ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Պաշտպանության նախարարը ներկայացրեց շփման գծում դեկտեմբերից մինչ օրս առկա իրավիճակը

 |armenpress.am|

Պաշտպանության նախարարը ներկայացրեց շփման գծում դեկտեմբերից մինչ օրս առկա իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում դեկտեմբերից մինչ օրս որևէ միջադեպ չի ֆիքսվել: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին: «Դեկտեմբերից մինչ օրս մենք շփման գծում չունենք սպանություն, մեկ վիրավորում ունենք Շուշիում: Որևէ միջադեպ չի ֆիքսվել: Զինադադարի խախտում եղել է, բայց ոչ ուղղված մեր դիրքերին: Օդ են կրակում: Բոլոր դեպքերը մենք ֆիքսում ենք, եթե ԼՂ հատվածում է լինում, փոխանցում ենք խաղաղապահ ուժերին»,- ասաց Հարությունյանը: Պաշտպանության նախարարը նշեց, որ այդ անկանոն կրակոցների հարցը բարձրացրել է նաև Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում։
18:03 - 10 փետրվարի, 2021
Պայմանագրային զինծառայողը հանկարծամահ է եղել. ՊՆ

Պայմանագրային զինծառայողը հանկարծամահ է եղել. ՊՆ

Փետրվարի 8-ին, ժամը 12.40-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Էդվարդ Կառլենի Կիրակոսյանը (ծնված 1994թ. ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ): Կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Էդվարդ Կիրակոսյանի ծնողներին, հարազատներին և ծառայակիցներին: ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը փոտրվարի 8-ին և 9-ին փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող հատվածներում, մասնավորապես, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները շարունակում են վերահսկել սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով:
19:53 - 09 փետրվարի, 2021
Ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991»-ի Արհեստական բանականության խմբում ծառայության մրցույթին

Ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991»-ի Արհեստական բանականության խմբում ծառայության մրցույթին

Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկների կարողությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։ 2020թ. ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ ուղղություններից մեկով. 1. մեքենայական ուսուցում, 2. տվյալների ճարտարագիտություն, 3. տվյալների վերլուծություն և վիճակագրություն Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը ներառյալ: Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ 1-28:
19:20 - 08 փետրվարի, 2021
Պաշտպանության նախարարությունը Infocom-ի 10 հարցումներից լիարժեք պատասխան է տրամադրել միայն մեկին

Պաշտպանության նախարարությունը Infocom-ի 10 հարցումներից լիարժեք պատասխան է տրամադրել միայն մեկին

