Վերիշենում լույս տասներեքի գիշերը հակառակորդի հրետակոծությունից մի քանի տներ են վնասվել, այսօր գյուղի ուղղությամբ կրակ չի եղել
12:49 - 14 սեպտեմբերի, 2022

Վերիշենում լույս տասներեքի գիշերը հակառակորդի հրետակոծությունից մի քանի տներ են վնասվել, այսօր գյուղի ուղղությամբ կրակ չի եղել

Գորիս համայնքի Վերիշեն գյուղի ուղղությամբ հակառակորդն այսօր հրետանի չի կիրառել, կրակոցներ էլ չեն եղել մինչեւ այս պահը։ Հրետանու պայթյուններ գյուղում լսվում են, բայց դրանք հարեւան Ակներ գյուղից ուղղությամբ են, որտեղից ավելի ուշ կհաղորդենք իրավիճակը այդ պահի դրությամբ։

Հակառակորդը Վերիշենը հրետակոծել է լույս տասներեքի գիշերը։ Գյուղում մի քանի տներ են վնասվել։ Հենց պայթյունների ձայները լսվել են, Սամվել Դադունցն իր ընտանիքի հետ պատսպարվել է տան նկուղում, ու արկը ընկել է հենց նկուղի վրա․

Սամվել Դադունցը

«Քշերը, որ սկսել ա, հելել ենք նկուղ՝ ապահով տեղ, սպասել ենք, տեսնենք՝ ոնց կլինի, ինչ կլինի, մեկ էլ մի դմբոց եկավ, մառախուղ, թոզ, իրար չէինք տեսնում, մի ձեւ փախանք ուրիշ կողմ»,- պատմում է Սամվել Դադունցը, նրա կինն էլ՝ Եփրասյա Զադայանը, շարունակում․ «Հարսս նկուղի դռան մոտից գոռաց՝ վայ, էս ինչ թափվեց մեր վրա, էդտեղից հեռացանք, արդեն որ մի քիչ հանգստացան, ասինք՝ գնանք, տեսնենք՝ ինչ ա կատարվում։ Էնա մոտիկացանք, լույսը վառեցինք, տեսանք՝ քանդվել ա»։

Եփրասյա Զադայանի նկուղը, որտեղ ընկել է արկը

Ընտանիքի անդամները վնասվածքներ, բարեբախտաբար, չեն ստացել։ Վնասվել է տունը, կոտրվել են տան պատուհանները, քանդվել է նկուղի պատը, վնասվել են մեքենաները։ Դադունցը ցույց է տալիս մեքենայի ջարդված մասերը։

Մեր զրույցի պահին մյուս հարեւաններն են դուրս գալիս․ այդ պայթյունից վնասվել են նաեւ կողքի տները, հարեւանների մեքենաները։ Սաիդա ու Սպարտակ Դադունցներն են մոտենում, ցույց են տալիս իրենց մեքենան, որ շարքից դուրս է եկել։ Տիկինը մատնացույց է անում նաեւ ջրի երկաթ մեծ բաքը՝ ամեն թիթեղը՝ մոտ երեք մմ հաստությամբ, որի մի պատից արկի բեկորը ծակել, մյուս կողմից դուրս է եկել․ պատկերացրեք՝ այդ բեկորը հանդիպեր մեկի մարմնին։

Սաիդա եւ Սպարտակ Դադունցները ու նրանց վնասված մեքենան

Դադունցների նկուղ ընկած արկի պայթյունի ալիքից շատ է տուժել դիմացի հարեւանի՝ Ռաֆիկ Բակունցի տունը։ Պատկերները նույնն են՝ կոտրված լուսամուտներ, գետնին թափված ապակիներ, ճաքած պատեր, կիսախարխուլ դուռ։ Բակունցը պատմում է, որ ժամը տասներկուսի կողմերը, երբ հակառակորդը սկսել է կրակել, երեխաներին շուտ տարել են ապահով վայր․ «Գիշերը քնից հանեցի, շուտ տարանք երեխեքին, ես ու հարսս էինք մնացել, մենք էլ գնացինք»։ 

Ռաֆիկ Բակունցը ցույց է տալիս իր վնասված մեքենան

Հետո ինքը շուտ բարձրացել է տուն, որ լույսը հանգցնի՝ վառ թողնել չէր կարելի, ու տաք շոր վերցնի, որովհետեւ շատ ցուրտ է եղել գիշերը, ու հենց այն պահին, երբ դռնից դուրս գալիս է եղել, արկն ընկել է Դադունցենց տան մոտ։ Բակունցն ասում է․ «Ես չգիտեմ՝ ինչ կատարվեց իմ հետ էդ պահին, զնգոցը մինչեւ հիմա ականջներիս մեջ ա, գլխիս մեջ էր զնգում, մի կերպ, մի կերպ հասցրի դուրս գամ, վազեմ ապահով տեղ»։

Հետո, երբ խաղաղվել է, եկել է տուն, տեսել՝ ամենը կոտրված, քանդված։

Ռաֆիկ Բակունցի տան պատուհանները

Ռաֆիկ Բակունցը ցույց է տալիս բեկորները

Վերիշենում մարդիկ շարունակում են ապրել իրենց առօրյայով։ Փոքրիկներ էլ են երեւում բակերում, թեեւ ոմանք անվտանգությունից ելնելով իրենց երեխաներին հանել են գյուղից։ Մեզ ճանապարհելիս Ռաֆիկ Բակունցն ասում է՝ այնպիսի զինվորներ ունենք, որ էլ չասած․ «Մալադեց մեր տղաներին, ամեն ինչ անում են»,- ասում է նա՝ շնորհակալ լինելով, որ եկել ենք, ու մաղթելով՝ «հաջորդ անգամ հարսանիք նկարելու գնաք»։

 

Գլխավոր լուսանկարում՝ Սամվել Դադունցը

 

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել