ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած անդրանիկ համագումարով, նախագահն է Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ-ն աջ-կենտրոնամետ, լիբերալ պահպանողական քաղաքական կուսակցություն է։ Մասնակցել է ԱԺ 2007-ի, 2012-ի, 2017-ի հերթական և 2018-ի արտահերթ ընտրություններին՝ այս բոլոր ընտրություններում հաղթահարելով անցողիկ շեմը։

«Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ-ն չի հաղթհարել անցողիկ շեմը և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան՝ ստանալով 50 444 ձայն (3.95%)

Պատգամավորներն առաջարկում են կանոնակարգել միջպետական ուղևորափոխադրումների ոլորտը |armenpress.am|

Պատգամավորներն առաջարկում են կանոնակարգել միջպետական ուղևորափոխադրումների ոլորտը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից նախագծի փաթեթն ու նույնաբովանդակ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի և Արթուր Գրիգորյանի հեղինակած նախագծով նախատեսվում է կանոնակարգել միջպետական ուղևորափոխադրումների ոլորտը: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է, որպեսզի միջպետական ուղևորափոխադրումների ընթացքում փոխադրողն իրականացնի ուղևորների` դժբախտ պատահարներից ապահովագրություն, ինչն անվտանգ ուղևորության և ուղևորափոխադրման կարևորագրույն պայմաններից է, ինչպես նաև սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնելիս: «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» Եվրոպական համաձայնագրի համապատասխան հոդվածի համաձայն, չորսուկես ժամ վարելուց հետո վարորդը պետք է առնվազն քառասունհինգ րոպեանոց ընդմիջում անի: Այդ ընդմիջումը կարող է փոխարինվել տասնհինգ րոպեանոց ընդմիջումներով` բաշխվելով մեքենան վարելու ժամանակահատվածի վրա կամ անմիջապես այդ ժամանակահատվածից հետո: Ընդմիջումների ընթացքում չի կարող իրականացվել այլ աշխատանք: Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
17:25 - 27 մայիսի, 2020
«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի» նախագիծը Աժ լիագումար նիստ չընդգրկվեց |tert.am|

«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի» նախագիծը Աժ լիագումար նիստ չընդգրկվեց |tert.am|

tert.am: Ազգային ժողովը քննարկում է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի» նախագիծը Աժ լիագումար նիստ ընդգրկելու մասին հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ նախագծի համահեղինակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա նշեց, որ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ընդհանուր ժամկետներում է  քննում նաև անձանց պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հետ կապված հայցերը և ստացվում է մարդուն վիրավորում են զրպարտում են, մարդը տարիներով դատարաններում խնդիր է ունենում, տարիներով ձգվում են դատավարությունները: Պետրոսյանն այնուհետև ասաց, որ երեկ հանձնաժողովի նիստում տարօրինակ բան է կատարվել: «Սկզբում որոշումը ձայների 4 կողմ, 2 դեմ քվեարկությամբ անցավ, հետո վերաքվեարկություն կազմակերպվեց և որոշումը չանցավ: Կուզենայի պարզաբանում լսել»,- ասաց Պետրոսյանը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց պատգամավոր Արթուր Դավթյանը: Պատգամավորը նշեց, մեկ անգամ է քվեարկությունը եղել, մասնակցել են 10 պատգամավոր, որոնցից 4-ը կողմ են քվեարկել, 3-ը՝ դեմ, 3-ը՝ ձեռնպահ, դա նշանակում է, որ դրական եզրակացություն չի ստացել նախագիծը որովհետև կանոնակարգ օրենքի համաձայն պետք է նիստին մասնակցած պատգամավորների մեծամասնությունը կողմ քվեարկի: Նա նշեց, որ նիստին մանսակցել է 10 պատգամավոր և, որպեսզի նախագիծը դրական եզրակացություն ստանար, պետք է 6 պատգամավոր կողմ քվեարկեր, բայց կողմ է քվեարկել 4 պատգամավոր: Հարցը դրվեց քվեարկության և չներառվեց լիագումար նիստերի օրակարգ կողմ 33, դեմ՝ 70, ձեռնպահ՝ 2 ձայների հարաբերակցությամբ: Առավել մանրամասն՝ tert.am-ում
11:54 - 26 մայիսի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանին և Շաքե Իսայանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանին և Շաքե Իսայանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ու դրա հետևանքները քննարկելու նպատակով նախաձեռնած հանդիպումների շարքը, այսօր ընդունել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Միքայել Մելքումյանին և Շաքե Իսայանին: Հանդիպմանը մասնավորապես խոսվել է համավարակի հետևանքով ստեղծված առողջապահական, սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարման ուղիների ու լուծումների մասին: Պատգամավորները նախագահին տեղեկություններ են ներկայացրել իրենց կողմից իրականացվող աշխատանքների ու քայլերի մասին: Անդրադարձ է եղել նաև խորհրդարանի գործունեությանը: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը մասնավորապես իր դիտարկումներն է ներկայացրել վերջերս Ազգային ժողովի կողմից վավերացված Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ կոնվենցիայի շուրջ քննարկումները կդառնան հանրային քննարկումների ոչ թե ավարտն, այլ՝ սկիզբը և կնպաստեն համապատասխան օրենքների միջոցով մեր պետությանը, ազգային մշակույթին հարիր լուծումներ գտնելուն:
17:30 - 25 մայիսի, 2020
Արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքում ԲՀԿ-ի մտահոգությունները չեն փարատվել. Արման Աբովյան |pastinfo.am|

Արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքում ԲՀԿ-ի մտահոգությունները չեն փարատվել. Արման Աբովյան |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Խմբակցության քարտուղարն ասաց, որ հանդիպման արդյունքում իրենց մտահոգությունները չեն փարատվել։ «Մեր մտահոգությունները շատ գործոններից են կախված և հիմնականը նա է, որ մեր դիրքորոշման համաձայն՝ դե ֆակտո ժողովուրդն արդեն լուծել է Արցախի Հանրապետության անկախության խնդիրը, և երկրորդը՝ յուրաքանչյուր բանակցություն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ հիմքում՝ որպես ֆունդամենտ դրված լինի ԱՀ միջազգային դե յուրե լեգիտիմիզացիան։ Դա չպետք է լինի պրոցեսի վերջում, այլ ի սկզբանե»,-ասաց Աբովյանը։ Հարցին, թե արդյոք հուզող հարցերին տրվե՞լ են հստակ պատասխաններ՝ ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց, որ մասնակի տրվել են։
14:42 - 21 մայիսի, 2020
Գևորգ Պետրոսյանի լանսարոտյան հեղափոխությունը․ ինչպես նպատակահարմարը դարձավ ապազգային |fip.am|

Գևորգ Պետրոսյանի լանսարոտյան հեղափոխությունը․ ինչպես նպատակահարմարը դարձավ ապազգային |fip.am|

fip.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ու արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը վերջին օրերին քննադատում են ԱԺ-ի կողմից Լանսարոտեի կոնվենցիայի վավերացումը։ Մինչդեռ 10 տարի առաջ երկու գործիչները, լինելով նախարարներ, նպատակահարմար էին համարում այս կոնվենցիայի ստորագրումը։ Ազգային ժողովի կողմից մայիսի 11-ին վավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան բուռն քննարկումների առարկա է դարձել։ Կոնվենցիան, որը հայտնի է ընդունման վայրի՝ Լանսարոտեի անունով, քննադատության են ենթարկում նաև որոշ իրավաբաններ, ԱԺ պատգամավորներ և այլոք։  Կոնվենցիայի վավերացմանը դեմ է արտահայտվում նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ նշելով, որ այս կոնվենցիայով սեպ է խրվում հայկական արժեհամակարգի մեջ։ «Ի՞նչ է նշանակում սեռական կրթության ընթացքում երեխաներին մատուցել սեռական դաստիարակություն»,- հանդես գալով քննադատությամբ, մասնավորապես, նշել է ԲՀԿ պատգամավորը։ Ըստ Պետրոսյանի, կոնվենցիան իր մեջ վտանգ է պարունակում։ Վերջինիս հետ համակարծիք է նաև արդարադատության նախկին նախարար, իրավաբան Գևորգ Դանիելյանը։  Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ կոնվենցիայի հենքով նախորդ տարիներին քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվել և արդյունքում 16 տարին չլրացած անձինք փոխադարձ համաձայնությամբ կարող են սեռական հարաբերություն ունենալ։ Եվ իրականում երեխաների սեռական շահագործման դեմ պայքարի համար կոչված կոնվենցիան հանգեցնում է հակառակ արդյունքի՝ երեխաները հայտնվում են անպաշտպան վիճակում։ Կարճ ակնարկ Հայաստանը, ինչպես հայտնի է, կոնվենցիան ստորագրել է 2010 թ. սեպտեմբերի 29-ին։ Մինչ ստորագրումը՝ Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ինչպես նաև ոստիկանությունը (որոնք գլխավորում էին, համապատասխանաբար, Գևորգ Դանիելյանը, Գևորգ Պետրոսյանը և Ալիկ Սարգսյանը) կոնվենցիայի ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ տեղեկանքներ էին ներկայացրել։  «Փաստերի ստուգման հարթակն» արդարադատության նախարարությունից խնդրեց տրամադրել նշված տեղեկանքները, որոնցից հատկապես ուշադրության են արժանի աշխատանքի և սոցիալական հարցերի և արդարադատության նախարարությունների տեղեկանքները։  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, մասնավորապես, նշել էր, որ կոնվենցիայի ստորագրումը գտնում է նպատակահարմար, քանի որ այն կնպաստի ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին, համապատասխան վերահսկման մեխանիզմների հստակեցմանը։  Հատկանշական է, որ տեղեկանքը, որը ներկայացվել էր 2009 թվականին, ստորագրել էր անձամբ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։ Վերջինիս ստորագրած տեղեկանքում, ի հեճուկս վերջին հայտարարությունների, որևէ մտահոգություն չկա կոնվենցիայի վավերացման մասով։ Այն խնդիրները, որոնց մասին Պետրոսյանն այսօր բարձրաձայնում է, տեղեկանքում որևէ կերպ արտացոլված չեն։  Արդարադատության նախարարություն Արդարադատության նախարարության տեղեկանքում ևս խոսվում է կոնվենցիայով ոլորտում նախատեսվող անհրաժեշտ և կարևոր կարգավորումների մասին։ Նախարարությունը կոնվենցիայի ստորագրումը գտել է նպատակահարմար՝ հիմք ընդունելով սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության գործում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը։ Այս տեղեկանքում ևս կոնվենցիայում առկա «որևէ վտանգների» մասին խոսք չկա։ Տեղեկանքը ներկայացվել է 2010 թ. հունիսին, երբ արդարադատության նախարարն էր վերը նշված Գևորգ Դանիելյանը։  Այսպիսով, Լանսարոտեի կոնվենցիայի դեմ ակտիվ դեմ արտահայտվող, դրանում հայկական արժեհամակարգի մեջ «սեպ խրող» վտանգներ տեսնող Գևորգ Դանիելյանն ու Գևորգ Պետրոսյանը տարիներ առաջ ոչ միայն խնդիրներ չեն տեսել կոնվենցիայի մեջ, այլև պաշտոնապես նպատակահարմար են համարել դրա ստորագրումը։ Անի Գրիգորյան
16:13 - 13 մայիսի, 2020
ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների նկատմամբ օրենքով սահմանված կարգապահական միջոցներ այդպես էլ չկիրառվեցին

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների նկատմամբ օրենքով սահմանված կարգապահական միջոցներ այդպես էլ չկիրառվեցին

Խորհրդարանի նիստերի դահլիճում այսօր մթնոլորտն այնքան լարված էր, որ հարցը հասավ ընդհուպ ծեծկռտուքի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ։ Բանն այն է, որ Մարուքյանն ԱԺ ամբիոնից իր ելույթում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթին, որը խիստ վրդովեցրեց Միքայելյանին։ Վերջինս տեղից վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Մարուքյանի հասցեին, նա էլ ամբիոնից իջավ՝ պարզաբանման համար, իսկ Միքայելյանը ապտակեց ԼՀԿ-ական պատգամավորին։  Մյուս պատգամավորները շտապեցին հարթել իրավիճակը, բայց դա հեշտ չտրվեց նրանց, քանի որ, ինչպես հետագայում ամբիոնից հայտարարեց Մարուքյանը, եւ ինչպես երեւում էր տեսանյութում, Մարուքյանին մի քանի հարված էլ հասցրին «Իմ քայլից» Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը։ Վերեւի դրվագում՝ ձախից Արտակ Մանուկյանը, աջից՝ Մարուքյանը, ներքեւի դրվագում՝ աջից Վահե Ղալումյանը, ձախից՝ Մարուքյանը Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները, սակայն, այդպես էլ չենթարկվեցին Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության։ Նախ նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները։  Նույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նիստը նախագահողը՝ այս դեպքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իրավունք ուներ Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու դեպքում պատգամավորի նկատմամբ կիրառելու կարգապահական միջոցներ:  Իսկ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ կարգապահական միջոցներն են նախազգուշացումը, խոսափողի անջատումը, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկումը, հեռացումը՝ մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից, ԱԺ նիստերի օրերին դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև յոթ օրով զրկումը: Բայց, փաստացի, Միրզոյանը նույնիսկ նախազգուշացում չհնչեցրեց։ Այնինչ, ԱԺ նախագահը նույն գործելաոճը չդրսեւորեց ամիսներ առաջ, երբ խորհրդարանի նիստերի դահլիճում ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ փորձեցին «հաշիվ պարզել» անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։ Այս տարվա հունվարի 21-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր քրեական ենթամշակույթին հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը, ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այնպիսի ելույթ ունեցավ, որը սրեց իրավիճակը։ Այդ ելույթին վրդովված տոնով արձագանքել էր պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը Գեւորգ Պետրոսյանի՝ իր խոսքով՝ խայտառակ պահվածքի համար պետք է ներողություն խնդրի։ Դրանից հետո լեզվակռիվ էր սկսվել, ու ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ՝ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Գեւորգ Պետրոսյանը, շտապել էին Բաբաջանյանի աթոռի մոտ՝ նրանից «հաշիվ պահանջելու»։ Այս միջադեպից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարգապահական միջոց էր կիրառել ԲՀԿ-ական 4 պատգամավորների նկատմամբ՝ նրանց ԱԺ կանոնակարգի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հեռացնելով մինչեւ այդ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ այդ ընթացքում զրկվելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։ Ընդգծենք, որ այդ միջադեպի ժամանակ հարցը ծեծկռտուքին չէր հասել, մյուս պատգամավորները հասցրել էին հանդարտեցնել մթնոլորտը, սակայն, ինչպես այսօր, այնպես էլ հունվարի այդ նիստի ժամանակ, պատգամավորները չէին պահել էթիկան, ինչի համար էլ օրենքի սահմաններում կարգապահական պատասխանատվության էին ենթարկվել։ Հայարփի Բաղդասարյան
20:32 - 08 մայիսի, 2020
Այսպիսի իրողությունները հակասում են պառլամենտարիզմի, քաղաքական մշակույթի և ժողովրդավարության տրամաբանությանը․ ԲՀԿ հայտարարությունը

Այսպիսի իրողությունները հակասում են պառլամենտարիզմի, քաղաքական մշակույթի և ժողովրդավարության տրամաբանությանը․ ԲՀԿ հայտարարությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անընդունելի է համարում Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած տհաճ միջադեպը: Նմանատիպ իրողությունները հակասում են պառլամենտարիզմի, քաղաքական մշակույթի և ժողովրդավարության տրամաբանությանը: Խորհրդարանական կառավարման համակարգի անցած երկրում բռնությունը պետք է մերժվի և ցանկացած հարց, հատկապես օրենսդիր մարմնում, պետք է լուծվի ոչ թե ուժով, այլ քաղաքակիրթ երկխոսության, հարկ եղած դեպքում նաև առողջ քննադատության ճանապարհով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանի իր գործընկերներին փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և կառուցողական աշխատանքի դաշտ վերադառնալու կոչ է անում: Նման տհաճ միջադեպերը այլևս երբեք չպետք է կրկնվեն: Հատկապես հիմա, երբ երկրում համաճարակային իրավիճակ է, արտակարգ դրություն, տնտեսական ճգնաժամ, և առանց այն էլ եղած բազմաթիվ խնդիրներին ավելացել են նորերը, յուրաքանչյուրիս պարտքը պետք է լինի միավորել ջանքերը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և մարդկանց սոցիալական ծանր վիճակը մեղմելու ուղղությամբ: Այս ամենը պետք է դաս լինի քաղաքական բոլոր ուժերի համար: Մեզանից յուրաքանչյուրը, իր մեջ բացառելով նմանօրինակ դեպքերը, այլևս պետք է լծվի մեկ գործի՝ աշխատել հանուն հայրենիքի բարգավաճման և զարգացման, հանուն ժողովրդի բարեկեցության:
18:37 - 08 մայիսի, 2020
Դատապարտված և կալանավորված որևէ անձի մոտ մինչև օրս կորոնավիրուս չի հայտնաբերվել |armenpress.am|

