Ամուլսար

Ամուլսարը լեռ է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Բարձրությունը 2987 մ է։ Ամուլսարում կան ոսկու պաշարներ, մասնավորապես, համաձայն «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։ 2014 թ․ ՀՀ կառավարության կողմից Գեոթիմ ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն։

Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի), Արփա գետի, գետակների, Սևանա լճի աղտոտման, շրջակա միջավայրի թունավորման, ցիանիդի օգտագործման հետ կապված աղետի, բնակչության առողջական վիճակի հետ։ 

Միայն հավասարակշռված պետական քաղաքականությամբ կփրկենք բնությունը․ «Ժառանգություն»

Միայն հավասարակշռված պետական քաղաքականությամբ կփրկենք բնությունը․ «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Լիդիան Արմենիա ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ։ Հայաստանում հանքարդյունաբերության եւ հատկապես Լիդիան Արմենիա ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված խնդիրների շահարկումը հանրային որոշ ուժերի կողմից արդեն վերածվում է ուղղակի սպառնալիքի՝ վտանգի ենթարկելով Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ քաղաքական արդյունավետ զարգացումը, մեր հանրային համերաշխությունը: Առանց մասնագիտական գիտելիքների եւ տեսական ու գործնական հիմնավորումների՝ հուզազգայական կարգախոսներով փորձ է կատարվում բնության պահպանության ազնիվ առաքելությունը վերածելու անկառավարելի գործընթացի:«Ժառանգություն» կուսակցությունը հույժ մտահոգված է ստեղծված իրավիճակով եւ արձանագրում է, որ պետությունը հապաղում է բավարար եւ համակարգված քայլեր գործադրել հանքարդյունաբերության եւ բնապահպանության խնդիրները հանգուցալուծման մասնագիտական մակարդակ տեղափոխելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ իշխող ուժի կառավարման համակարգի ճգնաժամը գնալով խորանում է, որի մասին քանիցս ահազանգել ենք: Ցավոք, խորհրդարանը, որը պետք է դառնար նման հիմնահարցերի հանգուցալուծման եւ կոնսենսուսի ձեւավորման քաղաքական ատյան, չի կարողանում իրականացնել այդ դերակատարությունը, որի պատճառով կրքերը գերակայում են գաղափարներին ու տեղափոխվում փողոց եւ հրապարակներ:«Ժառանգություն» իշխանությանը եւ Հայաստանի ողջ քաղաքական ու քաղաքացիական հանրությանը հիշեցնում է մեր ոչ հեռու անցյալի այն չարագուշակ դեպքերը, երբ մակերեսային, հուզազգայական պատկերացումներին տուրք տալով՝ մենք կանգնեցրինք ատոմակայանը, որի վերագործարկումը վիթխարի ժամանակ եւ միջոցներ խլեց՝ փրկելով Հայաստանի տնտեսությունը լիակատար անկումից, կործանեցինք «Նաիրիտը» եւ մեր ողջ հզոր քիմիական արդյունաբերությունը, որն այդպես էլ չենք կարողանում ոտքի կանգնեցնել:Հայաստանի արդյունաբերական ներուժի զարգացումը բոլոր ոլորտներում մեր ազգային անվտանգության հիմնարար բաղադրիչներից է, ինչպես նաեւ բնության ու ազգի առողջության պահպանության հրամայականը, ուստի «Ժառանգությունը» պատրաստակամություն է հայտնում հանրային բոլոր ուժերի հետ՝ եւ մասնագիտական, եւ քաղաքական, նախաձեռնել հանրային քննարկում, իսկ խորհրդարանական տիրույթից համապատասխան նախաձեռնության դեպքում մասնակիցը լինել խորհրդարանական լսումներին, որի ընթացքում պետական կարեւորագույն հարցերը զգայական դիմակայությունից կբերվեն լուրջ վերլուծությունների հարթակ տեղական եւ միջազգային փորձի համադրմամբ՝ առանց վնասելու մեր համերաշխությանը ժողովրդավարական զարգացումների ուղիով ընթանալու եւ արդյունաբերական հզոր Հայաստան ունենալու մեծ նպատակին:«Ժառանգություն»-ը համոզված է, որ միայն հավասարակշռված պետական քաղաքականությամբ, մասնագիտական ներուժի համախմբմամբ փոխըմբռնման մթնոլորտում մենք կփրկենք Հայաստանի եւ՛ բնությունը, եւ՛ արդյունաբերությունը հին կործանարար սխալներից ու նոր թյուրըմբռնումներից: «Ժառանգություն» կուսակցություն
10:06 - 22 օգոստոսի, 2019
Ես կողմ եմ, որ պիտի շահագործվի․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը՝ Ամուլսարի հանքի մասին

Ես կողմ եմ, որ պիտի շահագործվի․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը՝ Ամուլսարի հանքի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հետ զրուցել ենք Ամուլսարի հանքի շահագործման թեմայով։ - Պարո՛ն Ասատրյան, վերջին օրերին շատ է քննարկվում Ամուլսարի թեման։ Այս հարցում Ձեր դիրքորոշումը ո՞րն է։ - Շատ դժվար հարց եք տալիս։ Ես կողմ եմ, որ պիտի շահագործվի, որովհետև ելնելով իրենից բխող տարբեր խնդիրներից՝ ես կարծում եմ, որ ճիշտը շահագործելն է։ Իսկ մեր բողոքավոր թևը, ովքեր բողոքում են Ամուլսարի հետ կապված, ես խորհուրդ կտամ, որ հիմա համատարած Հայաստանով մեկ հրդեհներ են, և շատ խիստ կարևորություն կա և կարիք ժողովրդի, որպեսզի աջակցեն մեր ԱԻՆ-ի աշխատակիցներին, որպեսզի կարողանան դրա դեմն առնել։ Բնությունը նաև դրա մասին է, և անտառները վառվում են։ Խորհուրդ կտամ մասնակցել և իրենց անմիջական օգնությունը ցուցաբերել մեր անտառների պահպանմանը։ Այ դա ևս բնություն է։ Դրա մասով չենք խոսում, իսկ Ամուլսարի հետ կապված բոլորս դարձել ենք վերլուծաբան։ Խորհուրդ կտամ՝ ամեն մարդ իր գործով զբաղվի։ - Համաձայն չե՞ք այն պնդումներին, որ փորձաքննության եզրակացությունը մանիպուլյատիվ է ներկայացվել, ռիսկեր կան, և այդ ռիսկերը կառավարելի չեն։ - Ո՛չ, համաձայն չեմ, որովհետև կառավարությունը զբաղվում է դրանով, և ես չեմ կարծում, որ կառավարությանը ուղղակի խաբել հնարավոր է, որովհետև շահագրգիռ կողմերը, նաև կառավարության ներկայացուցիչները զբաղված են դրանով, և բոլորին էլ հետաքրքիր է, որ մեր բնությունը պահպանվի, և ոչ մի բան չխոչընդոտի մեր բնության գոյությանը։ Իսկ այն, ինչ որ կա փաստարկներով, ես վստահում եմ վարչապետին և իր խոսքին, իր ներկայացրած փաստարկները ինձ համոզիչ են։
09:57 - 22 օգոստոսի, 2019
Մենք կանենք ամեն ինչ, որ կարողանանք գոնե նոր ՇՄԱԳ-ի հասնել. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյան

Մենք կանենք ամեն ինչ, որ կարողանանք գոնե նոր ՇՄԱԳ-ի հասնել. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ խոսել ենք Ամուլսարի հանքի վերաբերյալ խնդիրների շուրջ։   - Վերջին օրերին շատ է քննարկվում Ամուլսարի թեման։ Ո՞րն է Ձեր դիրքորոշումը այդ հարցում։ - Քանի որ ինքս բնապահպան չեմ, այս պահին հակված եմ կասկածներս փարատելու միայն իմ բնապահպան գործընկերների հիմնավորումներով, ինչպես նաև ELARD-ի տված վերջնական եզրակացությամբ։ Բայց մյուս կողմից, հաշվի առնելով, որ այնուամենայնիվ բնապահպանական խնդիրները և նրանց կողմից առաջացրած ամենատարբեր պրոբլեմները միանշանակ չեն կարող կառավարելի լինել, մտածում եմ հենվել այս պահին ՀՀ-ում գործող օրենսդրության վրա, որ եթե Լիդիան կազմակերպության կողմից որևէ խնդրահարույց քայլ լինի, կգործեն այն ժամկետները՝ 90 օրյա և այլն՝ խնդիրը վերացնելու կամ կանխարգելելու ուղղությամբ, որից հետո ավելի լուրջ և արդյունավետ միջոցներ կձեռնարկվեն։ Բայց մեծ առումով ես իհարկե դեմ եմ, որ ՀՀ-ում հանքարդյունաբերությունը լինի տնտեսության զարգացման գերակա ճյուղ, կամ առհասարակ լինի հանքարդյունաբերություն, և եթե այնուամենայնիվ հանքարդյունաբերություն պիտի լինի, իհարկե ես հակված եմ այն մտքին, որ գոնե դա կառավարի իմ երկրի ընկերությունը, և օգուտը լինի լինի միայն իմ երկրի կառավարությանը։ - Շատ բնապահպաններ, նաև Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչներ ասում են,որ այնումաենայնիվ վտանգ կա, եզրակացությունը ՔԿ-ի կողմից ներկայացվել է մանիպուլյատիվ, ու հանքի չպիտի շահագործվի։ Այս կարծիքներին ինչպե՞ս եք վերաբերվում։ - Ինքս բնապահպան չեմ, ես էլ ՀՀ քաղաքացի եմ, ես ինքս ապրում եմ Հրազդան քաղաքում, և իմ տնից ոչ շատ հեռու գտնվում են 3 լուրջ հսկաներ՝ Հրազդանի ցեմենտի գործարանը, 5-րդ էներգաբլոկը, ինչպես նաև Հրազդանի ՋԷԿ-ը, և ես գոնե փոքր մասշտաբով տեսնում եմ, թե այդ գործարանների գործունեությունը ինչպիսի խնդիրներ է առաջացնում, չասեմ՝ վտանգներ, բայց խնդիրներ է առաջացնում դարձյալ շրջակա միջավայրի համար, ինչպես նաև հարակից գյուղերի բնակիչների համար։ Մոտավորապես այդ մասշտաբների հիման վրա կարող եմ կանխատեսել, թե Ամուլսարը ինչպիսի խնդիրներ կառաջացնի։ Բայց դարձյալ ասում եմ՝ ես պիտի հենվեմ ELARD-ի եզրակացության վրա, որովհետև այլ տարբերակ այս պահին չի լինում։ - Դուք վստահո՞ւմ եք ELARD-ի կատարած փորձաքննությանը և տված եզրակացոթւյանը։ - Այս պահին ավելի շատ ես վստահում եմ ՀՀ վարչապետին, որը ինձ համար հայրենասիրության մարմնացում է, և ես վստահ եմ, որ նրա յուրաքանչյուր որոշում և յուրաքանչյուր քայլ չի կարող չբխել ՀՀ-ի շահից, և եթե իսկապես իսկապես խնդիրները այդքան շատ են, ես պարզապես վստահ եմ, որ ես և իմ գործընկերները այնուամենայնիվ կկարողանանք որևէ կերպ փորձել գոնե հասնել նրան, որ նոր ՇՄԱԳ իրականացվի, քանի որ շատ են ՇՄԱԳ-ի հետ կապված այս կամ այն վերլուծությունները, որ նախկինում է արվել (ՀՀ ՇՄԱԳ-ի օրենսդրության համապատասխան, եթե մի տարի հանքը չի շահագործվել, ապա ՇՄԱԳ-ի վավերացման ժամկետը պետք է վերանայվի)։ Ես ինքս պատրաստվում եմ իմ մի քանի գործընկերների հետ հանդիպել Գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան մասնագետների հետ, որովհետև ԱԺ-ի Իմ քայլը խմբակցության պատգամավորներով երբ որ հանդիպում ունենցանք վարչապետի հետ, ես ինքս հարցրի, թե արդյո՞ք ՀՀ-ի որևէ մասնագետ ներգրավված է եղել ինչ-որ կերպ, կարծիք է հայտնել, ի զարմանս ինձ ասացին, որ ներգրավված են եղել և իրենք էլ ասել են, որ ռիսկերը կառավարելի են։ Այս պահին նաև պետության միջազգային վարկանիշի խնդիրը կա, քանի որ վարչապետը մի քաի անգամ առիթ ունեցել է ասելու, որ եթե ELARD-ի եզրակացությունը լինի դրական, ապա խնդիր չի լինի, եթ լինի բացասական, ուրեմն միանշանակ հանքը չի շահագործվելու։ Մենք մի քանի գործընկերներով դիմելու ենք վարչապետին առաջիկայւոմ,մենք նամակ ենք պատրաստել Սևանա լճի օրենքի հետ կապված, Շրջակա միջավայրի հետ կապված։ - Դիմելու եք, որ նոր ՇՄԱԳ իրականացվի՞։ - Այո՛, դիմելու ենք, որ նոր ՇՄԱԳ իրականացվի։ - Նո՞ր պիտի դիմեք, սպասեք արձագանքին, թե՞ ինչ-որ քննարկում եղել է, կարծիքներ հնչել են։ - Մենք այդ պահին նամակը դեռ չէինք կառուցել, վերջացրել։ Նամակը արդեն վերջնական փուլում է, մի քանի պատգամավորներով արդեն ստորագրել ենք, պատրաստվում ենք դիմել վարչապետին։ Նոր ՇՄԱԳ-ի հետ կապված առաջարկներ իհարկե եղել են, այդ մասին նաև մամուլում կա գրված։ Այտեղ օրենսդրության հետ կապված խնդիր կա, որովհետև արդեն այս 1 տարի 2 ամսվա մեջ այնպես չէ, որ հանքը ընդհանրապես չի շահագործվել, այնուամենայնիվ փոքրիկ աշխատանքներ կատարվել են այդ ուղղությամբ, իսկ սա նշանակում է, որ ՇՄԱԳ-ի հետ կապված 1 տարի 2 ամիս վավերացման ժամկետի հետ խնդիրի հիմքերը խարխլվում են։ Բայց միևնույն է այս խնդիրը պետք չէ դիտարկել միայն բնապահպանական հարթության մեջ, սա նաև շատ լուրջ քաղաքական խնդիր է, և վստա՛հ եղեք, որ մենք կանենք ամեն ինչ մեզնից կախված, որ կարողանանք գոնե նոր ՇՄԱԳ-ի հասնել, այս մասին և՛ տիկին Լենա Նազարյանն է իր խոսքում ասել, և՛ մեր մյուս գործընկերուհի Մերի Գալստյանը, և՛ պարոն Վարազդատ Կարապետյանը, և՛ էդգար Առաքելյանը։ Հավատացե՛ք, կասկածները մեզ մոտ էլ կան, բայց ոչ թե մենք կասկածում ենք վարչապետի դիրքորոշմանը, այլ կասկածում ենք ELARD-ի եզրակացությանը, որվհետև այնուամենայնիվ, ինչպես նաև նշեց վարչապետը, գուցե այս երկու օրը մի այնպիսի փաստարկ, այնպիսի մի հետևանք, արդյունք կամ իրողություն ի հայտ գա, որ արմատապես կփոխի իրավիճակը։ Ուղղակի հավատացեք՝ մենք այս երկիրը սիրում ենք, այս երկրի ամեն մի քարի, ճյուղի, ծառի համար ցավ ենք ապրում և հաստատ որևէ որոշում չենք կայացնի, որը վնաս լինի երկրի համար։ Միանշանակ լուծումը միակողմանի, ծայրահեղ այոների և ծայրահեղ ոչերի մեջտեղում է, և շատ կարևոր է, որ հասարակությունը հստակ հասկանա, որ մենք ինչ-որ իրավիճակ ենք ժառանգել, որտեղ այս կամ այն չափով ինչ-որ գործողություններ կան, գործընթացներ կան, պայմանավորվածություններ, որոշումներ, համաձայնություններ։ Մենք եղած սիտուացիայի վրա պիտի ստեղծենք մեր հետագա քայլերը։ Այնպես չի, որ մենք սկսել ենք նոր էջից և մեր կառավարությունը կամ իշխող ուժը որոշել է, որ հանքարդյունաբերություն պիտի լինի։ Այլ կլիներ բոլորովին խոսակցությունների թեման, եթե մենք տայինք հանքը շահագործելու թույլտվություն։ Բայց հանքը շահագործելու թույլտվություն տրվել է տարիներ առաջ, և մենք, ժառանգելով այս իրավիճակը, պարզապես պարտավոր ենք այս սահմանների մեջ գտնել այն ռացիոնալ լուծումը, որ երկուստեք ընդունելի կլինի։ - Եթե դուք պատգամավորներով նամակ հղեք վարչապետին, առաջարկեք, որ նոր ՇՄԱԳ լինի, վարչապետը չտա նոր ՇՄԱԳ իրականացնելու հրաման և հիկմնվելով ELARD-ի փորձաքննության եզրակացության վրա՝ հանքը շահագործելու թույլտվություն տա, Դո՞ւք համաձայն կլինեք վարչապետի որոշման հետ։ - Վարչապետի որոշումը նոր ՇՄԱԳ իրականացնելու կամ չիրականացնելու վերաբերյալ չի լինելու կամայական։ Վարչապետի որոշումը բխելու է համապատասխան օրենսդրական ոլորտի, համապատասխան իրավական ակտերի շրջանակներում։ Այնուամենայնիվ մենք դիմելու ենք, ես լիովին վստահում եմ վարչապետին և չեմ կարծում, որ վարչապետը մատների արանքով է նայում կամ իրեն բացարձակապես չեն հետաքրքրում այդ խնդիրները։ Ամեն դեպքում մենք դիմելու ենք, փորձելու ենք նոր ՇՄԱԳ-ի հասնել օրենսդրության շրջանակներում։ Իմ բնապահպան գործընկերը այնուամենայնիվ գտնում են, որ նոր ՇՄԱԳ-ի իրականացում պետք է՝ հաշվի առնելով նաև բնապահպանների կարծիքները, հաշվի առնելով նաև 60 էջանոց եզրակացության մեջ որոշ սահմանումներ, որ հնարավոր է, կարող է, անորոշ է։ Ի վերջո մենք պիտի հասկանանք՝ դրանք դիտարկենք բացասակա՞ն ֆոնի ներքո, թե՞ դրական ֆոնի ներքո, որովհետև երկու ձևով էլ կարող են մեկնաբանվել։ Վարչապետը իր խոսքում նշեց, երբ մեզ հետ հանդիպում էր, որ 16 մեղմացուցիչ հանգամանքների կիրառումից հետո Լիդիան ընկերության կողմից, եթե անգամ մեկ լիտր վնասակար ջուր խառնվի ջերմուկի Ջերմուկի ջրերին կամ հոսի Սևանա լիճ, ապա անպայման ստոպ է լինելու այս ամբողջ գործընթացը։  
08:54 - 22 օգոստոսի, 2019
Ամեն օր չէ, որ տնտեսության մեջ 400 մլն դոլարի ներդրում են անում. մենք կողմ ենք Ամուլսարի շահագործմանը.«Հանրապետություն»

Ամեն օր չէ, որ տնտեսության մեջ 400 մլն դոլարի ներդրում են անում. մենք կողմ ենք Ամուլսարի շահագործմանը.«Հանրապետություն»

«Հանրապետություն» կուսակցությունը եւս մեկ անգամ հայտարարում է՝ Հայաստանի տնտեսության զարգացումը այլընտրանք չունի, քան սեփական մարդկային եւ բնական ռեսուրսների ճշգրիտ օգտագործմամբ մաքսիմալ շահույթով, վերջնական ապրանք ստանալը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը:Հայտարարությունում նաեւ ասվում է.«Մենք դեմ ենք հանքարդյունաբերություն եւ հումք վաճառելուն։ Մենք հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելու կողմնակից ենք։ Ամուլսարը մեր հարստությունն է, եւ մենք ոչ միայն կողմ ենք նրա շահագործմանը, այլեւ գտնում ենք, որ վաղուց ժամանակն է Չարենցավանում՝ սեւ, իսկ Սյունիքում՝ գունավոր մետաղների մետաղաձուլական գործարաններ ունենալու։Ավելին՝ «Հանրապետությունը» համարում է, որ պետությունը պետք է նշված ընկերությունների պայմանագրային պարտավորությունների մեջ ավելացնի կետ՝ պարտադրելով իրենց ստացած արդյունքի 40%-ը, առաջնայնության սկզբունքով, վաճառել Հայաստանի ներսում գործող ներկա եւ ապագայում ձեւավորվելիք արտադրական ընկերություններին։ Դա վստահաբար հնարավորություն կտա նոր ներդրումներ ներգրավել եւ բարձր տեխնոլոգիական արտադրանք ու լավ վճարվող աշխատատեղեր ստեղծել։«Հանրապետություն» կուսակցությունը կտրականապես մերժում է բնապահպանական պատրվակներով արտաքին քաղաքական ներգործությունը, որը մեր կարծիքով ստվերային ներգրրավվածություն ունի Ամուլսարի խնդրում: Դա է իրական սպառնալիքը Հայաստանի ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, միջազգային իմիջին եւ ոչ թե քարոզվող բնապահպանական խնդիրները։ 21-րդ դարի տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կառավարել ու կանխել բնապահպանական ռիսկերը:Եվ ընդհանրապես ռիսկը, ոչ միայն սահմանին կանգնած զինվորինն է, այլեւ որոշակի առումով մեզնից յուրաքանչյուրինը, եթե ուզում ենք, իհարկե, չպարտվել այս պատերազմում, առավել եւս երբ արդեն հաղթել ենք։ Ամեն օր չէ, որ Հայաստանի տնտեսության մեջ 400 միլիոն դոլարի ներդրում են անում ու դրանից չօգտվելը միանշանակ ծանր հետեւանք է ունենալու:Կա այլ առաջարկ նաեւ՝ Ամուլսարը մնում է սար, տնտեսական պատասխանատվություն չունեցող բնապահպան ակտիվիստները հաղթում են, բայց այդ դեպքում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի, սպառողական զամբյուղի, բյուջետային աշխատողների աշխատավարձի ավելացումից, պրոֆեսիոնալ բանակի անցնելուց, նոր զինատեսակներից, ապահով սահմանային ինժեներական կառույցներից ու տնտեսական հեղափոխությունից խոսելը անիմաստ է, որովհետեւ ներդրումներ եւ արտարժույթ ներգրավելու այլ ստաբիլ տարբերակ մենք ուղղակի չունենք։Վերջիվերջո Հովհանես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի հերոսը ժողովրդական, բայց դրական կերպար չէ։ «Հանրապետություն» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ Ամուլսարը մեր հարստությունն է, եւ մենք պարտավոր ենք նրա հնարավորությունները ծառայեցնել պետությանն ու ժողովրդին:
08:37 - 22 օգոստոսի, 2019
Եթե վարչապետի որոշումը այսպիսի կարևոր հարցում տրամագծորեն տարբերվեր իմ մոտեցումից, ես մանդատս վայր կդնեի ու կքննադատեի այդ մոտեցումը․ Բաբկեն Թունյան

Եթե վարչապետի որոշումը այսպիսի կարևոր հարցում տրամագծորեն տարբերվեր իմ մոտեցումից, ես մանդատս վայր կդնեի ու կքննադատեի այդ մոտեցումը․ Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որպեսզի հարցեր չմնան Երկար եմ գրել, բայց անկեղծ, խնդրում եմ մինչև վերջ կարդացեք, եթե կարդալու եք։ Ուրեմն իմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում եղել են շատ պահեր, երբ կողքից նայելով՝ ներքուստ էգոիստաբար ուրախացել եմ, որ որոշում կայացնելու պատասխանատվությունը իմը չէ։ Ուրախացել եմ, որովհետև թեկուզև ամբողջական ինֆորմացիա չունենալով՝ հասկացել եմ, որ լինում են պահեր, երբ պիտի վատի և վատագույնի միջև ընտրություն կատարել, ու այդ որոշման հետևանքի համար պատասխան է տալու որոշում ընդունողը։ Անկեղծ ասեմ, եղել են պահեր, երբ զուտ մարդկայնորեն հասկացել եմ նաև նախկին ղեկավարների պատասխանատվությունը կարևոր որոշումներ կայացնելիս, ու դրա համար քննադատություններիս մեջ եղել եմ զուսպ ու հնարավորինս օբյեկտիվ (ասում եմ՝ հասկանալով, որ ոմանք այս ամբողջ տեքստից հենց այս նախադասությունը կֆիքսեն ու կսկսեն շահարկել)։Վերջին 6 ամիսը, արդեն ինքս լինելով որոշում ընդունողներից մեկը՝ որպես ԱԺ պատգամավոր և առանցքային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, արդեն ներսից զգացել եմ այդ պատասխանատվության ամբողջ ծանրությունը։Լինի դա ցեմենտի պետտուրքի, հարկային օրենսգրքի կամ մեկ այլ հարցում... Երբ հասկանում ես, որ օրենքի մեջ մեկ տառ կամ մեկ թիվ փոխելդ ազդում է հարյուր հազարավոր մարդկանց կյանքի մակարդակի վրա։ Ու դրան գումարած՝ երբ որևէ անձնական շահ չունես, բայց գիտես, որ ցանկացած դեպքում լինելու են դժգոհ կողմեր, շահարկումներ ու քեզ վերագրելու են մեղքեր, որոնց մասին դու անգամ չես էլ մտածել։Եղել են օրեր, երբ գիշերները չեմ քնել՝ վերլուծելով, թե արդյոք ճի՞շտ եմ վարվում, թե՞ ոչ։ Ու փառք Աստծո, մինչ օրս խղճիս հետ մաքուր եմ։ Նաև այն պատճառով, որ ամենախնդրահարույց հարցերում մեր քաղաքական թիմի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը եղել է շատ հստակ. հիմնվել օբյեկտիվ տվյալների վրա և կայացնել հիմնավորված որոշում՝ հաշվի չառնելով քաղաքական, խմբային կամ անձնական որևէ շահեր։Հիմա գանք Ամուլսարին։Ամենաառանցքային հարցերից մեկն է։ Մի կողմից կան բնապահպանական ռիսկեր, մյուս կողմից՝ տնտեսական։ Կողքից էլ քաղաքական ու աշխարհաքաղաքական։ Ու այս հարցում որոշում կայացնելը բարդ, ծանր, չափազանց ծանր պատասխանատվություն է ենթադրում։Հասկանալու համար, թե որքան մեծ է պատասխանատվությունը, նկատի ունեցեք, որ վարչապետին 1 տարուց ավելի ժամանակ պահանջվեց իրավիճակն ամբողջությամբ հասկանալու, երևացող ու չերևացող ռիսկերը վերլուծելու համար։Ու վարչապետը պատրաստ է որոշում կայացնել։Կարծում եմ չեք վիճի, որ նա այս հարցում ամենակոմպետենտ մարդն է, և պաշտոնի բերումով՝ տիրապետում է ամբողջ ինֆորմացիային։Մեկ գրամ չեմ կասկածում, որ նա նաև որևէ անձնական շահ չունի և ընտրել է այն տարբերակը, որը մեր երկրի համար ամենաճիշտն է, եթե չասեմ օգուտ, ապա գոնե նվազագույն վնաս ենթադրողը։Հիմա կողքից ասում են՝ ՀԱՆՐԱՔՎԵ արեք։Եկեք անկեղծ լինենք. պատասխանատվություն վերցնելուց վախեցող ցանկացած իշխանության համար ամենահեշտ տարբերակը հանրաքվեն է։ Որոշումը թողնում ես ժողովրդին ու դրա հետևանքների պատասխանատվությունն էլ ժողովրդի ուսերին։Ինքս ունեմ իմ մոտեցումը Ամուլսարի հարցում, որը հիմնված է իմ սեփական վերլուծությունների վրա, որը չի փոխվել վերջին մեկուկես տարում ու որի մասին բազմիցս խոսել եմ։ Անձամբ ինձ համար հանրաքվեն լավագույն տարբերակը չէ, որովհետև կկայացվի թվացյալ արդար, բայց ոչ պարտադիր է, որ ճիշտ որոշում։ Ժողովուրդը երբեմն կարող է սխալվել կոնկրետ հարցերում՝ կոնկրետ խնդրի մասին ոչ բավարար գիտելիք կամ տեղեկություններ ունենալու պատճառով։Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա որոշում կայացնելու հարցում, քան ես։Բայց հանրաքվեն էլ տարբերակներից մեկն է։Ամեն դեպքում, անկախ նրանից թե ինչ որոշում կկայացնի վարչապետը՝ ինքնուրույն, թե հանրաքվեի միջոցով, ես կիսում եմ իր հետ այդ պատասխանատվությունը։Ու սա ոչ թե պաթետիկ հայտարարություն է, այլ գիտակցված՝ հստակ պատկերացնելով նրա կոմպետենտությունն ու անկողմնակալությանը։Եթե վարչապետի որոշումը այսպիսի կարևոր հարցում տրամագծորեն տարբերվեր իմ մոտեցումից, ես մանդատս վայր կդնեի ու կքննադատեի այդ մոտեցումը։Այսքանը։Հավատացեք, ընտրողներին դուր գալու ձևերը, պուպուշ երևալու ձևերը շատերից լավ գիտեմ։ Բայց ես եկել եմ ԱԺ Փաշինյանի ստացած քվեով, ու նպատակս ոչ թե հաջորդ անգամ ամեն գնով ընտրվելն է, այլ ճիշտ, թեկուզև ոչ պոպուլյար որոշումներ կայացնելուն նպաստելը»։
05:53 - 22 օգոստոսի, 2019
Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը ասաց, որ այնուամենայնիվ կարծում է, որ հարցին արժե պատասխանել ավելի խորը ուսումնասիրությունից հետո, Նիկոլ Փաշինյան

Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը ասաց, որ այնուամենայնիվ կարծում է, որ հարցին արժե պատասխանել ավելի խորը ուսումնասիրությունից հետո, Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօրվա որոշման մասին, որպեսզի տարընթերցումներ չլինեն: Այսօրվա քննարկման ամենավերջում (ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ, ներկա էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը եւ բոլոր իրավասու նախարարությունների ներկայացուցիչները) ասացի, որ վերջին անգամ եմ հարցը դնում. «Էլարդի» եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրում է, որ Ամուլսարի նախագիծը պետք է անցնի նոր ՇՄԱԳ: Ինչու՞ եմ այս հարցը տվել, որովհետեւ օգոստոսի 19-ի ուղիղ եթերում ասել էի, որ այս հարցով իմ համոզվածությունը 99.9 տոկոս է, ոչ 100 տոկոս՝ նույն օրն առավոտյան տեղի ունեցած խորհրդակցության արդյունքներով: Բոլոր ներկաները, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը, ինչպես օգոստոսի 19-ի խորհրդակցության ժամանակ՝ տվեցին բացասական պատասխան: Արդեն պատրաստվում էի փակել խորհրդակցությունը, երբ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը ասաց, որ այնուամենայնիվ կարծում է, որ հարցին արժե պատասխանել ավելի խորը ուսումնասիրությունից հետո:   Դրանից հետո աշխատակազմին հանձնարարեցի «Էլարդի» եզրակացությունն ուղարկել շրջակա միջավայրի նախարարություն՝ համապատասխան հանձնարարականով»։  
13:19 - 21 օգոստոսի, 2019
ԹԻՀԿ-ն ներկայացրել է իր մտահոգությունները Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ

ԹԻՀԿ-ն ներկայացրել է իր մտահոգությունները Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Ամուլսարի հանքավայրի շահագործման կապակցությամբ հարուցված քրեական գործի հեռանկարի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի դիրքորոշման շուրջ ներկայացրել է իր մտահոգությունները, որն ուղարկել է Քննչական կոմիտե:ԹԻՀԿ-ի ներկայացրած հաղորդագրության մեջ ասվում է. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Ամուլսարի հանքավայրի շահագործման կապակցությամբ հարուցված քրեական գործի հեռանկարի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի դիրքորոշման շուրջ ներկայացրել է իր մտահոգությունները, որոնք ամփոփված են կոմիտե ուղարկված գրությունում: 2018թ․ հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության ռիսկերը, դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների հիմնավորվածությունը, ինչպես նաև ներկայացված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունում արձանագրված հետազոտությունների հիմնավորվածությունը անկախ փորձագիտական գնահատմամբ պարզելու համար քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է միջազգային մրցույթի արդյունքներով ընտրված ELARD ընկերությանը։ Վերջինս իր ուսումնասիրություններում ներգրավել է TRC ընկերությանը:Սույն թվականի օգոստոսի 15-ին ՀՀ կառավարության նիստին Ձեր կողմից վերոնշյալ քրեական գործով տեղեկացվել է, որ ստացված համալիր փորձագիտական եզրակացության տվյալների հիմքով քրեական գործի վարույթի հեռանկարը կարճման որոշումն է, քանի որ հանքավայրի շահագործումը՝ եզրակացության մեջ նշված պայմանների կատարման դեպքում շրջակա միջավայրի, մասնավորապես՝ հանքավայրի ազդեցության գոտու ջրային ռեսուրսների վրա բացասական հետևանքներ չի թողնի[1]։ Նմանատիպ տեսակետով լրատվամիջոցների հետ հանդիպմանը հանդես է եկել նաև ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ, վերոնշյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։ Գտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի՝ քրեական գործը կարճելու մտադրությունը հիմնազուրկ է, իսկ ELARD-TRC փորձագիտական եզրակացության մեջ[3] ամրագրված որոշ գնահատականներ ուղղակիորեն վկայում են հարուցված քրեական գործի վարույթի շարունակման իրավական և փաստական անհրաժեշտության մասին՝ հետևյալ պատճառաբանությամբ․ ELARD-TRC ընկերությունների կողմից վերոնշյալ քրեական գործի շրջանակներում իրականացված փորձաքննության եզրակացության մեջ տարբեր հարցերի պատասխաններից ակնառու է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում հանքավայրի շահագործման վնասակար ազդեցությունների հաշվառման գործում դիտավորության կամ անզգուշության գործոնի առկայությունը։ Մասնավորապես՝ ELARD-TRC փորձագիտական եզրակացության 5-րդ մասի 41-րդ էջում նշված է, որ ՇՄԱԳ/ԲՍԱԳ գնահատումները թերի են, համապատասխան հետևությունները անվստահելի, հետևաբար, հարցին, թե արդյոք հանքավայրի ընդհանուր շահագործումը կարող է ընդհանուր համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել։ Նշված գնահատականը և եզրակացության մեջ առկա ևս նման այլ գնահատականներ, որոնց քաղվածքները ներկայացվում են կից փաստաթղթով, ուղղակիորեն վկայում են այն մասին, որ բնապահպանական պետական փորձաքննություն իրականացնող անձինք, որոնք իրենց պաշտոնեական գործառույթների իրացմամբ պարտավոր են եղել իրականացնել ՇՄԱԳ հաշվետվությունների պատշաճ ուսումնասիրություն, բացահայտել թերությունները, ապահովել հաշվետվությունների լիարժեքությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունը և կանխարգելել, նվազեցնել կամ բացառել վնասակար ազդեցությունները ու դրանց հետևանքները, չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները։ Ինչպես վկայում են ELARD-TRC ուսումնասիրության արդյունքները, վերոնշյալ գործառույթները փաստացի չեն իրականացվել, ուստի ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան աշխատակիցների գործողությունները պետք է գնահատվեն առնվազն որպես պաշտոնեական անփութություն: Վերոնշյալ հիմնավորմամբ պետք է արգելվի Ամուլսարի հանքավայրի շահագործումը՝ ելնելով թերի ուսումնասիրությամբ պայմանավորված՝ դրա հետևանքների անկանխատեսելիությունից։ 2016թ․ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու գործընթացում թույլ տված խախտումների իրավական գնահատականը տրված է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով: Մասնավորապես՝ դրա համաձայն պաշտոնեական անփութություն է որակվում պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին։ Ընդ որում, ըստ հոդվածի ձևակերպման խոսքը միայն գույքային վնասի մասին չէ, այլ ցանկացած այլ վնասի։ ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածը որպես պետության պոզիտիվ պարտավորություն ամրագրել է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը խթանելը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների նկատմամբ։ Իսկ որպես յուրաքանչյուր անձի պարտավորություն՝ հոդվածը նախատեսում է շրջակա միջավայրի պահպանության մասին հոգ տանելը։ Անկախության հռչակումից ի վեր ՀՀ-ում իրականացված տնտեսական զարգացմանը միտված բոլոր ծրագրերում և նախագծերում սահմանադրաիրավական այս կարգավորումները դիտարկվել են բացառապես դեկլարատիվ բովանդակությամբ և չեն իրացվել։ Այդպիսով կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասամբ անտեսվել են մարդու՝ առողջ կենսագործունեության միջավայրում ապրելու իրավունքը, ինչի արդյունքում այսօր Հայաստանն ունի էկոլոգիական և դրա հետ փոխկապակցված մարդու առողջության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ։ Այս համատեքստում Ամուլսարի շահագործման դեպքում բնապահպանական խնդիրները, որոնք հիմնավորապես մատնանշված են ELARD-TRC փորձագիտական եզրակացության մեջ, ինչպես նաև տարբեր տեղական ու միջազգային մասնագետների պնդումներում, կարող են առանց չափազանցության քայքայել նաև գործող տնտեսությունը, մասնավորապես՝ առողջարանային և հանգստավայրային զբոսաշրջային բիզնեսը։Հարկ է փաստել, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման բացասական ռիսկերի կանխումն արդեն իսկ դուրս է միայն բնապահպանական ոլորտի պատասխանատուների գործառույթների տիրույթից և առնչվում է գործընթացում իրավախախտումների վերաբերյալ ապացույցների հավաքագրմամբ և դրանց քննությամբ զբաղվող պաշտոնատար անձանց պարտականություններին։ Մասնավորապես՝ որպես ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից վերոնշյալ քրեական գործի իրավական ճակատագրի վերաբերյալ հնչեցված գնահատականների արձագանք՝ հարկ ենք համարում շեշտել, որ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել խիստ պատասխանատու աշխատանքի նկատմամբ և չանտեսել հիշատակված քրեական գործում ապացուցողական նշանակություն ունեցող հիմնական փաստաթղթում բարձրացված խորքային հարցերին տրված հիմնարար և առանցքային պատասխանները, որոնցով, ըստ էության, հիմնավորվում է քննչական կոմիտեի ներկայացուցիչների հնչեցրած մտադրությունների հակառակ անհերքելի դիրքորոշումն առ այն, որ հարուցված քրեական գործի վարույթը պետք է շարունակվի։ Հակառակ պարագայում՝ վարույթը կարճելու վերաբերյալ Ձեր հնարավոր որոշումը կարող ենք դիտարկել որպես պաշտոնեական անփութություն։Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք մանրակրկիտ ուսումնասիրել փորձագիտական եզրակացության կից ներկայացված խիստ խնդրահարույց հատվածներն ու դրանցով նախանշված ռիսկերը և համապատասխան քրեաիրավական գնահատականի արժանացնել Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու գործընթացում, մասնավորապես՝ բնապահպանական փորձաքննություն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները»։
11:59 - 21 օգոստոսի, 2019
Եթե ժողովրդի կարծիքը հաշվի չառնվեր, այդ հանքը կշահագործվեր 2018 թվականին․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյան

Եթե ժողովրդի կարծիքը հաշվի չառնվեր, այդ հանքը կշահագործվեր 2018 թվականին․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյան

ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամացոր Սուրեն Գրիգորյանի հետ զրուցել ենք Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ հարցերի շուրջ։   - Եթե հետևել եք վերջին օրերին Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձություններին, ո՞րն է Ձեր դիրքորոշումը այս հարցում։ -Ըստ էության իմ դիրքորոշումը նույնական է վարչապետի երեկվա ելույթի հետ։ Լրիվ նույնական է, անգամ կասեի, բացառիկ դեպք է։ - Այսինքն՝ ոչ մի կետ չկա՞, որի շուրջ ուրիշ կարծիք կամ կասկածներ ունեք։ - Ես ինձ կոմպետենտ չեմ համարում, որպեսզի հասնեմ նրան, որ ասեմ՝ ես ունեմ միանշանակ կարծիք։ Ես տեսնում եմ հետևյալը․ երբեմն ինչ-որ հարցով որոշում կայացնելու համար գիտելիք է պետք, որը մարդը, որ պիտի որոշում կայացնի, օբյեկտիվորեն չունի, և դիմում է փորձագետների։Նախ ասեմ, որ փորձաքննական եզրակացությունում, որ մեր ընկերներն ասում են՝ կան խնդրահարույց կետեր: - Նաև շատ բնապահաններ ասում են, որ Քննչական կոմիտեն մանիպուլյատիվ է ներկայացրել փորձաքննության եզրակացությունը վարչապետին։ - Հարցը հետևյալն է․ ոչ մի փորձաքննության եզրակացություն, որի մեջ ոչ մի խնդրահարույց կետ չնշվի, չի լինում։ Միշտ հնչում են որոշակի մտահոգություններ, միշտ երևում են որոշակի ռիսկեր, որոնք փորձաքննություն իրականացնողը գոնե նշում է նրա համար, որ հանկարծ եթե մի օր դա ի հայտ գա, կամ այդ ռիսկը աշխատի, չասեն՝ դու մեզ ինչո՞ւ չէիր զգուշացրել, որ կարող է այսպիսի բան լինել, այսինքն՝ իրեն ապահովագրելու որոշակի էլեմենտ ունի ցանկացած մարդ, որը գնում է փորձաքննական եզրակացության։ Ես ի սկզբանե կարդացել էի եզրակացության միայն վերջնամասը, բայց իմ գործընկերների հորդորով կարդացել եմ ամբողջությամբ՝ բացառությամբ 2-րդ կետի (այնտեղ կան խիստ մասնագիտական հատվածներ)։ Դրանից հետո ես մնացել եմ նույն կարծիքին։ Եզրակացության մեջ, այո՛, կան վախենալու հնչող նախադասություններ, և դրա հետ ոչ մեկը չի վիճում, ու վարչապետը դրա մասին գիտի։ Խնդիրն այն է, որ մարդիկ մտածում են, թե վարչապետը այնքան մակերեսային անձնավորություն է, որ ո՛չ կարդացել է, ո՛չ մտահոգությունները լսել է, ոչ մեկը իրեն չի ասել, մենակ այդ մարդիկ են նկատել, որ այնտեղ այդպիսի բան կա գրված։Այնտեղ կան նախադասություններ, որոնք որոշակի մտահոգություն են առաջացնում։ Վերջում ասվում է՝ այս ամեն ինչը հաշվի առնելով՝ և՛ լավը, և՛ վատը, եթե այս-այս-այս միջացառումները իրականացվեն, ռիսկերը կլինեն կառավարելի։Ասում են՝ վարչապետին խաբել են․․․ Ես Ձեզ վստահեցնում եմ, եթե այդ եզրակացությունը վատ լիներ, մենք վստահ չլինեինք այդ եզրակացության բովանդակության վրա, կարող էր չհրապարակվել, եկեք ճիշտը խոսենք, ոչ մեկը չէր ասելու՝ անպայման հրապարակենք։ Նման պարտավորություն ոչ մի տեղ սահմանված չէր, պարտավորությւոնը բխում էր ժողովրդի հետ անկեղծ, թափանցիկ աշխատելաոճից, որը իշխանությունը որդեգրել է։ - Այսինքն՝ Դուք վստահո՞ւմ եք փորձաքննության եզրակացությանը։ Իհարկե վստահում եմ, իսկ ի՞նչ հիմք ունեմ չվստահելու։ Նախ նայեք, թե այդ կազմակերպությանը ով է վստահում ու պատվիրում։ Այդ ընկերությունը օդից մենք չենք որոշել։ Որ ասում են լիբանանյան ընկերություն, շահարկում են, կապ չունի, որ լիբանանյան ընեերություն է։ Առավել ևս ՀՀ ներկայացուցիչները չեն, որ պետք է դա ասեն, որովհետև եթե ասեն՝ դե Հայաստանը ի՞նչ երկիր է, որ այսինչ փորձաքննությունը անի, հաստատ ոչ մեկի դուր չի գա։ Եթե մարդիկ ուզում են կոմպետենտությունը ստուգել, թող եզրակացությունը բացեն, այնտեղ առանձին բաժին կա, թե ով է փորձաքննությունը իրականացրել, և այդ փորձաքննությունը իրականացրած անձանց կենսագրությունն է գրված։ Երբ ասվում է, որ որոշում կայացվեց՝ չլսելով ժողովրդի կարծիքը: Նախ, ժողովրդի կարծիք լսել ենք թե չենք լսել, որոշում կայացնելիս եթե մենք չափում ենք նրանով, թե որոշումը մեր դուրը գալիս է/չի գալիս, սա ճիշտ չափման միավոր չէ։ Օրինակ, հաճախ է լինում, որ եթե ինչ-որ որոշում պիտի կայացնեք, լսում եք ձեր ընկերների խորհուրդները, բայց կայացնում եք մի որոշում, որ իրենք ձեզ խորհուրդ չեք տվել։ Արդյո՞ք դա նշանակում է, որ իրենց չեք լսել: - Բայց այստեղ տարբերություն կա․ այդ մարդիկ ասում են՝ մենք ապրում ենք այստեղ, և այստեղ հանք շահագործելուց առաջ պիտի առաջինը մեծ կարծիքը հարցնեք։ Սա ոչ թե անձնական որոշում է, այլ այդ տարածքի բնակիչներին անմիջապես վերաբերող որոշում։ - Երբ որ այդ որոշումը կկայացներ տեղական ինքնակառավարման մարմինը, որը ձևավորվել է տեղացի բնակիչների կողմից, ես այդ փաստարկը կհասկանայի։ Բայց այդ որոշումը, որը վերաբերում է այդ տեղանքին, կայացնում է մի իշխանություն, որ ընտրվել է ՀՀ ամբողջ ժողովրդի կողմից։ Վաղը, եթե այդ հանքը չշահագործվի, և մեզ վրա դրվեն որոշակի ֆինանսական պարտավորություններ (էլի ասում են՝ չեն կարող արբիտրաժի դիմել, որպես իրավաբան կարող եմ ասել, որ պատշաճ չեն ուսումնասիրել և շատ մակերեսային գնահատականներ են), երբ որ վաղը այդ տուգանքները նախատեսվեն ՀՀ-ի համար, այնպես չէ, որ մենակ այդտեղի բնակիչների աշխատանքից կամ հարկերից են այդ գումարները վճարելու, և այնպես չի, որ որպես Երևանի բնակիչ՝ իմ աշխատանքից, հնարավոր է անգամ իմ երեխաները, այնքան մեծ գումար լինի, որ իրենց աշխատանքից դեռ վճարելու են։ Խնդիրը տեղայնացնելու տրամաբանությունն ընդհանրապես ճիշտ չէ։ Մի կողմից կա միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից փաստարկված գիտական վերլուծություն և եզրակացություն, մյուս կողմից կան հայտարարություններ, և, եթե ՀՀ իշխանությունը տեսնի՝ մարդիկ ինչ են հայտարարում, իշխանության մոդելն այպես չէ, ո՛չ այդպիսի ԱԺ է մեզ պետք, ո՛չ կառավարություն է պետք, ո՛չ դատական իշխանություն է պետք, մեզ պետք է մի սոցիոլոգիական կենտրոն, որ ամեն առանձին հարցով շատ պրոֆեսիոնալ հարցում կիրականացնի, կտեսնի՝ մեծամասնությունն ինչ է ուզում, չի նայի փոքրամասնությունը, որը կա, կան մարդիկ, ովքեր ուզում են, որ Ամուլսարը շահագործվի, շատ մեծ զանգված, որ դիրքորոշում չունեն, վստահում են իրենց իշխանությանը, ասում են՝ ոնց որոշեք, այդպես է։ Եթե ժողովրդի կարծիքը հաշվի չառնվեր, այդ հանքը կշահագործվեր 2018 թվականին, որովհետև այն պահի դրությամբ, երբ Նիկոլ Փաշինյնաը դարձել է վարչապետ, բոլոր թղթերը, որոնք հիմք էին, որպեսզի այդ հանքը շահագործվեր, արդեն կային։ Բայց մենք ասել ենք՝ քանի դեռ կան շատ հայտարարություններ երբեմն անձանց կողմից, ովքեր պնդում են, որ իրենց եզրակացությունները գիտական հիմնավորում ունեն, որ կարող են Սևանի կամ Ջերմուկի ջրերը վտանգի տակ լինել, մեզ ոչ մի թուղթ չի հետաքրքրում, ինչ ուզում եք՝ արեք, չի լինելու այդ հանքը և վերջ։ Այդ ընթացքում գիտե՞ք՝ ինչքան միջազգային կազմակերպություններ, այլ պետությունների ամենաբարձր ներկայացուցիչներ հարցեր են տվել, երբեմն շատ ուղղակի ճնշումներ են փորձել գործադրել, բոլորին ասել ենք՝ չի լինելու, եթե պարզվի, որ Սևանի վրա ավտանգ կա, եթե պարզվի, որ չկա, շաագործվելու է։ Շատերը հույս ունեին, որ փորձաքննությունը գալու է, ասելու է՝ չէ, վտանգավոր է։ Հիմա եթե մենք խոսք ենք տվել, նախ պատճառ չունենք հետ կանգնելու, հետո դա էլ է շատ վատ բան, երբ իշխանությունը մի բան ասում է, հետո չի անում, այդ իշխանությունը դառնում է անլուրջ, ոչ վստահելի ոչ միայն երկրի ներսում, այլ նաև միջազգային գործընկերների համար։Եթե հարցը այն է, որ սա ոչ պոպուլյար որոշում է, որը իշխանության կողմից կայացվել է, այո՛ սա միգուցե և ոչ պոպուլյար որոշում է, և իշխանությոնը նաև նրանով է իշխանություն, որ մարդը տեսնում է, որ մի բան ճիշտ է, ասում է՝ այսպես անենք, փաստարկված, գիտականորեն անենք, ոչ թե միայն բացականչությունների և էմոցիաների դաշտում։ Անգամ եթե այդ որոշումը ոչ պոպուլյար է, դա պետք է կայացվի, որովհետև ասում են՝ իշխանությունը ժողովրդին չլսեց։ Եթե անգամ ընդունենք, որ չեմ լսում, ես պատասխան ունեմ՝ ինչու չեմ լսում, բայց եթե ես այսօր այդ հանքը փակեի, վաղը մեր ներդրումային միջավայրի «հերն անիծվեր», ոչ մեկն այստեղ ներդրում չկատարեր, տուքանքներ հսկայական արբիտրաժով մեր գլխին գային, ինձ կասեն՝ բա քեզ ընտրելլ էինք, երկիր էինք վստահել, ի՞նչ արեցիր, այդ ժամանակ ես պատասխան չէի ունենալու։ - Այսինքն՝ մտածում եք, որ այն բնապահպանները, բնակիչների այն զգալի հատվածը, որոնք կողմ չեն հանքի շահագործմանը ու վտանգներ են տեսնում, սխալվո՞ւմ են, և եթե իշխանությունը հանքը շահագործելու թույլտվություն տա, ճի՞շտ կվարվի։ - Այո՛, ես կարծում եմ, որ իրենք սխալվում են, ես չեմ ասում, որ դա չարամիտ է, մենք բոլորս բարեխղճորեն շատ հաճախ սխալվում ենք։ Վարչապետը շատ ճիշտ բան է արել, ասել է՝ այս հարցը պետք է լուծվի ոչ թե էմոցիաներով՝ ով ավելի բարձր կգոռա հարթակում, այլ պետք է լուծվի մասնագիտական ոլորտում։ Մասնագիտական ոլորտում այս հարցը լուծվել է, ու մենք գնում ենք դրա հետևից։ Այն, որ մարդկանց դուրը դա չի գալիս, ես հասկանում եմ, չեմ ասում նրանք վատն են կամ նրանց ֆինանսավորում են Կան մարդիկ, ովքեր արդարամիտ մարդիկ են և իրոք հավատում են, որ այդ հանքը վատն է և չեն ուզում մեր արգումնետները լսել կամ մենք լավ չենք բացատրում։ Ենթադրենք չի շահագործվում այս հանքը, չե՞ն ասելու՝ վայ, ապրեք, ինչ լավ իշխանություն եք, բայց դրա համա՞ր է իշխանությունը, թե՞ նրա համար է, որ ճիշտ որոշում կայացնի։ Միշտ 100, 200, 1000 հոգի կարող է լինել, որ դժգոհ է ինչ-ինչ բաներից։ Կամ մեր շատ հարգարժան գործընկերները՝ ՔՈ կուսակցությունը, որոնք շատ ակտիվ պայքարում են, որոնց մենք շատ հարգանքով ենք վերաբերվում,ի  սկզբանե ցանկացած հանքի դեմ են, իրենք ասում են՝ հանք պետք է չլինի առհասարակ, հետևաբար դա ուղղակի մեր պատկերացումների բախումն է, ինչը նորմալ է։Ի վերջո ոստիկանների մասով։ Ես որոշ տեսանյութեր նայել եմ, չեմ կարող գնահատական տալ՝ այնտեղ ուժը եղել է համաչափ, անհամաչափ, Ես չեմ վիճարկում, որ ոստիկանությունը ուժ է կիրառել, ոտիկանությունը նաև նրա համար է, որ օրենքի սահմաններում համաչափ ուժ կիրառի։ Ես գտնում եմ՝ սա այն իշխանությունը չի,որի հետ պետք է խոսել ճանապարհներ փակելու և գորգոռալու լեզվով։ - Մարդիկ իրավունք չունե՞ն այս իշխանությանն ինչ-որ բան ասելու համար խաղաղ բողոքի ակցիա իրականացնել, իրենց ձայնը բարձրացնել։ - Իրավունքի մակարդակով իրավունք ունեն անել ամեն ինչ։ Իրավունք ունենալ-չունենալը ես չեմ, որ պետք է որոշեմ։ Ես ասում եմ, որ անցած իշխանության դեպքում հարցը հասել էր փողոց փակելուն, խաղաղ անհնազանդության այն պատճառով, որ իշխանությունը բավականաչափ թափանցիկ չէր, հարթակներ չէր ստեղծում, քննարկումներ չէր հրավիրում կամ եթե հրավիրում էր, դրանք ձևական բնույթ էին կրում։ Իմ ասածը ոչ թե այն է, որ այդ մարդիկ իրավունք չունեն, ես ասում եմ, որ այսօր իշխանությունը այնքան է պատրաստ դիալոգի, այնքան է ստեղծում հարթակներ ու իրոք խոսում է, իրոք լսում է, որ դրա կարիքը չկա։ Այսօր փողոց փակելը ամենաէֆֆեկտիվ միջոցը չէ, եթե դու ուզում ես քո կարծիքը հասցնել իշխանությանը։ Բայց եթե այդպես ես որոշել անել, ի սեր Աստծո, արա՛, բայց որ պահից դա սահմանափակում է այլ անձաց իրավունքները, մասնավորապես՝ այլ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը, ոստիկանությունը ապահովելու է օրինականություն։ Եթե այդ պրոցեսում ոստիկանությունը ոչ օրինաչափ գործի, պատժվելու է ոստիկանը, բայց քանի դեռ ոստիկանությունը օրինաչափ է գործում, մենք բոլորս այդ ոստիկանի կողքին պետք է կանգնենք։      
10:24 - 21 օգոստոսի, 2019
Ես վստահում եմ վարչապետին և մեր իրավապահ համակարգին․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյան

Ես վստահում եմ վարչապետին և մեր իրավապահ համակարգին․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի հետ զրուցել ենք Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ հարցերի շուրջ։   - Եթե հետևել եք Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձություններին, ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս հարցում։ - Այստեղ կա և՛ իրավական կողմը, և՛ փորձագիտական, և՛ քաղաքական։ Գաղտնիք չէ, որ մենք խմակցության հետ, քաղաքական թիմի հետ քննարկումներ ենք անում։ Ես ինքս վստահում եմ վարչապետին (քաղաքական մասով նկատի ունեմ) և մեր իրավապահ համակարգին, ովքեր զբաղվում են, գիտեք` Քննչական կոմիտեն, և կարծում եմ սրանով ես արդեն իմ դիրքորոշումը ներկայացրի։ - Իսկ բնապահպանների, բնակիչների մտահոգությունների մասին ի՞նչ կասեք: Նրանք ասում են, որ Քննչական կոմիտեն մանիպուլյատիվ է ներկայացրել փորձաքննության եզրակացությունը, ասում են, որ իրենց կարծիքն էլ պիտի լսեն, որովհետև իրենք չեն ուզում, որ այդ տարածքում հանք շահագործվի։ - Ե՛վ մեր իրավապահ մարմինները, և՛ այդ փորձաքննությունը կոնկրետ թվերով և փաստերով են խոսում։ Իհարկե ես շատ բարձր եմ գնահատում մեր բնապահպանների փորձը, նվիրվածությունը մեր բնության հանդեպ, բայց կա փորձագիտական եզրակացություն, որի դեպքում իրենք այս պահին չունեն, համենայն դեպս իմ տեսադաշտում չի երևում, որ իրենք հիմնավոր հակափաստարկներ ներկայացնեն։ - Դուք լիովին վստահո՞ւմ եք փորձաքննության եզրակացությանը։ - Այսօր կամ վաղը կարող են բերել այնպիսի փաստարկներ, որ ավելի համոզիչ լինեն, բայց, դրա մասին նաև խոսել է վարչապետը, այս պահին մեր տեսադաշտում նման փաստարկներ չկան մեր բնապահպանների կողմից։
09:02 - 21 օգոստոսի, 2019
ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերլուծություններն ու գնահատումը

ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերլուծություններն ու գնահատումը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը՝ հայտնաբերված թերությունների կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:«Սույն հրապարակմամբ ՀՀ քննչական կոմիտեին ներկայացնում է Կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող թիվ 69104218 քրեական գործով (հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ) 2019թ. օգոստոսի 7-ին ստացված համալիր փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը՝ հայտնաբերված թերությունների կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:Վերլուծությանն ու գնահատմանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
07:46 - 21 օգոստոսի, 2019
Ամուլսարը չպիտի հանք դառնա, սա որևէ կերպ քննարկման չի ենթարկվում․ Սոֆյա Հովսեփյան |hraparak.am|

Ամուլսարը չպիտի հանք դառնա, սա որևէ կերպ քննարկման չի ենթարկվում․ Սոֆյա Հովսեփյան |hraparak.am|

hraparak.am։ Նախկինում ՀՀ վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան գրառմամբ առաջարկել է, որ «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք դեմ են Ամուլսարի հանք դառնալուն, կարող են, օրինակ, կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել: «Մերժել` մերժել ա, Ամուլսարի հանք դառնալը մերժելով` կստեղծվի նաև ՀՀ ԱԺ պատմության առաջին բնապահպանական միավորը, իսկ լավ աշխատելու դեպքում կարող ա դառնա բնապահպանական Հայաստանի լոկոմոտիվը»,- գրել է նա։ Քանի որ այս ընթացքում իմքայլական մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը դեմ են արտահայտվել հանքի շահագործմանը, փորձեցինք հենց իմքայլականներից ստանալ պարզաբանում, թե կա՞ արդյոք մայր ֆրակցիայից անջատվելու և նոր խումբ ստեղծելու հիմք։ Զրույց Սոֆյա Հովսեփյանի հետ։ Տիկին Հովսեփյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ Ամուլսարի հողի վրա դե յուրե կայանա «Իմ քայլի» ներսում 2 տարբեր հոսանքների դե ֆակտո տարանջատումը։ Ես երկար ժամանակ երկրում չեմ եղել, հենց նոր եմ հասել Հայաստան, հեռվից հետևել եմ գրառումներին, բայց պոկվելու կամ նման տրամադրվածության հետ կապված որևէ գնահատական չեմ կարող տալ, քանի որ շատ երկար չեմ հաղորդակցվել պատգամավորների հետ։ Միայն որոշ պատգամավորների գրառումներն եմ տեսել։ Այսինքն՝ սա մոտեցում է, դիրքորոշում է, թե կա նմանատիպ ինչ-որ բան, չեմ կարող ասել, որովհետև չեմ հանդիպել։ Անգամ վարչապետի հանդիպման ժամանակ երկրում չեմ եղել։ Չգիտեմ՝ ինչ իրավիճակ է եղել, տեղեկացել եմ մամուլից, իսկ մամուլը չի կարող ամբողջական տեղեկատվություն տալ փակ քննարկումից։ Կարծում եմ՝ պոկվել, առանձնանալ և ընդդիմություն կազմելը միշտ էլ կարող է լինել, բայց այստեղ խնդիրը ոչ թե առանձնանալն է, այլ այն, որ մեկս մյուսին սատարելով՝ հարցի լուծումը գտնենք։ Եթե մենք առանձնացանք և այլն, դա, այո, կարող է լինել որոշակի դիրքորոշում հայտնելու ձև, բայց այն, որ հաշվի առնելով, որ իսկապես երկիրը լուրջ խնդրի առաջ է կանգնած, սա չի կարող լինել լուծում։ Եվ մեզ պետք է, որ ամբողջական համախմբվենք և համախմբվածության արդյունքում գտնենք լուծումը։ Այն է՝ կոնկրետ հաշվի առնենք այն բոլոր բացթողումները, որ կան Ամուլսարի հենց առաջին օրվա իսկ շահագործումից, պայմանագրերի կնքման ժամանակ ՇՄԱԳ-ի հարցերի հետ կապված, այդ խնդիրներն առաջ տանենք և պահանջենք «Լիդիանին» պատասխանատվություն կրել։ Այսօր կա փաստացի մի իրավիճակ, երբ կարևորագույն կետերը հաշվի չեն առնվել, որոնցով «Լիդիանը» խնդրի առաջ կկանգնի։ Այսինքն՝ անտեսվել են այն կարևորագույն հարցերը։ Բացի այն, որ շահագործումից հետո մենք վտանգների մասին խոսենք, այլև ի սկզբանե ծառացած այն խնդիրների, որոնք սկզբից դուրս են մնացել ուշադրությունից։ Երեկ ԱԺ դռները փակվեցին ժողովրդի առաջ, որ բացվել էին 2018-ի հոկտեմբերի 2-ին։  Սա միանշանակ անընդունելի է ինձ համար, որովհետև Ազգային ժողովը ձևավորվել է ժողովրդի կամքով, և փակել ժողովրդի առաջ դռները՝ ճիշտ որոշում չէ։ Միգուցե անվտանգությունից ելնելով կամ ինչ-որ բան, բայց, ինչքան հասկացա, քաղակտիվիստների նկատմամբ բավականին կոշտ վերաբերմունք է եղել։ Դրա մասին էլ մամուլից եմ տեղեկացել, չգիտեմ՝ հստա՞կ է դա, քանի՞ մարդ է բերման ենթարկվել։ Իմացա, որ մեկ հոգի բավականին երկար այնտեղ է մնացել։ Այսինքն՝ էս պահին էնքան քիչ ինֆորմացիա ունեմ, որ այս ամենի մասին ամբողջական ինֆորմացիա հայտնելը կլինի մասնակի մոտեցում, բացի այն, որ իմ մոտեցումն ի սկզբանե Ամուլսարի պայքարի մեկնարկից եղել է, և Ամուլսարը չպիտի հանք դառնա։ Սա որևէ կերպ քննարկման չի ենթարկվում, որովհետև ենթադրությունների մակարդակով ռիսկեր կարող են լինել, եթե երկրաշարժ լինի․ այս «եթե»-ն որևէ կերպ ապահովագրված չէ։ Անգամ եթե չլինի, միևնույն է՝ խնդիր է, և սա ամբողջ երկրի բնապահպանության հարցն է։ Ես չեմ խոսում միայն Ջերմուկի տարածքի մասին։ Սա միայն Վայոց ձորի կամ Սյունիքի հարց չէ, սա ողջ երկրի խնդիր է, և Սևանն էլ ողջ երկրի կարևորագույն ռեսուրս և հենակետ է։ Եվ մենք պետք է Սևանը ոչ թե ռիսկերի ենթարկենք և լճի մասին խոսենք «եթե»-ով, այլ պետք է ամեն պահի բացառենք ցանկացած «եթե»-ն։ Եվ եթե կա 0 չգիտեմքանի հարյուրերորդական հնարավորություն, հանքի շահագործումը պետք է բացառվի։ Եթե անգամ երկիրը տուգանքների ենթարկվի։ Նախ, ես վստահ եմ, որ եթե փաստաթղթերն օբյեկտիվ ուսումնասիրության գնան, «Լիդիանը» շատ ավելի մեծ տուգանքներ կունենա երկրին մուծելու, քան երկիրը՝ «Լիդիանին» կամ որևէ այլ ընկերության։
06:26 - 21 օգոստոսի, 2019
Բացատրություն ներկայացնելիս շատ կոնկրետ փաստական հագամանքներ եմ ներկայացրել․ Արթուր Գրիգորյան

