Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

«Զգույշ, բեկորներ են, ապակիներ են»․ Ակներ գյուղի բնակչի շեն տունը վնասվել է արկի հարվածից

«Զգույշ, բեկորներ են, ապակիներ են»․ Ակներ գյուղի բնակչի շեն տունը վնասվել է արկի հարվածից

«Զգույշ, բեկորներ են, ապակիներ են»,- հակառակորդի հրետանու արկից վնասված իր տուն ուղեկցելիս ասում է Գորիսի Ակներ գյուղի բնակիչ Էդգար Սալբունցը՝ ծխախոտի ծուխը լիքը ներս քաշելով։ Ոչ շատ հեռվից լսվող ամեն պայթյունի հետ խոր հոգոց է հանում, ձեռքը պարզում դեպի տանիքը, որի վրա էլ ընկել է արկը ու պոկել կտուրը, վնասել շեն տունը։  Տնից դուրս է եկել, ու տասը րոպե չանցած՝ հզոր պայթյուն է եղել. Էդգարը բառերով նկարագրել չի կարողանում։ Մինչ ես լուսանկարում եմ, նա ցույց է տալիս տան անկյունները՝ հուշելով՝ ինչին ուշադիր լինել։ Առաստաղը՝ քանդված, լուսամուտները՝ կոտրված, մի հայացք՝ մտահոգ, Վարարակ գետի ձայնը, մի մոլորված ճանճի բզզոց, ամպրոպի նման մի ձայն ու պայթյուն. մեկ, երկու, երեք։ Հետո հաշիվը կորում է։  Էդգարը ցույց է տալիս պայթած արկի բեկորները, անընդհատ կրկնում, որ զգույշ քայլենք, շատ սուր են, մխրճվել են գորգի մեջ։ Նա ինքն իրեն կրկնում է՝ «էրկու օրից անձրեւները սկսելու են, Էդա, պետք ա սարքեմ, ինչ անեմ»։ Էդգարը տանիքը կսարքի, տունն էլ կսարքի, կարծում եմ, նրա հետ զրույցից թողնել-գնալու տրամադրություն չէր գալիս, ինչքան էլ դժվար են ժամանակները եւ մոտ՝ պայթյունները։  Ակները սիրուն գյուղ է։ Բայց հիմա տխրություն է իջել այստեղ։ Սարգիսին ասում եմ՝ կանգնենք, հավաքված մարդկանց հետ խոսենք, բայց հետո փոշմանում եմ, որովհետև ինձ թվում է՝ ամեն ինչ ավելի քան ակնհայտ է, ու հիմա ես հարցնելու բան չունեմ։ Եթե մեկը խոսել ուզենա, ինքը կխոսի։ Ու այդպես էլ պատահում է։  Ընթացող մեր մեքենային է մոտենում սեւահեր մի տիկին, հենվում բաց լուսամուտին ու միանգամից պատմում. «Ես չեմ վախենում, ջիգյար, ես երեխաներիս համար եմ վախենում, զինվորների։ Ես քինյամ, գյուլլեմ էդ թաղած թուրքերին, բայց բոլորն էլ երեխաների համար են վախենում, գոնե մեծերին հավաքեն, տանեն, որ էդ երեխեքը մենակ չմնան»,- ասում է տիկին Մարինան, որ սանիտար է աշխատում բուժհաստատությունում, վիրավոր զինվորներին է օգնում։  Տիկին Մարինան ասում է՝ հիմա էլ չեն կարող գնալ, դաշտից խոտ բերել, հակառակորդը մոտ է։ «Ասեք՝ ում դիմենք, ում բողոքենք, մի ուղղություն ցույց տվեք, ես գնամ, ասեմ։ Տպավորություն ա, որ ձեռքները ծալած նստել են։ Հիմա հասել են արդեն մեզ»,- ասում է՝ տիկինը, բայց թույլ տվեք այսքանով ավարտել պատմությունը Ակներից, որովհետեւ ծանր է, եւ որովհետև հրետանու պայթյունները երբեմն շեղում են ուշադրությունս։   Հայարփի Բաղդասարյան
15:20 - 14 սեպտեմբերի, 2022
Վերիշենում լույս տասներեքի գիշերը հակառակորդի հրետակոծությունից մի քանի տներ են վնասվել, այսօր գյուղի ուղղությամբ կրակ չի եղել

Վերիշենում լույս տասներեքի գիշերը հակառակորդի հրետակոծությունից մի քանի տներ են վնասվել, այսօր գյուղի ուղղությամբ կրակ չի եղել

Գորիս համայնքի Վերիշեն գյուղի ուղղությամբ հակառակորդն այսօր հրետանի չի կիրառել, կրակոցներ էլ չեն եղել մինչեւ այս պահը։ Հրետանու պայթյուններ գյուղում լսվում են, բայց դրանք հարեւան Ակներ գյուղից ուղղությամբ են, որտեղից ավելի ուշ կհաղորդենք իրավիճակը այդ պահի դրությամբ։ Հակառակորդը Վերիշենը հրետակոծել է լույս տասներեքի գիշերը։ Գյուղում մի քանի տներ են վնասվել։ Հենց պայթյունների ձայները լսվել են, Սամվել Դադունցն իր ընտանիքի հետ պատսպարվել է տան նկուղում, ու արկը ընկել է հենց նկուղի վրա․ Սամվել Դադունցը «Քշերը, որ սկսել ա, հելել ենք նկուղ՝ ապահով տեղ, սպասել ենք, տեսնենք՝ ոնց կլինի, ինչ կլինի, մեկ էլ մի դմբոց եկավ, մառախուղ, թոզ, իրար չէինք տեսնում, մի ձեւ փախանք ուրիշ կողմ»,- պատմում է Սամվել Դադունցը, նրա կինն էլ՝ Եփրասյա Զադայանը, շարունակում․ «Հարսս նկուղի դռան մոտից գոռաց՝ վայ, էս ինչ թափվեց մեր վրա, էդտեղից հեռացանք, արդեն որ մի քիչ հանգստացան, ասինք՝ գնանք, տեսնենք՝ ինչ ա կատարվում։ Էնա մոտիկացանք, լույսը վառեցինք, տեսանք՝ քանդվել ա»։ Եփրասյա Զադայանի նկուղը, որտեղ ընկել է արկը Ընտանիքի անդամները վնասվածքներ, բարեբախտաբար, չեն ստացել։ Վնասվել է տունը, կոտրվել են տան պատուհանները, քանդվել է նկուղի պատը, վնասվել են մեքենաները։ Դադունցը ցույց է տալիս մեքենայի ջարդված մասերը։ Մեր զրույցի պահին մյուս հարեւաններն են դուրս գալիս․ այդ պայթյունից վնասվել են նաեւ կողքի տները, հարեւանների մեքենաները։ Սաիդա ու Սպարտակ Դադունցներն են մոտենում, ցույց են տալիս իրենց մեքենան, որ շարքից դուրս է եկել։ Տիկինը մատնացույց է անում նաեւ ջրի երկաթ մեծ բաքը՝ ամեն թիթեղը՝ մոտ երեք մմ հաստությամբ, որի մի պատից արկի բեկորը ծակել, մյուս կողմից դուրս է եկել․ պատկերացրեք՝ այդ բեկորը հանդիպեր մեկի մարմնին։ Սաիդա եւ Սպարտակ Դադունցները ու նրանց վնասված մեքենան Դադունցների նկուղ ընկած արկի պայթյունի ալիքից շատ է տուժել դիմացի հարեւանի՝ Ռաֆիկ Բակունցի տունը։ Պատկերները նույնն են՝ կոտրված լուսամուտներ, գետնին թափված ապակիներ, ճաքած պատեր, կիսախարխուլ դուռ։ Բակունցը պատմում է, որ ժամը տասներկուսի կողմերը, երբ հակառակորդը սկսել է կրակել, երեխաներին շուտ տարել են ապահով վայր․ «Գիշերը քնից հանեցի, շուտ տարանք երեխեքին, ես ու հարսս էինք մնացել, մենք էլ գնացինք»։  Ռաֆիկ Բակունցը ցույց է տալիս իր վնասված մեքենան Հետո ինքը շուտ բարձրացել է տուն, որ լույսը հանգցնի՝ վառ թողնել չէր կարելի, ու տաք շոր վերցնի, որովհետեւ շատ ցուրտ է եղել գիշերը, ու հենց այն պահին, երբ դռնից դուրս գալիս է եղել, արկն ընկել է Դադունցենց տան մոտ։ Բակունցն ասում է․ «Ես չգիտեմ՝ ինչ կատարվեց իմ հետ էդ պահին, զնգոցը մինչեւ հիմա ականջներիս մեջ ա, գլխիս մեջ էր զնգում, մի կերպ, մի կերպ հասցրի դուրս գամ, վազեմ ապահով տեղ»։ Հետո, երբ խաղաղվել է, եկել է տուն, տեսել՝ ամենը կոտրված, քանդված։ Ռաֆիկ Բակունցի տան պատուհանները Ռաֆիկ Բակունցը ցույց է տալիս բեկորները Վերիշենում մարդիկ շարունակում են ապրել իրենց առօրյայով։ Փոքրիկներ էլ են երեւում բակերում, թեեւ ոմանք անվտանգությունից ելնելով իրենց երեխաներին հանել են գյուղից։ Մեզ ճանապարհելիս Ռաֆիկ Բակունցն ասում է՝ այնպիսի զինվորներ ունենք, որ էլ չասած․ «Մալադեց մեր տղաներին, ամեն ինչ անում են»,- ասում է նա՝ շնորհակալ լինելով, որ եկել ենք, ու մաղթելով՝ «հաջորդ անգամ հարսանիք նկարելու գնաք»։   Գլխավոր լուսանկարում՝ Սամվել Դադունցը   Հայարփի Բաղդասարյան
12:49 - 14 սեպտեմբերի, 2022
Մի քանի ժամ է՝ Կապանի եւ Գորիսի ուղղությամբ կրակոցներ չեն հնչում

