Հայոց ցեղասպանություն

Թուրքիայի խորհրդարանը Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունը դատապարտող բանաձև է ընդունել
 |tert.am|

Թուրքիայի խորհրդարանը Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունը դատապարտող բանաձև է ընդունել |tert.am|

tert.am: Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին, որն, ըստ թուրք պատգամավորների, անխուսափելիորեն բացասական ազդեցություն կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:«Վճռականորեն դատապարտում ենք Բայդենի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների մասին, որը պարունակում է հայկական լոբբինգի թեզերը, և մերժում ենք այդ անհիմն զրպարտությունը: ԱՄՆ նախագահն իրավական և բարոյական իրավունք չունի դատողություններ անելու պատմական հարցերի շուրջ, նրա հայտարարությունն իրավական ուժ չունի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է բանաձևում:Փաստաթղթում նաև կոչ է արվում Բայդենին «վերանայել այս հայտարարությունը, որը համատեղելի չէ պատմական փաստեր հետ»:
20:00 - 27 ապրիլի, 2021
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է. Արա Այվազյանի հարցազրույցը BBC Weekend ծրագրին

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է. Արա Այվազյանի հարցազրույցը BBC Weekend ծրագրին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել  BBC Weekend ծրագրին, որում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձին: Արա Այվազյանն ընդգծել է, որ այդ ուղերձը նշանակալի ներդրում ունի Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում: Արա Այվազյանն անդրադարձել է նաև հարցին, թե ի՞նչպիսի ազդեցություն կունենա Բայդենի հայտարությունը Հայաստանի  և Թուրքիայի հարաբերությունների վրա: Հարց. Ո՞րն է ձեր պատասխանը Նախագահ Բայդենի հայտարարությանը: Մի՞թե սա այն էր, ինչ ակնկալում էիք: Արա Այվազյան. Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է հանուն պատմական արդարության, իր պատմական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանքի համար: Մենք ողջունում ենք նախագահ Բայդենի հայտարարությունը, ըստ որի ԱՄՆ-ն հստակորեն սահմանում է 20-րդ դարում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային վայրագությունները որպես ցեղասպանություն: Հիշեցնենք, որ 2019թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող համապատասխան բանաձևեր են ընդունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը: Երեկ մենք ոգեկոչեցինք Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ինչպես այստեղ՝ Հայաստանում, այնպես էլ՝ աշխարհի տարբեր անկյուններում մենք ականատես եղանք միջազգային հանրության հաստատուն համերաշխության, աջակցության բազմաթիվ հզոր ուղերձների , որոնք ոգևորում են մեզ՝ բազմապատկելու մեր համատեղ ջանքերը՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման միջազգային պայքարում: Հարց. Պարո՛ն Այվազյան, արդյո՞ք կարծում եք, որ այլ երկրներ նույնպես կհետևեն այդ օրինակին: Արա Այվազյան. Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է: Այս ուղերձը նշանակալի ներդրում ունի Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում: Այսօր ԱՄՆ իշխանությունները միանշանակորեն վերահաստատել են իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին: Հարց. Պարո՛ն Այվազյան, ըստ Ձեզ՝ ի՞նչպիսի ազդեցություն կունենա Ջո Բայդենի հայտարարությունը Թուրքիայի հետ ձեր հարաբերությունների վրա: Արա Այվազյան. Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է թշնամական և ագրեսիվ քաղաքականություն` անկախության վերականգնումից ի վեր՝ սկսած 1991 թվականից: Թուրքիան մերժեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, փակեց սահմանը և Հայաստանի դեմ վարեց հետզհետե աճող թշնամական քաղաքականություն։ Ավելին` Թուրքիան ուղղակիորեն ներգրավվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայում՝ մեր տարածաշրջան ուղարկելով հազարավոր օրաերկրյա զինյալ ահաբեկիչների: Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի այս շատ կարևոր հայտարարությունը ճանապարհ կհարթի երկխոսության և, ի վերջո, հարաբերությունների կարգավորման համար: Այն նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Հարց. Ինչպիսի՞ դեր սա կխաղա հարաբերությունների հնարավոր կարգավորման գործում: Ոմանք պնդում են, որ այդ հայտարարությունը խաղաքարտ կդառնա նախագահ Էրդողանի ձեռքում, որպեսզի շահի իր հասարակության աջակցությունն ընդդեմ ԱՄՆ-ի: Արա Այվազյան. Կարծում եմ, որ սա հիմք է ստեղծում Թուրքիայի հասարակության համար՝ առերեսվելու պատմության էջերին։ Այն նաև դրդում է հասարակությանը հարցեր բարձրաձայնել իրենց պատմության ողբերգական էջերի մասին: Կարծում եմ՝ դա նաև հող կստեղծի երկու հարևան երկրների միջև երկխոսության համար: Երկու հարևան երկրների միջև ստեղծվել էր անջրպետ, և կարծում եմ, որ դա շատ կարևոր քայլ կլինի մեր հարաբերությունների կարգավորման համար:
16:33 - 27 ապրիլի, 2021
Էրդողանը հայտարարել Է, որ Թուրքիան վշտացած է Հայոց ցեղասպանության մասին Բայդենի հայտարարությունից
 |shantnews.am|