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը 6-րդ հոդվածով հստակ սահմանում է՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալ իր փնտրած տեղեկությանը եւ դա ստանալու նպատակով հարցմամբ դիմել տեղեկություն տնօրինողին եւ ստանալ այն։ Իսկ գրավոր պաշտոնական հարցման պատասխանը պետք է տրվի 5 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկության տրամադրման համար լրացուցիչ ուսումնասիրության դեպքում՝ 30։  Հայաստանը, որ տեղեկատվության ազատության մասին օրենսդրություն ունի տասնամյակից ավելի, մշտապես փորձել է բարելավել իր դիրքերը խոսքի ազատության միջազգային վարկանիշում։ Օրինակ՝ 2019 թվականի ապրիլի 18-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2019» զեկույցի համաձայն՝ մեր երկիրը 19 կետով բարելավել է իր դիրքը միջազգային վարկանիշում՝ 80-րդից հայտնվելով 61-րդ տեղում:  Խոսքի ազատության բաղադրիչներից մեկն էլ տեղեկատվության ազատությունն է եւ լրատվամիջոցների հետ պետական մարմինների թափանցիկ աշխատանքը։ Լրագրողները բազմիցս են փաստել, որ Հայաստանում մամուլի միջոցներն ամենադժվարն աշխատում են ուժային կառույցների հետ, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից ի վեր՝ Infocom-ը Պաշտպանության նախարարությանն ուղղել է 10 հարցում։ Նախարարին ուղղված հարցերից միայն մեկի պատասխանն է եղել լիարժեք եւ տրամադրվել օրենքով նախատեսված ժամկետում։ 2020 թվականի նոյեմբերի 15-ին @military_arm տելեգրամ ալիքը գրել էր պաշտպանության այդժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանի եւ Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ)՝ երրորդ երկրին զենք-զինամթերքի վաճառքի գործում ներգրավված լինելու մասին՝ կից հրապարակելով փաստաթղթեր։ Սրա առնչությամբ պաշտպանության նախարարության այդժամանակվա մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը համացանցում տարածված փաստաթղթերն ու տեղեկությունները ֆեյսբուքյան գրառմամբ որակել էր լկտի սուտ եւ հավելել, որ լրագրողները կարող են պաշտոնական հարցում ուղարկել նախարարություն եւ համոզվել, որ ամբողջը հորինվածք է։  Փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար նոյեմբերի 20-ին պաշտոնական հարցմամբ դիմեցինք նախարարությանը։ Մեր հարցմանը պատասխանեցին դեկտեմբերի 2-ին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ՝ 3 օր ուշ։ Հարցման պատասխանում նախարարությունը նշեց, որ մերժում է տեղեկության տրամադրումը, քանի որ, իրենց մեկնաբանմամբ, փաստաթղթերն անուղղակի կապ ունեն պետական գաղտնիք պարունակող ռազմատեխնիկական նշանակության աշխատանքների մատակարարման հետ։ Շեշտենք՝ Շուշան Ստեփանյանը նշել էր, որ լրագրողները կարող են ուղարկել հարցումներ՝ համոզվելու համար, որ ամբողջը հորինվածք է։  Մեր վերոնշյալ հարցումից 40 օր անց՝ դեկտեմբերի 29-ին, առանց կրկնակի հարցում ուղարկելու, ՊՆ-ից մեզ տրամադրեցին նույն հարցերի վերաբերյալ պատասխան։ Համաձայն պատասխանի՝ շրջանառվող փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը, որոնց մի մասը Պաշտպանության նախարարության եւ Դավիթ Գալստյանին պատկանող «Mosston engeenering»-ի միջեւ կնքված պայմանագիր է, մյուս մասը՝ «Mosston engeenering»-ի եւ մեկ այլ մասնավոր ընկերության նամակագրություն։ Փաստորեն, նախարարության նախկին խոսնակի հայտարարությունը, թե փաստաթղթերը անհեթեթություն են եւ լկտի սուտ, իրականությանը չի համապատասխանում, քանի որ պաշտոնական հարցման պաշտոնական պատասխանում նշված է, որ փաստաթղթերը գոյություն ունեն եւ համապատասխանում են իրականությանը։ Մեկ այլ հարցում էլ ուղարկել էինք նոյեմբերի 20-ին։ Այս հարցմանը եւս արձագանքել են օրենքով սահմանված ժամկետից 3 օր ուշացմամբ եւ մերժել են պատասխան տրամադրել։ Տասը օր անց՝ նոյեմբերի 30-ին, Գորիս-Կապան ավտոճանապարհի վերաբերյալ հարցումով դիմել էինք նախարարությանը․ այս անգամ ստացել ենք լիարժեք պատասխան, սակայն պատասխանը դարձյալ սահմանված ժամկետից ուշ է ուղարկվել՝ 3 օր անց։  Դեկտեմբերի 3-ին 4 հարցից բաղկացած նոր հարցում ուղարկեցինք։ Դեկտեմբերի 10-ին նախարարությունից հայտնեցին, որ տեղեկությունը տրամադրելու համար հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, եւ լրացուցիչ ժամանակ խնդրեցին։ Դեկտեմբերի 18-ին նախարարությունը տրամադրեց հարցման պատասխանը, սակայն թերի՝ բաց թողնելով մեկ հարցադրում, որը վերաբերում էր Դավիթ Գալստյանին։ Հարցման պատասխանի թերի լինելու մասին պատասխան նամակ հղեցինք նախարարությանը եւ դեկտեմբերի 25-ին նոր ստացանք ամբողջական պատասխանը։ Լրացված տեղեկությունը Դավիթ Գալստյանի՝ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոնում գտնվելու մասին էր։  Մեր հարցին՝ ի՞նչ գործ ունի Դավիթ Գալստյանը ՊԲ մարտական կառավարման կենտրոնում, պաշտպանական գերատեսչությունը միայն մեր երկրորդ նամակից հետո էր պատասխանել, որ այդ օրը քննարկման առարկա է հանդիսացել գնումների գործընթացների շրջանակներում Զինված ուժերի կարիքների համար անհրաժեշտ համապատասխան գույքի մատակարարման գործընթացը։ Այդ դրվագն առանձնացված էր «Գոյամարտ» հաղորդման հոկտեմբերի 10-ի թողարկումից, որի ժամանակ խոսվում է, որ մարտական գործողությունները համակարգվում են ՊԲ մարտական կառավարման կենտրոնից՝ ՊԲ այդժամանակվա հրամանատար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ։ Թողարկման մեջ ասվում է, որ այդտեղ մշակվել են զորքերից ստացվող բոլոր օպերատիվ տեղեկությունները, կատարվել վերլուծություններ, ընդունվել իրավիճակային զարգացումներից բխող որոշումներ եւ, ըստ այդմ, հետագա անելիքների վերաբերյալ խնդիրներ առաջադրվել ենթակա ստորաբաժանումների հրամանատարներին։ Նշվածին զուգորդում է կադրաշարը, որտեղ էլ երեւում են քարտեզի շուրջ հավաքված բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց կողքին՝ Դավիթ Գալստյանը, որն էլ, ըստ նախարարության տրամադրած տեղեկության, մասնակցում էր ԶՈւ գույքի մատակարարման գործընթացի վերաբերյալ քննարկմանը։ Մեր հաջորդ հարցումը գերատեսչությանն ուղարկեցինք դեկտեմբերի 23-ին, որին պատասխանելու համար նախարարությունը խնդրեց լրացուցիչ ժամանակ։ ՊՆ-ին, մասնավորապես, խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե նոյեմբերի 9-ին հայկական զորքերը տեղակայված եղե՞լ են Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններում, եթե այո, ապա ո՞ր հատվածներում եւ, ի վերջո, երբ են ամբողջությամբ հետ քաշվել նշված հատվածներից։ 30-օրյա ժամկետի ընթացքում՝ հունվարի 25-ին, մերժեցին տեղեկության տրամադրումը՝ համարելով պետական եւ ծառայողական գաղտնիք։  Սակայն այս տեղեկությունը, որը նախարարությունը համարում է գաղտնի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը իրենց խոսքում ոչ ուղղակի, բայց հայտնել էին։ Այսպես՝ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ խոսել էր Զանգելանի եւ Կուբաթլուի շրջանների վերաբերյալ որոշում կայացնելու մասին՝ նշելով, որ այս շրջանների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքները մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն՝ ընդամենը փոքր հատվածներն են մեզ մնացել։ Փաստացի՝ վարչապետն իր խոսքում պատասխանում է մեր՝ Պաշտպանության նախարարությանն ուղղված հարցին՝ եռակողմ հայտարարության ստորագրման պահին մեր զորքերը տեղակայված եղե՞լ են Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններում։  Կապանի համայնքապետն էլ դեկտեմբերի 17-ին լրատվամիջոցներին ասել էր, որ մինչեւ հաջորդ օրը ժամը 17։00-ն Կապանի շահեկան դիրքերը հանձնվելու են թշնամուն։ Լրագրողի հարցին՝ դա նախատեսվո՞ւմ էր ստորագրված եռակողմ հայտարարությամբ, Փարսյանը պատասխանել էր, որ Կապանի հարակից շրջանը Զանգելանն է, Գորիսինը՝ Կուբաթլուն․ այդ համաձայնագրում Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների վերաբերյալ որեւէ բան չկա։ Ստացվում է, որ Փարսյանի հիշատակած՝ Կապանի շահեկան դիրքերը Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններում էին․ տրամաբանորեն՝ մեր զորքերը այնտեղից դուրս են եկել դեկտեմբերի 18-ին։ Հենց այս պատասխանն է ՊՆ-ն համարում գաղտնի։ Եւ քանի որ կառավարության ղեկավարն ու Կապանի քաղաքապետն արդեն անուղղակիորեն հայտնել են ենթադրյալ գաղտնիք պարունակող տեղեկություն, ուստի առնվազն անհասկանալի է նույն հարցերի վերաբերյալ տեղեկության տրամադրումը մերժելը։ Բացի դրանից՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում այդ մասին տեղեկություն խնդրողին պետք է գրավոր տեղեկացնել 5-օրյա ժամկետում՝ նշելով մերժման հիմքը, ինչպես նաեւ դրա բողոքարկման կարգը։ Իսկ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։  Իսկ ՊՆ-ն լրացուցիչ ժամկետ է պահանջել ոչ թե տեղեկություն տրամադրելու, այլ տեղեկության տրամադրումը մերժելը հիմնավորելու համար, ինչն, ըստ էության, օրենքի խախտում է։ Նույնաբովանդակ վերաբերմունքի է արժանացել նաեւ մեր՝ հունվարի 7-ի հարցումը․ սկզբում նախարարությունից տեղեկացրել են, որ հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություն, ապա հունվարի 20-ին մերժել են պատասխան տրամադրել։ Սա եւս ժամկետի անհիմն երկարաձգում է, քանի որ, Օրենքի համաձայն, հարցման պատասխանի տրամադրումը մերժելու մասին մեզ պետք է ծանուցվեր 5-օրյա ժամկետում։ Հարցումների պատասխանները համադրելով՝ պարզ է դառնում, որ սա լրագրողների հետ Պաշտպանության նախարարության աշխատելաոճն է, քանի որ հարցումներից 3-ի դեպքում նախ տեղեկացրել են տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ լրացուցիչ աշխատանքի մասին, ապա որոշ ժամանակ անց մերժել են հարցման պատասխանը տրամադրել։ Մեր հարցումներից մեկի ժամանակ բախվեցինք գերատեսչության այս գործելաոճին, սակայն այս դեպքում ոչ միայն տեղեկությունը տրամադրելու համար հավելյալ ժամկետի անհրաժեշտությունն էր անհիմն, այլեւ պատասխան չտրամադրելը։  Հունվարի 14-ին էլ հարցումով դիմել էինք նախարարություն՝ պարզելու, թե 44-օրյա եւ 2016 թվականի 4-օրյա պատերազմների հետեւանքով քանի զինվորական եւ քաղաքացիական անձ է կորցրել վերին եւ ստորին վերջույթները կամ դրանց շարժունակությունը։ Նույնաբովանդակ հարցմամբ դիմել էինք նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Պաշտպանության նախարարությունը մերժեց տրամադրել տեղեկություն՝ այն համարելով պետական եւ ծառայողական գաղտնիք, այնինչ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մեզ տրամադրեց լիարժեք պատասխան։ Համաձայն պատասխանի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքով վերին եւ ստորին վերջույթների պրոթեզավորման կարիք ունի շուրջ 115 զինծառայող, որոնցից 17-ն արդեն դիմել են պրոթեզավորման համար։ Պաշտպանության նախարարությունը հայտնի է նաեւ լուռ մերժումներով։ Օրինակ՝ 2018 թվականին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» հարցումով դիմել էր նախարարությանը, որն այդպես էլ պատասխան չէր ստացել։ Այս տարվա հունվարի 20-ին Infocom-ը եւս մեկ հարցմամբ դիմել էր կառույցին․ մինչ օրս չունենք պատասխան։ Այսինքն՝ եթե նախորդ դեպքերում գոնե մերժել էին պատասխանի տրամադրումը կամ ուշացմամբ էին տրամադրել, այս դեպքում հարցումն ընդհանրապես մոռացել են։ Այս պահին նախարար Վաղարշակ Հարությունյանին ուղղված եւս մեկ հարցում ունենք, որի պատասխանը տրամադրելու համար, ըստ իրենց, լրացուցիչ աշխատանքի անհրաժեշտություն կա, այսինքն՝ պատասխանը կտրամադրեն 30-օրյա ժամկետում։ Պետք է նաեւ նշենք, որ մեր հարցումներից մեկը լիարժեք պատասխան է ստացել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում։ Այսպիսով՝ վերջին երեք ամիսների ընթացքում Պաշտպանության նախարարությանն ուղղել ենք 10 հարցում, որոնցից 3-ի դեպքում ստացել ենք լրացուցիչ ժամանակի անհիմն պահանջ, ապա պատասխանի տրամադրման մերժում, 2-ի դեպքում օրենքով սահմանված ժամկետից ուշ ստացել ենք մերժում, 1-ի դեպքում հարցումը լուռ մերժվել է, այսինքն՝ պատասխան չենք ստացել, 1-ի դեպքում լրացուցիչ ժամանակից հետո տրամադրվել է թերի պատասխան, 1-ի դեպքում տրամադրվել է լիարժեք պատասխան, սակայն ուշացմամբ, 1-ի դեպքում ստացել ենք պատասխան, որ լրացուցիչ ժամանակի անհրաժեշտություն կա (ժամկետը դեռեւս չի ավարտվել), եւ միայն 1 հարցման դեպքում ենք լիարժեք պատասխան ստացել օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով։  Հավելենք՝ Հայաստանում խոսքի ազատության, դրա սահմանափակումների եւ նմանատիպ խնդիրների բարձրաձայնմամբ զբաղվող Խոսքի ազատության կոմիտեն ամեն տարի հրապարակում է զեկույց, որոնց միջոցով հնարավոր է լինում պատկերացում կազմել, թե տվյալ տարվա ընթացքում մարդկանց իրավունքների կամ տեղեկատվության ազատության խախտման քանի դեպք է գրանցվել մեր երկրում։ 2020 թվականին պաշտպանության նախարարության՝ տեղեկության տրամադրումը մերժելու կամ թերի ու ժամկետի խախտմամբ տրամադրելու 3 դեպք է ներառվել զեկույցում։ 2019 թվականի զեկույցի համաձայն՝ նմանատիպ 5 դեպք է արձանագրվել։ Այս բոլոր դեպքերում էլ Պաշպտանության նախարարությունը հիմնականում կա՛մ մերժել է հարցման պատասխանի տրամադրումը, կա՛մ էլ տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ եւ թերի տեղեկություն։ Բացի այս զեկույցներից՝ գոյություն ունի նաեւ պաշտոնատար անձանց «Սեւ ցուցակ», որտեղ հայտնվում են այն գերատեսչությունների ղեկավարները, որոնք չեն պատասխանում տեղեկություն ստանալու հարցումներին կամ պատասխանում են օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, ինչպես նաեւ անհիմն մերժում են տեղեկություն ստանալու հարցումը։ Այս «Սեւ ցուցակը» յուրաքանչյուր տարեսկզբին պատրաստում է տեղեկատվության ազատության իրացման, օրենքի խախտմամբ տեղեկության տրամադրումը մերժելու կամ չտրամադրելու դեպքերի արձանագրմամբ եւ բարձրաձայնմամբ զբաղվող «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը»։ 2020 թվականի սեւ ցուցակի 3-րդ հորիզոնականում նորանշանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն է։ Վերջինս «Սեւ ցուցակում» ներառվել է հարցման պատասխանը տրամադրելու համար հավելյալ 30-օրյա ժամկետ ուզելու եւ վերջնարդյունքում հարցման պատասխանը մերժելու համար։ Այս «Սեւ ցուցակում» Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները եղել են տարիներ շարունակ։ Օրինակ՝ 2018 թվականին «Սեւ ցուցակում» ներառված է եղել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Մայիսին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղված երկու հարցում էր արել, երկուսի դեպքում էլ նախարարությունը նախ լրացուցիչ ժամանակ էր խնդրել, հետո մերժել ինֆորմացիայի տրամադրումը։  Նարեկ Մարտիրոսյան
18:52 - 08 փետրվարի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում անհայտ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է մարտական գործողությունների տարածքներում կատարվող որոնողական աշխատանքների ընթացքը, նշել, որ իրականացված աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է, շարունակվում է նաև նույնականացման գործընթացը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, արձագանքել առաջարկություններին և հանձնարարականներ տվել ՊՆ ռազմական ոստիկանության պետին ու պատասխանատու այլ ստորաբաժանումների ղեկավարներին։ Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ պաշտպանական համակարգում իրականացվում են անհրաժեշտ բոլոր գործողություններն՝ անհայտ կորածների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղեկությունները հավաքելու, համադրելու, քարտեզագրելու և գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։ Ի պատասխան ներկայացված հարցադրումների՝ Վաղարշակ Հարությունյանը հավաստիացրել է նաև, որ քննություն է ընթանում մի շարք գործերով։ Նախարարը վստահեցրել է, որ հանցավոր գործողությունների կամ անգործության համար հարուցված քրեական գործերի շրջանակում բոլոր մեղավորները կպատժվեն։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ գործընթացն իրավական դաշտում է և անհրաժեշտ է սպասել քննության ավարտին։
18:11 - 08 փետրվարի, 2021
Ջանքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման համար. Ֆրանսիայի դեսպանը՝ ՀՀ ՊՆ ղեկավարին

Ջանքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման համար. Ֆրանսիայի դեսպանը՝ ՀՀ ՊՆ ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 5-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ռազմական կցորդ Դեննի Փիթի ուղեկցությամբ (նստավայրը` ք.Թբիլիսի): Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանի անվտանգային միջավայրը, առկա սպառնալիքները և ակնկալվող զարգացումները: Դեսպան Լաքոտն իր հերթին նշել է, որ ռազմական գործողությունների ընթացքում և դրանց դադարեցումից հետո իրավիճակը մշտապես եղել է Ֆրանսիայի ղեկավարության ուշադրության կենտրոնում, մտահոգությունների մասին բարձրաձայնվել է և ջանքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման համար: Պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության մասին խոսելիս դեսպանը տեղեկացրել է համագործակցության բազմակողմանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի առաջարկի մասին, որն ընդունվել է պաշտպանության նախարարի կողմից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ ամսվա ընթացքում համագործակցության խթանմանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացման վերաբերյալ:
20:33 - 05 փետրվարի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ռազմական համալսարան

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ռազմական համալսարան

Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Կրթօջախի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է համալսարանի կառուցվածքը, զեկուցել ուսումնական ծրագրերի, կրթական բարեփոխումների ուղղությամբ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից արված աշխատանքների, առկա նյութատեխնիկական ու կենցաղային խնդիրների մասին և հանդես եկել կրթօջախի զարգացման առաջարկություններով ու նոր ծրագրերով։ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանգամանալից անդրադարձել է առաջարկված ծրագրերին։ Նախարարն առաջարկել է հղկել դրանք, լրամշակել ու կարճ ժամանակահատվածում ներկայացնել քննարկման։
19:53 - 05 փետրվարի, 2021
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումներ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումներ

 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 3-ին աշխատանքային այց է կատարել 1-ին և 4-րդ զորամիավորումներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Գլխավոր շտաբի պետին ուղեկցել է ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։ Ենթակա զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների, զորատեսակների և ծառայությունների պետերի մասնակցությամբ զորամիավորումներում անցկացվել են հավաք-խորհրդակցություններ, քննարկվել առկա խնդիրները, սահմանային իրավիճակը, մարտական պատրաստության, պատրաստականության գործընթացի կազմակերպումն ու այլ հարցեր։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նախանշել է այն հիմնական խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն, տվել համապատասխան հրահանգներ հետագա ծառայությունն էլ ավելի արդյունավետ կատարելու վերաբերյալ: Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա։  
18:06 - 04 փետրվարի, 2021