Մի քանի ժամ է՝ Կապանի եւ Գորիսի ուղղությամբ կրակոցներ չեն հնչում

Մի քանի ժամ է՝ Կապան քաղաքի մոտ գտնվող Ներքին Հանդ, Սրաշեն, Ծավ գյուղերի տարածքում կրակահերթեր, հրետակոծություններ չկան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ «Ժամը 20։00-ի սահմանում Ներքին Հանդ, Սրաշեն, Ծավ գյուղերի տարածքում  կրակոցների, հրետակոծությունների ձայներ չեն լսվել»,- նշեց մարզպետը։ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ Գորիսի ուղղությամբ մոտ երեք ժամ է՝ կրակոցներ կամ էլ հրետակոծություններ չկան։ «Երկու ժամից ավելի է՝ Գորիսում եմ, կրակոցներ չկան, ամեն ինչ բանակի վերահսկողության տակ է, բանակն իր առաջ դրված խնդիրը կատարում է։ Մարտերը դադարել են, դրա համար էլ իջել ենք դիրքերից, առաջին բանակային կորպուսն իր խնդիրը բարձր մակարդակով կատարում է»,- ասաց Գորիս համայնքի ղեկավարը։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ժամը 21.00-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը շարունակում է լարված մնալ։ «Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, եւ թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ուղղությունը զգալիորեն թուլացել է»,- հայտնել էին ՊՆ-ից։
00:34 - 14 սեպտեմբերի, 2022
Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերի ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության կտրամադրվի արձակուրդ․ ԿԳՄՍՆ

Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերի ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության կտրամադրվի արձակուրդ․ ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ-ն հայտնում է, որ ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը: 2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում խաթարվել է ուսումնական հաստատությունների սովորողների կրթության իրավունքը: Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով: Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
19:32 - 13 սեպտեմբերի, 2022
Կապանում ուժգին պայթյուններ են․ Ալեքսանդր Քանանյան

Կապանում ուժգին պայթյուններ են․ Ալեքսանդր Քանանյան

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, որը բնակվում է Սյունիքի մարզի Կապան համայնքում, Infocom-ի հետ զրույցում րոպեներ առաջ մանրամասնեց, որ հակառակորդը ծանր հարվածներ է հասցնում քաղաքի ուղղությամբ։ Քանանյանի գնահատմամբ՝ պայթյուններն այնքան ուժգին են, որ դրանք, ըստ ամենայնի, անօդաչու թռչող սարքերի հարվածներ են․ «Թեեւ ես մասնագետ չեմ, բայց արցախյան վերջին պատերազմի փորձառությունը թույլ է տալիս այդպես ենթադրել»,- ասաց մեր զրուցակիցը։ «Քանի որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, արդեն գոնե այս պահի գնահատմամբ լիարժեք պատերազմական գործողությունների բնութագրման տակ է ընկնում, հետեւաբար, որչափ էլ անվստահելի եւ մերժելի լինեն պաշտոնական աղբյուրները, այդ թվում՝ լրատվության, այս մի քանի նախադասությունը, որ ասում եմ, պարզապես իրավիճակից անտեղյակ անձի պատուհանից երեւացող նկարագրությունն է, իսկ մնացածի համար սպասենք պաշտոնական աղբյուրների հաղորդագրությունների»,- հարկ համարեց նշել մեր զրուցակիցը։ Նա մանրամասնեց, որ մոտավորապես վերջին կես ժամվա ընթացքում անընդհատ ուժգին պայթյունների ձայներ են լսվել․ «Քանի որ ես Կապանի արվարձանում եմ բնակվում, բարձրադիր Խուստուփի լանջերին, այսեղից նկատելի է, որ գոնե մեկ թիրախի ուղղությամբ արդեն տասից ավելի հարված է եղել, ընդ որում՝ շատ ուժգին հարված»,- ասաց Քանանյանը՝ նշելով, որ ավելի հեռու տեղերից նույնպես պարբերաբար որոտացող պայթյունների ձայներ են գալիս։ Մեր զրույցի պահին էլ, ինչպես նշեց Քանանյանը, պայթյունների ձայները լսվում էին․ «Հենց էս պահին նորից ուժգին հարված եղավ, իմ տան պատուհանից տեսնում եմ»,- ասաց նա, եւ, եզրափակելով խոսակցությունը, նշեց․ «Բարի գալուստ խաղաղության դարաշրջան»։
01:43 - 13 սեպտեմբերի, 2022
ՀՀ-ում Չինաստանի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

ՀՀ-ում Չինաստանի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

Աշխատանքային այցով Սյունիքում է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը․ այսօր մարզպետարանում նրան ընդունել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և մարզպետարանի ղեկավար կազմը։   Առաջին անգամ Սյունիքում գտնվող դեսպանը նշել է՝ իր այցելության նպատակն է քննարկել, թե ինչպես կարելի է Չինաստանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության եզրեր գտնել։   «Սյունիքը Հայաստանի Հանրապետության համար մեծ կարևորություն ունեցող մարզ է, վերջին տարիներին մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության մեջ ամենաբարձր տոկոսն ունի հանքարդյունաբերական արտադրանքը, իսկ այն արտահանվում է հիմնականում Սյունիքից»,- ասել է Ֆան Յոնգը՝ հավելելով, որ սա միակ ոլորտը չէ, որտեղ կարելի է համագործակցել, ու պետք է նոր բնագավառներ գտնել։   Այս առումով դեսպանատունը պատրաստակամ է իրենց երկրի ներդրողներին ուղղորդել դեպի Սյունիք։ Մարզային իշխանությունները բարձրաստիճան դիվանագետին են ներկայացրել այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ Սյունիքը կարող է համագործակցել չինական կողմի հետ, որոնք կարող են հետաքրքրել ներդրողներին կամ շահավետ լինել մարզի համար՝ փորձի փոխանակման առումով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներ ու հարցեր, որոնք վերաբերում էին մասնավորապես կրթությանը, զբոսաշրջությանը, ճանապարհաշինությանը, այլ ենթակառուցվածքների, քույր քաղաքների ինստիտուտի գործարկմանը, տեղական ինքնակառավարմանը, սյունիքյան տեղական ապրանքատեսականու արտահանմանը և այլն։   Նշվել է, որ հանդիպման հիմնական առանցքը փոխգործակցության մասին մտքերի փոխանակումն էր, իսկ հետագայում առավել նեղ մասնագիտական խմբերով կողմերը կանցնեն դրանք խորացնելու գործնական քայլերի։  
16:45 - 25 օգոստոսի, 2022
Աղավնոյից ու Բերձորից 20 ընտանիք հաստատվել է Սյունիքի մարզում