Էրդողանը հայտարարել Է, որ Թուրքիան վշտացած է Հայոց ցեղասպանության մասին Բայդենի հայտարարությունից |shantnews.am|

shantnews.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խորապես վշտացած է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: «Բայդենն ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ օգտագործել է անարդար արտահայտություն, որը հիմնված չէ պատմության վրա։ Դա մեզ խորապես տխրեցրել է։ Այդ հարցերը պետք է թողնել պատմաբաններին, այլ ոչ թե քաղաքական գործիչներին։ Բայց հակառակ կողմից ոչ մի պատասխան չկա։ Արևմուտքը երեսպաշտություն է ցույց տալիս հայկական հարցի և ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ», – ասել է Էրդողանը կառավարության նիստի արդյունքներով հեռուստաուղերձում ՝ հավելելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում «հայ հրոսակախմբերը սպանում էին անմեղ մարդկանց» ։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ բառերն ասել է ՝ հենվելով այն փաստաթղթերի վրա, որոնք թուրքական արխիվներում «մեկ միլիոնից ավելի են»:«Ինչի վրա է հենվում Բայդենը, ես չգիտեմ։ Եթե ԱՄՆ-ում կամ Եվրոպայում նման արխիվներ կան, նրանք պատրա՞ստ են դրանք բացել։ Մենք պատրաստ ենք։ Եկեք, ուսումնասիրեք»,- հավելել է Էրդողանը։
21:07 - 26 ապրիլի, 2021
Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը․ Արա Այվազյանի պատասխանը՝ Էրդողանի հայտարարությանը

Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը․ Արա Այվազյանի պատասխանը՝ Էրդողանի հայտարարությանը

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի պատասխանել է Էրդողանի կողմից Հայաստանի հետ փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերություններ հաստատելու վերաբերյալ լրագրողի հարցին Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսին։ Հարց. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում օգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը։ Սա ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Եվ նաև խնդրում եմ անրադառնալ Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որ պատրաստ է Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա։  Արա Այվազյան. Յուրաքանչյուր ապրիլի 24-ը յուրահատուկ օր է։ Եվ այս ապրիլի 24-ը՝ ետպատերազմյան առաջին ապրիլի 24-ը, հստակ և հատուկ միջազգային հնչողություն ունեցավ։ Այս տարի այդ օրը նշանավորվեց հայ ժողովրդին միջազգային հանրության կողմից շատ ուժեղ զորակցության  արտահայտմամբ։ Ինչպես նկատել եք, Հայաստան են ժամանել բարձրաստիճան պատվիրակություններ՝ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, եղան ուղերձներ մեր միջազգային բազմաթիվ գործընկերների կողմից, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։  Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության տեսակետից։  Դուք ծանոթ եք ԱԳՆ հայտարարությանը այդ կապակցությամբ, բայց կուզենայի ավելացնել, որ ամբողջովին կիսում եմ նախագահ Բայդենի ուղերձում արտահայտված այն միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ կանխելու նմանօրինակ միջազգային հանցանքների կրկնությունն ապագայում։  Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործում Հայաստանը միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է, և այդ իմաստով նախագահ Բայդենի ուղերձը շատ մեծ ավանդ է: Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը, բայց պետք է նշեմ, որ մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը, ինչի մասին մենք շատ հստակ արտահայտվել ենք: Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը սակայն չի ունեցել դրական շարունակություն: Ուստի մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը։ 
19:41 - 26 ապրիլի, 2021
Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում առաջարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող ակտ ընդունել |tert.am|

Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում առաջարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող ակտ ընդունել |tert.am|

tert.am: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն առաջարկել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող իրավական ակտ ընդունել, հայտնում է Ahval թերթը։Շաբաթ օրը Թուրքիայի խորհրդարանում իր ելույթի ընթացքում Փայլանը 1915 թվականին տեղի ունեցած Ցեղասպանությունը որակել է որպես «մեծ աղետ»՝ հայտելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային արտաքսումներն ու սպանությունները պետք է ճանաչվեն որպես Ցեղասպանություն։«Տատիկիս պես որբերը մահացել են արդար հատուցում չտեսնելով, ինչպես և երկրորդ սերուդ հանդիսացող հայրս։ Որպես երրորդ սերունդ՝ ես արդարություն եմ փնտրում Թուրքիայում՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում»,- իր ելույթի ընթացքում ասել է Փայլանը։Պատգամավորը հավելել է․ «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերի վրա, և Հայոց ցեղասպանության համար արդարություն կարելի է ձեռք բերել միայն այս հողերում՝ Թուրքիայում»։
13:01 - 26 ապրիլի, 2021
«Մասարաթ» կազմակերպությունը կոչ է անում Իրաքի համալսարաններում դասավանդել Հայոց ցեղասպանություն առարկան. հայտարարություն |armenpress.am|

«Մասարաթ» կազմակերպությունը կոչ է անում Իրաքի համալսարաններում դասավանդել Հայոց ցեղասպանություն առարկան. հայտարարություն |armenpress.am|

armenpress.am: Մշակութային և տեղեկատվական զարգացման «Մասարաթ» իրաքյան կազմակերպությունը հանդես է եկել Իրաքի համալսարաններում ցեղասպանության դասավանդման մասին հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշված է. «Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ «Մասարաթ» կազմակերպությունը կոչ է անում Իրաքի համալսարաններում դասավանդել Հայոց ցեղասպանություն առարկան: Երբ Իրաքի և Մերձավոր Արևելքի շատ երկրներում հայերը շարունակ պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, «Մասարաթ» կազմակերպությունը, օգտվելով ցեղասպանության հիշատակը ոգեկոչելու առիթից, հաստատում է ցեղասպանության հիշատակի ոգեկոչման մեջ իր ներդրումն ունենալու պատրաստակամությունը՝ պատմությունից դասեր քաղելու և էթնիկ զտումների կրկնությունը կանխելու համար: Այս համատեքստում, «Մասարաթ» կազմակերպությունը հաստատում է, որ չնայած 1948թ. ստորագրված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվեցիային, ցեղասպանությունը շարունակվում է և կրկնվում։ Ըստ էության, ավելի քան հարյուր տարի առաջ աշխարհն ականատես եղավ Հայոց ցեղասպանությանը և դրան հաջորդեցին նացիստական Գերմանիայում, նախկին Հարավսլավիայում, Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում, Իրաքում և Մյանմայում ցեղասպանությունները. սրանք ընդամները մի քանի օրինակներն են ամբողջից, որ տեղի ունեցան 20-րդ և 21-րդ դարերում լռության և ժխտման քաղաքականության հետևանքով: Նշենք, որ «Մասարաթ» կազմակերպությունն իր դերն ունի ցեղասպանությունների և նրանց դիմակայելու կարևորությունը քարոզելու գործում։ Այս առումով, «Մասարաթ» կազմակերպությունը մասնակցություն է ունեցել 2015թ. Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-ամյա տարելիցին նվիրված համագումարի կազմակերպման գործում՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությանը հրավիրել ցեղասպանության շարունակականության վտանգի վրա: «Մասարաթը» կոչ է արել ստեղծել «Զոհերի միջազգային կոալիցիա»՝ ցեղասպանությունների կանխման գործում տարբեր կազմակերպությունների և անհատների ջանքերը համակարգելու նպատակով։ Միևնույն տարում կազմակերպությունը նախաձեռնել է նաև «Ցեղասպանությունը հարյուր տարի անց. հայերի ցեղասպանությունից մինչև եզդիների ցեղասպանություն» վերնագրով հետազոտական նախագիծ, որից երեք հատորներն արդեն հրատարակվել են։ Հետագա տարիներին մեր աշխատանքները նվիրված էին բռնությունների և զանգվածային ոճրագործությունների դեմ քաղաքականության կարևորությանը՝ հասարակությանն իրազեկելու և զարգացնելու և կրկնությունները կանխելու ուղղությամբ։ Կազմակերպել ենք նաև համագումարներ՝ հիշատակելով եզդիների ցեղասպանությունը, որոնք տեղի կունենան Բաղդադում և Էրբիլում: Աշխատանքներ են տարվել ցեղասպանության երկարաժամկետ հետևանքներն ավելի լավ հասկանալու համար. այդ նպատակով 2018թ. «Ատելության խոսքին հակազդելու ազգային կենտրոնը» անցկացրել է հետազոտություն, որը ներառում է ելույթների մեկնաբանություն՝ նախքան դրանց բռնության, խտրականության և էթնիկական զտումների քաղաքականության վերածվելը։ 2019թ. գիտելիքների տարածման և խտրականության և բռնության քաղաքականությունը մեղմացնելու նպատակով հիմնադրվել է «Կրոնական բազմազանության ուսումնասիրությունների ինստիտուտ», իսկ 2020թ. ստեղծվեց լրագրության աջակցության կենտրոն՝ միևնույն նպատակներն իրականացնելու նպատակով: Շարունակելով այս մոտեցումը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ «Մասարաթը» շեշտում է Իրաքի համալսարաններում ցեղասպանության դասավանդման կարևորությունը և դաշնային խորհրդարանի կողմից ատելության խոսքի քրեականացման համար օրինագիծ հրապարակելու անհրաժեշտությունը»:
21:27 - 25 ապրիլի, 2021
Ռումանիոյ հայոց թեմն անցկացրել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակաց ոգեկոչման միջոցառումներ |armenpress.am|