Դատապարտված և կալանավորված որևէ անձի մոտ մինչև օրս կորոնավիրուս չի հայտնաբերվել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մինչև օրս կալանավորված և դատապարտված որևէ անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել՝ թեև քրեակատարողական ծառայողների շրջանում կան դեպքեր: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուսատամ Բադասյանը՝ պաատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին: Նա, մասնավորապես, նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ հարազատներին չեն թողնում հանձնուքներ տալ կալանավորված և դատապարտված անձանց, սակայն ոմանք քրեակատարողական հիմնարկի դիմացի խանութից կարողանում են բանկային քարտով առևտուր անել և ստանալ ապրանքը: Բադասյանը արձագանքեց՝ դիմացի խանութի խնդիր չկա: Համապատասխան հայտ է լրացվում, այդ հայտի հիման վրա հնարավոր է լինում ձեռք բերել ապրանքներ, այդ ապրանքները մեկ օր պահել, բոլոր ախտահանման աշխատանքները կատարել, հետո նոր մուտք անել և  հանձնել դատապարտյալին: «Հերոսական ջանքեր են պահանջվել, որ մինչ այսօր որևէ դատապարտված  և կալանավորված անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, թեև քրեակատարողական ծառայողների շրջանում ունենք նմանատիպ դեպքեր»,-ասաց նախարարը: Երեկվա՝ մայիսի 6-ի դրությամբ առկա է 2 142 դատապարտված և կալանավորված անձ: Նախարարը նկատեց՝ եթե նրանց հարազատները գնան, հանձնուքներով մտնեն ՔԿՀ, հնարավոր շփում լինի ծառայողների հետ, արդյունքում վարակի տարածման ինտենսիվության բարձր ցուցանիշներ կարձանագրվեն:
13:14 - 07 մայիսի, 2020
Երևան համայնքին 1 միլիոն դրամ և ավելի նվիրատվությունները քաղաքապետը պարտավոր է հանրայնացնել |hetq.am|

Երևան համայնքին 1 միլիոն դրամ և ավելի նվիրատվությունները քաղաքապետը պարտավոր է հանրայնացնել |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների հեղինակած օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը:  Այն ընդունվեց 117 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Այս փոփոխություններով պատգամավորները ցանկանում են համայնքին արված նվիրատվություններն ու նվիրաբերությունները հնարավորինս հրապարակային դարձնել: Նախագծում նշվում է, որ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքի ղեկավարը դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հրապարակում է՝ համայնքապետարանում փակցնելու, ինչպես նաև այն սահմանված կարգով համայնքի պաշտոնական համացանցային կայքում զետեղելու միջոցով: Համայնքների համար սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի առաջարկը պահպանվել է բոլոր համայնքների համար` բացառությամբ Երևանի: Երևանի համար պահպանվել է մեկ միլիոն և ավելի գումարի դեպքում նվիրատվությունների հրապարակումը: Նվիրատուի անունը քաղաքապետը պարտավորվում է հրապարակել, եթե նվիրատուի կողմից կա գրավոր համաձայնություն:
10:45 - 06 մայիսի, 2020
Ազգային ժողովի քառօրյա նիստի օրակարգում չներգրավվեցին  «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկները

Ազգային ժողովի քառօրյա նիստի օրակարգում չներգրավվեցին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկները

Այսօր՝ մայիսի 5-ին Ազգային ժողովի կողմից քննարկվեց պատգամավորների կողմից արված օրենսդրական նախաձեռնությունների օրակարգ անցկացման հարցը։ ԱԺ-ն քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ ըստ  նախագծի աաջարկվում էր քրեականացնել փաստաբաններին վիրավորելը և զրպարտելը։ Նախագծով առաջարկվում էր , որպեսզի օրենքը պարունակի բավարար երաշխիքներ փաստաբանների գործունեության պաշտպանության համար։ Քվեարկության արդյունքում նախագիծը չներառվեց քառօրյայի օրակարգում։ «Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ էին ներկայացրել «Բարգավաճ Հայաստան » խմբակցության պատգամավորներ Շաքե Իսայանը և Նաիրա Զոհրաբյանը։ «Նախագիծը միտված է  Հանրային պաշտպանի դերի և հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև առաջարկվում է Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ծախսերը փոխհատուցել պետական բյուջեից»,- ասաց Շաքե Իսայանը։  Հանձնաժողովը բացասական եզրակացության էր արժանացրել պատգամավորների առաջարկը, Ազգային ժողովի քվեարկության արդյունքում նույնպես նախագիծը դուրս մնաց նիստի օրակարգից։  «Բարգավաճ Հայաստան » խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի կողմից  առաջարկվում էր փոփոխություններ կատարել «Հայրենական մեծ պատերազմի վետերանններրի մասին» ՀՀ օրենքում։ Ըստ Էնֆիաջյանի առաջարկի պետք է կրկնապատկել վետերանների պատվո վճարը՝  այն սահմանելով 200 000 դրամ։ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողվի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր, Արփինե Դավոյանն ընդգծեց, որ հանձնաժողոովը բացասական եզրակացության է տվել նախագծին, քանի որ պատվովճարների սահմանման իրավասությունը ՀՀ կառավարությանն է վերապահված։ ԲՀԿ պատգամավորի կողմից ներկայացված նախագիծը դրվեց քվերակության և ստացավ բացասական եզրակացություն՝  չընդգրկվեց քառօրյայի օրակարգում։ Քննարկվեց նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հեղինակած՝  «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում» փոփոխություններ կատարելու մասին  նախագիծը։ Այն  չէր  ստացել գլխադասային հանձնաժողովի  դրական եզրակացությունը։ Ըստ ներկայացված նախագծի, խմբակցությունների` լսումներ հրավիրելու լիազորությունները պետք է  ընդլայնվեն: Գործող կարգավորմամբ` յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում խմբակցությունը կարող է հրավիրել մեկ լսում: Փոփոխություններով առաջարկվում է, որպեսզի  խմբակցությունը յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում կարողանա հրավիրել երեք լսում: Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր խոսքում նշեց, որ  եթե փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա յուրաքանչյուր նստաշրջանում առնվազն կարող է 15 լսում հրավիրվել, քանի որ լսում հրավիրելու իրավասությամբ են օժտված ԱԺ նախագահը, խմբակցությունները ու 11 մշտական հանձնաժողովները: Նախագիծը դրվեց քվերկության և չներառվեց քառօրյայի օրակարգում։  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ ներկայացրեց ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Նախագծով առաջարկվում էր սահմանադրական կարգը տապալելու դեպքում վաղեմության ժամկետ չսահմանել։ Այս նախագիծը նույնպես մերժվեց Ազգային ժողովի կողմից՝ լիագումար նիստի օրակարգում ընդգրկվելուց։ 
12:07 - 05 մայիսի, 2020
«Բարգավաճ Հայաստան»-ը կողմ քվեարկի բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծին



 |armenpress.am|

«Բարգավաճ Հայաստան»-ը կողմ քվեարկի բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, չնայած նախագծի վերաբերյալ իր որոշակի մտահոգություններին, կողմ քվեարկի 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրինագծին՝ ստորադասելով իր քաղաքական և կուսակցական շահը:  Այս մասին ԱԺ-ում նախագծի քննարկմանն ասաց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:Մելքումյանի կարծիքով՝ այն, ինչ արվում է, բավարար չէ, կառավարությունը քիչ չափով է հաշվի առնում ընդդիմության, տարբեր մասնագետների առաջարկները:«Զգուշացնում եմ, շատ բարեկամաբար խորհուրդ եմ տալիս, որ 3-4 ամիս հետո նորից գալու եք այստեղ, նորից դեֆիցիտի չափը մեծացնելու ենք: Այն, ինչ կանխատեսել ենք անկման համար, չափազանց փոքր է այս պանդեմիայի պայմաններում: Բայց կարծում եմ, որ մեր քաղաքական ուժը այս պահին պատրաստ է վեր կանգնել մի վիճակից, երբ կառավարությունը շատ այլընտրանքներ չունի: Սա ճաշակի և նախասիրության հարց չէ, որ կառավարության նախասիրությամբ պայմանավորված գնանք մի 10 ուղղությամբ: Այդ պատճառով «Բարգավաճ Հայաստանն» այս նախագծին քվեարկելու է կողմ՝ ստորադասելով իր քաղաքական և կուսակցական շահը՝ հօգուտ ժողովրդի, հանրային շահի»,-ասաց Մելքումյանը:2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծով ըստ էության նախատեսվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: Ըստ էության դրանով առաջարկվում է մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ կօգտագործվեն ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրները մեղմելու համար: Ըստ այդ նախագծի սցենարի՝ կանխատեսվում է տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշի կրճատում, հարկային պակաս մուտքեր, սակայն ծախսերը պահպանվում են գրեթե նույն մակարդակի: Կանխատեսվող դեֆիցիտի չափը բարձրացվել է՝ հասել 324 մլրդ դրամի:
15:18 - 29 ապրիլի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գործատու-աշխատող հարաբերությունները հստակեցնող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գործատու-աշխատող հարաբերությունները հստակեցնող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսում է հեռավար եղանակով աշխատելու պարագայում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորություն, նաև արտաժամի ավելացում: ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 92 կողմ, 18 ձեռնպահ ձայներ: Քվեարկությունից առաջ Բարգավաճ Հայաստանից Գևորգ Պետրոսյանը հայտնեց՝ քանի որ նախագծի վերաբերյալ նկատառումներ ունեն և առաջին ընթերցումից հետո պետք է ներկայացնեն, դրա համար այս պահին ձեռնպահ կքվեարկեն: Սահմանվել են հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունը, և հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորություն ենք նախատեսել: Նախատեսվել է, որ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպումը չհամարվի աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն: Հստակեցվել է, որ գործատուն կարող է նաև չվճարել աշխատողին հարկադիր պարապուրդի համար: Նախատեսվել է նաև, որ գործատուի ցանկության դեպքում հարկադիր պարապուրդի վճարը կարող է լինել ավելին, քան ներկայումս՝ միջին ժամային աշխատավարձի երկու երրորդը: Եվ այս մասով տրվել է նաև հետադարձ ուժ: Սահմանել է նաև, որ անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած հարկադիր պարապուրդի համար գործատուն կարող է նաև իր ցանկությամբ վճարել: «Այսպիսով, մենք մի կողմից գործատուին հնարավորություն ենք տալիս չվճարել անհաղթահարելի ուժի ծագման պարագայում, մյուս կողմից կրկին հարցը թողնում ենք գործատու-աշխատող իրավահարաբերությունների ճշգրտմանը: Սահմանել ենք նաև, որ նախատեսվի գործատուի համար պարտադիր պահանջ, որ աշխատողի պահանջով աշխատողին տրամադրվի իր չօգտագործված արձակուրդը՝ անհաղթահարելի ուժի ծագման դեպքում»,-ասաց փոխնախարարը: Նախատեսվել է նաև, որ այս իրավիճակով պայմանավորված գործատուն իրավունք չունենա լուծել աշխատանքային պայմանագիրը կամ կարգապահական տույժ կիրառել այն աշխատակիցներին նկատմամբ, որոնք իրավիճակով պայմանավորված չեն կարողանում ներկայանալ աշխատանքի կամ ներակայանում են աշխատանքի ավելի ուշ: Այն ծնողների համար, որոնք նախաուսումնական, ուսումնական հաստատությունների փակման կամ արձակուրդների տեղափոխման արդյունքում ստիպված են մնալ տանը և խնամել իրենց երեխաներին, ապա 2 ժամ ուշանալու դեպքում, նրանց աշպատվարձը կվճարվի ամբողջությամբ, իսկ 2 ժամից հետո աշխատավարձը կվճարվի փաստացի կատարած աշխատանքին համարժեք կերպով: Ներկայիս կարգավորումով արտաժամյա աշխատանքը չի կարող լինել 4 ժամից ավելի՝ իրար հաջորդող երկու օրերի ընթացքում: Նոր կարգավորմամբ, նաև հաշվի առնելով, որ արտակարգ դրությամբ պայմանավորված որոշակի ոլորտներում գործատուները պահանջ ունեն աշխատուժի, արտաժամը ավելացվել է և հասցվել մինչև 8 ժամ՝ իրար հաջորդող 2 օրերի ընթացքում:
21:37 - 28 ապրիլի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրնեսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ներկայացված նախագծերը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրնեսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ներկայացված նախագծերը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունենց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու  օրենքի նախագիծը, որով, թույլ է տրվում, որ տնտեսավարողը սեփական հայեցողությամբ որոշի ներմուծվող կամ ձեռք բերվող հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետը:  Նախագիծն ընդունվեց 111՝ կողմ, դեմ՝ 0 և ձեռնպահ՝ ձայներով։  Ազգային ժողովի կողմից ընդունվեց նաև  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է հարկային պարտավորությունների չկատարման դեպքում իրականացնել տույժերի կրկնակի նվազեցում: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով:Նոր նախագծով  առաջարկվում է գրեթե կրկնակի իջեցում՝ 0.04։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 109՝ կողմ, 0՝ դեմ և 0՝ ձեռնպահ  ձայներով։
14:00 - 22 ապրիլի, 2020
Պատգամավորներն առաջարկում են սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս |armtimes.com|

Պատգամավորներն առաջարկում են սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Արթուր Դալլաքյանը, Արթուր Գրիգորյանն ու Արտյոմ Ծառուկյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով առաջարկում են միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս ավտոտրանսպորտային միջոցներում պարտադիր պայման սահմանել տախոգրաֆի առկայությունը։  Նշենք, որ տախոգրաֆը մեքենայի մեջ տեղադրվող սարք է, որն արձանագրում է մեքենայի արագությունը, անցած ճանապարհը եւ վարորդի վարելու եւ հանգստի ռեժիմները: Պատգամավորները կարծում են, որ ավտոտրանսպորտային ոլորտում ՀՀ ներկայիս օրենսդրությունում մի շարք կարգավորումներ բացակայում են։ Այդ պատճառով միջպետական կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու ժամանակահատվածում չկա որեւէ երաշխիք առ այն, որ ուղեւորների կյանքին կամ առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում: «Այդպիսի վտանգների առաջին աղբյուրն այն է, որ օրենքով սահմանված չէ տախոգրաֆի առկայության պարտադիրությունը միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս: Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ վարորդը առանց հանգստի`սահմանված նորմերի խախտմամբ, շարունակում է վարել մեքենան, դրանով վտանգելով թե՜ իր, թե՜ ուղեւորների կյանքը եւ առողջությունը»,- նշել են նրանք հիմնավորման մեջ: Նրանք անդրադարձել են նաեւ միջազգային փորձին՝ նշելով, որ տախոգրաֆի առկայության պարտադիր պահանջ է սահմանված ՌԴ-ում, Իսպանիայում, Ֆրանսիայում, «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» Եվրոպական համաձայնագրին միացած երկրներում: ՌԴ-ում տախոգրաֆի հետ կապված կանոնները խախտելու համար սահմանված է տուգանք` 3-ից 50 հազար ռուբլի: Իսպանիայում նույն արարքների համար տուգանքները տատանվում են 400-ից մինչեւ 6000 եվրո: Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս: Առաջարկվում է մեկ միասնական պատասխանատվության չափ թե միջպետական ուղեւորափոխադրման, թե միջպետական բեռնափոխադրման ժամանակ տախոգրաֆի բացակայության, անսարքության դեպքերի համար։
22:17 - 16 ապրիլի, 2020