվել է ուղեցույց` ՀՀ սահմանը հատող անձանց, կոնտակտավորների համար, հզորացվել է ընդհանուր լաբորատորիաների ներուժը, առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է տեղեկանքի ձև` արտասահման մեկնող անձանց ՊՇՌ հետազոտությունների ադրյունքների տրամադրման համար: Վերջինս կարևորել է այս ամիսների ընթացքում ակտիվ համագործակցությունը Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության հետ, որի շրջանակներում Հայաստանին են տրամադրվել կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար թեստ–համակարգեր: Խորհրդի նիստին ՌԴ առողջապահության նախարարության ներկայացուցչի ելույթի ժամանակ նշվել և կարևորվել է հայկական կողմի նախաձեռնությունը` հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ: Վերջում ստորագրվել է ԱՊՀ առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի նիստի արձանագրությունը: Որոշում է կայացվել հաջորդ տարի խորհրդի նախագահությունը հանձնել Բելառուսի Հանրապետությանը, և նիստը կազմակերպել Մինսկում:
18:56 - 29 հոկտեմբերի, 2020
ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչափով |armenpress.am|

ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչափով |armenpress.am|

armenpress.am: Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչավով՝ բարդ համաճարակային իրավիճակի պատճառով: Հոկտեմբերի 27-ին այդ մասին հայտնել Է ԲելՏա գործակալությունը՝ ամփոփելով ԱՊՀ-ի պետությունների Մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստի արդյունքները, որը կայացել Է Մինսկում կազմակերպության գործադիր կոմիտեում: «ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչափով, ինչի պատճառը համաճարակային իրավիճակն Է Համագործակցության երկրներում: Նիստում կքննարկվի մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ-ի երկրների տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021 – 2025 թվականներ) իրականացման միջոցառումների պլանը»,- մեջբերում Է գործակալությունը Համագործակցության կանոնադրական եւ մյուս մարմիններում Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչ, Բելառուսում Ուզբեկստանի դեսպան Նոսիրջան Յուսուպովի խոսքը: Ավելի վաղ պլանավորվել Էր, որ նիստը տեղի կունենա Տաշքենդում, քանի որ ընթացիկ տարում Ուզբեկստանը նախագահող երկիրն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
18:32 - 27 հոկտեմբերի, 2020
Հայաստանը կստանձնի ԱՊՀ երկրների կրթության համագործակցության խորհրդի նախագահությունը

Հայաստանը կստանձնի ԱՊՀ երկրների կրթության համագործակցության խորհրդի նախագահությունը

2020 թ.-ի հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի հերթական նիստը:  Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Միաձայն որոշվել է, որ 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը ստանձնելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, և որպես նախագահ ընտրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի աշխատանքներին ներկայացվել և քննարկվել են ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտում համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները: Ա.Մարտիրոսյանը նշել է, որ կրթությունը յուրաքանչյուր պետության կարևորագույն տնտեսական ռեսուրսն է, և այս ասպարեզում միջպետական համագործակցությունը նպաստում է երկրների տնտեսության զարգացմանը: Նրա խոսքով՝ փոխգործակցությունը հարթեցնում է նաև երկրների միջև քաղաքական և տնտեսական հնարավոր հակասությունները, ինչպես նաև նախանշում համագործակցության զարգացման նոր միտումները: Հավելենք նաև, որ 2024 թ.-ին Հայաստանի կանցկացվի ԱՊՀ անդամ պետությունների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատակիցների 8-րդ համագումարը:
16:47 - 23 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԿԳՄՍՆ-ն կստանձնի 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը

ՀՀ ԿԳՄՍՆ-ն կստանձնի 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը

2020թ.-ի հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի հերթական նիստը: Միաձայն որոշվել է, որ 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը ստանձնելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և որպես նախագահ՝ ընտրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի աշխատանքներին ներկայացվել և քննարկվել են ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտում համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները: Ա. Մարտիրոսյանը նշել է, որ կրթությունը յուրաքանչյուր պետության կարևորագույն տնտեսական ռեսուրսն է, և այս ասպարեզում միջպետական համագործակցությունը նպաստում է երկրների տնտեսության զարգացմանը: Նրա խոսքով՝ փոխգործակցությունը հարթեցնում է նաև երկրների միջև քաղաքական և տնտեսական հնարավոր հակասությունները, ինչպես նաև նախանշում համագործակցության զարգացման նոր միտումները: ԿԳՄՍՆ-ն հավելում է նաև, որ 2024թ.-ին Հայաստանում կանցկացվի ԱՊՀ անդամ պետությունների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատակիցների 8-րդ համագումարը:
16:27 - 22 հոկտեմբերի, 2020
Կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը

Կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը

2020 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների Երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը, երիտասարդական կամավորության խթանումը, նորարարական գաղափարների խրախուսումը, երիտասարդական մայրաքաղաքների հանրահռչակմամբ մարզային երիտասարդության ակտիվության բարձրացումը և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Նիստի սկզբում այբբենական կարգով առաջինը զեկուցող Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչը սադրանքի ակնհայտ և անհաջող փորձ է արել` շեղելով նիստի օրակարգը և Գյանջա (Գանձակ) քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները փորձելով կապել երիտասարդական հավաքի և Հայրենական պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 75-ամյակի հետ: Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարի տեղակալ Ինդիգամ Վագիֆ օղլի Բաբաևն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր հայկական ուժերը թիրախավորել են Գյանջա (Գանձակ) քաղաքի քաղացիական բնակչությանը, որի հետևանքով իբր տուժել է նաև Հայրենական պատերազմի ոգեկոչման այգին։ Նա իր խոսքում ներկայացրել է հակամարտության նենգափոխման ադրբեջանական քարոզչամեքենայի ամբողջ ներկապնակը՝ այդ ամենը կապելով Հայրենական մեծ պատերազմում Ադրբեջանի տված զոհերի, հերոսների և այլ զոհողությունների հետ: Ի պատասխան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցչի տարածած տեղեկատվությունն ակնհայտ սադրանք է և նպատակ ունի շեղել ԱՊՀ Երիտասարդության հարցերի խորհրդի օրակարգը։ Ա.Մարտիրոսյանը ներկայացրել է Թուրքիայի մասնակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի իրական բնույթը՝ կարևորելով միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի դատապարտման հրամայականը, որ այդ երկիրն անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները և հաշվետվության կանչվի ռազմական արկածախնդրության համար: Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը նաև առիթն օգտագործել է մատնանշելու, որ Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Ադրբեջանի մասնակցությունը տպավորիչ է ահռելի զոհողությունների և հերոսականության շնորհիվ, որը դրսևորել է արցախահայությունը, որ հիմա հերոսական գոյապայքար է մղում պաշտպանվելու այդ նույն Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից:Մասնակիցները խոսել են նաև 2020 թվականի ընթացքում իրենց երկրներում իրականացված երիտասարդական միջոցառումների մասին, որոնց ճնշող մեծամասնությունը ինչպես ՀՀ-ում, այնպես էլ մյուս ԱՊՀ մասնակից-պետություններում, COVID-19 համաճարակով պայմանավորված չեղարկվել կամ հետաձգվել է: Նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել և որոշվել է, որ ԱՊՀ մասնակից-պետությունների միջազգային երիտասարդական «100 գաղափար ԱՊՀ համար» ծրագրի վերջնական՝ միջազգային փուլը և ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը կանցկացվեն Հայաստանում 2021 թվականի 2-րդ կիսամյակում:
21:53 - 17 հոկտեմբերի, 2020