Ռումանիոյ հայոց թեմն անցկացրել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակաց ոգեկոչման միջոցառումներ |armenpress.am|

armenpress.am: Ռումանիոյ հայությունն այս օրերին իր աղոթքի ձայնն է միացրել համայն աշխարհի հայության ձայնին՝ միասնաբար ոգեկոչելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին: Ինչպես տեղեկացնում են Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ և Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ ապրիլի 23-ին, Ռումինիայի ժամով ժամը 22:00-ին, ղողանջել են նաև Բուխարեստի Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարի և թեմի բոլոր հայկական եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն սուրբ նահատակների հիշատակի: «Հաջորդ օրը, ապրիլի 24-ին, Ս. Պատարագներ մատուցվեցին և հիաշատակի արարողություններ տեղի ունեցան թեմի մի շարք քաղաքներում, ծաղիկներ խոնարհվեցին Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարերի ու հուշարձանների առջև: Ապրիլի 25-ին, թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ, Առաջնորդանիստ Մայր Տաճարի բակում Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված խաչքարի առջև կատարվեց սրբոց նահատակաց բարեխոսական կարգ, որին ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հոգևորականաց դասը: Բարեխոսական կարգի ավարտից հետո ներկաները ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առջև: Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ հրապարակվեց Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդի, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի պատգամ, որում մասնավորապես ասվում է. «Դժվարին պայմաններ են ստեղծված ամենուր աշխարհում և ողջ մարդկությունն այսօր ապրում է  մեկուսացման կամ արտակարգ պայմաններում: Այսօր համաշխարհային մակարդակով պայքար է ընթանում համավարակի դեմ և աշխարհն իր ուշադրությունը, համակ ուժերն ու ռեսուրսները կենտրոնացրել է համավարակի դեմն առնելու և կյանքի նորմալ պայմանների վերադառնաու համար: Սակայն այդ ամենը չի խոչնդոտում, որպեսզի այսօր աշխարհասփյուռ հայությունը մոլորակի տարբեր անկյուններից իր աղոթքը հնչեցնի առ Բարձրյալն Աստված մեկ ու կես միլիոն սուրբ նահատակների համար և դիմի նրանց բարեխոսությանը: Ռումինահայ համայնքն ևս իր ձայնը միացնում է աշխարհասփյուռ իր քույրերի ու եղբայրների ձայնին՝ շարունակելով պայքարել հանուն արդարության ու իր իրավունքների պաշտպանության: 1915թ. և դրան նախոորդող ու հաջորդող տարիներին, միլիոնավոր հայեր նահատակվեցին, ցեղասպանվեցին ու փորձ արվեց ջնջել հայի տեսակը երկրագնդի երեսից: Բայց չհաջողեցին: Հայը ոչ միայն շարունակեց ապրել ու արարել, այլ նաև ստեղծեց անկախ պետականություն և մինչ օրս շարունակում է մաքառել իր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար:   Եվ չնայած համավարակային պայմաններին, մեր դարավոր թշնամին, ոսոխը, ինչպես պատմության բոլոր ժամանակներում, այսօր էլ օգտագործեց պատեհ առիթը 106 տարի առաջ կիսատ թողած գործը ավարտին հասցնելու համար: Եվ դա արեց իր այսպես կոչված փոքր եղբոր՝ Ադրբեջանի ձեռքով, որի վառ ապացույցը 2020թ. սեպտեմբերին ադրբեջանա-թուրքական ուժերի լայնածավալ հարձակումն էր Արցախի վրա: 106 տարի անց էլ, Թուրքիան ոչ միայն չի զղջացել և ներողություն չի խնդրել, այլ հակառակը, անթաքույց կերպով շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը: Ցանկացած ոճրագործություն` լինի մարդասպանություն, ահաբեկչություն, թե ցեղասպանություն, ոտնձգություն է ընդդեմ աստվածային արարչագործության, ընդդեմ մարդկային կյանքի սրբության և արժանապատվության, ընդդեմ աստվածադիր պատվիրանների: Ցանկացած ոճիր, եղեռնագործություն` իբրև Աստծո և մարդու դեմ գործված մեղք, պետք է քավվի խոստովանությամբ, զղջմամբ և հատուցմամբ: Ու թեև այսօր խոսվում է ներման, նոր հարաբերությունների կառուցման, թշնամական մոտեցումների վերանայման մասին, բայց դրանք միմիայն ունայն խոսքեր են, քանզի մենք չենք կարող ներել, եթե հանցանք գործած կողմը ներողություն չի էլ խնդրել: Չենք կարող խոսել նոր հարաբերությունների կառուցման մասին Բաքվում հայ զինվորին ու ժողովրդին նսեմացնող պուրակի ստեղծման ֆոնին, չենք կարող խոսել բարեկամության և երկխոսության մասին, երբ ձեռագիրը չի փոխվել և թշնամին այսօր էլ ամեն բարեպատիհ առիթով ուղղակի գլխատում և մորթում է հայ մարդուն, ինչպես 1915թ.: Քաղաքակիրթ աշխարհի մի մասը ցավոք այսօր էլ շարունակում է լռել, բայց այնուամենայնիվ Հայոց Ցեղասպանությունը պատմական անհերքելի և անուրանալի իրողություն է՝ անջնջելի կերպով արձանագրված 20-րդ դարի պատմության տարեգրութեան մեջ և հայ ժողովրդի հիշողության մեջ։ Ո՛չ միայն մեկ ու կես միլիոն հայեր կոտորվեցին, այլ նաև հազարավոր եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ ու կալվածքներ ոչնչացվեցին և նույնը շարունակվում է նաև այսօր: Ցեղասպանությունը ոճիր է մարդկության դեմ միջազգային օրենքի համաձայն, որն իրագործողները պիտի պատասխանատվության ենթարկվեն: Մեր ժողովուրդը, որն այսօր դիմակայում է բազում խնդիրների ու դժվարությունների, Արցախյան երկրորդ պատերազմից հետո ունի տարածքային ու մարդկային հսկայաան կորուստներ, դարձյալ ավերվում ու պղծվում են հայոց սրբությունները, միևնույն է վճռականորեն շարունակելու է արդարության իր պայքարը: Մեր նահատակների արյան, մեր կորուսյալ Հայրենիքի, մեր սրբավայրերի, մեր ոչնչացված մշակութային բազում արժեքների հանդեպ արդարությունը դեռևս չի վերականգնված: Թուրքիայի ներկայիս իշխանությունների գործողությունները ցույց են տալիս, որ իրենք շատ հեռահար իմպերիալիստական նպատակներ ունեն և ցանկանում են կյանքի կոչել պանթուրքիստական ծրագիրը, որի իրականացման ճանապարհին Հայաստանը խոչընդոտ է Թուրքիո համար: Վերջին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը փորձեցին ճնշել մեզ: Օգտագործելով Արցախի խնդիրը՝ Թուրքիան փորձում է ճնշում գործադրել մասնավորապես Սփյուռքի վրա և մեր օրակարգից դուրս մղել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Սակայն մենք չպետք է սադրանքների տրվենք, պետք շատ արագ ուղղենք մեր ողնաշարը և մեր առաջնային խնդիրները պետք է լինեն Հայոց Ցեղասպանության ճանաչումը, հատուցումը և, անշուշտ, Արցախի կարգավիճակի հստակեցումը:                                                              Մենք մեր կոչն ենք ուղղում բոլոր ժողովուրդներին, պետություններին, միջազգային կառույցների պատասխանատուներին, ի մասնավորի ռումին պետությանն ու քաղաքական գործիչներին` գործադրելու ամեն ջանք՝ նմանատիպ ոճրագործությունները կանխելու և ըստ արժանվույն գնահատելու ու դատապարտելու համար: Մեր մաղթանքն ու հորդորն է, որ Տերը միասնական պահի մեր ժողովրդին, խաղաղ ու անսասան Հայաստան ու Արցախ աշխարհների սահմանները: Աղոթում ենք, որպեսզի Ամենակալ Աստված օգնական և աջակից լինի մեզ, հաջողություններ պարգևի մեր առաքելությանը` շարունակելու մեր միասնական ջանքերը հանուն աշխարհում խաղաղության, արդարության և համերաշխության հաստատման` ի փառս Աստծո, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն համայն մարդկության. Ամեն»: Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով Ռումանիոյ առաջնորդին, Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպանին և հավատացյալ ժողովրդին իր ուղերձն էր հղել նաև Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Դանիելը, որն ընթերցվեց և որում մասնավորապես նշվում է. ,, Ռումին Ուղղափառ Եկեղեցու կողմից Հայ Եկեղեցու հավատացյալների ցավի համար մխիթարանք և համերաշխություն արտահայտող ուղերձ հղելու հրավերը Մեր մտքերն ուղղում է դեպի այն ժամանակաշրջանը, երբ հայ ժողովուրդն անցավ իր հազարամյակի պատմության ամենադժվար փորձություններից մեկը `1915 թ. , և որն այսօր իսկական հիշեցում է մեզ համար: Եթե աշխարհը դասեր քաղեր այդ տարվա նման ողբերգական իրադարձություններից, մենք բոլորս ավելի լավ կհասկանայինք Աստծո պատկերով ստեղծված յուրաքանչյուր մարդու անգին արժեքը (Ծննդոց 1:26), որի արժանապատվությունը պետք է պատշաճ կերպով հարգել: Վստահեցնում ենք ձեզ, որ ռումին ժողովուրդը հավերժ կհիշի այն տառապանքները, որոնց միջով անցել է հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում և, ցավոք, շարունակում է անցնել նաև այսօր: Այս կենդանի հիշողությունը արգասիքն է հարգանքի և համագործակցության վրա հիմնված հարաբերությունների, հատկապես տեղական մակարդակում, Հայ Եկեղեցու հավատացյալների և Ռումի Ուղղափառ Եկեղեցու հավատացյալների միջև, հայ ժողովրդի և ռումին ժողովրդի միջև: Պատմությունը ցույց է տալիս, որ Մեր ժողովուրդների հարաբերությունները խոր արմատներ ունեն անցյալում և, հետևաբար, կունենան պայծառ հեռանկար ապագա սերունդների համար: Մենք աղոթում ենք Փրկիչ Հիսուս Քրիստոսին ՝ խաղաղության և սիրո Տիրոջը, Խաչյալին և հարություն առածին, որպեսզի պահի ու պահպանի Հայ Եկեղեցու բոլոր հոգևորականաց և հավատացելոց և մեծապես օգնական լինի համայն հայ ժողովրդին»: Այնուհետև տեղի ունեցավ Գառնիկ Ստեփանյանի ,,Մղձավանջային օրեր,, գրքի ռումիներեն թարգմանության շնորհանդեսը: Խոսքով հանդես եկավ գիրքը հայերենից ռումիրեն թարգմանած ռումինահայ լրագրող, գրող, թարգմանիչ Մադլեն Գարագաշյանը; Վերջինս ներկայացրեց գիրքը, հեղինակին՝ Գառնիկ Ստեփանյանին, որն իր գրքում ներկայացնում է ջարդերից փրկված և ցեղասպանությունը վերապրած իր իսկ ընտանիքի պատմությունը: Խոսքով հանդես եկան նաև Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը: Խաչքարի առջև ծաղիկներ խոնարհեցին և Հայրենիքին նվիրված բանաստեղծություններ արտասանեցին համայնքի մանուկներն ու պատանիները՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ նոր սերունդը ևս պահանջատեր է և շարունակելու է պայքարել պատմական արդարության վերականգնման համար: Հայոց Ցեղասպանության 106-րդ տարեդարձի առիթով ռումինահայոց միության կողմից Առաջնորդանիստ Տաճարի պարսպի վրա նախապես տեղադրվել էին պաստառներ, որոնց միջոցով ոչ միայն տեղի հայությունը, այլ նաև քաղաքի բնակչությունը և անցորդները հնարավորություն ունեին հաղորդակցվելու հայոց պատմության մռայլ և ծանրագույն էջերից մեկին»,- նշված է հաղորդագրության մեջ:
19:54 - 25 ապրիլի, 2021
Լիտվայի ԱԳ նախարարի պաշտոնական այցը կամփոփվի Տավուշի մարզում խորհրդանշական ծառատունկով

Լիտվայի ԱԳ նախարարի պաշտոնական այցը կամփոփվի Տավուշի մարզում խորհրդանշական ծառատունկով

Պաշտոնական այցով ապրիլի 25-27-ը Հայաստանում է գտնվելու Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը: Տարածաշրջանում անցկացվող աշխատանքային այցերի շրջանակում նրա առաջին հանգրվանը կլինի Երևանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցը կամփոփվի Տավուշի մարզում խորհրդանշական ծառատունկով՝ ի նշանավորումն հայ-լիտվական բարեկամության: Ըստ ՀՀ ԱԳՆ տրամադրած տեղեկանքի՝ միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-լիտվական հարաբերություններն աչքի են ընկել ընդգծված բարեկամական բնույթով և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ: Վերջին տարիներին Լիտվան հանդիսանում է Եվրոպական Միությունում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և առկա է փոխշահավետ գործընկերային հարաբերությունները խորացնելու երկկողմ պատրաստակամություն: Քաղաքական երկխոսություն Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թ. նոյեմբերի 21-ին: Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրվել է 23 փաստաթուղթ: 2021թ. մարտի 15-ին Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Մարտիրոսյանը: 2019թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին: ԱԳՆ-ների միջև վերջին քաղաքական խորհրդակցությունները տեղի են ունեցել  2018թ.-ին Վիլնյուսում՝ փոխնախարարների մակարդակով: Երկու երկրներում գործում են միմյանց պատվո հյուպատոսություններ: Հայաստանի և Լիտվայի միջև բարձր մակարդակով քաղաքական շփումները տեղի են ունեցել նախագահների, խորհրդարանների նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով: Հայոց ցեղասպանություն Լիտվայի խորհրդարանը 2005թ.-ին ընդունված բանաձևով միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Լիտվան համահեղինակել է 2013, 2015, 2018 և 2020թթ․ Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՀՀ կողմից նախաձեռնած «Ցեղասպանության կանխարգելում», ինչպես նաև 2015թ. Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանին ՀՀ կողմից ներկայացված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» բանաձևերը: Միջխորհրդարանական համագործակցություն Երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամության խմբեր: 2021թ. փետրվարի 8-ին Լիտվայի խորհրդարանում ՀՀ հետ միջխորհրդարանական հարաբերությունների խումբը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին:
18:40 - 25 ապրիլի, 2021
Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքում |tert.am|

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքում |tert.am|

tert.am: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառումներ են անցկացվել Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքում։Ինչպես ներկայացնում է DiarioVoasc պարբերականը, Իսպանիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու դեսպանության անձնակազմն այցելել են Սան Սեբաստիան քաղաքում գտնվող հուշակոթող և ծաղիկներ խոնարհել հայկական խաչքարի մոտ։Միջոցառմանը ներկա են եղել նաև Իսպանիայի կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն, տեղի քաղաքական կուսակցությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ, մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Միջոցառման ավարտին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հարցազրույց է տվել տեղի հեռուստաալիքներին՝ խոսելով Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարևորության մասին։
18:28 - 25 ապրիլի, 2021
Մեր սրտերը լի են ուրախությամբ, որ նախագահ Բայդենը, միանալով Կոնգրեսին, պատմական քայլ է կատարել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը․ Նենսի Փելոսի

