Մենք կանենք ամեն ինչ, որ կարողանանք գոնե նոր ՇՄԱԳ-ի հասնել. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյան
08:54 - 22 օգոստոսի, 2019

Մենք կանենք ամեն ինչ, որ կարողանանք գոնե նոր ՇՄԱԳ-ի հասնել. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ խոսել ենք Ամուլսարի հանքի վերաբերյալ խնդիրների շուրջ։

 

- Վերջին օրերին շատ է քննարկվում Ամուլսարի թեման։ Ո՞րն է Ձեր դիրքորոշումը այդ հարցում։

- Քանի որ ինքս բնապահպան չեմ, այս պահին հակված եմ կասկածներս փարատելու միայն իմ բնապահպան գործընկերների հիմնավորումներով, ինչպես նաև ELARD-ի տված վերջնական եզրակացությամբ։ Բայց մյուս կողմից, հաշվի առնելով, որ այնուամենայնիվ բնապահպանական խնդիրները և նրանց կողմից առաջացրած ամենատարբեր պրոբլեմները միանշանակ չեն կարող կառավարելի լինել, մտածում եմ հենվել այս պահին ՀՀ-ում գործող օրենսդրության վրա, որ եթե Լիդիան կազմակերպության կողմից որևէ խնդրահարույց քայլ լինի, կգործեն այն ժամկետները՝ 90 օրյա և այլն՝ խնդիրը վերացնելու կամ կանխարգելելու ուղղությամբ, որից հետո ավելի լուրջ և արդյունավետ միջոցներ կձեռնարկվեն։ Բայց մեծ առումով ես իհարկե դեմ եմ, որ ՀՀ-ում հանքարդյունաբերությունը լինի տնտեսության զարգացման գերակա ճյուղ, կամ առհասարակ լինի հանքարդյունաբերություն, և եթե այնուամենայնիվ հանքարդյունաբերություն պիտի լինի, իհարկե ես հակված եմ այն մտքին, որ գոնե դա կառավարի իմ երկրի ընկերությունը, և օգուտը լինի լինի միայն իմ երկրի կառավարությանը։

- Շատ բնապահպաններ, նաև Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչներ ասում են,որ այնումաենայնիվ վտանգ կա, եզրակացությունը ՔԿ-ի կողմից ներկայացվել է մանիպուլյատիվ, ու հանքի չպիտի շահագործվի։ Այս կարծիքներին ինչպե՞ս եք վերաբերվում։

- Ինքս բնապահպան չեմ, ես էլ ՀՀ քաղաքացի եմ, ես ինքս ապրում եմ Հրազդան քաղաքում, և իմ տնից ոչ շատ հեռու գտնվում են 3 լուրջ հսկաներ՝ Հրազդանի ցեմենտի գործարանը, 5-րդ էներգաբլոկը, ինչպես նաև Հրազդանի ՋԷԿ-ը, և ես գոնե փոքր մասշտաբով տեսնում եմ, թե այդ գործարանների գործունեությունը ինչպիսի խնդիրներ է առաջացնում, չասեմ՝ վտանգներ, բայց խնդիրներ է առաջացնում դարձյալ շրջակա միջավայրի համար, ինչպես նաև հարակից գյուղերի բնակիչների համար։ Մոտավորապես այդ մասշտաբների հիման վրա կարող եմ կանխատեսել, թե Ամուլսարը ինչպիսի խնդիրներ կառաջացնի։ Բայց դարձյալ ասում եմ՝ ես պիտի հենվեմ ELARD-ի եզրակացության վրա, որովհետև այլ տարբերակ այս պահին չի լինում։

