Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ Պետդեպի հայտարարությանը |ermenihaber.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ Պետդեպի հայտարարությանը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է «ՀԱՄԱՍ» իսլամիստական շարժման անդամների հետ նախագահ Էրդողանի հանդիպումների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը:  ԱՄՆ Պետդեպը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները բացարձակ չի խրախուսում Ստամբուլում ՀԱՄԱՍ-ի երկու առաջնորդների հետ օգոստոսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ էլ մասնավորապես ասվում է. «ԱՄՆ-ն չափն անցնող հայտարարություն է արել մեր նախագահի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ընդունելու վերաբերյալ: Այդ հայտարարությունն ամբողջապես մերժում ենք»: Թուրքիան պնդել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն «Պաղեստինի օրինական ներկայացուցիչ համարվող ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական է որակում,  դա չի խթանելու խաղաղության և կայունության  հաստատմանն ուղղված ջանքերին  տարածաշրջանում։
15:06 - 26 օգոստոսի, 2020
Հունաստանը Իտալիայի, Ֆրանսիայի և Կիպրոսի հետ զորավարժություններ կանցկացնի Արևելյան Միջերկրականում |ermenihaber.am|

Հունաստանը Իտալիայի, Ֆրանսիայի և Կիպրոսի հետ զորավարժություններ կանցկացնի Արևելյան Միջերկրականում |ermenihaber.am|

ermenihaber.am: Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությունը շարունակում է սրվել: Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արևելյան Միջերկրականում Ֆրանսիայի, Կիպրոսի Հանրապետության և Իտալիայի մասնակցությամբ եռօրյա զորավարժություններ անցկացնելու մասին:   Նախօրեին Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր իտալական ռազմանավի մասնակցությամբ մեկօրյա ծովային ուսումնավարժանքի անցկացման մասին: Վարժանքներն իրականացվել են Միջերկրականի այն հատվածում, որտեղ Հունաստանի անհամաձայնության պայմաններում սեյսմիկ հետազոտություններ է իրականացնում թուրքական «Oruç Reis» նավը։ Հունաստանի ՊՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ զորավարժություններն անցկացվելու են Կրետե կղզու հարավում: Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու են հունական ուժերին պատկանով F-16 կործանիչներ և ֆրանսիական արտադրության «Dassault Rafale» 4-րդ սերնդի բարելավված աստիճանի բազմաֆունկցիոնալ կործանիչներ, որոնք արդեն իսկ տեղակայվել են Կիպրոսի Հանրապետությունում:   Այդ թեմայով հայտարարություն է տարածել նաև Ֆրանսիայի ԶՈՒ-ն: Ըստ այդմ` Ֆրանսիան զորավարժություններին կմասնակցի 3 կործանիչով և 1 ֆրեգատով։
14:32 - 26 օգոստոսի, 2020
Թուրքիան դառնալու է էներգիա արտադրող երկիր․ Իբրահիմ Քալըն |ermenihaber.am|

Թուրքիան դառնալու է էներգիա արտադրող երկիր․ Իբրահիմ Քալըն |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը  ամերիկյան «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի կողմից Սև ծովում հայտնաբերված գազի պաշարների թեմային:   «Թուրքիան էներգաարտադրող երկիր է դառնալու: Այս նոր ձևաչափը շատ կարևոր է և սա Թուրքիային ռազմավարական դիրքի, հարաբերությունների, տարածաշրջանային և գլոբալ հարաբերությունների առումով այլ հարթություն է տեղափոխում»,-ասել է խոսնակը:  Քալընը նշել է, որ Թուրքիայի կողմից Սև ծովում գազի որոնման աշխատանքները և 320մլրդ խորանարդ մետր գազի պաշարների հայտնաբերումը դեռևս գործի սկիզբն են և հավելել, որ նշյալ շրջանում շարունակելու են հետախուզման և հորատման աշխատանքները:  «Մեր տեխնիկական փորձագետները մեզ ասում են, որ ավելի մեծ ներուժ կա (Սև ծովում գազի պաշարների մասին-խմբ.)»,-հայտնել է նա:
13:41 - 25 օգոստոսի, 2020
Գերմանիան անհանգստացած է Արևելյան Միջերկրականում Թուրքիայի գործողություններից |ermenihaber.am|

Գերմանիան անհանգստացած է Արևելյան Միջերկրականում Թուրքիայի գործողություններից |ermenihaber.am|

ermenihaber.am:  Թուրքիան երկարաձգել է  «Oruç Reis» անվանումով նավով Արևելյան Միջերկրականի ջրերում սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու համար հայտարարած NAVTEX (միջազգային զգուշացում որևէ ջրային տարածքում գործողություններ իրականացնելու մասին) ժամկետները։ Այսպիսով օգոստոսի 23-ին ավարտվելիք գործողությունները կշարունակվեն մինչև օգոստոսի 27-ը։  Անկարայի հայտարարությունից հետո միջերկրական ծովում NAVTEX է հայտարարել նաև Հունաստանը։  Այս առիթով Գերմանիան անհանգստություն է հայտնել Անկարայի գործողությունների կապակցությամբ, որոնք վերջին շրջանում Արևելյան Միջերկրականում հույն-թուրքական լարվածության պատճառ են դառնում։ Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Քրիստոֆեր Բուրգերը տարածած հայտարարության մեջ տեղեկացրել է նաև, որ նախարար Հեյկո Մաասը օգոստոսի 25-ին զրույց է ունենալու Արևելյան Միջերկրական թեմայով։  Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Սեյբերտն էլ հայտարարել է, որ Արևելյան Միջերկրականում կայունության կարիք կա և կարևորել է Հունաստանի ու Թուրքիայի հետ Բեռլինի քննարկումների շարունակականությունը։
10:01 - 25 օգոստոսի, 2020
Մենք «Իսկանդեր»-ից ավելի լուրջ զսպման գործիք ունենք՝ ՍՈՒ-30 կործանիչ, որն Ադրբեջանը չունի․ Մհեր Հակոբյան

Մենք «Իսկանդեր»-ից ավելի լուրջ զսպման գործիք ունենք՝ ՍՈՒ-30 կործանիչ, որն Ադրբեջանը չունի․ Մհեր Հակոբյան

Սերժ Սարգսյանն օգոստոսի 19-ին հանդես եկավ շուրջ երեք ժամանոց ասուլիսով, որի ընթացքում անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ քառօրյա պատերազմը Ռուսաստանի իմացությամբ ու թույլտվությամբ է տեղի ունեցել։ Սարգսյանն այս հայտարարությունը որակեց որպես դաշնակցին վարկաբեկող եւ դավաճանության մեջ մեղադրող տեսակետ՝ հիշեցնելով, որ Հայաստանից բացի՝ որեւէ այլ երկիր չունի «Իսկանդեր», այդ թվում՝ Բելառուսը, եւ, նրա համոզմամբ, նաեւ «Իսկանդերի» առկայությունն էր, որ 2016 թվականի ապրիլին եղավ ոչ թե լայնածավալ պատերազմ, այլ լայնածավալ ռազմական գործողություն։ Հայաստանյան ու միջազգային մամուլում, այո՛, բազմիցս է գրվել, որ Ռուսաստանից բացի՝ Հայաստանը միակ երկիրն է, որի սպառազինության մեջ կա «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր (արտադրող պետությունը Ռուսաստանն է):  Սերժ Սարգսյանի հայտարարության ենթատեքստն էլ, ըստ ամենայնի, այն է, որ Ռուսաստանը միայն Հայաստանին է վաճառել նման հզորությամբ տեխնիկա՝ որպես դաշնակից պետություն։ Սակայն պետք է նշել, որ սա «երդվյալ պարտավորություն» չէ։ Թեեւ 2016-ին խոսվում էր, որ ՌԴ-ից հետո միայն Հայաստանն ունի «Իսկանդեր», սակայն արդեն 2017-ի սեպտեմբերին մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ալժիրը եւս ձեռք է բերել այս տեխնիկաներից։ Մասնավորապես ֆրանսիական ռազմական մասնագիտացված Défense et Sécurité internationale ամսագրի պնդմամբ՝ Ալժիրը Ռուսաստանից է ձեռք բերել «Իսկանդեր» համալիրներ:  Նախորդ ամիս էլ՝ 2020 թվականի հուլիսին, ռուսալեզու լրատվամիջոցներում հրապարակում եղավ, որ Ալժիրը Լիբիայի սահմանի մոտ «Իսկանդեր» է տեղակայել։ Ինչ վերաբերում է Բելառուսի մասին դիտարկմանը, ապա դեռեւս 2017-ին ռուսական եւ բելառուսական մամուլը գրում էր այն մասին, որ Բելառուսը կարող է քննարկել Ռուսաստանից «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ ձեռք բերելու հնարավորությունը։ Բելառուսն, իհարկե, մինչ այս պահը ՌԴ-ից չի գնել այս տեխնիկան, սակայն սա իր պատճառն ունի։ Այս պետությունն ունի սեփական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (չինական A200 հրթիռային համակարգի վերաբրենդավորված տարբերակը), որն, ըստ էության, չի զիջում ռուսական «Իսկանդերին»։ Արդեն նախորդ տարի ռուսական մամուլը գրեց նաեւ, որ Չինաստանը Բելառուսին կօգնի «Իսկանդեր-Մ»-ին համապատասխան տեխնիկա ստեղծել՝ «Պոլոնեզ-Մ»։  Ի դեպ՝ Բելառուսն այս՝ «Իսկանդերին» չզիջող համակարգերը վաճառել է Ադրբեջանին։ Հայաստանն «Իսկանդեր» համալիրներն առաջին անգամ ցուցադրեց 2016 թ. սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 25-ամյակի զորահանդեսի ժամանակ: Հայաստանի ու Արցախի համար այս համակարգերը Ադրբեջանի ագրեսիան զսպելու եւ լայնամասշտաբ պատերազմը բացառելու միջոց են, քանի որ դրանց համար հակառակորդի ողջ տարածքը, այդ թվում՝ մայրաքաղաք Բաքուն, հասանելի թիրախային գոտում են:  Երկու տարի անց՝ 2018 թվականի հունիսի 11-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ի ցույց դրեց իր վերջին գնումները` հրթիռային համակարգեր, որոնք կարող են թիրախային հարվածներ հասցնել Հայաստանի ցանկացած հատվածում, Վրաստանի մեծ մասում, ինչպես նաեւ Ռուսաստանի հյուսիսային Կովկասի ու Իրանի հյուսիսարեւմտյան հատվածների մեծ մասում: Երկու համակարգերից մեկը հենց բելառուսական «Պոլոնեզ»-ն է, որն ի վիճակի է մինչեւ 200 կմ հեռահարությամբ արձակել 301 մմ տրամաչափի ուղղորդվող հրթիռներ, մյուսը՝ իսրայելական LORA հրթիռային համալիրը, (արտադրում է Israel Aerospace Industries ընկերությունը (IAI)), որի առավելագույն հեռահարությունը 300 կմ է, խոցման ճշգրտությունը՝ 10 մետր: Իսկ իսրայելական LORA հրթիռի տրամաչափը 625 մմ է, առավելագույն հայտարարված հեռահարությունը՝ 430 կմ, արձակման մեքենայի վրա կա 4 հրթիռ: Այս երկու հրթիռային համակարգերի ձեռքբերման նպատակն էլ Հայաստանի «Իսկանդեր»-ներին հակակշռելն էր։ Կարծիք կար, սակայն, որ Բելառուսի եւ Իսրայելի՝ հրթիռային նոր համակարգերի վաճառքը Ադրբեջանին հավասարակշռության նժարը թեքեց վերջինիս կողմ՝ ավելի հավանական դարձնելով նոր ռազմական առճակատումը: Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի կարծիքով, սակայն, «Իսկանդեր»-ը մեր ձեռքում եւ դրան համարժեք միջոցները՝ Ադրբեջանի, «արքաների վերջին փաստարկն է»։  Հակոբյանն Infocom-ի հետ զրույցում նկատեց՝ սա մոտավորապես այն պարագան է, ինչ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի համար ատոմային զենքը․ ամեն առիթով չեն կիրառում, այլ այն ժամանակ, երբ լինել-չլինելիության հարցն է դրված։ «Այդ զենքը կիրառում ես, երբ հստակ գիտես ու պատրաստ ես, որ հակառակորդը մոտավորապես նույնպիսի կործանիչ, ծանր հարված կարող է հասցնել քեզ։ Տավուշյան դեպքերի ժամանակ, օրինակ, եթե մի կողմ դնենք անօդաչու թռչող սարքերի կիրառությունը, նույնիսկ լիարժեք օդուժ չկիրառվեց։ Այսինքն՝ այստեղ կա էսկալացիայի աստիճան։ Ապրիլյան պատերազմի դեպքում էլ, որն, ի դեպ, մասշտաբներով ավելի մեծ էր, քան տավուշյանը, դարձյալ լայն էսկալացիա չեղավ, չխորացավ»։ Ռազմական փորձագետի համոզմամբ՝ ժամանակն այսօր խաղում է մեր օգտին, եւ Ադրբեջանն էլ վախենում է գնալ ռազմական լայն գործողությունների, որովհետեւ հենց տավուշյան դեպքերի ժամանակ տեսանք, թե ինչպես ցնցվեց Բաքուն, Ալիեւի իշխանությունը։ Հուլիսյան զարգացումների ֆոնին Ադրբեջանում տեղի ունեցած զանգվածային ցույցերը, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, առաջին պահին փորձեցին հայրենասիրական քողի տակ ներկայացնել, սակայն դրանք հանկարծ դուրս եկան վերահսկողությունից եւ շրջվեցին հենց տեղի իշխանության դեմ․ «Պատկերացրեք, եթե այդ ցույցերի պայմաններում սահմանին 1000 զոհ ունենային, զոհվածների հարազատներ, տնտեսական կոլապս, գաղթականների հոսքեր եւ այլն։ Դա, մեղմ ասած, կցնցեր Բաքուն։ Եւ այս պարագայում ինչ-ինչ պատճառներով Ալիեւը եւս պատրաստ չէ լայնածավալ պատերազմի։ Նրա վերջին հայտարարությունները դրա մասին են վկայում։ Նա, կարծես, մինչեւ 2016 թվականը վստահ էր, որ եթե իրեն թույլ տան, հայերի հարցերը կլուծի։ Բայց 2016-ի դեպքերը սթափեցրին Ալիեւին, որ չի կարող մեծ հաշվով, բայց քանի որ մի քանի հաջողություններ ունեցել էր, մտածեց՝ գոնե այսպես՝ կետային, տեղային առաջընթացներով կարող է, սակայն այդ պատրանքն էլ ցրեցին տավուշյան դեպքերը»,- մեկնաբանեց Հակոբյանը՝ հավելելով, որ, ի վերջո, եթե լուրջ, կենաց ու մահու մակարդակի պատերազմ չի լինում, այլ լայնածավալ ռազմական գործողություններ՝ ապրիլյան եւ տավուշյան մակարդակով, այդ ժամանակ «Իսկանդեր» չի կիրառվի։ Հակոբյանի վստահեցմամբ՝ մենք զսպման ավելի լուրջ գործիք ունենք, որը չունի Ադրբեջանը․ ՍՈՒ-30 կործանիչները (սրանց առաջին խմբաքանակը Հայաստանը ձեռք է բերել 2019-ի դեկտեմբերին,- հեղ․)։ Փորձագետի խոսքով՝ թեեւ այս տեխնիկան տավուշյան դեպքերի ժամանակ մի քիչ ստվերում պահվեց, բայց նաեւ ցույց էլ տվեցինք։ Ինչպես շեշտեց մեր զրուցակիցը՝ ՍՈՒ-30-ների մարտունակությունն ավելանում է օր օրի, մեր օդաչուներն էլ այդ ինքնաթիռների կիրառման նրբություններին տիրապետում են․ «Ժամանակին էլ ասել ենք, այս կործանիչն ավելի ունիվերսալ է, քան «Իսկանդեր»-ը։ Ամեն կռվի համար «Իսկանդեր» չես կիրառի, ու Սերժ Սարգսյանը հարցազրույցում հենց դա էր ակնարկում՝ ասելով՝ ««Իսկանդեր»-ն արքաների վերջին փաստարկն է»։ Ե՛ւ տավուշյան, ե՛ւ ապրիլյան դեպքերի պարագայում, բազմաթիվ այլ դեպքերում կարող ես ՍՈՒ-ն կիրառել, այն ավելի բազմաֆունկցիոնալ է, կարող ես անվերջ օգտագործել, իսկ «Իսկանդեր»-ը միայն մեկ անգամ կարող ես կիրառել»։  Այս կոնտեքստում ռազմական փորձագետը նաեւ նշեց, որ մեր եւ Ադրբեջանի տարածքում մահաբեր այդ զենքերի թիրախները համարժեք տեղաբաշխված չեն, այսինքն՝ եթե մենք կարող ենք հարվածել նրանց նավթագազային ենթակառուցվածքին եւ լուրջ տնտեսական վնասներ պատճառել, եթե իրենք սահմանի մոտ ունեն խոշոր քաղաքներ, ինչպես Գյանջան, ապա մեր դեպքում արեւելյան սահմանին նման խոշոր թիրախներ, ըստ էության, չկան․ ամենախոշոր թիրախը Ստեփանակերտն է, Իջեւանը, այս կողմում՝ Երեւանը։ Բայց Երեւանին էլ պետք է հարվածեն Նախիջեւանից, իսկ դա արդեն Նախիջեւանի տարածքն է դարձնում կոնֆլիկտի կողմ, ինչը հանում է այն իրավական կանխիչները, որոնք խանգարում են, որ մենք հարվածենք Նախիջեւանին։ Հակոբյանի վստահեցմամբ՝ այս առումով եւս բավականին շահեկան դիրքերում ենք։  Իսկ ահա ինչ վերաբերում է Թուրքիայի գործոնին՝ Ադրբեջանին աջակցելու առումով, ըստ մեր զրուցակցի՝ հարցն այն է, թե այս պետության աջակցությունն ինչքան կլինի, քանի որ խնդիրը նաեւ քաղաքական մակարդակում է․ Էրդողանն ամեն կերպ ձգտում է իր ազդեցությունը տարածել Ադրբեջանի վրա, դա էլ իր հերթին, Հակոբյանի խոսքով, Ալիեւի մոտ խանդի որոշակի տեսարաններ է առաջացնում․ «Եւ Ալիեւն ինչ-որ պահի կվախենա իր սեփական տան մեջ հյուրի, գերու կարգավիճակում հայտվել։ Այս հանգամանքը որոշակիորեն զսպում է Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցությանը։ Նույն Նախիջեւանի խնդրի պարագայում մեզ միշտ թվում է, թե իրենք մաքուր դաշնակիցներ են, բայց եթե Բաքուն որոշակիորեն թուլանա, Անկարան դեմ չի լինի Նախիջեւանը վերցնել։ Իհարկե կան իրավական կարգավորումներ եւ այլն, բայց եւ այնպես։ Ու չնայած այդքան էլ պարզ չէ, թե որքան մաքուր են այդ հարաբերությունները, բայց հակահայկական թշնամությունը, միանշանակ, այդ հարաբերությունը ցեմենտող գլխավոր նյութն է, եւ մենք, ըստ էության, պետք է պատրաստ լինենք, որ բոլոր այն միջոցները, որն ունի Թուրքիան, կարող է առանց հետեւանքների փոխանցել Ադրբեջանին»,- ասաց Հակոբյանը։  Նրա խոսքով՝ Թուրքիան, իհարկե, ունի միջոցներ, բայց ինչ-ինչ պատճառներով չի կարող փոխանցել Ադրբեջանին, օրինակ՝ F-16 ինքնաթիռները չի կարող փոխանցել՝ քաղական եւ այլ պատճառներով, բայց իր արտադրած ԱԹՍ-ները, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, հրետանային եւ հռթիռային միջոցները կփոխանցի։  Սակայն, ռազմական փորձագետի համոզմամբ, նույնիսկ այդ պահմաններում Հայաստանն ի վիճակի է ոչ միայն հաջողությամբ դիմադրել Ադրբեջանին, այլեւ հետ շպրտել եւ դուրս գալ Կուրի աջ ափ․ «Մեր խնդիրը կարող է այլ հարցով բարդանալ, եթե լայնամասշտաբ պատերազմի պարագայում թուրքական բանակի զինվորները հագնեն ադրբեջանական բանակի զինվորական համազգեստ եւ Ադրբեջանի դրոշի ներքո սկսեն կռվել։ Այսինքն՝ կառաջանա քանակական զգալի գերակշռություն։ Սա էլ նախ քիչ հավանական սցենար է եւ վաղ թե ուշ կպարզվի ու իր բացասական հետեւանքները կունենա, այդ թվում՝ միջազգային խաղացողների կողմից։ Ի վերջո, եկեք չմոռանանք, որ այս պահին էրդողանը Թուրքիայի ռազմաքաղաքական լարվածության աստիճանը շատ է մեծացրել, իսկ Թուրքիայի տնտեսության վիճակն ամենեւին էլ փայլուն չէ, դրամական միավորը վերջերս