Մեր սրտերը լի են ուրախությամբ, որ նախագահ Բայդենը, միանալով Կոնգրեսին, պատմական քայլ է կատարել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը․ Նենսի Փելոսի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին տեսաուղերձ է հրապարակել՝ ուղղված հայ ժողովրդին: Ուղերձում ասվում է. «Որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ` պատիվ ունեմ փոխանցելու ԱՄՆ կոնգրեսի ողջույնները հայ ժողովրդին` հիշատակի այս կարևոր օրվա առթիվ։   106 տարի առաջ` այս օրը, աշխարհն ականատեսը եղավ 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկին՝ Օսմանյան կայսրության կողմից ավելի քան 1,5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների համակարգված սպանություններին։ Բայց, դժբախտաբար, շատ հաճախ, այս հանացագործության ճշմարտությունը հերքվել է և դրա հրեշավորությունը նվազագույնի հասցվել։ Եվ ահա թե ինչու, մեր սրտերը լի են ուրախությամբ, որ Նախագահ Բայդենը, միանալով Կոնգրեսին, պատմական քայլ է կատարել՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանության օրը։ Այդ իսկ պատճառով 2019թ․ Կոնգրեսն օրենսդրություն ընդունեց, որով հայտարարեց, որ հայերի հանդեպ իրականացրած բարբարոսությունը Ցեղասպանություն է։ Շնորհակալություն եմ հայտնում ամերիկահայ համայնքից շատերին, այդ թվում՝ կոնգրեսականներ, Աննա Էշուին, Ադամ Շիֆին, Ֆրենք Փըլլոնին, Ջեքի Սփիրին, ովքեր իրականություն դարձրին այս օրը։ Եվ մենք մեծապես երախտապարտ ենք Նախագահ Բայդենին իր առաջնորդության համար։ Մեզանից յուրաքանչյուրը բարոյական պարտավորություն ունի հիշելու ճշմարտությունը և ճանաչելու այս դաժանությունը, ինչպիսին որ այն եղել է, որոհետև եթե մենք անտեսում ենք պատմությունը, ապա մեզ վիճակված է ականատեսը լինելու անցյալի սարսափների կրկնությանը։ Այսօր և միշտ, մենք հարգում ենք զոհերի և վերապրածների հիշատակը: Մենք խոստանում ենք ամուր կանգնել բռնության և մոլեռանդության դեմ, որտեղ էլ որ դա տեսնենք: Եվ մենք պարտավորվում ենք կառուցել հույսի, խաղաղության և ազատության ապագա բոլորի համար»:
14:04 - 25 ապրիլի, 2021
Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն․ Reuters
 |shantnews.am|

Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն․ Reuters |shantnews.am|

shantnews.am: Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ 20-րդ դարի սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ոճրագործությունը անվանեց Հայոց ցեղասպանություն: Այս մասին կիրակի օրը հաղորդել է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի արտգործնախարարության հայտարարությունը: Ըստ աղբյուրի, Թուրքիայի փոխարտգործնախարարը ԱՄՆ դեսպանին հայտնել է, որ Միացյալ Նահանգների հայտարարությունը իրավական հիմք չունի, և որ Անկարան «մերժում է այն, անընդունելի է համարում և խստորեն դատապարտում է»: Շաբաթ օրը ավելի վաղ Բայդենը 20-րդ դարի սկզբի իրադարձությունները Օսմանյան կայսրությունում անվանեց «Հայոց ցեղասպանություն»:  Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Բայդենի հայտարարությունը խարխլում է Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները, և ԱՄՆ նախագահին կոչ է արել «շտկել այս լուրջ սխալը»:  
10:48 - 25 ապրիլի, 2021
Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել. Քիմ Քարդաշյան
 |armtimes.com|

Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել. Քիմ Քարդաշյան |armtimes.com|

armtimes.com: Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը մշտապես պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար, անդրադարձել է երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից իր ուղերձում «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը՝ շնորհակալություն հայտնելով նրան ճշմարտությունն ասելու խիզախության համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել: Քիմը գրել է, որ ավելի քանի 1 դար ճանչանման և ճշմարտության համար ձգված պայքարից հետո հայ ժողովուրդը հասավ նրան, որ Ջո Բայդենը 1915 թվականի իրադարձությունները ավանի ցեղասպանություն: «Ես այնքան հպարտ եմ իմ ժառանգությամբ, հայ համայնքներով եւ շնորհակալ եմ նախագահ Բայդենին՝ այս օրը յուրաքանչյուր հային շնորհելու համար, շնորհակալ եմ ճշմարտության համար: Թեեւ ոչինչ երբեք չի վերադարձնի սպանված հայերին, բայց ես հույս ունեմ, որ հիմա նրանց ընտանիքները հանգտություն կզգան։ Ամեն տարի այս օրը ես շարունակելու եմ հարգել եւ հիշել նրանց, ում մենք կորցրել ենք, բայց հիմա այն հույսով, որ ցեղասպանության ճանաչումից հետո մենք այլեւս երբեք թույլ չենք տա, որպեսզի կրկնվեն անցյալի ոճրագործությունները։ Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու ձեր խիզախության համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել: Քիմ»։
10:25 - 25 ապրիլի, 2021