- Դուք վստահո՞ւմ եք ELARD-ի կատարած փորձաքննությանը և տված եզրակացոթւյանը։

- Այս պահին ավելի շատ ես վստահում եմ ՀՀ վարչապետին, որը ինձ համար հայրենասիրության մարմնացում է, և ես վստահ եմ, որ նրա յուրաքանչյուր որոշում և յուրաքանչյուր քայլ չի կարող չբխել ՀՀ-ի շահից, և եթե իսկապես իսկապես խնդիրները այդքան շատ են, ես պարզապես վստահ եմ, որ ես և իմ գործընկերները այնուամենայնիվ կկարողանանք որևէ կերպ փորձել գոնե հասնել նրան, որ նոր ՇՄԱԳ իրականացվի, քանի որ շատ են ՇՄԱԳ-ի հետ կապված այս կամ այն վերլուծությունները, որ նախկինում է արվել (ՀՀ ՇՄԱԳ-ի օրենսդրության համապատասխան, եթե մի տարի հանքը չի շահագործվել, ապա ՇՄԱԳ-ի վավերացման ժամկետը պետք է վերանայվի)։ Ես ինքս պատրաստվում եմ իմ մի քանի գործընկերների հետ հանդիպել Գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան մասնագետների հետ, որովհետև ԱԺ-ի Իմ քայլը խմբակցության պատգամավորներով երբ որ հանդիպում ունենցանք վարչապետի հետ, ես ինքս հարցրի, թե արդյո՞ք ՀՀ-ի որևէ մասնագետ ներգրավված է եղել ինչ-որ կերպ, կարծիք է հայտնել, ի զարմանս ինձ ասացին, որ ներգրավված են եղել և իրենք էլ ասել են, որ ռիսկերը կառավարելի են։

Այս պահին նաև պետության միջազգային վարկանիշի խնդիրը կա, քանի որ վարչապետը մի քաի անգամ առիթ ունեցել է ասելու, որ եթե ELARD-ի եզրակացությունը լինի դրական, ապա խնդիր չի լինի, եթ լինի բացասական, ուրեմն միանշանակ հանքը չի շահագործվելու։
Մենք մի քանի գործընկերներով դիմելու ենք վարչապետին առաջիկայւոմ,մենք նամակ ենք պատրաստել Սևանա լճի օրենքի հետ կապված, Շրջակա միջավայրի հետ կապված։

- Դիմելու եք, որ նոր ՇՄԱԳ իրականացվի՞։

- Այո՛, դիմելու ենք, որ նոր ՇՄԱԳ իրականացվի։

- Նո՞ր պիտի դիմեք, սպասեք արձագանքին, թե՞ ինչ-որ քննարկում եղել է, կարծիքներ հնչել են։

- Մենք այդ պահին նամակը դեռ չէինք կառուցել, վերջացրել։ Նամակը արդեն վերջնական փուլում է, մի քանի պատգամավորներով արդեն ստորագրել ենք, պատրաստվում ենք դիմել վարչապետին։ Նոր ՇՄԱԳ-ի հետ կապված առաջարկներ իհարկե եղել են, այդ մասին նաև մամուլում կա գրված։ Այտեղ օրենսդրության հետ կապված խնդիր կա, որովհետև արդեն այս 1 տարի 2 ամսվա մեջ այնպես չէ, որ հանքը ընդհանրապես չի շահագործվել, այնուամենայնիվ փոքրիկ աշխատանքներ կատարվել են այդ ուղղությամբ, իսկ սա նշանակում է, որ ՇՄԱԳ-ի հետ կապված 1 տարի 2 ամիս վավերացման ժամկետի հետ խնդիրի հիմքերը խարխլվում են։

Բայց միևնույն է այս խնդիրը պետք չէ դիտարկել միայն բնապահպանական հարթության մեջ, սա նաև շատ լուրջ քաղաքական խնդիր է, և վստա՛հ եղեք, որ մենք կանենք ամեն ինչ մեզնից կախված, որ կարողանանք գոնե նոր ՇՄԱԳ-ի հասնել, այս մասին և՛ տիկին Լենա Նազարյանն է իր խոսքում ասել, և՛ մեր մյուս գործընկերուհի Մերի Գալստյանը, և՛ պարոն Վարազդատ Կարապետյանը, և՛ էդգար Առաքելյանը։ Հավատացե՛ք, կասկածները մեզ մոտ էլ կան, բայց ոչ թե մենք կասկածում ենք վարչապետի դիրքորոշմանը, այլ կասկածում ենք ELARD-ի եզրակացությանը, որվհետև այնուամենայնիվ, ինչպես նաև նշեց վարչապետը, գուցե այս երկու օրը մի այնպիսի փաստարկ, այնպիսի մի հետևանք, արդյունք կամ իրողություն ի հայտ գա, որ արմատապես կփոխի իրավիճակը։ Ուղղակի հավատացեք՝ մենք այս երկիրը սիրում ենք, այս երկրի ամեն մի քարի, ճյուղի, ծառի համար ցավ ենք ապրում և հաստատ որևէ որոշում չենք կայացնի, որը վնաս լինի երկրի համար։