էականորեն արժեզրկվել է, հասել իր պատմական մինիմումին, այս պահին Լիբիայում, Սիրիայում ունի խնդիրներ, ընդ որում՝ հարատեւ, իսկ միջերկրածովյան ավազանի հայտնի ծովային դիմակայությունն էլ գրեթե տաք պատերազմի է մոտենում․ դա մեզ որոշակի թեթեւություն է բերում»։ Մեր հարցին՝ ինչպե՞ս է գնատաում այս շրջանում գործող կառավարության քաղաքականությունը՝ նաեւ սպառազինության հագեցման առումով, ռազմական փորձագետը պատասխանեց՝ դրական եւ շեշտեց, որ այդ ճիշտ քաղաքականության արտացոլումը տեսանք հենց տավուշյան մարտերում, երբ մեր ՕՍԱ-ԱԿԱ-ների եւ ՏՈՐ-երի միջոցով ԱԹՍ-ները, փորձագետի բնորոշմամբ, հասած խնձորների նման թափվում էին Տավուշում․ «Եթե նույնիսկ համաշխարհային մակարդակում նայենք, իսրայելական ԱԹՍ-ների համար շատ լուրջ կորուստների ցուցանիշ էր, շա՛տ լուրջ, իսկ դա մեր շատ ճիշտ ռազմական ձեռքբերումների արտահայտությունն էր, հատկապես ՕՍԱ-ԱԿԱ-ների մասով, որոնք արդիականացվել էին Հայաստանում։ Ես վստահ եմ նաեւ, որ մեր օդաչուները շատ ինտենսիվ մարզվում են, եւ մյուս ամառ ՍՈՒ-30-ները կգումարվեն մեր ՀՕՊ միջոցներին ու լրացուցիչ զսպող միջոց կլինեն»,- ասաց Մհեր Հակոբյանը՝ շեշտելով, որ ՍՈՒ-30 կործանիչները ատոմային զենքից հետո համարվում են զսպման հաջորդ միջոցը։  Փորձագետի կարծիքով՝ մենք, բարեբախտաբար, այս պահին նաեւ ռազմական մտքի առումով ենք գերազամցում Ադրբեջանին․ «Ֆինանսական միջոցների պիկը, որն Ադրբեջանը ուներ 2010-2012 թվականներին, ճիշտ չօգտագործեցին։ Իհարկե, գնեցին վտանգավոր զենքեր, բայց եթե գնեին կործանիչներ, ոչ թե այն, ինչը լավ գովազդված էր, բայց նույնիսկ կոնցեպտուալ մակարդակում որոշակիորեն հնացած, այդ դեպքում մեր վիճակը ավելի ծանր կլիներ։ Հիմա, այդ թվականներին ձեռք բերած սպառազինությունը ամեն տարի հնանում է, նույն Տ-90-ները, որ գնել են ժամանակակից հակատանկային հրթիռների բուռն զարգացման ֆոնին, կարծում եմ՝ հնացել են։ Չենք թերագնահատում, տանկն իր դերն ունի մարտում, բայց տեսնում ենք, որ մեր տիպի մարտերն այլ են․ ապրիլյանի ժամանակ տանկային միջոցները սահմանափակ կիրառվեցին, իսկ տավուշյանում չկիրառվեցին․ հիմա Ադրբեջանի Տ-90-ները ո՞ւմ էին պետք»,- ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ եզրափակելով, որ, բարեբախտաբար, Սեյրան Օհանյանի՝ ՊՆ-ն ղեկավարելուց սկսած եւ Դավիթ Տոնոյանի օրոք, գուցե նոր իշխանությունների դրական թույլտվությամբ ու լավ վերաբերմունքի պատճառով այս ոլորտը շարունակում է ցանկալի զարգացում ապրել, որը միայն ուրախալի է։  Լուսանկարում՝ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը, հետեւում՝ ՍՈՒ-30 կործանիչները՝ Հայաստանի երկնքում Հայարփի Բաղդասարյան
19:00 - 22 օգոստոսի, 2020
COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 23 միլիոնը |armenpress.am|

