ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Հաագայի դատարանի որոշումը և կրկնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու՝ Ադրբեջանին ուղղված կոչը
 |armenpress.am|
10:43 - 24 փետրվարի, 2023

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Հաագայի դատարանի որոշումը և կրկնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու՝ Ադրբեջանին ուղղված կոչը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված պարտավորեցնող միջոցը, որում նշվում է, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Նման հայտարարություն է տարածել ԵՄ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

«ԵՄ-ին շարունակում են մտահոգել Լաչինի միջանցքում շարունակվող խոչընդոտները և դրանց պատճառով տեղի քաղաքացիական բնակչության համար առաջացած մարդասիրական հետևանքները: Միջանցքի օգտագործման վերաբերյալ Ադրբեջանի բոլոր մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն բացառապես երկխոսության միջոցով», - նշված է հաղորդագրությունում։

ԵՄ-ն կրկնել է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին՝ «երաշխավորելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների»:

«Մենք նաև ընդգծում ենք տուժած բնակչությանը գազի, էլեկտրաէներգիայի և այլ ծառայությունների անխափան մատակարարումն ապահովելու կենսական անհրաժեշտությունը», - նշված է ԵՄ արտաքին գերատեսչության տարածած հայտարարությունում։

«ԵՄ-ն շարունակում է ներգրավված մնալ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին», - եզրափակել է Պիտեր Ստանոն:

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։  

Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել