Սահման

Ադրբեջանը խոչընդոտում է հայ զինծառայողների դիերի որոնողական աշխատանքները իր օկուպացրած տարածքներում․ Փաշինյան

Ադրբեջանը խոչընդոտում է հայ զինծառայողների դիերի որոնողական աշխատանքները իր օկուպացրած տարածքներում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է հայ զինծառայողների դիերի որոնողական աշխատանքներին այն տարածքներում, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից։ «Սեպտեմբերի 14-ից սկսած՝ Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական կողմի վերջին օկուպացիայի գոտում հայ զինծառայողների դիերի որոնողական աշխատանքների համար։ Սա հակահումանիստական և անընդունելի պահվածք է»,- նշել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետը իր թվիթերյան միկրոբլոգում անհետ կորածների թվեր թր հրապարակել․ «Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի հետևանքով 777 անհետ կորած հայ կա, 217-ը՝ ԼՂ 2-րդ պատերազմից, և 29 անհետ կորած հայ՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ Հուսով ենք՝ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագիրը ճշտելու հարցում»։
13:17 - 25 հոկտեմբերի, 2022
ԵՄ-ը մանրամասներ է հրապարակել Հայաստանում տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ |azatutyun.am|

ԵՄ-ը մանրամասներ է հրապարակել Հայաստանում տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը մանրամասներ է հրապարակել Հայաստանում` Ադրբեջանի հետ սահմանին տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ: «Առաքելության մանդատն է դիտարկել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընկած սահմանային շրջաններում` նպաստելու երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին», - հայտարարել է միության արտաքին քաղաքական գերատեսչությունը, ընդգծելով, որ դիտորդներն ուշադրության կենտրոն են պահելու կողմերի հանձնառությունը հրադադարին: Հաղորդագրությունը նշում է, որ առաքելության կազմում լինելու է 40 դիտորդ, նրանք տեղակայվելու են Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում, լինելու են անզեն: «Սա հնարավորություն կտա Եվրամիությանը առավել լավ նպաստել երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին: Եվրոպացի դիտորդները սահմանին տեղի ունեցողի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն, այդ թվում` մարդու իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ», ֊ հայտարարել է Եվրամիությունը, միաժամանակ ընդգծելով, որ առաքելությունը հետաքննություն չի իրականացնելու, - «այն դատավճիռ կայացնողի դեր չի ստանձնելու, քաղաքական բնույթի եզրակացություններ չի անելու, այլ փոխանցելու է իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները եվրոպական կառույցներին ու ծառայություններին»: Միաժամանակ նշվում է, որ Ադրբեջանի տարածքում նմանատիպ առաքելություն չի տեղակայվելու:
23:10 - 20 հոկտեմբերի, 2022
ԵՄ-ն 300 հզր եվրոյի օգնություն կտրամադրի Հայաստանում հակամարտությունից տուժածներին

ԵՄ-ն 300 հզր եվրոյի օգնություն կտրամադրի Հայաստանում հակամարտությունից տուժածներին

Եվրոպական միությունը հայտարարել է մոտ 118 միլիոն դրամի (300,000 եվրո) հրատապ օգնություն սեպտեմբերին տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած մարդկանց համար, որ ամենամահաբեր իրադարձություններն էին 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության բաժինը: «Գալիք ձմռան ընթացքում այս ֆինանսավորումը կուղղվի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված 7600 անձանց շրջանում առավել խոցելի մարդկանց, ինչպես նաև այդ մարդկանց հյուրընկալող համայնքներին և այն խոցելի անձանց, որոնք մնացել են հակամարտության ազդակիր տարածքներում։ ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինն ասել է.«Անցյալ ամսին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով եղել են ավելի շատ տեղահանումներ, ավելի շատ կորուստներ և ավերածություններ։ Եվրոպական միությունը հատկացնում է լրացուցիչ հրատապ ֆինանսական աջակցություն՝ մարտերից ուղղակիորեն տուժած առավել խոցելի անձանց կարիքները հոգալու և ձմռան ցուրտ ամիսների հաղթահարման հարցում նրանց օգնելու նպատակով»։    Հայաստանում ԵՄ գործընկեր մարդասիրական կազմակերպությունները կտրամադրեն հիգիենայի պարագաներ, կացարանների վերանորոգման փաթեթներ և դրամական աջակցություն՝ օգնելու մարդկանց հոգալ իրենց հիմնական կարիքները, օրինակ՝ սնունդ, ջեռուցման ծախսեր կամ վարձավճար: Արտակարգ աջակցության տրամադրումը սերտորեն կհամակարգվի Հայաստանի իշխանությունների և արտակարգ իրավիճակների դերակատարների հետ: Ֆինանսական աջակցությունը հնարավոր է դարձել «Emergency Toolbox» (Հրատապ գործիքատուփ) գործիքակազմի  շնորհիվ, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման և ԵՄ-ի սահմաններից դուրս գտնվող խոցելի մարդկանց առաջնահերթ ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակով և համակարգվում է Եվրոպական հանձնաժողովի Emergency Response Coordination Centre (ERCC) (Հրատապ արձագանքման համակարգման կենտրոնի) կողմից»,-նշված է հաղորդագրությունում։
18:19 - 20 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանը մինչև այս պահը խոչընդոտում է որոնողական աշխատանքների իրականացմանը․ ՀՀ ՊՆ խոսնակ |azatutyun.am|

Ադրբեջանը մինչև այս պահը խոչընդոտում է որոնողական աշխատանքների իրականացմանը․ ՀՀ ՊՆ խոսնակ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանական կողմը մինչև այս պահը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը, փոխանցեց պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հստակ է՝ երբ կսկսվեն որոնողական աշխատանքները, որ ուղղություններով և ինչու մինչև հիմա հնարավոր չէր սկսել այդ աշխատանքը։ Թորոսյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, միջնորդների և միջազգային գործընկերների ներգրավմամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ: «Ադրբեջանական կողմի հետ այս կապակցությամբ ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ։ Պիտի արձանագրենք նաև, որ մինչև այս պահը ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը», - ասաց Թորոսյանը։ Աստանայում, հոկտեմբերի 14-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը։
14:55 - 19 հոկտեմբերի, 2022
Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով. ՊՆ

Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով. ՊՆ

Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը։  Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ:  Հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված  միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել: Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում կուտակումներ կան։ 
16:23 - 17 հոկտեմբերի, 2022
Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch |1lurer.am|

Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch |1lurer.am|

1lurer.am: Հայ ռազմագերիների սպանությունն ադրբեջանական ուժերի կողմից 2022 թվականի սեպտեմբերին երկու երկրի միջև կռիվների ժամանակ, պատերազմական հանցագործություն է, որի համար պետք է պատասխանատվություն կրեն՝ այսօր հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավպաշտպան կազմակերպությունը։ Կառույցը վերլուծել է հոկտեմբերի սկզբին սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որոնցում երևում է, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական ուժերի իրականացրած առնվազն յոթ հայ ռազմագերիների գնդակահարությունը: Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց դատախազության սկսված հետաքննությունն արդյունավետ լինի և պատասխանատվության ենթարկի մեղավոր զինվորներին ու հրամանատարներին՝ հայտարարում է Human Rights Watch-ը: Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ զինդատախազությունը սկսել է «համապարփակ հետաքննություն» սպանությունների տեսագրության վերաբերյալ՝ պարզելու, թե արդյոք այն իսկական է: Եթե այո, «ապա պետք է պարզել ներկայացված զինծառայողների ինքնությունը: Հետաքննության արդյունքում կձեռնարկվեն օրինական միջոցներ»։ Human Rights Watch-ը ստուգել է 40 վայրկյան տևողությամբ տեսանյութը տարբեր մեթոդներով, այդ թվում՝ խորհրդակցելով զենքի և բժշկական փորձագետների հետ, վերլուծելով տեսանյութում լսվող լեզուն և օգտագործելով պատկերների որոնման համակարգեր՝ պարզելու՝ արդյոք տեսանյութը տեղադրվել է առցանց մինչև սեպտեմբերի կեսերը: Ժնևի երրորդ կոնվենցիայով պատերազմական հանցագործություն է ռազմագերիներին դիտավորյալ սպանելը, նրանց նկատմամբ վատ վարվելը՝ խոշտանգելը, դիտավորյալ խոր տառապանք կամ մարմնական ու առողջական լուրջ վնասվածքներ պատճառելը: Ադրբեջանը Ժնևյան կոնվենցիաների, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակիցն է, վերջին երկուսը խստորեն արգելում են արտադատական մահապատիժները:
19:42 - 14 հոկտեմբերի, 2022