Միանշանակ լուծումը միակողմանի, ծայրահեղ այոների և ծայրահեղ ոչերի մեջտեղում է, և շատ կարևոր է, որ հասարակությունը հստակ հասկանա, որ մենք ինչ-որ իրավիճակ ենք ժառանգել, որտեղ այս կամ այն չափով ինչ-որ գործողություններ կան, գործընթացներ կան, պայմանավորվածություններ, որոշումներ, համաձայնություններ։ Մենք եղած սիտուացիայի վրա պիտի ստեղծենք մեր հետագա քայլերը։ Այնպես չի, որ մենք սկսել ենք նոր էջից և մեր կառավարությունը կամ իշխող ուժը որոշել է, որ հանքարդյունաբերություն պիտի լինի։ Այլ կլիներ բոլորովին խոսակցությունների թեման, եթե մենք տայինք հանքը շահագործելու թույլտվություն։ Բայց հանքը շահագործելու թույլտվություն տրվել է տարիներ առաջ, և մենք, ժառանգելով այս իրավիճակը, պարզապես պարտավոր ենք այս սահմանների մեջ գտնել այն ռացիոնալ լուծումը, որ երկուստեք ընդունելի կլինի։

- Եթե դուք պատգամավորներով նամակ հղեք վարչապետին, առաջարկեք, որ նոր ՇՄԱԳ լինի, վարչապետը չտա նոր ՇՄԱԳ իրականացնելու հրաման և հիկմնվելով ELARD-ի
փորձաքննության եզրակացության վրա՝ հանքը շահագործելու թույլտվություն տա, Դո՞ւք համաձայն կլինեք վարչապետի որոշման հետ։

- Վարչապետի որոշումը նոր ՇՄԱԳ իրականացնելու կամ չիրականացնելու վերաբերյալ չի լինելու կամայական։ Վարչապետի որոշումը բխելու է համապատասխան օրենսդրական ոլորտի, համապատասխան իրավական ակտերի շրջանակներում։ Այնուամենայնիվ մենք դիմելու ենք, ես լիովին վստահում եմ վարչապետին և չեմ կարծում, որ վարչապետը մատների արանքով է նայում կամ իրեն բացարձակապես չեն հետաքրքրում այդ խնդիրները։ Ամեն դեպքում մենք դիմելու ենք, փորձելու ենք նոր ՇՄԱԳ-ի հասնել օրենսդրության շրջանակներում։ Իմ բնապահպան գործընկերը այնուամենայնիվ գտնում են, որ նոր ՇՄԱԳ-ի իրականացում պետք է՝ հաշվի առնելով նաև բնապահպանների կարծիքները, հաշվի առնելով նաև 60 էջանոց եզրակացության մեջ որոշ սահմանումներ, որ հնարավոր է, կարող է, անորոշ է։ Ի վերջո մենք պիտի հասկանանք՝ դրանք դիտարկենք բացասակա՞ն ֆոնի ներքո, թե՞ դրական ֆոնի ներքո, որովհետև երկու ձևով էլ կարող են մեկնաբանվել։ Վարչապետը իր խոսքում նշեց, երբ մեզ հետ հանդիպում էր, որ 16 մեղմացուցիչ հանգամանքների կիրառումից հետո Լիդիան ընկերության կողմից, եթե անգամ մեկ լիտր վնասակար ջուր խառնվի ջերմուկի Ջերմուկի ջրերին կամ հոսի Սևանա լիճ, ապա անպայման ստոպ է լինելու այս ամբողջ գործընթացը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել