Հայաստան

Զախարովան հույս ունի, որ Բաքուն և Երևանը կիրականացնեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված նախաձեռնությունները |1lurer.am|

Զախարովան հույս ունի, որ Բաքուն և Երևանը կիրականացնեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված նախաձեռնությունները |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում կիրականացվեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել հանգուցային, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ կիրականացվեն խաղաղության նախաձեռնությունները, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը մշակել են Ռուսաստանի հետ»,- ասել է Զախարովան: Նա կոպտություն է անվանել Հարավային Կովկասի իրավիճակի մեջ ներթափանցելու՝ Արևմուտքի փորձերը։ Նրա կարծիքով՝ նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»։ «Դժբախտաբար, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք նման միտում, այժմ Արևմուտքն էլ ավելի է ակտիվացել»,- հավելել է դիվանագետը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, թե արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, մինչդեռ «հակամարտությունների թիվն ինչ-ինչ պատճառներով ավելանում է հավաքական Արևմուտքի նախաձեռնությամբ»։
11:47 - 01 մարտի, 2023
ՀՀ-ն ու ՌԴ-ն ընդլայնում են տեղեկատվական անվտանգության ոլորտում փոխգործակցությունը. համաձայնագիրը ներկայացվեց ԱԺ-ին |armenpress.am|

ՀՀ-ն ու ՌԴ-ն ընդլայնում են տեղեկատվական անվտանգության ոլորտում փոխգործակցությունը. համաձայնագիրը ներկայացվեց ԱԺ-ին |armenpress.am|

armenpress.am: Նոր համաձայնագիրը կխթանի տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը: «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին համաձայնագիրն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը: Համաձայնագրի նպատակը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է: «Համաձայնագրի կիրարկմամբ նախատեսվում է նպաստել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխգործակցության ընդլայնմանը, ներառյալ՝ սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և դրանց համատեղ դիմակայման, տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով վստահության ամրապնդման միջոցառումների համաձայնեցման ու իրականացման, օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղություններով»,-ասաց Մանթաշյանը: Համաձայնագրով սահմանվում են տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության ուղղությունները Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջև: Մասնավորապես, կողմերը համագործակցություն են իրականացնում հետևյալ հիմնական ուղղություններով՝ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի սպառնալիքներին հակազդման համակարգում, իրավապահ ոլորտում տեղեկատվության փոխանակում՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված հանցագործությունները բացահայտելու, կանխարգելելու, կանխելու եւ հետաքննելու նպատակով, տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի շուրջ երկու պետությունների օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակում և այլն: Համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին Անվտանգության խորհուրդների միջև:
11:45 - 01 մարտի, 2023
Մենք չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները. Լավրովը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործում ՌԴ-ի միջնորդության մասին
 |tert.am|

Մենք չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները. Լավրովը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործում ՌԴ-ի միջնորդության մասին |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ բանակցություններում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերը, հայ-ադրբեջանական կարգավորումը, որի հիմքում, Լավրովի խոսքով, ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմն պայմանավորվածություններն են: Խոսելով կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդական դերի մասին՝ Լավրովն ասել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստ մնալ խաղաղության պայմանագրի քննարկման նպատակով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հարցում: Ըստ նրա՝ Բաքուն պատրաստ է, Երևանն ասել է, որ ևս դեմ չէ, սակայն վերջնական համաձայնություն չի տալիս: «Կարծում եմ՝ մենք, այսպես ասած, չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները, բայց դրանք երկու կողմին էլ շատ լավ հայտնի են»,- եզրափակել է Լավրովը: Հիշեցնենք, որ 2022թ․ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը հայտնել էր հանդիպմանը չմասնակցելու որոշման մասին՝ նշելով, որ պատճառը Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումն է:    
14:39 - 28 փետրվարի, 2023
Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները հանդես են եկել Լաչինի միջանցքի արգելափակման մասին հայտարարությամբ

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները հանդես են եկել Լաչինի միջանցքի արգելափակման մասին հայտարարությամբ

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ: Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Միջանցքը տարածաշրջանի տեղական բնակչության համար կենսական նշանակության կարևոր ճանապարհ է: Հոսանքի հաճախակի անջատումների և էլեկտրականության ու գազի բացակայության պատճառով հումանիտար ճգնաժամը տարածաշրջանում օրեցօր վատթարանում է: Բացի դրանից՝ ժողովուրդը կենսական իրերի կարիք ունի` դեղորայք և բժշկական օգնություն, սնունդ և վառելիք»,- նշել է խորհրդարանական խումբը համատեղ հայտարարարության մեջ: Հայտարարությամբ խմբի անդամները կոչ են արել շահագրգիռ կողմերին՝ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ` տարածաշրջանում կայունության և զարգացման ապահովմանն աջակցելու նպատակով: «Արգելափակումը շարունակում է վնասակար ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա: Մենք խորապես հավատում ենք, որ հումանիտար հարցերի կարգավորումը, տեղաշարժման ազատությունը և միջանցքի անվտանգությունն ունեն չափազանց կարևոր նշանակություն` առաջընթացի ապահովման համար»,- հայտարարել են խմբի անդամները: Հայտարարությունը ստորագրել են խորհրդարանական խմբի նախագահ Ռայվո Տամը և անդամներ Մատի Ռայդման, Միհայիլ Լոտմանը, Տարմո Կրուուսիմեն և Լեո Կունասը:
13:23 - 28 փետրվարի, 2023
Անկախությունից ի վեր ամենամոտն ենք հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորմանը. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Անկախությունից ի վեր ամենամոտն ենք հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորմանը. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Մենք խաղաղության պայմանագիր կնքելուն վաղուց ենք պատրաստ և դրա մասին բազմիցս ասել ենք, բայց անընդհատ Ադրբեջանի կողմից ներկայացվող նոր առաջարկները և նոր իրավիճակները, որ տեղի են ունենում սահմանին, հենց իրենց կողմից խնդիր են դարձնում խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը: Բայց մենք ամեն ինչ անելու ենք և շարժվելու ենք հնարավորինս արագ՝ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:  Ինչ վերաբերում է լրագրողների դիտարկմանը, թե որ երկիրը կամ կառույցն է լինելու այն միջազգային երաշխավորը, որի մասին խոսում է հայկական կողմը, և որն ապահովելու է Ստեփանակերտի և ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, Սիմոնյանը պատասխանեց. «Ով կկարողանա դա իրականացնել հողի վրա»: «Միանշանակ է, որ բոլոր պայմանավորվածությունները ինչ-որ երաշխիք ունենան, որովհետև հիմա մենք ունենք նոյեմբերի 9-ի համաձայնագիր, որի իրագործումից մենք էլ ենք դժգոհ, ադրբեջանական կողմն էլ է դժգոհություններ հայտնում: Մենք կարծում ենք՝ մեխանիզմ միանշանակ անհրաժեշտ է»,- ասաց ԱԺ նախագահը: Լրագրողներից մեկի հարցին, թե ընդդիմությունը դարձյալ փողոցային պայքարի մասին է հայտարարում, և արդյոք իշխանությունը մտավախություն չունի՞, որ նրանք կարող են հասնել իրենց նպատակին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց: «Ընդդիմության գործողությունները հիմնականում վերջին ժամանակահատվածում հենված են եղել սահմանին տեղի ունեցող սրացումներին, այսօր այդ բառապաշարը սպառված է, և նույն բառապաշարով վերադառնալ փողոց անիմաստ եմ համարում»,- ասաց ԱԺ նախագահը: Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ հիմա ունենք մի իրավիճակ, երբ անկախությունից ի վեր առաջին անգամ ամենից մոտ ենք հարաբերությունների կարգավորմանը:  «Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ անկախությունից ի վեր առաջին անգամ ամենամոտն ենք հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորման: Կարծում եմ՝ այդ հնարավորությունները պետք է օգտագործենք, եթե հակառակ կողմի մղումները իրոք անկեղծ են, որովհետև մենք փորձ ենք ունեցել հարաբերությունների կարգավորման, երբ թուրքական կողմը ինչ-որ պահի հետ է կանգնել: Բնական է, իրենք ունեն իրենց շահերը, և մենք պետք է հաշվի առնենք, որ այդ շահերը ոչ հաճախ են համընկնում մեր շահերի հետ»,- պատասխանեց ԱԺ նախագահը:
13:19 - 28 փետրվարի, 2023
Ադրբեջանը արբիտրաժային վարույթ է նախաձեռնում Հայաստանի դեմ
 |azatutyun.am|

Ադրբեջանը արբիտրաժային վարույթ է նախաձեռնում Հայաստանի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանը միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնում Հայաստանի դեմ՝ Երևանից ֆինանսական փոխհատուցում պահանջելով իր տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտները 1991-ից 2020 թվականներին անօրինականորեն շահագործելու համար», -հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ այսօր տարածած հաղորդագրությունը։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Հայաստանը «անօրինականորեն շահագործել է Սարսանգի ջրամբարի վրա գտնվող Թարթառի ՀԷԿ-ը, գրավյալ տարածքներում 37 փոքր հիդրոէլեկտրակայաններ է կառուցել, որոնցում արտադրված էլեկտրաէներգիան արտահանվել է Հայաստան։ Այդ նպատակով Հայաստանը Ադրբեջանի գրավյալ տարածքների հետ միասնական էներգետիկ համակարգ է ձևավորել»,- հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Գերատեսչությունը նաև պնդում է, որ «Հայաստանը անօրինականորեն շահագործել է «Չարդաղլը» ածխահանքը, ինչպես նաև ապամոնտաժել է Եվլախ-Նախիջևան գազատարը», ինչի հետևանքով ինքնավար հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է։
19:02 - 27 փետրվարի, 2023
Ցանկացած մտահոգություն պետք է արծարծվի բանակցությունների համատեքստում. Տոյվո Կլաար
 |azatutyun.am|

Ցանկացած մտահոգություն պետք է արծարծվի բանակցությունների համատեքստում. Տոյվո Կլաար |azatutyun.am|

azatutyun.am:  Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հարցազրույց է տվել «Ազատության»-ը, որը ներկայացնում ենք ստորև․ «Ազատություն». - Իլհամ Ալիևն ասում է, որ կա միջազգային գործընկերների ըմբռնումն այն հարցում, որ պետք է ադրբեջանական անցակետ տեղադրել Լաչինում, ինչպես որ Հայաստանը ցանկանում է անցակետ տեղադրել Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին։ Կա՞ նման ըմբռնում։ Կլաար. - Ես չգիտեմ, թե արդյոք այլ գործընկերների հետ քննարկումներ կան։ Կարող եմ ասել, որ մեր տեսանկյունից, առաջին հերթին կան պայմանավորվածություններ, որ ձեռք են բերվել նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի համատեքստում։ Եվ հետո, իհարկե կա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացը, որին մենք ակտիվ աջակցում ենք։ Ուստի կարծում եմ, որ սա այն հարցն է, որ պետք է քննարկվի այդ փաստաթղթի և այդ գործընթացի համատեքստում։ «Ազատություն». - Եվ չկա հիշատակում Լաչինում ադրբեջանական անցակետի մասին։ Կլաար. - Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նման հիշատակում չկա։ Միևնույն ժամանակ, իհարկե կրկին չեմ ուզում ասել, թե ինչ է լինելու բանակցությունների ընթացքում, բայց կարծում եմ, կարևորը դարձյալ այն է, որ ցանկացած քննարկում, ցանկացած մտահոգություն պետք է արծարծվի բանակցությունների համատեքստում։ «Ազատություն». - Ռուբեն Վարդանյանը հեռացվեց պաշտոնից։ Սա ազդա՞կ է սկսելու Ստեփանակերտ - Բաքու երկխոսությունը։ Կլաար. - Կարող եմ ասել, որ անկախ պարոն Վարդանյանի անձից՝ մենք հետևողականորեն հանդես ենք եկել այդ երկխոսության կայացման օգտին։ Եվ ես նաև Բաքվում իմ զրուցակիցներին էի ասում, որ մենք շատ կարևոր ենք համարում, որ նման երկխոսությունը տեղի ունենա հրապարակային։ Այնպես, որ ապահովվի դրա թափանցիկությունը միջազգային հանրության, բայց առաջին հերթին՝ Ղարաբաղի բնակչության համար։ Այսպիսով կրկնեմ՝ անկախ պարոն Վարդանյանի պաշտոնանկության փաստից, կարևոր է, որ նման երկխոսություն լինի։ Եվ գուցե հիմա, ներկա պայմաններում դա կարող է ավելի հեշտ լինել։ «Ազատություն». - Խաղաղության պայմանագրի գործընթացում առաջընթաց տեսնո՞ւմ եք։ Կլաար. - Ես տեսնում եմ, որ որոշ զարգացումներ են եղել, տեքստերի փոխանակումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ կարծում եմ, որ Մյունխենում տեղի ունեցած վերջին մտքերի փոխանակությունները նույնպես բավական դրական էին։ Չափավոր ասեմ՝ եթե ոչ լավատես եմ, ապա գոնե դրական եմ տրամադրված և հավատում եմ, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Բայց իհարկե դեռ շատ հարցեր կան սեղանին, շատ հարցեր, որոնց դեռ պետք է պատասխաններ տրվեն։ «Ազատություն». - Եթե այդ փաստաթուղթը ենթադրում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ի՞նչ երաշխիք է ստեղծվելու հայերի անվտանգության համար։ Կլաար. - Չեմ ուզում կանխատեսել, թե ինչպիսին կլինի վերջնական փաստաթուղթը։ Կարծում եմ, որ, անկախ նրանից, թե Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները դիտարկվում են մեկ համատեքստում, իսկ Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը՝ մեկ այլ համատեսքտում, կարևորն այն է, որ լինի հակամարտության համապարփակ լուծում։ Հակամարտություն, որն ավելի քան երեսուն տարի մեծ խնդիր է ստեղծել այս տարածաշրջանի համար։ Այն հետ է պահում Հայաստանը, հետ է պահում Ադրբեջանն ու ամբողջ տարածաշրջանը։ Այնպես որ, հակամարտության համապարփակ լուծումը բխում է բոլորի շահերից։ Եվ ես իսկապես հույս ունեմ, որ կարող ենք օգնել այս գործընթացն առաջ տանելու գործում։ «Ազատություն». - Ռուսաստանն արդեն գրեթե ամենօրյա ռեժիմով է դժգոհում, որ Արևմուտքի նպատակը Մոսկվային Հարավային Կովկասից դուրս թողնելն է, Ղարաբաղի հարցի միջնորդությունը խլելը: Կլաար. - Այո, ցավոք սրտի, մենք նման շատ հաղորդագրություն ենք տեսել։ Եվ ես բազմիցս ասել եմ իմ ռուս զրուցակիցներին, որ մենք որևէ հիմք չենք տեսնում նման կեղծ մեղադրանքների համար։ Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրավված չէ որեւէ աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Մենք ներգրավված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև այս գործընթացում մեկ և պարզ նպատակով, այն է՝ օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հաղթահարել հակամարտությունը։ Դրա արդյունքը, երբ իրական խաղաղություն հաստատվի, Հարավային Կովկասում բոլորի համար կբերի ավելի լավ կենսամակարդակ: Դա բխում է այստեղի ապրող մարդկանց շահերից, դա ձեռնտու է Եվրամիությանը՝ որպես Հարավային Կովկասի հարևանի։ Դա նաև Ռուսաստանին է ձեռնտու՝ նույնպես որպես Հարավային Կովկասի հարևանի։ Այնպես որ, կարճ ասած, մենք սա տեսնում ենք որպես զուտ դրական ներգրավվածություն մեր կողմից: Ու ես շատ հիասթափված եմ, որ Մոսկվայում ոմանք շարունակում են դրան անդրադառնալ ուղղակի անտեղի արտահայտություններով։ Հարցազրույցն ամբողջությամբ azatutyun.am-ում
17:34 - 27 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցեր

Արարատ Միրզոյանը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցեր

Փետրվարի 27-ին Ժնևում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ ձևաչափով, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Կարևորվել է համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ:  Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղի շրջափակումն անհապաղ դադարեցնելու հրամայականը՝ համաձայն 2020թ.  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացումը։  Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: 
16:16 - 27 փետրվարի, 2023
Լաչինի միջանցքում տրանսպորտային բոլոր միջոցների ազատ երթևեկությունը պետք է շտապ վերականգնվի․ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը

Լաչինի միջանցքում տրանսպորտային բոլոր միջոցների ազատ երթևեկությունը պետք է շտապ վերականգնվի․ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը

armenpress.am: Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատելու նպատակով փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպես տեղեկացնում են ԵԽԽՎ-ի կայքէջից, համազեկոցողները ընդգծել են, որ իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ։  «Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող ազատ դուրս գալ այնտեղից, և, ինչպես մեզ տեղեկացրել են, 954 մարդ դեռ մնացել է միջանցքի երկու կողմերում։ Այս միջանցքով թույլատրվում է տեղաշարժվել միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մեքենաներին, ինչն ակնհայտորեն բավարար չէ բնակչության կարիքները բավարարելու համար։  Ավելին, կենսական նշանակություն ունի, որ ապրանքները ժամանակին առաքվեն ցանքի սեզոնին։ Բոլոր տրանսպորտային միջոցների ազատ երթևեկությունը պետք է շտապ վերականգնվի ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»- նշել են համազեկուցողները։ Բացի այդ, ըստ ԵԽԽՎ համազեկուցողների, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման և էլեկտրամատակարարման բազմակի ընդհատումները հանգեցրել են բնակիչների իրավունքների լուրջ խախտումների. բազմաթիվ մարդիկ արդեն կորցրել են աշխատանքը, իսկ երեխաները զրկված են կրթությունից, քանի որ դպրոցները ստիպված են եղել փակել ։ «Հիշեցնում ենք Ադրբեջանի հարցով համազեկուցողների հետ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի մեր համատեղ հայտարարությունը, որում կոչ էր արվում վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը, որով կոչ էր արվում Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել բոլոր միջոցները «Լաչինի միջանցքով» անվտանգ երթևեկությունն ապահովելու համար, մասնավորապես՝ «բժշկական օգնության կարիք ունեցող ծանր հիվանդ մարդկանց և ճանապարհին դժվար կացության մեջ հայտնված այլ մարդկանց»։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունում Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որում նշվում է, որ «Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները ՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»։ Մենք հրավիրում ենք Վեհաժողովի բոլոր անդամներին այս իրավիճակը հասցնել իրենց համապատասխան ազգային խորհրդարանների ուշադրությանը և միանալ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը անհապաղ դադարեցնելու մեր կոչին»,- նշում են համազեկուցողները։   Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, ԵԽԽՎ համազեկուցողները ուսումնասիրել են Ջերմուկ քաղաքում և Սոթք գյուղում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքները։  «Արձանագրեցինք, որ քաղաքացիական գոտիներում կասետային զինամթերքի կիրառման ապացույցները հավաքվել և պահպանվել են հետագա փորձաքննության համար։ Մեզ ցույց տվեցին ադրբեջանական ռազմական դիրքերի առկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում, երբեմն վիճելի սահմանագծից շատ հեռու»,- նշել են ԵԽԽՎ համազեկուցողները։ Նրանք բարձր են գնահատում սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության ծավալումը ՝ նշելով նախորդ առաքելության զգալի շոշափելի արդյունքները լարվածության նվազեցման գործում։  «Մենք կոչ ենք անում երկու կողմերին առաջ մղել սահմանի սահմանազատման շուրջ քննարկումները և պայմանավորվել սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին ՝ որպես վստահության ամրապնդման անհապաղ քայլ։ Մենք մեր եզրակացությունների մասին կհայտնենք ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեին՝ նրա հաջորդ նիստում։ Մենք նախկինի պես խիստ ուշադիր ենք վերաբերվում ապագա իրադարձություններին և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը խորհրդարանական մակարդակով ցուցաբերել այն ողջ քաղաքական աջակցությունը, որն անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու համար»,- եզրափակել են ԵԽԽՎ համազեկուցողները։ Համազեկուցողներն իրենց այցի ընթացքում այցելել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներ և հարակից տարածքներ, ինչպես նաև Լաչինի միջանցքի մուտքը հայկական կողմից: Նրանք հանդիպել են Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառով Գորիսում արգելափակված տեղի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ ։
21:59 - 24 փետրվարի, 2023
Բաքուն պատրաստ է «Ղարաբաղում բնակվող հայերի ինտեգրացիային ադրբեջանական հասարակությանը». Բայրամով |azatutyun.am|

Բաքուն պատրաստ է «Ղարաբաղում բնակվող հայերի ինտեգրացիային ադրբեջանական հասարակությանը». Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն պատրաստ է «Ղարաբաղում բնակվող հայերի ինտեգրացիային ադրբեջանական հասարակությանը», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ «Ադրբեջանն այսօր խոսում է խաղաղության օրակարգի մասին, և դա նշանակում է, որ մենք շրջել ենք պատմության սև էջերը հանուն պայծառ ապագայի։ Այդ կոնտեքստում մենք հայտարարել ենք Ղարաբաղի ծագումով հայերի սոցիալական, քաղաքական և տնտեսական վերաինտեգրման պատրաստակամության մասին», - ասել է Բայրամովը լրագրողներին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն առաջին իսկ օրից ասել է, որ պատրաստ է խոսել Ղարաբաղի հայերի հետ, կային նաև դրական արդյունքներ։ «Սակայն, այդ մարդը {նկատի ունի Ռուբեն Վարդանյանին-խմբ.}, որ դրսից Ղարաբաղ եկավ կամ ուղարկվեց, խաղալով ինչ-որ խաղեր, մեզ համար չի կարող լինել բանակցությունների կողմ։ Նրա ետևում կանգնած մարդիկ հասկացան, որ «Ռուբեն Վարդանյան պրոյեկտը» չի աշխատի», - շեշտել է Բայրամովը։
18:51 - 24 փետրվարի, 2023
Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի այն բովանդակությամբ, որ ես նկարագրեցի, Արցախը կվերածվի Ջավախքի, մի քանի տարի հետո՝ Նախիջեւանի. Օսկանյան

Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի այն բովանդակությամբ, որ ես նկարագրեցի, Արցախը կվերածվի Ջավախքի, մի քանի տարի հետո՝ Նախիջեւանի. Օսկանյան

Հիմնավոր փաստ կա, որ Հայաստանի իշխանությունները այս պահին բանավոր, ինչ-որ տեղ նաեւ փաստաթղթային, որի վկայությունն է Պրահայի եռակողմ հայտարարությունը, որ համաձայնություն են տվել, որ Արցախը լինի, մնա Ադրբեջանի կազմում: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքով այդ միտքն արտահայտվում է նաեւ «մեր իշխանությունների, հակառակորդների հայտարարություններով, նույնիսկ միջնորդների որոշ ասածներով, շրջանառվող փաստաթղթերով»։ «Սա շատ վտանգավոր հանգամանք է: Դա իր միջազգային ճանաչումն է ստանալու, երբ ստորագրվի  այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը: Այն, ինչ կտարվում է այսօր դիվանագիտական հարթությունում, Հայաստանը՝ համագործակցությամբ Ադրբեջանի եւ միջնորդների, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ընդունելուն, ինչպես նաեւ Արցախը դրա կազմում ընդունելուն փորձում է տալ մի այնպիսի փաթեթավորում, որը կքողարկի հենց այս հանգամանքը: Այսօր այդ դիվանագիտական աշխատանքն է գնում: Եթե դա իրենց մոտ ստացվի, դա կներկայացնեն որպես ձեռքբերում: Այս փաթեթավորումը երկու դրսեւորում ունի. մեկը լեզվական, բովանդակային, մյուսը ոճային PR-ային դրսեւորումներն են: Այստեղ ՀՀ իշխանությանը շատ դժվար կլինի լղոզել, փաթեթավորել կամ քողարկել հենց Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հանգամանքը: Պարզ է, որ Ադրբեջանը կպարտադրի, որ սեւը սպիտակի վրա այդ հարցը հստակ ձեւակերպվի խաղաղության պայմանագրում: Քողարկումը վերաբերելու է նրան, որ այնտեղ դրույթ է լինելու, որ իբր, հակառակ նրան, որ Հայաստանը ընդունում է, որ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում լինի, բայց երկխոսություն է լինելու Արցախի հայության եւ Բաքվի միջեւ, որը տպավորություն է ստեղծելու, թե Արցախի ժողովուրդը հնարավորություն ունի ինքնորոշվելու: Իբր այդ պատուհանը բաց է թողնվում»,-ասաց Օսկանյանը: Օսկանյանը հայտարարեց․ «Եթե իրոք իմ գնահատականները, ենթադրությունները ճիշտ են, եւ եթե ես սխալվում եմ, իհարկե, մեծ գոհունակությամբ ներողություն կխնդրեմ,  ու սա այն հարցն է, որ ես կուզենամ սխալվել, բայց եթե այդ պայմանագիրը ստորագրվի այն բովանդակությամբ, որ ես նկարագրեցի, Արցախը կվերածվի Ջավախքի»։ Նրա խոսքով ինչպես կա ջավախահայություն, այնպես էլ կլինի Արցախում, բայց Ջավախքի ու Արցախի տարբերությունը այն կլինի, որ մի քանի տարի հետո Արցախը կվերածվի Ջավախքից Նախիջեւանի: Նա անդրադարձավ նաեւ խաղաղության պայմանագրի ոճային ու PR-ային փաթեթավորմանը՝ նշելով. «Սրա տեղ երկու գործոն է՝ անխուսափելիության եւ այլընտրանքի բացակայության հիմնավորումները: Ես ժխտում եմ այդ թեզը, որով իշխանությունը արդարացնում է իր անզորությունը, անգործությունն ու ձախողումները: Ասում են՝ պատերազմ եղավ, որն անխուսափելի էր, որովհետեւ վատ ժառանգություն էինք ստացել: Պարտվեցինք, անխուսափելի էր, որովհետեւ բանակ չունենք, այսօր անխուսափելի է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, որովհետեւ այլընտրանք չկա: Այս  երեքն էլ սին ու սուտ թեզեր են»,-ասաց Օսկանյանը:
14:56 - 24 փետրվարի, 2023
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Հաագայի դատարանի որոշումը և կրկնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու՝ Ադրբեջանին ուղղված կոչը
 |armenpress.am|

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Հաագայի դատարանի որոշումը և կրկնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու՝ Ադրբեջանին ուղղված կոչը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված պարտավորեցնող միջոցը, որում նշվում է, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Նման հայտարարություն է տարածել ԵՄ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն: «ԵՄ-ին շարունակում են մտահոգել Լաչինի միջանցքում շարունակվող խոչընդոտները և դրանց պատճառով տեղի քաղաքացիական բնակչության համար առաջացած մարդասիրական հետևանքները: Միջանցքի օգտագործման վերաբերյալ Ադրբեջանի բոլոր մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն բացառապես երկխոսության միջոցով», - նշված է հաղորդագրությունում։ ԵՄ-ն կրկնել է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին՝ «երաշխավորելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների»: «Մենք նաև ընդգծում ենք տուժած բնակչությանը գազի, էլեկտրաէներգիայի և այլ ծառայությունների անխափան մատակարարումն ապահովելու կենսական անհրաժեշտությունը», - նշված է ԵՄ արտաքին գերատեսչության տարածած հայտարարությունում։ «ԵՄ-ն շարունակում է ներգրավված մնալ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին», - եզրափակել է Պիտեր Ստանոն: Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
10:43 - 24 փետրվարի, 2023