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 23 միլիոնը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 23 միլիոն 130 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 803 հազարը: Ապաքինվել է ավելի քան 15 միլիոն 722 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 796 հազար 727 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 179 հազար 200 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 536 հազար 488-ի, մահերինը՝ 113 հազար 454-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 2 միլիոն 979 հազար 562, մահերինը՝ 55 հազար 950: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 951 հազար 897 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 4 հազար 921 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 16 հազար 310 մարդ: Հնգյակը եզրափակում է Հարավային Աֆրիկան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 603 հազար 338 է, մահերինը՝ 12 հազար 843: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 354 հազար 764 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 20 հազար 376: Թուրքիայում վարկվածների թիվը հասել է 255 հազար 723-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 6 հազար 80 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1394-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 17 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 22-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 939, որից ապաքինվել է 79 հազար 851-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է շարունակում մնալ Սաուդյան Արաբիան, որտեղ 305 հազար 186 հաստատված դեպք կա: Հաջորդը Իրաքն է՝ 197 հազար 85 ընդհանուր, 6 հազար 283 մահվան դեպքով: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 116 հազար 481, մահերինը՝ 193: Եգիպտոսում առկա է 97 հազար 148 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 231 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 66 հազար 193 է, մահացածներինը՝ 370: Լիբանանում կա 11 հազար 580 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 116: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 2073-ի: Վարակի հետևանքով մահացել է 83 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
13:07 - 22 օգոստոսի, 2020
«Ես ամաչում եմ մեր երկրի համար». Փայլանը՝ ևս մի բյուզանդական եկեղեցի մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշման մասին |tert.am|

«Ես ամաչում եմ մեր երկրի համար». Փայլանը՝ ևս մի բյուզանդական եկեղեցի մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշման մասին |tert.am|

tert.am: Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը թվիթերյան իր էջում անդրադարձել է Ստամբուլի Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո նաև Քարիյե անունով հայտնի և 1945-ից թանգարանի կարգավիճակ ունեցող Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշմանը: «Ինչո՞ւ այս ձգտումը չի ավարտվում, երբ ամենուր այսքան շատ մզկիթներ կան... Ես ամաչում եմ մեր երկրի համար...»,- գրել է Կարո Փայլանը: Թուրքիայի կառավարությունը Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո որոշել է մզկիթի վերածել նաև Քարիյե անունով հայտնի և 1945-ից թանգարանի կարգավիճակ ունեցող Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Հաղորդվում է, որ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետական խորհուրդը, որոշել է այն մզկիթի վերածել 2019 թվականին՝ համարելով, որ 1945 թվականի նախարարության որոշումը, որը հանգեցրել է շենքի՝ թանգարանի վերածմանը, անօրինական է: Պետական խորհրդի որոշումը չի կատարվել մինչ երեկ, երբ հրապարակվել է նախագահի հրամանագիրը:
10:39 - 22 օգոստոսի, 2020
Էրդողանի հրամանով Ստամբուլում ևս մեկ բյուզանդական եկեղեցի կվերաբացվի որպես մզկիթ |ermenihaber.am|

Էրդողանի հրամանով Ստամբուլում ևս մեկ բյուզանդական եկեղեցի կվերաբացվի որպես մզկիթ |ermenihaber.am|

ermenihaber.am:  Ստամբուլի Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ բյուզանդական պատմական տաճար մզկիթի վերածելու հրաման է ստորագրել։ Քարիյե անունով հայտնի և 1945-ից թանգարանի կարգավիճակ ունեցող Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերանորոգման աշխատանքների ավարտից հետո կվերաբացվի որպես մզկիթ։ Այս մասին Էրդողանի հրամանը հրապարակվել է կառավարության պաշտոնաթերթում։ Հրամանագրում նշված է, որ ելնելով նրանից, որ Թուրքիայի Պետխորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) անվավեր է ճանաչել 1945 թվականին նախարարների խորհրդի կողմից Քարիյե մզկիթը թանգարանի վերածելու որոշումը՝ Քարիյե մզկիթը Կրոնական գործերի վարչությանը հանձնելու և որպես մզկիթ բացելու որոշում է ընդունվել։ Նշենք, որ Խորի Սբ․ Ամենափրկիչը մեկն է այն բյուզանդական տաճարներից, որոնք Կոստանդնուպոլսի գրավումից (1453թ․) հետո օսմանյան թուրքերը վերածեցին մզկիթների։  6-րդ դարում կառուցված, ապա մի քանի անգամ վերակառուցված Խորի վանքը 1511-ին Բայազիդ 2-րդ սուլթանի մեծ վեզիր Աթիք Ալի փաշայի կողմից վերածվել է մզկիթի ու սկսել անվանվել Ալի փաշայի մզկիթ կամ Քարիյե մզկիթ։ 1945 թվականին Թուրքիայի Հանրապետության կառավարության որոշմամբ Քարիյե մզկիթը վերանորոգումից հետո բացվել էր որպես թանգարան։
12:32 - 21 օգոստոսի, 2020
«Մենք չենք պատրաստվում Թուրքիայի ենթական լինել»․ Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության նախագահ |ermenihaber.am|

«Մենք չենք պատրաստվում Թուրքիայի ենթական լինել»․ Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության նախագահ |ermenihaber.am|

ermenihaber.am: Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Մուսթաֆա Աքընջըն ուշագրավ հայտարարություն է արել` ասելով, որ իր երկիրը Թուրքիայի ենթական չի լինի։  Սոցցանցում արած գրառման մեջ նա Թուրքիային ակնարկել է, որ իրենց հարաբերությունները կարող են կառուցվել միայն փոխադարձ հարգանքի հավասարության հիման վրա։  Աքընջըն մասնավորապես գրել է․ «Ես միշտ պաշտպանել եմ Թուրքիայի հետ փոխադարձ հարգանքի վրա հենված հարաբերությունները։ Մեզանից Թուրքիայի թշնամի դուրս չի գա, բայց ենթակա  էլ դուրս չի գա։ Ինչպես որ չուզեցանք հունական կողմում (Կիպրոսը նկատի ունի-խմբ․) որպես փոքրամասնություն մնալ, այնպես էլ չենք ցանկանում որպես ենթակա իշխանություն ընկալվել։ Մենք որպես պատվավոր ժողովուրդ, ցանկանում ենք այս հողերի վրա հավասարության, ազատության ու անվտանգության մեջ ապրել ` միջազգային իրավունքի շրջանակներում։ Ցանկանում ենք, որ բոլորն էլ հարգանք ցուցաբերեն մեր ժողովրդի այս զգացմունքների նկատմամբ։ Մեր ընտրությունների ժամանակ էլ միայն մեր ժողովուրդն ունի խոսքի իրավունք։ Որևէ միջամտություն, որը դուրս կգա դրա շրջանակներից, մեզ համար անընդունելի է»։
22:05 - 20 օգոստոսի, 2020