 |armenpress.am|

Աղավնոյից ու Բերձորից 20 ընտանիք հաստատվել է Սյունիքի մարզում |armenpress.am|

armenpress.am: Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի բնակիչները մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ ունեին իրենց բնակավայրերից դուրս գալու համար, քանի որ այդ բնակավայրերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ պայմանավորված Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքի գործարկմամբ: Այս օրերին բնակիչները վերջին իրերն են դուրս բերել տներից, տարհանվում են մշակութային կոթողները: Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը, անդրադառնալով Բերձորից և Աղավնոյից տարհանված բնակչության տեղավորման հարցին, նշեց, որ այդ բնակավայրերի բնակիչների մեծամասնությունը ցանկություն է հայտնել հաստատվել Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում: «Արցախում հաստատվող ընտանիքների թիվը դեռ հստակ չէ։ Օգոստոսի վերջին պատրաստ կլինեն տարհանված ընտանիքների բնակարանների ձեռքբերման համար նախատեսվող սերտիֆիկատները: Ըստ այդմ՝ նրանք կհաստատվեն այն բնակավայրերում, որտեղ իրենք ցանկություն կունենան»,-մանրամասնեց ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակը։ Բերձորի,Աղավնոյի բնակիչներից շատերը իրենց ապաստանն են գտել Հայաստանի Սյունիքի մարզում, մյուսները տեղափոխվել են այն բնակավայրեր,որտեղ հարազատներ ունեն: Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը տեղեկացրեց, որ Բերձորից և Աղավնոյից իրենց մոտ բնակություն հաստատելու ցանկություն է հայտնել 20 ընտանիք: «Վերջին ընտանիքը երեկ արդեն տեղափոխվել է մարզ: Մինչ այժմ Սյունիքի մարզպետարանն աջակցել է բեռնափոխադրումների հարցում,օգնել ենք կացարան գտնել: Հիմնականում իրենք տեղափոխվել են Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններ: Վաղվանից մարզպետարանի աշխատակիցները շրջայց կկատարեն տներով՝ կարիքները գնահատելու և հասկանալու համար, թե ով ինչպես է տեղավորվել»,-նշեց նա՝ հավելելով, որ մարզպետարանը մշտական ուշադրության կենտրոնում է պահելու այդ ընտանիքների խնդիրները՝ փորձելով դրանց համապատասխան լուծում տալ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ կոնկրետ Աղավնոյի և Բերձորի հետ կապված սոցիալական առանձին ծրագրեր չկան, սակայն Արցախի առանձին շրջաններից տեղահանվածների համար բնակարանային ապահովության պետական աջակցության հիփոթեքային ծրագիր է գործում: «Եթե իրենք համապատասխանեն սահմանված չափորոշիչներին, դիմեն ըստ ընթացակարգի, ինչպես մյուս շահառուները,կարող են ևս օգտվել ծրագրից»,-ասաց նա: Մեր հարցմանը, թե Աղավնոյից ու Բերձորից եղել ե՞ն ընտանիքներ, որոնք դիմել են Երևանում բնակություն հաստատելու համար, Երևանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ոչ ոք այդ հարցով չի դիմել։
10:22 - 25 օգոստոսի, 2022
Շուռնուխում 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

Շուռնուխում 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

Շուռնուխ բնակավայրում նոր թաղամասի կառուցման ծրագրի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը եւ քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն օրերս աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում: Ինչպես տեղեկացնում է Քաղաքաշինության կոմիտեն, «այցի ընթացքում դիտարկվել են կատարված շինարարական աշխատանքները: Արձանագրվել է, որ բնակելի 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ 4-ինն ընթացքի մեջ են: Մեկնարկել են նաեւ տների ներքին հարդարման աշխատանքները: Բացի այդ, կառուցվել է թաղամասի նոր ճանապարհի պաստառը, մեկնարկել են ինժեներական ենթակառուցվածքների եւ պարիսպների կառուցման աշխատանքները: Նոր թաղամասում նախատեսվում է կառուցել կոյուղու համակարգ՝ մաքրման կայանով, արտաքին էլեկտրամատակարարման հաղորդագիծ ու արտաքին լուսավորության համակարգ, ինչպես նաեւ՝ յուրաքանչյուր տնատիրության համար կառուցել անասնագոմ, պարսպապատել ու ցանկապատել հողամասը: Շրջայցի ժամանակ կապալառու եւ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ կոմիտեի պատասխանատուները քննարկել են նախագծային լուծումները, ցուցումներ տվել՝ արձանագրված որոշ թերությունները շտկելու եւ լրացուցիչ աշխատուժ ներգրավելու վերաբերյալ: Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ շինարարական աշխատանքների ողջ ծավալը սահմանված ժամկետում եւ որակով ավարտելու նպատակով: Հիշեցնենք, որ Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում նոր թաղամասի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի ապրիլի 26-ին: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 1,2 մլրդ ՀՀ դրամ: Աշխատանքներն իրականացվում են՝ համաձայն կապալի պայմանագրի եւ բյուջետային հատկացումների: Նախատեսվում է թաղամասը շահագործման հանձնել 2022 թվականի չորրորդ եռամսյակում»։  
12:42 - 23 օգոստոսի, 2022
Երեք անձ կալանավորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

Երեք անձ կալանավորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ուրիշի գույքը վնասելու և թմրամիջոցների՝ իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2022 թ. հուլիսի 29-ին ստացվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողի զեկուցագիրը՝ Մեղրի քաղաքում մի խումբ անձանց կողմից իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաք շարժվելու վերաբերյալ:Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով 2022 թ. հուլիսի 29-ին՝ ժամը 04:30-ին, Կապան քաղաքի գազալցակայանում ոստիկանության ծառայողները, օրենքով սահմանված կարգով, հիշյալ տրանսպորտային միջոցի վարորդից պահանջել են դադարեցնել ավտոմեքենայի ընթացքը: Վերջինս, չենթարկվելով իրավապահների կողմից ներկայացված պահանջին, փախուստի դիմելու նպատակով, շարունակել է մեքենայի ընթացքը և բախվել ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Լադա-Նիվա» մակնիշի տրանսպորտային միջոցին, ապա՝ Ոստիկանության ծառայողի կողմից վարած «Օպել Աստրա», այնուհետև՝ գազալցակայանում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին, ինչից հետո «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորները ոստիկանության ծառայողների կողմից դուրս են բերվել, որի ընթացքում վարորդը կրկին փորձել է փախուստի դիմել, սակայն բախվել է գազալցակայանի պատին:Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի և 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը)2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ երեք անձինք ձերբակալվել են: Վարութային և քննչական գործողությունների ընթացքում «ԳԱԶ-24» մակնիշի տրանսպորտային միջոցի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 500 գ. «ափիոն» և 455 գ. «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ, նշանակվել են դատաապրանքագիտական, դատաքիմիական, նարկոլոգիական, քրեագիտական, տոկսիկոքիմիական փորձաքննություններ։Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումների հիման վրա նշված անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով, ինչը բավարարվել է։Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
15:39 - 01 օգոստոսի, 2022
Սյունիքում սպառվող ջրի անբավարար լինելու հիմնական պատճառներից է խմելու ջուրը որպես ոռոգման ջուր օգտագործելը. մարզպետը հանդիպել է «Վեոլիա Ջուր»-ի տնօրենին