Բացատրություն ներկայացնելիս շատ կոնկրետ փաստական հագամանքներ եմ ներկայացրել․ Արթուր Գրիգորյան

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Նախորդ գրառման տակ էս ի՞նչ վրա են տվել մեր ու մանուկ։ Բոլոր մեկնաբանությունները թողնում եմ մնան, որ դրանց որակի վերաբերյալ տպավորությունը չկորչի: Պատասխանեմ հիմնական բովանդակային հարցադրումներին՝ Ամուլսարի հարցում խայտառակվելու ֆոնին Փաշինյանն այսօր նշել է, որ ինձ աշխատանքից ազատել է «խայտառակ ոչ կոմպետենտության համար»: Նախ՝ ո՞ր պահից վարչապետը պարզեց այդ փաստը: Գուցե այն ժամանակ, երբ նրան տեղեկանքի տեսքով տվյալներ էի ներկայացրել Սևանի սիգի վերաբերյալ ակնհայտ ստվերային բիզնեսի մասին, թե՞ իր կաբինետում, կառավարության ամբողջ վերնախավի մասնակցությամբ՝ Ամուլսարի ստուգման արդյունքների՝ այդ թվում «թիթեռի ու ծաղկի» վերաբերյալ: Պաշտոնավարման ամբողջ ընթացքում երբևէ որևէ մեկը, որևէ անգամ իմ անմիջական վերադասը հանդիսացող վարչապետից դժգոհություն լսե՞լ է տեսչության գործունեության վերաբերյալ: Ես էլ չեմ լսել՝ ո՛չ հրապարակային կարգով, ո՛չ էլ ներքին: Իսկ հիմա առաջարկում եմ խոսենք կառավարության կոմպետենտության մասին. արդեն ասացի, որ Ամուլսարի շահագործման որոշումն արդեն գործնականում կայացված էր ու ինձանից պահանջում էին չեղարկել Ամուլսարի վերաբերյալ կայացված ստուգման ակտը: Ի պատասխան նշեցի, որ ակտը չեղարկելու համար հիմքեր չկան ու պահանջեցի տրամադրել պաշտոնական հանձնարարական, եթե դրանում պնդում են: Հատուկ շեշտում եմ, որ տեսչական մարմնի ղեկավարին հանձնարարական կարող էր տալ միայն նրա անմիջական ղեկավարը՝ վարչապետը: Հետո փորձեցին ինձ հետ համաձայնեցնել հանձնարարականի տեքստը, որ հետո չառարկեմ, անգամ առաջարկում էին, որ ես ինքս ձևակերպեմ այն: Հետո ուղարկեցին մի խայտառակ փաստաթուղթ, որը սքրին շոթ արած տեղադրում եմ:Իրավաբանները թող գնահատեն այս տեքստի «կոմպետենտությունը», որը պետք է տրվեր վարչապետի կողմից տեսչական մարմնի ղեկավարին, եթե կորզեին «համաձայնություն» դրա հիման վրա ստուգման ակտն ու այլ կից փաստաթղթերը չեղարկելու: Ու քանի որ տեքստը կարդալուց հետո ասացի, որ այս իրավական առումով խայտառակ տեքստի հիման վրա ես չեմ չեղարկելու ստուգման ակտը, այդ հանձնարարականն այդպես էլ չտրվեց: Սա՝ «կոմպետենտության» մասով: Այս փաստաթուղթը, ի դեպ, վաղը ներկայացնելու եմ ԱԱԾ-ի՝ վարույթն իրականացնող անձին: Հարցադրում էր արված, թե ինչու՞ մինչև հիմա չեմ խոսել այն մասին, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման քաղաքական որոշումն արդեն ընդունված է: Խոսել եմ ազատումից հետո Սիվիլնեթին տված առաջին իսկ հարցազրույցի ընթացքում: Այնքան պարզ ու հստակ, որ դրանից հետո աշխատակազմի ղեկավար Աղաջանյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հատուկ շեշտել է, որ սխալ են այն կարծիքները, թե ինձ ազատելով կառավարությունը ճանապարհ է հարթում Ամուլսարի շահագործմանը թույլտվություն տալու համար: Հարցազրույցները գտեք, նայեք: Փոխվարչապետ Ավինյանը նշել է, թե տեսչության ընդունած ակտի պատճառով Լիդիան Արմենիա ընկերությունը դատական հայց է ներկայացրել տեսչական մարմնի դեմ: Իսկ դուք ի՞նչ էիք ակնկալում՝ այդ ընկերությունը դատի է տալիս բոլորին, ովքեր մի թթու խոսք են ասում իր հասցեին, ուզում էիք իր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը չվիճարկե՞ր: Եվ ի՞նչ, արդյո՞ք դա նշաակում է, որ հայց ներկայացնելու փաստն ինքնին խոսում է ստուգման ակտի՝ անօրինական լինելու մասին: Այդ տրամաբանությամբ եք առաջնորդվում, երբ արբիտրաժի մասին են սպառնում: Ավինյանը կարծեմ մի տեղ էլ նշեց, որ Սևնի ու ջրերի հարցը թողած, թիթեռի հետևից ենք ընկել: Սա երկար պատասխան ենթադրող հարց է, առանձին հոդվածով կբացատրեմ: Վերջում դատախազության հայտարարությանն անդրադառնամ, որտեղ նշված է, թե ես այսօր ԱԱԾ-ում բացատրություն ներկայացնելիս հայտնել եմ, թե «կոռուպցիոն դրսևորման որևէ դեպքի վերաբերյալ տեղեկատվության չեմ տիրապետում, իսկ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումը չունի փաստական հիմք»: Ես չգիտեմ, թե ի՞նչ է ասել մյուս հարցաքննվող անձը և ինչու՞ են վարչապետի ու դատախազության հայտարարություններում իմ ներկայացրած հիմքերը նրա հետ միասին նույն տողով մատուցվում, քանի որ այդ մարդուն երբեք չեմ տեսել որևէ բնապահպանական միջոցառման ընթացքում: Բացատրություն ներկայացնելիս շատ կոնկրետ փաստական հագամանքներ եմ ներկայացրել, որոնք պետք է հիմք հանդիսանան լիարժեք քննություն իրականացնելու և Ամուլսարի շահագործման հարցում տարբեր՝ շատ կոնկրետ պաշտոնյաների կողմից անձնական շահագրգռվածության հնարավորության հարցը պարզելու համար: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ էին ակնկալում, որ կոռուպցիայի մասին խոսելիս պետք է կաշառք տալու փաստն արձանագրող ձայնագրությու՞ն ներկայացվի: Երբ Փաշինյանը լրագրող կամ պատգամավոր եղած ժամանակ խոսում էր, ասենք՝ Գագիկ Խաչատրյանի հետ կապված կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ, կաշառքը ձեռքը բռնած ապացու՞յց էր ներկայացնում: Թող քննությունն ընթանա, հետո կերևա: Ի դեպ, Գագիկ Խաչատրյանից ի՞նչ կա: Հ.Գ. երեք օրից հարսանիքս է, ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց գրել, որ էս ընթացքում ձայն չեմ հանելու, չբռնեն, տանեն։Բայց մենք ժպտում ենք»։
05:40 - 21 օգոստոսի, 2019
ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան

ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան

Եթե նույնիսկ ընդունենք, որ Ամուլսարի հանքն իրենից վտանգ չի ներկայացնում (ինչն իհարկե շատ հեռու է ճշմարտությունից), ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը։Նա մասնավորապես գրել է.«Ի գիտություն` ՀՀ Վարչապետին, ՀՀ Կառավարությանը, ՀՀ Ազգային Ժողովին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ Դատախազությանը, ՀՀ քննչական կոմիտեին, .... և ՀՀ ժողովրդին,Եթե նույնիսկ, մի պահ, ընդունենք, որ Ամուլսարի հանքը իրենից վտանգ չի ներկայացնում /ինչը իհարկե ճշմարտությունից շատ հեռու է/, ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավարեցրած միջազգային կոնվենցիաները իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել:Եղե'ք իրավագիտակից:Հայաստանը իրավական երկիր է և Վերջ»,-գրել է Նազելի Վարդանյանը և ավելացրե, որ իրավական վերլուծությունը, խախտումները և կոռուպցիոն հանգամանքները ներկայացված են իր կատարած իրավական եզրակացության մեջ։  
13:30 - 20 օգոստոսի, 2019