Սյունիքում սպառվող ջրի անբավարար լինելու հիմնական պատճառներից է խմելու ջուրը որպես ոռոգման ջուր օգտագործելը. մարզպետը հանդիպել է «Վեոլիա Ջուր»-ի տնօրենին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 28-ին ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին, գործառնական տնօրեն Վահե Բաթոյանին եւ «Հարավ» շահագործման տարածաշրջանային տնօրինության ղեկավար Սպարտակ Մկրտչյանին։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը:Մարզպետը կարեւորել է այս հանդիպումն այն համատեքստում, որ կուտակվել էին հարցեր, որոնք մարզային իշխանությունը ցանկանում էր քննարկել ընկերության ղեկավար կազմի հետ։ Արծարծվել են Սյունիքի մարզում՝ «Վեոլիա»-ի սպասարկման տարածքում, խմելու ջրի մատակարարման, սպասարկման որակի, մաքրման կայանների ու ջրագծերի վիճակի, տեխնիկական վերազինման, առաջիկա ծրագրերի հետ կապված ու մի շարք այլ հարցեր։ Մարզպետարանում հյուրընկալված՝ ընկերության ղեկավարությունն այս օրերին շրջայց է կատարել մարզում եւ իր արձանագրումների արդյունքում նշել է, որ Սյունիքում սպառվող ջրի քանակի անբավարար լինելու, առաջացող խնդիրների հիմնական պատճառներից են խմելու ջուրը որպես ոռոգման ջուր օգտագործելն ու ապօրինի միացումները, որոնց բազում օրինակներ են հայտնաբերել։ Ռոբերտ Ղուկասյանը բարձրաձայնել է բնագավառում առկա մի շարք խնդիրների մասին եւ պատասխանատուներից հետաքրքրվել դրանց լուծմանն առնչվող ծրագրերի մասին։ Կողմերը պայմանավորվել են առավել արդյունավետ համագործակցության, խնդիրների լուծման ճանապարհին համատեղ ու համակարգված աշխատանքի մասին։    
15:24 - 29 հուլիսի, 2022
Սյունիքի մարզին պահուստային ֆոնդից 312 մլն դրամ հատկացվեց
 |news.am|

Սյունիքի մարզին պահուստային ֆոնդից 312 մլն դրամ հատկացվեց |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 312,7 մլն դրամ հատկացնել Սյունիքի մարզպետարանին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերված պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։ Ներկայացվող կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ստեղծված ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին ներկա պահին ֆինանսական պարտավորությունների և պարտքերի մարման համար հատկացնել 312,746.8 հազ. դրամ գումար: Մասնավորապես. Այլ կապիտալ դրամաշնորհներ Սյունիք բնակավայրի նոր խմելու ջրագծի կառուցում  և ջրագծի տեխնիկական հսկողության իրականացում : Կապան համայնքի համար հացահատիկահավաք կոմբայնի ձեռք բերում: ՀՀ ԱԱԾ ՍԶ, N Զորամասի, Ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքների աջակցություն: ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների (Ներքին Հանդ, Բարձրավան) տանիքների փոխում , 1 բնակելի տան նորոգում և Գաղթականներ 70 շենքի  վերանորոգում: Այլ ընթացիկ դրամաշնորհներ Ծավ-Ն.Հանդ-Ճակատեն-Ծավ, Կապան-Ուժանիս-Կապան ուղևորափոխադրումներ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան սահմանամերձ բնակավայրերին հացամթերքով ապահովում N զորամասի և «Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի պատուհանների փոխարինում:
12:51 - 21 հուլիսի, 2022